Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    Երևան  քաղաքի առաջին ատյանի                 ԵԴ/0772/01/21

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Մ. Շահվերդյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

    դատավորներ`               Լ. Աբգարյան

                                            Գ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                       դատավորներ`    Հ. Գրիգորյանի

                                                    Ա. Դանիելյանի

                                                     Լ. Թադևոսյանի

                                                     Ա. Պողոսյանի

                                    

17 հոկտեմբերի 2025 թվական

գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռոբերտ Սուրենի Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի դեկտեմբերի 9-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 60134320 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի մայիսի 25-ի որոշմամբ Ռոբերտ Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:2021 թվականի հունիսի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճռով Ռոբերտ Կիրակոսյանին` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը վերաորակվել է, և նա մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 342-րդ հոդվածի 2-րդ մասով` նրա նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա` Ռ. Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Ռ. Կիրակոսյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները, պատշաճ գնահատման չեն ենթարկել Ռ. Կիրակոսյանին մեղսագրվող հանցագործության կատարման հանգամանքները, դրա կատարման մեջ նրա մեղավորության աստիճանը, թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, ինչպես նաև հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

Մասնավորապես, ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը դիտավորությամբ կատարվող իրավախախտում է, հետևաբար Ռ. Կիրակոսյանի կողմից հանցանքը հանցավոր անփութությամբ կատարելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

Բացի այդ, Ռ. Կիրակոսյանը հաշվի չի առել նաև ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես` անձրևի հետևանքով գետնի թաց լինելը, ինչի արդյունքում չի ընտրել երթևեկության այնպիսի արագություն, որը հնարավորություն կտար ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը:

Վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ Ռ. Կիրակոսյանը մեղսագրված արարքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված այն հանգամանքներին, որ Ռ. Կիրակոսյանը տուժողին բժշկական և այլ օգնություն ցույց տալուն ուղղված գործողություններ է կատարել, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և գործով ապացույց ձեռք բերելուն` տալով խոստովանական ցուցմունքներ, իր դրսևորած վարքագծով արժանացել է տուժողի իրավահաջորդի ներողամտությանը, զղջացել է կատարած արարքի համար և ընդունել է մեղքը, ապա դրանք չեն կարող նվազեցնել Ռ. Կիրակոսյանի արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մարտի 14-ի որոշումը, վերացնել Ռոբերտ Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և վերջինիս նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` զրկելով նույն ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. Ռ. Կիրակոսյանի պաշտպան Վ. Սարգսյանը, ներկայացրած դատական վերանայման բողոքի պատասխանում նշել է, որ Ռ. Կիրակոսյանի կողմից 70 կմ/ժ արագությամբ երթևեկելը եղել է ոչ թե դիտավորությամբ կատարված ճանապարհային երթևեկության կանոնի խախտում, այլ հանդիսացել է մոլորության մեջ հայտնվելու հետևանք, քանի որ գործնականում, նշված հատվածում վարորդները մինչև 70 կմ/ժ արագությամբ կարողացել են վարել, և նույնիսկ տեսանկարահանող սարքը չի արձանագրել խախտում:

Դեպքի օրը ճանապարհի թաց լինելը, Արշակունյաց պողոտայում` նախկինում 70 կմ/ժ թույլատրելի արագություն սահմանված լինելը, Ռ. Կիրակոսյանի երիտասարդ լինելը, նախկինում երբևէ արատավորված չլինելը, բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը, բնակության և աշխատանքի վայրից դրականորեն բնութագրվելը գործով հաստատված հանգամանքներ են, որոնց համակցությունը ստորադաս դատարաններին թույլ է տվել եզրահանգելու, որ հանցանքը կատարվել է հանգամանքների պատահական զուգորդմամբ:

Վերոգրյալի հիման վրա, բողոքի պատասխանի հեղինակը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանի վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Ռոբերտ Կիրակոսյանն Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ «նա 09.12.2020թ., ժամը 0900-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի, «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, առանց ուղեբեռի, մեկ ուղևորով, շուրջ 70 կմ/ժ արագությամբ երթևեկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով` Շիրակի փողոցի կողմից դեպի Բագրատունյաց պողոտայի կողմ տանող ուղեմասի երկրորդ ուղեգոտու կենտրոնական մասով: Հասնելով Արշակունյաց պողոտայի թիվ 107/8 հասցեի դիմացի ճանապարհահատվածին` թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ Կառավարության` 28.06.2007թ., թիվ 955-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ մասերով սահմանված պահանջներին հակասող գործողություններ, այն է` իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում` ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար սահմանված` թույլատրելի առավելագույն` 60 կմ/ժ-ը գերազանցող` մոտ 70 կմ/ժ արագությամբ, նախապես հաշվի չի առել առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես` շրջադարձի առկայությունը, և չի ընտրել ավտոմեքենայի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն ապահովող` երթևեկության անվտանգ և սահուն ռեժիմ, ինչի արդյունքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և աջ կողասահքով մուտք գործելով հանդիպակաց ուղեմաս` աջակողմյան հատվածով ընդհարվել է հանդիպակաց ուղեմասի ձախ եզրային գոտով ընթացող, Հ.Հ.-ի վարած` «Վազ-21703» մակնիշի, «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածին, ապա նույն ուղեմասի ճամփեզրի մոտ կայանված` «Մերսեդես-Բենց» մակնիշի, «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենային, իր գործողություններով` տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն` դրանով իսկ պայմանավորել տվյալ ավտովթարի առաջացումը, ինչի հետևանքով «Վազ-21703» մակնիշի, «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Հ.-ին անզգուշությամբ պատճառել է մահ»(1):

 

_________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 173-187:

 

9. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Ռ. Կիրակոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու և այն կրելու նպատակահարմարության հարցերին, փաստել է. «(...) ամբաստանյալ Ռոբերտ Կիրակոսյանին` մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը համապատասխանում է 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին:

Հետևաբար` դատարանը գտնում է, որ Ռոբերտ Սուրենի Կիրակոսյանին` մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը պետք է վերաորակել 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, որով և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

(...)

Դատարանն արձանագրում է, որ 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան փոփոխվել է խստացման առումով, մասնավորապես` հիմնական պատժի նվազագույն չափը բարձրացվել է, հետևաբար` այդ փոփոխության տարածումը նախքան դրա ընդունվելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ անթույլատրելի է, քանի որ խախտում է անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջը:

Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ռ. Կիրակոսյանի նկատմամբ հիմնական պատժաչափի մասով կիրառելի է մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասը:

(...)

Դատարանի գնահատմամբ թույլատրելի առավելագույն` 60 կմ/ժ արագությունը 10 կմ/ժ-ով գերազանցելու հանգամանքն օբյեկտիվորեն նվազ հավանական է դարձրել հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և ամբաստանյալ Ռ. Կիրակոսյանն ընդհանրապես չի նախատեսել այն, այսինքն` իրական հնարավորություն և պարտավորվածություն ունենալով նախատեսել վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, բավարար ուշադրություն չի ցուցաբերել այդ հետևանքների առաջացումը թույլ չտալու համար:

Ելնելով սույն գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ռ. Կիրակոսյանը դրսևորել է հանցավոր անփութություն, այն է` թույլատրելի արագությունը 10 կմ/ժ-ով գերազանցելու պայմաններում չի նախատեսել իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար` չի գիտակցել նաև իր կողմից տվյալ իրադրությունում թույլ տրված խախտման վտանգավորությունը:

Դրանից բացի, դատարանը պատշաճ ուշադրության է արժանացնում և գնահատում հանցագործության կատարումից անմիջապես հետո Ռ. Կիրակոսյանի դրսևորած վարքագիծը: Մասնավորապես` գործի քննությամբ դատարանը հաստատված է համարում, որ վերջինս ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տուժողին բժշկական և այլ օգնություն ցույց տալուն ուղղված գործողություններ է կատարել, ինչպես նաև աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և գործով ապացույց ձեռք բերելուն` տալով ինքնախոստովանական ցուցմունքներ:

(...)

Գնահատելով ամբաստանյալ Ռոբերտ Կիրակոսյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը (ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը (Վճռաբեկ դատարանի կողմից թվարկված ՃԵԿ-ի կոպիտ խախտումներ թույլ չի տվել) և կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը (հանցավոր անփութություն)), գործի հանգամանքները (առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության անզգույշ հանցանք կատարելը), նրա դրսևորած հետհանցավոր դրական վարքագիծը (հանցագործությունից անմիջապես հետո տուժողին բժշկական և այլ օգնություն ցույց տալուն ուղղված գործողություններ կատարելը, հանցագործությունը բացահայտելուն և գործով ապացույց ձեռք բերելուն աջակցելը` ճշմարտացի և ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, իր դրսևորած վարքագծով տուժողի իրավահաջորդի ներողամտությանն արժանանալը, կատարած արարքի համար զղջալն ու մեղքն ընդունելը), ընտանեկան և սոցիալական դրությունը, սոցիալական միջավայրում ամբաստանյալի զբաղեցրած տեղը և սոցիալական միջավայրում նրա բնութագրերը (երիտասարդ լինելը, դրականորեն բնութագրվելն ու նախկինում դատապարտված չլինելը), վերջինիս անձը բնութագրող, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և բոլոր այս հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը հանգում է հետևության, որ Ռ. Կիրակոսյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանն ու հանցագործությունների կանխմանը: (...)»(2):

 

_________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 173-187:

 

10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժը խստացնող բնույթ է կրում, քանի որ օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան սահմանում է ազատազրկման ձևով պատժի նվազագույն սահմանաչափ` 2 տարի ժամկետով ազատազրկում, մինչդեռ 2003թ-ի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով այդպիսին նախատեսված չէ, և տվյալ դեպքում ազատազրկման ձևով պատժի նվազագույն սահմանաչափը երեք ամիսն է, ուստի վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն գործով 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգիրքը կիրառման ենթակա չէր և Ռոբերտ Կիրակոսյանին արարքը ենթակա չէր վերաորակման մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ Ռոբերտ Կիրակոսյանի արարքը վերաորակելով 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ պատիժ է նշանակել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումն այն դեպքում, երբ տվյալ հոդվածի սանկցիայով պատժի նվազագույն սահմանաչափ է նախատեսված 2 տարի ժամկետով ազատազրկումը:

Վերոշարադրյալի համատեքստում արձանագրելով հանդերձ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, մեղադրյալ Ռոբերտ Կիրակոսյանի արարքը վերաորակելով 2021 թ.-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով և նրան դատապարտելով 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, թույլ է տվել դատական սխալ, սակայն դատախազի, տուժողի կամ նրա ներկայացուցչի համապատասխան պահանջով բողոքի բացակայության պայմաններում իրավասու չլինելով մեղադրյալի վիճակի վատթարացման առումով բեկանելու կամ փոփոխելու մեղադրական դատավճիռը, սահմանափակված լինելով դատախազի վերաքննիչ բողոքի սահմաններով, վերաքննիչ դատարանը փաստում է, որ արձանագրված դատական սխալի հիմքով բողոքարկվող դատական ակտը ենթակա չէ բեկանման:

(...)

Գնահատելով Ռոբերտ Կիրակոսյանի անձի և կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալի արարքում պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն, հանցանքից անմիջապես հետո տուժողին օգնություն ցուցաբերելու և նրա կյանքը փրկելու ուղղությամբ ձեռնարկել է ստեղծված իրադրության պայմաններում իրենից կախված անհրաժեշտ և հնարավոր գործողություններ, ընդունել է մեղքը, տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել է կատարած հանցանքի համար, արժանացել է տուժողի իրավահաջորդի ներողամտությանը, աշխատանքի և բնակության վայրերից բնութագրվում է դրական: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերը վկայակոչված հանգամանքները պետք է հաշվի առնվեն մեղադրյալ Ռոբերտ Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ Ռոբերտ Կիրակոսյանն արարքը կատարել է հանցավոր անփութությամբ, չի նախատեսել իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման ռեալ հնարավորությունը, ինչը գնահատելով ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԷԴ/0201/01/11 գործով նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` վերաքննիչ դատարանը հանգում է եզրակացության առ այն, որ նշված հանգամանքը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության համեմատաբար նվազ աստիճանի մասին: Այս առումով անդրադառնալով վերաքննիչ բողոքում ներկայացված պատճառաբանությանն առ այն, որ Ռոբերտ Կիրակոսյանը հանցանքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ, ոչ թե հանցավոր անփութությամբ, ինչպես դա արձանագրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալը վթարի պահին մեքենան վարել է շուրջ 70 կմ/ժամ արագությամբ, ինչը ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության թույլատրելի արագությունը գերազանցում է 10 կմ/ժամով, ինչպիսի պայմաններում վերաքննիչ դատարանը գտնում է, որ վտանգավոր հետևանքները կանխատեսելու հավանականությունը ցածր է, իսկ գործի նյութերում առկա չեն այլ հակակշռող հանգամանքներ, որոնց հիման վրա դատարանը կարող էր հանգել հետևության առ այն, որ Ռոբերտ Կիրակոսյանը նախատեսել է արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը:

(...)

Անդրադառնալով մեղադրյալ Ռոբերտ Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությունը վիճարկելու հիմքում վերաքննիչ բողոքում դրված այնպիսի հանգամանքներին, ինչպիսիք են թույլատրելի արագությունը գերազանցելը, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները հաշվի չառնելը և այնպիսի արագություն չընտրելը, որը հնարավորություն կտար ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով որպես հանցագործության հատկանիշ նախատեսված հանգամանքները չեն կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող կամ որևէ կերպ վատթարացնեն անձի վիճակը: Այս առումով վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ կառավարության 2007թ-ի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերով վերաքննիչ բողոքում վկայակոչված վերը նշված հանգամանքները հանդիսանում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, ուստի դրանք, որպես 2003թ-ի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (2021 թ.-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի) օբյեկտիվ կողմը կազմող հատկանիշներ, չեն կարող դիտարկվել որպես Ռոբերտ Կիրակոսյանի կողմից կատարված հանցանքի հանրային վտանգավորությունը բարձրացնող հանգամանք և չեն կարող գնահատվել հանցակազմի սահմաններից դուրս, ուստիև չեն կարող համարվել Ռոբերտ Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու իրավաչափ հիմք:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքում ներկայացված պատճառաբանությանն առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Ռոբերտ Կիրակոսյանի կողմից կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ կատարված հանցանքի ծանրությունը, դրա հանրային վտանգավորության աստիճանն ինքնին չեն կարող պատիժը պայմանականորեն կիրառելու խոչընդոտ հանդիսանալ, քանի որ հակառակ պարագայում կարժեզրկվի պատժի անհատականացման սկզբունքը (...)»(3):

 

_________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 88-105:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»:

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Ռ. Կիրակոսյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

12. Նախևառաջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է մեղադրյալ Ռ. Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության հարցը, այնուամենայնիվ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված նորմը, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Ռ. Կիրակոսյանին մեղսագրվող արարքին ստորադաս դատարանների կողմից տրված իրավական գնահատականի իրավաչափության հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք:

12.1. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ:

(...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն` «1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`

(...)

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:(...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի համաձայն` «1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`

(...)

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով (...)»:

i

12.2. Համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հանցակազմերի դիսպոզիցիաներն էական փոփոխության չեն ենթարկվել, իսկ նախատեսված պատժի մասով` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան սահմանում է ավելի խիստ պատիժ: Նման պայմաններում, Առաջին ատյանի դատարանը` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վերաորակելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով` հետադարձ ուժ է տվել Ռ. Կիրակոսյանի վիճակը վատթարացնող քրեական օրենսդրությանը, ինչով թույլ է տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը թեև արձանագրել է արարքի վերաորակման հետևանքով դատական սխալի առկայության փաստը, այնուամենայնիվ գտել է, որ դատական ակտը ենթակա չէ բեկանման, այն հիմնավորմամբ, որ համապատասխան պահանջով բողոքի բացակայության պայմաններում իրավասու չէ մեղադրյալի վիճակի վատթարացման առումով բեկանելու կամ փոփոխելու մեղադրական դատավճիռը:

Վճռաբեկ դատարանը, չհամաձայնելով Վերաքննիչ դատարանի հիշյալ հիմնավորմանը, գտնում է, որ տվյալ դեպքում մեղադրյալ Ռ. Կիրակոսյանի վիճակը վատթարացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հետևանքով արարքին սխալ իրավական գնահատական տալու պայմաններում, առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք, հետևաբար, Ռ. Կիրակոսյանին մեղսագրված արարքը պետք է որակել կատարելու պահին գործող և ավելի մեղմ պատիժ նախատեսող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Ռ. Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

14. Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները, Գագիկ Ղուկասյանի գործով որոշման շրջանակներում փաստել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով «դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատկապես հաշվի առնեն`

ա. հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները (...),

բ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը բացահայտելու համար դատարանները, յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, պետք է գնահատման ենթարկեն, թե ճանապարհային երթևեկության կանոնների տվյալ խախտումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը (...): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ, ի թիվս այլոց, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: (...),

գ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում փաստել է, որ դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել (...):

Զարգացնելով սույն իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարևոր նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ճանապարհային երթևեկության կանոնները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-11-րդ հոդվածների իմաստով դիտավորությամբ, թե անզգուշությամբ են խախտվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին,

դ. հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը (...),

ե. հանցագործությամբ պատճառված վնասը (...),

զ. հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը (...)(4)»:

 

_________________________

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը:

 

Էդմոն Ասատրյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը ճիշտ գնահատելու համար պետք է առանձնակի ուշադրություն դարձվի կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին: Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի տարատեսակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար չի գիտակցում նաև իր կողմից տվյալ իրադրությունում թույլ տրված խախտման վտանգավորությունը: Մինչդեռ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն` նա գիտակցում է իր արարքի վտանգավորությունը և, չնայած դրան, թույլ է տալիս նշված խախտումը, ինչը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին»(5):

 

_________________________

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 16-18-րդ կետերը:

 

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Ռ. Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով առանց ուղեբեռի, մեկ ուղևորով, երթևեկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով` Շիրակի փողոցի կողմից դեպի Բագրատունյաց պողոտայի կողմ տանող ուղեմասի երկրորդ ուղեգոտու կենտրոնական մասով, շուրջ 70 կմ/ժ արագությամբ: Հասնելով Արշակունյաց պողոտայի թիվ 107/8 հասցեի դիմացի ճանապարհահատվածին, թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ Կառավարության` 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, այն է` իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում` ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար սահմանված` թույլատրելի առավելագույն` 60 կմ/ժ-ը գերազանցող` մոտ 70 կմ/ժ արագությամբ, նախապես հաշվի չի առել առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես` շրջադարձի առկայությունը, և չի ընտրել ավտոմեքենայի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն ապահովող` երթևեկության անվտանգ և սահուն ռեժիմ, ինչի արդյունքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և աջ կողասահքով մուտք գործելով հանդիպակաց ուղեմաս` աջակողմյան հատվածով ընդհարվել է հանդիպակաց ուղեմասի ձախ եզրային գոտով ընթացող, Հ.Հ.-ի վարած` «Վազ-21703» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածին, իր գործողություններով` տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն` դրանով իսկ պայմանավորել տվյալ ավտովթարի առաջացումը, ինչի հետևանքով «Վազ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Հ.-ին անզգուշությամբ պատճառել է մահ(6):

 

_________________________

6) Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, գնահատելով կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, մեղադրյալ Ռ. Կիրակոսյանի անձը բնութագրող տվյալները, կատարված արարքից հետո վերջինիս հետհանցավոր վարքագիծը, ինչպես նաև արարքի և դրա հետևանքների նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքը` գտել է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատժի նպատակներին(7):

 

_________________________

7) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշմանը, գտել է, որ Ռ. Կիրակոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժատեսակի կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների իրագործումը հնարավոր է առանց այն փաստացի կրելու(8):

 

_________________________

8) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-րդ կետում վկայակոչած գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ. Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:

Մասնավորապես.

ա) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը. այն է` Ռ. Կիրակոսյանն ավտոմեքենան վարել է տվյալ ճանապարհահատվածում երթևեկության համար սահմանված առավելագույն 60 կմ/ժ արագությունը գերազանցող` մոտ 70 կմ/ժամ արագությամբ,

բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքը. այն է` ճանապարհային երթևեկության կանոնները մեղադրյալի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով դիտավորությամբ են խախտվել,

գ) հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը. մեղադրյալը դրսևորել է հանցավոր ինքնավստահություն` մասնավորապես, իրականացրել է ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար սահմանված` թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ` նախապես հաշվի չառնելով առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես` շրջադարձի առկայությունը, և չի ընտրել ավտոմեքենայի ընթացքի կայունությունն ու կառավարելիությունն ապահովող` երթևեկության անվտանգ և սահուն ռեժիմ, որի արդյունքում տեղի է ունեցել տվյալ պատահարը, տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն, և թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ Կառավարության` 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված` Ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերով սահմանված պահանջներին հակասող գործողություններ` դրանցով իսկ պայմանավորելով տվյալ պատահարի առաջացումը(9): Նման պայմաններում, ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ մեղադրյալը դրսևորել է հանցավոր անփութություն, չեն բխում գործի նյութերից և իրավաչափ համարվել չեն կարող:

 

_________________________

9) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 104-107:

 

Նշվածի համատեքստում, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքի հեղինակի պնդումն առ այն, որ տեղացող անձրևի և գետնի թաց լինելու պայմաններում` Ռ. Կիրակոսյանն առավել քան զգոն պետք է լիներ երթևեկության կարգի պահպանման նկատմամբ, այդ թվում` չգերազանցեր թույլատրելի առավելագույն արագությունը` հաշվի առնելով նաև դեպքի պահին տվյալ ճանապարահատվածում երթևեկության ինտենսիվությունը, մինչդեռ Ռ. Կիրակոսյանի կողմից թույլ տրված նշված խախտումը (նման եղանակային պայմաններում սահմանված արագությունը գերազանցելը) կոնկրետ իրադրությունում ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը` դրանով իսկ վտանգ առաջացնելով ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և հանգեցնելով տուժող Հ.Հ.-ի մահվանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ նման պայմաններում ստորադաս դատարանների կողմից արձանագրված` մեղադրյալ Ռ. Կիրակոսյանի անձը բնութագրող և նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները` կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն նվազեցնում մեղադրյալի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և Ռ. Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմքեր չեն:

17. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ռ. Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Սույն որոշման շրջանակում մեջբերված ու վերլուծված փաստական տվյալների համակցությունը վկայում է մեղադրյալի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների` մեղադրյալ Ռ. Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ռ. Կիրակոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ` ստորադաս դատարանների կողմից Ռ. Կիրակոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ:

18. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ. Կիրակոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի` 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ և 84-րդ հոդվածների խախտումներ: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մարտի 14-ի որոշումը պետք է փոփոխել. Ռ. Կիրակոսյանին մեղսագրված արարքը պետք է որակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել` թողնելով կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճռով նշանակված` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելը` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ռոբերտ Սուրենի Կիրակոսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 14-ի որոշումը փոփոխել:

Ռոբերտ Սուրենի Կիրակոսյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ նշանակված պատիժը` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելը` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, թողնելով անփոփոխ:

2. Ռոբերտ Սուրենի Կիրակոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել:

3. Պատժի կրման սկիզբը հաշվել Ռոբերտ Սուրենի Կիրակոսյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյանի

Դատավորներ` Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3026

 

pin
Վճռաբեկ դատարան
17.10.2025
N ԵԴ/0772/01/21
Որոշում