| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
040.1257. 121118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1257-Լ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-398-17.10.2018-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-398-17.10.2018-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականությունը: Համաձայն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ և 16-րդ պարբերությունների` օրենքի կարգավորման առարկան կենդանիների վայրի տեսակների ու դրանց համակեցությունների ամբողջականությունն է:
Օրենքի 15-րդ և 19-րդ հոդվածների կարգավորումները վերաբերում են կենդանական աշխարհի վայրի տեսակներին, մինչդեռ օրենքի նախագծին կից հիմնավորման մեջ խոսքը վերաբերում է «բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման» դեպքերին: Ինչ վերաբերում է օրենքի 15-րդ հոդվածով սահմանված` բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) վայրի կենդանիների առանձին տեսակների թիվը կարգավորող միջոցառումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անցկացմանը, ապա որպես օրինակ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշումը, որի հավելվածում նախատեսված են նաև հրազենով ոչնչացման դեպքեր: Բացի դրանից, օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված է կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս), իսկ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող և ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք:
Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվող լրացման կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ նույն հոդվածի «դ» ենթակետով արգելվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը, ինչն էլ իր հերթին ենթադրում է արգելք` այդ գործողությունների հնարավոր բոլոր ձևերի կիրառման նկատմամբ:
Բացի դրանից, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (մասնավորապես, 92-րդ հոդված) և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (մասնավորապես, 295-րդ հոդված) մի շարք հոդվածներով:
Ելնելով շարադրվածից, գտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկան չեն, և առաջարկվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: