ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2020 թվականի N 990-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 18-ի
N 990-Լ որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 31-ի
N 416-Լ որոշման
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ
1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության հնարավորություն` պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար:
2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:
3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:
4. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով`
- տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 000 դրամ գումարի չափով` առավելագույնը վեց ամսվա համար (այսուհետ` աշխատակիցների վարկեր), ընդ որում սույն հավելվածի իմաստով աշխատակիցներ են համարվում այն անձինք, որոնց մասով օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2020 թվականի փետրվարի 29-ը ներառյալ ներկայացվել են գրանցման հայտեր: Միաժամանակ միջոցառման շրջանակում ֆինանսավորվող աշխատավարձերը ենթակա չեն բարձրացման այդ աջակցության ամբողջ ընթացքում: Տնտեսավարողի աշխատողներին աշխատավարձի մասով ցուցաբերվող օժանդակության գումարը յուրաքանչյուր ամսվա հաշվով չի կարող գերազանցել 2020 թվականի փետրվար ամսվա համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված` աշխատավարձի ընդհանուր գումարը,
- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ` ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը` առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ` հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր),
- հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում` պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ` հումքի վարկեր),
- նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ` սարքավորումների վարկեր/լիզինգ),
- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում (ընդ որում, ծախսերի իրականացում են համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 000 000 դրամ գումարի չափով` առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ` կոմունալ վճարների վարկեր),
- ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն մեծությունը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի վարկեր):
5. Օժանդակության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
- արժույթը` դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ),
- ժամկետը` մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 24 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 6-ամսյա ժամանակահատվածի համար,
- վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` մինչև 6 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` մինչև 3 ամիս,
- մեկ տնտեսավարողի` օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի` սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը` 250 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 125 մլն դրամին համարժեք,
- վարկային միջոցների օգտագործման կարգը` միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,
- առավելագույն փաստացի տոկոսադրույքը տարեկան 12% դրամով վարկերի և տարեկան 9% արտարժույթով վարկերի դեպքում:
6. Սույն հավելվածի շրջանակում նախկինում կնքված ֆինանսական գործակալության պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամկետով:
7. Միջոցառման չափանիշներին բավարարող տնտեսավարողները կարող են հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի տվյալ վարկի տոկոսների սուբսիդավորում` սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափերով, վարկի ժամկետի 24-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 6-ամսյա ժամանակահատվածի համար:
8. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են`
.___________________________________________________________.
| Վարկի նպատակը |Սուբսիդավորման չափը|
|_______________________________________|___________________|
|Աշխատակիցների |ամբողջությամբ |
|_______________________________________|___________________|
|Հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների |ամբողջությամբ |
|_______________________________________|___________________|
|Հումքի | 7% |
|_______________________________________|___________________|
|Սարքավորումների | 6% |
|_______________________________________|___________________|
|Կոմունալ վճարների | 10% |
|_______________________________________|___________________|
|Սննդի | 8% |
.___________________________________________________________.
9. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են`
.___________________________________________________________.
| Վարկի նպատակը |Սուբսիդավորման չափը|
|_______________________________________|___________________|
|Աշխատակիցների |ամբողջությամբ |
|_______________________________________|___________________|
|Հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների |ամբողջությամբ |
|_______________________________________|___________________|
|Հումքի | 6% |
|_______________________________________|___________________|
|Սարքավորումների | 5% |
|_______________________________________|___________________|
|Կոմունալ վճարների | 8% |
|_______________________________________|___________________|
|Սննդի | 6% |
.___________________________________________________________.
10. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից`
1) սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 36 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 12-ամսյա ժամանակահատվածի համար.
2) սույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 400 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 200 մլն դրամին համարժեք.
3) սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 0,5% չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):
11. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից`
1) սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 48 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 24-ամսյա ժամանակահատվածի համար.
2) սույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 500 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 250 մլն դրամին համարժեք.
3) սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 1% չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):
12. Սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:
13. Սույն հավելվածի 12-րդ կետում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման կրկնակիի չափով:
14. Ֆինանսական կազմակերպություններն ինքնուրույն են իրականացնում վարկառուների վարկունակության գնահատումը և վարկերի տրամադրումը, որոնք պետք է համապատասխանեն միջոցառմամբ սահմանված չափանիշներին և նպատակներին: Վարկերը ֆինանսական կազմակերպությունների կողմից պետք է տրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով: Ընդ որում, շահառուները ստացված վարկային միջոցների հաշվին իրականացվող վճարումները նույնպես պետք է իրականացնեն անկանխիկ եղանակով:
15. Օժանդակության դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից փոխանցվում է ֆինանսական կազմակերպության համապատասխան հաշվին` ֆինանսական կազմակերպության հայտի հիման վրա: Տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը կարգավորվում է ֆինանսական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքվող պայմանագրերով:
16. Միջոցառման շրջանակում տրամադրված օժանդակության գործիքի կիրառման մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` եռամսյա կտրվածքով:»: