31.07.2022 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
 
 
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   i 
Հոդված 1. 1985  թվականի  դեկտեմբերի  6-ի  Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունը «(կեղծելը)» բառից հետո լրացնել «, վնասելը» բառով և նույն պարբերությունից հանել «դիտավորյալ» բառը:
 
  i 
Հոդված 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի առաջին պարբերությունը «Ջրօգտագործման սահմանված չափաքանակների խախտմամբ բնական ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելը, ջրային» բառերը փոխարինել «Ջրային» բառով:
 
 i 
Հոդված 3. Օրենսգրքի 63.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
| «Հոդված 63.2 | 
Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը | 
 
1. Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը`
 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
2. Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը` 
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
3. Ջրօգտագործումն էկոլոգիական թողքի հաշվին իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, կամ ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել:
5. Ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված  ջրառի, ջրահեռացման և էկոլոգիական  թողքի կետերում  ջրահաշվիչ (ջրաչափիչ)  սարքերի տեղադրման պահանջները չկատարելը` 
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:»:
 
 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Վ. Խաչատուրյան | 
| 
  2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-322-Ն
  | 
 | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական: