Սեղմել Esc փակելու համար:
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2021 թվականի N 749-Լ

 

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 6-րդ կետը և 2015 թվականի դեկտեմբերի 12-ի Փարիզյան համաձայնագրի 7-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

i

2. Հանձնարարել սույն որոշման հավելվածի 9-րդ գլխում նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին` վեցամսյա պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված` ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին` համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:

(2-րդ կետը փոփ. 17.02.2022 թիվ 166-Լ որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2021 թվականի մայիսի 13-ի

N 749-Լ որոշման

 

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԵՎ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1.1. ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԻՍՏ ԽՈՑԵԼԻ ԵՐԿԻՐ 1.2. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ 1.3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆԵՐՔՈ 1.4. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՔԵՐԸ 1.5. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ

 

ԳԼՈՒԽ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2.1. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ 2.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ 2.3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԵՆՍԱՑԻԿԼԸ

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 4. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ
ԳԼՈՒԽ 8. ՌԻՍԿԵՐ
ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ (20212025ԹԹ)

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

    ԱՍԳՆ       Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ

    ՀԷՄ        հարմարվողականության էկոհամակարգային մոտեցում

    ԿԶՆ        կայուն զարգացման նպատակներ

    ԿԿՀ        Կանաչ կլիմայական հիմնադրամ

    ԿՓ         կլիմայի փոփոխություն

    ԿՓ         կլիմայի փոփոխության հետևանքների  նկատմամբ

               հարմարվողականություն

    ԿՓՀՖՇԻՊ    կլիմայի փոփոխության հարմարվողականության ֆինանսավորման

               շրջանակ և իրականացման պլան

    ՀԱԾ        հարմարվողականության ազգային ծրագիր

    ՀՄԳ        հարմարվողականության մշտադիտարկում և  գնահատում

    ՄԱԿ        Միավորված ազգերի կազմակերպություն

    ՄԱԶԾ       Միավորված ազգերի զարգացման ծրագիր

ՄԱԿ ԿՓՇԿ   Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության

մասին» շրջանակային կոնվենցիա

    ՋԳ         ջերմոցային գազեր

    ՀՎԵ        հիդրոօդերևութաբանական  վտանգավոր երևույթներ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գիտակցելով հանրապետության զարգացման համատեքստում կլիմայի փոփոխության (ԿՓ) ազդեցությունը` ՀՀ կառավարությունը ձեռնարկել է և շարունակում է իրականացնել գործողություններ` ուղղված կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության (կլիմայի փոփոխության հարմարվողականություն կամ ԿՓՀ) իրականացմանն ու պլանավորման աջակցմանը, միևնույն ժամանակ` ինստիտուցիոնալ մակարդակում իրականացվող գործողությունների միջոցով անդրադառնալով արդեն իսկ առկա ԿՓ-ներին, և առանձնահատուկ շեշտադրելով ԿՓ-ին առնչվող քաղաքականության և ծրագրերի կարևորությունը: Վերոնշյալի հիմքում ընկած է այն պատկերացումը, որ ԿՓ նկատմամբ ներկայիս և կանխատեսվող խոցելիությունների արձագանքման ողջամիտ պլանավորումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի խնայողությունների, սոցիալական առողջության և անվտանգության բարելավման, աղետների վնասների նվազեցման, նոր գործարար հնարավորությունների առաջացման և ներդրումների ավելի մեծ անվտանգության: Մինչ օրս Հայաստանի ԿՓՀ արձագանքը կրել է չհամակարգված և հիմնականում իրավիճակային բնույթ, թեև այն իրականացվում է ազգային, ոլորտային և տարածքային կառավարման մակարդակներում, և ղեկավարվում է տարաբնույթ պատասխանատուների կողմից:

2. Ի պատասխան ազգային կարիքների և ստանձնած միջազգային պարտավորությունների, «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ԿԿՀ-ՄԱԶԾ ծրագրի օժանդակությամբ մշակվել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը (այսուհետ` Ծրագիր)` հատկորոշելով հարմարվողականության ռազմավարական շրջանակը և ազգային հարմարվողականության պլանավորման ջանքերը, ինչպես նաև` հետագայում հարմարվողականությունը շարունակական և պարբերական հիմունքներով ուղղորդելու նպատակով: Սույն Ծրագիրը նշանավորում է ՀՀ-ում ՀԱԾ գործընթացների համակարգված մեկնարկը և իրականացումը, ներառյալ` ԿՓ վերաբերյալ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք համահունչ են Հայաստանի Հանրապետության ԿԶՆ-երին: Այն մշակվել է կառավարության, քաղաքացիական և գիտական հասարակության հետ լայնածավալ խորհրդակցությունների արդյունքում:

3. Ծրագիրը ծառայում է որպես ճանապարհային քարտեզ` ոլորտային քաղաքականությունների, տարածքային ու տեղական զարգացման և համապատասխան ֆինանսական պլանավորման գործընթացներում ՀԱԾ-ի ներառման և իրագործման համար, միաժամանակ հանդիսանում է ելակետային փաստաթուղթ տարբեր ոլորտներում հարմարվողականության պլանավորման գործողությունների միասնականացման և համակարգման համար: Նշված Ծրագիրն իր էությամբ և բնույթով ապահովում է ԿՓՀ մի շարք խնդիրներ ընդգրկող ՀՀ կառավարության երեք որոշումների(1) և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության (2020) կատարումը: Ծրագիրը Հայաստանի ազգային հարմարվողականության պլանավորման գործընթացի առաջին փուլն է` միաժամանակ նպաստելով հարմարվողականության հնարավորությունների ինտեգրմանը ոլորտային և մարզային զարգացման ծրագրերում: Այն ոչ թե փոխարինում, այլ լրացնում է արդեն իսկ առկա պլանավորման գործընթացները:

___________________

1) ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններին/ներդրումին» հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 41 Արձանագրային որոշում, «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2016 թ. դեկտեմբերի 8-ի արձանագրային որոշում, և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշում:

 

4. Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ սույն Ծրագրով ամրագրված ռազմավարական մոտեցումները և սկզբունքները, առաջարկվող համակարգման մեխանիզմներն արդիական են ինչպես համատեքստային, այնպես էլ առաջատար փորձին համընթաց լինելու առումով, քանի որ ԿՓ-ն տարբեր կերպ է ազդելու տարբեր ոլորտների և համայնքների վրա: Այս մոտեցումը թույլ է տալիս մշակել և ներդնել հարմարվողականության պլաններ` ելնելով տեղանքի և դրա զարգացման առանձնահատկություններից, և նպաստել ոլորտների ու համայնքների հարմարվողական կարողությունների և դիմակայունության մեծացմանը` իրենց բնորոշ համատեքստում: Այս մոտեցումը պահանջում է ոլորտների և տեղական համայնքների ակտիվ մասնակցությունը և սեփականության գիտակցումը իրենց իրավասության տակ գտնվող ոլորտի և տեղական հարմարվողականության պլանավորման գործընթացում, փոխկապակցելով ԿՓՀ գոյություն ունեցող պլանավորման կառուցակարգերը, և լրացնելով արդեն իսկ ընթացող հարմարվողականության գործողությունները:

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1.1. ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԻՍՏ ԽՈՑԵԼԻ ԵՐԿԻՐ(2) ______________________

2) Եթե այլ բան նշված չէ, այս բաժնում ներկայացված տեղեկատվությունը պատրաստված է ՄԱԿ ԿՓՇԿ-ին ներկայացված` Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրության հիման վրա (2020):

 

5. Հայաստանը դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր է, որի տարածքի 90%-ը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ-ից ավել բարձրության վրա: Խիստ կտրտված ռելիեֆի և զառիթափության հետևանքով երկրի տարածքին բնորոշ են ակտիվ արտածին գործընթացները: Հայաստանի համար բնորոշ են բարձր հաճախության և ինտենսիվության հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (ՀՎԵ), որոնք առաջացնում են երաշտներ, սողանքներ, սելավներ, անտառային հրդեհներ և այլն` զգալի կորուստներ պատճառելով բնակչությանը և տնտեսությանը:

6. Հայաստանը հատկապես խոցելի է ԿՓ նկատմամբ: Բնակչության ավելի քան մեկ երրորդը կազմում է գյուղական բնակչությունը, իսկ տնտեսությունը մեծապես կախված է գյուղատնտեսությունից: Ըստ գնահատականների` Հայաստանի ընդհանուր բնակչության 35%-ը գտնվում է սահմանված աղքատության շեմից ներքև(3): Աղքատության պատկերն է՛լ ավելի է խորանում գործազրկության 28,6% մակարդակով և աղքատության գենդերային անհավասար բաշխմամբ: Ֆինանսական և սոցիալական իրավիճակներից ելնելով` աղքատության շեմից ցածր գտնվող բնակչության խմբերը խոցելի են ԿՓ տարբեր դրսևորումների, մասնավորապես` ծայրահեղ ջերմաստիճանային պայմանների (բարձր և ցածր), վատ եղանակային պայմանների և ավելի հաճախակիացող բնական աղետների նկատմամբ: Եթե համատեղ դիտարկենք Հայաստանում երաշտի, հողի էրոզիայի և բնական այլ աղետների պատմական տվյալները, ցածր եկամուտ ունեցող գյուղական համայնքները հատկապես խոցելի են ԿՓ հետևանքների նկատմամբ, որոնցով հիմնականում պայմանավորված են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են` ջրով ապահովվածության մակարդակի անկումը, առողջապահական ռիսկերի ավելացումը, գյուղատնտեսական արտադրողականության անկումը և ՀՎԵ-ի աճը(4):

___________________

3) Համաշխարհային բանկ. 2012. Հայաստանի Հանրապետություն. Կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը. Երկրի նկարագիր: Հասանելի է` www.worldbank.org/eca/climateandagriculture հասցեով:

4) Ստենտոն Ե.Ա. և այլք. 2009թ. Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները Հայաստանի դեպքում: Ստոկհոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտ, Սոմերվիլ, ՄԱ:

 

7. Հայաստանի կլիման փոխվում է գլոբալ միտումներին համապատասխան: Վերջին տասնամյակների ընթացքում ՀՎԵ-ի հետ կապված վտանգները զուգակցվել են ջերմաստիճանի փոփոխության տեմպերի էական աճով. այսպես, 1929-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում դիտվել է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում 1,23 oC-ով, ընդ որում, 1935-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում նվազել է նաև միջին տարեկան տեղումների քանակը մոտ 9%-ով` 1960-1991թթ. միջինի համեմատ(5) (Նկար 1. և Նկար 2.): Տաք օրերի և գիշերների հաճախականությունը նույնպես կտրուկ աճել է, իսկ ցուրտ օրերն ու գիշերները զգալիորեն նվազել են: Վերջին տասնամյակներում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով բնական աղետների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել է (Նկար 3.):

_____________________

5) ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ.):

 

Նկար 1. Հայաստանի տարածքում օդի տարեկան միջին ջերմաստիճանի (oC) շեղումը 1961-1990թթ. միջինի նկատմամբ

 

Աղբյուր. ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ.):

 

Նկար 2. Հայաստանի տարածքում տարեկան տեղումների միջին քանակի շեղումը 1961-1990թթ. միջինի նկատմամբ

 

Աղբյուր. ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ.):

 

Նկար 3. Հայաստանի տարածքում 1975-2016 թթ. ընթացքում դիտված վտանգավոր երևույթների` ցրտահարության, կարկուտի, ուժեղ քամու և առատ տեղումների գումարային դեպքերի քանակը

 

Աղբյուր. ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ.):

1994-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանը կրել է ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս` ջրհեղեղների, երկրաշարժերի, երաշտի, կարկուտի, գարնանային ցրտահարության և սելավների տեսքով արտահայտված բնական աղետների հետևանքով(6): Նման պարբերականությամբ և հարաճուն ինտենսիվությամբ տեղի ունեցող բնական ցնցումները հանգեցնում են կորուստների և վնասների, բացասաբար են անդրադառնում մարդկանց կենսապայմանների և երկրի տնտեսության վրա: Կլիմայի կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2100 թվականը ողջ երկրի տարածքում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4,7 oC-ով` ուղեկցվելով միջին տարեկան տեղումների 8,3% անկմամբ (Աղյուսակ 1.), և այլ ՀՎԵ-ի հաճախության և ինտենսիվության աճով: Նման փոփոխություններն անխուսափելի ազդեցություն կունենան բոլոր բնական և կառավարվող համակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և սննդի անվտանգության, մարդու առողջության, բնակավայրերի, ենթակառուցվածքների և այլ ոլորտների վրա:

 

____________________

6) Համաշխարհային բանկ. 2017թ. Աղետների ռիսկերի ֆինանսավորման վերաբերյալ երկրի գրություն. Հայաստան:

 

Աղյուսակ 1. Տարեկան միջին ջերմաստիճանի (T, oC) և տեղումների

քանակի (P, մմ) կանխատեսվող արժեքները Հայաստանի տարածքում ըստ

բարձրության տարբեր գոտիների (մ) METRAS մոդելով` համաձայն

RCP8.5 սցենարի

 

._____________________________________________________________________.

|Բարձրության գոտիներ, մ|1961-1990  |2011-2040  |2041-2070  |2071-2100 |

|                      |___________|___________|___________|__________|

|                      |T, oC|P, մմ|T, oC|P, մմ|T, oC|P, մմ|T,oC|P, մմ|

|______________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|< 800                 |11.2 |467  |12.8 |452  |14.5 |439  |15.9|426  |

|______________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|800 1000              |10.8 |343  |12.4 |332  |14.1 |322  |15.5|313  |

|______________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|1000 1500             |8.4  |502  |10   |486  |11.7 |472  |13.1|458  |

|______________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|1500 2000             |5.5  |592  |7.1  |573  |8.8  |557  |10.2|540  |

|______________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|2000 2500             |3.3  |660  |4.9  |640  |6.6  |621  |8   |603  |

|______________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|2500 3000             |1.6  |732  |3.2  |713  |4.9  |692  |6.3 |671  |

|______________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|> 3000                |- 0.7|800  |0.9  |776  |2.6  |753  |4   |731  |

|______________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|Հայաստան              |5.5  |592  |7.1  |576  |8.8  |560  |10.2|543  |

._____________________________________________________________________.

 

Աղբյուր. ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ.):

8. ԿՓ և ՀՎԵ ազդեցությունների բնույթը և ինտենսիվությունը պայմանավորված են ոչ միայն կլիմայական վտանգներով, այլև տնտեսական գործունեության, ենթակառուցվածքների, մարդկային և բնական կենսահամակարգերի (ռիսկի գոտում գտնվող բնակչություն և գույք) վրա դրանց հնարավոր ազդեցությամբ և այդ համակարգերի խոցելիությամբ (վնասի հանդեպ զգայունությամբ): Անհրաժեշտ է գնահատել առկա և կանխատեսվող վտանգները և դրանց ազդեցությունը, որպեսզի հնարավոր լինի համապարփակ պատկերացում կազմել առանձին ոլորտներին և տարածքներին բնորոշ ռիսկերի վերաբերյալ:

 

1.2. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

9. Հարմարվողականության խոչընդոտները դժվարացնում են կառավարության համապատասխան քաղաքականության իրականացումը, հետևաբար դրանք ժամանակին բացահայտելը և հաղթահարելը կարևոր նշանակություն ունի ՀԱԾ գործընթացի համար:

10. «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի մշակման ընթացքում և շահագրգիռ կողմերից ստացված կարծիքների, ծրագրի հաստատումից ի վեր տեղի ունեցած խորհրդակցությունների ու քննարկումների արդյունքում բացահայտվել են միջոլորտային հարմարվողականության կարիքները և խոչընդոտները, որոնք առավելապես բխում են վարչական և ոլորտային մակարդակներում առկա սահմանափակումներից: Նման բացերի հաղթահարումը կնպաստի հարմարվողական կարողությունների զարգացմանը և խոցելիությունների նվազեցմանը բոլոր ոլորտներում կամ դրանց մեծամասնությունում:

11. Հարմարվողականության բացահայտված խոչընդոտները կարելի է դասակարգել երեք հիմնական տեսակների.

1) Կառավարման և ինստիտուցիոնալ խոչընդոտներ, որոնք սահմանափակում են հարմարվողականության կարողությունները, մասնավորապես` է՛լ ավելի են խորացնում խոցելիությանը նպաստող գործոնները, ինչպես նաև խոչընդոտում են գործողությունների իրականացմանը, որոշումների կայացմանը և ռեսուրսների նպատակային ուղղորդմանն ըստ անհրաժեշտության: Ակնհայտ թերություններ առկա են նաև տեղեկության հավաքման, վերլուծության, կառավարման և տվյալների ու տեղեկության տրամադրման ինստիտուցիոնալ համակարգման առումով: ԿՓՀ հարցերը պատշաճ չեն ներառված առանցքային դերակատարում ունեցող պետական կառավարման մարմինների գործառույթներում, առկա է նաև անկատարություն ներոլորտային և միջոլորտային հարցերի համակարգման առումով: Առանցքային խոչընդոտների շարքում կարելի է ընդգծել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգող խորհրդի(7) (այսուհետ` Խորհուրդ) ներսում, դեպի Խորհուրդ և դրանից դուրս տեղեկատվության հոսքի անբավարար համակարգումը: Այդ բացը է՛լ ավելի է խորանում ԿՓ-ով պայմանավորված ի հայտ եկող մարտահրավերների լույսի ներքո, որոնք դեռևս հաշվի չեն առնված ազգային պլանավորման գործընթացներում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է կառավարման կառույցներում և ինստիտուցիոնալ մեխանիզմներում առկա թույլ կողմերը:

 

____________________

7) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012թ. հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշում:

 

2) Տեղեկատվական, գիտելիքային և տեխնոլոգիական խոչընդոտներ, որոնք նվազեցնում են հարմարվողականության գործընթացի արդյունավետությունը, մասնավորապես` հնարավորություն չեն տալիս լիարժեքորեն գիտակցել հարմարվողականության անհրաժեշտությունը, կարևորությունը, շրջանակները, ուղղությունները, իրականացման եղանակները, հարմարվողականությունից բխող արդյունքները և ազդեցությունները: Հարմարվողականության ուղղությամբ գիտելիքների պակասի և հաղորդակցման խնդիրների լուծումը կարևոր նշանակություն ունի ԿՓ-ների դիմակայունության բարձրացման առումով: Այս լայն թեմատիկ համատեքստում առանցքային խնդիրն այն է, որ վարչական բոլոր մակարդակներում առկա է տնօրինվող տեղեկության և դրա մատչելիության պակաս: Սա վերաբերում է այնպիսի տեղեկություններին, ինչպիսիք են, մասնավորապես, կլիմայական և այլ վտանգներին առնչվող տվյալները, կլիմայի ազդեցության տվյալները, սոցիալ-տնտեսական ցուցանիշները և գնահատումները: Բացի այդ, առկա է համապատասխան տեղեկատվության պակաս` տարածքային կառավարման և համայնքային մակարդակում զարգացման ծրագրեր մշակողների համար, որն անհրաժեշտ է համապատասխան աշխարհագրական համատեքստերում ռիսկերի ընկալման համար: Տեղեկատվության պակաս մատչելիությունը բացասաբար է ազդում նաև կառավարության, գիտական համայնքի և լայն հանրության շրջանում կլիմայի մասին հաղորդակցության և իրազեկվածության մակարդակի վրա, ինչը հետագայում խոչընդոտում է հարմարվողական գործողություններին, ինչպես նաև հարմարվողականության ուղղությամբ ներգրավվածության խթանմանը և գործընթացների անխափան իրագործմանը: Տեղեկատվության մատչելիության, հաղորդակցության և իրազեկվածության մակարդակի բարձրացման հիմնական խոչընդոտներից է նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման անբավարար մակարդակը, այդ թվում` կառավարման տարբեր մակարդակներում դրանց հասանելիության և մատչելիության խնդիրները: Ներկայումս երկրում գոյություն չունեն հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման (ՀՄԳ) մեխանիզմներ, մինչդեռ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունների, տեղեկատվության համադրելիության և կառավարման բարելավման միջոցով այս ասպարեզում հնարավոր կլինի արձանագրել զգալի առաջընթաց:

3) Ֆինանսական խոչընդոտներն անմիջականորեն սահմանափակում են հարմարվողականության գործընթացի իրագործումը, քանի որ ֆինանսական գրագիտությունը, կապիտալի հասանելիությունը և ֆինանսական ծառայությունները հարմարվողականության կարողությունների կարևոր բաղադրիչներ են: Հարմարվողականության ֆինանսավորման և ներդրումների ծավալի մեծացումը թույլ կտա բարելավել հարմարվողականության գործողությունների շրջանակը, որն անհրաժեշտ է ԿՓ հետ կապված լրացուցիչ ռիսկերի կառավարման համար: Տեղական մակարդակի ֆինանսավորման մեխանիզմների բացակայության պատճառով համայնքային մակարդակում հարմարվողականության գործողությունների ֆինանսավորումը մեծապես կախված է կառավարության աջակցությունից:

4) Վերոնշյալից բացի, հարմարվողականության հիմնական խոչընդոտներից են նաև բնակչության մեծամասնության ցածր եկամուտները, Հայաստանի հարաբերական հեռավորությունը տնտեսական խոշոր հանգույցներից, տնտեսական շրջափակումը և համեմատաբար փոքրածավալ ներդրումները, որոնք սահմանափակում են տնտեսական աճը: Երկրի տնտեսությունը հիմնականում կազմված է կլիմայական առումով զգայուն ոլորտներից, որոնք մեծապես կախված են բնական էկոհամակարգերից և այլ բնական ռեսուրսներից: Թեև այսպիսի խոցելիությունը նվազեցնելու համար առկա են հարմարվողականության հնարավոր տարբերակներ, այնուամենայնիվ, երկրի զարգացման նման պայմաններում մնացորդային խոցելիությունը կշարունակի գոյություն ունենալ: Բացի այդ, խիստ սահմանափակ են մասնավոր հատվածի կարողությունները` մասնակցելու հարմարվողականության պլանավորմանը և իրականացմանը:

 

1.3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆԵՐՔՈ

 

12. ՀԱԾ գործընթացը նախաձեռնվել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ)(8) ներքո` հարմարվողականության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները բավարարելու նպատակով: Գործընթացը մեկնարկել է 2010 թվականին` Կանկունի Հարմարվողականության շրջանակի ներքո, ՄԱԿ ԿՓՇԿ Կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում, և դրա թիրախները հստակեցվել են 2015 թվականի Փարիզյան համաձայնագրի շրջանակներում:

 

_________________

8) Տես` https://unfccc.int/process/conferences/pastconferences/cancun-climate-chang e-conference-november2010/statements-and-resources/Agreements

 

13. ՀԱԾ գործընթացը նախատեսված է որպես պլանավորման պարբերական, երկրի սեփական գործընթաց, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երկրի բացահայտել, լուծել և վերանայել իր փոփոխվող հարմարվողականության կարիքները, խնդիրները, բացերը, առաջնահերթությունները և համապատասխան ռեսուրսների կարիքները` ազգային հարմարվողականության ծրագրերի համատեքստում(9): Այն նաև դիտարկվում է որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն:

 

____________________

9) Տես` https://unfccc.int/index.php/topics/adaptation-and-resilience/workstreams/n ational-adaptation-plans

 

14. ՄԱԿ ԿՓՇԿ-ի ՀԱԾ գործընթացի նպատակներն են. նվազեցնել ԿՓ անբարենպաստ հետևանքների նկատմամբ խոցելիությունը` կարողությունների և դիմակայունության զարգացման միջոցով, և նպաստել ԿՓՀ ինտեգրմանը հարկաբյուջետային, կարգավորող և զարգացման քաղաքականություններում, ծրագրերում և գործողություններում(10), ինչպես նաև արագացնել ԿՓ հետևանքների նկատմամբ դիմակայուն զարգացման ուղղությամբ ռազմավարական ներդրումների գործընթացները:

 

_______________________

10) Ամենաքիչ զարգացած երկրների փորձագիտական խումբ. 2012թ. Հարմարվողականության ազգային ծրագրեր. Տեխնիկական ուղեցույց Հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացների համար: ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարություն, Բոնն, Գերմանիա:

 

15. ՀԱԾ-ի իրագործումը կօգնի երկրին հասնել իր կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ), իսկ ԿԶՆ իրագործումը կնպաստի ԿՓ-ների մեղմմանը և հարմարվողականության ուղղությամբ երկրի գործողությունների իրականացմանը:

 

1.4. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՔԵՐԸ

 

16. ՀԱԾ նպատակները համահունչ են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո Հայաստանի Հանրապետության պարտավորություններին: 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Փարիզյան համաձայնագիրը, որի 7-րդ հոդվածն ամրագրում է ազգային մակարդակում հարմարվողականության ծրագրերի մշակման և իրականացման կարևորությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

17. ՀԱԾ-ն լինելու է պարբերական հիմունքներով ՄԱԿ ԿՓՇԿ-ի ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման և բոլոր մակարդակներում հարմարվողականության պլանավորման գործընթաց: Արձանագրելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններն ու ազգային կարիքները` ՀԱԾ գործընթացի ձևավորումը նախատեսվել է ՀՀ կառավարության երեք որոշումներով: ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 41 արձանագրային որոշմամբ կարևորվել են հարմարվողականության սկզբունքները և հարմարվողականության կարիքներ ունեցող յոթ ոլորտ. (ա) բնական էկոհամակարգեր (ջրային և ցամաքային, ներառյալ` անտառային էկոհամակարգեր, կենսաբազմազանություն և հողածածկույթ), (բ) մարդու առողջություն, (գ) ջրային ռեսուրսների կառավարում, (դ) գյուղատնտեսություն, ներառյալ` ձկնաբուծություն և անտառային տնտեսություն, (ե) էներգետիկա, (զ) բնակավայրեր և ենթակառուցվածքներ և (է) զբոսաշրջություն: ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 49 արձանագրային որոշմամբ հաստատված միջոցառումների շարքում նշված է ՀԱԾ մշակման խնդիրը, իսկ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ նախատեսվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի մշակում:

18. Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը (2020 թվական) անդրադառնում է կլիմայի փոփոխության և հարմարվողականության խնդիրներին` շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման և բարելավման համատեքստում` կարևորելով միջազգային համագործակցությունը կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների մեղմման և հարմարվողականության, դիմակայունության բարձրացման գործընթացների ապահովման ուղղությամբ (կետ 7.55):

 

1.5. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ

 

19. ՀԱԾ գործընթացը հիմնվում է ԿՓ-ին առնչվող արդեն իսկ գործող մի շարք քաղաքականությունների, ռազմավարությունների ու գործողությունների վրա, և կապահովի համապատասխանություն երկրի զարգացման առկա ռազմավարությունների, 2015 թվականի ԱՍԳՆ-ի, ինչպես նաև` դրա հետագա թարմացումների հետ:

20. Որպես ՄԱԿ-ի ԿՓՇԿ Կողմ` Հայաստանը ներկայացրել է ԿՓ մասին չորս ազգային հաղորդագրություն` 1998, 2000, 2015 և 2020 թվականներին, որոնց նպատակն է միջազգային հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել ՀՀ-ում կոնվենցիայի իրականացման մասին, մասնավորապես` Հայաստանի ջերմոցային գազերի (ՋԳ) գույքագրման և ՋԳ գոյացման հանգամանքների, կլիմայական ուսումնասիրությունների և կանխատեսումների, ԿՓ հետևանքների նկատմամբ բնական էկոհամակարգերի և տնտեսության առանձին ճյուղերի խոցելիության և հարմարվողականության միջոցառումների, ինչպես նաև կլիմայական քաղաքականության իրականացման համար ֆինանսական, տեխնոլոգիաների փոխանցման և կարողությունների ամրապնդման կարիքների վերաբերյալ:

21. ԱՍԳՆ-ն Հայաստանի համար այն առաջնային միջոցն է, որով երկիրը միջազգային հանրությանն է ներկայացնում ՋԳ արտանետումների կրճատման ազգային թիրախները, մինչդեռ հարմարվողականության բաղադրիչը բացահայտում է հիմնական կարիքները յոթ առաջնահերթ ոլորտներում` հիմք ընդունելով էկոհամակարգային մոտեցումը:

22. ՀԱԾ-ը ռազմավարական, ազգային պլանավորման գործընթաց է, որը Հայաստանին հնարավորություն է տալիս հայտնաբերել, անդրադառնալ և վերանայել հարմարվողականության փոփոխվող կարիքները: Որպես այդպիսին, այն կարող է լինել ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման հիմնական գործիք` ԿՓՀ համատեքստում: Նշված հանձնառություններից առավել ուշագրավ է Փարիզյան համաձայնագիրը, որով սահմանված նպատակներից մեկն է հարմարվողականության իրականացումը: Այնուամենայնիվ, փոխկապակցվածություններ կան նաև միջազգային այլ գործընթացների հետ, մասնավորապես` Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակի (2015-2030 թվականներ) և ՄԱԿ-ի «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» (ԿԶՆ) հետ:

23. Կլիմայի փոփոխության և հարմարվողականության խնդիրները տեղ են գտել նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգում` ՀՀ և ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (2017 թվական): Համաձայնագրի` «Կլիմային առնչվող գործողություններ» վերտառությամբ 4-րդ գլուխը մասնավորապես ընդգծում է ԿՓ դեմ պայքարում համագործակցության կարևորությունը, որը պետք է խթանի ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումները` կապված ԿՓՀ-ի, ընդհանուր և ոլորտային քաղաքականությունները ԿՓ մարտահրավերներին համապատասխանեցնելու, իրազեկության բարձրացման և կրթության հետ: Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը (ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշում) նախատեսում է հստակ գործողություններ, որոնք կոչված են ապահովելու Համաձայնագրի 4-րդ գլխում նախատեսված դրույթների իրականացումը, այդ թվում` հարմարվողականության մասով:

 

ԳԼՈՒԽ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.1. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

24. Հայաստանի ՀԱԾ գործընթացն ուղղորդում է հարմարվողականության նպատակների իրագործումը և կոչված է համատեղելու ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և գիտական հաստատությունների, գործարար շրջանակների և միջազգային հանրության ջանքերը` 2021-2025թթ. ընթացքում ԿՓՀ առումով երկրի կարողությունների հզորացման ուղղությամբ:

25. ՀԱԾ գործընթացի գլխավոր նպատակն է` նպաստել Հայաստանում կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը: Սա հնարավոր կլինի իրագործել` անդրադառնալով ԿՓ ազդեցություններին, լիարժեք օգտվելով ի հայտ եկող հնարավորություններից ու նվազեցնելով սոցիալ-տնտեսական խոցելիությունները և խուսափելով ԿՓ հետևանքով կորուստներից ու վնասներից: Այս գործընթացի ընթացքում կձևավորվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել բնակչության, ինչպես նաև բնական, արտադրական և ենթակառուցվածքային համակարգերի հարմարվողականությունը: ՀԱԾ գործընթացը նպատակ ունի ապահովել ոլորտային և տարածքային կառավարման մակարդակներում հարմարվողականության գործողությունների համակարգված իրագործումը: Այն նաև միավորում է ԿՓՀ ուղղությամբ ոլորտային և տարածքային կառավարման մակարդակներում իրականացվող ռազմավարական ներդրումային ծրագրերը:

26. ՀԱԾ-ի գործընթացի հիմքում ընկած է այն տեսլականը, որ կառավարության քաղաքականության բոլոր ոլորտները, որոնք խոցելի են համարվում ԿՓ ազդեցությունների նկատմամբ, մասնավորապես` բնական էկոհամակարգերի, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, բնակավայրերի և զբոսաշրջության ոլորտները, պետք է հաշվի առնեն ԿՓՀ գործոնը` հարմարվողականության գործողությունների արդյունավետ իրագործման ավելի մեծ հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն ապահովելու համար:

 

2.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

 

27. Ծրագիրը ծառայում է որպես ճանապարհային քարտեզ` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականության և ֆինանսական պլանավորման գործընթացներում ՀԱԾ-ի ներառման համար` միաժամանակ հանդես գալով որպես տարբեր ոլորտներում հարմարվողականության պլանավորման ջանքերի համատեղման համար ուղղորդող մեխանիզմ:

28. Ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղորդում է ՀԱԾ գործընթացն այնպես, որ ԿՓ ռիսկերն ինտեգրվեն ազգային որոշումների կայացման բոլոր ոլորտներում, և առանձնահատուկ կարևորում է այն փաստը, որ ներդրումները պետք է կատարվեն ավելի ինտեգրված եղանակով` նպաստելով ՀԱԾ գործընթացին և կայուն հիմքեր ստեղծելով հարմարվողականության լրացուցիչ գործողությունների համար:

29. ՀԱԾ-ը նախատեսված չէ փոխարինելու առկա պլանավորման գործընթացներին, այլ, ավելի շուտ, միտում ունի փոխլրացնելու վերջիններիս: Այն չի սահմանում ոլորտային և մարզային մակարդակներով քաղաքականության և պլանավորման գործընթացների իրականացման եղանակներ, այլ հանդիսանում է լավագույն գործելակերպերի վերաբերյալ ուղեցույց և հիմնվում է չորս կարևոր արժեքների վրա.

1) Առանձնահատկությունների կարևորում. յուրաքանչյուր ոլորտի և մարզի նկատմամբ պետք է կիրառել տարբերակված մոտեցում` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները:

2) Պարզություն. հարմարվողականության պլանավորման գործընթացը պետք է լինի բաց, թափանցիկ և բավականաչափ ճկուն, որպեսզի բավարարի տարատեսակ շահագրգիռ կողմերի կարիքները տարբեր փուլերում:

3) Արդարացիություն. հարմարվողականության օգուտները պետք է ծառայեն ինչպես ողջ երկրին, այնպես էլ առանձին ոլորտներին և մարզերին:

4) Մասշտաբայնություն. հարմարվողականության պլանավորման գործընթացը մասշտաբայնության առումով պետք է լինի ազգային, իսկ իրականացման առումով` տեղական, որպեսզի հնարավոր լինի ապահովել հետևողականություն և ճկունություն տեղական մակարդակում:

30. Այս արժեքները ձևավորում են Հայաստանում հարմարվողականության պլանավորման մոտեցումները և կիրառելի են ինչպես ազգային, այնպես էլ մարզային կառավարման մարմինների և հաստատությունների համար: Հետևաբար, ՀԱԾ-ը ներառում է մի շարք լրացուցիչ փաստաթղթեր, որոնք ստեղծում են տեղեկատվական հիմք առաջընթացի համար, և շահագրգիռ կողմերի կողմից հատկորոշված հստակ և իրատեսական միջոցառումների շարք, որոնք կարևոր են առավել խոցելի զարգացման ոլորտներում ԿՓ ընթացիկ և կանխատեսվող ազդեցությունների նվազեցման համար:

1) Կլիմայական ռիսկերի և խոցելիության ելակետային տվյալներ: ՀԱԾ գործընթացի առանցքային խնդիրներից մեկը ԿՓ-ների վերաբերյալ ընդհանուր ապացուցողական հիմքերի ձևավորումն է, որոնք հնարավոր կլինի որպես աղբյուր օգտագործել շահառուների կողմից տարբեր փաստաթղթերում, այդ թվում` ռազմավարություններում և ծրագրային փաստաթղթերում: Հետևաբար` կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատականները պետք է ամփոփվեն և պարբերաբար թարմացվեն Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի և միջոցառումների ցանկի, ինչպես նաև հարակից փաստաթղթերի մշակման համար: Այդ տեղեկատվության հասանելիությունը պետք է ապահովվի` լայն հանրությանը հարմարվողականության գործընթացների իրականացման մեջ ներգրավման նպատակով:

2) Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը: Ծրագիրն ապահովում է ՀԱԾ գործընթացի համակարգումը` սահմանելով ՀԱԾ գործընթացի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև` հարմարվողականության գործողությունների ամուր հիմքերի ձևավորման համար անհրաժեշտ պայմանները` մի շարք միջոլորտային գործընթացների միջոցով, որոնք ուղղված են տարբեր գերատեսչությունների կողմից հարմարվողականության գործողությունների պլանավորման կարողությունների ամրապնդմանը, կլիմայական նկատառումների, հարմարվողականության, ինչպես նաև զարգացման ազգային և տարածքային կառավարման պլանավորման միջև ռազմավարական կապերի ձևավորմանը:

3) Ոլորտային և մարզային հարմարվողականության ծրագրեր: Ոլորտային հարմարվողականության ծրագրերը (ՈՀԾ) և մարզային հարմարվողականության ծրագրերը (ՄՀԾ) ապահովում են գործող կառավարման համակարգում հարմարվողականության պլանավորման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ հիմքեր: Առանձին ՈՀԾ-ները և ՄՀԾ-ներն ուրվագծում են ոլորտային և մարզային մակարդակով արձագանքը ԿՓ մարտահրավերներին, և օգնում են սահմանել երկրում ԿՓՀ գործողությունների առաջնահերթությունները: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում այդ փաստաթղթերն ամբողջությամբ ինտեգրվելու են զարգացման պլանավորման գործընթացի շրջանակներում` մարզային և ոլորտային մակարդակներում ապահովելով շարունակական և պարբերական ուշադրություն ԿՓ ռիսկերի նկատմամբ:

4) Հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգ, որը ձևավորում է հարմարվողականության հաշվետվողականության գործընթացները և մեխանիզմները, վերահսկում է հարմարվողականության գործընթացների և միջոցառումների իրականացման առաջընթացը միջոլորտային, մարզային և ոլորտային մակարդակներում, խթանում է քաղաքականությունների և կառավարման շարունակական կատարելագործումը, գնահատում է միջոցառումների ազդեցությունը խոցելիության նվազեցման վրա, ինչպես նաև` իրականացված միջոցառումների արդյունքում զարգացման արդյունավետությունը: ՀՄԳ-ն գործադրվելու է տարբեր մակարդակներով` ապահովելով խոցելիությունների հասցեագրումը բոլոր վարչական մակարդակներում և կարող է նպաստել կլիմայի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը և դրանց լայն հասանելիության ապահովմանը: Նախատեսվում է ունենալ բավականաչափ ճկուն համակարգ, որն աստիճանաբար կհամապատասխանեցվի միջազգային պահանջներին` միևնույն ժամանակ չպահանջելով առկա աշխատանքային և վարչական ռեսուրսների ծանրաբեռնվածության զգալի ավելացում:

5) ԿՓՀ ֆինանսավորման շրջանակի և իրականացման պլանի (ԿՓՀՖՇԻՊ) ընդհանուր նպատակն է կանոնավոր և համակարգված կերպով ապահովել ֆինանսական ռեսուրսների բազմամյա հասանելիության հանձնառություններ և ընդլայնել պետական և մասնավոր հատվածի գործընկերների կայուն ներգրավվածությունը` ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների հավաքագրման ուղղությամբ հարմարվողականության միջոցառումների իրականացման նպատակով: Այդպիսով, ԿՓՀ ֆինանսավորման շրջանակը և իրականացման պլանը հասցեագրում են ՀԱԾ փաստաթղթերում նշված հարմարվողականության միջոցառումների համար ֆինանսների հավաքագրումը և կարևորում հարմարվողականության համար ֆինանսական հատկացումներին ուղղված գործողությունները: ՀԱԾ առաջին փուլի (2021-2025 թվականներ) համար մշակված ներդրումներն ամփոփում են հարմարվողականության ուղղությամբ հնարավոր և հեռանկարային ներդրումներն ըստ հատկորոշված հարմարվողականության կարիքների և առաջնահերթությունների: Առաջնահերթ ներդրումների ժամանակացույցը ենթակա է վերանայման` տարեկան պետական բյուջեի պլանավորմանը զուգահեռ:

31. Ստորև բերվող գծապատկերը ներկայացնում է Հայաստանի ՀԱԾ տարբեր բաղադրիչների փոխկապակցվածությունը վերոգրյալ համակարգային մոտեցմամբ:

 

Նկար 4. Հարմարվողականության շրջանակի, օժանդակ գործիքների և

ներդրումների փոխկապակցվածությունը

 

2.3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԵՆՍԱՑԻԿԼԸ

 

32. ԱՍԳՆ-ն, որն արտացոլում է երկրի միջազգային պարտավորությունները ԿՓ հետևանքների նվազեցման ուղղությամբ, բաղկացած է 5-ամյա գործընթացային ցիկլերից: Նպատակ ունենալով ԱՍԳՆ գործընթացը ներդաշնակեցնել ՀՀ կառավարության գործունեության պլանավորման գործող ցիկլերին` ՀԱԾ գործընթացը և վերջինիս արդյունքում մշակված ՀԱԾ փաստաթղթերը, որոնք արտացոլում են երկրի պարտավորությունները ԿՓ նկատմամբ խոցելիության նվազեցման ուղղությամբ, ևս կկարգաբերվեն նշված 5-ամյա կենսացիկլին համահունչ: Այդպիսով կապահովվի ՀԱԾ-ի և ԱՍԳՆ-ի միջև փոխադարձ կապը, կստեղծվի նշված երկու գործընթացների` միմյանց համար տեղեկատվական հենք ծառայելու հնարավորություն, ինչպես նաև թույլ կտա ապահովել ազգային շահերի ճշգրիտ արտացոլումը նշված երկու գործընթացներում:

33. Ծրագիրը նախատեսված է մինչև 2025 թվականն ընկած ժամանակաշրջանի համար: ՀԱԾ միջոցառումների առաջին կենսացիկլը (2021-2025 թվականներ) կօգտագործվի մի շարք լրացուցիչ փաստաթղթերի մշակման համար, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրը կարտացոլի շահագրգիռ կողմերի հատկորոշած հստակ և առանցքային միջոցառումների շարք, որոնք կարևոր են ազգային զարգացման առավել խոցելի ոլորտներում կլիմայի առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից: Այս փաստաթղթերը կծառայեն որպես հիմնարար փաստաթղթեր ՀԱԾ գործընթացի համար և անհրաժեշտության դեպքում կթարմացվեն ՀԱԾ երկրորդ փուլի ընթացքում և/կամ ոլորտային ու մարզային զարգացման ծրագրերի վերանայմանը համընթաց:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2021
N 749-Լ
Որոշում