041.0986.200718
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2018 թվականի N 986-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ` ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի`
1. Ստեղծել աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող` հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով:
2. Հաստատել`
1) աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2) աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2018 թ. հուլիսի 20-ի
N 986-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ` ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)
Տ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների
աշխատանքների համակարգման գրասենյակի փորձագետ
Տ. Գալստյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Մ. Նահապետյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
Խ. Աբաջյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և
վերլուծության վարչության պետ
Ա. Ավագյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության
վարչության ընդերքի պահպանության քաղաքականության
բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Ղարաբեկյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
խորհրդական
Հ. Սարոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման
գործակալության մթնոլորտ արտանետումների և
օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման
թույլտվությունների բաժնի պետ
Ա. Այվազյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի
գործակալության պետի պաշտոնակատար
Խ. Բաբայան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրենի տեղակալ
Ռ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի
հիգիենայի բաժնի պետ
Ռ. Աբովյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ոչ վարակիչ
հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների
համաճարակաբանության բաժնի պետ
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Ն. Վարդանյան - ՀՀ փաստաբանական պալատի անդամ (համաձայնությամբ)
Մ. Վիլլիամս - Թթվային դրենաժի (այդ թվում` պոչամբարների
շահագործման) հետևանքների կանխատեսման և
կառավարման, ազդեցության ախտորոշման, հանքի փակման,
մակերևութային/ ընդերքային հիդրոքիմիայի,
երկրաբանատեխնիկական և հիդրոերկրաբանական հարցերով
փորձագետ, գիտությունների թեկնածու
(համաձայնությամբ)
Ք. Անդերսոն - Ազդակիր համայնքի ներկայացուցիչների գույքագրման,
կանխատեսվող խնդիրների վերհանման, տեղաբնակների
պատշաճ ներգրավվածության ապահովման, համայնքի
ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների
(«ողջամիտ ջանասիրության» սկզբունքով) ազդեցության
գնահատման, հանքարդյունաբերության բնագավառում
հանրային պատասխանատվության, սոցիալ մարդաբանության
և մարդու իրավունքների հարցերով փորձագետ,
գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Ս. Թևանյան - Երևանի պետական համալսարանի քաղաքացիական
իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական
գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի
պահպանություն» ամբիոնի վարիչ, տեխնիկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ս. Մկրտչյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
«Լեռնամետալուրգիական արդյունաբերության և
բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում»
ֆակուլտետի բնօգտագործման և տնտեսագիտության
ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների
թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)
Լ. Սահակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
երկրաբանության ինստիտուտի գիտության գծով
փոխտնօրեն (համաձայնությամբ)
Գ. Տեփանոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի`
շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի վարիչ
(համաձայնությամբ)
Խ. Սապոնջյան - Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների
միության փոխնախագահ (համաձայնությամբ)
Շ. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և
երկրաբանության ֆակուլտետի` ռեգիոնալ
երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար
հանածոների հանքավայրերի ամբիոնի վարիչ,
երկրաբանական գիտությունների դոցենտ
(համաձայնությամբ)
Կ. Մանվելյան - Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի
ղեկավար (համաձայնությամբ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2018 թ. հուլիսի 20-ի
N 986-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ` ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
1. Սույն կարգով սահմանվում են աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
3. Աշխատանքային խմբի նպատակն է փաստահավաք գործունեության միջոցով, ընդերքօգտագործման ոլորտում աշխատող ընկերությունների գործունեության, նախագծային և այլ փաստաթղթերի դիտազննության հիման վրա գնահատել այդ գործունեության սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունները, վերհանել հանքարդյունաբերության ոլորտում առկա բնապահպանական, առողջապահական ռիսկերը և խնդիրները, առաջարկել վերջիններիս լուծման հնարավոր տարբերակներ` աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանքարդունաբերության ոլորտում միջազգային չափանիշերին համապատասխանող քաղաքականության ներդրմանն ու իրագործմանը: Աշխատանքային խումբն իրականացնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխանության համեմատական իրավավերլուծություն և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային հանդիպումների միջոցով:
5. Աշխատանքային խումբը ղեկավարում և հանդիպումները հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը:
6. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարը կարող է աշխատանքային խմբի այլ անդամի հանձնարարել վարելու աշխատանքային հանդիպումները:
Աշխատանքային խմբի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու են ստանալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, ընդերքօգտագործող ընկերությունից (համաձայնությամբ) տվյալ հանքավայրին կամ ընդերքօգտագործման ծրագրին առնչվող փաստաթղթեր և այլ տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են աշխատանքային խմբի առջև դրված խնդիրները լուծելու համար: Ընդերքօգտագործող ընկերության համաձայնությամբ` աշխատանքային խմբի անդամները կարող են մուտք գործել հանքավայրի տարածք` դիտազննություն իրականացնելու համար:
7. Պահպանելով շահագրգիռ կողմերի ներկայացվածության հավասարակշռությունը` աշխատանքային խմբի ղեկավարի համաձայնությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել և իրականացվող աշխատանքներին օժանդակել քաղաքացիական հասարակության, ազդակիր համայնքի և դիտազննության օբյեկտ հանդիսացող ընկերության ներկայացուցիչներ:
8. Աշխատանքային խմբի գործունեությունը բաց է զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման համար:
9. Աշխատանքային խմբի հանդիպումներն արձանագրվում են: Արձանագրությունը ներառում է հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը, դրանց լուծման վերաբերյալ առաջարկները, յուրաքանչյուր հարցի կապակցությամբ շահագրգիռ կողմերի և աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները:
10. Արձանագրությունն ստորագրվում է աշխատանքային խմբի ղեկավարի և աշխատանքային խմբի` հանդիպմանը մասնակցած մյուս անդամների կողմից: Աշխատանքային խմբի հանդիպման արձանագրությունները երկօրյա ժամկետում աշխատանքային խմբի ղեկավարի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
11. Աշխատանքային խմբի ղեկավարը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները, հանրությանը պարբերաբար իրազեկում է գործողությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
12. Յուրաքանչյուր ընդերքօգտագործող ընկերությունում աշխատանքային խմբի կողմից իրականացվող դիտազննությունը չի կարող գերազանցել 12 աշխատանքային օրը:
13. Աշխատանքային խմբի ղեկավարն ընդերքօգտագործող յուրաքանչյուր ընկերությունում դիտազննության ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով դիտազննության արդյունքները, հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
14. Աշխատանքային խմբի նպատակներով պայմանավորված` ընդերքօգտագործող ընկերություններում դիտազննությունների ավարտից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային խումբը կազմում է ամփոփ հաշվետվության նախագիծ:
15. Աշխատանքային խմբի ղեկավարի կողմից կազմված հաշվետվության նախագիծն աշխատանքային խմբի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանրային քննարկումների, որոնց արդյունքներով հաշվետվության նախագիծը կարող է ենթարկվել լրացումների:
16. Հանրային քննարկումներից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարի կողմից հաշվետվությունը կարող է վերախմբագրվել:
17. Աշխատանքային խմբի ղեկավարը հաշվետվությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: