Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-ՐԴ, 104-ՐԴ, 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-ՐԴ, 104-ՐԴ, 113-ՐԴ ԵՎ 117- ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԿԴ2/0054/01/15
Գործ թիվ ԿԴ2/0054/01/15  
Նախագահող դատավոր` Ա. Ազարյան  
                  Դատավորներ`   Տ. Սահակյան
                                                 Մ. Պապոյան

 

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ պաշտպան Կ. Սարդարյանի

                   

2017 թվականի օգոստոսի 30-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Սմբատ Կորյունի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

i

1. 2007 թվականի փետրվարի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Է.Ղազարյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 20101207 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2007 թվականի փետրվարի 9-ի, նույն թվականի մարտի 2-ի և մարտի 5-ի որոշումներով համապատասխանաբար Սերյոժա Գևորգյանը, Գառնիկ Սողոմոնյանը և Վահագն Հակոբյանը ճանաչվել են տուժողներ, իսկ 2007 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Վահան Գևորգյանը` տուժող Ս.Գևորգյանի իրավահաջորդ:

2007 թվականի փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունք է ներկայացել Սմբատ Գրիգորյանը, ում նկատմամբ նույն թվականի փետրվարի 15-ին որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2007 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ կասկածյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է:

i

2007 թվականի մարտի 8-ին Ս.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի մարտի 8-ի որոշմամբ Ս.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

i

2007 թվականի ապրիլի 3-ին Ս.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և 113-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2007 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է քննությունից Ս.Գրիգորյանի թաքնվելու պատճառաբանությամբ:

2014 թվականի սեպտեմբերի 9-ին Ս.Գրիգորյանը հայտնաբերվել է և արգելանքի է վերցվել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Ս.Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է:

i

2015 թվականի ապրիլի 16-ին Ս.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

i

2015 թվականի հուլիսի 22-ին Ս.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով:

2015 թվականի օգոստոսի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 3-ի դատավճռով Ս.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 11 տարի ժամկետով:

Տուժողի իրավահաջորդ Վ.Գևորգյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:

i

3. Ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Կ.Սարդարյանի, տուժող Գ.Սողոմոնյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի և տուժող Վ.Հակոբյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 21-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 3-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին: Սմբատ Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է համապատասխանաբար տուժողներ Գ.Սողոմոնյանի և Վ.Հակոբյանի բողոքների բացակայության պատճառաբանությամբ: Նույն որոշմամբ Սմբատ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 9 տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Կ.Սարդարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ պաշտպան Կ.Սարդարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի` վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարվել է, և վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Կ.Սարդարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Ս.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 10-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) 2007 թվականի հունվարի 31-ին` ժամը 20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի նախկին կաթի գործարան տանող ճանապարհին` խուլիգանական դրդումներով, փորձել է երկու և ավելի անձանց` Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Այսպես.

Սմբատ Գրիգորյանը, 2007 թվականի հունվարի 31-ին` ժամը 20-ի սահմաններում, իր «ՎԱԶ 2121» մակնիշի 43VU133 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթևեկելիս` Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի նախկին կաթի գործարան տանող ճանապարհին նկատել է համագյուղացիներ Սերյոժա Վահանի Գևորգյանին, Գառնիկ Էդիկի Սողոմոնյանին, Վահագն Հակոբի Հակոբյանին: Գառնիկ Սողոմոնյանի կողմից իբր իր ուղղությամբ «շեղ հայացք նետելու» պատճառաբանությամբ մեքենան կանգնեցրել է ճամփեզրին, մոտեցել է վերջինին և, որպես պատրվակ օգտագործելով նշված չնչին առիթը, վիճաբանության է բռնվել Գառնիկ Սողոմոնյանի հետ: Վիճաբանության ընթացքում Սմբատ Գրիգորյանը, չբավարարվելով Գառնիկ Սողոմոնյանի և վեճին միջամտած Սերյոժա Գևորգյանի բազմաթիվ պնդումներին, որ իրեն ոչ ոք շեղ չի նայել ու մթության պայմաններում նա չէր կարող դա նկատել, խուլիգանական դրդումներով, իր վարքով հակադրվելով ինչպես վերը թվարկված անձանց, այնպես էլ ընդհանրապես վարքագծի և մարդկանց միջև փոխհարաբերությունների հանրորեն ընդունված նորմերին, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից դրդված, շարունակել է պնդել, որ ինքը չի սխալվում ու ծեծկռտուք հրահրելու խուլիգանական մղումներով հրել է Սերյոժա Գևորգյանին: Հրելուց անմիջապես հետո Սերյոժա Գևորգյանը մեկ անգամ ոտքով հարվածել է Սմբատ Գրիգորյանին, ինչից անմիջապես հետո Սմբատ Գրիգորյանը խուլիգանական դրդումներով երկու և ավելի անձանց` Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով ապօրինաբար, Գառնիկ Սողոմոնյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով մեկ անգամ հարվածել է նրա կյանքի կենսական կարևոր օրգանների շրջանին` կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին` պատճառելով ծակած-կտրած, չթափանցող, խորանիստ մկանների վնասումով վերքի ձևով առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Կրծքավանդակի վերքից հոսող արյունը տեսնելով` Գառնիկ Սողոմոնյանը բարձրաձայնել է, որ իրեն դանակահարեցին, ինչից հետո Սերյոժա Գևորգյանը մոտեցել է նրան օգնության: Այդ պահին Սմբատ Գրիգորյանն իր միասնական հանցավոր մտադրության իրականացումն ավարտին հասցնելու միտումով թիկունքից մոտեցել է Սերյոժա Գևորգյանին և ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նույն գործիքով հինգ հարված է հասցրել նրա մարմնի կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող տարբեր մասերին` պատճառելով աջից և ձախից կրծքավանդակի մեկական թափանցող, ձախից կրծքավանդակի, ձախից զստասրբանային հոդի շրջանի մեկական չթափանցող, ձախ ազդրի ստորին երրորդականի դրսային մակերեսի մեկ ծակած-կտրած կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ: Դրանից հետո Սմբատ Գրիգորյանը, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը և ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, նույն գործիքով հարվածել է նաև բաժանելու և միջադեպը կանխելու փորձ կատարող Վահագն Հակոբյանի կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին` կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին` նրան պատճառելով ծակած-կտրած, չթափանցող վերքի ձևով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս: Սմբատ Գրիգորյանին չի հաջողվել հանցանքն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սերյոժա Գևորգյանի, Գառնիկ Սողոմոնյանի և Վահագն Հակոբյանի փոխադարձ իրար օգնելուն ուղղված գործողություններով նրանց հաջողվել է խուսափել մահացու հարվածներից և փախուստի դիմել դեպքի վայրից: Նույն գիշերը Սերյոժա Գևորգյանը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ հինգ օր անց` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն: Սակայն ստացած ծակած-կտրած վնասվածքներից հետագայում նրա մոտ զարգացած աջակողմյան ենթամաշկային էմֆիզեմայի, ձախակողմյան հեմոթորաքսի, ներքին արյունահոսության, հեմոռագիկ պլևրոպուլմոնալ շոկի, զարգացած կոագուլոպաթիայի, ներանոթային տարածուն մակարդակում, մասսիվ հեմոտրանսֆուզիայի համախտանիշի, թոքի խոշոր անոթների խցանող, օրգանիզացված, խառը կառույցի թրոմբերով էմբոլիայի, թոքային հյուսվածքի դիստելեկտազի, խիստ արտահայտված թարախային բրոնխոպնևմոնիայի, թոքային հյուսվածքի կարնիֆիկացիայի, մեկ բլթի ատելեկտազի, խիստ արտահայտված ֆիբրինոզ-թարախային պլևրիտի հետևանքով առաջացած օրգանիզմի ինքնաթունավորումից 2007 թվականի փետրվարի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում Սերյոժա Գևորգյանը մահացել է» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 285-296):

5.1. Դատաբժշկական փորձագետի թիվ 4/Հ եզրակացության համաձայն` «Սերյոժա Գևորգյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի թվով մեկ, ձախ կեսի հետին մակերեսի թվով երկու ծակած-կտրած, թափանցող, ձախ զստասրբանային հոդի շրջանի և ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի մեկական ծակած-կտրած, ազդրի խորանիստ մկանների վնասումով վերքերի ձևով, հասցված են ծակող-կտրող գործիքով (գործիքներով) (...): Կրծքավանդակի վերքերը պատճառել են առողջության ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող: Ձախ զստասրբանային հոդի շրջանի և ձախ ազդրի վերքերը պատճառել են առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը երեք շաբաթից ավելի ժամանակով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 26-27):

5.2. Դատաբժշկական փորձագետի թիվ 32 եզրակացության համաձայն` «(...) Վահագն Հակոբյանի ստացած մարմնական վնասվածքը` կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի ծակած-կտրած, չթափանցող վերքի ձևով, հասցված է ծակող-կտրող գործիքով, հնարավոր է քննվողի հայտարարած ժամանակին և հանգամանքներում, ներկա տվյալներով պատճառվել է առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ոչ պակաս, բայց ոչ ավել քան երեք շաբաթից ժամանակով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 125-126):

5.3. Դատաբժշկական փորձագետի թիվ 31 եզրակացության համաձայն` «(...) Գառնիկ Սողոմոնյանի ստացած մարմնական վնասվածքը` կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած, խորանիստ մկանների վնասումով վերքի ձևով, հասցված է ծակող-կտրող գործիքով, հնարավոր է քննվողի հայտարարած ժամանակին, որոշմամբ ներկայացված հանգամանքներում, (...) պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը երեք շաբաթից ավելի ժամանակով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 136-137):

5.4. Տուժող Ս.Գևորգյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 39 եզրակացության համաձայն` «(...) Ս.Գևորգյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորումից, որը հետևանք է աջից և ձախից կրծքավանդակի մեկական ծակած-կտրած, թափանցող վնասվածքների, ձախից կրծքավանդակի, ձախից զստասրբանային հոդի շրջանի մեկական ծակած-կտրած, չթափանցող վնասվածքների, ձախ ազդրի ստորին երրորդականի դրսային մակերեսի թվով մեկ ծակած-կտրած վնասվածքի հետևանքով զարգացած աջակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի, ձախակողմյան հեմոթորաքսի, ներքին արյունահոսության, հեմոռագիկ, պլևորպուլմոնալ շոկի (երկրորդային), որի արդյունքում էլ զարգացել է կոագուլոպաթիա, ներանոթային տարածուն մակարդում, մասսիվ հեմոտրանսֆուզիայի համախտանիշ, թոքի խոշոր անոթների խցանող, օրգանիզացված, խառը կառույցի թրոմբերով էմբոլիա, թոքային հյուսվածքի դիզտելեկտազ, խիստ արտահայտված թարախային բրոնխոպնևմոնիա, թոքային հյուսվածքի կարնիֆիկացիա, մեկ բլթի ատելեկտազ, խիստ արտահայտված ֆիբրինոզ-թարախային պլևրիտ (...): Նշված ծակած-կտրած վնասվածքները հասցված են ծակած-կտրած գործիքով, մահվան անմիջական պատճառի հետ գտնվում են ուղղակի անմիջական կապի մեջ: Նման վնասվածքները կենդանի անձանց մոտ սովորաբար բերում են առողջության ծանր վնասի: Կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած, թափանցող վերքից սկիզբ առնող վերքային խողովակն ունի հետևից աջ, համարյա հորիզոնական ուղղություն, ոչ պակաս, քան մոտ 2,4 սմ խորություն, վերքային խողովակի ընթացքով վնասված են մաշկը և ենթամաշկային ճարպաբջջանքը, որոնք նշված շրջանում ունեն 1,6 սմ հաստություն, 10-րդ միջկողային մկանը, որը նշված հատվածում ունի 0,8 սմ հաստություն, վերքային խողովակը թափանցում է պլևրալ խոռոչ: Կրծքավանդակի ձախ կեսի կողմնահետին մակերեսի ծակած-կտրած, թափանցող վերքից սկիզբ առնող վերքային խողովակն ունի հետևից աջ, քիչ ձախից աջ, համարյա հորիզոնական ուղղություն, ոչ պակաս, քան մոտ 2,5 սմ խորություն, վերքային խողովակի ընթացքով վնասված են մաշկը և ենթամաշկային ճարպաբջջանքը, որոնք նշված շրջանում ունեն 1,6 սմ հաստություն, 10-րդ միջկողային մկանը, որը նշված հատվածում ունի 0,9 սմ հաստություն, վերքային խողովակը թափանցում է պլևրալ խոռոչ: Ըստ առկա բժշկական փաստաթղթերի` Ս.Գևորգյանի մահը վրա է հասել 2007 թվականի փետրվարի 18-ին` ժամը 10:30-ին: (...) Ս.Գևորգյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է հետվիրահատական վիճակ թորոկոտոմիայից, լապարոտոմիայից, պլևրալ խոռոչների դրենավորումից հետո» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 139-145):

i

5.5. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի` 2015 թվականի հուլիսի 25-ի որոշման համաձայն` «(...) Թիվ 20101207 քրեական գործով Էդգար Սամվելի Ղազարյանի (...) նկատմամբ պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու համար քրեական հետապնդում չիրականացնել` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

i

Սերյոժա Գևորգյանին բժշկական օգնություն ցուցաբերած բուժաշխատողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրանց կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 268-275):

5.6. Դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության թիվ 121 եզրակացության համաձայն` «(...) Սերյոժա Գևորգյանի դիակի, Գառնիկ Սողոմոնյանի և Վահագն Հակոբյանի մարմնի վրա հայտնաբերված ծակած-կտրած վերքերի արտաքին չափերից, օրգանիզմ թափանցման խորությունից կարելի է գալ այն եզրակացության, որ ծակած-կտրած վնասվածքները կարող էին առաջանալ ինչպես մեկ, այնպես էլ մեկից ավելի ծակող-կտրող գործիքներով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 33-34):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է համարվում, որ Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին` ժամը 21-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի նախկին կաթի գործարան տանող ճանապարհին վիճաբանության և կռվի մեջ է մտել համագյուղացիներ Սերյոժա Գևորգյանի, Գառնիկ Սողոմոնյանի և Վահագն Հակոբյանի հետ: Վիճաբանության ընթացքում Սմբատ Գրիգորյանն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է Գառնիկ Սողոմոնյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին` պատճառելով ծակած-կտրած, չթափանցող, խորանիստ մկանների վնասումով վերքի ձևով առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Դրանից հետո Սմբատ Գրիգորյանը թիկունքից մոտեցել է Գառնիկ Սողոմոնյանին օգնություն ցույց տվող Սերյոժա Գևորգյանին և նույն սուր կտրող-ծակող գործիքով հինգ հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով աջից և ձախից կրծքավանդակի մեկական ծակած-կտրած թափանցող վնասվածքների, ձախից կրծքավանդակի, ձախից զստասրբանային հոդի շրջանի մեկական ծակած-կտրած չթափանցող, ձախ ազդրի ստորին երրորդականի դրսային մակերեսի մեկ ծակած-կտրած կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք: Դրանից հետո Սմբատ Գրիգորյանը նույն գործիքով մեկ անգամ հարվածել է նաև բաժանելու և միջադեպը կանխելու փորձ կատարող Վահագն Հակոբյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին` պատճառելով ծակած-կտրած, չթափանցող վերքի ձևով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:

i

Վերը նշված փաստական հանգամանքների շրջանակներում գնահատելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակման հիմնավորվածությունը, հաշվի առնելով հանցավոր արարքի կատարման եղանակը, տուժողներին պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (դրանք ամբողջությամբ պատճառված են կենսականորեն կարևոր օրգանների շրջանում), ինչպես նաև` հանցավորի և տուժողների վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին` Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ Սմբատ Գրիգորյանն ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար ցանկացել է կյանքից զրկել Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Այսինքն` Ս.Գրիգորյանի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, ինչի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:

i

Միևնույն ժամանակ, անդրադառնալով Ս.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով առաջադրված մեղադրանքին` Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ հանցավորի արարքը ենթակա է որակման նշված հոդվածով, եթե սպանության հիմնական շարժառիթը խուլիգանական է, այսինքն` հանցավորի գործողություններում գերակայում է հասարակական կարգի նկատմամբ արհամարհանքը, երբ սպանությունը տեղի է ունենում որպես աննշան առիթին տրված պատասխան գործողություն և դրանով արտահայտվում է հանցավորի անհարգալից, արհամարհական վերաբերմունքը հասարակության նկատմամբ: Արարքը որպես խուլիգանական դրդումներով կատարված կամ հասարակ սպանություն որակելու հարցում վճռորոշ նշանակություն ունի հանցագործության շարժառիթների, ինչպես նաև սուբյեկտիվ կողմը բնութագրող այլ հատկանիշների մանրակրկիտ ուսումնասիրությունը (...):

Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու այն, որ Ս.Գրիգորյանի կողմից կատարված երեք անձանց սպանության փորձը եղել է որպես աննշան առիթին տրված պատասխան գործողություն և դրանով հանցավորն արտահայտել է արհամարհական վերաբերմունք հասարակության նկատմամբ: Այս առումով դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ գործի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած: Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը պետք է հանել ամբաստանյալ Ս.Գրիգորյանի մեղադրանքի ծավալից:

i

(...) Հիմք ընդունելով ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքի հետադարձ ուժի կանոնները սահմանող վերը մեջբերված նորմերը, ինչպես նաև այն, որ Ս.Գրիգորյանը հանցավոր արարքը կատարել է 2007 թվականի հունվարի 31-ին` Առաջին ատյանի դատարանը փաստում է, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակվի արարքը կատարելու ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում` հաշվի առնելով չավարտված հանցագործությունների համար պատիժ նշանակելու ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 35-59):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանը, դատաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքների շրջանակներում գնահատելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակման հիմնավորվածությունը, հաշվի առնելով հանցավոր արարքի կատարման եղանակը, տուժողներին պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը, ինչպես նաև` հանցավորի և տուժողների վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, եկել է եզրահանգման, որ Սմբատ Գրիգորյանն ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար ցանկացել է կյանքից զրկել Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշումը, համաձայն որի` Սմբատ Գրիգորյանն ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար ցանկացել է կյանքից զրկել Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

(...)

Քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: ՈՒղղակի դիտավորության դեպքում հանցավորը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը և ցանկանում է տուժողին մահ պատճառել: Անուղղակի դիտավորության դեպքում անձը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը, չի ցանկանում, բայց գիտակցաբար թույլ է տալիս տուժողի մահվան առաջացումը կամ անտարբերություն է դրսևորում այդ հետևանքի առաջացման նկատմամբ:

(...) Այսինքն` վերը նշված իրավանորմից հետևում է, որ հանցափորձի համար պարտադիր է, որպեսզի գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, կատարված լինի ուղղակի դիտավորությամբ:

(...) Վերը նշված հանգամանքների համադրման և վերլուծության հիման վրա է հնարավոր միայն բացահայտել դիտավորության ուղղվածությունը և դրա տեսակները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կատարված արարքին քրեաիրավական ճիշտ գնահատական տալուն և տարբեր հանցակազմերը, մասնավորապես` սպանության փորձը տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուց սահմանազատելուն:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել ոչ մի օբյեկտիվ տվյալ այն մասին, որ Սմբատ Գրիգորյանի գործողություններն ուղղված են եղել տուժողներ Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին կյանքից զրկելուն:

Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս, հաշվի առնելով հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունը, ինչպես նաև հանցավոր արարքի կատարման եղանակը, բնույթը, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և մարմնական վնասվածքների քանակը, մասնավորապես` այն, որ ամբաստանյալ Սմբատ Գրիգորյանի կողմից տուժողներ Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին հասցվել է սուր կտրող-ծակող գործիքի ընդամենը մեկական հարված և դա այն պարագայում, երբ նույն վիճաբանության ժամանակ մյուս տուժող Սերյոժա Գևորգյանին հասցվել է հինգ հարված:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով տուժող Սերյոժա Գևորգյանին հասցված մարմնական վնասվածքին` վերը նշված հանգամանքների համադրման և վերլուծության հիման վրա, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Սմբատ Գրիգորյանն ուղղակի դիտավորություն է ունեցել ապօրինաբար Սերյոժա Գևորգյանին կյանքից զրկել և հասել է իր նպատակին:

Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս վերլուծելով հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունը և հաշվի առնելով, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքը, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը, ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները:

i

Ելնելով վերոգրյալից` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Սմբատ Գրիգորյանի վերոգրյալ արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը:

i

(...) Վերաքննիչ դատարանը սույն քրեական գործով Սմբատ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով փոփոխելը հնարավոր է համարում, քանի որ մեղադրանքի նման փոփոխությունով ամբաստանյալի վիճակը չի վատթարանում: Ավելին` դրանով ամբաստանյալի վիճակը բարելավվում է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 115-143):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձի համոզմամբ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, քանի որ դրանով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

i

Մասնավորապես բողոքաբերը, վերլուծելով սպանության հանցակազմի առանձնահատկությունների, ինչպես նաև ապացույցների գնահատման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԱՆԴ/0110/01/12, թիվ ՇԴ/0126/01/12, թիվ ԵՔՐԴ/0632/01/08 գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, համադրել է դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ և եզրահանգել, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ապացույցների ազատ գնահատման քրեադատավարական սկզբունքը, ինչն արտահայտվել է գործում առկա ապացույցներն անտեսելով և դրանք սխալ գնահատելով: Արդյունքում Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ս.Գրիգորյանի արարքի որակման հարցում հանգել է սխալ հետևության:

Այսպես` բողոքի հեղինակը սույն քրեական գործում առկա մի շարք ապացույցների և փաստական տվյալների հաշվառմամբ եկել է այն եզրահանգման, որ ամբաստանյալ Ս.Գրիգորյանն ուղղակի դիտավորությամբ ցանկացել է կյանքից զրկել ինչպես Ս.Գևորգյանին, այնպես էլ Գ.Սողոմոնյանին ու Վ.Հակոբյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

8.1. Բացի այդ, բողոքաբերը, վկայակոչելով նախաքննության մարմնի` 2015 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ տուժող Ս.Գևորգյանին բժշկական օգնություն ցուցաբերած բուժաշխատողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, գտել է, որ Ս.Գրիգորյանի արարքը որպես սպանության փորձ որակելով` վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ նախաքննությամբ չի պարզվել` տուժող Ս.Գևորգյանի մահը վրա է հասել ամբաստանյալ Ս.Գրիգորյանի արարքի, թե՞ հնարավոր բժշկական սխալի հետևանքով: Նման պայմաններում ամբաստանյալի արարքը որպես ավարտված սպանություն որակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ:

Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ս.Գրիգորյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

10. ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

i

Հանցափորձի և դրա հատկանիշների իրավական վերլուծությանը, մեկ այլ ավարտված հանցագործության հատկանիշներից այն տարբերակելու, անձի դիտավորության ուղղվածությունը որոշելու և կատարված արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հիմնահարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք որոշումների շրջանակներում (տե՛ս, մասնավորապես, Ս.Հունիկյանի վերաբերյալ գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08, Ա.Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10, Կ.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12, Գ.Մանուկյանի վերաբերյալ գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշումները):

Այսպես` Ա.Բաղդասարյանի վերաբերյալ գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) Օբյեկտիվ կողմից հանցափորձը բնութագրվում է`

1. գործողությամբ (անգործությամբ), որն անմիջականորեն ուղղված է հանցանքի կատարմանը,

2. հանցագործությունն անձի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չհասցնելով:

Հանցափորձն առկա է այն ժամանակ, երբ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում, այլ կերպ` հանցակազմի օբյեկտիվ կողմի կատարումն սկսվում է, սակայն չի ավարտվում: Նյութական հանցագործության դեպքում չի առաջանում օրենքով նախատեսված հետևանքը կամ հետևանքն առաջանում է, սակայն ոչ հանցավորի դիտավորությամբ նախատեսվածը (օրինակ` սպանության փորձի ժամանակ տուժողը ոչ թե մահանում է, այլ ստանում է ծանր մարմնական վնասվածք): ՈՒստի, այն դեպքերում, երբ հանցագործության փորձի ժամանակ առաջանում են այնպիսի հետևանքներ, որոնք ոչ թե հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված, այլ մեկ ուրիշ ավարտված հանցագործության հատկանիշներ են, ապա դրանք կլանվում են հանցավորի դիտավորությամբ ընդգրկված հանցագործության փորձի մեջ և ինքնուրույն չեն որակվում:

i

Հանցափորձը բնութագրող հաջորդ հատկանիշն այն է, որ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում: Սուբյեկտիվ կողմից հանցափորձը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ» (տե՛ս Արարատ Բաղդասարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ին կայացված թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշման 16-րդ կետը):

i

10.1. Զարգացնելով մեջբերված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Գ.Մանուկյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է հետևյալը` «(...) Հանցափորձ են ձևավորում միայն ուղղակի դիտավորությամբ կատարվող այն գործողությունները (անգործությունը), որոնք անմիջականորեն ուղղված են հանցանքի կատարմանը: «Անմիջականությունը» ենթադրում է, որ հանցավորը ձեռնամուխ է լինում հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցնում իր կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել: Այլ կերպ ասած` հանցափորձի դեպքում հանցագործությունը չի ավարտվում, քանի որ կա՛մ հանցավոր արարքն ամբողջությամբ չի իրականացվում, կա՛մ արարքն իրականացվում է, սակայն չի առաջանում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված և նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքը (նյութական հանցակազմերի դեպքում):

Վերոշարադրյալից բխում է, որ նյութական հանցակազմերի դեպքում ավարտված հանցագործության և հանցափորձի տարանջատման հիմնական չափանիշն անձի դիտավորության ուղղվածությունն է: Մասնավորապես, եթե կատարվածի արդյունքում առաջանում են անձի դիտավորության մեջ չընդգրկված, սակայն ավարտված մեկ այլ հանցագործության հատկանիշներ, ապա արարքը պետք է որակել ոչ թե ըստ փաստացի վրա հասած հետևանքի, այլ ըստ անձի սուբյեկտիվ ընկալման` որպես իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձ: Այսինքն` արարքը փորձ կամ ավարտված հանցագործություն որակելու հարցում էական նշանակություն ունի անձի դիտավորության ուղղվածության բացահայտումը, ինչը հնարավոր է գործի փաստական հանգամանքների համադրման և ամբողջական վերլուծության արդյունքում:

(...) Հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքները, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն (...)» (տե՛ս Գրիգոր Մանուկյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ին կայացված թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 16-րդ կետը):

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ս.Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին ժամը 21-ի սահմաններում ծագած վեճի արդյունքում իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է Գ.Սողոմոնյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին` պատճառելով ծակած-կտրած, չթափանցող, խորանիստ մկանների վնասումով վերքի ձևով առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, որից հետո Ս.Գրիգորյանը թիկունքից մոտեցել է Գ.Սողոմոնյանին օգնություն ցույց տվող Ս.Գևորգյանին և նույն սուր կտրող-ծակող գործիքով հինգ հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով աջից և ձախից կրծքավանդակի մեկական ծակած-կտրած թափանցող վնասվածքների, ձախից կրծքավանդակի, ձախից զստասրբանային հոդի շրջանի մեկական ծակած-կտրած չթափանցող, ձախ ազդրի ստորին երրորդականի դրսային մակերեսի մեկ ծակած-կտրած կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք: Դրանից հետո Ս.Գրիգորյանը նույն գործիքով մեկ անգամ հարվածել է նաև բաժանելու և միջադեպը կանխելու փորձ կատարող Վ.Հակոբյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին` պատճառելով ծակած-կտրած, չթափանցող վերքի ձևով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ս.Գրիգորյանն ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար ցանկացել է կյանքից զրկել Ս.Գևորգյանին, Գ.Սողոմոնյանին և Վ.Հակոբյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել որևէ օբյեկտիվ տվյալ առ այն, որ Ս.Գրիգորյանի գործողություններն ուղղված են եղել տուժողներ Գ.Սողոմոնյանին և Վ.Հակոբյանին կյանքից զրկելուն: Մասնավորապես Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ ամբաստանյալ Ս.Գրիգորյանը տուժողներ Գ.Սողոմոնյանին և Վ.Հակոբյանին սուր կտրող-ծակող գործիքով ընդամենը մեկական հարված է հասցրել, և դա այն պարագայում, երբ նույն վիճաբանության ժամանակ մյուս տուժող Ս.Գևորգյանին հասցրել է հինգ հարված:

i

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ս.Գրիգորյանն ուղղակի դիտավորություն է ունեցել ապօրինաբար Ս.Գևորգյանին զրկել կյանքից և հասել է իր նպատակին: Արդյունքում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

12. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-10.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա տվյալները և սխալ եզրահանգման է եկել անձի դիտավորության ուղղվածության, հետևաբար նաև արարքի քրեաիրավական որակման հարցում:

Մասնավորապես Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է հանցավորի` հանցագործության ընթացքում դրսևորած վարքագիծը, հանցագործության եղանակը, տուժողներին պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը: Այսպես` ամբաստանյալ Ս.Գրիգորյանն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տուժողների կենսականորեն կարևոր օրգանների շրջանում, այն է` մեկ անգամ հարվածել է Գ.Սողոմոնյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին, ինչից հետո թիկունքից մոտեցել է Գ.Սողոմոնյանին օգնություն ցույց տվող Ս.Գևորգյանին և հինգ հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև մեկ անգամ հարվածել է նրանց բաժանելու և միջադեպը կանխելու փորձ կատարող Վ.Հակոբյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին:

12.1. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցավորի` հանցագործության ընթացքում դրսևորած վարքագծի ամբողջական և համակցության մեջ դիտարկումը, ինչպես նաև օգտագործված գործիքը, պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթն ու տեղակայումը, թույլ են տալիս բացահայտել վերջինիս դիտավորության ուղղվածությունն ու բովանդակությունը: Այսպես` Ս.Գրիգորյանը թե՛ Գ.Սողոմոնյանին, թե՛ Վ.Հակոբյանին մեկական հարված է հասցրել կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, իսկ Ս.Գևորգյանին հինգ անգամ հարվածել է նրա կյանքի համար կենսական կարևոր օրգանների շրջանում, որպիսի փաստերն իրենց համակցության մեջ արդեն իսկ վկայում են, որ ամբաստանյալն ուղղակի դիտավորությամբ ցանկացել է կյանքից զրկել տուժողներին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ ամբաստանյալ Ս.Գրիգորյանի կողմից տուժողներ Գ.Սողոմոնյանին և Վ.Հակոբյանին սուր կտրող-ծակող գործիքով ընդամենը մեկական հարված է հասցվել, և դա այն պայմաններում, երբ նույն վիճաբանության ժամանակ Ս.Գևորգյանին հինգ հարված է հասցվել, ուստի ամբաստանյալի մոտ Գ.Սողոմոնյանին և Վ.Հակոբյանին սպանելու դիտավորությունը բացակայել է, անհիմն է:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ս.Գրիգորյանի արարքը երկու կամ ավելի անձանց սպանության փորձից վերաորակելով որպես ավարտված սպանություն և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության և թեթև վնասի պատճառում, պատշաճ վերլուծության չի ենթարկել գործի փաստական հանգամանքները:

i

Հետևաբար Ս.Գրիգորյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Ս.Գրիգորյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` Վերաքննիչ դատարանը պահպանե՞լ է արդյոք դատական քննության սահմաններն ամրագրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:

i

15. Մեջբերված նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Սերոբյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչ դատարանը և թե վճռաբեկ դատարանը ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը»: Մասնավորապես կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», և որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը» (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգտագործված «մեղադրանք» եզրույթը հասկացվի սոսկ «քրեաիրավական որակում» իմաստով և այն իր մեջ չներառի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային, քանի որ առանց փաստական հիմքի` քրեաիրավական որակումից պաշտպանվելու իրավունքը առարկայազուրկ է:

i

Մինչդեռ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Իսկ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող վերացական լինել:

(...)

Այսպիսով, դատարանը գտնում է, որ կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև գործի դատական քննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը (...)» (տե՛ս Արթուր Սերոբյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2007 մարտի 30-ին կայացված թիվ ՎԲ-46/07 որոշումը):

i

15.1. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Սերոբյանի վերաբերյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Ա.Պապյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) Մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն (...)» (տե՛ս Արկադի Պապյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 5-ին կայացված թիվ ՏԴ/0115/01/09 որոշումը):

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքում «դիտավորությամբ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու» հատկանիշը բնութագրող և դրա առկայությունը հաստատող որևէ փաստական տվյալ չի նկարագրվել, հետևապես այն ամբաստանյալին չի մեղսագրվել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ս.Գրիգորյանն ուղղակի դիտավորություն է ունեցել ապօրինաբար Ս.Գևորգյանին զրկել կյանքից և հասել է իր նպատակին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

i

16.1. Մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Գևորգյանին մահ պատճառելը Ս.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված չի եղել, այսինքն` վերջինիս չի մեղսագրվել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավադրույթը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր Ս.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը վերաորակելու ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` որպես ավարտված սպանություն:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը, Ս.Գրիգորյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, չի պահպանել դատական քննության սահմաններն ամրագրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

i

17. Ամփոփելով սույն որոշման 10-16.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելով և Ս.Գրիգորյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով վերաորակելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ, 104-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտում, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: ՈՒստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 3-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

i

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սմբատ Կորյունի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 3-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
30.08.2017
N ԿԴ2/0054/01/15
Որոշում