| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
040.0539.050518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2018 թվականի N 539-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-294-04.04.2018-ԱՍ-011/0 և Պ-294.1-04.04.2018-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-294-04.04.2018-ԱՍ-011/0 ԵՎ Պ-294.1-04.04.2018-ԱՍ-011/0)
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակահարմար չի համարում և առաջարկում է նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ` հաշվի առնելով օրենքների նախագծերի վերաբերյալ ստորև ներկայացված հանգամանքները`
1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) կարգավորման առարկա չի հանդիսանում: Մասնավորապես, օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` այն կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:
Օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային օրենսդրության նպատակն աշխատողների և գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանությունն է: Նախագծով ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերությունների ձևավորման (13-րդ, 83-րդ հոդվածներ) կարևորագույն սկզբունքին:
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները, այդ թվում` աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը:
Տեղին է նաև նշել, որ օրենսգրքում աշխատավարձին հավասարեցված հատուցումներ նախատեսված չեն: Աշխատավարձի կառուցվածքում ներառված տարրերը (հիմնական և լրացուցիչ աշխատավարձ) ամբողջությամբ սահմանված են օրենսգրքի 178-րդ հոդվածում, իսկ «մաքուր աշխատավարձ» հասկացություն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված չէ:
Ինչ վերաբերում է աշխատավարձի չափի օրենսդրական կարգավորմանը, ապա հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ նախատեսված է միայն նվազագույն ամսական աշխատավարձի չափի սահմանում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 4-րդ հոդվածի համաձայն` նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարներ:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրոշմանիշային վճար չեն վճարում այն աշխատողները, որոնց աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ` դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Այս աշխատողների փոխարեն դրոշմանիշային վճարները վճարում են գործատուները` իրենց միջոցների հաշվին:
Աշխատավարձի հարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով: Այս տեսանկյունից անհասկանալի է նախագծով ներկայացված այն արտահայտությունը, որ հարկատու ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարը կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցումը չի կարող նվազել տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետևանքով` հաշվի առնելով, որ ֆիզիկական անձանց կողմից ստացված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից գործող օրենսդրության համաձայն չեն առաջանում պարտավորություններ տուրքերի գծով:
2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հարկ է նշել, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասն աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է: Զինվորական կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար օրենքով սահմանված աշխատավարձի գործակցի արտադրյալի և զինվորական ծառայության ստաժի տարիների ու զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի արտադրյալի գումարն է:
Հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել նախկինում սահմանված չափերից:
Ըստ այդմ, օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակի չափի հաշվարկման կարգում ամրագրված մեխանիզմներով բացառվում է կենսաթոշակի չափի նվազումը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի համաձայն` 2018 թվականի հուլիսի 1-ին լրանում է սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու ժամկետը: Նշված օրենքի ամբողջական կիրարկումը կարող է նպաստել հետագայում վճարվելիք կենսաթոշակի չափի ավելացմանը, բայց ոչ նվազմանը:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգում պետական կենսաթոշակները և կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային (պարտադիր) կենսաթոշակները չեն հարկվում, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները)` բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների:
Տուրքերն օրենքով սահմանված դեպքերում և չափով վճարվում են պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայություններ մատուցելու դեպքում: Այսինքն, տուրքերը վճարվում են ծառայություններ ձեռք բերելու համար և չեն կարող ազդել աշխատավարձի և կենսաթոշակի չափերի վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` դրոշմանիշային վճար վճարում են աշխատանքային կամ քաղաքացիական-իրավական պայմանագրերով աշխատող անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Կենսաթոշակառուն դրոշմանիշային վճար վճարող չէ, հետևաբար կենսաթոշակից դրոշմանիշային վճար չի վճարվում:
Այսպիսով, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների համակարգում կատարվող փոփոխությունները չեն կարող անդրադառնալ կենսաթոշակի չափի վրա: