Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ Կ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

040.1183.261018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1183-Լ

 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-371-26.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-371-26.09.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է որպես հավաքն արգելելու հիմք նախատեսել նաև կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում` առանց այդ կազմակերպությունների համաձայնության հավաք անցկացնելը` առաջարկվող փոփոխությունը հիմնավորելով միայն կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքների անցկացումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ, մինչդեռ նշված կարգավորման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը գնահատելու համար հարկ ենք համարում քննարկել հավաքների ազատության ու դրա սահմանափակումների էությունը:

Հավաքների ազատության պաշտպանությունն առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար` հանդիսանալով քաղաքացիական հասարակության կայացման, հասարակության անդամի կողմից հանրության շրջանում իր կարծիքն ազատորեն արտահայտելու, հանրային կարծիքի ձևավորման գործընթացին մասնակցելու և ժողովրդաիշխանության իրականացման անհրաժեշտ նախապայման, հասարակության, նրա առանձին շերտերի ու խավերի և իշխանության միջև երկխոսության գործուն միջոց:

Այս իրավունքի կարևորությունն ընդգծվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է, այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկը, իսկ իշխանությունները որոշակի հանդուրժողականություն պետք է ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատությունը չպետք է զրկվի իր ողջ էությունից (1): Ezelin ընդդ. Ֆրանսիայի գործով, դատարանը վճռել է, որ «խաղաղ հավաքի մասնակցելու ազատությունն [...] այնքան կարևոր է, որ այն որևէ կերպ չի կարող սահմանափակվել, [...] քանի դեռ համապատասխան անձն ինքն այդ հավաքի շրջանակներում չի կատարել որևէ դատապարտելի արարք» (2):

______________________

1) Տես Աշուղյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 17.07.2008 թվականի վճիռը:

2) Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Ezelin ընդդ. Ֆրանսիայի, 1991 թ. ապրիլի 26-ի դատավճիռ, կետ 53:

 

2015 թվականի դեկտեմբերի 6-ին իրականացված Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանվեց, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Նույն հոդվածի 5-րդ մասով նախանշվեցին այն նպատակները, որոնց առկայության դեպքում կարող է սահմանափակվել հավաքների ազատությունը: Մասնավորապես, որպես հավաքների ազատության սահմանափակման նպատակ Սահմանադրության 44-րդ հոդվածով առանձնացվեցին պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Միաժամանակ, Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվեց, որ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

Այսինքն, սահմանադրական բարեփոխումների պահանջն էր «Հավաքների ազատության մասին» օրենքով հստակ նախատեսել այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է սահմանափակվել հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը: Վերը նշված պահանջը սերտորեն փոխկապակցված է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներով ամրագրված` որոշակիության և համաչափության սկզբունքների հետ:

Հաշվի առնելով Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքի էությունը և բովանդակությունը` «Հավաքների ազատության մասին» օրենքում նախատեսվող հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերը պետք է ապահովվեն այդ իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցների պիտանիությունը և անհրաժեշտությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու համար, և բացի այդ անհրաժեշտ է ապահովել սահմանափակման համար ընտրված միջոցների համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը:

Տվյալ դեպքում առաջարկվող հավաքների ազատության արգելքի նպատակը, ինչպես բխում է Նախագծի հիմնավորումներից, հասարակական կարգի պահպանությունն է և կրոնական անհանդուրժողականության վերացումը: Մինչդեռ, ինչպես բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուղենիշներից (3), հասարակական կարգի պահպանության նպատակով արգելքների սահմանումը կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, երբ առկա են ապացույցներ առ այն, որ հավաքի մասնակիցները կարող են իրականացնել կամ դրդել անօրինական և հասարակական կարգը խախտող գործողությունների, և կա այդ գործողությունների տեղի ունենալու հավանականություն:

_______________

3) https://www.osce.org/odihr/73405?download=true

 

Բացի այդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուղենիշների 38-րդ կետի համաձայն` արգելքը վերջին միջոցն է, որի կիրառության հարցը պետք է քննարկել միայն այն դեպքում, երբ նվազ խիստ միջոցառումը չի ապահովի այլ էական շահեր երաշխավորելու առումով իշխանությունների հետապնդած նպատակի իրագործումը: Ավելին, հաշվի առնելով խաղաղ հավաքները պաշտպանելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու` պետության պոզիտիվ պարտականությունը, արգելքը կարող է փաստացի դառնալ պետության պոզիտիվ պարտավորությունների չկատարում:

Ինչ վերաբերում է կրոնական անհանդուրժողականության վերացման նպատակով հավաքի անցկացման արգելքին, ապա «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով այն նախատեսված է որպես հավաքն արգելելու հիմք: Այսպես` հավաքն արգելվում է, եթե հավաքի նպատակը (...) կրոնական ատելություն բորբոքելն է:

Ամփոփելով վերոգրյալը` կարելի է արձանագրել, որ հավաքների ազատության նման արգելքի սահմանումը թեև չի բխում հասարակական կարգի պահպանության նպատակից, այդուհանդերձ այն կարող է հիմնավորված լինել այլոց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության տեսանկյունից: Այսպես, հարկ է նկատել, որ հավաքների անցկացումը կարող է խախտել օրինակ կրոնական ազատության իրավունքը: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ollinger v. Austria (2006) գործով հավաքին չմասնակցող անձանց իրավունքները կարող են խախտվել հավաքի անցկացման հետևանքով, այդպիսի իրավունքներից է կրոնական ազատության իրավունքը: Այդ հիմքով հավաքը արգելելու համար անհրաժեշտ է համոզվել, որ հավաքը անմիջականորեն խաթարում է կրոնական ազատության իրավունքի իրականացումը: Ընդ որում, լիազոր մարմինը նման վտանգի առկայության դեպքում պետք է հավաքի կազմակերպչի հետ քննարկի այլոց իրավունքների խախտումներից խուսափելու տարբերակները: Հետևաբար, Սահմանադրությամբ և «Հավաքների ազատության մասին» օրենքում նախատեսված «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» հիմքով հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը իրավաչափ է` անկախ առաջարկվող հիմքը օրենքում ամրագրելուց:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր եկեղեցիները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված ցանկում, որոնց տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ անցկացվելիք հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ դրույթներ են նախատեսված «Հավաքների ազատության մասին» օրենքի 17-րդ հոդվածով:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, և առաջարկվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը թողնել անփոփոխ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2018
N 1183-Լ
Որոշում