Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

040.1190.261018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1190-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-374-27.09.2018-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-374-27.09.2018-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող` բացառություն նախատեսող դրույթի բովանդակությունից հնարավոր չէ հասկանալ, թե այն օրենսգրքի 4-րդ հոդվածի կոնկրետ որ կարգավորմանն է վերաբերում:

Հարցը դիտարկելով իրավական որոշակիության տեսանկյունից` անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին, որի համաձայն հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս` օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների ու ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, բազմիցս անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին, գտել է, որ օրենքները պետք է լինեն այնպիսին, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն` ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության համար, այնպես էլ` ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (ՍԴՈ-1142, ՍԴՈ-1270):

Օրենքի և իրավական որոշակիության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ իր մի շարք որոշումներում հղում կատարելով նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:»:

Շարադրվածի համատեքստում գտնում ենք, որ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները չեն համապատասխանում օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին, ուստի, առաջարկում ենք օրենքի նախագծի նշված դրույթները խմբագրել:

Այդուհանդերձ, եթե դիտարկենք, որ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող բացառությունը վերաբերում է օրենսգրքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգավորմանը, ապա հայտնում ենք հետևյալը. օրենսգրքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն` տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական ու արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի վրա չի տարածվում սույն հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:

Այսինքն` նշված կարգավորումն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն է ընձեռում ունենալու սեփականության իրավունք տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական ու արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի վրա: Մինչդեռ օրենքի նախագծով նախատեսված լրացման արդյունքում նախատեսվում է սահմանամերձ համայնքներում սահմանափակել նշված իրավունքը:

Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածում սահմանադրական մակարդակում ամրագրված սահմանափակումը բխում է այն ընդհանուր գաղափարախոսությունից, որ սակավահող Հայաստանում հողի նկատմամբ սեփականության հարաբերությունների ձևավորման փուլում շարունակում է առաջնային մնալ պետական անվտանգության հիմնախնդիրը, սակայն հատկանշական է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` միայն հողի սեփականության իրավունքի սահմանափակմանը, հետևաբար, եթե օրենսգրքի գործող կարգավորմամբ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց արդեն իսկ տրվել է սեփականության իրավունք` տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական ու արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի վրա (անկախ նրանից, թե որ համայնքում են դրանք գտնվում), ապա նշված համատեքստում սահմանամերձ համայնքներում վերջիններիս վրա սեփականության իրավունքի համանման սահմանափակում տարածելը գտնում ենք չհիմնավորված:

Միաժամանակ` հարց է առաջանում, թե ինչպես պետք է վարվել այն դեպքերում, երբ օրենսգրքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դրույթների ուժով օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց արդեն իսկ տրվել է սեփականության իրավունք:

2. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 102-րդ հոդվածը լրացնել նոր` 10-րդ մասով, որի համաձայն հողամասի նկատմամբ իրավունքները հարկադրաբար դադարում են դատական կարգով, եթե հողերի օգտագործումը վտանգում է պետության ու հասարակության անվտանգության և սահմանամերձ բնակավայրերի զարգացման համապետական կամ համայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը:

Այս առումով հարկ է հիշեցնել, որ նշված կարգավորման պարագայում օգտագործվող հասկացությունները խնդրահարույց են, քանի որ տվյալ դեպքում պարզ չէ, թե ինչպես, ում կողմից և ինչ մեխանիզմներով է գնահատվելու և դրա հիման վրա որոշվելու` արդյո՞ք, հողի օգտագործումը վտանգում է պետության ու հասարակության անվտանգությունը կամ սահմանամերձ բնակավայրերի զարգացման համապետական կամ համայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը, թե` ոչ:

Նշված համատեքստում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2016 թվականի ՍԴՈ-1322 որոշման մեջ իրավական դիրքորոշումներ է արտահայտել, որ «...իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» և «...իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերության բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի և իրավաչափ:»:

Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով օրենքի նախագծի ընդունումից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2018
N 1190-Լ
Որոշում