ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2023 թվականի N 215-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) ԷՄԱ կանոնների 73-րդ կետից հանել 3-րդ նախադասությունը.
i
2) ԷՄԱ կանոնների 81.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Միևնույն բնակելի կամ հասարակական նպատակային նշանակության շենքում կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում` ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի մասնակիցների համար բաշխման ծառայության վճար չի գանձվում, եթե խմբի բոլոր մասնակիցները հանդիսանում են նույն շենքի կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրի ԻԷԱ կամ Սպառող:».
i
3) ԷՄԱ կանոնների 15.1-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 15.1. ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
88.1. ԻԷԱ-ի կարգավիճակ ստանալու նպատակով Սպառողը, ԷԲՑ կանոնների համաձայն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայված լինելու դեպքում (Ենթասպառողի դեպքում` նաև Սպառողի մոտ), Փոխհոսքերի պայմանագիր կնքելու համար Երաշխավորված մատակարարին ներկայացնում է դիմում, որը ներառում է`
1) Սպառողի Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները),
2) էներգաարտադրող տեղակայանքի դրվածքային հզորությունը,
3) կայանի միացման միագիծ սխեման,
4) արևային էներգիայի օգտագործմամբ ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում` նաև տեղադրվող փոխակերպիչների տեխնիկական բնութագրերը,
5) Ենթասպառողի դեպքում` նաև Սպառողի գրավոր համաձայնությունը:
88.2. ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի` ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին համապատասխանության դեպքում, Երաշխավորված մատակարարը դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին, իսկ անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում դիմումը` համապատասխան հիմնավորումներով:
88.3. Դիմող անձը ԷՄԱ կանոնների 88.2-րդ կետի համաձայն Փոխհոսքերի պայմանագիրը կնքելու առաջարկն ստանալու պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է Երաշխավորված մատակարարին: Սույն կետում նշված առաջարկը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում:
88.4. ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Երաշխավորված մատակարարի հետ` բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող իրավակարգավորումների շրջանակում ԻԷԱ-ի կարգավիճակ ստացած լինելու դեպքում` ոչ ավելի, քան 500 կՎտ-ը:
88.5. ԻԷԱ-ի կողմից Փոխհոսքերի պայմանագրում էլեկտրական էներգիայի արտադրության կամ սպառման նոր կետ ավելացնելու կամ պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում` նշելով արտադրության և սպառման համապատասխան կետերի Հաշվառման քարտերի համարները:
88.6. ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի` ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում Երաշխավորված մատակարարը գրավոր մերժում է դիմումը` համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի` իր կողմից ստորագրված 2 օրինակ: Սույն կետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում:
88.7. ԻԷԱ-ի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում վերջինս իրավունք ունի կնքել մեկ Փոխհոսքերի պայմանագիր:
88.8. Ինքնավար խումբ ստեղծելու կամ խմբում մասնակից (մասնակիցներ) ներառելու մտադրության դեպքում ԻԷԱ-ն Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը ներառում է`
1) Ինքնավար խմբի մասնակցի (մասնակիցների) գրավոր համաձայնությունը և Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները),
2) Ինքնավար խմբի ստեղծման դեպքում` նաև ԷՄԱ կանոնների 88.30-րդ կետով նախատեսված` Ինքնավար խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բաշխման նախընտրելի մեթոդը,
3) Ինքնավար խմբում ներառվող ԻԷԱ-ի գրավոր համաձայնությունը` ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում:
88.9. Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից` խմբից մասնակից հանելու կամ խմբի գործունեությունը դադարեցնելու մտադրության դեպքում վերջինս Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն լուծելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը, խմբից մասնակից հանելու դեպքում ներառում է նաև խմբի համապատասխան մասնակցի Հաշվառման քարտի համարը:
88.10. Ինքնավար խմբի մասնակցի նախաձեռնությամբ` Ինքնավար խմբից դուրս գալու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում` նշելով իր Հաշվառման քարտի համարը:
88.11. ԷՄԱ կանոնների 88.8-88.10-րդ կետերով նախատեսված դիմումներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորված մատակարարը դիմումի կամ Սպառողի` ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում է դիմումը` համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում`
1) դիմող անձին, իսկ ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի` իր կողմից ստորագրված 2 օրինակ,
2) Ինքնավար խմբում ԻԷԱ հանդիսացող մասնակից ներառվելու դեպքում ծանուցում է տվյալ ԻԷԱ-ին` վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին,
3) Ինքնավար խմբից մասնակից հանվելու դեպքում` ծանուցում է խմբի տվյալ մասնակցին, իսկ խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակից հանվելու դեպքում` նաև վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը վերականգնելու մասին:
88.12. ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.8-88.9-րդ կետերով նախատեսված դիմումից ԻԷԱ-ի հրաժարում:
88.13. ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում` ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում խմբի համապատասխան մասնակիցն Ինքնավար խմբից համարվում է հանված, ինչի մասին Երաշխավորված մատակարարը խումբը ստեղծող ԻԷԱ-ին ծանուցում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
88.14. ԷՄԱ կանոնների 88.6-րդ կետով կամ 88.11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` Փոխհոսքերի պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ են մտնում համապատասխան համաձայնագրի կնքմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.15. ԷՄԱ կանոնների 88.13-րդ կետով նախատեսված դեպքում մասնակիցն Ինքնավար խմբից հանված է համարվում նույն կետում նշված` 10 օրվա ավարտին հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.16. Ինքնավար խմբում ԻԷԱ հանդիսացող մասնակից ներառվելու դեպքում` վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված, իսկ Ինքնավար խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակից հանվելու դեպքում` տվյալ ԻԷԱ-ի հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համաձայնագրի կնքմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.17. Ինքնավար խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակցի` ԷՄԱ կանոնների 88.13-րդ կետի համաձայն հանված համարվելու դեպքում վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված նույն կետում նշված` 10 օրվա ավարտին հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.18. Ինքնավար խմբում ներգրավված ԻԷԱ-ների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը:
88.19. Ինքնավար խմբի ներսում մասնակիցների հարաբերությունները չեն կարգավորվում:
88.20. Սպառողն իր յուրաքանչյուր միացման կետի մասով կարող է միաժամանակ ընդգրկված լինել միայն մեկ Ինքնավար խմբում:
88.21. Հաշվարկային տարվա ընթացքում, այն է` յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ժամանակահատվածում, Ինքնավար խմբում մասնակցի գտնվելու նվազագույն ժամկետը երեք ամիս է: Հաշվարկային տարվա ավարտին նախորդող 3 ամիսների ընթացքում Ինքնավար խմբում մասնակիցների փոփոխություններ չեն կատարվում:
88.22. Երաշխավորված մատակարարն ամսական կտրվածքով հաշվարկում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի ԻԷԱ հանդիսացող մասնակցի (մասնակիցների) մատակարարած (ներառյալ` նախորդող ամիսներից կուտակված և խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին հաշվեգրվող դրական փոխհոսքը) և սպառած (Ինքնավար խմբի դեպքում` խմբի բոլոր մասնակիցների սպառած) էլեկտրական էներգիայի քանակությունները, ինչպես նաև դրանց տարբերությունները Հանձնաժողովի սահմանած ցերեկային (այսուհետ` ցերեկային փոխհոսք) և գիշերային (այսուհետ` գիշերային փոխհոսք) սակագնի ժամանակահատվածների համար և վերջիններիս հանրագումարը (այսուհետ` փոխհոսք): ԷԲՑ կանոնների համաձայն` դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայվելու օրվանից մինչև ԷՄԱ կանոնների համաձայն` Փոխհոսքերի պայմանագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածում Սպառողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը գումարվում է Փոխհոսքերի պայմանագրի կնքման օրվանից սկսած առաջին Հաշվարկային ամսվա արդյունքով սույն կետում նշված` ԻԷԱ-ի մատակարարած էլեկտրական էներգիայի քանակությանը:
88.23. ԷՄԱ կանոնների 88.26-րդ, 88.27-րդ և 88.31-րդ կետերով նախատեսված դեպքերում` փոխհոսքի բացասական մեծության դեպքում նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքն առաջնահերթ հաշվանցվում է ցերեկային փոխհոսքին, այնուհետև` գիշերային փոխհոսքին:
88.24. Ցերեկային փոխհոսքի բացասական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի մասնակիցը Երաշխավորված մատակարարին վճարում են տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով, իսկ գիշերային փոխհոսքի բացասական մեծության դեպքում` գիշերային սակագնով:
88.25. Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում` ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի մասնակցի էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության վճարը հաշվարկվում է համաձայն ԷՄԱ կանոնների 81.1-ին կետի:
88.26. ԻԷԱ-ի կողմից` էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման նույն կետում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում վերջինիս կողմից մատակարարված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվարկվում են դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի ցուցմունքների տվյալներով` համաձայն ԷՄԱ կանոնների 73-րդ կետի:
88.27. ԻԷԱ-ի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում, վերջինիս սպառած էլեկտրական էներգիա է համարվում արտադրության և սպառման բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում արտադրության բոլոր կետերից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը:
88.28. ԷՄԱ կանոնների 88.26-88.27-րդ կետերում նշված դեպքերում` փոխհոսքի դրական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիան հաշվեգրվում է ԻԷԱ-ի Հաշվառման քարտին և գումարվում հաջորդող ամսվա ԻԷԱ-ի փոխհոսքին, բացառությամբ ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի:
88.29. ԻԷԱ-ի` բոլոր արտադրության կետերում արտադրված և բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում, Երաշխավորված մատակարարի կողմից ԻԷԱ-ին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակությունը հաշվարկվում է ցերեկային և գիշերային բացասական տարբերությունները վերջինիս արտադրության և սպառման կետերի միջև սպառման ծավալների համամասնությամբ բաշխելով, որոնց դիմաց ԻԷԱ-ն Երաշխավորված մատակարարին վճարում է` համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի:
88.30. Ինքնավար խմբում ինքնավար էներգաարտադրության դեպքում` խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունները խումբը ստեղծող ԻԷԱ-ի ընտրությամբ բաշխվում են ընդհանուր (այսուհետ` բաշխման ընդհանուր մեթոդ) և ընտրովի (այսուհետ` բաշխման ընտրովի մեթոդ) մեթոդներով: Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի ընտրած բաշխման մեթոդը գործում է խմբի ձևավորմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից: Բաշխման մեթոդը կարող է փոփոխվել յուրաքանչյուր հաշվարկային տարի: Այդ նպատակով խումբը ստեղծող ԻԷԱ-ն Երաշխավորված մատակարարին դիմում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը: Բաշխման մեթոդի փոփոխման մասին դիմում չներկայացվելու դեպքում հաջորդ հաշվարկային տարվա համար գործում է վերջին ընտրված մեթոդը:
88.31. Բաշխման ընդհանուր մեթոդի դեպքում` Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը: Ընդ որում`
1) եթե Ինքնավար խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունն ավելի է խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունից, ապա այդ դրական տարբերության չափով էլեկտրական էներգիան հաշվեգրվում է խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին և գումարվում հաջորդող Հաշվարկային ամսվա արդյունքով Ինքնավար խմբի փոխհոսքին.
2) եթե Ինքնավար խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը պակաս է խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունից, ապա այդ բացասական տարբերության չափով էլեկտրական էներգիան Ինքնավար խմբի մասնակիցների միջև բաշխվում է ԷՄԱ կանոնների 88.29-րդ կետով նախատեսված եղանակով, որի արդյունքում ձևավորված պարտավորության դիմաց Ինքնավար խմբի մասնակիցները Երաշխավորված մատակարարին վճարում են` համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի:
88.32. Բաշխման ընտրովի մեթոդի դեպքում` Երաշխավորված մատակարարը`
1) Ինքնավար խմբի մասնակից հանդիսացող ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների` յուրաքանչյուրի մասով առանձին) մատակարարած էլեկտրական էներգիայից առաջնահերթ նվազեցնում (հաշվանցում) է վերջինիս ցերեկային, ապա գիշերային սպառումը, ապա
2) Ինքնավար խմբի մասնակից հանդիսացող ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների` յուրաքանչյուրի մասով առանձին) դրական փոխհոսքի դեպքում, այն (դրանց հանրագումարը)` խմբի նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքի հետ միասին, բաշխում է խմբի մյուս մասնակիցների միջև` վերջիններիս ցերեկային, այնուհետև գիշերային սպառման ծավալների (բացասական փոխհոսք ունեցող ԻԷԱ-ի պարագայում` փոխհոսքի բացասական մեծության) համամասնությամբ.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բաշխումն իրականացնելուց հետո Ինքնավար խմբի փոխհոսքի դրական մեծության դեպքում` այդ քանակությամբ էլեկտրական էներգիան հաշվի է առնում խումբը ստեղծող ԻԷԱ-ի հաշվառման քարտում և գումարում հաջորդող Հաշվարկային ամսվա արդյունքով ձևավորված` Ինքնավար խմբի փոխհոսքին.
4) Ինքնավար խմբի փոխհոսքի բացասական մեծության դեպքում (այդ թվում` սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն Ինքնավար խմբի ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների) դրական փոխհոսքի բաշխումից հետո), խմբի ԻԷԱ-ների Հաշվառման քարտերին` իրենց բացասական փոխհոսքերի, իսկ Սպառողների Հաշվառման քարտերին` սպառած էլեկտրական էներգիայի դիմաց ձևավորում է վճարման ենթակա պարտավորություն, որի համար վերջիններս վճարում են` համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի:
88.33. Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ` նախորդող ամիսներից կուտակված) փոխհոսքերի դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը ԻԷԱ-ին, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծած ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով:
88.34. Հաշվարկային տարվա ավարտից հետո, ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետում նշված հատուցումն ստանալու համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ն և Երաշխավորված մատակարարը, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Երաշխավորված մատակարարը հատուցվող գումարը փոխանցում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծած ԻԷԱ-ի` Փոխհոսքերի պայմանագրում ամրագրված բանկային հաշվեհամարին, սույն կետում նշված հաշվարկային փաստաթուղթն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
88.35. ԻԷԱ-ն` Ինքնավար խումբ ստեղծելիս կամ այլ ԻԷԱ-ի ստեղծած Ինքնավար խմբում ընդգրկվելիս, նախորդ ամիսներից կուտակված փոխհոսքերի դրական տարբերություն ունենալու դեպքում իրավունք ունի`
1) այն փոխանցել Ինքնավար խմբին, եթե ԻԷԱ-ի դրվածքային հզորությունը չի գերազանցում 30 կՎտ-ը կամ վերջինս հանդիսանում է պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ամբողջությամբ պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող ընկերություն` անկախ հզորությունից: Նման դեպքում`
ա. իր կողմից Ինքնավար խումբ ստեղծելու դեպքում` այդ էլեկտրական էներգիայի քանակը հաշվեգրվում է իր (որպես խումբը ստեղծող ԻԷԱ-ի) Հաշվառման քարտին.
բ. այլ Ինքնավար խմբում ընդգրկվելու դեպքում` այդ էլեկտրական էներգիայի քանակը հաշվեգրվում է խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին:
2) ստանալ հատուցում ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետով սահմանված գնով և 88.34-րդ կետով սահմանված ընթացակարգով:
88.36. ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված, ինչպես նաև հաշվարկային տարվա ընթացքում Փոխհոսքերի պայմանագրի լուծման դեպքերում ԻԷԱ-ի համար հաշվարկային տարին համարվում է ավարտված, և փոխհոսքերի (ներառյալ` նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը տվյալ ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետով սահմանված գնով և 88.34-րդ կետով սահմանված ընթացակարգով:».
i
4) ԷՄԱ կանոնների 5-րդ բաժնում բոլոր հոլովաձևերով «Բաշխող» բառից հետո լրացնել «(Երաշխավորված մատակարար)» բառերը` համապատասխան հոլովաձևերով.
i
5) ԷՄԱ կանոնների 103-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «սպառողի» բառը փոխարինել «Սպառողի» բառով.
բ. 3-րդ ենթակետում «սպառված» բառից հետո լրացնել «(ԻԷԱ-ի դեպքում` նաև Երաշխավորված մատակարարին առաքված)» բառերը.
գ. 4-րդ ենթակետում «Պայմանագրի» բառից հետո լրացնել «կամ Փոխհոսքերի պայմանագրի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
30 հունիսի 2023 թ.
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 7 հուլիսի 2023 թվական: