Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱ ...

 

12.02.2026 -

 

110.0388.110512

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        05            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 մայիսի 2012 թվականի N 388-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 391-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 16-րդ հոդվածի 11-րդ մասով պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.02.2019 թիվ 01-Ն, 25.02.2022 թիվ 10-Ն հրամաններ)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի «ՈՒսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի N 193-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 391-Ն հրամանը:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 25.02.2022 թիվ 10-Ն հրաման)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 25.02.2022 թիվ 10-Ն հրաման)

(վերնագիրը փոփ. 22.09.15 թիվ 804-Ն, 19.02.2019 թիվ 01-Ն հրամաններ)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 25.02.2022 թիվ 10-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2012 թ. մայիսի 3-ի

N 388-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված հարաբերությունները:

 

2. ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

2. 2025-2026 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 5-ից 8-րդ և 10-11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան: 9-րդ դասարանի ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր և ավարտական քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:

3. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա` անկախ տարեկան գնահատականներից:

4. 12-րդ դասարանում ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է Հաստատությունն ավարտած:

5. 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-4-րդ դասարաններում (Տավուշի մարզում` նաև Հաստատությունների 5-րդ դասարանի առաջին կիսամյակում) սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից կիսամյակային և տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում` ինքնաշխատ եղանակով:

6. 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-4-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ, 5-րդ դասարանի առաջին կիսամյակի կիսամյակային գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների, 5-րդ դասարանում` 2-րդ կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում` ինքնաշխատ եղանակով:

7. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում սովորողի` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

8. 5-12-րդ դասարանների սովորողն առնվազն մեկ ուսումնական առարկայից տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում վերաքննություն է հանձնում հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում` օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդական միավորումների կողմից: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը: Վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն երկու առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր ստանալու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան (12-րդ դասարանի սովորողը չի ավարտում Հաստատությունը) և կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

9. Սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում:

10. Կրթության 2-րդ աստիճանի ավարտին որևէ առարկայից չգնահատված սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի առարկաներից ազատված լինելը,

2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

3) Հաստատությունում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

11. Կրթության 3-րդ աստիճանի ավարտին որևէ առարկայից չգնահատված սովորողը «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի առարկաներից ազատված լինելը,

2) մինչև հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրումը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

4) Հաստատությունում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

12. «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայականի և միջնակարգ կրթության ատեստատի տրամադրման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանով:

13. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են տվյալ ուսումնական տարվա`

1) այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ում իրականացվող բնութագրման «Ա» մակարդակում նվազագույնը 70% և «Բ» մակարդակում առավելագույնը 30% բնութագրված լինելու դեպքում,

2) մյուս դասարաններում բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 9-10 միավոր գնահատված լինելու դեպքում, իսկ 9-րդ և 12-րդ դասարաններում նաև ավարտական, պետական ավարտական քննություններից 18-20 միավոր գնահատված լինելու դեպքում:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով իրականացվում է սովորողի ատեստավորում:

15. 4-րդ դասարանի այն սովորողը, որը տարեվերջյան ամփոփման արդյունքում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված` կրթական առաջին աստիճանի ակնկալվող վերջնարդյունքների` առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունի, փոխադրվում է 5-րդ դասարան և 5-րդ դասարանի առաջին կիսամյակի ընթացքում ընդգրկվում է երկարօրյա խմբում` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանի:

16. 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

17. 2025-2026 ուսումնական տարվանից Տավուշի մարզի Հաստատությունների 12-րդ դասարանների, իսկ 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 12-րդ դասարանների քննական առարկաների պետական ավարտական քննական առաջադրանքները կազմվում են հանրակրթության պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխան: Նշված քննություններին 2025-2026 ուսումնական տարում կարող են մասնակցել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում հանրակրթության պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխան ուսուցումն իրականացրած Հաստատությունների 12-րդ դասարանների սովորողները:

18. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ կարող են չմասնակցել պետական ամփոփիչ ատեստավորմանը: Այդ դեպքում նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

19. Պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ կիրառվում է միավորային գնահատում` բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի:

20. 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

1) «Հայոց լեզու» (գրավոր)` թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

2) ««Գրականություն» և «Հայաստանի պատմություն»»` էսսե, որի գնահատականը ձևավորվում է երկու առարկաներից ստացված գնահատականների միջին թվաբանականով` ըստ սահմանված կարգի,

3) «Մաթեմատիկա» (գրավոր)` թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

4) «Օտար լեզու» (տվյալ Հաստատությունում դասավանդվող օտար լեզուներից` սովորողի ընտրությամբ, բանավոր),

5) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ` սովորողի ընտրությամբ գրավոր` թեստերի միջոցով, որոնք պետք է պարունակեն տեսական և գործնական բնույթի առաջադրանքներ, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա` առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ):

6) «Ֆիզկուլտուրա» (ստուգարք),

7) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

8) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից` բանավոր:

21. 9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվում են Հաստատություններում:

22. Ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից:

23. 9-րդ դասարանի սովորողի ավարտական քննության արդյունքը (8-20 միավոր) փոխանցվում է ավարտական փաստաթուղթ: Քննությանը չմասնակցելու կամ ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20 միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում` օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 22-րդ կետի պահանջներին համապատասխան: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը: Վերաքննությունների արդյունքները (8-20 միավոր) փոխանցվում են ավարտական փաստաթուղթ: Վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու կամ վերաքննություններին չմասնակցելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

24. 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ` հետևյալ առարկաներից`

1) «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» (գրավոր)` թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

2) «Մաթեմատիկա» (գրավոր)` թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

3) «Հայաստանի պատմություն» (գրավոր)` թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

4) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

5) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

25. Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին որևէ պատճառով չմասնակցելու, կամ մասնակցելու և գնահատման 20 միավորային սանդղակով 20 միավորից պակաս գնահատված լինելու դեպքում 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տրվում տվյալ առարկայից ավարտական քննություն հանձնել նաև հունիսին:

26. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների «Մաթեմատիկա», 9-րդ դասարանի «Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)» առարկաների թեստերը կազմվում են ռուսերենով:

27. Պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից:

28. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից:

29. «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքը 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվում է նորմատիվների հանձնմամբ:

30. 12-րդ դասարանի սովորողը առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ հունիսին անցկացված պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում` օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 23-րդ կետի պահանջներին համապատասխան: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան տվյալ տարվա օգոստոսի 30-ը:

31. 12-րդ դասարանի սովորողը չի ավարտում Հաստատությունը, եթե վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն երկու ուսումնական առարկայից ստացել է 1-3 (գնահատման 10 միավորային սանդղակից) կամ առնվազն երկու ուսումնական առարկայի պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20 միավորային սանդղակից) միավոր կամ չի մասնակցել վերաքննություններին:

32. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները քննական որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում մասնակցում են տվյալ առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին: Քննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում տվյալ առարկայից տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար, իսկ քննությանը չմասնակցելու կամ ավարտական, պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում սույն կարգի 30-րդ կետով սահմանված ժամկետներում: Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում տվյալ առարկայից տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար:

33. «Հանրահաշիվ» կամ «Երկրաչափություն» կամ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում «Մաթեմատիկա» առարկայի ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում տվյալ առարկայից տարեկան գնահատականներ նշանակելու համար:

34. «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներից ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում տվյալ առարկաներից տարեկան գնահատականներ նշանակելու համար:

35. 19 տարին լրացած` առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ քննական 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված (այդ թվում` վերաքննության արդյունքներով), ավարտական, պետական ավարտական քննություններին չմասնակցած 9-րդ կամ 12-րդ դասարանների սովորողները դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում կամ սույն կարգի 37-րդ կետով սահմանված ընթացակարգով հանձնել քննություններ, ստանալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:

36. 19 տարին լրացած, Հաստատությունից դուրս մնացած զորակոչված քաղաքացիները իրավունք ունեն քննություններ հանձնելու և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու.

1) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնառած Հաստատությունում,

2) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնառած հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

3) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

37. 19 տարին լրացած Հաստատությունից դուրս մնացած քաղաքացին կարող է հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այն առարկաներից, որոնցից ունի տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ քննական 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում, կամ քննություն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան:

38. Սույն կարգի 35-37-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ չստացած քաղաքացիները հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան:

39. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել ընդհանուր հիմունքներով կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

40. Հաստատության 9-րդ և 12-րդ դասարանի սովորողը կարող է քննություն հանձնել նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան այն առարկաներից, որոնցից չունի քննական գնահատականներ:

 

4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

41. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում:

42. 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 12-րդ դասարանի (բացառությամբ Տավուշի մարզի) որևէ կիսամյակում 60 ժամից ավելի բացակայած սովորողի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով` տվյալ կիսամյակի ավարտին:

43. Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-8-րդ և 10-11-րդ դասարաններում տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից` գրավոր: Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում: Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում: Լրացուցիչ քննություններին կամ սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետներում վերաքննություններին չներկայանալու կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

44. Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարաններում տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից` գրավոր: Լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ: Լրացուցիչ քննություններին կամ սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետներում վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

45. Բոլոր դասարանների լրացուցիչ քննական գրավոր աշխատանքների առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից:

 

(հավելվածը խմբ. 22.09.15 թիվ 804-Ն, 10.10.16 թիվ 997-Ն, 09.12.16 թիվ 1265-Ն, 19.02.2019 թիվ 01-Ն, 25.02.2022 թիվ 10-Ն, 22.12.2023 թիվ 164-Ն, 09.02.2026 թիվ 04-Ն հրամաններ)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
03.05.2012
N 388-Ն
Հրաման