Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

040.0767.130718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2018 թվականի N 767-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 77-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Պ-337-14.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանն ու դրանք սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-337-14.06.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափերը` մինչև 500 հազ. դրամ ամսական եկամտի դեպքում սահմանելով 20 տոկոս, 500 հազ. դրամից ավելի եկամտի դեպքում սահմանելով 25 տոկոս, ներկայումս սահմանված` մինչև 150 հազ. դրամ` 23 տոկոս, 150 հազարից 2 մլն դրամ` 28 տոկոս և 2 մլն դրամից ավելի եկամտի դեպքում 36 տոկոս դրույքաչափերի փոխարեն:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ընդհանուր առմամբ ընդունելի ենք համարում նախագծի հիմնավորմանը ներկայացված այն նկատառումները, որ եկամտային հարկի դրույքաչափերի բարձր լինելը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա և ստեղծել նախադրյալներ ֆիզիկական անձանց եկամուտների թերհայտարարագրման համար: Թերևս հենց այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով ամրագրվել է տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով կապիտալի և եկամտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու անհրաժեշտության վերաբերյալ ծրագրային դրույթ:

Այդուհանդերձ, գտնում ենք, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի վերանայումը համակարգային փոփոխություն է և, հետևաբար, դրան պետք է անդրադառնալ ոչ միայն նշված խնդիրների լուծման տեսանկյունից, այլ նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում առաջացող ռիսկերի չեզոքացման հնարավորությունների տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կորստին և դրա հետևանքով ձևավորվելիք հարկաբյուջետային անկայունության հնարավոր ռիսկերին, ինչպես նաև դրանց չեզոքացման հնարավորություններին:

Մեր գնահատմամբ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կորուստը կազմելու է տարեկան 45-47 մլրդ դրամ: Հետևաբար, նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել միջոցներ բյուջետային եկամուտների նշված կորուստները փոխհատուցելու համար, հակառակ դեպքում կձևավորվի առաջիկա տարիների բյուջետային եկամուտների բավականին մեծ ճեղքվածք, ինչն ընդունելի չէ:

Այդ նկատառումներով եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման ուղղությամբ իրականացվող քայլերն անպայմանորեն պետք է ուղեկցվեն հարկային քաղաքականության ուղղությունների վերանայմանն ու վարչարարական գործիքակազմի կատարելագործմանն ուղղված միջոցառումներով, որոնք թույլ կտան հնարավորինս փոխհատուցել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման հետևանքով բյուջետային եկամուտների կորուստները:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկա փուլում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ համատեղ իրականացնում է ընդհանուր հարկային համակարգի վերլուծություն` գնահատելու համար հարկային քաղաքականության և վարչարարության համարժեքությունն առկա տնտեսական իրավիճակին: Այս առումով գտնում ենք, որ հարկային համակարգում հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն համապարփակ ձևով, և առանձին ուղղություններով տեղային փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ:

Ամփոփելով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ առաջարկվող օրենսդրական փոփոխություն կատարելուց և խնդրո առարկա հարցի քննարկմանն անդրադառնալ արդեն իսկ նշված վերլուծությունների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդհանուր հարկային համակարգի վերանայմանն ուղղված առաջարկությունների քննարկման համատեքստում:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ

կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` Հայաստանի

Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ

ծախսերի ավելացման վերաբերյալ

 

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում սահմանել եկամտային հարկի ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակը` մինչև 500 հազ. դրամը ներառյալ` 20 տոկոս, 500 հազ. դրամից ավելի եկամտի դեպքում 25 տոկոս, ներկայումս սահմանված` մինչև 150 հազ. դրամ` 23 տոկոս, 150 հազարից 2 մլն դրամ` 28 տոկոս և 2 մլն դրամից ավելի եկամտի դեպքում 36 տոկոս դրույքաչափերի փոխարեն:

Հաշվի առնելով նշվածը` հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների 45-47 մլրդ դրամով նվազեցման, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների ծախսերի ավելացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների եկամուտների նվազեցման չի հանգեցնի:

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2018
N 767-Լ
Որոշում