01.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
| «Հոդված 6.1. |
Կրիպտոակտիվի ձեռքբերման և կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց անկանխիկ ձևով գործարքների իրականացումը |
1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման ենթակա գումարի չափից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի: ↩
2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են բացառապես անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ ձևով, եթե`
1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը.
2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով.
3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ:»:
(1-ին հոդ. փոփ. 29.05.25 ՀՕ-161-Ն, 17.12.25 ՀՕ-516-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-395-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 11 նոյեմբերի 2024 թվական: