Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

040.1216.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2018 թվականի N 1216-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-381-2.10.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության աշատակազմի

կողմից առանց նշելու հրապարակման օրը: Այս իսկ պատճառով

ԻՐՏԵԿ-ը չի կարող նշել դրա ուժի մեջ մտնելու օրը:

--------------------------------------------------------------

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-381-2.10.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-381-2.10.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ:

1. Նախագծով առաջարկվում է հիփոթեքային բոլոր վարկերի և երեք միլիոն ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը սահմանափակել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի հիսուն տոկոսի չափով: Նախ և առաջ, նախագծով առկա չէ հիմնավորում կամ որևէ հաշվարկ պարտավորությունների` 3 միլիոն դրամի շեմի սահմանման կապակցությամբ: Նախագծով առաջարկվում է տուժանքի հանրագումարի սահմանափակումը հիփոթեքի դեպքում կիրառել անկախ գործարքի գնից: Հարկ է նշել, որ եթե նախագծի ընդհանուր նպատակը ֆիզիկական անձանց կողմից բնակարանի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերի դեպքում տուժանքների սահմանափակումն է, ապա այդ առումով նախագիծը հստակեցման կարիք ունի:

Բացի դրանից, գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումը կարող է խնդրահարույց լինել` հետևյալ հիմնավորումներով`

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ գլխի 2-րդ մասի կարգավորումները վերաբերում են բոլոր տեսակի քաղաքացիաիրավական պայմանագրերից ծագող պարտավորություններին: Այս առումով, հիփոթեքային ու մինչև երեք միլիոն դրամի չափով վարկերի պարագայում ֆինանսական կազմակերպությունների` որպես պայմանագրի կողմի համար հատուկ, առավել խիստ կարգավորում նախատեսելը խտրական բնույթ ունի, ինչը կարծում ենք` հիմնավոր չէ,

2) նախագիծը հատուկ կարգավորում է առաջարկում միայն երկու առանձին տեսակի վարկերի համար: Սա կարող է նշանակել, որ քաղաքացիական օրենսգրքով յուրաքանչյուր վարկատեսակի համար հնարավոր է նախատեսել կարգավորման առանձնահատկություններ, ինչը մեր կարծիքով նպատակահարմար չէ,

3) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածն իր ներկա խմբագրությամբ ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 8-ին (2018 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-319-Ն օրենք): 2018 թվականի մայիսի 22-ին ուժի մեջ է մտել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը: Դրանց հիմնական նպատակը սպառողների շահերի պաշտպանության ավելի բարձր մակարդակ, այդ թվում` ֆինանսական կազմակերպությունների կողմից սպառողի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների էական սահմանափակումներ սահմանելն է: Նման կարճ ժամանակահատվածում ֆինանսական կազմակերպությունների համար կրկին էական խստացնող կարգավորումներ սահմանելը հնարավոր է դիտարկվի որպես ազդակ վերջիններիս առ այն, որ մոտ ապագայում այսպիսի խստացումները լինելու են շարունակական: Կարծում ենք, որ այդպիսի հնարավոր ազդակը կարող է խնդրահարույց լինել նախ իրավական կարգավորումների կանխատեսելիության առումով, ինչի արդյունքում ֆինանսական կազմակերպությունները հնարավորություն չեն ունենա նույնիսկ մեկ տարվա ժամկետային հատվածում կանխատեսել ու կարգավորել իրենց վարքագիծը: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ անընդհատ խստացումները կարող են մեկնաբանվել նաև որպես անհամաչափ միջամտություն քաղաքացիաիրավական հարաբերությունների ազատ կարգավորմանն ու պայմանագրի ազատության սկզբունքին: Կարծում ենք, որ 372-րդ հոդվածում նոր փոփոխություններ նպատակահարմար կլինի նախաձեռնել դրանում կատարված և ուժի մեջ մտած վերջին փոփոխությունները բավարար ժամանակ կիրառվելու և կարգավորման ազդեցության գնահատման արդյունքները վերլուծելու հիման վրա,

4) տուժանքի հիմնական նպատակը վարկառուի պատշաճ վարքագծի ապահովումն է առ այն, որ վերջինս ժամանակին կատարի վարկը մարելու իր պարտավորությունը: Հետևաբար, կարծում ենք, որ տուժանքի չափերի անընդհատ ու արագ սահմանափակումը նաև կխրախուսի պարտավորությունները չկատարելու անպարտաճանաչ վարքագիծը, քանի որ վարկառուն առավել նվազ կաշկանդված կլինի հնարավոր բացասական հետևանքների վրա հասնելու հանգամանքով: Իսկ եթե հաշվի առնենք, որ բանկերը որպես կանոն վարկավորվում իրականացնում են քաղաքացիներից ներգրավված ավանդների հաշվին, ապա վարկային պարտավորությունների չկատարումը վտանգում է ավանդների վերադարձելիությունը, ինչը ֆինանսական կայունության համար ամենամեծ ռիսկերից մեկն է,

5) փոքր վարկերի (այդ թվում` ապառիկի տրամադրման վարկերը) տրամադրման ու սպասարկման ծախսերի տեսակարար կշիռն ավելի բարձր է այլ վարկատեսակների հետ համեմատության պարագայում: Եթե վարկառուի պատշաճ վարքագիծը ապահովելու ֆինանսական կազմակերպությունների գործիքների արդյունավետությունը նվազի, ապա նրանք կարող են անհրաժեշտաբար վերանայել առավել ծախսատար հանդիսացող փոքր վարկերի մատչելիությունն ու պայմանները` ի վնաս վարկառուների,

6) օրենսգրքի 372.1-ին հոդվածի 3-րդ մասը նախատեսում է ընթացակարգ, երբ ֆինանսական կազմակերպությունը կարող է համաձայնություն կնքել պարտավորությունը խախտած վարկառուի հետ` վերջինիս տրամադրելով հնարավորինս երկար ժամկետ և չբռնագանձի գրավի առարկան, որպեսզի վարկառուն կարողանա կատարել իր պարտավորությունները առանց իր գրավ դրված գույքը կորցնելու: Նախագծով առաջարկվող տուժանքի չափի պարագայում հնարավոր է, որ ֆինանսական կազմակերպությունը վարկառուների հետ այլևս չկնքի այդպիսի համաձայնություններ: Մինչդեռ կարծում ենք, որ հատկապես հիփոթեքային վարկերի պարագայում վարկառուների համար առավել կարևոր է գրավի առարկան, տվյալ դեպքում` բնակարանը պահպանելը:

Ամփոփելով վերոգրյալը` առաջարկում ենք նախագիծը քննարկել թվարկված խնդիրների լույսի ներքո, քանի որ դրանց անտեսումը կարող է հանգեցնել վարկերի վերադարձելիության մակարդակի նվազեցմանը, վարկավորման մատչելիության սահմանափակմանը, վարկավորման տոկոսների, պայմանների վատթարացմանը` արդյունքում իրավիճակը դարձնելով սպառողի համար ավելի անբարենպաստ և էական ռիսկեր առաջացնելով ֆինանսական կայունության ու ֆինանսական համակարգի բնականոն գործունեության համար:

2. Նախագծով սահմանված կարգավորումներն անհրաժեշտություն են առաջացնում համապատասխանեցնելու բանկային գործարքների կնքմանն ուղղված պայմանագրերը և ծրագրային լուծումները, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ եթե սահմանված իրավակարգավորումները վատթարացում են անձի իրավական վիճակը: Հետևաբար, անհրաժեշտ է շահագրգիռ անձանց հետ քննարկումների արդյունքում սահմանել օրենքի ուժի մեջ մտնելու առավել ողջամիտ և երկար ժամկետ:

3. Նախագծով առաջարկվում է որպես տուժանքի չափի նվազեցման հիմք` նախատեսել տուժանքի` պարտավորության խախտման հետևանքներին ակնհայտ անհամապատասխանությունը: Այս առումով հարկ է նշել, որ տուժանքի` պարտավորության խախտմանն ակնհայտ անհամապատասխանությունը Օրենսգրքի 372-րդ հոդվածի գործող խմբագրությամբ հանդես է գալիս որպես տուժանքի չափի նվազեցման պայման և ոչ թե հիմք: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նմանատիպ կարգավորում գոյություն է ունեցել մինչև վերը նշված ՀՕ-319-Ն օրենքի ընդունումը: Այդ օրենքի ընդունմամբ, ի թիվս այլոց ներդրվեցին հետևյալ սկզբունքները`

- Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը,

- Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

Օրենսդիրը, մեր կարծիքով, իրավաչափորեն գնահատեց, որ, ըստ էության, արդեն սահմանել է տուժանքի համաչափ ու ողջամիտ շեմ: Հետևաբար, դատարանը կամ Հաշտարարն այլևս իրենց հերթին չեն կարող ունենալ ողջամիտ ու իրավաչափ հիմք պարտավորության խախտման հետևանքների անհամաչափության երկակի ստանդարտներ կիրառելու: Կարծում ենք, որ կարևոր հանգամանք է հանդիսանում նաև այն, որ տուժանքի չափը պակասեցնելու պահանջով դատարանին կամ Հաշտարարին դիմելու անսահմանափակ իրավունքի նախատեսումը կխրախուսի հատկապես անպարտաճանաչ վարկառուներին օգտվել այդ հնարավորությունից, չարաշահելով իրենց իրավունքները: Դա անխուսափելիորեն կհանգեցնի թե` դատարանների, թե՛ Հաշտարարի ծանրաբեռնվածության էական ավելացմանը: Ընդ որում, և՛ հիփոթեքային վարկերի, և՛ երեք միլիոն ՀՀ դրամը չգերազանցող վարկերի պարագայում հնարավոր հետևանք կարող է լինել վարկավորման պայմանների (տոկոսներ, վարկի տրամադրման ծախս և այլն) վատթարացումը, քանի որ ֆինանսական կազմակերպությունները ստիպված կլինեն հնարավոր դատական գործընթացների անխուսափելիության հանգամանքը ևս հաշվի առնել իրենց ռիսկերը գնահատելիս:

Ի լրումն նշվածի` առաջարկում ենք նախագծի այդ փոփոխությունը քննարկել նաև ստորև բերված փաստարկների լույսի ներքո`

- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել: Կարծում ենք անորոշ է, թե դատարանը կամ Հաշտարարը ինչ ողջամիտ ու իրավաչափ չափանիշի հիման վրա է որոշելու պարտավորության խախտման հետևանքներին անհամաչափությունը,

- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 3-րդ մասն այնուամենայնիվ նախատեսում է նման հնարավորություն, որոշ սոցիալական խմբերի ու անհաղթահարելի ուժի հետևանքով պարտավորության չկատարման դեպքերի համար:

4. Հաշվի առնելով նախագծի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) տուժանքի չափի սահմանափակման հետ կապված կարգավորումների համակարգային կապը, որոշակի հստակեցումների անհրաժեշտություն է առաջանում: Այսպես.

1) Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասությունից պարզ չէ, թե այն վերաբերում է միայն դրամական, թե նաև ոչ դրամական պարտավորություններին: Այս առումով հարկ է նշել, որ տվյալ նորմի կիրառման պրակտիկան ցույց է տալիս, որ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասությունը կիրառելի է միայն դրամական պարտավորությունների նկատմամբ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր իրացնել հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասությամբ սահմանված նորմը` պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը չգերազանցելու առումով: Հետևաբար, առաջարկում ենք նախագծի շրջանակներում նախատեսել, որ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասությունը կիրառելի է միայն դրամական պարտավորությունների նկատմամբ, ինչպես նաև սահմանել ոչ դրամական պարտավորությունների նկատմամբ հաշվարկվող տուժանքների սահմանաչափ սահմանող մեխանիզմներ,

2) Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործված «տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումար» հասկացությունը անորոշ է այն առումով, որ թույլ չի տալիս ֆիքսելու տուժանքի չափի և պարտքի գումարի հարաբերակցությունը այն դեպքերում, երբ խախտված պարտավորությունը մասնակի կատարվում է, և պարտքի չափը նվազում է: Տվյալ պարագայում պարզ չէ` տուժանքի առավելագույն չափը պարտքի ո՞ր մասի հարաբերությամբ պետք է դիտարկվի: Նշված խնդիրը լուծելու նպատակով առաջարկում ենք Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսել, որ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պայմանագրից բխող պարտավորության առաջին խախտման պահին առկա պարտքի հիմնական գումարը: Ընդ որում, այդ դիտարկումը վերաբերելի է նաև նախագծին,

3) հաշվի առնելով, որ վարկային կազմակերպությունների և գրավատների գործունեությունը կարգավորվում է «Վարկային կազմակերպությունների մասին» և «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, առաջարկում ենք նշված օրենքների համապատասխան դրույթները նույնպես ներառել նախագծի 1-ին հոդվածի 1.1-ին մասում: Միաժամանակ, նախագծի նշված մասում առաջարկում ենք «Բանկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով,

4) միևնույն ժամանակ, կարևորելով սպառողների շահերի պաշտպանության խնդիրը, առաջարկում ենք քննարկել Օրենսգրքի 372-րդ հոդվածում մեկ այլ փոփոխության կատարումը` դրա էական բարելավման ուղղությամբ: Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափի քառապատիկը` 48 տոկոսը, նախատեսել է որպես տուժանքի տարեկան առավելագույն չափ: Օրենսգրքի նորմի այսպիսի ձևակերպումը ֆինանսական կազմակերպություններին կարող է հնարավորություն ընձեռնել տուժանքի վերին շեմը պայմանագրով սահմանել հենց 48 տոկոսի չափով, սակայն, տուժանքը գանձել, օրինակ, պարտավորության խախտման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում: Մինչդեռ, սպառողի շահերի պաշտպանության տեսանկյունից իրավաչափ ու ողջամիտ կլինի, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից տուժանքի այդ տարեկան չափը կիրառվի պարտավորության չկատարման (վարկի մարման կետանցի) յուրաքանչյուր օրվա համար, որտեղ մեկ կետանցի օրվա համար տուժանքի չափը կհաշվարկվի 48 տոկոս տարեկան չափը տարվա օրերի ընդհանուր քանակին բաժանելու և մեկ օրվա տուժանքի առավելագույն չափը օրենքով հստակ սահմանելու միջոցով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2018
N 1216-Լ
Որոշում