| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
040.1193.261018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1193-Լ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-376-28.09.2018-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-376-28.09.2018-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Նախագծի 1-ին հոդվածում «մայիսի 8-ի» բառերն առաջարկում ենք փոխարինել «ապրիլի 14-ի» բառերով` նկատի ունենալով, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1999 թվականի ապրիլի 14-ին: Առաջարկում ենք նաև հանել «, եռամսյակների» բառը, քանի որ ըստ եռամսյակների ուսման գանձումների դեպքում բուհերի համար կստեղծվեն հնարավոր ֆինանսական բարդություններ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բուհերում ակադեմիական տարին բաղկացած է 2 հիմնական ուսումնական կիսամյակներից` ուսումնական տարվա ընթացքում համապատասխան ուսումնական, քննաշրջանի և պարտադիր արձակուրդների շաբաթներով: Հետևաբար, բուհերի կողմից ուսման վարձավճարների գանձումները, ինչպես նաև ուսանողների տեղափոխության և վերականգնումների գործընթացները (վերջինիս հետ կապված համապատասխան վճարումները` նաև կրեդիտներով պայմանավորված) իրականացվում են ըստ կիսամյակների:
2. Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք միացնել 1-ին հոդվածին` նկատի ունենալով, որ երկու հոդվածներն էլ վերաբերում են օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին: Միաժամանակ, «6-րդ կետից հանել 6-րդ պարբերությունը» բառերն առաջարկում ենք փոխարինել «6-րդ կետի 6-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել» բառերով` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջների:
3. Նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել` համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ի մասի պահանջներին:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ներկայումս վերանայման և լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որից բխող այլ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթում ներառված է նաև «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը` առաջարկվող կարգավորմամբ: