118.0430.100602
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 06 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11802096
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 մայիսի 2002 թվականի N 430
i
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման գործընթացի կարգավորման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրությունը (կցվում է):
(հրամանը փոփ. 16.12.02 թիվ 848-Ն հրաման)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2002 թվականի
մայիսի 29-ի N 430 հրամանով
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Հայաստանի Հանրապետության Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002թ. մայիսի 29-ի N 428 հրամանով:
i
1.2 Հանձնաժողովը ստեղծվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով և կազմված է 7 հոգուց` ներառյալ հանձնաժողովի նախագահը և տեղակալը:
(1.2-րդ կետը փոփ. 16.12.02 թիվ 848-Ն հրաման)
1.3 Հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներից:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալներից մեկը ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը ի պաշտոնե ապահովագրական վարչության պետն է:
i
1.4 Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ապահովագրական վարչության լիցենզավորման և վերահսկողության բաժնի պետն է:
(1.4-րդ կետը փոփ. 16.12.02 թիվ 848-Ն հրաման)
1.5 Ապահովագրական վարչության կամ իրավաբանական վարչության հանձնաժողովի անդամ հանդիսացող աշխատակիցների բացակայության ժամանակ, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի ցուցումի հիման վրա, նիստին կարող են մասնակցել այլ աշխատակիցներ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2.1 Հանձնաժողովի հիմնական խնդիրը` Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:
2.2 Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) քննարկում է լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերը, ապահովագրական վարչության և իրավաբանական վարչության կողմից տրված դիտողությունները: Քննարկելով նշված փաստաթղթերը և դիտողությունները` հանձնաժողովը կայացնում է լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին,
բ) քննության է առնում նախկինում լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը ժամանակավոր կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու (ուժը կորցրած ճանաչելու) հարցերը, ապահովագրական վարչության և իրավաբանական վարչության կողմից տրված առաջարկությունները և կայացնում վերոհիշյալ հարցերի վերաբերյալ համապատասխան եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին,
գ) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3.1 Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
3.2 Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
3.3 Հարցերը հանձնաժողովի քննարկմանը ներկայացվում են ապահովագրական վարչության կողմից պատրաստված եզրակացության հիման վրա` նախապես հաշվի առնելով իրավաբանական վարչության կարծիքը:
Ապահովագրական վարչության և իրավաբանական վարչության դիտողությունները հանձնաժողովում ներկայացվում են այդ ստորաբաժանումների հանձնաժողովի անդամ հանդիսացող աշխատակիցների կողմից:
3.4 Դիտողությունների վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանձնաժողովի կողմից:
3.5 Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը քննարկման հարցի կապակցությամբ կարող է ներկայացնել իր տեսակետը:
3.6 Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, փաստաթղթերում տեղ գտած թերությունների, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու, լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը ժամանակավոր կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումները ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ:
Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև հրավիրված անձ):
3.7 Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեն), ամսաթվի ու ժամի մասին:
Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին նիստի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ տեղեկատվություն է հրապարակում մամուլում:
3.8 Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքները և պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:
3.9 Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
3.10 Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
3.11 Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական, կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություններին:
Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք:
3.12 Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
3.13 Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
3.14 Հանձնաժողովի եզրակացությունները այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
3.15 Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է.
1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.
2) հանձնաժողովի տեսակը և կազմը.
3) քննարկվող հարցի բովանդակությունը.
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.
7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովների նիստերի արձանագրությունը ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
3.16 Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է նիստեր և նախագահում դրանք.
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
4) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
3.17 Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններից քաղվածքները և կազմակերպում դրանց տարածումը.
4) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
5) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունները, նախապատրաստում է առաջարկություններ դրանց վերաբերյալ.
6) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և կազմակերպում դրանց տարածումը.
7) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
3.18 Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
4.1 Հանձնաժողովի գործողությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.2 Հանձնաժողովի գործողության դադարումից հետո հանձնաժողովի գործողությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: