ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1583-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 2.3-րդ ենթակետի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագրի կատարումն ապահովող գործողությունների (միջոցառումների) ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. նոյեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2025 թվականի նոյեմբերի 6-ի
N 1583-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ (2026-2030 ԹԹ.)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
2025 թ.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ընդհանուր դրույթներ
2. Ծրագրի արդյունքային շրջանակ
3. Տարածական տվյալների ոլորտի իրավիճակի խորքային վերլուծություն
4. Տարածական տվյալների ոլորտի զարգացման SWOT վերլուծություն
5. Տարածական տվյալների ոլորտի զարգացման, այդ թվում ԱՏՏԵ-ի և ՏՏԵ-ների ներդրման տնտեսական գնահատման միջազգային փորձ
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում տարածական տվյալների հետ առնչվող ոչ թվային գործընթացների հայտնաբերում և թվայնացում
7. ԱՏՏԵ-ի և պետական միասնական գեոպորտալի զարգացումը, հնարավորությունների ընդլայնում, համատեղ կառավարում և գործընկերության ապահովում: ՀՀ ԱՏՏԵ-ի զարգացման տեսլականը և սկզբունքները
8. Պետական միասնական գեոպորտալի զարգացում
9. Տարածական տվյալների հասանելիության, փոխանակման, օգտագործման, փոխգործելիության կատարելագործում և ինտեգրում` շահագրգիռ կողմերի ներգրավվածության միջոցով
10. Վճարովի ծառայությունների մոդելի մշակում
11. Օգտագործողների աջակցման համակարգի ստեղծում
12. Տեխնոլոգիական վերազինում
13. Սերվերային ենթակառուցվածքի ստեղծում
14. Տվյալների պահպանման և արխիվացման համակարգերի ներդրում
15. Տվյալների անվտանգության համակարգերի ապահովում
16. Տարածական տվյալների որակի և ստանդարտների բարելավում
17. Տարածական տվյալների ինստիտուցիոնալ կառավարման համակարգերի զարգացում: ԱՏՏԵ-ի կառավարման մոդել
18. Տարածական տվյալների կառավարում
19. Տարածական տվյալների ոլորտում մասնագետների կայուն և շարունակական ներհոսքի ապահովում: Մասնագետների վերապատրաստման ծրագրերի մշակում
20. Կրթական ծրագրերի զարգացում համալսարաններում
21. Միջազգային փորձի փոխանակման ծրագրերի իրականացում
22. Միջազգային համագործակցության շրջանակում ռեգիոնալ և գլոբալ ՏՏԵ-ների ինտեգրման նախադրյալների ստեղծում
23. Տարածական տվյալների և վիճակագրական տվյալների ինտեգրման հնարավորությունների գնահատում
24. Տարածական տվյալների ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում
Կիրառվող հապավումներ
ԱՏՀ Աշխարհագրական տեղեկատվական համակարգ
ԱՏՏԵ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք
ԲՏԱՆ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ԷՆ Էկոնոմիկայի նախարարություն
ԿԿ Կադաստրի կոմիտե
ԿԳՄՍՆ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՄԱԿ Միավորված ազգերի կազմակերպություն
ՄԱԿ-ԳԵՏԿ (UN-GGIM) Միավորված ազգերի կազմակերպության գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարում
ՆԳՆ Ներքին գործերի նախարարություն
ՇՄՆ Շրջակա միջավայրի նախարարություն
ՏԿԵՆ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՏՏԵ Տարածական տվյալների ենթակառուցվածք
API Application Programming Interface (Ծրագրավորման կիրառական ինտերֆեյս)
EPSG European Petroleum Survey Group Geodetic Parameter Survey group (Եվրոպական նավթի հետազոտության խմբի գեոդեզիական պարամետրերի տվյալների հավաքածու)
ISO/ԻՍՕ International Organization for Standardization (Ստանդարտացման միջազգային կազմակերպություն)
INSPIRE Infrastructure for Spatial Information in Europe (Եվրոպայի տարածական տեղեկատվության ենթակառուցվածք)
OGC/ՕՋԻՍԻ Open Geospatial Consortium (Բաց երկրատարածական կոնսորցիում)
1. Ընդհանուր դրույթներ
1. Տարածական տվյալները ժամանակակից աշխարհում հանդիսանում են հասարակական և տնտեսական առաջընթացի առանցքային գործիք: Յուրաքանչյուր օր ֆիզիկական և իրավաբանական անձինք, հաճախ անգամ չգիտակցելով, բազմաթիվ ոլորտներում օգտվում են տեղանքի վրա հիմնված տեղեկատվությունից և ծառայություններից, այդ թվում` քաղաքացիական և արդյունաբերական շինարարության պլանավորում, եղանակի կանխատեսում, հողային և ջրային ռեսուրսների կառավարում, տրանսպորտային ցանցի վերլուծություն, քաղաքային ծառայությունների մատուցում և արտակարգ իրավիճակների կառավարում:
2. ՀՀ-ում տարածական տվյալների ոլորտի համակարգված զարգացումը հանդիսանում է ռազմավարական առաջնահերթություն` միտված պետական կառավարման համակարգի զարգացմանը, տնտեսական փոխակերպման և կայուն զարգացմանը, ինչպես նաև տարածքային և ենթակառուցվածքների զարգացմանը: ՀՀ-ում տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) միտված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով, ՄԱԿ-ԳԵՏԿ (UN-GGIM) երկրների երկրատարածական տվյալների կառավարման հայեցակարգով ստանձնած հանձնառությունների իրականացմանը և սահմանում է պետության առաջնահերթությունները` ուղղված տարածական տվյալների ոլորտի զարգացմանը, այդ թվում` տարածական տվյալների ոլորտի արդյունավետ կառավարմանը, բնակչության իրազեկվածության և կյանքի որակի բարձրացմանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ կառավարմանը, երկրի անվտանգային մակարդակի բարձրացմանը:
3. ՀՀ կայուն զարգացման ճանապարհին գոյություն ունեն մի շարք կարևոր մարտահրավերներ, որոնք գրեթե ամբողջությամբ աշխարհագրական կամ տարածական բնույթ ունեն: Կայուն զարգացման վրա ազդող խնդիրներից շատերը կարող են վերլուծվել, մոդելավորվել և քարտեզագրվել աշխարհագրական համատեքստում: Տվյալ հանգամանքից ելնելով` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների միջև տվյալների փոխանակումը դյուրացնելու ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար դրանց հասանելիությունն ու հավաստիությունը բարձրացնելու համար նպատակահարմար է ստեղծել և զարգացնել մեկ միասնական ենթակառուցվածք: Նման ենթակառուցվածքը կարող է կիրառելի լինել տարբեր ոլորտային հետազոտական, գիտական, վերլուծական, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների համար: Թեև վերջին տարիներին ՀՀ-ում արձանագրվել է տարածական տվյալների ոլորտի զարգացման առաջընթաց, այնուամենայնիվ, դեռևս առկա է իրազեկվածության և դրանց կիրառման պակաս, հատկապես քաղաքականության և որոշումների կայացման մակարդակում: Սույն Ծրագրով ՀՀ-ն մատնանշում է իր պատրաստակամությունը` համակարգված զարգացնել ՀՀ-ում տարածական տվյալների ոլորտը, դրանով իսկ նպաստելով երկրի տնտեսական կայուն աճին և զարգացմանը: Այս Ծրագիրը նպաստում է մեկ միասնական թվային ենթակառուցվածքի ձևավորմանը, զարգացմանը, որը կապահովի տարածական տվյալների ինտեգրում` միաժամանակ ապահովելով գործող համակարգի կայուն, անխափան և ճկուն աշխատանք: Ծրագիրը հնարավորություն է ստեղծում տարածական տվյալների համակողմանի օգտագործման համար` աջակցելով դիմացկուն և կայուն պետության ձևավորմանը` բարելավելով տարածական տվյալների կառավարումը, տարածումը և օգտագործումը` որոշումների կայացման գործընթացում:
4. Սույն Ծրագիրը նախատեսված է 2026-2030 թթ. ընթացքում տարածական տվյալների ոլորտի արդյունավետ զարգացումն ապահովելու ողջ գործընթացի պլանավորման, իրականացման և ժամանակակից թվային տնտեսության համակարգում դրա ինտեգրման համար` հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում «Տարածական տվյալների մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքներով սահմանված իրավակարգավորումները, ինչպես նաև համապատասխան բնագավառներում գործունեություն իրականացնող լիազոր մարմինների իրավասությունները և պարտականությունները:
2. Ծրագրի արդյունքային շրջանակ
5. Ծրագրի արդյունավետ իրականացման համար սահմանվել են հետևյալ ռազմավարական նպատակները.
1) տարածական տվյալների ինստիտուցիոնալ կառավարման համակարգի զարգացում,
2) տարածական տվյալների ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում,
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում տարածական տվյալների հետ առնչվող ոչ թվային գործընթացների հայտնաբերում և թվայնացում,
4) ԱՏՏԵ-ի և պետական միասնական գեոպորտալի զարգացում ու հնարավորությունների ընդլայնում, կառավարման արդյունավետ համակարգի ներդրում և գործընկերության ապահովում,
5) տարածական տվյալների հասանելիության, փոխանակման, օգտագործման և փոխգործելիության կատարելագործում` շահագրգիռ կողմերի ներգրավվածության միջոցով,
6) տեխնոլոգիական վերազինում,
7) տարածական տվյալների որակի և ստանդարտների բարելավում,
8) միջազգային համագործակցության շրջանակներում ռեգիոնալ և գլոբալ ՏՏԵ-ների ինտեգրման նախադրյալների ստեղծում,
9) տարածական տվյալների և վիճակագրական տվյալների ինտեգրման հնարավորությունների գնահատում,
10) տարածական տվյալների ոլորտում մասնագետների կայուն և շարունակական ներհոսքի ապահովում:
6. Այս ռազմավարական նպատակների իրականացումը կնպաստի տնտեսության զարգացմանը, որակյալ, ամբողջական և ստանդարտացված տեղեկատվության հասանելիությանը, վերլուծական գործիքների ներդրմանը և հակակոռուպցիոն քաղաքականության զարգացմանը:
7. Վերոգրյալ ռազմավարական նպատակների իրականացման համար սահմանվել են հետևյալ գործողությունները և ակնկալվող արդյունքները.
1) Տարածական տվյալների ինստիտուցիոնալ կառավարման համակարգի զարգացում.
ա. Գործողություններ.
. տարածական տվյալների ոլորտի կառավարման առկա համակարգի գույքագրում և համապարփակ վերլուծություն,
. հստակ կառավարման համակարգի ստեղծում, դերերի և պարտականությունների սահմանում` նպաստելու շահագրգիռ կողմերի միջև համագործակցությանը,
. տարածական տվյալների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մշտադիտարկում,
. միջգերատեսչական համակարգման մեխանիզմների ստեղծում,
. տարածական տվյալների ոլորտի զարգացման կենտրոնացում,
. կառավարման արդյունավետ բիզնես մոդելի մշակում,
. տարբեր շահագրգիռ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մշտադիտարկման պարբերաբար իրականացում և հաշվետվությունների կազմում,
. տարածական տվյալների կառավարման նոր մոտեցումների և մեթոդների ներդրման աշխատանքների շարունակական իրականացում, աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացում,
. երկարաժամկետ ռազմավարական տեսլականի մշակում, որը կապահովի ԱՏՏԵ-ի կայուն զարգացումը և կբավարարի օգտվողների աճող և զարգացող պահանջմունքները:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. ԱՏՏԵ-ի արդյունավետ և կայուն կառավարման համակարգի ներդրում և գործարկում.
Չափելի ցուցանիշ 1.1. ԱՏՏԵ-ի կառավարող մարմնի առկայություն:
. Արդյունք 2. Տարածական տվյալների ոլորտի արդյունավետ կենտրոնացված կառավարման ապահովում.
Չափելի ցուցանիշ 2.1. Միջգերատեսչական համակարգման մեխանիզմներ:
Չափելի ցուցանիշ 2.2. Հաստատված կենտրոնացված կառավարման գործառույթների կատարման առնվազն 85% մակարդակ և ընթացակարգերի կատարման մակարդակ:
2) Տարածական տվյալների ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում.
ա. Գործողություններ.
. գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի համապարփակ վերլուծություն,
. իրավական կարգավորումների արդիականացում,
. նոր իրավական ակտերի մշակում և ընդունում:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. Արդի և արդյունավետ իրավական կարգավորումների առկայություն, տարածական տվյալների ոլորտի իրավահարաբերությունների բարելավում.
Չափելի ցուցանիշ 1. Առնվազն 2 նոր իրավական ակտերի ընդունում
Չափելի ցուցանիշ 2. Առնվազն 3 վերանայված/թարմացված իրավական ակտեր
. Արդյունք 2. Թափանցիկ և կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորում:
Չափելի ցուցանիշ 2.1. Իրավական դաշտի լիարժեքության և կիրառելիության գնահատական փորձագիտական հարցումների հիման վրա:
. Արդյունք 3. Տեխնոլոգիական նորարարությունների իրավական աջակցության ապահովում.
Չափելի ցուցանիշ 3.1. Տեխնոլոգիական նորարարություններին ուղղված իրավական ակտեր և կարգավորումներ:
3) Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում տարածական տվյալների հետ առնչվող ոչ թվային գործընթացների հայտնաբերում և թվայնացում.
ա. Գործողություններ.
. ոչ թվային գործընթացների հայտնաբերում, դասակարգում, վերլուծություն, թվայնացման հնարավորությունների գնահատում, թվայնացման առաջնահերթությունների սահմանում և թվայնացում,
. ներդրումների ներգրավում անհրաժեշտ տեխնիկական վերազինման և մասնագիտական կարողությունների բարձրացման գործընթացներում,
. տարածական տվյալների թվայնացման, թարմացման և վարման ենթակառուցվածքների ներդրման և գործարկման հնարավորությունների ընդլայնում:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. Ոչ թվային գործընթացների հավաքագրված և դասակարգված ամբողջական ցանկի և թվայնացման ներուժի գնահատման հաշվետվության առկայություն.
Չափելի ցուցանիշ 1.1. Հայտնաբերված ոչ թվային գործընթացների քանակ:
Չափելի ցուցանիշ 1.2. Գնահատված գործընթացների թվայնացման առաջնահերթությունների հաստատված ցանկի առկայություն (չափման միավոր` առկայություն (այո/ոչ)):
. Արդյունք 2. Թվայնացված տարածական տվյալների բազաների ստեղծում,
Չափելի ցուցանիշ 2.1. Առնվազն 8 պետական մարմինների թվայնացված տարածական տվյալների բազա:
. Արդյունք 3. Որոշումների կայացման գործընթացում թվային գործիքների ակտիվ կիրառում.
Չափելի ցուցանիշ 3.1. Ներդրված որոշումների աջակցման թվային գործիքների քանակ:
Չափելի ցուցանիշ 3.2. Որոշումների կայացման համար թվային գործիքներ օգտագործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսակարար կշիռը:
. Արդյունք 4. Վարման գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացում:
. Չափելի ցուցանիշ 4.1. Հանրությանը հասանելի թվայնացված տվյալների և գործընթացների տեսակարար կշիռը:
4) ԱՏՏԵ-ի և պետական միասնական գեոպորտալի զարգացում, հնարավորությունների ընդլայնում, արդյունավետ կառավարման համակարգի ներդրում և գործընկերության ապահովում.
ա. Գործողություններ.
. ԱՏՏԵ-ի զարգացման նոր մակարդակի` ազգային տարածական գիտելիքների ենթակառուցվածքի սահմանում և ներդրում,
. նոր թեմատիկ տարածական և հատկորոշող (ատրիբուտային) տվյալների, մետատվյալների մուտքագրում,
. բազային տարածական տվյալների, մետատվյալների թարմացում և ժամանակագրական շարքի ստեղծում,
. պետական միասնական գեոպորտալում տվյալների տարածական վերլուծության, վիճակագրական գործիքակազմի ներդրում, մեքենայական և խորը ուսուցման ալգորիթմների կիրառման հնարավորությունների գնահատում,
. եռաչափ կադաստրի ներդրման հնարավորությունների գնահատում, պիլոտային նախագծի իրականացում,
. առցանց քարտեզագրական և այլ ծառայությունների, հանրային հասանելիության հնարավորությունների ընդլայնում,
. ԱՏՏԵ-ի մուտքային տվյալների որակի ապահովում, հանրության ներգրավման տեխնիկական հնարավորության ներդրում,
. ԱՏՏԵ-ի զարգացման համար առաջնահերթությունների, դերերի և պարտականությունների համագործակցաբար սահմանում,
. միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում` ապահովելու հուսալի, փոխգործունակ ԱՏՏԵ-ի շարունակական զարգացումը տարածական տվյալների քաղաքականության պահանջներին համապատասխան:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. Ժամանակակից միջազգային ստանդարտներին և չափանիշներին համապատասխան ԱՏՏԵ-ի ներդրում.
Չափելի ցուցանիշ 1.1. Գեոպորտալի օգտագործողների քանակ:
Չափելի ցուցանիշ 1.2. Գեոպորտալում հասանելի շերտերի քանակ:
. Արդյունք 2. ԱՏՏԵ-ի արդյունավետ կառավարում:
Չափելի ցուցանիշ 2.1. Գեոպորտալում ներդրված վերլուծական գործիքների քանակ:
Չափելի ցուցանիշ 2.2. Առնվազն 1 բնակավայրի իրականացված եռաչափ կադաստրի պիլոտային նախագիծ:
Չափելի ցուցանիշ 2.3. Տվյալների թարմացման միջին հաճախականություն:
5) Տարածական տվյալների հասանելիության, փոխանակման, օգտագործման և փոխգործելիության բարելավում` շահագրգիռ կողմերի ներգրավվածության միջոցով.
ա. Գործողություններ.
. ապահովել բազմալեզու ենթակառուցվածք, դա դարձնել առավել մատչելի և հասկանալի օգտագործողի համար,
. մշակել և հրատարակել տարածական տվյալների համապարփակ օգտագործման ուղեցույցներ, այդ թվում OGC, ISO և ազգային ստանդարտների կիրառման, տվյալների ինտեգրման ձեռնարկներ և մեթոդական ուղեցույցներ, կազմակերպել աշխատանքային քննարկումներ, դասընթացներ, հանրային իրազեկման արշավներ` օգտագործողների կարողությունները զարգացնելու նպատակով,
. խրախուսել և ապահովել ՀՀ-ում տարածական տվյալների օգտագործման, փոխանակման, հասանելիության և փոխգործելիության գործընթացները,
. թեմատիկ տարածական տվյալների և դրանց հատկորոշող (ատրիբուտային) տվյալների, մետատվյալների մշակում, ստեղծում, ստանդարտացում և ինտեգրում ԱՏՏԵ-ին:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. Հասանելի և կիրառելի տարածական տվյալների ապահովում:
Չափելի ցուցանիշ 1.1. Առնվազն 9 մշակված և հրատարակված ուղեցույցներ:
Չափելի ցուցանիշ 1.2. Հանրային հասանելի տարածական տվյալների շերտերի քանակ:
. Արդյունք 3. Տվյալների փոխանակման և նորարարության համար համագործակցային միջավայրի ստեղծում.
Չափելի ցուցանիշ 3.1. Տվյալների փոխանակման համակարգերին միացած մարմիններ:
Չափելի ցուցանիշ 3.2. Գեոպորտալի բազմալեզու ինտերֆեյսի առկայություն:
6) Տեխնոլոգիական վերազինում.
ա. Գործողություններ.
. տվյալների պահպանման և մշակման համար սերվերային տեխնոլոգիաների ներդրում, տարածական տվյալների պահպանման անվտանգության ապահովում,
. բաց հասանելի համակարգերի կիրառման խրախուսում,
. հուսալի և որակյալ ծրագրային միջավայրերի ապահովում` վիզուալիզացիայի և տարածական վերլուծության նպատակով,
. հանրության կարիքների սպասարկման համար բաց հասանելի տարածական տվյալների հարթակների, API ծառայությունների ներդրում և զարգացում,
. ընդհանուր ծառայությունների հասանելիության մեխանիզմների կատարելագործում ու գործելակերպի արդիականացում` ապահովելով օգտատերերի համար տարածական տվյալների և մետատվյալների որոնման, դասակարգման, հասանելիության, ինտեգրման և արդյունավետ օգտագործման հնարավորությունները,
. ժամանակակից ԱՏՀ-երի ներդրման հնարավորությունների պլանավորում` ներառելով դրանց ձեռքբերման ֆինանսական միջոցները:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. Որակյալ տարածական տվյալների մշակման, վերլուծության, արդյունավետ կառավարման, լայնամասշտաբ հասանելիության և ինտեգրման հնարավորությունների ապահովում.
Չափելի ցուցանիշ 1.1. Սերվերային տեխնոլոգիայի ներդրում:
. Արդյունք 2. Տարածական տվյալների պաշտպանության բարձրացում և նորագույն անվտանգային համակարգերի ներդրում:
. Չափելի ցուցանիշ 2.1. Տվյալների պահպանման և մշակման համապատասխանություն անվտանգության ստանդարտներին:
7) Տարածական տվյալների որակի և ստանդարտների բարելավում.
ա. Գործողություններ.
. սխալների բացահայտման նպատակով տվյալների ստուգման համակարգի ներդրում,
. տվյալների վավերացման, մշակման և լավարկման համակարգերի ներդրում,
. տարածական տվյալների որակի բարձրացման նպատակով ՀՀ բարձունքային գեոիդ մոդելի լավարկում,
. տարածական տվյալների և մետատվյալների նոր ստանդարտների, դրանց կիրառման ուղեցույցների մշակում և ներդրում,
. ըստ անհրաժեշտության բազային տարածական տվյալների ազգային ստանդարտների արդիականացում (թարմացում),
. ստանդարտների պահպանման նկատմամբ խիստ հսկողության սահմանում,
. փոխգործելիության խթանում` օգտագործելով տարածական տվյալների միջազգային ստանդարտները,
. թեմատիկ տարածական տվյալների համար նոր ազգային ստանդարտների մշակում և ներդրում, ինչպես նաև առկա ստանդարտների վերանայում` ըստ անհրաժեշտության:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. Տարածական տվյալների ոլորտում ծառայությունների մատուցման որակի և արագության բարելավում.
. Արդյունք 2. Տարածական տվյալների և մետատվյալների որոնման բարելավված համակարգ:
. Չափելի ցուցանիշ 2.1. Տարածական տվյալների մետատվյալների կատալոգի ստեղծում:
. Չափելի ցուցանիշ 2.2. Պետական գեոպորտալում մետատվյալների փնտրման հնարավորություն:
. Արդյունք 3. ՀՀ պետական կառավարման համար բարձր որակի, վստահելի, համակարգված, ճշգրիտ և ստանդարտացված տարածական տվյալների և մետատվյալների առկայություն:
. Չափելի ցուցանիշ 2.1. Առնվազն 15 խմբի թեմատիկ տարածական տվյալների համար ազգային ստանդարտների ստեղծում (չափման միավոր` առկայություն (այո/ոչ))
. Չափելի ցուցանիշ 2.2. Առնվազն 15 խմբի թեմատիկ խմբի տարածական տվյալների ստանդարտներին համապատասխանություն:
. Չափելի ցուցանիշ 2.3. Առնվազն 15 խմբի թեմատիկ տարածական տվյալների շերտերի մետատվյալների կատալոգների առկայություն
8) Միջազգային համագործակցության շրջանակում ռեգիոնալ և գլոբալ ՏՏԵ-ների ինտեգրման նախադրյալների ստեղծում
ա. Գործողություններ.
. ռեգիոնալ, գլոբալ ՏՏԵ-ների և ՀՀ ԱՏՏԵ-ի ինտեգրման, տարածական տվյալների հասանելիության ապահովման իրավական հիմքի մշակում,
. համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն, հուշագրերի ստորագրում,
. ռեգիոնալ, գլոբալ ՏՏԵ-ների և ՀՀ ԱՏՏԵ-ի ինտեգրման, տարածական տվյալների հասանելիության և փոխգործելիության ապահովման նպատակով միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների ստանդարտացում,
. ռեգիոնալ, գլոբալ ՏՏԵ-ների և ՀՀ ԱՏՏԵ-ի ինտեգրման, տարածական տվյալների արդյունավետ փոխանակման նպատակով միջազգային կոորդինատային համակարգերի (EPSG) ներդրում:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. Ռեգիոնալ, գլոբալ ՏՏԵ-ների և ՀՀ ԱՏՏԵ-ի ինտեգրման հնարավորությունների գնահատում.
Չափելի ցուցանիշ 1.1. Մինչև ծրագրի ավարտը մշակված 1 համապարփակ գնահատման հաշվետվություն` առնվազն 3 ինտեգրման սցենարով:
. Արդյունք 2. Տարածական տվյալների փոխանակման նպատակով միջազգային կոորդինատային համակարգեր:
Չափելի ցուցանիշ 2.1. Միջազգային կոորդինատային համակարգի (EPSG) ներդրում և գործարկում:
Չափելի ցուցանիշ 2.2. Քարտեզագրական նյութերի համապատասխանեցում կոորդինատային համակարգերին:
Չափելի ցուցանիշ 2.3. Տեխնիկական ուղեցույցի մշակում կոորդինատային համակարգերի օգտագործման վերաբերյալ:
9) Տարածական տվյալների և վիճակագրական տվյալների ինտեգրման հնարավորությունների գնահատում
ա. Գործողություններ.
. տարածական տվյալների և վիճակագրական տվյալների ինտեգրման տեխնիկական, ծրագրային հնարավորությունների գնահատում,
. տարածական տվյալների և վիճակագրական տվյալների ինտեգրման մեթոդաբանության մշակում,
. տարածական տվյալների և վիճակագրական տվյալների ինտեգրման համար անհրաժեշտ տարածական միավորների սահմանում և դասակարգում:
. տարածական տվյալների և վիճակագրական տվյալների ինտեգրման պիլոտային նախագծի իրականացում` մեկ համայնքի օրինակով:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. Տարածական տվյալների և վիճակագրական տվյալների ինտեգրման հնարավորությունների գնահատման հաշվետվություն, իրականացման մեթոդաբանություն:
Չափելի ցուցանիշ 1.1. Հնարավոր տեխնիկական լուծումների գնահատման հաշվետվություն:
Չափելի ցուցանիշ 1.2. Ինտեգրման ամբողջական մեթոդաբանության փաստաթուղթ:
. Արդյունք 2. Մեկ համայնքի օրինակով տարածական տվյալների և վիճակագրական տվյալների ինտեգրում,
. Արդյունք 3. Մեկ համայնքի օրինակով պիլոտային նախագծի արդյունքների հիման վրա տարածական և վիճակագրական տվյալների ինտեգրման մոդելի մշակում` հետագա տարածման համար:
. Չափելի ցուցանիշ 3.1. Ամբողջական, փաստաթղթավորված ինտեգրման մոդելի մշակում:
10) Տարածական տվյալների ոլորտում մասնագետների կայուն և շարունակական ներհոսքի ապահովում
ա. Գործողություններ.
. բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ փոխըմբռնման հուշագրերի թարմացում և գիտական, հետազոտական, ասպիրանտական ծրագրերի կազմակերպում և ֆինանսավորում,
. բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ կրթական և գիտահետազոտական լաբորատորիաների ստեղծում,
. միջազգային գիտաժողովներին մասնակցություն, ճանաչված գիտական ամսագրերում հոդվածների հրապարակում և ֆինանսավորում,
. տարածական տվյալների ոլորտի միջազգային գործընկերների հետ համատեղ վերապատրաստման դասընթացների կազմակերպում,
. թարմացված և ժամանակի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի մշակում և ներդրում,
. տարածական տվյալների ոլորտին առնչվող մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների մշակում հրատարակում,
. տարածական տվյալների ոլորտի մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակման և համագործակցության համար հնարավորությունների ստեղծում,
. միջոլորտային համագործակցության խրախուսում:
բ. Ակնկալվող արդյունքներ և չափելի ցուցանիշներ.
. Արդյունք 1. Տարածական տվյալների ոլորտում գիտահետազոտական գործունեության զարգացում.
Չափելի ցուցանիշ 1.1. Տարածական տվյալների ոլորտին առնչվող հոդվածի(ների) հրապարակում միջազգային ճանաչված ամսագրերում:
Չափելի ցուցանիշ 1.2. Տարածական տվյալների ոլորտի միջազգային գիտաժողովների կազմակերպում կամ մասնակցություն:
Չափելի ցուցանիշ 1.3. Գիտահետազոտական լաբորատորիաների ստեղծում:
. Արդյունք 2. Կրթական համակարգում տարածական տվյալների կիրառման, այնպիսի հետազոտական մեթոդների ուսուցման ընդլայնում ինչպիսիք են տարածական վիճակագրությունը, տարածական մոդելավորումը և տարածական տվյալների վերլուծությունը, կրթական ծրագրերի արդիականացում` համապատասխանեցնելով դրանք ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին, ներառյալ ԱՏՀ ծրագրային ապահովումների կիրառումը, հեռազննման տեխնոլոգիաները և տվյալների հավաքագրման ու վերլուծության ժամանակակից մեթոդները:
. Չափելի ցուցանիշ 2.1. Տարածական տվյալների ոլորտում նոր կրթական ծրագրերի մշակում:
. Չափելի ցուցանիշ 2.2. Կրթական ծրագրերի բովանդակության թարմացում:
. Չափելի ցուցանիշ 2.3. Տարածական տվյալների ոլորտի վերապատրաստված մասնագետներ:
. Չափելի ցուցանիշ 2.4. Հուշագրերի ստորագրում բուհերի հետ:
3. Տարածական տվյալների ոլորտի իրավիճակի խորքային վերլուծություն
8. ՀՀ-ում տարածական տվյալների ոլորտի զարգացումը վերջին տարիներին նշանակալի առաջընթաց է արձանագրել: Այս գործընթացը մեկնարկել է դեռևս 2019 թվականին, երբ ՀՀ կառավարությունն ընդունեց «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշումը: Հետագայում` 2021 թվականին, ՀՀ կառավարության «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ Կադաստրի կոմիտեն նախաձեռնեց ԱՏՏԵ-ի ստեղծումը: ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի հունիսի 18- ի «Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից ինտեգրված կադաստրի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խորհրդակցական մարմին (աշխատանքային խումբ) ստեղծելու, աշխատանքային խմբի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 149-Լ հրամանով ստեղծվեց ինտեգրված կադաստրի ԱՏՏԵ-ի խորհրդակցական մարմին: Ազգային տարածական տվյալների բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատվեցին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման դրույթներով:
9. Ոլորտի զարգացման առանցքային ձեռքբերումներից է 2023 թվականի հունվարի 17-ի «Տարածական տվյալների մասին» ՀՕ-21-Ն օրենքի ընդունումը, ինչպես նաև «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների հաստատումը: Այս օրենսդրական փաթեթը առաջին անգամ սահմանեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, տարածական տվյալների կառավարման հիմնական սկզբունքները և ԱՏՏԵ-ի բաղադրիչները: Օրենքների հաստատմանը հաջորդեց ենթաօրենսդրական ակտերի ընդունումը, որոնք ապահովում են տարածական տվյալների կառավարման իրավական հիմքերը: 2023-2025 թվականների ընթացքում ընդունվել են 17 ենթաօրենսդրական ակտեր, որոնք կարգավորում են տարածական տվյալների ստեղծման, պահպանման, տրամադրման, մշտադիտարկման և կառավարման տարբեր հարաբերություններ:
10. Հատկանշական է նշել, որ Ասիական զարգացման բանկի դրամաշնորհի շրջանակում` 2021-2023 թթ. ընթացքում միջազգային գործընկերների կողմից մշակվել են տարածական տվյալների 12 ազգային ստանդարտներ, որոնք 2024 թվականին հաստատվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից.
1) ՀՍՏ 435-2024 «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Օրթոլուսանկարների տվյալների սահմանում»
2) ՀՍՏ 436-2024 «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Հասցեների տվյալների սահմանում»,
3) ՀՍՏ 437-2024 «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Վարչատարածքային միավորների տվյալների սահմանում»
4) ՀՍՏ 445-2024, «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Տվյալների որակ»
5) ՀՍՏ 446-2024,» Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Աշխարհագրական անվանումների սահմանում»
6) ՀՍՏ 444-2024 «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Շենք-շինությունների տվյալների սահմանում»
7) ՀՍՏ 452-2024 «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Մետատվյալներ»
8) ՀՍՏ 453-2024 «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Ռելիեֆի տվյալների սահմանում»
9) ՀՍՏ 456-2024 «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Կադաստրային հողամասերի(parcels) տվյալների սահմանում»
10) ՀՍՏ 451-2024, «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Ցամաքային տարածքի ծածկույթի տվյալների սահմանում»
11) ՀՍՏ 454-2024, «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Մակերևութային ջրերի տվյալների սահմանում»
12) ՀՍՏ 455-2024, «Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Տրանսպորտային ցանցի տվյալների սահմանում»
11. Գործնական առաջընթացի տեսանկյունից հատկանշական է 2022 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից պետական միասնական գեոպորտալի (geoportal.am) և դրա քարտեզագրական բաղադրիչի (maparmenia.am) գործարկումը: Այս հարթակները ներառում են բազային քարտեզագրական շերտեր` կադաստրային քարտեզներ (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), հողային ֆոնդ (նպատակային և գործառնական նշանակություններ), սեփականության սուբյեկտ, հասցեներ, աշխարհագրական անվանումներ, օրթոֆոտոհատակագծեր, ռելիեֆ և այլն: Վերջիններիս հասանելիությունը կարող է իրականացվել OGC WFS, WCS, WMS վեբ քարտեզագրական ծառայությունների միջոցով: ԱՏՏԵ-ի բաղադրիչ հանդիսացող «Մետատվյալների կատալոգ» մոդուլում մուտքագրված են Կադաստրի կոմիտեում առկա 600-ից ավելի վեկտորային և ռաստերային տարածական տվյալների վերաբերյալ մետատվյալներ, որոնք շարունակաբար թարմացվում են: Համակարգն արդեն իսկ ցույց է տալիս տպավորիչ արդյունքներ` 2024 թվականին գրանցելով շուրջ 155,000 այց` 2023 թվականի 30,000-ի համեմատ:
12. Ասիական զարգացման բանկի «Հայաստան. Ազգային ստանդարտացված տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման աջակցում» ծրագրի (N 54388-001) շրջանակում 2024 թվականից սկսված աշխատանքներ են իրականացվում ազգային նոր բազմաֆունկցիոնալ գեոպորտալի ստեղծման համար: Աշխատանքները նախատեսված են ավարտվել մինչև 2025 թվականի ավարտը:
13. Պետական միասնական գեոպորտալի գործարկման նպատակով, OGC ստանդարտներին համապատասխան առցանց քարտեզագրական ծառայությունների միջոցով հարթակին են ինտեգրվել ոլորտային լիազոր մարմինների կողմից ստեղծված թեմատիկ տարածական տվյալները, համապատասխան հատկորոշող (ատրիբուտային) տվյալներով, այդ թվում` կապի, էներգետիկ ու տրանսպորտի ենթակառուցվածքների, շրջակա միջավայրին առնչվող, պատմամշակութային հուշարձանների, աղետների և վտանգավոր երևույթների և այլ քարտեզագրական շերտեր:
14. Կադաստրի կոմիտեն տարածական տվյալների որակի ապահովման նպատակով իրականացնում է բազային քարտեզագրական շերտերի ճշգրտման աշխատանքներ: Մասնավորապես, համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի N 698-Ն որոշման` իրականացվում է կադաստրային քարտեզների ուղղում: Մարզերի բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղման արդյունքում 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ շտկվել է ավելի քան 485 (47%) բնակավայրերի քարտեզներ:
15. Միասնական հասցեների ռեեստրի համակարգի ստեղծման ուղղությամբ իրականացվել է 1 մլն-ից ավելի հասցեների ճշգրտում, ստանդարտացում և կոորդինատային կապակցում(գեոկոդավորում): Հասցեները` որպես բազային շերտ, ներառվել են ներկայումս գործող Պետական գեոպորտալում:
16. Աշխարհագրական անվանումների ուսումնասիրության, տեղադիրքի ճշգրտման և ստանդարտացման արդյունքում ստեղծվել է շուրջ 36 000 աշխարհագրական օբյեկտի ԱՏՀ կետային բազա` ազգային կոորդինատային համակարգում:
17. Կադաստրի կոմիտեում իրականացվում են նաև տարածական տվյալների ոլորտին առնչվող մի շարք գիտահետազոտական վերլուծություններ, մասնավորապես արհեստական բանականության միջոցով օրթոֆոտոհատակագծերի հիման վրա շենք-շինությունների քարտեզագրման, ինքնակամ շինությունների առանձնացման և գնահատման բազա մուտքագրման աշխատանքներ:
18. ՀՀ տարածական տվյալների ոլորտի ներկա իրավիճակի համապարփակ գնահատման նպատակով իրականացվել է նաև ուսումնասիրություն տարբեր պետական կառավարման մարմինների կողմից վարվող տարածական տվյալների վիճակի, դրանց որակի, կառավարման և օգտագործման արդյունավետության, ոլորտի մասնագետների պահանջարկի, զարգացման անհրաժեշտ ուղղությունների և կառավարման մոտեցումների վերաբերյալ:
19. Կատարված վերլուծությունը ներառում է տեղեկատվություն տարբեր պետական մարմինների կողմից տնօրինվող տարածական տվյալների ծավալի, դրանց թարմացման հաճախականության, որակի չափանիշների և օգտագործման շրջանակների վերաբերյալ:
20. Այսպիսով, չնայած արձանագրված առաջընթացին, ոլորտը դեռևս բախվում է մի շարք մարտահրավերների: Առանցքային խնդիրներից է ոլորտային տվյալների փոխգործելիության բացակայությունը` պայմանավորված տարբեր կազմակերպությունների կողմից հավաքագրված տվյալների ստանդարտացման պակասով: Էական մարտահրավեր է նաև մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ շատ կազմակերպություններ և պետական մարմիններ դեռևս բավարար ծանոթ չեն ԱՏՏԵ-ի հնարավորություններին:
21. Ինստիտուցիոնալ մակարդակում առկա են համակարգման և հստակ դերաբաշխման խնդիրներ: Ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների սահմանափակումները նույնպես խոչընդոտում են համակարգի լիարժեք զարգացմանը: Առանձին խնդիր է նաև երկարաժամկետ ռազմավարական տեսլականի ձևավորման անհրաժեշտությունը:
21.1. Տարածական տվյալների ոլորտը խիստ դինամիկ է և ենթակա է տեխնոլոգիական արագ փոփոխությունների: Այն պահանջում է մասնագիտացված կարողություններ և շարունակական թարմացում:
21.2. Բացակայում է կոորդինացման և կառավարման արդյունավետ մեխանիզմը: Թեև ստեղծվել է ԱՏՏԵ-ի խորհրդակցական մարմինը, այն չունի բավարար լծակներ և ռեսուրսներ միջգերատեսչական համագործակցության ապահովման համար:
21.3. Տարածական տվյալների ոլորտի մասնագիտական ներուժը կենտրոնացած է առավելապես Կադաստրի կոմիտեում և մի քանի առաջատար գիտական հաստատություններում, մինչդեռ ոլորտային մարմիններում այն խիստ սահմանափակ է: Սա հանգեցնում է նրան, որ թեմատիկ տարածական տվյալների շերտերի զարգացումը էականորեն հետ է մնում բազային տվյալների զարգացումից:
22. Վերջին տարիներին տարածական տվյալների ոլորտը բարձր տեմպերով զարգանում է նաև մի շարք գիտահետազոտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններում: Սակայն այն կրում է ոչ համակարգային բնույթ, իսկ մշակված տվյալները հաճախ դուրս են մնում ԱՏՏԵ-ից և հասանելի չեն դառնում հանրությանը և քաղաքականություն մշակողներին:
23. Ամփոփելով կարելի է նշել, որ չնայած վերջին տարիների զգալի առաջընթացին, հատկապես իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի զարգացման առումով, դեռևս անհրաժեշտ է հետևողական աշխատանք տարածական տվյալների ոլորտի հետագա կատարելագործման ուղղությամբ: Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում ոլորտային մարմինների կողմից վարվող թեմատիկ տարածական տվյալների շերտերի ստեղծումն ու շարունակական թարմացումը` ընդունված ստանդարտներին համապատասխան: Հաշվի առնելով տեխնոլոգիաների արագ զարգացումը և շահառուների աճող պահանջները, անհրաժեշտ է ապահովել ենթակառուցվածքի շարունակական զարգացման հնարավորությունը և ներդնել արդյունավետ մոտիվացիոն մեխանիզմներ:
4. Տարածական տվյալների ոլորտի զարգացման SWOT վերլուծություն
24. Տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագրի շրջանակում պետական կառավարման մարմինների կարողությունների համապարփակ գնահատման նպատակով մշակված հարցախույզը հնարավորություն ընձեռեց գնահատել տարածական տվյալների ոլորտի ընթացիկ վիճակը և մարտահրավերները:
25. Ստորև ներկայացված SWOT վերլուծությունը կենտրոնանում է ծրագրի ներքին և արտաքին միջավայրի բազմակողմանի ուսումնասիրության վրա` նպատակ ունենալով հստակեցնել տարածական տվյալների ոլորտի զարգացման առանցքային ուղղությունները, բացահայտել զարգացման ներուժը և նախանշել հաջողության հասնելու հավանական ուղիները: Վերլուծությունը համապարփակ մոտեցում է ցուցաբերում` գնահատելով ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, առկա հնարավորությունները և պոտենցիալ սպառնալիքները` ապահովելով ռազմավարական պլանավորման արդյունավետ գործիքակազմ:
Աղյուսակ 1. SWOT վերլուծություն
._____________________________________________________________________.
|.________________________________. ._______________________________.|
||Ուժեղ կողմեր | |Թույլ կողմեր ||
||________________________________| |_______________________________||
||Աշխատանքի սահմանված շրջանակ | |Նախկինից ժառանգված համակարգեր ||
||________________________________| |_______________________________||
||Տվյալների հասանելիություն | |Տվյալների որակ և ||
||________________________________| |հետևողականություն ||
||Փորձառու աշխատուժի առկայություն | |_______________________________||
||________________________________| |Ռեսուրսների բաշխում ||
||Լայնաշերտ համագործակցություն | |_______________________________||
||շահագրգիռ կողմերի միջև | |Ինտեգրման բարդություններ ||
||________________________________| |_______________________________||
||Տարածական տվյալների | |Դիմադրություն փոփոխությունների ||
||ստանդարտացման գործընթացի մեկնարկ| |հանդեպ ||
|.________________________________. |_______________________________||
| |Մասնագետների սակավություն ||
| |տարածական տվյալների ոլորտում ||
| ._______________________________.|
|_____________________________________________________________________|
|.________________________________. ._______________________________.|
||Հնարավորություններ | |Սպառնալիքներ ||
||________________________________| |_______________________________||
||Զարգացող տեխնոլոգիաների ներդրում| |Տեխնոլոգիաների հնացում ||
||________________________________| |_______________________________||
||Օգտագործողների շրջանակի | |Կիբեռանվտանգության խնդիրներ ||
||ընդլայնում | |_______________________________||
||________________________________| |Տնտեսական և քաղաքական ||
||Պետական և միջազգային | |անկայունություն ||
||ֆինանսավորում | |_______________________________||
||________________________________| |Տվյալների սեփականության և ||
||Տվյալներ ծավալի ընդլայնում և | |լիցենզավորման խնդիրներ ||
||համագործակցություն | ._______________________________.|
||________________________________| |
||Իրազեկված և ներգրավված | |
||հասարակություն | |
|.________________________________. |
|_____________________________________________________________________|
| Ուժեղ կողմեր. |
|_____________________________________________________________________|
|Աշխատանքի սահմանված |գոյություն ունեցող ենթակառուցվածքը ապահովում է |
|շրջանակ. |ամուր հիմք` տվյալների փոխանակման հաստատված |
| |ձևաչափերի և հաղորդակարգերի (protocol) |
| |միջոցով: |
|_____________________|_______________________________________________|
|Տվյալների |կուտակված մեծ ծավալով տարածական տվյալներ, որոնք|
|հասանելիություն. |կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում կայուն |
| |զարգացման նպատակով: |
|_____________________|_______________________________________________|
|Փորձառու աշխատուժի |համակարգին ծանոթ, փորձառու աշխատուժի |
|առկայություն. |առկայություն, ովքեր կարող են աջակցել |
| |նորամուծությունների կիրառմանը և ԱՏՏԵ-ի |
| |ներդրմանը: |
|_____________________|_______________________________________________|
|Լայնաշերտ |շահագրգիռ մարմինների միջև համագործակցությունը |
|համագործակցություն |և վստահությունը տալիս է հնարավորություն |
|շահագրգիռ կողմերի |ապահովել փոխշահավետ զարգացում: |
|միջև. | |
|_____________________|_______________________________________________|
|Տարածական տվյալների |տարածական տվյալների համակարգման և օպտիմալացման|
|ստանդարտացման |նպատակով մեկնարկվել են տվյալների միասնական |
|գործընթացի մեկնարկ. |ստանդարտների մշակման և ներդրման |
| |նախապատրաստական աշխատանքներ` ապահովելով |
| |տվյալների որակի, համադրելիության և արդյունավետ|
| |փոխանակման հնարավորությունները: |
|_____________________________________________________________________|
| Թույլ կողմեր. |
|_____________________________________________________________________|
|Նախկինից ժառանգված |առկա հին համակարգերը և հնացած տեխնոլոգիաների |
|համակարգեր. |առկայությունը կարող են դառնալ խոչընդոտ նոր |
| |համակարգերի և տեխնոլոգիաների ներդրման համար: |
|_____________________|_______________________________________________|
|Տվյալների որակ և |առկա համակարգերում տվյալների որակի և |
|հետևողականություն. |ստանդարտների անհետևողականության պայմաններում |
| |առկա բազաները պահանջում են տվյալների զտման և |
| |դրանց ստանդարտացման երկարաժամկետ պլանավորում: |
|_____________________|_______________________________________________|
|Ռեսուրսների բաշխում. |սահմանափակ ռեսուրսները (ֆինանսական, մարդկային, |
| |տեխնիկական) կարող են խոչընդոտել նոր |
| |ենթակառուցվածքի ներդրմանը` ստիպելով մտածել |
| |միայն առկա համակարգերի ֆունկցիոնալության |
| |պահպանման վերաբերյալ: |
|_____________________|_______________________________________________|
|Ինտեգրման |գոյություն ունեցող համակարգերի և նոր ներդրվող |
|բարդություններ. |ենթակառուցվածքի ինտեգրացիան կարող է լինել |
| |բավականին բարդ և ժամանակատար: |
|_____________________|_______________________________________________|
|Դիմադրություն |կազմակերպչական իներցիան և փոփոխության նկատմամբ|
|փոփոխությունների |դիմադրությունը կարող են էական խոչընդոտ |
|հանդեպ. |հանդիսանալ նոր տեխնոլոգիաների արդյունավետ |
| |ներդրման գործընթացում: |
|_____________________|_______________________________________________|
|Մասնագետների |բարձրորակ մասնագետների սակավությունը |
|սակավություն |խոչընդոտում է տարածական տվյալների ոլորտի արագ |
|տարածական տվյալների |զարգացմանը և արդիականացմանը` սահմանափակելով |
|ոլորտում. |նորարական լուծումների ներդրման և մասնագիտական |
| |կարողությունների ընդլայնման |
| |հնարավորությունները: |
|_____________________________________________________________________|
| Հնարավորություններ. |
|_____________________________________________________________________|
|Զարգացող |առաջատար տեխնոլոգիաների` արհեստական |
|տեխնոլոգիաների |բանականության, տվյալների առցանց փոխանակման |
|ներդրում. |համակարգերի ներդրումը կարող են ավելացնել |
| |մշակման, վերլուծական կարողությունները, |
| |բարձրացնել հասանելիությունը: |
|_____________________|_______________________________________________|
|Օգտագործողների |տարածական տվյալների համակարգում նոր տվյալների |
|շրջանակի ընդլայնում. |ինտեգրացիան կարող է բարձրացնել ենթակառուցվածքի |
| |արդիականությունը և կիրառելիությունը: |
|_____________________|_______________________________________________|
|Պետական և միջազգային|պետական, միջազգային ֆինանսավորման, |
|ֆինանսավորում. |դրամաշնորհների ստացման լայն հնարավորություն` |
| |տվյալների համակարգի վերազինման նպատակով: |
|_____________________|_______________________________________________|
|Տվյալների ծավալի |տարբեր կազմակերպությունների միջև |
|ընդլայնում և |համագործակցության բարելավումը կարող է ապահովել |
|համագործակցություն. |համակարգում ամբողջական տվյալների և համապարփակ |
| |ծառայությունների առկայություն: |
|_____________________|_______________________________________________|
|Իրազեկված և |իրազեկված և ներգրավված հասարակության |
|ներգրավված |պայմաններում կարող է ավելանալ տարածական |
|հասարակություն. |տվյալների լայն օգտագործումը, ինչը կնպաստի |
| |ֆինանսական ռեսուրսների ավելացմանը: |
|_____________________________________________________________________|
| Սպառնալիքներ. |
|_____________________________________________________________________|
|Տեխնոլոգիաների |տեխնոլոգիաների արագ զարգացման և համակարգերի |
|հնացում. |դանդաղ թարմացման հետևանքով ներդրված պետական |
| |միասնական գեոպորտալը կարող է տեխնոլոգիապես |
| |հնանալ: |
|_____________________|_______________________________________________|
|Կիբեռանվտանգության |հաշվի առնելով համակարգի շարունակական աճը և |
|խնդիրներ. |համապարփակ տարածական տվյալների և մետատվյալների|
| |առկայությունը` կիբեռհարձակումները համակարգի |
| |հանդեպ կարող են դառնալ ավելի հաճախակի: |
|_____________________|_______________________________________________|
|Տնտեսական և |տնտեսական անկայունությունը և քաղաքական |
|քաղաքական |փոփոխությունները կարող են բացասական |
|անկայունություն. |ազդեցություն ունենալ տարածական տվյալների |
| |ոլորտում ներդրումների և զարգացման ծրագրերի |
| |իրականացման վրա: |
|_____________________|_______________________________________________|
|Տվյալների |տվյալների սեփականության, հեղինակային իրավունքի |
|սեփականության և |և լիցենզավորման հետ կապված իրավական |
|լիցենզավորման |մարտահրավերները կարող են բարդացնել տվյալների |
|խնդիրներ. |փոխանակման և ինտեգրման ջանքերը: |
._____________________________________________________________________.
5. Տարածական տվյալների ոլորտի զարգացման, այդ թվում ԱՏՏԵ-ի և ՏՏԵ-ների ներդրման տնտեսական գնահատման միջազգային փորձ
26. Տարածական տվյալների ոլորտի զարգացման միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱՏՏԵ-ի ներդրումներն ունեն դրական տնտեսական արդյունավետություն: Թեև չկա ստանդարտացված մեթոդաբանություն տնտեսական արժեքի գնահատման համար(1) տարբեր երկրների փորձը վկայում է նշանակալի օգուտների մասին: Տնտեսական վերլուծության տարբեր մոտեցումներ են կիրառվել, այդ թվում` ներդրումների եկամտաբերության գնահատում, ծախս-շահույթ վերլուծություն և տնտեսական ազդեցության մոդելավորում(2): Առկա հետազոտությունները հիմնականում կենտրոնացված են զարգացած մի քանի երկրների տվյալների վրա և տարբերվում են իրենց գնահատման մեթոդաբանությամբ(3):
___________________
1) «Anand, A., Coote, A., and Kelm, K. 2017, Economic and Financial Analysis of National Spatial Data Infrastructure: An Albania Case Study.,» n.d.
2) «ROI Analysis Is a Financial Metric Used to Evaluate the Efficiency or Profitability of an Investment by Comparing the Expected or Actual Return Relative to the Investment's Cost. CBA by Contrast Compares the Total Expected Costs against the Total Expected Benefits of an Intervention with Both Expressed in Monetary Terms. This Analysis Helps Determine Whether the Benefits of an Action Outweigh Its Costs and Is Often Used in Business and Policy Decision-Making to Ensure Economic Feasibility. Other Forms of Economic Impact Assessment Typically Using Economic Modelling Seek to Determine the Wider Sector or Economy-Wide Effects of an Intervention.»
3) «Trapp, N., Schneider, U. A., McCallum, I., Fritz, S., Schill, C., Borzacchiello, M. T., ... & Craglia, M. (2015). A Meta-analysis on the Return on Investment of Geospatial Data and Systems: A Multi-country Perspective. Transactions in GIS, 19(2), 169-187.»
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում