ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
3 փետրվարի 2026 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ. 1-ԻՆ ՓՈՒԼ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով.
նախագահող` Արման Դիլանյանի (զեկուցող),
դատավորներ` Արտակ Զեյնալյանի,
Հրայր Թովմասյան
Դավիթ Խաչատուրյանի,
Երվանդ Խունդկարյանի,
Հովակիմ Հովակիմյանի,
Էդգար Շաթիրյանի
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի,
մասնակցությամբ` (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության ջրային
կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1770-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության` 2025 թվականի դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին և սեպտեմբերի 18-ին` Համաձայնագրի 1-ին հավելվածով սահմանված նախագծին (այսուհետ` Նախագիծ) աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:
Համաձայն Համաձայնագրի 1-ին հավելվածի` Նախագիծը MPA (բազմափուլ ծրագրային մոտեցմամբ ծրագիր, որը նախատեսված է Հայաստանի ընտրված տարածքներում ապահովելու բարելավված ոռոգման ծառայությունների և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հասանելիություն) ծրագրի փուլ է:
2. Համաձայնագրով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է Նախագծի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել յոթանասուն միլիոն չորս հարյուր հազար (70,400,000) ևրոյի չափով գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով (Վարկ): Վարկային միջոցների մասհանումների վերջնաժամկետը 2031 թվականի հունիսի 30-ն է:
Նախագծի նպատակն է ապահովել արդյունավետ և ֆինանսապես կայուն ոռոգման և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման ծառայությունների բարելավված հասանելիություն Հայաստանի ընտրված տարածքներում:
3. Համաձայնագիրն ունի դրա անբաժանելի մասը կազմող երեք հավելված և մեկ առդիր` Հավելված 1. «Նախագծի նկարագրությունը», Հավելված 2. «Նախագծի իրականացում», Հավելված 3. «Պարտավորությունների հետ կապված մայր գումարի հերթական մարման ժամանակացույց» և Առդիր:
Նախագիծը կազմված է չորս մասերից. Մաս 1. «Ջրային ոլորտի բարեփոխումներ և ինստիտուցիոնալ ամրապնդում», Մաս 2. «Գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում», Մաս 3. «Ոռոգման ենթակառուցվածքների և համակարգի կառավարման արդիականացում» և Մաս 4. «Նախագծի կառավարում»:
4. Համաձայնագրով սահմանվում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 14-ի «ՎԶՄԲ ֆինանսավորման, ներդրումային նախագծի ֆինանսավորման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ընդհանուր պայմանները» (Ընդհանուր պայմաններ, վերջին անգամ վերանայվել է 2023 թվականի հուլիսի 15-ին) վերաբերում են Համաձայնագրին և դրա մասն են կազմում:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
5.1. բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան նախատեսված չէ Ընդհանուր պայմանների 2.07(բ) բաժնում` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո ոչ ուշ, քան վաթսուն (60) օրվա ընթացքում, Բանկին վճարել Վարկի գումարի առաջնային վճար` Վարկի գումարի մեկ քառորդ տոկոս (0.25%) դրույքաչափով (հոդված II, բաժին 2.03 և Առդիր, բաժին II, կետ 1, փոփոխված 3.01(ա) բաժին),
5.2. Բանկին վճարել Վարկի չելքագրված մնացորդի տարեկան մեկ քառորդ տոկոսի (0.25%) չափով պարտավորության վճար, որն հաշվարկում է Վարկային համաձայնագրի կնքման ամսաթվից կամ Բանկի կողմից Վարկի հաստատման օրվանից չորս տարին լրանալու օրվանից, որն ավելի ուշ ամսաթիվ է, մինչև համապատասխան ամսաթվերը, երբ Հայաստանի Հանրապետության կողմից գումարները ելքագրվում են Վարկային հաշվից կամ չեղարկվում. և Ընդհանուր պայմանների 2.07(գ) բաժնում այլ բան նախատեսված չլինելու դեպքում` Պարտավորության վճարը վճարել կես տարին մեկ անգամ` յուրաքանչյուր վճարման օրը (հոդված II, բաժին 2.04 և Առդիր, բաժին II, կետ 1, փոփոխված 3.01(բ) բաժին),
5.3. Բանկին վճարել տոկոսադրույք, որը բազային տոկոսադրույքն է` գումարած փոփոխական սպրեդը կամ այնպիսի դրույք, որը կարող է կիրառվել փոխարկումից հետո. ենթակա է Ընդհանուր պայմանների 3.02(ե) բաժնին (հոդված II, բաժին 2.05),
5.4. յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին` սկսած 2035 թվականի հուլիսի 15-ից մինչև 2045 թվականի հունվարի 15-ը, մարել Վարկի մայր գումարը 5% վճարաչափով (հոդված II, բաժիններ 2.06, 2.07 և հավելված 3),
5.5. հայտարարել Նախագծի և MPA ծրագրի նպատակներին հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, և այդ նպատակին հասնելու համար Նախագիծն իրականացնել Համաձայնագրի Ընդհանուր պայմանների V հոդվածի և 2-րդ հավելվածի դրույթների համաձայն (հոդված III, բաժին 3.01),
5.6. Նախագծի իրականացման ընդհանուր պարտականությունները վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (ՏԿԵՆ) կից ՋԿ-ին, ներառյալ` ՋԿ-ի ենթակայության ներքո գործող լիազոր մարմնի նշանակումը` Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրեր կնքելու նպատակով (հավելված 2, բաժին I, մաս Ա, կետ 1),
5.7. ստեղծել և Նախագծի իրականացման ողջ ընթացքում պահպանել Նախագծի Ղեկավար կոմիտե, որը նախագահում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը, և որն անհրաժեշտության դեպքում ներառում է Ֆինանսների նախարարության, ՏԿԵՆ-ի, ՋԿ-ի, Էկոնոմիկայի նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության և այլ համապատասխան ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների և տեղական և տարածաշրջանային մարմինների ներկայացուցիչների և որը պատասխանատու է բարձր մակարդակի ռազմավարական որոշումների կայացման, միջգերատեսչական համագործակցության և համակարգման աջակցման, ինչպես նաև Նախագծի ընդհանուր առաջընթացի վերահսկման և մշտադիտարկման համար (հավելված 2, բաժին I, մաս Ա, կետ 2),
5.8. ՋԿ-ի ենթակայության ներքո ստեղծել և Նախագծի իրականացման ողջ ընթացքում պահպանել Նախագծի իրականացման խումբ (ՆԻԽ), որը պատասխանատու է Նախագծի իրականացման և հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև Տարեկան աշխատանքային պլանը նախապատրաստելու համար, որը ղեկավարում է ծրագրի ղեկավարը, և որը ներառում է Նախագծի Մասերի համակարգողների, ոռոգման ինժեներների, ջրամատակարարման և ջրահեռացման ինժեներների, բնապահպանության և սոցիալական ոլորտի մասնագետների, այդ թվում` առնվազն բնապահպանության մասնագետի, սոցիալական ոլորտի մասնագետի, աշխատանքի առողջության և անվտանգության մասնագետի, գենդերային ոլորտի մասնագետի և համայնքի իրազեկման մասնագետի, ֆինանսական կառավարման մասնագետների, գնումների մասնագետների, և ԱՏՀ և հեռազննման մասնագետի և Նախագծի գործառնական ձեռնարկով նախատեսված այլ մասնագետների (հավելված 2, բաժին I, մաս Ա, կետ 3),
5.9. ընդունել և պահպանել Նախագծի գործառնական ձեռնարկ (ՆԳՁ)` Բանկի համար ընդունելի ձևով, բովանդակությամբ և եղանակով, այնուհետև Նախագծի իրականացման ողջ ընթացքում Նախագիծն իրականացնել նշված ձեռնարկի համաձայն, որը ներառում է Համաձայնագրի 2-րդ հավելվածի I բաժնի Բ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգերը (հավելված 2, բաժին I, մաս Բ, կետ 1),
5.10. բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը գրավոր այլ համաձայնություն է տալիս չփոփոխել, չեղյալ չհայտարարել ՆԳՁ-ի որևէ դրույթ կամ չհրաժարվել դրանից կամ չթույլատրել փոփոխել, չեղյալ հայտարարել ՆԳՁ-ի որևէ դրույթ կամ հրաժարվել դրանից (հավելված 2, բաժին I, մաս Բ, կետ 2),
5.11. ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային տարվա հոկտեմբերի 30-ը, Բանկի քննարկմանը ներկայացնելու համար պատրաստել և Բանկին տրամադրել գործողությունների աշխատանքային պլանի նախագիծը, որը հաջորդ օրացուցային տարվա ընթացքում առաջարկվում է ընդգրկել Նախագծում, որը ներառում է Նախագծի բոլոր գործողությունները և ծախսերը, որոնք հաջորդ օրացուցային տարում առաջարկվում են ընդգրկել Նախագծում, ներառյալ` բոլոր ծախսերի ֆինանսավորման աղբյուրների և Հավելված 2-ի 1.Զ բաժնի դրույթների համաձայն ձեռնարկված կամ նախատեսված բնապահպանական և սոցիալական ռիսկերի և ազդեցության կառավարման միջոցառումների հստակեցումը (հավելված 2, բաժին I, մաս Գ, կետ 1),
5.12. Բանկին ողջամիտ հնարավորություն ընձեռել վերանայելու առաջարկված յուրաքանչյուր պլան և բյուջե, այնուհետև ապահովել, որ Նախագիծն իրականացվի պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ` համաձայն Բանկի կողմից հաստատված աշխատանքային պլանի (Տարեկան աշխատանքային պլան) (հավելված 2, բաժին I, մաս Գ, կետ 4),
5.13. Նախագծի 2.2(բ) մասն իրականացնելիս ապահովել, որ Վարկի միջոցներից ֆինանսավորվող ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավումները համապատասխանեն ՆԳՁ-ում նշված չափանիշներին, որոնք ներառում են 2-րդ հավելվածի I բաժնի Դ մասի 1-ին կետով սահմանված չափանիշները (հավելված 2, բաժին I, մաս Դ, կետ 1),
5.14. ընտրված ոռոգման համակարգերի վերականգնում կամ արդիականացում Նախագծի 3.1(բ) մասն իրականացնելիս ապահովել, որ Վարկի միջոցներից ֆինանսավորվող ընտրված ոռոգման համակարգերի վերականգնումը կամ արդիականացումը համապատասխանի ՆԳՁ-ում նշված չափանիշներին, որոնք սահմանված են 2-րդ հավելվածի I բաժնի Դ մասի 2-րդ կետով (հավելված 2, բաժին I, մաս Դ, կետ 2),
5.15. Նախագծի 1.2(գ) մասի իրականացման նպատակով ոչ ուշ, քան 2030 թվականի հունիսի 30-ը, ներգրավել և դրանից հետո Նախագծի իրականացման ընթացքում մշտապես պահել Անկախ Ստուգման Գործակալ` որակավորումներով և փորձով և Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքով` տվյալներն ու այլ ապացույցներ ստուգելու նպատակով, որոնք հաստատում են մեկ կամ մի քանի ԱՀՊ-ների ձեռքբերումը, ինչպես նշված է 2-րդ հավելվածի հավելումի աղյուսակում, և Հայաստանի Հանրապետությանը առաջարկում է համապատասխան վճարումներ կատարել յուրաքանչյուր ԱՀՊ-ի համար` համաձայն ՆԳՁ-ում սահմանված ստուգման արձանագրության, ինչպես նաև պահանջել Անկախ Ստուգման Գործակալից, համաձայն ստուգման արձանագրության, իրականացնելու ԱՀՊ-ների ձեռքբերման մակարդակի ստուգում և պատրաստել և Հայաստանի Հանրապետությանը տրամադրել համապատասխան ԱՀՊ-ների ձեռքբերումների կարգավիճակի վերաբերյալ հաշվետվությունները (հավելված 2, բաժին I, մաս Ե, կետ 1),
5.16. 2-րդ հավելվածի I բաժնի Ե մասի 1(ա) պարբերության համաձայն` մինչև Անկախ Ստուգման Գործակալի նշանակումը ստուգման ծառայությունների անհրաժեշտություն դեպքում, հաստատել համապատասխան միջանկյալ պայմանավորվածություն, որն ընդունելի է Բանկի համար և Բանկի կողմից գրավոր հաստատվել է ԱՀՊ-ների ձեռքբերումը ստուգելու համար (հավելված 2, բաժին I, մաս Ե, կետ 2),
5.17. ապահովել, որ Նախագիծն իրականացվի Բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխան` Բանկի համար ընդունելի ձևով (հավելված 2, բաժին I, մաս Զ, կետ 1),
5.18. չսահմանափակելով 2-րդ հավելվածի I բաժնի Զ մասի 1-ին պարբերությունը` ապահովել, որ Նախագիծն իրականացվի Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի (ԲՍՀՊ) համաձայն` Բանկի համար ընդունելի ձևով, այդ նպատակով ապահովել, որ ԲՍՀՊ-ում նշված միջոցառումներն ու գործողություններն իրականացվեն պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ, ինչպես նախատեսված է ԲՍՀՊ-ում, առկա լինեն բավարար միջոցներ` ԲՍՀՊ-ի իրականացման ծախսերը հոգալու համար, պահպանվեն քաղաքականություններն ու ընթացակարգերը և համապատասխան թվով որակավորված և փորձառու անձնակազմը` ԲՍՀՊ-ի իրականացման համար, ինչպես նախատեսված է ԲՍՀՊ-ում և ԲՍՀՊ-ն կամ դրա որևէ դրույթ չփոփոխվի, ուժը կորցրած չճանաչվի, չկասեցվի կամ չեղարկվի` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը գրավոր այլ համաձայնություն է տալիս, ինչպես նշված է ԲՍՀՊ-ում, և ապահովի, որ ԲՍՀՊ-ն վերանայումից հետո անհապաղ հրապարակվի (հավելված 2, բաժին I, մաս Զ, կետ 2),
5.19. ապահովել, որ ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ԲՍՀՊ-ում նշված հաճախականությամբ, ինչպես նաև առանձին հաշվետվությունում կամ հաշվետվություններում, եթե դա պահանջվում է Բանկի կողմից, հավաքագրելու, կազմելու և Բանկին տրամադրելու համար տեղեկություններ ԲՍՀՊ-ի և դրանում նշված բնապահպանական և սոցիալական գործիքների համապատասխանության կարգավիճակի մասին, բոլոր այդպիսի հաշվետվությունները` Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, ի թիվս այլնի` ԲՍՀՊ-ի իրականացման կարգավիճակը, պայմանները, եթե այդպիսիք կան, որոնք խոչընդոտում կամ սպառնում են խոչընդոտել ԲՍՀՊ-ի իրականացումը, և ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ձեռնարկվել են, կամ պահանջվում է ձեռնարկել նման պայմանները հասցեագրելու համար, ինչպես նաև ապահովել, որ Բանկն անհապաղ ծանուցվի Նախագծի հետ կապված ցանկացած միջադեպի կամ արտակարգ իրավիճակի մասին, որն ունի կամ կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի, ազդակիր համայնքների, հասարակության կամ աշխատողների վրա` համաձայն ԲՍՀՊ-ի, դրանում նշված բնապահպանական և սոցիալական գործիքների և Բնապահպանական և սոցիալական ստանդարտների (հավելված 2, բաժին I, մաս Զ, կետ 4),
5.20. ստեղծել, հրապարակել, պահպանել և գործարկել բողոքարկման մատչելի մեխանիզմ` ստանալու և հեշտացնելու Նախագծի ազդակիր մարդկանց մտահոգությունների և բողոքների լուծումը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և նպատակահարմար միջոցները` Բանկի համար ընդունելի ձևով` հասցեագրելու կամ հեշտացնելու համար այդպիսի մտահոգությունները և բողոքները (հավելված 2, բաժին I, մաս Զ, կետ 5),
5.21. ապահովել, որ Նախագծի շրջանակներում քաղաքացիական աշխատանքների համար նախատեսված բոլոր մրցութային փաստաթղթերը և պայմանագրերը ներառեն կապալառուների, ենթակապալառուների և վերահսկող մարմինների պարտավորությունը` համապատասխանեցնելու ԲՍՀՊ-ի համապատասխան ասպեկտներին և դրանում նշված բնապահպանական և սոցիալական գործիքներին և ընդունելու և կիրառելու վարքագծի կանոններ, որոնք պետք է տրամադրվեն և ստորագրվեն բոլոր աշխատողների կողմից` մանրամասնելով բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության ռիսկերը, ինչպես նաև սեռական շահագործման և բռնության, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնության ռիսկերը, որոնք կիրառելի են նշված պայմանագրերի համաձայն պատվիրված կամ իրականացվող քաղաքացիական աշխատանքների համար (հավելված 2, բաժին I, մաս Զ, կետ 6),
5.22. Բանկին ներկայացնել Նախագծի յուրաքանչյուր հաշվետվություն յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ (45) օր հետո` ընդգրկելով օրացուցային կիսամյակը (հավելված 2, բաժին II, մաս Ա),
5.23. մինչև Բանկի և Հայաստանի Հանրապետության միջև գրավոր համաձայնեցված ամսաթիվը պատրաստել և Բանկին ներկայացնել միջնաժամկետ հաշվետվություն այն մանրամասնությամբ, ինչպես ողջամտորեն պահանջում է Բանկը` փաստաթղթավորելով Նախագծի իրականացման առաջընթացը նման հաշվետվության ամսաթվին նախորդող ժամանակաշրջանում, հաշվի առնելով Համաձայնագրի հիման վրա իրականացված մշտադիտարկման և գնահատման գործողությունների իրականացումը, այդ օրվան հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նպատակներին հասնելու նպատակով, ինչպես նաև Բանկի հետ միասին ուսումնասիրել այդ միջնաժամկետ հաշվետվությունը` ոչ ուշ, քան այն ներկայացնելուց իննսուն (90) օր հետո, և այնուհետև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Նախագծի շարունակական արդյունավետ իրականացումն ու նպատակին հասնելն ապահովելու համար` հիմնվելով միջնաժամկետ հաշվետվության եզրակացությունների և առաջարկությունների վրա և տվյալ հարցի վերաբերյալ Բանկի տեսակետի վրա (հավելված 2, բաժին II, մաս Բ),
5.24. 2-րդ հավելվածի III բաժնի Ա մասի դրույթներից անկախ` չկատարել ելքագրում մինչև ստորագրության ամսաթիվը կատարված վճարումների համար, կամ Կատեգորիա 2-ի համաձայն` 2-րդ հավելվածի հավելումում նշված յուրաքանչյուր ԱՀՊ-ի նկատմամբ, որի համար Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ելքագրման հայտ` բացառությամբ այն դեպքերի, քանի դեռ և մինչև Հայաստանի Հանրապետությունը Բանկին չի ներկայացրել 2-րդ հավելվածի III բաժնի Բ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերը (հավելված 2, բաժին III, մաս Բ, կետ 1),
5.25. մինչև հատկացման վերջնաժամկետը կամ դրանից առաջ Բանկին բավարար ապացույց չտրամադրելու դեպքում այն մասին, որ Կատեգորիա 2-ի հետ կապված ԱՀՊ-ները կատարվել են, Բանկի ծանուցմամբ անհապաղ Բանկին վերադարձնել այդ Կատեգորիա 2-ի հետ կապված ելքագրված Վարկի մնացորդը (հավելված 2, բաժին III, մաս Բ, կետ 3):
6. Համաձայնագրի 2-րդ հավելվածի III բաժնի Ա մասի աղյուսակում սահմանվում է Վարկի միջոցների ելքագրման յուրաքանչյուր կատեգորիա (Կատեգորիա), այդ թվում` Հատկացման Վարկի գումարը (արտահայտված ևրոյով), ինչպես նաև Ֆինանսավորվող ծախսերի տոկոսը (բացառությամբ հարկերի):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Ա. Դիլանյան
3 փետրվարի 2026 թվականի
ՍԴՈ-1815
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ. 1-ԻՆ ՓՈՒԼ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1815 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2026 թվականի փետրվարի 3-ի ՍԴՈ-1815 որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2026 թվականի փետրվարի 3-ի ՍԴՈ-1815 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը:
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է:
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար` հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի` ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ` հատուկ կարծիք շարադրելը: Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու` իմ` որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը:
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում: Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2026 թվականի փետրվարի 3-ի ՍԴՈ-1815 որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել` անկախ այդ որոշման բովանդակությունից:
Այսպես` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը: Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ:
i
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ` ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված` հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները` գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված` էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան:
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը: Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը:
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն:
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում` էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին:
i
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ` ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված` հատուկ կարծիքներում վկայակոչված` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից` կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն` առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է` դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից:
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը` պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ` ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված:
Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր: Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը` առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:
Դատավոր` Ե. Խունդկարյան
3 փետրվարի 2026 թ.
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 4 փետրվարի 2026 թվական: