ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2018 թվականի թիվ 120-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովագրական միջնորդների գործունեության նկատմամբ սահմանված պահանջները համապատասխանեցնել Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի (IAIS) կողմից սահմանված սկզբունքներին,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, 90-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ մասերը, 97-րդ հոդվածի 2-րդ մասը, 103-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Կանոնակարգի 172-րդ կետից հանել «տվյալ» բառը:
2) Կանոնակարգի գլուխ 35-ում.
i
ա. Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՉՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԵԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ»,
i
բ. 228-րդ կետում «10 հազար Հայաստանի Հանրապետության դրամ» և «500 հազար Հայաստանի Հանրապետության դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «մինչև 10 հազար Հայաստանի Հանրապետության դրամը ներառյալ» և «մինչև 500 հազար Հայաստանի Հանրապետության դրամը ներառյալ» բառերով:
i
3) Կանոնակարգը գլուխ 35-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1 և 35.2 գլուխներով.
«ԳԼՈՒԽ 35.1 ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ
228.1. Ապահովագրական գործակալը պարտավոր է իրականացնել հաշվետու ժամանակաշրջանում առնվազն 12 ապահովագրության պայմանագրի կնքման գծով ապահովագրական միջնորդային գործունեություն կամ ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) կնքման գծով ապահովագրական միջնորդային գործունեություն, որոնցով նախատեսված ապահովագրավճարը կազմում է առնվազն մեկ միլիոն (1 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար: Ընդ որում, մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ հաշվառված ապահովագրական գործակալների համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում 2019 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը և դրան հաջորդող յուրաքանչյուր հաշվետու տարին: 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո հաշվառված ապահովագրական գործակալների համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը և դրան հաջորդող յուրաքանչյուր հաշվետու տարին:
228.2. Ապահովագրական գործակալի պատասխանատու անձը մասնագիտական գիտելիքի ստուգման նպատակով Կենտրոնական բանկի կողմից կարող է հրավիրվել հարցազրույցի, որի արդյունքները կարող են հիմք հանդիսանալ գործակալին չհաշվառելու կամ ապահովագրական գործակալների ռեգիստրից հանելու համար:
228.3. Ապահովագրական գործակալի պատասխանատու անձը հաշվառումից հետո յուրաքանչյուր տարվա համար պարտավոր է մասնակցել ապահովագրական ընկերությունում կամ մասնագիտացված կառույցում կազմակերպվող մասնագիտական դասընթացի:
228.4. Ապահովագրական գործակալին «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 106-րդ հոդվածի համաձայն գործակալների ռեգիստրից հանելու դեպքում (բացառությամբ 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում) ապահովագրական ընկերությունները տվյալ գործակալին հաշվառելու համար կարող են դիմել Կենտրոնական բանկ հաշվառումից հանելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց 3 տարի հետո:
228.5. Ապահովագրական գործակալի պատասխանատու անձը, ապահովագրական գործակալի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չեն կարող ապահովագրական ընկերության հետ գտնվել աշխատանքային իրավահարաբերությունների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում աշխատանքների կատարման հարաբերությունների մեջ:
228.6. Ապահովագրական գործակալ չհամարվող ապահովագրական ընկերության աշխատակիցը, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում աշխատանքների կատարման հարաբերությունների մեջ գտնվող անձը, որն իրականացնում է ապահովագրության պայմանագրերի կնքում, պարտավոր է տիրապետել սույն կանոնակարգի Հավելված 37-ով սահմանված թեմաների ցանկին: Սույն կետում նշված անձանց վրա տարածվում են նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն կանոնակարգի 228.3-րդ կետով սահմանված պահանջը:
228.7. Ապահովագրական գործակալը պարտավոր է պահպանել սույն կանոնակարգի Հավելված 40-ով սահմանված գործարար վարվելակերպի կանոնները:
ԳԼՈՒԽ 35.2 |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ |
228.8. Անձը ապահովագրական բրոքերի կամ ապահովագրական գործակալի գործառույթ իրականացնելու համար պետք է բավարարի սույն կետով նախատեսված աղյուսակում նշված մասնագիտական համապատասխանության չափանիշներին`
Ապահովագրական բրոքերի գործառույթ իրականացնող ֆիզիկական անձ |
ոչ կյանքի ապահովագրության գծով |
միջնակարգ կրթություն և առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ապահովագրության ոլորտում, |
կյանքի ապահովագրության գծով |
բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ապահովագրության ոլորտում, |
Ապահովագրական գործակալի գործառույթ իրականացնող ֆիզիկական անձ (իրավաբանական անձ գործակալի աշխատակից) և անհատ ձեռնարկատեր |
ոչ կյանքի ապահովագրության գծով |
միջնակարգ կրթություն |
կյանքի ապահովագրության գծով |
բարձրագույն կրթություն |
i
4) Կանոնակարգի 229-րդ կետի.
ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «դրությամբ,» բառից հետո լրացնել «այդ թվում` գործարար վարվելակերպի, բողոքների կարգավորման, շահերի բախման, հաճախորդների գումարների պահպանման, խարդախության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կանոնակարգերը» բառերը,
բ. 3-րդ ենթակետում «բավարարող» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը,
գ. 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետ.
«4) ապահովագրական բրոքերի հետ աշխատանքային կամ այլ քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ գտնվող բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվությունը:»:
i
5) Կանոնակարգի 241-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ ենթակետեր.
«4) ապահովագրական բրոքերային կազմակերպության մասնակիցների փոփոխության մասին տեղեկատվությունը, եթե մասնակիցների փոփոխությունը ներկայացված չէ կանոնադրության փոփոխությամբ,
5) ապահովագրական բրոքերի հետ աշխատանքային կամ այլ քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ գտնվող բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձանց կազմում կատարված փոփոխությունները:»:
i
6) Կանոնակարգի գլուխ 39-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 39 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
243. Ապահովագրական գործակալների ռեգիստրում անձին հաշվառելու (կամ ռեգիստրում փոփոխություն կատարելու) համար ապահովագրական ընկերությունը կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը (այսուհետ` ապահովագրական ընկերություն) անձի անունից Կենտրոնական բանկ է ներկայացնում`
1) ապահովագրական գործակալի հաշվառման վերաբերյալ միջնորդագիրը` համաձայն Հավելված 11-ի և գործակալի վերաբերյալ տեղեկանքը` համաձայն Հավելված 12-ի,
2) ապահովագրական ընկերության հետ կնքած գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը,
3) ապահովագրական ընկերության կողմից` համաձայն Հավելված 40-ի գործակալին տրամադրված և գործակալի կողմից ստորագրված գործակալի գործարար վարվելակերպի կանոնները ներառող փաստաթղթի պատճենը,
4) սույն կանոնակարգի 225-րդ կետով սահմանված մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար կնքված պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը, եթե ապահովագրական ընկերությունը չի ստանձնում գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումը,
5) ապահովագրական ընկերության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգերը, որով առնվազն սահմանված են ապահովագրական գործակալի պատասխանատու անձանց գիտելիքների ստուգման, նրանց մասնագիտական որակի բարձրացման մեխանիզմները, ներառյալ տեղեկություններ այն անձանց վերաբերյալ, որոնց կողմից կազմակերպված դասընթացների և/կամ քննությունների վրա է հիմնվում ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալների պատասխանատու անձանց գիտելիքների ստուգումը (նման դասընթացներ կամ քննություններ կազմակերպվելու դեպքում), ապահովագրական գործակալին հաշվառման վկայականի տրամադրման, հաշվառման վկայականում փոփոխությունների կատարման և ապահովագրական գործակալի հետ պայմանագրի դադարեցման դեպքում հաշվառման վկայականի վերադարձման գործընթացները: Ընդ որում, սույն կետով սահմանված կանոնակարգերը ապահովագրական գործակալի հաշվառման ժամանակ չեն ներկայացվում, եթե դրանք նախկինում արդեն իսկ ներկայացվել են Կենտրոնական բանկ:
244. Սույն կանոնակարգի 243-րդ կետում նշված ապահովագրական ընկերության հետ գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրում պետք է առնվազն նշված լինեն`
1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված այն գործառնությունները, որոնք թույլատրված են գործակալին և ապահովագրության համապատասխան դասերը, որոնց գծով իրականացվելու են այդ գործառնությունները,
2) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնությունները գործակալին թույլատրված լինելու դեպքում` գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման` ապահովագրական ընկերության կողմից թույլատրված չափերը,
3) ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը ստանձնելու դեպքում` դրույթ սույն կանոնակարգով սահմանված չափերով ու պայմաններով համապատասխան պատասխանատվությունը ստանձնելու մասին,
4) միջնորդավճարի չափը, վճարման պայմանները, միջնորդավճարի վճարման օրը,
5) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական գործակալի իրավունքներն ու պարտականությունները,
6) ապահովագրական ընկերությանը տրամադրվող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը:
245. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 243-րդ կետով սահմանված միջնորդագիրն ստանալու պահից` տասն աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու, հաշվառումը մերժելու կամ ապահովագրական գործակալների ռեգիստրում փոփոխություն կատարելու մասին: Ապահովագրական գործակալին ռեգիստրում հաշվառելու որոշման մեջ նշվում է գործակալի հաշվառման համարը:
246. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Կենտրոնական բանկի կողմից հաշվառման վկայականի տրամադրումն իրականացվում է ապահովագրական ընկերության միջոցով, որը պարտավոր է ապահովագրական գործակալին հաշվառելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ստանալու պահից` երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կանոնակարգի Հավելված 32-ով սահմանված ձևով կազմել և ապահովագրական գործակալին հանձնել հաշվառման վկայականը` Կենտրոնական բանկի որոշման մեջ նշված համարով:
247. Ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառված գործակալի հետ կնքած պայմանագիրը դադարեցնելու դեպքում ապահովագրական ընկերությունը գործակալին միջնորդների ռեգիստրից հանելու կամ ռեգիստրում փոփոխություն կատարելու միջնորդագրում ներկայացնում է գործակալի հետ կնքած գործակալի գործառույթներ իրականացնելու պայմանագիրը դադարեցնելու ամսաթիվը:»:
i
7) Կանոնակարգի գլուխ 39-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ գլուխ 39.1.
«ԳԼՈՒԽ 39.1 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ
248. Ապահովագրական ընկերությունը ապահովագրական գործակալի հաշվառումից հետո փոփոխություն տեղի ունենալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փոփոխությունները`
1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար պատասխանատվության ապահովագրության պայմանագրում կատարված փոփոխությունները,
2) ապահովագրական ընկերության հետ կնքած գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի փոփոխված դրույթները,
3) իրավաբանական անձի ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձ աշխատակիցների կազմում կատարված փոփոխությունները,
4) ապահովագրական ընկերության հաստատված` գործակալի գործունեությանը վերաբերող ներքին կանոնակարգերի փոփոխված դրույթները:
249. Ապահովագրական գործակալի վերաբերյալ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակված տվյալների, ինչպես նաև գործակալի հաշվառման վկայականում արտացոլված տվյալների փոփոխության դեպքում տվյալ ապահովագրական գործակալի հետ ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը համապատասխան փոփոխությունը ներկայացնում է Կենտրոնական բանկ` փոփոխությունը տեղի ունենալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
250. Հաշվառման վկայականում փոփոխությունները կատարվում են ապահովագրական ընկերության կողմից սույն կանոնակարգի 249-րդ կետում նշված փոփոխություններ կատարելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, և հաշվառման վկայականի նոր օրինակը տրամադրվում է ապահովագրական գործակալին` հաշվառման վկայականի հին օրինակը ապահովագրական ընկերություն վերադարձնելու դեպքում:
250.1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառված ապահովագրական գործակալն այլ ապահովագրական ընկերության հետ գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագիր կնքելու դեպքում (իրավաբանական անձ գործակալի դեպքում` գործակալի գործառույթների պատվիրակման թույլտվությունը ստանալուց հետո) տվյալ ապահովագրական ընկերությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում գործակալի տվյալների փոփոխության վերաբերյալ տեղեկացում` համաձայն Հավելված 11-ի և Հավելված 12-ի` կից ներկայացնելով`
1) ապահովագրական ընկերության հետ կնքած պայմանագիրը,
2) սույն կանոնակարգի 225-րդ կետով սահմանված մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար կնքված պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը (եթե ապահովագրական ընկերությունը չի ստանձնում գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումը):
251.2. Ապահովագրական ընկերությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական գործակալին է տրամադրում Կենտրոնական բանկի սահմանած ձևով (համաձայն Հավելված 32-ի) իր անունից տրվող հաշվառման վկայականը` գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու համար Կենտրոնական բանկի կողմից տրված հաշվառման համարով:»:
i
8) Կանոնակարգի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
i
9) Կանոնակարգի Հավելված 37-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
i
10) Կանոնակարգը Հավելված 39-ից հետո լրացնել Հավելված 40-ով` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված միջնորդները պարտավոր են բավարարել կանոնակարգի 229-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված պահանջներին:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի հուլիսի 20-ի
թիվ 120-Ն որոշմամբ
«Հավելված 12
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման,
գրանցման, համաձայնության, թույլտվության
տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամրակցեք այստեղ անհատ ձեռնարկատեր գործակալի լուսանկարը: | |
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե ներկայացվում են միայն փոփոխությունները: |
1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում անձին հաշվառելու համար միջնորդագիր ներկայացնող ապահովագրական ընկերության անվանումը |
2. Ապահովագրական գործակալի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը կամ անուն, հայրանուն, ազգանունը Իրավաբանական անձ գործակալի համար` Անվանումը` Կազմակերպաիրավական ձևը` Անհատ ձեռնարկատեր գործակալի համար` անուն, ազգանուն, հայրանուն |
3. Ապահովագրական գործակալի վերաբերյալ տվյալներ |
3.1 Իրավաբանական անձ գործակալի համար`
Հարկ Վճարողի Հաշվառման Համարը` Պետական գրանցման համարը`
Անհատ ձեռնարկատեր գործակալի համար`
Հարկ Վճարողի Հաշվառման Համարը` Հանրային ծառայությունների համարանիշը` կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը` |
3.2 Իրավաբանական անձ գործակալի համար`
Գործունեության տեսակը` __________________________ Այլ գործունեությամբ չի զբաղվում Գործունեության իրականացման վայրը` Հեռախոսահամար`
Անհատ ձեռնարկատեր գործակալի համար`
Գործունեության տեսակը` _________________________ Այլ գործունեությամբ չի զբաղվում Հաշվառման վայր` Գործունեության իրականացման վայրը` Հեռախոսահամար` |
3.3 Իրավաբանական անձ գործակալի ղեկավար անձանց ցանկը |
3.4 Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր գործակալի համար` Ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձ աշխատակցի (աշխատակիցների) տվյալները`
Անուն, հայրանուն ազգանուն |
Կրթություն |
Աշխատանքային փորձ |
|
|
|
|
|
| |
3.5 Իրավաբանական անձ գործակալի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ցանկը: |
Սույն կետը լրացվում է, եթե իրավաբանական անձ գործակալը մտադիր է իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների միջոցով: Վերջիններիս բացակայության դեպքում կատարվում է «չունի մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ» նշումը: |
4. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը (որի հետ աշխատելու է գործակալը) ստանձնել է ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը: |
Ոչ, Այո, նշել պատասխանատվության չափը: |
5. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող անձինք տիրապետում են սույն կանոնակարգի Հավելված 37-ով սահմանված թեմաներին` ըստ սահմանված խորության: |
Ոչ, Այո: |
5.1 Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության գծով ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող անձինք ունեն Ավտոապահովագրության միասնական պատուհան համակարգով աշխատելու հմտություն: Ոչ, Այո: |
6. Արդյո՞ք առկա է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը: |
Ոչ, Այո: |
7. Կից ներկայացնում ենք ապահովագրական գործակալի հետ կնքած պայմանագրի պատճենը (..էջ): |
օ ապահովագրական ընկերության հետ կնքած գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը (..էջ) օ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը չստանձնելու դեպքում` մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար գործակալի կնքած պատասխանատվության ապահովագրության պայմանագրի պատճենը (..էջ) օ գործունեության կանոնակարգերը, բացառությամբ եթե դրանք նախկինում արդեն իսկ ներկայացվել են Կենտրոնական բանկ (..էջ) օ գործակալի վարքագծի պարտադիր պահանջները ներառող փաստաթղթի պատճենը (..էջ) |
Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի հուլիսի 20-ի
թիվ 120-Ն որոշմամբ
«Հավելված 37
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման,
գրանցման, համաձայնության, թույլտվության
տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ
1. Ապահովագրության հիմնական սկզբունքները, ապահովագրության հիմնական հասկացությունները
2. Ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը, ապահովագրության պայմանագրի կնքման միջնորդության նկատմամբ պահանջները
3. Ապահովագրության պայմանագրերը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
4. Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում ապահովագրական հատուցման վճարման սկզբունքները, գործընթացը
5. Ապահովագրական գործակալի իրավունքները, պարտականությունները, ապահովագրական գործակալության պայմանագրի հիմնական դրույթները
6. Ապահովագրական միջնորդությունը, տեսակները
7. Ապահովագրական միջնորդային գործունեության կարգավորումը
8. Ապահովագրական գաղտնիքը
9. Ապահովագրության ձևերը, տեսակները, դասերը, դրանց բնույթը, առանձնահատկությունները
10. Ապահովագրության յուրաքանչյուր դասի գծով հաճախակի հանդիպող պայմանները, ներառյալ սահմանափակումները և բացառությունները, ապահովագրավճարի մեծության վրա ազդող հիմնական գործոնները
11. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
12. Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կանոններ
13. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
14. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
15. Ապահովագրական միջնորդների գործունեության, վարվելակերպի նկատմամբ պահանջները
16. Սպառողի հետ հաղորդակցման սկզբունքները, տեղեկատվության տրամադրումը
17. Ապահովագրական գործակալի գործարար վարվելակերպի կանոններ»:
Հավելված 3
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի հուլիսի 20-ի
թիվ 120-Ն որոշմամբ
«Հավելված 40
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման,
գրանցման, համաձայնության, թույլտվության
տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Ես (մենք)` ներքոստորագրյալ(ներ)ս ____________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն (անվանում))
պարտավորվում եմ (ենք) գործակալի գործառույթներ իրականացնելիս առաջնորդվել ապահովագրական գործակալի գործարար վարվելակերպի կանոններով (կցվում է).
Գիտակցում եմ (ենք), որ գործակալի գործարար վարվելակերպի որևէ կանոնների խախտում կամ բացթողում հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ստորագրություն |
Անուն, ազգանուն (անվանում) |
Անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (ՀՎՀՀ) |
_________________ |
___________________________ |
________________________________ |
_________________ |
___________________________ |
________________________________ |
____ ____________20 __ թ.
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Ապահովագրական գործակալի գործարար վարվելակերպը ներառում է հետևյալ սկզբունքները`
1) Ազնվություն և վստահելիություն,
2) Բարեխղճություն և անաչառություն,
3) Արդարություն և հարգանք,
4) Թափանցիկություն և պատշաճություն,
5) Գաղտնիության ապահովում,
6) Մասնագիտական համապատասխանություն (կոմպետենտություն),
7) Բարի համբավ,
8) Համագործակցություն:
2. Ապահովագրական գործակալի գործարար վարվելակերպի նվազագույն պահանջները վերաբերում են ինչպես ապահովագրական գործակալի և սպառողների հետ հարաբերություններին, այնպես էլ ապահովագրական գործակալի և ապահովագրական ընկերության հետ հարաբերություններին:
3. Ապահովագրական գործակալի գործարար վարվելակերպի պահանջները սահմանվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ով, Ապահովագրական ընկերությունների և ապահովագրական միջնորդների համար մշակված և վերջիններիս տրամադրված էթիկայի կանոններով, սույն կանոններով, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրերի գծով միջնորդային գործունեություն իրականացնող գործակալների համար նաև` Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կանոններով:
4. Սույն կանոններով սահմանված սկզբունքների բավարարման համար ապահովագրական գործակալը պետք է`
1) սպառողի նկատմամբ լինի քաղաքավարի, հարգալից և բարեկիրթ,
2) սպառողին հայտնի վերջինիս հետաքրքրող տեղեկատվություն` գործակալին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ապահովագրական ընկերության հետ կնքած ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրով նախատեսված իրավասությունների շրջանակներում,
3) սպառողի հետ հարաբերություններում լինի բացարձակապես անկեղծ ու ազնիվ,
4) ապահովագրության պայմանագրի կնքման ժամանակ պահպանի կամավորության սկզբունքը,
5) խաբեությամբ չօգտագործի, չտնօրինի սպառողի գումարները,
6) սպառողից չթաքցնի էական տեղեկատվություն, որի արդյունքում սպառողը ձեռք կբերի իր պահանջմունքներին անհամապատասխան ապահովագրության պայմանագիր,
7) չմոլորեցնի չտեղեկացված, չկրթված, բավարար գիտելիքներ չունեցող, անիրազեկ սպառողներին,
8) սպառողի հետ հարաբերություններում լինի անկողմնակալ, արդար, անաչառ,
9) հաճախորդին չառաջարկի կամ չտա նվերներ կամ չմատուցի այնպիսի ծառայություններ, որոնք կարող են ազդել նրա որոշումների վրա,
10) չհուսահատեցնի սպառողին օգտվելու իր օրինական հատուցման իրավունքից կամ չհետաձգի հատուցման պահանջի ներկայացումը, եթե վերջինս իրականացվում է գործակալի միջոցով,
11) հաճախորդներին տեղեկացնի իրենց իրավունքների ու պարտականությունների մասին վեճերի ծագման դեպքում,
12) չանտեսի սպառողի իրավունքները կամ անօրինական, անբարեխիղճ կերպով չարաշահի,
13) անհապաղ անդրադառնա ապահովադիրների բողոքներին,
14) բարեխղճորեն և արդյունավետորեն մատուցի ծառայություն` բացառելով դժվարությունների, հետաձգումների առաջացումը,
15) սպառողից չստանա միջնորդավճար, դրամական պարգև, ինչպես նաև հաճախորդին չտրամադրի զեղչ,
16) պետք է գործի այնպես, որի արդյունքում չառաջանա շահերի բախում` իր և սպառողի, կամ իր և ապահովագրական ընկերության միջև: Շահերի բախումն առաջանում է, երբ սպառողի կամ ապահովագրական ընկերության նկատմամբ ապահովագրական գործակալի լոյալությունը փոփոխվում է վերջինիս անձնական շահերի ազդեցությամբ,
17) լինի թափանցիկ միջնորդավճարների մասով,
18) սպառողին նախապես տեղեկացնի ապահովագրության պայմանագրի վերակնքման մասին,
19) լինի բանիմաց, տեղեկացված ապահովագրական միջնորդություն իրականացնելու համար,
20) կատարելագործի իր գիտելիքները, հաճախորդին տրամադրի ստույգ տեղեկատվություն և վերջինիս հետ հարաբերություններում հանդես գա մասնագիտորեն,
21) տիրապետի ժամանակակից տեխնոլոգիաների` առցանց համակարգով աշխատելու համար,
22) անհապաղ արձագանքի սպառողի հեռախոսազանգերին, նամակներին կամ հաղորդակցման այլ ձևերին,
23) իրավասություններն ու պարտականությունները չլիազորի այլ անձի,
24) իր գործունեությամբ չվարկաբեկի և չհեղինակազրկի ապահովագրական ընկերությանը, որին ներկայացնում է:»: