Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332-ՐԴ, 337-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ՇԴ/5144/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/5144/02/19        2022 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Ա. Պետրոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Մարտին Դիլանյանից, Ռիտա Աղայանից և Անի Գյուլբուդաղյանից համապարտության կարգով բռնագանձել 3.470.108 ՀՀ դրամ և Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը:

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 14.06.2021 թվականի վճռով հայցը` Ռիտա Աղայանի և Անի Գյուլբուդաղյանի մասով, բավարարվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը` Մարտին Դիլանյանի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2021 թվականի որոշմամբ Ռիտա Աղայանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 14.06.2021 թվականի վճիռը` Ռիտա Աղայանին և Անի Գյուլբուդաղյանին վերաբերող մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Նվեր Ներսիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ, 880-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 59-րդ, 62-րդ, 74-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ, 340-րդ, 436-րդ, 437-րդ, 448-րդ և 468-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռիտա Աղայանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիմքում դրվել էին միայն այն հիմնավորումները, որ Դատարանն անհիմն կերպով է մերժել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և չի իրականացրել ապացույցների գնահատում:

Հիմնավոր համարելով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժման ենթակա լինելու կապակցությամբ վճռում արված պատճառաբանությունները` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և անդրադարձել է վարկառուի մահից հետո նրա ժառանգներին պահանջ ներկայացված չլինելու հիմքով հիմնական պարտավորության, ուստիև երաշխավորության դադարած լինելու հարցերի քննարկմանը:

Վերաքննիչ դատարանը բողոքարկված որոշման մեջ չի նշել, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի որ մասի և/կամ կետի կիրառմամբ է բեկանել Դատարանի վճիռը: Եթե անգամ Վերաքննիչ դատարանն առաջնորդվել է դատական ակտն անվերապահ բեկանելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով, ապա անտեսել է, որ պատասխանողները զրկված չեն եղել գործի քննության ընթացքում նշված հարցերի կապակցությամբ իրենց դիրքորոշումը Դատարանին հայտնելու հնարավորությունից: Մինչդեռ նշված հարցերի շուրջ ինչպես Դատարանում, այնպես էլ վերաքննիչ բողոքում որևէ դիրքորոշում չեն հայտնել, ուստի դրանք ենթակա չէին վերաքննության կարգով քննության, առավել ևս չէին կարող մեկնաբանվել ի վնաս Բանկի, քանի որ Բանկի վրա դրված չի եղել այդպիսի փաստ ապացուցելու պարտականություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գործում առկա չէ պատասխանող Մարտին Դիլանյանի մահից հետո նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունած լինելու փաստը հաստատող որևէ ապացույց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 14.06.2021 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը Դատարանի 30.10.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1, գ.թ. 2-4):

2) 23.01.2019 թվականին Գյումրու ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրված թիվ ԲԱ075609 մահվան մասին պետական վկայականի համաձայն` Մարտին Դիլանյանը մահացել է 18.01.2019 թվականին:

3) Դատարանի 14.06.2021 թվականի վճռով հայցը` Ռիտա Աղայանի և Անի Գյուլբուդաղյանի մասով, բավարարվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը` Մարտին Դիլանյանի մասով, կարճվել է:

Ռիտա Աղայանը Դատարանի 14.06.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճիռը պատճառաբանված չլինելու և հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի կողմից սխալ լուծված լինելու հիմնավորումներով (հատոր 2, գ.թ. 28-36):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Չնայած նրան, որ դատաքննության հավասարության և մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) կողմից` 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպ, համաձայն որի` լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, հետևողականորեն իր վճիռներում բացահայտել է նաև այդ սկզբունքների բովանդակությունը, ըստ որի` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով ՄԻԵԴ-ի 17.10.1993 թվականի վճիռը, «30-35):

Սահմանադրական դատարանն իր որոշումներում ևս արձանագրել է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների` մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1599 որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Քաղաքացիական դատավարության սկզբունքները» վերտառությամբ 2-րդ գլխով ամրագրված են հավասարության և մրցակցության սկզբունքները, որոնց համատեքստում նախատեսվում է բոլորի հավասարությունն օրենքի և դատարանի առջև, դատավարության իրականացումը մրցակցության սկզբունքի պահպանմամբ, որը և սահմանում է, որ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Վերոնշյալ սկզբունքների կենսագործման համատեքստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (...):

Նախկինում կայացրած իր որոշումներից մեկով անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով վերաքննության սահմանների համանման կարգավորումներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում`

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ` գործն ընդհանրապես:

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին` քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ անդրադարձել է նաև վերաքննության սահմանների վերաբերյալ ընդհանուր կանոններին զուգահեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված բացառություններին և արձանագրել, որ.

1. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. Օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես` եթե առկա են նշված օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն` անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից` բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե` ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում:

Վերոգրյալի ամփոփմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բացառությունները, ապա ընդհանուր կանոնի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում:

Վերահաստատելով վերաքննության սահմանների, ինչպես նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դրանից արված բացառությունների մասին նախկինում կայացրած իր դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը դրա հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննելու օրենսդրական կանոնը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված և դատավարության մյուս մասնակիցների համար չբացահայտված հանգամանքներով վերաքննության սահմաններից դուրս գալու հնարավորությունը: Հակառակ դեպքում վերադաս դատարանը կիրականացնի գործի ըստ էության և լրիվ ծավալով քննություն, ինչն անհամատեղելի է մրցակցության սկզբունքի և դրանից բխող` սահմանափակ վերանայման ինստիտուտի հետ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումներով ընդգծվում է անկախ դատարանի կողմից գործի արդարացի` մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ գործը քննելու սկզբունքների կարևորությունը, ինչը համահունչ է դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներին:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան` Բանկը պահանջել է Մարտին Դիլանյանից, Ռիտա Աղայանից և Անի Գյուլբուդաղյանից համապարտության կարգով բռնագանձել 3.470.108 ՀՀ դրամ և Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 69.408 ՀՀ դրամի չափով: Գործի քննության ընթացքում պարզվել է, որ պատասխանող Մարտին Դիլանյանը մահացել է 18.01.2019 թվականին (հիմք` 23.01.2019 թվականին Գյումրու ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրված թիվ ԲԱ075609 մահվան մասին պետական վկայական):

Դատարանը 14.06.2021 թվականի վճռով պատասխանող Մարտին Դիլանյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է, իսկ մյուս պատասխանողների մասով հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ` «(...) պատասխանողների կողմից պատշաճորեն չեն կատարվել վերը նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Վերջիններիս պարտքը 21.10.2019 թվականի դրությամբ կազմել է 3,470,108 ՀՀ դրամ գումար: (...) հայցվորի պահանջը` պատասխանողներից համապարտության կարգով 3,470,108 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի գումարի մասին հիմնավոր է և ենթակա է բավարարման: (...) հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան 21.10.2019 թվականին, իսկ պատասխանողներից Մարտին Բաբկենի Դիլանյանը մահացել է 18.01.2019 թվականին: (...) նկատի ունենալով, որ հայցը հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն գործի վարույթը պատասխանող Մարտին Բաբկենի Դիլանյանի մասով ենթակա է կարճման»:

Վերաքննիչ դատարանը բավարարել է պատասխանող Ռիտա Աղայանի վերաքննիչ բողոքը` Դատարանի 14.06.2021 թվականի վճիռը` Ռիտա Աղայանին և Անի Գյուլբուդաղյանին վերաբերող մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության, նշելով, որ` (...) գործով չի հաստատվել այն փաստը, որ հայցվորն օրենքով նախատեսված ժամկետում և կարգով ժառանգներին պահանջ է ներկայացրել, այսինքն` վերոգրյալ կարգավորումների ուժով վերջինս բաց է թողել պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման ժամկետը և զրկվել պարտապանի ժառանգների դեմ պահանջներ ներկայացնելու իրավունքից, հետևաբար` վարկառու պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքից, որպիսի հանգամանքով էլ պայմանավորված դադարել է հիմնական պարտավորությունը: Սույն գործով Բանկը, պահանջն ուղղելով Երաշխավորների դեմ, հաշվի չի առել այն կարևոր հանգամանքը, որ բաց թողնելով ժառանգատուի ժառանգներին պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման ժամկետը, զրկվել է պարտապանի ժառանգների դեմ պահանջներ ներկայացնելու իրավունքից, հետևաբար` վարկառու պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքից, ինչի հիմքով դադարել է հիմնական պարտավորությունը, իսկ երաշխավորությունը դադարում է` հիմնական ապահովված պարտավորությունը դադարելու հիմքով, քանզի երաշխավորությունը` որպես պարտավորության կատարման ապահովման միջոց, լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է, այն նպատակաուղղված է օժանդակելու հիմնական պարտավորության կատարմանը, այդ իսկ պատճառով էլ այն որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող:

(...) Բանկի կողմից օրենքով նախատեսված պահանջը ժառանգատուի նկատմամբ պահանջի ներկայացման ժամկետում ներկայացված չլինելու պարագայում Երաշխավորների դեմ ուղղված պահանջի բավարարման դեպքում սահմանափակվում է վերջիններիս իրավունքը պարտապանին պահանջ ներկայացնելու առումով»:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 14.06.2021 թվականի վճռի դեմ Ռիտա Աղայանի ներկայացրած վերաքննիչ բողոքում առկա չէ որևէ փաստարկ վարկառու Մարտին Դիլանյանի մահից հետո Բանկի կողմից օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հանգուցյալի ժառանգների դեմ պահանջ ներկայացված չլինելու և այդ փաստի ուժով հիմնական պարտավորության և որպես հետևանք նաև երաշխավորության դադարած լինելու վերաբերյալ: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակից և Դատարանի 14.06.2021 թվականի վճիռը վերաքննության օբյեկտ է դարձրել ոչ թե վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում, այլ` գործն ընդհանրապես:

Հանգուցյալ Մարտին Դիլանյանի մահից հետո օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հանգուցյալի ժառանգների դեմ Բանկի կողմից պահանջ ներկայացված չլինելու, ինչպես նաև հիմնական և լրացուցիչ (ակցեսոր) պարտավորությունների դադարած լինելու հարցերը քննության ենթարկելով Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունները: Արդյունքում խախտվել են ինչպես Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով Բանկի երաշխավորված` դատական պաշտպանության, դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների` մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավունքները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, իսկ դրանց սահմաններից դուրս է եկել միայն վարկառու Մարտին Դիլանյանի մահից հետո Բանկի կողմից օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հանգուցյալի ժառանգների դեմ պահանջ ներկայացված չլինելու և այդ փաստի ուժով հիմնական պարտավորության և որպես հետևանք նաև երաշխավորության դադարած լինելու մասով: Ընդ որում, վերաքննիչ բողոքը բավարարվել է այդ փաստարկի վկայակոչմամբ:

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ մասով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և Դատարանի 14.06.2021 թվականի վճռին օրինական ուժ տալու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 14.06.2021 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով Վերաքննիչ դատարանում և Վճռաբեկ դատարանում պետական տուրք բռնագանձելու հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ.

Վերաքննիչ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով պետական տուրքի գումարը Ռիտա Աղայանի կողմից նախապես վճարված լինելու փաստը:

i

Վճռաբեկ բողոքին կից Բանկը ներկայացրել է 175.476 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարված լինելու փաստը հաստատող ապացույց: Կիրառելի խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

Այս դեպքում վճռաբեկ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ էր վճարել հայցագնի` 3.470.108 ՀՀ դրամի, երեք տոկոսի չափով պետական տուրքի գումար, որը կազմում է 104.103 ՀՀ դրամ:

i

Կիրառելի խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Բանկը վճարել է 71.373 ՀՀ դրամի չափով ավել պետական տուրքի գումար, այն նշված հոդվածի ուժով ենթակա է վերադարձման Բանկին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով պետական տուրքից բացի այլ դատական ծախս կատարված չէ, ապա դատական ծախսերի հարցը մնացած մասով պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2021 թվականի վճռին:

2. Ռիտա Աղայանից և Անի Գյուլբուդաղյանից հօգուտ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության համապարտության կարգով բռնագանձել 104.103 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար:

Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 29 հունիսի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2022
N ՇԴ/5144/02/19
Որոշում