ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2026 թվականի թիվ 43-Ն
«ՍՊԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/09-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման հստակ գործիքներ և մեխանիզմներ, որոնց միջոցով սպառողները կկարողանան ինքնուրույն սահմանափակել հեռավար եղանակով իրենց հասանելի ֆինանսական ծառայությունները,
i
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/09-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
3. Սույն որոշման հավելվածով հաստատված կանոնակարգով սահմանված «ստոպ» գործիքն առաջին անգամ ներդնելուց հետո ֆինանսական կազմակերպությունը ներդրման օրվանից առնվազն 3 ամիս իր ինտերնետային կայքում և թվային այլ հարթակներում, տեսանելի վայրում և աչքի ընկնող ձևաչափով հայտարարություն է հրապարակում «ստոպ» գործիքների վերաբերյալ:
4. Սույն որոշման հավելվածով հաստատված կանոնակարգով սահմանված «ստոպ» գործիքն առաջին անգամ ներդնելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կազմակերպությունը տեղեկացնում է սպառողին «ստոպ գործիքի» վերաբերյալ` նշելով դրանից օգտվելու կանոնները և ձևերը: Սույն կետով սահմանված տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, եթե սպառողը ֆինանսական կազմակերպության հետ այլ հաղորդակցման եղանակ չի նախընտրել:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2026 թվականի փետրվարի 24-ի
թիվ 43-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/09
ՍՊԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
| ԳԼՈՒԽ 1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոնակարգը սահմանում է ֆինանսական կազմակերպության կողմից հեռավար եղանակով մատուցվող ծառայությունների նկատմամբ սպառողի նախաձեռնությամբ կիրառվող ինքնասահմանափակման գործիքների (այսուհետ` «ստոպ» գործիքներ) ներդրման, գործարկման և դադարեցման նվազագույն պահանջները:
2. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) վրա, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով:
| ԳԼՈՒԽ 2 |
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1) Գործունեության վայր` կազմակերպության գլխամասային գրասենյակ, մասնաճյուղ:
2) Զեղծարարություն` խաբեության, վստահության չարաշահման, անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ կեղծման միջոցով այլ անձի ֆինանսական միջոցներին անօրինական հասանելիություն:
3) Սպառող` կազմակերպության կողմից հեռավար եղանակով մատուցվող ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է տվյալ կազմակերպության հաճախորդ:
4) «Ստոպ» գործիքներ` կազմակերպության կողմից տրամադրվող գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս սպառողին իր նախաձեռնությամբ արգելափակել առանձին կամ բոլոր հեռավար ֆինանսական ծառայությունների հասանելիությունը:
5) Ծրագրային հավելված` ֆինանսական կազմակերպության կողմից գործարկված ծրագիր կամ ծրագրերի համախումբ (օրինակ` բջջային/մոբայլ հավելված, ինտերնետային/վեբ հավելված կամ կայք), որի միջոցով կազմակերպությունը հաճախորդին հեռավար եղանակով մատուցում է ֆինանսական ծառայություններ:
| ԳԼՈՒԽ 3 |
«ՍՏՈՊ» ԳՈՐԾԻՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
4. Կազմակերպության ներքին ընթացակարգերով ներդրվում և ապահովվում է «ստոպ» գործիքների հասանելիությունը.
1) հեռավար եղանակով մատուցվող առանձին ծառայությունը արգելափակելու համար` «ստոպ ծառայություն» գործիք,
2) հեռավար եղանակով մատուցվող բոլոր ծառայությունները միաժամանակ արգելափակելու համար` «ստոպ բոլոր ծառայությունները» գործիք:
5. «Ստոպ» գործիքները կիրառելի են առնվազն հետևյալ ծառայությունների նկատմամբ.
1) Դրամական փոխանցումներ և վճարումներ.
ա. Փոխանցումներ և վճարումներ դեպի երրորդ անձանց հաշիվներ` այդ թվում դեպի երրորդ անձանց էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներ:
2) Քարտային գործառնություններ.
ա. Ծրագրային հավելվածով կանխիկացման հայտերի ստեղծում,
բ. Քարտից քարտ փոխանցումներ,
գ. Առցանց (card-not-present) վճարումներ և գնումներ,
դ. Քարտի կապակցում էլեկտրոնային դրամապանակներին կամ սարքերին
(տեխնիկածրագրային հնարավորության դեպքում):
3) Վարկային գործառնություններ.
ա. Նոր վարկի ստացում
բ. Արդեն իսկ հաստատված վարկային գծի կամ օվերդրաֆտի սահմանաչափի չօգտագործված մասի օգտագործում:
4) Ավանդներ.
ա. Գործող ավանդի գումարի վերադարձ, կամ տոկոսների վճարում կամ ավանդի հաշվից դրամական միջոցներն այլ անձանց փոխանցում,
բ. Գործող ավանդի պայմանագրի ժամկետից շուտ լուծում:
5) Այլ.
ա. Նոր հաշվի բացում,
բ. Նոր վճարային քարտի թողարկում,
գ. Այլ բանկի քարտի կապակցում ծրագրային հավելվածին,
դ. Նոր սարքերի (հեռախոս, պլանշետ և այլն) կամ այլ հավելվածների կապակցում բանկային հաշվին:
6. «Ստոպ» գործիքները, սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված ծառայություններից բացի, կիրառելի են նաև հեռավար եղանակով մատուցվող այն ծառայությունների նկատմամբ, որոնք կարող են սպառողի համար պարունակել ֆինանսական և տվյալների արտահոսքի ռիսկեր` պայմանավորված այն հանգամանքով, որ այդ ծառայությունների համար, կազմակերպությունների կողմից իրենց գործունեության վայրերում մատուցվող ծառայությունների համեմատ, նախատեսված չեն անվտանգության և նույնականացման համարժեք կանոններ:
7. Այն դեպքում, երբ կազմակերպության մեկ ծրագրային հավելվածով գործարկվում է «ստոպ» գործիքը, ապա այն կիրառելի է լինում նաև նույն կազմակերպության մյուս ծրագրային հավելվածների համար:
8. Սպառողի կողմից «ստոպ» գործիքի կիրառմամբ արգելափակված ծառայությունը համարվում է արգելափակված տվյալ կազմակերպության կողմից գործարկվող բոլոր ծրագրային հավելվածներում, անկախ այն հանգամանքից, թե որ ծրագրային հավելվածի միջոցով է կատարվել արգելափակումը:
9. Վարկային բյուրոյի կողմից համապատասխան տեխնիկածրագրային լուծումների առկայության դեպքում սույն կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գործառնությունների համար «ստոպ» գործիքը կիրառելիս սպառողին ցուցադրվում է հաղորդագրություն և տրամադրվում է հնարավորություն` սահմանափակելու սույն կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկային գործառնությունները նաև այլ ֆինանսական կազմակերպություններում:
10. Ծառայությունների արգելափակման դեպքում սպառողը շարունակում է ունենալ հասանելիություն իր հաշիվների, ավանդների և վարկերի մնացորդները դիտելու, ինչպես նաև իրական միջավայրում ֆիզիկապես դրանք օգտագործելու հնարավորություն:
| ԳԼՈՒԽ 4 |
«ՍՏՈՊ» ԳՈՐԾԻՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
11. Կազմակերպությունը ստեղծում է համապատասխան պայմաններ, որպեսզի սպառողը կարողանա ինքնուրույն կիրառել «ստոպ» գործիքները` ծրագրային հավելվածների միջոցով, կազմակերպության գործունեության վայր այցելելու կամ հեռախոսազանգի միջոցով:
12. «Ստոպ» գործիքների ներկայացման ձևի նկատմամբ նվազագույն պահանջներն են.
1) Ծրագրային հավելվածում նախատեսվում է առանձին, տեսանելի և հստակ նշված «ստոպ» կոճակ կամ գործողություն` հասանելի հիմնական էջից` երկու գործիքի («ստոպ ծառայություն» և «ստոպ բոլոր ծառայություններ») գործարկման համար,
2) «Ստոպ» կոճակը տեղակայվում է տեսանելի հատվածում, և սպառողը պետք է կարողանա այն հեշտությամբ նկատել, ճանաչել, հասկանալ և կիրառել,
3) Գործիքի կիրառումը չի պահանջում բացատրություն կամ հիմնավորում սպառողի կողմից,
4) «Ստոպ» կոճակը սեղմելիս սպառողը հնարավորություն ունի տեսնելու բոլոր ծառայությունների ցանկը (այսուհետ` ցանկ), ընտրելու այն ծառայությունը կամ ծառայությունները, որոնք ցանկանում է արգելափակել, ինչպես նաև մեկ հպումով ընտրել բոլոր ծառայությունների արգելափակման հրահանգ,
5) Ցանկը ներկայացվում է մանրամասն` ըստ ծառայության տեսակի, ծառայությունների անվանումները ձևակերպվում են սպառողի համար հասկանալի ձևով,
6) Ցանկում առանձնացված ձևաչափով նշվում են այն ծառայությունները, որոնք կազմակերպության գնահատմամբ առավել ռիսկային են զեղծարարության տեսանկյունից:
13. «Ստոպ» գործիքների գործարկման նկատմամբ նվազագույն պահանջներն են.
1) «Ստոպ» գործիքի գործարկումից հետո սպառողին ցուցադրվում է սույն կետով սահմանված օրինակելի ձևով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք հաղորդագրություն,
Հաղորդագրության օրինակելի ձև.
«Դուք արգելափակում եք ձեր ընտրած ծառայություն(ներ)ը/բոլոր ծառայությունները: Ոչ ոք (այդ թվում` դուք) չի կարող իրականացնել որևէ գործողություն տվյալ ծառայությունների շրջանակում` նույնիսկ հավելվածին հասանելիություն ստանալու դեպքում: Ապաարգելափակման համար դիմեք կազմակերպություն կամ զանգահարեք [հեռ. համար]:»,
2) Սույն կետի 1-ին ենթակետում նշված հաղորդագրությունը ցուցադրվում է առնվազն 60 (վաթսուն) վայրկյան և ներառում է «հաստատել» և «չեղարկել» կոճակները: Ծառայությունները արգելափակվում են միայն «հաստատել» կոճակը սեղմելու կամ այլ հաստատող գործողություն կատարելու դեպքում,
3) «Հաստատել» հրահանգը ստանալուց հետո ծառայությունը արգելափակվում է անհապաղ` առավելագույնը 60 (վաթսուն) վայրկյանի ընթացքում:
14. Գործիքը գործարկելուց հետո հիմնական էջում սպառողին տեսանելի է արգելափակված ծառայությունների ընթացիկ կարգավիճակը:
15. «Ստոպ» գործիքների գործարկումից հետո հաղորդակցման նկատմամբ նվազագույն պահանջներն են.
1) «Ստոպ» գործիքի գործարկումից անմիջապես հետո կազմակերպությունը սպառողին ուղարկում է հաստատման ծանուցում` տեքստային հաղորդագրությամբ (SMS), էլեկտրոնային փոստի կամ սպառողի կողմից ընտրված հաղորդակցման այլ եղանակով,
2) Ծանուցումն ուղարկվում է հայերենով, եթե կազմակերպության կողմից առաջարկվող տարբերակներից սպառողը հաղորդակցման այլ լեզու չի ընտրել,
3) Ծանուցումն առնվազն պարունակում է տեղեկատվություն, թե որ կազմակերպության որ ծառայություն(ներ)ն են արգելափակվել, արգելափակման ամսաթիվը և ժամը, ապաարգելափակման ձևերը, հետադարձ կապի տվյալներ` հարցերի կամ խնդիրների դեպքում,
4) «Ստոպ» գործիքի գործարկումից հետո սպառողին ուղարկվում է սույն կետով սահմանված օրինակելի ձևով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք հաղորդագրություն,
ա. Տեքստային հաղորդագրության (SMS) օրինակելի ձև.
«Դուք արգելափակել եք [կազմակերպության անվանումը] ձեր ընտրած [ծառայություն(ներ)ը կամ բոլոր ծառայությունները] [ամսաթիվ, ժամ]: Ապաարգելափակումը հասանելի է միայն Ձեր նույնականացումից և ինքնության ստուգումից հետո: Հարցերի դեպքում` [հեռ. համար]:»,
բ. Մոբայլ բանկինգում ծանուցման/»push notification» օրինակելի ձև.
«Թեմա. Ծառայություն(ներ)ը արգելափակված են
Դուք արգելափակել եք ծառայություն(ները)/բոլոր ծառայությունները: Ապաարգելափակումը հասանելի է միայն Ձեր նույնականացումից և ինքնության ստուգումից հետո: Հարցերի դեպքում` [հեռ. համար]:»,
գ. Էլեկտրոնային նամակի օրինակելի ձև.
Թեմա: Ձեր անունով վարկ ստանալու հնարավորությունը X կազմակերպությունում արգելափակված է
Հարգելի՛ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ Ձեր նախաձեռնությամբ արգելափակվել է X Կազմակերպությունում հեռավար եղանակով վարկի դիմելու հնարավորությունը:
Սա նշանակում է, որ այս պահից սկսած, Դուք, ինչպես նաև որևէ այլ անձ, չեք կարողանա ստանալ վերոնշյալ ֆինանսական ծառայությունները:
Ապաարգելափակումը հասանելի է միայն Ձեր նույնականացումից և ինքնության ստուգումից հետո:
Գործողություն: Ծառայության արգելափակում
Ամսաթիվ և ժամ: [ԱՄՍԱԹԻՎ, ԺԱՄ]
Հարցերի համար դիմեք [X կազմակերպության անվանումը]` զանգահարելով [հեռախոսահամար] կամ գրելով [էլ. փոստի հասցե]:
Հարգանքով,
[X կազմակերպության անվանումը] թիմ
16. «Ստոպ ծառայություն» և «ստոպ բոլոր ծառայությունները» գործիքների գործարկումը կարող է իրականացվել նաև կազմակերպության գործունեության վայրում կամ հեռախոսակապի միջոցով:
| ԳԼՈՒԽ 5 |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
17. Կազմակերպությունը ապաարգելափակում է ծառայությունը, եթե իրականացրել է անձի նույնականացում և ինքնության ստուգում ու հավաստիացել, որ ապաարգելափակման պահանջը ներկայացրել է սպառողը:
18. Ապաարգելափակման գործընթացում սպառողի նույնականացումը և ինքնության ստուգումը իրականացվում են այն նույն ընթացակարգերի համաձայն, որոնք սահմանված են կազմակերպության կողմից կիրառվող` հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման գործընթացների համար:
19. Ապաարգելափակումն իրականացվում է բացառապես սպառողի նախաձեռնությամբ:
20. Սպառողի կողմից ծառայությունների ապաարգելափակման դիմումը ստանալուց հետո կազմակերպությունը այն ապաարգելափակում է առավելագույնը 24 (քսանչորս) ժամվա ընթացքում, իսկ անհետաձգելի` անհապաղ ապաարգելափակում հնարավոր է միայն սպառողի ֆիզիկական ներկայությամբ` կազմակերպության գործունեության վայրում:
21. Ապաարգելափակման դիմումը կարող է բավարարվել ոչ շուտ, քան արգելափակման պահից 24 (քսանչորս) ժամ հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ ապաարգելափակումը իրականացվում է սպառողի ֆիզիկական ներկայությամբ:
22. Ծառայության ապաարգելափակումից հետո հաղորդակցման նվազագույն պահանջներն են.
1) Ծառայության ապաարգելափակման հայտը ընդունելուց հետո սպառողին ուղարկվում է սույն կետով սահմանված օրինակելի ձևով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք հաղորդագրություն:
Հաղորդագրության օրինակելի ձև.
«Ուշադրություն. Դուք դիմում եք ներկայացրել ապաարգելափակելու [կազմակերպության անվանումը] ձեր ընտրած [ծառայություն(ներ)ը/բոլոր ծառայությունները]: Ապաարգելափակումը տեղի կունենա Ձեր նույնականացումից և ինքնության ստուգումից հետո: Հարցերի համար դիմեք [կազմակերպության անվանումը, հեռախոսահամար]:»,
2) Կազմակերպությունը ապաարգելափակումը հաստատելուց հետո սպառողին անհապաղ ուղարկում է ապաարգելափակման ծանուցում տեքստային հաղորդագրության (SMS), էլեկտրոնային փոստի կամ սպառողի կողմից ընտրված այլ հաղորդակցման եղանակի միջոցով` սույն կետով սահմանված օրինակելի ձևով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք այլ բովանդակությամբ.
ա. Տեքստային հաղորդագրության (SMS) օրինակելի ձև.
«Դուք ապաարգելափակել եք [ծառայություն(ներ)ի անվանումը/բոլոր ծառայությունները]` [ամսաթիվ], [ժամ]-ին: Այս պահից սկսած, նշված ծառայությունները կրկին հասանելի են Ձեր ծրագրային հավելվածում: Եթե սա Ձեր կողմից կատարված գործողություն չէ կամ մտափոխվել եք` անմիջապես կապ հաստատեք մեզ հետ` Ձեր տվյալների պաշտպանությունն ապահովելու համար: Հարցերի կամ օգնության համար դիմեք`
[Կազմակերպության անունը, հեռախոսահամար]:»,
բ. Մոբայլ բանկինգում ծանուցման/»push notification» օրինակելի ձև.
«Թեմա. Ծառայություն(ներ)ը ապաարգելափակված են
Դուք ապաարգելափակել եք [ծառայություն(ներ)ը/բոլոր ծառայությունները]: Այս պահից սկսած, նշված ծառայությունները կրկին հասանելի են: Հարցերի դեպքում` [հեռ. համար]»,
գ. Էլեկտրոնային նամակի օրինակելի ձև.
Թեմա: Ձեր անունով վարկ ստանալու հնարավորությունը X կազմակերպությունում ապաարգելափակված է
Հարգելի՛ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ Ձեր դիմումի համաձայն` X կազմակերպությունում հեռավար եղանակով վարկի դիմելու հնարավորությունը ապաարգելափակվել է:
Այս պահից սկսած, Դուք կրկին կարող եք օգտվել վերոնշյալ ֆինանսական ծառայություններից:
Գործողություն: Ծառայության ապաարգելափակման հաստատում
Ամսաթիվ և ժամ: [ԱՄՍԱԹԻՎ, ԺԱՄ]
Հարցերի համար դիմեք [X կազմակերպության անվանումը]` զանգահարելով [հեռախոսահամար] կամ գրելով [էլ. փոստի հասցե]
Հարգանքով,
[X կազմակերպության անվանումը],
3) Ծանուցումն ուղարկվում է հայերենով, եթե Կազմակերպության կողմից առաջարկվող տարբերակներից սպառողը հաղորդակցման այլ լեզու չի ընտրել:
Պաշտոնական հրապարակման օրը` 9 մարտի 2026 թվական: