Սեղմել Esc փակելու համար:
2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2026 թվականի N 58-Ն

 

2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) 2026-2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) կանխարգելիչ պատվաստումների վկայականը ստանալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                            Ն. Փաշինյան

 

2026 թ. հունվարի 15

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի հունվարի 15-ի

N 58-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Բնակչության առողջության պահպանումը, խթանումը և հիվանդությունների կանխարգելումը, որպես հանրային առողջապահության հիմնարար ուղղություններ, սահմանված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) կողմից: Դրանք, որպես համակարգված և համապարփակ գործողությունների զուգակցում, առանցքային են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական քաղաքականության մեջ` կազմելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը: ԱՀԿ-ի «Իմունականխարգելման օրակարգը` մինչև 2030» գլոբալ տեսլականը, որն ուղղված է իմունականխարգելման ոլորտի առկա մարտահրավերների հաղթահարմանը` մինչև 2030 թվականն ապահովելով մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր անձ, ցանկացած տարիքում և վայրում, կարող է օգտվել պատվաստանյութերից` բարելավելով սեփական առողջությունն ու բարեկեցությունը:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

2. Սույն ծրագրում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները և հապավումները`

1) կառավարելի վարակիչ հիվանդություններ` կանխարգելիչ պատվաստումների միջոցով կանխարգելվող կամ կառավարվող հիվանդություններ.

2) արմատական վերացում (իրադիկացիա)` հիվանդության վերացում ամբողջ աշխարհում.

3) տեղական դեպքերի բացակայություն (էլիմինացիա)` հիվանդության տեղական դեպքերի բացակայություն տվյալ տարածքում.

4) նոր պատվաստանյութ` պատվաստումների ազգային օրացույցում ներդրվող պատվաստանյութ.

5) բնակչության անընկալունակություն (կոլեկտիվ իմունիտետ)` տարբեր վարակիչ հիվանդությունների դեպքում հարուցիչի փոխանցման ընդհատման համար անհրաժեշտ անընկալունակության մակարդակ.

6) պատվաստանյութերի ազգային պահեստ` Հայաստանի Հանրապետության կարիքների համար բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների, պատվաստումների օժանդակ պարագաների պահեստ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքում.

7) պատվաստանյութերի մարզային պահեստ` տվյալ մարզի կարիքների համար բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների, պատվաստումների օժանդակ պարագաների պահեստ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի կառուցվածքում.

8) կարմրուկի, կարմրախտի ազգային լաբորատորիա` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքում գործող և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավատարմագրված լաբորատորիա, որն իրականացնում է կարմրուկի, կարմրախտի լաբորատոր ախտորոշում.

9) պոլիոմիելիտի ազգային լաբորատորիա` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքում գործող լաբորատորիա, որն իրականացնում է պոլիոմիելիտի լաբորատոր ախտորոշում.

10) «զրո դեղաչափ» կարգավիճակով անձ` պատվաստանյութի որևէ դեղաչափ չստացած անձ.

11) ԲՑԺ` տուբերկուլոզի դեմ պատվաստանյութ.

12) ՎՀԲ` վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութ.

13) ՎՀԱ` վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութ.

14) ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ` դիֆթերիայի, ոչ բջջային կապույտ հազի, փայտացման, վիրուսային հեպատիտ Բ-ի, հեմոֆիլուսային Բ տիպի վարակի, ինակտիվացված պոլիոմիելիտի դեմ համակցված վեցավալենտ (վեց բաղադրիչ) պատվաստանյութ.

15) ՀԻԲ` հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի վարակ.

16) Ռոտա` պատվաստանյութ ռոտավիրուսային վարակների դեմ.

17) Պնևմո` պատվաստանյութ պնևմակոկային վարակների դեմ.

18) ԻՊՊ` պոլիոմիելիտի ինակտիվացված (ներարկման) պատվաստանյութ.

19) ԱԿԴՓ/ԻՊՊ` կապույտ հազի (ոչ բջջային), դիֆթերիայի, փայտացման, ինակտիվացված պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութ.

20) ԱՓԴԿ` փայտացման, դիֆթերիայի, կապույտ հազի (ոչ բջջային) դեմ պատվաստանյութ.

21) ԱԴՓ-Մ` դիֆթերիայի և փայտացման դեմ պատվաստանյութ.

22) ԿԿԽ` կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստանյութ.

23) ԿԿ` կարմրուկի, կարմրախտի դեմ համակցված պատվաստանյութ.

24) ՄՊՊ` մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ.

25) ՍԹԿ` սուր թորշոմած կաթվածահարություն.

26) ԱՀԿ` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն.

27) ԳԱՎԻ` Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինք.

28) ՄԱԿ ՄՀ` Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ.

29) ՀՀԻԱՓԽԽ` Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խումբ.

30) բժշկական կազմակերպություն` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներ իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

 

3. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

3. Ըստ պատվաստումների ազգային օրացույցի` պլանային, ինչպես նաև ըստ հանրային առողջապահական նորմատիվների` համաճարակաբանական ցուցումով, կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով` պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերով, իսկ մնացած բոլոր դեպքերում` պատվաստումներն իրականացվում են վճարովի հիմունքներով:

4. Առաջնային բժշկական օգնությունը` որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման տեսակ, ներառյալ` կանխարգելումը, երաշխավորվում է պետության կողմից և իրականացվում է բժշկական կազմակերպությունների կողմից:

5. Իմունականխարգելումը միջոցառումների համակարգ է, որն ուղղված է կանխարգելիչ պատվաստումների միջոցով հիվանդությունների կանխարգելմանը (տարածման նվազեցմանը, էլիմինացմանը` հիվանդության տեղական փոխանցման ընդհատմանը և արմատական վերացմանը): Հայաստանի Հանրապետությունում այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, բժշկական կազմակերպությունների կողմից` իրենց իրավասությունների շրջանակում:

6. Իմունականխարգելումը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված իմունականխարգելման ազգային ծրագրի, որով սահմանվում են հիվանդությունների և պատվաստումների նպատակային ցուցանիշները, դրանց հասնելու առաջնահերթ միջոցառումները, պատվաստումների ազգային օրացույցը, ինչպես նաև պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և տրամադրման կարգը: Իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կառավարման, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի և բժշկական հակացուցումների ցանկն ու դրանց վարման պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարը` համաձայն հանրային առողջապահական նորմատիվների:

7. Հայաստանի Հանրապետությունում գործում է պատվաստանյութերի արդյունավետ կառավարման եռաստիճան համակարգ`

1) ազգային` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, այդ թվում` պատվաստանյութերի ազգային պահեստ.

2) մարզային` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղեր, այդ թվում` պատվաստանյութերի մարզային պահեստ.

3) համայնքային` բժշկական կազմակերպություններ:

8. Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաստումների միջոցով կառավարելի վարակիչ հիվանդություններն են` պոլիոմիելիտ, դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարօտիտ (խոզուկ), ջրծաղիկ, վիրուսային հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային և պնևմակոկային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, կորոնավիրուսային հիվանդություն, կատաղություն, որոնց դեմ պատվաստումները ներառված են պատվաստումների ազգային օրացույցում:

9. Իմունականխարգելման ազգային ծրագրի ներդրման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով դիտվում է բարենպաստ համաճարակային իրավիճակ: Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին 1 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը կազմել է 92.9%, 2 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը` 92.6%, 6 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը` 93.1%, ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը` 33.7%, ԿԿԽ-1 ընդգրկվածությունը` 96.1%, ԿԿԽ-2 ընդգրկվածությունը` 95.2%, զորակոչի ենթակա անձանց պատվաստումներում ընդգրկվածությունը` 95%:

 

4. ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

10. Իմունականխարգելման ազգային ծրագրի տեսլականը և վերջնական արդյունքը Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալունակության (կոլեկտիվ իմունիտետի) ապահովումն է, արդյունքում` հիվանդացության և մահացության նվազեցումը, տեղական դեպքերի բացակայությունն ու արմատական վերացումը:

11. Առկա խնդիրներին արձագանքելու և հեռանկարային նպատակին հասնելու համար սահմանվում են 2026-2030 թվականներին իրականացվող հետևյալ նպատակները` համահունչ ԱՀԿ «Իմունականխարգելման օրակարգը` մինչև 2030»-ի հիմնական ուղղություններին`

1) առողջության առաջնային պահպանման համակարգում իմունականխարգելման գործընթացի ինտեգրման շարունակական ամրապնդում.

2) պատվաստումների նկատմամբ հանրային և քաղաքական հանձնառության բարձրացում և կայուն պահանջարկի ձևավորում.

3) պատվաստումներում ընդգրկվածության հավասար հասանելիության ապահովում.

4) «Իմունականխարգելում ամբողջ կյանքի ընթացքում» մոտեցման կիրառում.

5) դեպքերի, բռնկումների, համաճարակների հայտնաբերում և արագ արձագանքում.

6) պատվաստանյութերի անխափան մատակարարում, ըստ անհրաժեշտության նոր պատվաստանյութերի ներդրման ապահովում:

 

ԲԱԺԻՆ 2
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

5. ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Պատվաստանյութի      |Պատ-    |Պատվաստման    |Հիվանդություն/      |

|   |անվանումը           |վաստման |ժամկետը       |հակածին             |

|   |                    |հերթական|              |                    |

|   |                    |դեղաչափը|              |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|1. |ՎՀԲ                 |1       |ծնվելուց հետո`|Վիրուսային հեպատիտ Բ|

|   |                    |        |0-24 ժամվա    |                    |

|   |                    |        |ընթացքում     |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|2. |ԲՑԺ                 |1       |ծնվելուց հետո`|Տուբերկուլոզ        |

|   |                    |        |0-48 ժամվա    |                    |

|   |                    |        |ընթացքում     |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|3. |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ    |1       |6 շաբաթական   |Կապույտ հազ,        |

|   |(DTaP/HepB/Hib/IPV, |        |              |դիֆթերիա, փայտացում,|

|   |վեցավալենտ` կապույտ |        |              |վիրուսային հեպատիտ  |

|   |հազի ոչ բջջային     |        |              |Բ, հեմոֆիլուս       |

|   |բաղադրիչով,         |        |              |ինֆլուենզա Բ տիպի   |

|   |թույլատրվում է նաև  |        |              |վարակ, պոլիոմիելիտ  |

|   |տվյալ տարիքի համար  |        |              |                    |

|   |այլ հակածինների հետ |        |              |                    |

|   |համակցված)          |        |              |                    |

|___|____________________|        |              |____________________|

|4. |ՌՈՏԱ                |        |              |Ռոտավիրուսային վարակ|

|___|____________________|        |              |____________________|

|5. |ՊՆԵՎՄՈ              |        |              |Պնևմակոկային  վարակ |

|   |(առնվազն 13-վալենտ, |        |              |                    |

|   |կոնյուգացված)       |        |              |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|6. |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ    |2       |12 շաբաթական  |Կապույտ հազ,        |

|   |(DTaP/HepB/Hib/IPV, |        |              |դիֆթերիա, փայտացում,|

|   |վեցավալենտ` կապույտ |        |              |վիրուսային հեպատիտ  |

|   |հազի ոչ բջջային     |        |              |Բ, հեմոֆիլուս       |

|   |բաղադրիչով,         |        |              |ինֆլուենզա Բ տիպի   |

|   |թույլատրվում է      |        |              |վարակ, պոլիոմիելիտ  |

|   |նաև  տվյալ տարիքի   |        |              |                    |

|   |համար այլ           |        |              |                    |

|   |հակածինների հետ     |        |              |                    |

|   |համակցված)          |        |              |                    |

|___|____________________|        |              |____________________|

|7. |ՌՈՏԱ                |        |              |Ռոտավիրուսային վարակ|

|___|____________________|        |              |____________________|

|8. |ՊՆԵՎՄՈ              |        |              |Պնևմակոկային  վարակ |

|   |(առնվազն 13-վալենտ, |        |              |                    |

|   |կոնյուգացված)       |        |              |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|9. |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ    |3       |18 շաբաթական  |Կապույտ հազ,        |

|   |(DTaP/HepB/         |        |              |դիֆթերիա, փայտացում,|

|   |Hib/IPV,            |        |              |վիրուսային հեպատիտ  |

|   |վեցավալենտ`         |        |              |Բ, հեմոֆիլուս       |

|   |կապույտ հազի ոչ     |        |              |ինֆլուենզա Բ տիպի   |

|   |բջջային             |        |              |վարակ, պոլիոմիելիտ  |

|   |բաղադրիչով,         |        |              |                    |

|   |թույլատրվում է      |        |              |                    |

|   |նաև  տվյալ տարիքի   |        |              |                    |

|   |համար այլ           |        |              |                    |

|   |հակածինների հետ     |        |              |                    |

|   |համակցված)          |        |              |                    |

|___|____________________|        |              |____________________|

|10.|ՊՆԵՎՄՈ              |        |              |Պնևմակոկային  վարակ |

|   |(առնվազն 13-վալենտ, |        |              |                    |

|   |կոնյուգացված)       |        |              |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|11.|ԿԿԽ                 |1       |12 ամսական    |Կարմրուկ, կարմրախտ, |

|   |                    |        |              |խոզուկ (համաճարա-   |

|   |                    |        |              |կային պարօտիտ)      |

|___|____________________|________|______________|____________________|

|12.|ՋՐԾԱՂԻԿԻ ԴԵՄ        |1       |12 ամսական    |Ջրծաղիկ             |

|___|____________________|________|______________|____________________|

|13.|ԱԿԴՓ/ԻՊՊ (DTaP/IPV  |1       |18 ամսական    |Կապույտ հազ,        |

|   |քառավալենտ` կապույտ |        |              |դիֆթերիա, փայտացում,|

|   |հազի ոչ բջջային     |        |              |պոլիոմիելիտ         |

|   |բաղադրիչով,         |        |              |                    |

|   |թույլատրվում է նաև  |        |              |                    |

|   |տվյալ տարիքի համար  |        |              |                    |

|   |այլ հակածինների հետ |        |              |                    |

|   |համակցված`          |        |              |                    |

|   |վիրուսային հեպատիտ  |        |              |                    |

|   |Բ, հեմոֆիլուս       |        |              |                    |

|   |ինֆլուենզա Բ տիպի   |        |              |                    |

|   |վարակ` ՀԻԲ/ՎՀԲ)     |        |              |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|14.|ԱԿԴՓ/ԻՊՊ (DTaP/IPV  |2       |4-6 տարեկան   |Կապույտ հազ,        |

|   |քառավալենտ` կապույտ |        |              |դիֆթերիա, փայտացում,|

|   |հազի ոչ բջջային     |        |              |պոլիոմիելիտ         |

|   |բաղադրիչով,         |        |              |                    |

|   |թույլատրվում է նաև  |        |              |                    |

|   |տվյալ տարիքի համար  |        |              |                    |

|   |այլ հակածինների հետ |        |              |                    |

|   |համակցված`          |        |              |                    |

|   |վիրուսային հեպատիտ  |        |              |                    |

|   |Բ, հեմոֆիլուս       |        |              |                    |

|   |ինֆլուենզա Բ տիպի   |        |              |                    |

|   |վարակ` ՀԻԲ/ՎՀԲ)     |        |              |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|15.|ԿԿԽ                 |2       |4-6 տարեկան   |Կարմրուկ, կարմրախտ, |

|   |                    |        |              |խոզուկ (համաճարա-   |

|   |                    |        |              |կային պարօտիտ)      |

|___|____________________|________|______________|____________________|

|16.|ՋՐԾԱՂԻԿԻ ԴԵՄ        |2       |4-6 տարեկան   |Ջրծաղիկ             |

|   |(2027 թվականից)     |        |              |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|17.|ՄՊՊ                 |1       |13 տարեկան    |Մարդու              |

|   |                    |        |              |պապիլոմավիրուսային  |

|   |                    |        |              |վարակ               |

|___|____________________|________|______________|____________________|

|18.|ԱՓԴԿ (TdaP,         |1       |15-16 տարեկան |Փայտացում, դիֆթերիա,|

|   |եռավալենտ` կապույտ  |        |              |կապույտ հազ         |

|   |հազի ոչ բջջային     |        |              |                    |

|   |բաղադրիչով,         |        |              |                    |

|   |թույլատրվում է նաև  |        |              |                    |

|   |տվյալ տարիքի համար  |        |              |                    |

|   |այլ հակածինների հետ |        |              |                    |

|   |համակցված)          |        |              |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|19.|ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ      |1       |15-16 տարեկան |Մենինգակոկային վարակ|

|   |(քառավալենտ         |        |              |                    |

|   |կոնյուգացված)       |        |              |                    |

|___|____________________|________|              |____________________|

|20.|ՊՆԵՎՄՈ              |1       |              |Պնևմակոկային  վարակ |

|   |(13-վալենտ,         |        |              |                    |

|   |կոնյուգացված)       |        |              |                    |

|___|____________________|________|              |____________________|

|21.|ԿԿԽ                 |1 կամ 2 |              |Կարմրուկ, կարմրախտ, |

|   |                    |դեղաչափի|              |խոզուկ              |

|   |                    |բացակա- |              |(համաճարակային      |

|   |                    |յության |              |պարօտիտ)            |

|   |                    |դեպքում |              |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|22.|ՋՐԾԱՂԻԿԻ ԴԵՄ        |1       |15-16 տարեկան |Ջրծաղիկ             |

|___|                    |________|______________|____________________|

|   |                    |2       |Առաջին        |                    |

|   |                    |        |դեղաչափից 4   |                    |

|   |                    |        |շաբաթ հետո    |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|23.|ՎՀԱ                 |1       |15-16 տարեկան |Վիրուսային հեպատիտ Ա|

|___|____________________|________|______________|____________________|

|24.|ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ ԴԵՄ    |1       |17 տարեկան    |Տուլարեմիա          |

|___|____________________|________|______________|____________________|

|25.|ԱԴՓ-Մ               |1       |26 տարեկան    |Դիֆթերիա, փայտացում |

|   |                    |________|______________|                    |

|   |                    |2       |36 տարեկան    |                    |

|   |                    |________|______________|                    |

|   |                    |3       |46 տարեկան    |                    |

|   |                    |________|______________|                    |

|   |                    |4       |56 տարեկան    |                    |

|   |                    |________|______________|                    |

|   |                    |5       |66 տարեկան    |                    |

|   |                    |________|______________|                    |

|   |                    |6       |76 տարեկան    |                    |

|   |                    |________|______________|                    |

|   |                    |7       |Այնուհետև     |                    |

|   |                    |        |յուրաքանչյուր |                    |

|   |                    |        |10 տարին մեկ  |                    |

|___|____________________|________|______________|____________________|

|26.|ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ |Ըստ     |Համաճարակա-   |Սեզոնային գրիպ      |

|___|____________________|հրահանգի|բանական       |____________________|

|27.|ՎՀԲ                 |        |ցուցում       |Վիրուսային հեպատիտ Բ|

|___|____________________|        |              |____________________|

|28.|ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ    |        |              |Կորոնավիրուսային    |

|   |ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ    |        |              |հիվանդություն       |

|___|____________________|        |              |____________________|

|29.|ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ     |        |              |Կատաղություն        |

._____________________________________________________________________.

 

6. ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

12. Պատվաստումների ազգային օրացույցի ընդհանուր դրույթներն են`

1) իմունականխարգելումն իրականացվում է իմունականխարգելման ենթակա անձանց պլանային` ըստ պատվաստումների ազգային օրացույցի, համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվների.

2) պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ հակածինների հետ համակցված պատվաստանյութերով.

3) նույն պատվաստանյութի հերթական չափաբաժինների միջև պահպանվում է առնվազն 4 շաբաթ ընդմիջում.

4) կենդանի ներարկման պատվաստանյութերը կարող են ներարկվել միաժամանակ կամ առնվազն 4 շաբաթ ընդմիջումով (ԲՑԺ, ԿԿ, ԿԿԽ, ջրծաղիկ, տուլարեմիա կամ այլ կենդանի ներարկման պատվաստանյութեր).

5) կենդանի ներարկման (ԲՑԺ, ԿԿ, ԿԿԽ, ջրծաղիկ, տուլարեմիա) և կենդանի բերանային պատվաստանյութերը (պոլիոմիելիտի և ռոտավիրուսային պատվաստանյութեր) կարող են իրականացվել միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով.

6) միայն կենդանի բերանային պատվաստանյութերը (պոլիոմիելիտի և ռոտավիրուսային պատվաստանյութեր) կարելի է ներմուծել միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով.

7) ոչ կենդանի պատվաստանյութերը կարող են ներարկվել միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով (ՎՀԲ, ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ, (ԱԿԴՓ այլ համակցված), ԱԿԴՓ/ԻՊՊ, ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ԱՓԴԿ, ԻՊՊ, ՄՊՊ, ԱԴՓ-Մ, ԱՓ պնևմակոկային, մենինգակոկային, վիրուսային հեպատիտ Ա, սեզոնային գրիպի, կատաղության, կորոնավիրուսային հիվանդության դեմ), բացառությամբ նույն հակածին պարունակող պատվաստանյութերի.

8) կենդանի պատվաստանյութերը ոչ կենդանի պատվաստանյութերի հետ կարող են իրականացվել միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով.

9) պնևմակոկային և մենինգակոկային պատվաստումները պետք է կատարել 4 շաբաթ ընդմիջումով, միասին կատարելու դեպքում չի ապահովվում լիարժեք իմունիտետ.

10) փաստագրված պատվաստումների առկայության դեպքում հաջորդ պատվաստումները շարունակվում են (նախկին ստացած դեղաչափերը չեն կրկնվում), ոչ մի դեղաչափ կորած չի համարվում.

11) այլ երկրներում պատվաստումներ ստացած անձանց պատվաստումները շարունակվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցը.

12) մինչև 2 տարեկան երեխաների միջմկանային պատվաստումներն իրականացվում են ազդրի վերին երրորդականի առաջադրսային մակերեսին, իսկ 2 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում` բազկի վերին երրորդականի առաջադրսային մակերեսին, եթե անատոմիորեն այն հնարավոր է.

13) պատվաստումների այն դեղաչափերը, որոնք իրականացվել են նախատեսված օրացուցային նվազագույն տարիքից կամ երկու հաջորդական դեղաչափերի միջև սահմանված նվազագույն ընդմիջումից <-4 օր շուտ, համարվում են կատարված (վավեր) և չեն կրկնվում.

14) պատվաստումների այն դեղաչափերը, որոնք իրականացվել են նախատեսված օրացուցային նվազագույն տարիքից կամ երկու հաջորդական դեղաչափերի միջև սահմանված նվազագույն ընդմիջումից` 4 շաբաթից, >-5 օր շուտ, չեն համարվում կատարված կամ վավեր և պետք է կրկնվեն` պահպանելով հաջորդական դեղաչափերի միջև սահմանված նվազագույն ընդմիջումը:

13. Վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ առաջին դեղաչափը կատարվում է վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի նկատմամբ բացասական պատասխանով մայրերից ծնված 2000 գրամ և ավել քաշով նորածիններին` ծնվելուց հետո 0-24 ժամվա ընթացքում.

2) վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի նկատմամբ բացասական պատասխանով մայրերից ծնված մինչև 2000 գրամ քաշով նորածինները ստանում են պատվաստումները բժշկական կազմակերպություններում` պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան.

3) վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի նկատմամբ դրական պատասխանով մայրերից ծնված նորածինները ծնվելուց հետո մինչև 12 ժամվա ընթացքում անկախ քաշից ստանում են վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում և վիրուսային հեպատիտ Բ-ի իմունոգլոբուլին` տարբեր վերջույթներին: 9-12 ամսականում իրականացվում է հետազոտություն վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի և հակամարմինների նկատմամբ: Եթե վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումները կատարվել են ուշացումով, ապա հետազոտությունն իրականացվում է վերջին դեղաչափից 1-2 ամիս հետո.

4) վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի նկատմամբ անհայտ պատվաստումային կարգավիճակով մայրերից ծնված մինչև 2000 գրամ քաշով նորածինները ծնվելուց հետո մինչև 12 ժամվա ընթացքում` անկախ քաշից ստանում են վիրուսային հեպատիտ Բ-ի իմունոգլոբուլին և վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում.

5) վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի նկատմամբ անհայտ պատվաստումային կարգավիճակով մայրերի մոտ հնարավորինս շուտ որոշվում է վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածինը: Դրական արդյունքի դեպքում նորածինը ստանում է վիրուսային հեպատիտ Բ-ի իմունոգլոբուլին, բայց ոչ ուշ, քան մինչև 7 օրականը.

6) հակացուցումների պատճառով չպատվաստված նորածինները վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում ստանում են ծննդատնից դուրս գրվելուց առաջ` մինչև 15 օրականը, իսկ այլ բուժհաստատություն տեղափոխված նորածիններն այլևս չեն ստանում վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ մոնովալենտ պատվաստանյութ.

7) եթե ծննդատանը նորածնին վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում չի կատարվել, ապա բժշկական կազմակերպություններում այլևս վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ մոնովալենտ պատվաստանյութով պատվաստում չի իրականացվում.

8) վիրուսային հեպատիտ Բ-ի հաջորդ դեղաչափերը կատարվում են ՎՀԲ բաղադրիչ պարունակող համակցված պատվաստանյութով` պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան.

9) նորածիններին վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են աջ ազդրի վերին երրորդականի առաջադրսային մակերեսին` 0,5 մլ, միջմկանային.

10) վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ իրականացվում են նաև համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի.

11) մեծահասակ անձանց ՎՀԲ պատվաստումներն իրականացվում են 1 մլ դեղաչափով` եռանվագ, 0, 1 և 6-րդ ամիսներին.

12) վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ կրկնապատվաստում իրականացվում է, եթե նախկինում պատվաստված անձանց մոտ արյան մեջ վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի դեմ հակամարմինների մակարդակը <10 ՄՄ/մլ է, այդ դեպքում առաջարկվում է կրկնապատվաստում 3 լրացուցիչ դեղաչափով, այնուհետև հակամարմինների տիտրի որոշում` 3-րդ դեղաչափից 1-2 ամիս հետո.

13) բացառիկ դեպքերում (երբ անհրաժեշտ է ապահովել արագ պաշտպանություն) կատարվում է վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում արագացված ժամանակացույցով` 0, 7-րդ և 21-րդ օրերին, իսկ 4-րդ դեղաչափը` 1-ին դեղաչափից 12 ամիս հետո:

14. Տուբերկուլոզի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) կատարվում է նորածիններին մեկ դեղաչափ` ծնվելուց հետո 0-48 ժամվա ընթացքում, ովքեր ծնվել են 2000 գրամ և ավել քաշով: Հակացուցման դեպքում ԲՑԺ-ի պատվաստումը կատարվում է մինչև երեխայի դուրսգրումը.

2) պատվաստանյութը ներմուծվում է խիստ ներմաշկային` ձախ բազկի վերին հատվածում` 0,05 մլ դեղաչափով: ԲՑԺ պատվաստումը կատարվում է մինչև 12 ամսական երեխաներին: 8 շաբաթականից բարձր տարիքի երեխաներին ԲՑԺ պատվաստումից առաջ կատարվում է տուբերկուլինային մաշկային փորձ (ՏՄՓ):

15. ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ պատվաստանյութով պատվաստումներն իրականացվում են`

1) պատվաստումներն իրականացվում են ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ կամ այս բաղադրիչներով այլ համակցված պատվաստանյութով` 6 շաբաթականից.

2) պատվաստումներն իրականացվում են եռանվագ` 6 շաբաթ ընդմիջումներով (առաջին դեղաչափը` 6 շաբաթականում, երկրորդը` 12 շաբաթականում, երրորդը` 18 շաբաթականում).

3) չորրորդ դեղաչափն իրականացվում է ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ կամ այլ համակցված պատվաստանյութով` 18 ամսականում.

4) այս բաղադրիչներով համակցված պատվաստումներն իրականացվում են աջ ազդրի վերին առաջադրսային մակերեսին` 0,5 մլ, միջմկանային.

5) պատվաստումների ազգային օրացույցից ուշացումների դեպքում ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ կամ այս բաղադրիչներով այլ համակցված պատվաստանյութի 1-ին երեք դեղաչափերն իրականացվում են 4 շաբաթ ընդմիջումներով, չորրորդ դեղաչափը` երրորդ դեղաչափից 6 ամիս հետո: Պատվաստումներն օրացուցային ժամկետներից շուտ չեն իրականացվում.

6) 4-6 տարեկանում իրականացվում է պատվաստում կապույտ հազի ոչ բջջային բաղադրիչով` դիֆթերիայի, փայտացման, ինակտիվացված պոլիոմիելիտի դեմ համակցված պատվաստանյութով.

7) 15-16 տարեկանում իրականացվում է պատվաստում կապույտ հազի ոչ բջջային բաղադրիչով, դիֆթերիայի, փայտացման դեմ համակցված պատվաստանյութով:

16. Ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են կենդանի բերանային պատվաստանյութով: Պատվաստանյութի դեղաչափերի քանակը սահմանվում է համաձայն ուղեկցող հրահանգի.

2) 15 շաբաթականից բարձր տարիքի երեխաներն այլևս ենթակա չեն ռոտավիրուսային վարակի դեմ առաջին դեղաչափ պատվաստման (հետևաբար այլևս չեն ստանա ռոտավիրուսային պատվաստումներ).

3) 32 շաբաթականից բարձր տարիքի երեխաները ենթակա չեն ռոտավիրուսային երկրորդ դեղաչափ պատվաստման:

17. Պնևմակոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) պատվաստումներն իրականացվում են եռանվագ` 6 շաբաթ ընդմիջումներով (առաջին դեղաչափը` 6 շաբաթականում, երկրորդը` 12 շաբաթականում, երրորդը` 18 շաբաթականում).

2) պնևմակոկային պատվաստումներն իրականացվում են միջմկանային, ձախ ազդրի վերին առաջադրսային հատվածում (2 տարեկանից բարձր` բազկի դելտայաձև մկանի շրջանում), 0,5 մլ դեղաչափով.

3) եթե մինչև 12 ամսականը երեխան չի ստացել պնևմակոկային պատվաստանյութի ոչ մի դեղաչափ, ապա 12 ամսականից մինչև 24 ամսականը ստանում է 2 դեղաչափ` առնվազն 8 շաբաթ ընդմիջումով: Եթե մինչև 24 ամսականը չի ստացել պնևմակոկային պատվաստանյութի ոչ մի դեղաչափ, ապա ստանում է 1 դեղաչափ.

4) պնևմակոկային պատվաստումները նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում իրականացվում են 15-16 տարեկանում, միանվագ.

5) պնևմակոկային պատվաստումներն իրականացվում են նաև համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի, ըստ դիմելիության:

18. Կարմրուկի, կարմրախտի և համաճարակային պարօտիտի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) կարմրուկի, կարմրախտի և համաճարակային պարօտիտի դեմ պատվաստումները կատարվում են համակցված պատվաստանյութով` ԿԿԽ-ով.

2) կարմրուկի, կարմրախտի և համաճարակային պարօտիտի դեմ պատվաստումների առաջին դեղաչափը կատարվում է 12 ամսական երեխաներին, երկրորդ դեղաչափը` 4-6 տարեկանում.

3) նախազորակոչային և զորակոչային տարիքում պատվաստման ենթակա են այն անձինք, ովքեր չունեն 2 դեղաչափ կարմրուկի, կարմրախտի և համաճարակային պարօտիտի դեմ պատվաստում.

4) չպատվաստված անձինք ստանում են 2 դեղաչափ` առնվազն 4 շաբաթ ընդմիջումով.

5) կարմրուկի, կարմրախտի և համաճարակային պարօտիտի դեմ պատվաստումներն իրականացվում են նաև համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի:

19. Ջրծաղիկի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) ջրծաղիկի դեմ պատվաստումներն իրականացվում են 2 դեղաչափով, առաջին դեղաչափը կատարվում է 12 ամսական երեխաներին, երկրորդ դեղաչափը` 4-6 տարեկան երեխաներին (2027 թվականից).

2) նախազորակոչային և զորակոչային տարիքի չպատվաստված անձինք ստանում են 2 դեղաչափ` առնվազն 4 շաբաթ ընդմիջումով.

3) չպատվաստված անձինք ստանում են 2 դեղաչափ` առնվազն 4 շաբաթ ընդմիջումով.

4) ջրծաղիկի դեմ պատվաստումներն իրականացվում են նաև համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի:

20. Դիֆթերիայի և փայտացման դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) դիֆթերիայի և փայտացման դեմ պատվաստումներն իրականացվում են ԱԴՓ-Մ պատվաստանյութով: Պատվաստման ենթակա են 26, 36, 46, 56, 66, 76 տարեկան անձինք, այնուհետև յուրաքանչյուր 10 տարին մեկ, ինչպես նաև յուրաքանչյուր անձ, ով վերջին 10 տարվա ընթացքում չի ստացել ԱԴՓ-Մ պատվաստում.

2) դիֆթերիայի և փայտացման դեմ պատվաստումներն իրականացվում են նաև համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի:

21. Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են` սկսած 13 տարեկանից մինչև 15 տարեկան աղջիկներին, 1 դեղաչափ սխեմայով: 15-45 տարեկան անձանց մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են 3 դեղաչափ սխեմայով` 0, 2 և 6-րդ ամիսներին.

2) մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են նաև համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի:

22. Մենինգակոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) մենինգակոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց` 15-16 տարեկանում, միանվագ.

2) մենինգակոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են պնևմակոկային կոնյուգացված պատվաստումից առնվազն 4 շաբաթ հետո.

3) մենինգակոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են նաև համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի:

23. Վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացվում են նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց` 15-16 տարեկանում միանվագ` 1 դեղաչափ.

2) վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացվում են նաև համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի:

24. Տուլարեմիայի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) տուլարեմիայի դեմ պատվաստումներն իրականացվում են պատվաստանյութի առկայության դեպքում.

2) տուլարեմիայի դեմ պատվաստումներն իրականացվում են նախազորակոչային և զորակոչային տարիքի 17 տարեկան անձանց շրջանում.

3) տուլարեմիայի դեմ պատվաստումն իրականացվում է ներմաշկային ներարկման կամ վերմաշկային եղանակով (ըստ ուղեկցող հրահանգի).

4) կրկնապատվաստումը` ըստ ցուցումների իրականացվում է 5 տարի հետո.

5) տուլարեմիայի դեմ պատվաստումներն իրականացվում են նաև համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի:

25. Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի.

2) 6 ամսականից մինչև 9 տարեկան երեխաները, եթե նախկինում չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, ստանում են 2 դեղաչափ` առնվազն 4 շաբաթ ընդմիջումով, եթե նախկինում պատվաստվել են` ստանում են 1 դեղաչափ, 9 տարեկան և բարձր տարիքի անձինք` 1 դեղաչափ պատվաստում:

26. Կատաղության դեմ պատվաստումներն իրականացվում են`

1) կատաղության դեմ իրականացվում են նախաազդակային և հետազդակային կանխարգելիչ պատվաստումներ համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի.

2) կատաղության վիրուսով վարակման ռիսկի ենթարկված անձանց կատաղության դեմ հետազդակային կանխարգելիչ պատվաստումները կատարվում են` ամբողջական կուրս 0, 3, 7, 14, 28 օրերին կամ պատվաստանյութին ուղեկցող հրահանգին համապատասխան: Եթե կենդանին չի անկել անձի տուժելուց 10 օրվա ընթացքում, ապա կատարվում է պայմանական կուրս` 0, 3, 7 օրերին: Հետազդակային կանխարգելիչ պատվաստումները կատարվում են անկախ տուժելու ժամկետից.

3) եթե անձը ստացել է կատաղության դեմ հետազդակային կանխարգելիչ պատվաստումների ամբողջական կուրս, ապա վերջին պատվաստումից հետո մինչև 3 ամսվա ընթացքում կենդանու կողմից կրկին տուժելու դեպքում կատաղության դեմ պատվաստում չի կատարվում, իսկ եթե վերջին պատվաստումից հետո անցել է 3 ամսից ավելի, ապա կատարվում է կատաղության դեմ պատվաստում 0 և 3-րդ օրերին կամ պատվաստանյութին ուղեկցող հրահանգին համապատասխան.

4) եթե անձը ստացել է կատաղության դեմ հետազդակային կանխարգելիչ պատվաստումների պայմանական կուրս, ապա կենդանու կողմից կրկին տուժելու դեպքում իրականացվում է միայն կատաղության դեմ պատվաստում` պայմանական կամ ամբողջական կուրսով.

5) եթե պատվաստվողը բաց է թողել հերթական դեղաչափը, ապա հաջորդ դեղաչափերը շարունակվում են` պահպանելով դեղաչափերի միջև սահմանված միջակայքերը (օրինակ, եթե 7-րդ օրվա փոխարեն պատվաստվողը դիմել է 10-րդ օրը, ապա պատվաստումից հետո, հաջորդ` 4-րդ դեղաչափը կատարվում է 17-րդ օրը).

6) կատաղության վիրուսով վարակման ռիսկի ենթակա անձանց կատաղության դեմ նախաազդակային կանխարգելիչ պատվաստումները կատարվում են ըստ դիմելիության` 0, 7 օրերին կամ պատվաստանյութին ուղեկցող հրահանգին համապատասխան:

27. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով` ըստ հանրային առողջապահական նորմատիվի:

28. Պատվաստումների ազգային օրացույցից շեղումների` անհայտ պատվաստումային կարգավիճակի, չպատվաստվածների, թերի պատվաստվածների պատվաստումներն իրականացվում են`

1) մինչև 12 ամսական (11 ամսական 29 օրականը) չպատվաստված, թերի պատվաստված կամ անհայտ պատվաստումային կարգավիճակով երեխաներին կատարվում է`

ա. ԲՑԺ պատվաստում` հնարավորինս շուտ, մինչև 8 շաբաթականը, առանց տուբերկուլինային փորձի, իսկ 8 շաբաթականից մինչև 12 ամսականը` տուբերկուլինային փորձը դնելուց հետո: 12 ամսականից հետո ԲՑԺ պատվաստում չի կատարվում,

բ. ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ` 3 դեղաչափ պատվաստում, հաջորդական դեղաչափերի միջև պահպանելով առնվազն 4 շաբաթ ընդմիջում, սակայն ոչ շուտ, քան դեղաչափերի օրացուցային տարիքները,

գ. պնևմակոկային վարակի դեմ պատվաստում` 3 դեղաչափ, հաջորդական դեղաչափերի միջև պահպանելով առնվազն 4 շաբաթ ընդմիջում, սակայն ոչ շուտ, քան դեղաչափերի օրացուցային տարիքները,

դ. ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստում` 2 դեղաչափ, հաջորդական դեղաչափերի միջև պահպանելով առնվազն 4 շաբաթ ընդմիջում, սակայն ոչ շուտ, քան դեղաչափերի օրացուցային տարիքները: Եթե ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը մինչև 15 շաբաթականը չի ստացել, ապա այլևս չի կատարվում, իսկ մեկ դեղաչափ ունենալու դեպքում, երկրորդ դեղաչափը կատարվում է մինչև 32 շաբաթականը.

2) 1-6 տարեկանը լրացած (5 տարեկան 11 ամսական 29 օրականը) չպատվաստված, թերի պատվաստված կամ անհայտ պատվաստումային կարգավիճակով երեխաների պատվաստումներն իրականացվում են`

ա. ԱԿԴՓ/ՀԻԲ/ՎՀԲ/ԻՊՊ պատվաստանյութով 3 դեղաչափ, միևնույն պատվաստանյութերի երկու դեղաչափերի միջև պահպանելով 4 շաբաթ ընդմիջում: ԱԿԴՓ/ԻՊՊ համակցված պատվաստանյութի դեղաչափը կատարվում է ԱԿԴՓ/ՀԻԲ/ՎՀԲ/ԻՊՊ երրորդ դեղաչափից հետո` 6 ամիս ընդմիջումով,

բ. պնևմակոկային վարակի դեմ պատվաստում` եթե մինչև 12 ամսականը ստացել է 1 կամ 2 դեղաչափ, ապա մինչև 24 ամսականը լրացնել 3 դեղաչափ, եթե մինչև 12 ամսականը չի ստացել պնևմակոկային վարակի դեմ ոչ մի դեղաչափ, ապա 12 ամսականից մինչև 24 ամսականը` 2 դեղաչափ, 2 տարեկանից բարձր` 1 դեղաչափ,

գ. ԿԿԽ պատվաստանյութը մինչև 4 տարեկաններին իրականացվում է 1 դեղաչափ, իսկ 4-6 տարեկաններին` 2 դեղաչափ, առնվազն 4 շաբաթ ընդմիջումով` միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով մյուս պատվաստանյութերի հետ,

դ. ջրծաղիկի դեմ պատվաստումները կատարվում են մինչև 4 տարեկաններին 1 դեղաչափ, իսկ 4-6 տարեկաններին (2027 թվականից)` 2 դեղաչափ, առնվազն 4 շաբաթ ընդմիջումով` միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով մյուս պատվաստանյութերի հետ.

3) 6-18 տարեկան չպատվաստված, թերի պատվաստված կամ անհայտ պատվաստումային կարգավիճակով երեխաները, միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով ստանում են հետևյալ պատվաստումները`

ա. ԱԿԴՓ/ԻՊՊ (կապույտ հազ (ոչ բջջային), դիֆթերիա, փայտացում, ինակտիվացված պոլիոմիելիտ) կամ տվյալ տարիքի համար նախատեսված այլ համակցված պատվաստանյութ` երեք դեղաչափ, 4 շաբաթ ընդմիջումով` մինչև 15 տարեկանը,

բ. եթե մինչև 15 տարեկանը երեխան ստացել է դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի դեմ համակցված պատվաստման որևէ դեղաչափ, ապա 15 տարեկանից մինչև 18 տարեկանը պետք է լրացնել 3 դեղաչափ,

գ. 15 տարեկանից հետո ԱՓԴԿ կամ տվյալ տարիքի համար նախատեսված այլ համակցված պատվաստանյութ` երեք դեղաչափ, 4 շաբաթ ընդմիջումով,

դ. 13 տարեկանից մինչև 15 տարեկան աղջիկներին` մեկ դեղաչափ ՄՊՊ պատվաստում,

ե. պնևմակոկային վարակի դեմ պատվաստում` մեկ դեղաչափ,

զ. ԿԿԽ 2 դեղաչափ` 4 շաբաթ ընդմիջումով,

է. ջրծաղիկի դեմ պատվաստումները կատարվում են նախկինում չհիվանդացած անձանց 2 դեղաչափ սխեմայով` 4 շաբաթ ընդմիջումով,

ը. նախազորակոչային տարիքի անձանց պատվաստումներն օրացուցային ժամկետից շեղումների դեպքում կատարվում են մինչև զորակոչվելը` անկախ տարիքից.

4) 18-26 տարեկան չպատվաստված, թերի պատվաստված կամ անհայտ պատվաստումային կարգավիճակով անձինք, միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով ստանում են հետևյալ պատվաստումները`

ա. ԱՓԴԿ կամ տվյալ տարիքի համար նախատեսված այլ համակցված պատվաստանյութ` երեք դեղաչափ, 4 շաբաթ ընդմիջումով,

բ. ԿԿԽ 2 դեղաչափ` 4 շաբաթ ընդմիջումով,

գ. զորակոչային տարիքի անձանց պատվաստումներն օրացուցային ժամկետից շեղումների դեպքում կատարվում են մինչև զորակոչվելը` անկախ տարիքից.

5) 26 տարեկան և բարձր տարիքի չպատվաստված, թերի պատվաստված կամ անհայտ պատվաստումային կարգավիճակով անձինք, միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով ստանում են հետևյալ պատվաստումները`

ա. ԱԴՓ-Մ պատվաստանյութ` երեք դեղաչափ, 4 շաբաթ ընդմիջումով,

բ. ԿԿԽ 2 դեղաչափ` 4 շաբաթ ընդմիջումով,

գ. ջրծաղիկի դեմ պատվաստումները կատարվում են նախկինում չհիվանդացած անձանց 2 դեղաչափ սխեմայով` 4 շաբաթ ընդմիջումով:

 

ԲԱԺԻՆ 3
ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ

 

7. ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ

 

29. Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականը տրամադրվում է պատվաստում կամ կանխարգելում իրականացրած բժշկական կազմակերպության կողմից:

30. Իրականացված պատվաստումները կամ կանխարգելիչ միջոցառումները գրանցվում են սույն ծրագրի Ձև 1-ով սահմանված պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականում` ըստ անձը հաստատող փաստաթղթի:

31. Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականը լրացվում է հայերենով և անգլերենով կամ ֆրանսերենով:

32. Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականում շարունակաբար ներառվում են հաջորդիվ իրականացված պատվաստումների կամ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ բոլոր տվյալները:

33. Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականը տրամադրվում է պատվաստված անձին կամ նրա օրինական ներկայացուցչին:

34. Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականում կատարված յուրաքանչյուր ուղղում, ջնջում կամ սխալ լրացում` այն դարձնում է անվավեր:

35. Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականը ստորագրվում է պատվաստում կամ կանխարգելիչ միջոցառում իրականացրած բժշկի կողմից: Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականը վավերացվում է պատվաստումը կամ կանխարգելիչ միջոցառումն իրականացնող բժշկական կազմակերպության կնիքով:

36. Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականը վավեր է, եթե պատվաստանյութը կամ կանխարգելումը հաստատվել է ԱՀԿ-ի կողմից:

37. Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականը վավեր է մինչև տվյալ պատվաստման կամ կանխարգելիչ միջոցառման համար նախատեսված ժամկետի ավարտը:

38. Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականում ամսաթվերը գրվում են հետևյալ հաջորդականությամբ` օր, ամիս (տառերով), տարեթիվ:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2026
N 58-Ն
Որոշում