Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 2206-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի 3-րդ մասին, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 14-րդ կետին համապատասխան` բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (այսուհետ` Կառուցապատող) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.09.2022 թիվ 1521-Ն որոշում)

1.1. Հաստատել հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) Կառուցապատողի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի երկրորդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 29.09.2022 թիվ 1521-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

1) ծրագրի շրջանակներում վաճառքի ենթակա է թվով 826 բնակարան և թվով 1000 ավտոկայանատեղի, որպես մեկ գույքային միավորներ, որոնք խաղարկվելու են և շահառուներին հանձնվելու են 2 փուլով`

ա. առաջին փուլով նախատեսված է 478 բնակարան և 478 ավտոկայանատեղի,

բ. երկրորդ փուլով նախատեսված է 522 բնակարան և 348 ավտոկայանատեղի (տվյալ փուլի համար անհրաժեշտ շինարարության թույլտվության տրամադրվելուց հետո` առանձին կառավարության որոշում ընդունելու միջոցով),

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 29.09.2022 թիվ 1521-Ն որոշում)

2) ծրագրի շրջանակներում կառուցվող շենքային համալիրի բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն (այսուհետ` Կոմիտե).

3) սույն որոշմամբ սահմանված կարգերով վաճառքի ենթակա է թվով 826 բնակարան, յուրաքանչյուր բնակարանի հետ, որպես մեկ գույքային միավոր, մեկ ավտոկայանատեղի:

(2-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1521-Ն որոշում)

2.1. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի բնակարաններից և ավտոկայանատեղիներից առանց վիճակահանության, որպես բացառություն, սույն որոշմամբ հաստատված կարգի պայմաններով, բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունք է տրամադրվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, ով սույն ծրագրի շրջանակներում համարվում է հավակնորդ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի կողմից հավակնորդների ցուցակը հաստատվելուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն էլեկտրոնային փոստով առաջարկ (անհետկանչելի օֆերտա) է ներկայացնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ հավակնորդին` սույն որոշմամբ հաստատված կարգի պայմաններով եռամսյա ժամկետում կոմիտեի (հիփոթեքի դեպքում` նաև վարկատուի, շահառուի ընտանիքի անդամ վարկառուի) հետ իրեն տրամադրված բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունքի պայմանագիր կնքելու մասին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում նույն կետում նշված պայմանագիրը չկնքելու դեպքում տվյալ բնակարանը և ավտոկայանատեղին ենթակա են բաշխման հավակնորդների ցուցակում ընդգրկված, վիճակահանության արդյունքներով բնակարանի ձեռքբերման իրավունք չստացած այլ ծառայողների միջև` սույն որոշմամբ հաստատված կարգերով:

(2.1-ին կետը լրաց. 24.06.2021 թիվ 1037-Ն, 29.09.2022 թիվ 1521-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքային համալիրի շենքերից բնակարանների և ավտոկայանատեղիների բաշխման, վաճառքից առաջացած ֆինանսական մուտքերն ու ելքերն իրականացնել յուրաքանչյուր փուլի համար առանձին Կոմիտեի անվամբ բացված` պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշվի միջոցով:

(3-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1521-Ն որոշում)

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի համաձայն բացված ավանդային հաշվի մուտքերն են ծրագրի շահառուների կողմից պետությանը կատարվող կանխավճարները, Կառուցապատողին միանվագ տարբերակով վճարված կանխավճարի դիմաց ստացված տոկոսները (1-ին փուլի դեպքում), իսկ ելքերը կատարվում են հետևյալ ուղղություններով`

1) Կառուցապատողի և պետության միջև կնքված նախնական առուվաճառքի պայմանագրի շրջանակներում Կառուցապատողին կատարվող կանխավճարներ.

2) ծրագրի շահառուների վճարած կանխավճարի վերադարձներ.

3) սույն որոշմամբ հաստատված կարգերով սահմանված`

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվող տուգանքի գումարները,

բ. գրավի առարկայի (հետգնման) գծով փոխանցումները.

4) Կոմիտեի կողմից ծրագրի կազմակերպչական ծախսերը, որի տարեկան գումարը չպետք է գերազանցի Կառուցապատողին միանվագ տարբերակով վճարված կանխավճարի դիմաց ստացված տոկոսավճարի 30 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 5 (հինգ) միլիոն դրամը:

(4-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1521-Ն որոշում)

5. Կոմիտեի նախագահին` ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության անունից գործող` Կոմիտեի և Կառուցապատողի հետ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի և նույն հասցեում կառուցապատվող հողամասի գրավի կամ հաջորդող գրավի պայմանագրի կնքումը` սույն որոշմամբ հաստատված կարգերով սահմանված հիմնական պայմաններով.

2) Հայաստանի Հանրապետության անունից գործող` Կոմիտեի և շահառուների (այդ թվում` ծրագրի վարկատուի) հետ սույն որոշմամբ հաստատված կարգերով նախատեսված համապատասխան համաձայնագրերի կնքումը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի պաշտոնական կայքում հաշվի մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվության` ընդհանուր ցուցանիշներով, հրապարակումը:

(5-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1521-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 30-ի

N 2206-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (այսուհետ` Կառուցապատող) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը` համաձայն հավելվածի:

2. Ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել Պետության աջակցությամբ իրականացվող պետական ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրերի շահառու չհանդիսացող (Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2, N 6 հասցեներում կառուցված և Ադոնցի փողոցի N 4, N 4/3 և N 19/8 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներում բնակարանի ձեռք բերման իրավունք չստացած անձինք) և «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված մարմինների հաստիքացուցակով նախատեսված քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք (այսուհետ` սույն կարգի կիրառման իմաստով` ծառայողներ), որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում:

3. Ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել նաև օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:

4. Ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում (երկարամյա ծառայության, աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունավետության և ներդրած նշանակալի ավանդի համար), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գործող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրերի իրականացման գրասենյակների այն աշխատակիցները, որոնց գործատուն գտնվում է Երևան քաղաքում: Վարչապետի համաձայնությունը կարող է տրվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի գրավոր հիմնավորված միջնորդության առկայության դեպքում: Վարչապետի համաձայնությունը ստացած մարմինների աշխատողների դիմ-հայտերը ներառվում են համապատասխան լիազոր մարմնի գերատեսչական տեղեկանքում:

5. Սույն կարգի կիրառման նպատակով պետության և ծառայողի միջև հարաբերությունների գլխավոր սկզբունքները ծառայողի վճարունակությունը և նրա կողմից ստանձնված պարտավորությունների կատարման պատշաճությունն են:

6. Ծրագրի շրջանակներում ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները:

7. Ծառայողի համաձայնության դեպքում երրորդ անձինք (այդ թվում` ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք) կարող են մասնակցել բնակարանի ձեռքբերման համար գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:

8. Ծրագրի շրջանակներում տրամադրված հիպոթեքային վարկի սպասարկման ընթացքում շահառուի ցանկությամբ և վարկատու կազմակերպության (գործընկեր ֆինանսական կազմակերպության) համաձայնությամբ համավարկառուն, այդ թվում` համասեփականատերը (համավարկառուները, համասեփականատերերը) կարող է (կարող են) փոխվել (կամ ավելանալ նոր համավարկառու, համասեփականատեր), եթե վերջինս ցանկանում է բնակարանի ձեռքբերման նպատակով գնման ֆինանսավորման համար իր հետ վարկային պարտավորություններ ստանձնած անձին փոխարինել (կամ համալրել) մեկ այլ անձով:

 

I. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ

 

9. Ծրագրի շրջանակներում սույն կարգի պայմաններով Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող ծառայողը Կոմիտեի նախագահի հրամանով սահմանված ժամկետում և սահմանած ձևով դիմում-հայտ է ներկայացնում իր գերատեսչության գլխավոր քարտուղարին (աշխատակազմի ղեկավարին): Դիմում-հայտը ներկայացնելու փաստը համարվում է սույն կարգով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների` պետության առաջարկած պայմանների ընդունում ծառայողի կողմից` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:

10. Դիմում-հայտում նշվում են ծառայողի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ընտանիքի կազմը (նշելով անունները, ազգանունները), ինչպես նաև ծառայողը ամուսնացած լինելու դեպքում պետք է հավաստի իր և իր ամուսնու կողմից պետական ծառայողներին բնակարաններով ապահովման որևէ ծրագրի շրջանակներում անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի առկայության կամ բացակայության փաստը.

11. Դիմում-հայտին կից ներկայացվում են`

1) ծառայողի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև գնման ֆինանսավորմանը մասնակցող` ընտանիքի անդամ չհամարվող անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

2) ամուսնության, ամուսնալուծության վկայականների պատճենները.

12. Յուրաքանչյուր գերատեսչության աշխատողների կողմից ներկայացված դիմում հայտերը հավաքագրվում և ամփոփվում են տվյալ գերատեսչությունում, դրանց տվյալները լրացվում են Կոմիտեի նախագահի կողմից սահմանված ձևով գերատեսչական տեղեկանքում և դիմում-հայտերի հետ միասին ներկայացվում են Կոմիտե` ըստ Կոմիտեի նախագահի կողմից սահմանված և Կոմիտեի կայքում հրապարակված ժամկետների:

 

II. ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Կոմիտեն հավակնորդների ցուցակը կազմելու համար.

1) սույն կարգի 12-րդ կետով նախատեսված գերատեսչական տեղեկանքները, դիմում-հայտերը համապատասխան գերատեսչություններից ստանալուց և ամփոփելուց հետո Կառուցապատողի կողմից սպասարկվող կայքէջում մուտքագրում է յուրաքանչյուր գերատեսչությունից ստացված ծառայողների տվյալները.

2) յուրաքանչյուր գերատեսչություն իր կողմից ներկայացրած գերատեսչական տեղեկանքի հիման վրա, ծրագրի կայքէջում, էլեկտրոնային եղանակով հաստատում է կազմված ծառայողների ցանկը.

3) Կոմիտեի նախագահի կողմից սահմանված ձևով և սահմանված ժամկետում բոլոր գերատեսչությունների կողմից ցանկերը էլեկտրոնային եղանակով հաստատվելուց հետո Կոմիտեն կազմում է Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը (այսուհետ` հավակնորդների ցուցակ): Հավակնորդների ցուցակը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով և հրապարակվում Կոմիտեի կայքում, որից հետո էլեկտրոնային եղանակով հաստատվում է նաև Կառուցապատողի կողմից սպասարկվող կայքէջում:

14. Հավակնորդների ցուցակից ծառայողը համարվում է ինքնաբերաբար հանված, եթե`

1) պետական ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում (հասցեներ` Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2, N 6 և NN 4 և 4/3, ինչպես նաև Ադոնցի 19/8) կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր (առանց որևէ բացառության).

2) վերջինիս ամուսինը պետական ծառայողներին բնակարաններով ապահովման որևէ ծրագրի շրջանակներում (հասցեներ` Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2, N 6 և NN 4 և 4/3, ինչպես նաև Ադոնցի 19/8) կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր.

3) մինչև վիճակահանության կազմակերպումը գրավոր դիմել է իրեն այդ ցուցակից հանելու մասին.

4) մահացել է կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող.

5) Կոմիտեն ստացել է հիմնավոր տեղեկատվություն, որ մինչև նախնական պայմանագիր կնքելը հավակնորդը որևէ հիմքով ազատվել է պետական ոլորտի ծառայությունից` բացառությամբ նրա, ով ազատվելուց հետո մինչև սույն կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունների իրականացման համար սահմանված ժամկետի առաջին օրն աշխատանքի (ծառայության) է ընդունվել պետական ոլորտի այլ գործատուի մոտ և այդ փաստը հաստատող փաստաթղթերը ներկայացրել է Կոմիտե.

6) պարզվել է, որ հավակնորդը չի բավարարում սույն կարգի պայմաններով սահմանված մասնակցության պահանջներից որևիցե մեկին.

7) սահմանված ժամկետներում չի մասնակցել սույն կարգի 21-րդ կետով սահմանված բաշխման նախապատրաստման գործընթացին.

8) չի ակցեպտավորել սույն կարգի 27-րդ կետի համաձայն իրեն ներկայացված նախնական պայմանագրի կնքման առաջարկը:

Հավակնորդների ցուցակի կազմում յուրաքանչյուր փոփոխությունից հետո հնգօրյա ժամկետում թարմացված ցուցակը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքում:

 

III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Հայաստանի Հանրապետության, ի դեմս Կոմիտեի և Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի Կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կնքվում է առուվաճառքի նախնական պայմանագիր, որով Կառուցապատողը պարտավորվում է իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի կառուցման ավարտից հետո ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության տարածքների և ավտոկայանատեղիների առուվաճառքի հիմնական պայմանագրեր կնքել պետության նշած անձանց (շահառուների) հետ: Միաժամանակ կնքվում է նաև Կառուցապատվող հողամասի առաջնային գրավի կամ հաջորդող գրավի պայմանագիր` սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված հիմնական պայմաններով: Կառուցապատվող հողամասի հաջորդող գրավի պայմանագիր կարող է կնքվել միայն նշված հողամասի առաջնային գրավի իրավունքը պատկանող Գրավառուի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների առաջնային գրավի իրավունքը ի օգուտ Պետությանը զիջելու պարագայում: Գրավի առարկա է հանդիսանում Կառուցապատողին սեփականության իրավունքով պատկանող այն հողամասը, որը ներառում է սույն ծրագրի շրջանակներում թվով 478 բնակարանի (առաջին փուլ) կառուցման համար նախագծով նախատեսված տվյալ շենքային համալիրի կառուցապատման մակերեսը, ներքին բակի մակերեսը` ներառյալ տվյալ շենքային համալիրի միջմասնաշենքային տարածքները և շենքային համալիրի արտաքին պարագծից մինչև 1,5 մետր հեռավորության վրա ընկած հատվածը, որը համաձայն նախագծի նախատեսված է որպես շենքի սալվածք:

16. Պետության և Կառուցապատողի միջև կնքվող բնակելի նշանակության տարածքների և ավտոկայանատեղիների առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններն են`

1) հիմնական պայմանագրով միավորի նախատեսվող գինը` բնակարանի համար` գրանցված (ներքին) մակերեսը բազմապատկած`

ա. սույն կարգով նախատեսված ներքին հարդարմամբ` 377,000 ՀՀ դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով և միջնապատերով, ցեմենտյա շաղախից հատակով, ջեռուցման, ջրահեռացման, ջրամատակարարման խողովակներով և էլեկտրամատակարարման լարանցումներով` 339,000 ՀՀ դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

գ. ավտոկայանատեղիի համար` 2,680,000 ՀՀ դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2) միավորի կողմնորոշիչ գինը դա բնակարանի նախագծային մակերեսի 97 տոկոսը բազմապատկած 377,000 ՀՀ դրամով արժեքի` ներառյալ ավելացված արժեքի հարկը (առանց ներքին հարդարման` 339,000 ՀՀ դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավտոկայանատեղիի համար հաստատուն` 2,680,000 ՀՀ դրամ արժեքի ընդհանուր գումարն է` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Հիմնական պայմանագրի կնքման փուլում, ելնելով բնակարանի գրանցված մակերեսից, միավորի գնի և միավորի կողմնորոշիչ գնի միջև դրական տարբերություն առաջանալու դեպքում գնորդը պետք է լրավճարի այդ տարբերությունը, իսկ բացասական տարբերության դեպքում` այդ տարբերությունը Կառուցապատողին փոխանցված լինելու դեպքում պետք է վերադարձվի Կոմիտեին և Կոմիտեի կողմից` գնորդին.

3) ծավալը` նախնական` մոտավորապես 44,242.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով մինչև 478 բնակարան և 478 ավտոկայանատեղի: Շահառուների հետ նախնական պայմանագրերի կնքումն ավարտելուց մինչև երկամսյա ժամկետում կարող է կատարվել գնման ծավալների ճշտում` ելնելով ծրագրի շահառուների պահանջարկի մակարդակից.

4) հիմնական պայմանագրի առարկայի բնութագրերը` ըստ սույն կարգի.

5) գնման առարկայի նույնականացումը` ըստ Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված կառուցման նախագծից տվյալ գույքերի հատակագծերի, որոնք կցվում են նախնական պայմանագրին` որպես հավելվածներ (շենքային համալիրի նախագծային փաստաթղթերի համալիր փորձաքննության և շինարարության թույլտվության հիմքով).

6) Կառուցապատողին ֆինանսավորման վճարումը փուլային կամ միանվագ` ըստ տվյալ բնակարանի շահառուի հետ պետության կնքած նախնական պայմանագրով նախատեսված վճարման պարբերականության, որը կատարվում է ոչ ուշ, քան շահառուի կողմից սույն Կարգի 28-րդ կետով նախատեսված ժամկետներում վճարումները սույն կետի 7-րդ ենթակետում նշված գանձապետական ավանդային հաշվին մուտքագրվելուց հետո 10-րդ աշխատանքային օրը`

փուլային վճարումներ`

ա. առաջին փուլ. կանխավճար` բնակարանի կողմնորոշիչ գնի 40 տոկոսը և ավտոկայանատեղիի համար` արժեքի 20 տոկոսը,

բ. երկրորդ փուլ. կանխավճար` բնակարանի կողմնորոշիչ գնի 30 տոկոսը և ավտոկայանատեղիի արժեքի 30 տոկոսը,

գ. երրորդ փուլ. կանխավճար` բնակարանի կողմնորոշիչ գնի 20 տոկոսը և ավտոկայանատեղիի արժեքի 30 տոկոսը,

դ. չորրորդ փուլ. կանխավճար` բնակարանի կողմնորոշիչ գնի 10 տոկոսը, ինչպես նաև միավորի գնի և միավորի կողմնորոշիչ գնի միջև դրական տարբերություն առաջանալու դեպքում` լրավճարը և ավտոկայանատեղիի արժեքի 20 տոկոսը.

Փուլային վճարումների (կանխավճարների) կատարման նվազագույն պայմաններն (հիմքերն) են հանդիսանում` սույն կետի 11-րդ ենթակետի համաձայն ներկայացված տեխնիկական հսկողի հաշվետվության առկայությունը և շահառուի կողմից սույն կարգի 28-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված գումարները պետության գանձապետական ավանդային հաշվին վճարված լինելը.

միանվագ վճարում. կանխավճարը` միավորների կողմնորոշիչ գնի 100 տոկոսի չափով, որի դեպքում Կառուցապատողը պարտավոր է յուրաքանչյուր ամիս մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը պետությանը վճարել`

ա. կանխավճարի ստացման հաջորդ օրվանից մինչև 10-րդ ամիսը ներառող ժամանակահատվածի համար` ստացված կանխավճարի 60 տոկոսի նկատմամբ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված գումար,

բ. կանխավճարի ստացման 11-րդ ամսվանից մինչև 20-րդ ամիսը ներառող ժամանակահատվածի համար` ստացված կանխավճարի 30 տոկոսի նկատմամբ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված գումար,

գ. կանխավճարի ստացման 21-րդ ամսվանից մինչև շենքի կառուցման ավարտի պետական գրանցման ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածի համար` ստացված կանխավճարի 10 տոկոսի նկատմամբ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված գումար.

միանվագ վճարումների (կանխավճարների) կատարման նվազագույն պայմաններ (հիմքեր)` շահառուի կողմից գույքային միավորի կողմնորոշիչ գնի 100 տոկոսի չափով գումարը պետության գանձապետական ավանդային հաշվին վճարված լինելը և կանխավճարի ապահովումը հանդիսացող բանկային երաշխիքի առկայությունը: Ընդ որում` բանկային երաշխիքի գործողության ժամկետը պետք է լինի ոչ պակաս, քան սույն կետի 10-րդ ենթակետով սահմանված ժամկետը, իսկ գումարը պետք է լինի վճարման ենթակա կանխավճարի գումարի 60 տոկոսից ոչ պակաս, որը ենթակա է ազատման սույն կետի 11-րդ ենթակետի համաձայն ներկայացված տեխնիկական հսկողի հաշվետվությունների առկայության դեպքում հետևյալ չափերով և պարբերականությամբ`

ա. վճարման ենթակա կանխավճարի գումարի 30 տոկոսի չափով` կանխավճարի տրամադրման օրվան հաջորդող 10-րդ ամսից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

բ. վճարման ենթակա կանխավճարի գումարի 20 տոկոսի չափով` կանխավճարի տրամադրման օրվան հաջորդող 20-րդ ամսից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

գ. վճարման ենթակա կանխավճարի գումարի 10 տոկոսի չափով` շենքի կառուցման ավարտի պետական գրանցման օրից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Միանվագ վճարման համար Կառուցապատողից ստացված տոկոսագումարները կուտակվում են ավանդային հաշվին և հանդիսանում են սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ծրագրի վարկատուի հանդեպ պետության երաշխավորության և սույն ծրագրի իրականացման համար պետության վարչական ծախսերի կատարման հիմնական ռեսուրս:

7) հաշվարկների կատարման համար պետության հաշիվը` Կոմիտեի անվամբ բացված` պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշիվ (այսուհետ` Կոմիտեի գանձապետական ավանդային հաշիվ).

8) կանխավճարի ապահովություն` կառուցվող շենքային համալիրի հողամասի, հողամասի վրա գտնվող ծրագրի շրջանակում իրականացվող նոր շենքային համալիրի անավարտ շինարարության և քաղաքաշինական փաստաթղթերով Կառուցապատողի ունեցած իրավունքների առաջնային կամ հաջորդող գրավ, ուժի մեջ է մինչև հիմնական պայմանագրերի կնքումը, իսկ կանխավճարի միանվագ տարբերակի դեպքում` նաև բանկային երաշխիք.

9) կապալառուների (շինարարական աշխատանքներ իրականացնող, տեխհսկող, նախագծող) հետ հարաբերություններում պատվիրատու կողմը` Կառուցապատողը.

10) հիմնական պայմանագրի կնքման ժամկետը և դրա առարկայի հանձնումը` Կառուցապատողի և Կոմիտեի միջև անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր կնքելու օրվանից մինչև 42 ամսվա ընթացքում բնակարանների և ավտոկայանատեղիների հանձնում-ընդունում պետությանը և շահառուներին, առուվաճառքի հիմնական պայմանագրի կնքում պետության նշած անձանց (շահառուների) հետ` յուրաքանչյուր շահառուի հետ անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելու օրվանից մինչև 45 ամսվա ընթացքում: Շենքային համալիրի ստորաբաժանված և հասցեավորված մասնաշենքերից ինքնուրույն գույքային միավոր բնակարանների և ավտոկայանատեղիների պետական գրանցման գործընթացը Կառուցապատողի կողմից չհիմնավորված պատճառաբանությամբ սույն կետի 10-րդ ենթակետով սահմանված ժամկետից 30 օրացուցային օրից ուշ ներկայացնելու դեպքում` Գնորդն (շահառուն) իրավունք ունի Կառուցապատողից պահանջել տույժ յուրաքանչյուր ուշացված ամսվա համար` տվյալ շահառուի հետ կնքած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրային արժեքի 1 տոկոսի չափով գումար.

11) հատուկ պայմաններ`

ա. կառուցապատողը յուրաքանչյուր ամիս ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը Կոմիտե է ներկայացնում տեխնիկական հսկողություն իրականացնող անձի կամ կազմակերպության հաշվետու ամսվա հաշվետվությունը, որն իր մեջ պարունակում է շինարարական աշխատանքների ընթացքի, ժամանակացույցից շեղումների և իրականացված աշխատանքների մասին տեղեկատվություն, այդ թվում նաև հաստատված նախագծերից շեղումների և փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն: Միաժամանակ հաշվետվությունը պետք է պարունակի կատարված աշխատանքների մասով տեղեկատվություն` լուսանկարների և այլ գրաֆիկական պատկերների տեսքով,

բ. կառուցապատողը, ծրագրից շրջանակներից դուրս տվյալ շենքային համալիրում, երրորդ անձի հետ որևէ տարածքի օտարման նախնական պայմանագիր կնքելիս, պետք է վերցնի հայտարարություն պետության պահանջատիրության հանդեպ գնորդի պահանջի ստորադասության մասին համաձայնություն,

գ. կառուցապատողը պարտավոր է կառուցման ավարտից հետո «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնել շենքային համալիրի կառավարումը` մինչև շենքի բոլոր սեփականատերերի ընդհանուր ժողով հրավիրելու միջոցով կառավարման մարմին ձևավորելը և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը վերջինիս կառավարմանը հանձնելը,

դ. մինչև սեփականատերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կառավարման մարմին ձևավորելը և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը վերջինիս կառավարմանը հանձնելը չիրականացնել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի սահմանների փոփոխությանը հանգեցնող գործողություն,

ե. կառուցապատողը պարտավոր է առաջին կանխավճարը ստանալու օրվանից հետո 28 ամսվա ընթացքում Կոմիտեի հետ համաձայնեցնել իր հայեցողությամբ ցանկացած բնակարանի նմուշային տարբերակ` ներքին հարդարումն ավարտված վիճակում,

զ. կառուցապատողը պարտավոր է կազմակերպել բնակարանների ներքին հարդարման աշխատանքների համար նախատեսվող նյութերի նմուշների ընտրություն շահառուների կողմից` յուրաքանչյուր նյութի համար առաջարկելով առնվազն 3 այլընտրանքային տարբերակ,

է. կառուցապատողը պարտավոր է սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից սպասարկել ինտերնետային կայք, որում նկարագրված լինի բազմաբնակարան շենքային համալիրը` յուրաքանչյուր բնակարանի և ավտոկայանատեղիի հատակագծի և գնի դիտման հնարավորությամբ,

ը. կառուցապատողը պարտավոր է սպասարկել սերվեր, որը պետք է հնարավորություն ընձեռի Կառուցապատողի կայքում.

1) տեսնել հասանելի բնակարանների (կցված ավտոկայանատեղիով հանդերձ) ցանկը` տպելու հնարավորությամբ,

2) հավակնորդին հասանելի բնակարանների ցանկից առանձնացնել հավակնորդի կողմից ընտրված բնակարանների տարբերակները` տվյալ բնակարանն ընտրած այլ հավակնորդների քանակային թվի նշումով` տպելու հնարավորությամբ,

3) Կոմիտեի կողմից սահմանված ժամկետի դրությամբ առանձնացնել և ամրագրել յուրաքանչյուր բնակարանի հավակնորդների ցանկը` տպելու հնարավորությամբ:

12) Կառուցապատողի ձախողում` կանխավճարների գծով պարտքի դիմաց գրավի առարկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտադատական կարգով կարող է իրացվել և տրամադրվել այլ Կառուցապատողի:

(16-րդ կետը փոփ. 24.06.2021 թիվ 1037-Ն որոշում)

 

IV. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

17. Սույն կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինանսավորման պատրաստ գործընկեր առևտրային բանկի կամ բանկերի (այսուհետ` վարկատու, ընդ որում վարկատու կազմակերպության ընտրությունը Ծառայողը կատարում է իր հայեցողությամբ) հետ Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ կարող է նախատեսվել վերաֆինանսավորում, որի շրջանակներում վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունը կնքում է ծրագրի շահառուներին տրամադրած հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման համար վարկային ռեսուրսներ տրամադրելու մասին պայմանագիր և դրա մասին ծանուցում է Կոմիտեին: Վարկատուի սպասարկման գրասենյակների հասցեները և աշխատանքային ժամերը հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում:

18. Վարկատուի պահանջի դեպքում Կոմիտեն վարկատուի հետ կնքում է համապատասխան համաձայնագիր վարկատուի պահանջի դեպքում պետության կողմից գրավի առարկայի գնման (հետգնման) պայմանների վերաբերյալ:

19. Ծառայողները կամ ընտանիքի անդամները վարկունակության որոշման համար կարող են դիմել վարկատուին` ներկայացնելով վարկատուի կայքում սույն կարգի շրջանակներում հիփոթեքային վարկ տրամադրելու նպատակով անձի վարկունակությունը որոշելու համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը: Անձին (անձանց) վարկունակ ճանաչելու դեպքում վարկատուն տրամադրում է տիպային ձևանմուշով փաստաթուղթ իր կողմից ծառայողին և (կամ) ծառայողի ընտանիքի անդամին ծրագրին մասնակցելու համար որոշակի չափով հիփոթեքային վարկի տրամադրման համաձայնության մասին:

20. Վարկատուն պատրաստ է վարկունակ (վարկունակությունը որոշվում է Վարկատուի կողմից) ծառայողին և (կամ) նրա ընտանիքի վարկունակ անդամին տրամադրել հիփոթեքային վարկ` բնակարանի և ավտոկայանատեղիի ձեռքբերման նախնական պայմանագրով կանխավճարների կատարման համար` հետևյալ պայմաններով`

1) վարկառուի (համավարկառուի) անձնական համաֆինանսավորում` գույքի միավորի կողմնորոշիչ գնի 10 տոկոսից ոչ պակաս, ավտոկայանատեղիի արժեքի 20 տոկոսից ոչ պակաս.

2) ապահովություն` նախնական պայմանագրով վաճառող-պետության հանդեպ շահառուի ունեցած իրավունքների (ներառյալ պետությանը կատարվող կանխավճարների պահանջի իրավունքը) գրավ, գույքի ստացումից հետո` գույքի գրավ:

Պետությունը ծրագրի վարկատուին երաշխավորում է Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրում գրավի առարկայի` իր կամ իր որոշած շահառուի կողմից գնում (հետգնում)` հետևյալ դեպքերում, հետևյալ պայմաններով`

ա. կառուցման ավարտից հետո գույքի գրավի դեպքում` գնում բնակարանի ձեռքբերման համար վարկառուին տրամադրված հիփոթեքային վարկի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան պետության կողմից համապատասխան հետգնման պահանջը բավարարելու պահին վարկի մայր գումարի մնացորդն է, գույքի գրավադրումից հետո 5 տարվա ընթացքում վարկատուի կողմից պետությանը գնման պահանջ ներկայացվելու օրվանից երեք ամսվա ընթացքում, ընդ որում, վարկատու կազմակերպության կողմից հետգնման պահանջ կարող է ներկայացվել միայն տվյալ վարկային և գրավի պայմանագրով սահմանված վճարային պարտավորությունների խախտման դեպքում,

բ. մինչև կառուցման ավարտը նախնական պայմանագրից ծագած գույքային իրավունքի (ներառյալ պետությանը կատարված կանխավճարի պահանջի իրավունքը) գրավի դեպքում` գնում հիփոթեքային վարկի միջոցով վարկառուի կատարած կանխավճարների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան պետության կողմից համապատասխան հետգնման պահանջը բավարարելու պահին վարկի մայր գումարի մնացորդն է, վարկատուի կողմից պետությանը գնման պահանջ ներկայացվելու օրվանից երեք ամսվա ընթացքում, ընդ որում, վարկատու կազմակերպության կողմից հետգնման պահանջ կարող է ներկայացվել միայն տվյալ վարկային և գրավի պայմանագրով սահմանված վճարային պարտավորությունների խախտման դեպքում.

3) վարկի տոկոսադրույք` վարկատու կազմակերպության (կազմակերպությունների) առաջարկին համապատասխան, որը չի ներառում կադաստրային, նոտարական ձևակերպումները և վավերացումները, ինչպես նաև անհրաժեշտ ապահովագրության ծախսը.

4) հաշվարկների արժույթ` ՀՀ դրամ` առանց ինդեքսավորման.

5) ապահովագրություն`

ա. վարկառուի (համավարկառուի)` դժբախտ պատահարներից ապահովագրություն, որի գծով սահմանվող սակագինը կիրառվում է վարկի գումարի մնացորդի նկատմամբ (եթե դրա պահանջը ներկայացվում է վարկատու կազմակերպության կողմից),

բ. անշարժ գույքի ապահովագրություն, որի գծով սահմանվող սակագինը կիրառվում է վարկի գումարի մնացորդի նկատմամբ: Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովագրության շահառուն հանդիսանում է վարկատուն, քանի դեռ հիփոթեքային վարկը մարված չէ.

6) հիփոթեքային վարկի մարման ժամկետ` մինչև վարկառուի կենսաթոշակային տարիքը լրանալը, բայց ոչ ավելի, քան 20 տարի, ամսական անուիտետային կամ ոչ հավասարաչափ (շահառուի ընտրությամբ) վճարումներ վարկի տրամադրման սկզբից, վերանայման ենթակա` ելնելով վարկի փաստացի ստացած գումարի չափերից.

7) վարկի վաղաժամկետ լրիվ կամ մասնակի մարման դեպքում տուգանք` բացակայում է.

8) վարկառուն կրում է գրավի պայմանագրի նոտարական վավերացման ու գրանցման ծախսերը, ապահովագրության ծախսերն ուղղակի կամ վարկատուին որպես վարկի սպասարկման վճար վճարելու եղանակով.

9) վարկի օգտագործման ուղղությունը` վարկառուի վճարման հանձնարարականի հիման վրա Կոմիտեի անվամբ բացված գանձապետական ավանդային հաշվին, որպես կանխավճար, գումարի մուտքագրում` համաձայն Կոմիտեի և Վարկատու կազմակերպության հետ վարկառուի կնքած անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի:

(20-րդ կետը փոփ. 18.03.2021 թիվ 368-Ն որոշում)

20.1. Վարկատուի կողմից պետությանը գնման պահանջ ներկայացվելու դեպքում շահառուն կորցնում է բնակարանի կողմնորոշիչ գնի 10 տոկոսին հավասար մասը` առանց տոկոսային և այլ հավելումների: Սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դեպքերում մնացորդ գումարի առկայության դեպքում այն ենթակա է վերադարձման շահառուին:

(20.1-ին կետը լրաց. 18.03.2021 թիվ 368-Ն որոշում)

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2020
N 2206-Ն
Որոշում