Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ «ՀՀ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ «ՀՀ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Արմավիրի մարզի առաջին ատյանի                ԵԴ1/0243/13/23

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Մ. Կիրակոսյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Գ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                         դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                         Հ. Գրիգորյանի

                                         Ա. Դանիելյանի

                                         Լ. Թադևոսյանի

                                         Ա. Պողոսյանի

 

    13 մարտի 2026 թվական                        ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սերյոժա Աբրահամի Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի ապրիլի 11-ի դատավճռով` Սերյոժա Աբրահամի Ներսիսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավում լրացուցիչ պատժի նշանակման, իսկ 267.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով` գույքի` մաքսանենգության առարկայի բռնագրավմամբ, և նույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկայի բռնագրավմամբ: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կանոնների կիրառմամբ, նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու` 11 (տասնմեկ) ամիս 1 (մեկ) օր ժամկետը և թողնվել է կրելու ազատազրկում` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով արգելանքի վերցնելու օրվանից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի ապրիլի 11-ի դատավճիռը մասնակի բեկանվել և փոփոխվել է` Ս.Ներսիսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով, իսկ 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, հանցանքների համակցությամբ, Ս.Ներսիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 11 (տասնմեկ) ամիս 1 (մեկ) օր ժամկետը, և թողնվել է կրելու ազատազրկում` 6 (վեց) տարի 29 (քսանինը) օր ժամկետով:

Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ մեղադրյալ Ս.Ներսիսյանի պաշտպան Ա.Ջուվանովայի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

2. Դատապարտյալ Ս.Ներսիսյանի փաստաբան Ա.Ջուվանովան 2023 թվականի նոյեմբերի 22-ին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որով խնդրել է հիվանդության պատճառով վերջինին ազատել պատժի կրումից:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի հունվարի 16-ի որոշմամբ վարույթը տարածքային ընդդատության կարգով ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ վերոնշյալ միջնորդությունը բավարարվել է և դատապարտյալ Ս.Ներսիսյանը ազատվել է ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից և նրա նկատմամբ նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում` ստացիոնար պայմաններում հարկադիր բուժում` «********* ********** (*************) ******** ******** *********** ********» խրոնիկական հոգեկան հիվանդության ախտորոշման դեմ:

Որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին և ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Բրուտյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի փետրվարի 19-ի որոշումը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունիսի 28-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա: Մասնավորապես, սխալ են մեկնաբանվել և կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում դատապարտյալ Ս.Ներսիսյանը հիվանդության պատճառով անհիմն ազատվել է պատժի մնացած մասը կրելուց:

5.1. Բողոք բերած անձի պնդմամբ` օրենսդրությամբ սահմանված կարգով հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ստանալու նպատակով, դատապարտյալ Ս.Ներսիսյանը կամ նրա փաստաբանը, նախ համապատասխան դիմում պետք է ներկայացնեին Միջգերատեսչական հանձնաժողովին` հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար, այնուհետև` հիշյալ եզրակացությունը ստանալուց հետո միայն կարող էին համապատասխան միջնորդություն ներկայացնել Առաջին ատյանի դատարան: Բողոքաբերը նշել է, որ սույն գործում առկա փաստական տվյալների համաձայն` դատապարտյալ Ս.Ներսիսյանը կամ նրա փաստաբանը Միջգերատեսչական հանձնաժողովին չեն դիմել և դատապարտյալին հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն չեն ստացել, հետևաբար` Ս.Ներսիսյանը կամ վերջինիս փաստաբանը հիշյալ հիմքով Առաջին ատյանի դատարան դիմելու իրավասություն ձեռք չեն բերել:

Բողոքաբերը փաստել է, որ վարույթն իրականացնող մարմնի շրջանցմամբ փաստաբանի (պաշտպանի) կողմից փորձագետին դիմելու և փորձաքննության եզրակացություն ստանալու իրավական հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանել, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է մեկ իրավական ընթացակարգ, այն է` 135-րդ հոդվածի համաձայն` դատապարտյալը կամ վերջինի փաստաբանը կարող են դիմել միայն Միջգերատեսչական հանձնաժողովին: Հետևաբար` դատապարտյալ Ս.Ներսիսյանի վերաբերյալ կազմված փորձագետի եզրակացությունը սույն գործով ապացույց (պարզաբանման ենթակա հանգամանք) հանդիսանալ չի կարող` այն օրենքով սահմանված կարգով ստացված չլինելու պատճառով:

5.2. Բողոքաբերը նաև փաստել է, որ Ս.Ներսիսյանի վերաբերյալ կազմված փորձագետի եզրակացությունը հիմնավոր չէ և առկա են կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հիմքերը:

5.3. Բողոքաբերը նաև նշել է, որ Առաջին ատյանի դատարանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել` դատապարտյալ Ս.Ներսիսյանի առողջական վիճակի և վերջինի բուժումը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ հոգեբուժական բաժանմունքում իրականացնելու հնարավորությունը պարզելու համար:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս.Ներսիսյանին հիվանդության պատճառով պատժից ազատելու մասին դատապարտյալի փաստաբան Ա.Ջուվանովայի միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի փետրվարի 19-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը` կայացնելով նոր դատական ակտ` դատապարտյալ Ս.Ներսիսյանին պատժից ազատելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. 2023 թվականի նոյեմբերի 1-ին փաստաբան Աննա Ջուվանովան դիմել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` Սերյոժա Աբրահամի Ներսիսյանի նկատմամբ դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն կատարելու խնդրանքով(1):

 

_____________________

1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 6:

 

8. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Այսպիսով` Դատարանը, հիմք ընդունելով Սերյոժա Ներսիսյանի հիվանդության բնույթը և մյուս հանգամանքները, դրանք գնահատման ենթարկելով պատիժը կրելուն զուգընթաց դատապարտյալի առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն տրամադրելու հնարավորության համատեքստում, ինչպես նաև ելնելով մարդասիրության սկզբունքի դրսևորումներից, հանգում է հետևության, որ դատապարտյալ Սերյոժա Ներսիսյանին պետք է ազատել հետագա պատիժը կրելուց, քանի որ որևէ դեպքում դատապարտյալը չպետք է ենթարկվի ծանրության տառապանքների կամ զրկանքների:

Անդրադառնալով դատախազ Արայիկ Բրուտյանի այն դիրքորոշմանը, որ փաստաբան Աննա Ջուվանովան չի հանդիսանում այն սուբյեկտը, որը պետք է դիմեր համապատասխան հանձնաժողով` եզրակացություն ստանալու նպատակով, ապա Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը` բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտները, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպությունը կարող են դիմել համապատասխան հանձնաժողով` եզրակացություն ստանալու նպատակով: Հետևաբար հիմք ընդունելով վերը հիշատակված իրավակարգավորումները` Դատարանի գնահատմամբ դատախազի պնդումները հիմնավորված և փաստարկված չեն:

Անդրադառնալով Սերյոժա Ներսիսյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման անհրաժեշտությանը, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ըստ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հոգեբուժական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբույժ-փորձագետ Վ.Բաբայանի և նույն կազմակերպության հոգեբուժական փորձաքննությունների բաժնի հոգեբույժ-փորձագետ Լ.Խաչատրյանի կողմից Սերյոժա Աբրահամի Ներսիսյանի վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 20-ի տրված թիվ 38462318 ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության` «ներկա պահին զրկում է Սերյոժա Ներսիսյանին իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը գիտակցելու հնարավորությունից: (...) Իր ներկա հոգեկան վիճակով Սերյոժա Աբրահամի Ներսիսյանը չի կարող պատիժը կրել: Կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր տիպի հոգեբուժական ստացիոնարի պայմաններում համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի»:

(...)

Հետևաբար, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը և Սերյոժա Աբրահամի Ներսիսյանի վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 20-ի տրված թիվ 38462318 ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը` Դատարանը գտնում է, որ Սերյոժա Աբրահամի Ներսիսյանի նկատմամբ պետք է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում` ստացիոնար պայմաններում հարկադիր բուժում` «********* ********** (*************) ******** ******** *********** ********» խրոնիկական հոգեկան հիվանդության ախտորոշման դեմ (...)»(2):

 

_______________________

2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 45-63:

 

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանի համար ընդունելի են Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ դատապարտյալ Սերյոժա Ներսիսյանի կողմից պատժի հետագա կրումը նրա առողջական վիճակի տեսանկյունից նպատակահարմար չէ:

Ընդ որում Վերաքննիչ դատարանի համար ուշադրության է արժանի նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբուժական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբույժ-փորձագետ Վ.Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ դատապարտյալ Սերյոժա Ներսիսյանի մոտ ախտորոշված հիվանդության` «********* ********** (*************) ******** ********** *********» խրոնիկական հոգեկան հիվանդության բուժումն ընդհանրապես հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկում (...):

Ի հավելումն նշվածի, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի կողմից խրոնիկական հոգեկան հիվանդությամբ տառապելը վտանգավոր է դարձնում վերջինիս թե՛ իր, թե՛ հասարակության համար (ինչպես այդ մասին Առաջին ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ հայտնել է նաև ամբուլատոր փորձաքննությանը մասնակցած մասնագետը):

Նշված դատողությունները բխում են ոչ միայն գործում առկա փաստական հանգամանքները իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում, այլ նաև թիվ 38462318 ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ, որում ներկայացված տվյալներից հետևում է, որ դատապարտյալ Սերյոժա Ներսիսյանի մոտ ախտորոշված խրոնիկ հիվանդությունը ընդգրկված է ՀՀ կառավարության թիվ 2006 թվականի մայիսի 26-ի որոշման թիվ 825-Ն որոշման հավելված 2-ում, ըստ այդմ նաև համարվում է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն: (...)

Անդրադարձ կատարելով Դատախազի բողոքում նշված այն հարցադրմանը, թե արդյոք դատապարտյալի պաշտպանը հանդիսանում է փորձաքննություն կատարելու միջնորդություն ներկայացնելու համար պատշաճ սուբյեկտ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.

(...) Գործող իրավակարգավորումները դատապարտյալի պաշտպանին /փաստաբանին ևս հնարավորություն են ընձեռում եզրակացություն ստանալու նպատակով համապատասխան հանձնաժողով դիմելու համար:

Իսկ ինչ վերաբերում է ներկայացված փորձագիտական եզրակացության անհամապատասխանության մասին Բողոքում ներկայացված պնդումներին, Վերաքննիչ դատարանի համար նշվածն ընդունելի չէ այն պատճառով, որ Բողոքում պարզապես վիճարկվել են տրված եզրակացությունում ամրագրված տեղեկությունները, առանց դրա վերաբերյալ հիմնավոր և ողջամիտ հակափաստարկներ ներկայացնելու, այն պայմաններում, երբ նշված եզրակացությունը տրվել է փորձաքննություն իրականացրած և ոլորտին ձեռնհաս մասնագետների կողմից, ընդ որում նաև Առաջին ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ ևս փորձաքննությանը մասնակցած մասնագետը հաստատել է փորձագիտական եզրակացությամբ ներկայացված հետևությունները:

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պահպանվել է քրեակատարողական օրենքով սահմանված կարգը, և վերջինս եկել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ դատապարտյալը չպետք է ենթարկվի այնպիսի ծանրության տառապանքների կամ զրկանքների, որոնք գերազանցում են անազատության մեջ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը, հակառակ դեպքում կխախտվեն դատապարտյալի` ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված իրավունքները (...)»(3):

 

________________________

3) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 127-148:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձաքննության եզրակացության հիմքով` Ս.Ներսիսյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը բավարարելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժը կատարելը, ապա դատարանը դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն` անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու (...)»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «(...) Քրեակատարողական հիմնարկներում հիվանդության հետևանքով պատժից ազատելու (...) հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը` բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը (...)»:

ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի` «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» N 1636-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, կալանավորված անձի նկատմամբ հոգեկան առողջական վիճակի պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու, ինչպես նաև բժշկական` հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կողմից իրականացվող դատահոգեբուժական փորձաքննությունը կազմակերպվում է հանձնաժողովային կարգով: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից բացի, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչ` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ»:

12. Վճռաբեկ դատարանը Սերգեյ Գրիգորյանի գործով իրավական դիրքորոշում է ձևավորել պատժից հիվանդության հետևանքով ազատելու ընթացակարգի վերաբերյալ` արձանագրելով, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը` որպես պատժի կատարմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտ, սահմանում է հիվանդության հետևանքով պատժից ազատելու ընթացակարգը, այդ թվում` միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներին, միջնորդության ներկայացման ժամկետները և միջնորդությանը կցվող նյութերը, իսկ ՀՀ Կառավարության կողմից ընդունված վերոնշյալ որոշումները` որպես քրեակատարողական օրենսդրության բաղկացուցիչ մաս կազմող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, մանրամասնում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովների կազմավորման և գործունեության առանձնահատկությունները:

Վերոշարադրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հիվանդության հետևանքով պատժից ազատելու կարգի նկատմամբ կիրառելի են քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված` միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու վերաբերյալ կարգավորումները: Այսինքն, պատժից ազատելու հիմք ծառայող` ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված հիվանդության առկայության մասին եզրակացությունը կարող է տրամադրել ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի` «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» թիվ 1636-Ն որոշմամբ սահմանված կազմը` ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովը(4):

 

_______________________

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սերգեյ Գրիգորյանի գործով 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ ԵԴ1/0288/13/23 որոշումը

 

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- դատապարտյալ Ս.Ներսիսյանի փաստաբան Ա.Ջուվանովան դիմել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` Ս.Ներսիսյանի նկատմամբ դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն կատարելու խնդրանքով, որի եզրակացության հիման վրա, Ս.Ներսիսյանին` ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատելու կամ այն հետաձգելու միջնորդությամբ, դիմել է Առաջին ատյանի դատարան(5):

 

____________________

5) Տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը:

 

- Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ վերոնշյալ միջնորդությունը բավարարվել է և դատապարտյալ Ս.Ներսիսյանը հոգեկան հիվանդության հետևանքով ազատվել է թիվ ՍԴ/0030/01/20 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի ապրիլի 11-ի դատավճռով նշանակված` ազատազրկում պատժի հետագա կրումից: Վերջինիս նկատմամբ նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում` ստացիոնար պայմաններում հարկադիր բուժում(6):

 

____________________

6) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի փետրվարի 19-ի որոշումը(7):

 

________________

7) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձաքննության եզրակացության հիման վրա Ս.Ներսիսյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ դատապարտյալ Ս.Ներսիսյանի փաստաբան Ա.Ջուվանովայի միջնորդությունը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, խախտել են ՀՀ արդարադատության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատապարտյալին պատժից ազատելու հարցի քննարկման` ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված կարգը:

Հետևաբար, «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձաքննության եզրակացության հիմքով` Ս.Ներսիսյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը քննության առնելու և բավարարելու մասին ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:

15. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի` սույն որոշման 5.2-րդ և 5.3-րդ կետերում վկայակոչված մյուս փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է:

i

16. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի խախտում` սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածը, չեն կիրառել կիրառման ենթակա` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածը, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և փաստաբան Ա.Ջուվանովայի` Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդությունը մերժելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Դատապարտյալ Սերյոժա Աբրահամի Ներսիսյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի փետրվարի 19-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել:

2. Դատապարտյալ Սերյոժա Աբրահամի Ներսիսյանին հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու վերաբերյալ փաստաբան Ա.Ջուվանովայի միջնորդությունը մերժել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Ա. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3157

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2026
N ԵԴ1/0243/13/23
Որոշում