Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1133- ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2023 թվականի N 550-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1133-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում «Ռազմավարության և գործողությունների ծրագրերի իրականացման համակարգումը, մշտադիտարկումը և գնահատումը» վերտառությամբ 2-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ԲԱԺԻՆ II: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Ռազմավարության և դրա Գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման ապահովման նպատակով նախատեսվում է երկու մեխանիզմ` Մշտադիտարկման խորհուրդ, որը գործելու է որպես ընդհանուր մշտադիտարկման մեխանիզմ, և Հասարակական կազմակերպությունների աշխատանքային խումբ` որպես հասարակական վերահսկողության ապահովման մեխանիզմ:

1. Ընդհանուր ոլորտային մշտադիտարկման և վերահսկողության նպատակով կազմավորվում է 22 անդամից բաղկացած Մշտադիտարկման խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

Խորհուրդը Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն աջակցելու գործառույթներ իրականացնող մշտապես գործող բազմաշահառու խորհրդատվական մարմին է:

Խորհրդի կազմի մեջ մտնում են`

1) Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ` Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը.

2) Արդարադատության նախարարը.

3) Արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը.

4) Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Բարձրագույն դատական խորհրդի անդամը (համաձայնությամբ).

5) Վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ).

6) Դատական դեպարտամենտի ղեկավարը (համաձայնությամբ).

7) Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա հանձնարարությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը (համաձայնությամբ).

8) Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` մշտական հանձնաժողովի անդամը (համաձայնությամբ).

9) Գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` Գլխավոր դատախազի տեղակալը (համաձայնությամբ).

10) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ).

11) Քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ).

12) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը.

13) Արդարադատության ակադեմիայի ռեկտորը կամ նրա հանձնարարությամբ` պրոռեկտորը (համաձայնությամբ).

14) Փաստաբանների պալատի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը (համաձայնությամբ).

15) Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով ուսանողներ ունեցող երկու իրավագիտության ֆակուլտետները ներկայացնող մեկական ներկայացուցիչ` պրոֆեսորադասախոսական կազմից (համաձայնությամբ).

16) Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից 2 ներկայացուցիչ (համաձայնությամբ).

17) «Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը.

18) «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը.

19) «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը.

20) «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:

Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Վարչապետի կողմից, իսկ անհատական կազմի ձևավորման կազմակերպական աշխատանքներն իրականացնում է Արդարադատության նախարարությունը: Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացուցիչներ ընդգրկելու համար թեկնածությունները ներկայացվում են այն ոչ առևտրային կազմակերպությունների կողմից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությանը կամ դատական համակարգի հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը, և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն: Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները հրապարակվում են Արդարադատության նախարարության կայքում: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելու կարգը դիմում ներկայացնելու վերջնաժամկետից առնվազն 30 օր առաջ հրապարակվում է Արդարադատության նախարարության կայքում:

Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարել կամ դադարեցվել: Խորհրդի անդամի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում Խորհրդի տվյալ անդամը փոխարինվում է:

Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են Խորհրդի` համապատասխան մարմնի կողմից ներկայացրած անձի կողմից իրեն փոխարինելու մասին Վարչապետին գրավոր դիմում ներկայացնելու դեպքում: Խորհրդի անդամի լիազորությունները դադարելու դեպքում այդ անդամին ներկայացրած մարմինը (անձը) 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցիչ:

Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների անդամների մասնակցությունը Խորհրդի կազմում համարվում է դադարած Արդարադատության նախարարություն դիմում ներկայացնելուց հետո 10-րդ օրը: Արդարադատության նախարարությունը սահմանված կարգով անցկացնում է նոր մրցույթ:

Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են Վարչապետի որոշմամբ` Խորհրդի միջնորդությամբ` Խորհրդի անդամի կողմից իր լիազորությունները և պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու` ներառյալ Խորհրդի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում Խորհրդի նիստերի ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում: Խորհուրդը համարվում է ձևավորված իր անդամների կեսից ավելին նշանակվելու դեպքում:

Խորհուրդն իր գործառույթներն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով կատարվող հարցման և պատասխանի, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով: Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների կեսից ավելին ներկա լինելու դեպքում, իսկ որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ Խորհրդի աշխատակարգով:

Խորհուրդն ընդունում է իր աշխատակարգը` կազմավորվելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Աշխատակարգում լրացումներ և փոփոխություններ կարող են կատարվել Խորհրդի կողմից` Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Խորհուրդը կարող է ձևավորել աշխատանքային խմբեր Խորհրդում ընդգրկված մարմինների (անձանց) կազմից կամ Խորհրդի նախագահի թույլտվությամբ այլ անձանցից, որոնք պատասխանատու կլինեն Ռազմավարությամբ սահմանված առանձին ռազմավարական նպատակներից բխող գործողությունների իրականացման համակարգման համար: Խորհրդի կողմից ձևավորված աշխատանքային խմբերի գործունեության կարգը հաստատվում է Խորհրդի կողմից:

Խորհրդի անդամներին վարչական, փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով Արդարադատության նախարարության կազմում ստեղծվում է Խորհրդի քարտուղարություն:

Ռազմավարության և Գործողությունների ծրագրի ընթացքի մշտադիտարկման և գնահատման գործառույթներն իրականացնում է Արդարադատության նախարարությունը` Խորհրդի քարտուղարության միջոցով:

Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման համակարգումը և մշտադիտարկումն ապահովելու նպատակով պատասխանատու մարմինները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի քարտուղարություն են ներկայացնում Գործողությունների ծրագրով իրենց վերապահված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն` Խորհրդի աշխատակարգով կամ Խորհրդի կողմից հաստատված այլ փաստաթղթերով սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան: Խորհրդի քարտուղարությունը նշված ժամկետի ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստացված տեղեկատվությունը, դրա հիման վրա կազմում համապատասխան կիսամյակի հաշվետվությունը և ներկայացնում Խորհուրդ` միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Հաշվետվության առնչությամբ դիտողություններ և առաջարկություններ ներկայացվելու դեպքում Քարտուղարությունը այդպիսիք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և, ըստ անհրաժեշտության, լրամշակում է հաշվետվությունը և կրկին ներկայացնում է Խորհուրդ` միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Խորհուրդը Քարտուղարության կողմից հաշվետվությունը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, գումարում է նիստ` դրա քննարկման և հաստատման նպատակով:

Քարտուղարությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` կիսամյակային հաշվետվությունը հրապարակելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է մշտադիտարկման ու գնահատման վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույցը, որը ներկայացնում է Խորհուրդ` միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Զեկույցը ներառում է նաև Խորհրդի տարեկան գործունեության վերաբերյալ տեղեկությունները: Զեկույցի առնչությամբ դիտողություններ և առաջարկություններ ներկայացվելու դեպքում Քարտուղարությունը այդպիսիք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է Խորհուրդ` միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Խորհուրդը Քարտուղարության կողմից զեկույցը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, գումարում է նիստ` դրա քննարկման և հաստատման նպատակով:

Քարտուղարությունը կիսամյակային հաշվետվությունը և տարեկան ամփոփ զեկույցը Կառավարություն է ներկայացնում Խորհրդի կողմից հաստատվելուց կամ դրանց առնչությամբ Խորհրդի կամ դրա առանձին անդամների կողմից դիտողություններ և առաջարկություններ ներկայացված լինելու դեպքում` դրանք ամփոփվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Խորհուրդը Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետության զեկույցների քննարկման արդյունքում կարող է.

. Կառավարություն ներկայացնել առաջարկություններ` Ռազմավարությունում և Գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

. առանձին գործողությունների կատարման համար պատասխանատու մարմիններին ներկայացնել խորհրդատվական կարծիքներ` առանձին գործողությունների կատարման ընթացքի, աստիճանի և կատարմանն ուղղված հնարավոր անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում առաջարկվող փոփոխությունների իրականացման աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության կողմից` որպես դատաիրավական ոլորտում Կառավարության քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմին:

Ռազմավարության ու Գործողությունների ծրագրերի ազդեցության գնահատման նպատակով Խորհուրդը միջնաժամկետ (Ռազմավարության ընդունումից հետո 3 տարի) ու երկարաժամկետ (Ռազմավարության ընդունումից հետո 5 տարի) փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա գնահատվում է բարեփոխումների ազդեցությունը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքում Խորհուրդը կարող է նախաձեռնել Ռազմավարության ու Գործողությունների ծրագրերի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու կառուցակարգերի վերանայում:

Խորհուրդն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող է նախաձեռնել Ռազմավարության առանձին նպատակների իրագործման համար պատասխանատու մարմինների հաշվետվողականության լրացուցիչ գործընթացներ:

2. Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծվում է նաև աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի հիմնական նպատակներն են.

. քննարկել և վերլուծել Ռազմավարությանն առնչվող բոլոր ընթացիկ ծրագրերը, գործողությունները և քայլերը, Ռազմավարությունից բխող առանձին նախագծերի կամ միջոցառումների իրականացման ընթացքը,

. անհրաժեշտության դեպքում ներկայացնել գրավոր առաջարկություններ` ուղղված Ռազմավարության և դրանից բխող միջոցառումների արդյունավետ իրականացման ապահովմանը,

. ամփոփել Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի կատարման արդյունքները և արդյունավետությունը:

Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ: Աշխատանքային խմբի գործունեության արդյունքներն ամփոփվում են գրավոր հաշվետվության կազմման միջոցով, որը ներկայացվում է Արդարադատության նախարարին` յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

Աշխատանքային խմբին վերապահված աշխատանքները կարող են իրականացվել նաև Արդարադատության նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով Արդարադատության նախարարին կից ստեղծված հասարակական խորհրդի կողմից:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                          Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2023
N 550-Լ
Որոշում