| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
040.1200.261018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1200-Լ
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-372-26.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-372-26.09.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ` նկատի ունենալով հետևյալ հանգամանքները.
1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև` օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ: Սույն հոդվածի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետի թեկնածուն: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի` այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ: Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:
Սույն հոդվածի իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով: Այսինքն` կրոնական գործիչներին վարչապետի որոշմամբ կարող է տրամադրվել պետական պահպանություն, որի իրականացումը կարող է հանձնարարվել թե՛ պետական պահպանությունն իրականացնող մարմին հանդիսացող պետական պահպանության ծառայությանը, թե՛ վարչապետի սահմանած մեկ այլ իրավասու պետական մարմնին:
Հարկ է նշել, որ ըստ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանության` նշված անձանց պետական պահպանության ապահովման անհրաժեշտության հարցը թողնված է վարչապետի հայեցողությանը, և պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են` ելնելով անհրաժեշտության չափանիշներից, այսինքն` ելնելով նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից: ՈՒստի հաշվի առնելով վերոգրյալը` պետական պահպանությունից օգտվող անձանց շրջանակը (այդ թվում` կրոնական գործիչների) կարող է վերանայվել` կրճատվել կամ ավելացվել` ելնելով նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից, ինչպես նաև այլ իրավիճակից:
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն` անհրաժեշտությունից ելնելով, վարչապետի որոշմամբ պետական պահպանություն կարող է տրամադրվել ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ նաև մյուս կրոնական գործիչներին, քանի որ օրենքով այդ հնարավորությունն ամրագրվել է բոլորի համար: Այդ առումով գտնում ենք, որ օրենքն առավել ճկուն կարգավորումներ է նախատեսում` տվյալ հարցի կարգավորումը թողնելով վարչապետի հայեցողությանը, որը որոշում է ընդունում` ելնելով կոնկրետ իրավիճակից:
Ամփոփելով, հաշվի առնելով բարձրացված հարցի օրենքով նախատեսված կարգավորումների առկայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, և առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ: