26.06.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2024 թվականի N 710-Լ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2024 թվականի մայիսի 16-ի
N 710-Լ որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)
3. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
4. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
5. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
6. ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ
7. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
8. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
9. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնի պետ
(4-րդ հավելվածը լրաց. 03.07.2025 թիվ 901-Լ, 26.03.2026 թիվ 380-Լ, խմբագրվել է 25.06.2026 թիվ 926-Ն որոշումներ)
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2024 թվականի մայիսի 16-ի
N 710-Լ որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգի կարգավորման առարկան հանձնաժողովի խնդիրները, գործառույթներն ու հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարաբերություններն են:
2. Հանձնաժողովի ստեղծման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին (այսուհետ` ծրագիր) դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների (այդ թվում` մեկ անդամից բաղկացած) անհատական դեպքերի ուսումնասիրությունն է: Այդ աշխատանքների իրականացման նպատակով հանձնաժողովը կազմակերպում է նիստեր, ամփոփում և մշակում դրանց արդյունքները և դրանց հիման վրա կայացնում որոշումներ:
3. Հանձնաժողովն իր աշխատակարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի խնդիրը ծրագրին դիմած և մերժված (շահառուի կարգավիճակ չստացած) դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով գործընթացների իրագործումն է, որոնք ուղղված են որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ առկա տեղեկատվության թերի կամ ոչ ճշգրիտ լինելու հետևանքով դիմումատուների չիրացված իրավունքների վերականգնմանը:
5. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) հանձնաժողովի նիստերի ընթացքում ուսումնասիրում է ծրագրին դիմած և շահառու չդարձած ընտանիքների ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում`
ա. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի պետական կամ մասնավոր կառույցներում աշխատելու, կենսաթոշակ կամ այլ դրամական վճարներ ստանալու և դրանք Լեռնային Ղարաբաղում իրացնելու, ֆինանսական գործարքներ կատարելու, կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելու մասին վկայող և (կամ) այլ առնվազն 2 փաստաթուղթ, որոնց թվագրումները պետք է ունենան առնվազն 6 ամսվա տարբերություն կամ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ հանգամանքների մասին վկայող առնվազն 1 փաստաթուղթ,
բ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք ունենալու և դիմելու օրվա դրությամբ այն օտարած լինելու հանգամանքները պարզաբանող փաստաթղթերը.
գ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունքի վերաբերյալ փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը չի գերազանցում 12 քառ. մետրը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի իսկության ստուգման նպատակով, ըստ անհրաժեշտության, իրականացնում է հարցումներ այն կառույցներ, որոնք պատասխանատու են համարժեք տեղեկատվության մշակման և տվյալների շտեմարանների վարման համար.
3) ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքների հիման վրա կայացնում է որոշում ծրագրի շահառուի կարգավիճակ չստացածներին շահառուի կարգավիճակ շնորհելու կամ սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմում-բողոքը մերժելու վերաբերյալ: Շահառուի կարգավիճակի շնորհումը հիմք է հանդիսանում նրանց` Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման (այսուհետ` որոշում) հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագրի տրամադրման համար.
4) եթե ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող` դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ` անկախ սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված փաստաթղթերի առկայությունից:
(5-րդ կետը փոփ. 30.10.2025 թիվ 1509-Լ, 26.03.2026 թիվ 380-Լ, 25.06.2026 թիվ 926-Ն որոշումներ)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6. Որոշման հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված մերժման հիմքերով ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուները սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստերի առկայության դեպքում ծրագրից օգտվելու իրենց իրավունքի վերականգնման նպատակով հանձնաժողովի նախագահին գրավոր կարգով ներկայացնում են դիմում-բողոք մերժումը ստանալուց հետո 2 ամսյա ժամկետում: Դիմում-բողոքը պետք է պարունակի`
1) հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի (դիմումատուների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, փաստացի բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը.
3) բողոքարկման առարկան.
4) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը` հիմնվելով սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմում-բողոքների վրա.
3) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:
8. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ, եթե այդ ժամանակահատվածում ստացվել են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմում-բողոքներ:
9. Հանձնաժողովը դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում իրավասու է կայացնելու որոշում ինչպես դրանք բավարարելու, այնպես էլ մերժելու մասին: Ընդ որում` դիմում-բողոքների բավարարման համար հիմք է հանդիսանում սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «բ» կետերով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրված հետևյալ հանգամանքներից առնվազն մեկը.
1) դիմում-բողոք ներկայացրած անձը (ընտանիքը) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից կամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից առաջ (կախված նրա տեղահանման ամսաթվից) առնվազն 12 ամիսների ընթացքում փաստացի բնակվել է Լեռնային Ղարաբաղում.
2) դիմում-բողոք ներկայացրած անձը (ընտանիքը) 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել է բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, սակայն դիմելու օրվա դրությամբ այն օտարել է համապատասխան վճարումների կատարման անհնարինության կամ այլ հիմնավոր պատճառով.
3) դիմում-բողոք ներկայացրած անձը (ընտանիքը) 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, որի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով գերազանցում է 12 քառ. մետրը:
(9-րդ կետը փոփ. 25.06.2026 թիվ 926-Ն որոշում)
10. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է միևնույն դիմում-բողոքի ուսումնասիրության նպատակով հրավիրել մեկից ավելի նիստեր, սակայն միևնույն դիմում-բողոքն ուսումնասիրելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը չի կարող գերազանցել 45 օրացուցային օրը` դիմում-բողոքը ներկայացնելու օրվանից հաշված:
11. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետների, այդ թվում` այլ պետական մարմիններից:
12. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունում նշվում են`
1) հանձնաժողովի նիստի կայացման ամսաթիվն ու ժամը.
2) հանձնաժողովի նիստին ներկա անդամների կազմը.
3) քննարկվող հարցը.
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող հրավիրված անձանց մասին.
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց պարզաբանումները, քննարկման արդյունքները.
6) հարցի քննարկման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերը և հարցին առնչվող այլ տեղեկություններ.
7) հանձնաժողովի վերջնական որոշման բովանդակությունը.
8) հանձնաժողովի անդամի բացակայության և դրա պատճառների մասին.
9) ըստ անհրաժեշտության այլ տեղեկություններ:
13. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և նիստին մասնակցած անդամները: Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները հանձնաժողովի անդամներին առաքվում են էլեկտրոնային եղանակով նիստից հետո 5-օրյա ժամկետում:
14. Հանձնաժողովի նիստերին սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված պետական մարմնի անդամի մասնակցությունը կախված է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի բնույթից:
15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 1/2-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և անդամների առաջարկությամբ նիստերին կարող են մասնակցել նաև հրավիրյալ անձինք (փորձագետներ, մասնագետներ և այլն), որոնց նիստի ընթացքում վերապահվում են բացառապես խորհրդատվական բնույթի գործառույթներ:
17. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ընդունում է հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմում-բողոքները, ստուգում է դրանց համապատասխանությունը սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված պահանջներին, դիմում-բողոքը ստանալուց հետո առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմում-բողոք ներկայացրած անձին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում.
2) սահմանում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ցանկը.
3) նիստի օրակարգը ոչ ուշ, քան 3 օր առաջ ուղարկում է հանձնաժողովի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նիստին հրավիրված անձանց.
4) ամփոփում է հանձնաժողովի աշխատանքների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները.
5) հանձնաժողովի նիստում կայացված որոշումների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է դիմում-բողոք ներկայացրած անձին ոչ ուշ, քան նիստից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
18. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(5-րդ հավելվածը լրաց. 03.07.2025 թիվ 901-Լ որոշում)
___________________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7): @x