ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2026 թվականի N 1315-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը սահմանելու մասին» N 751-Ն որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «50.000 դրամ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 3.4.1-ին կետով սահմանված դեպքի» բառերով.
2) հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը «8335 դրամից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 3.4.1-ին կետով սահմանված դեպքի» բառերով.
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-3.8-րդ կետերով`
«3.2. ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը օտարերկրյա անձին, վերջինիս նախաձեռնությամբ, կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված օպերատորի միջոցով: Լիազորված օպերատոր կարող է հանդիսանալ հեղինակավոր օտարերկրյա կազմակերպությունը կամ վերջինիս մասնաճյուղը, պայմանով, որ տվյալ օտարերկրյա կազմակերպությունն ունի առնվազն 10 այլ պետություններում ԱԱՀ-ի գումարների վերադարձի թվային համակարգերի ներդրման և գործարկման փորձ:
3.3. Լիազորված օպերատոր ընտրելու նպատակով լիազոր մարմինը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասներորդ օրը իր պաշտոնական կայքում տեղադրում է լիազորված օպերատոր ներգրավելու վերաբերյալ հայտարարություն: Որպես լիազորված օպերատորներ ընտրվում են լիազոր մարմին դիմած այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված չափանիշներին: Սույն որոշման իմաստով լիազոր մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` լիազոր մարմին):
3.4. Լիազոր մարմնի և օպերատորների միջև կնքվում է պայմանագիր, որով, ի թիվս այլ հարցերի, սահմանվում է օպերատորի` օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումն իրականացնելու լիազորությունը, մաքսային մարմնին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն կարգի 3.5-րդ կետով սահմանված լիազորված օպերատորի թվային համակարգին հասանելիության տրամադրումը, ինչպես նաև լիազոր մարմնի և օպերատորի միջև ծագող հարաբերությունները կանոնակարգող, այդ թվում` օպերատորի կողմից հաշվետվություններ ներկայացնելու, օպերատորի և մաքսային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման, օպերատորի` պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու և վերջինիս լիազորությունները դադարեցնելու հետ կապված դրույթներ: Ընդ որում, որպես լիազորված օպերատոր, վերջինիս լիազորությունների դադարման դեպքում լիազորված օպերատորը պարտավոր է դադարեցումից առնվազն 6 ամիս առաջ դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին:
3.4.1. Լիազոր մարմնի և օպերատորի միջև կնքված պայմանագրի գործողության ընթացքում սույն կարգով սահմանված` օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է բացառապես օպերատորի միջոցով: Օպերատորի լիազորությունների դադարեցման դեպքում օպերատորի կողմից չվերադարձված` վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև օպերատորի լիազորությունների դադարեցումից հետո ներկայացված դիմումների հիման վրա վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է մաքսային մարմինների միջոցով` մինչև նոր օպերատորի հետ սույն կարգով նախատեսված պայմանագրի կնքումը: Ընդ որում, լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում` օպերատորի կողմից օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է, եթե օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված` ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ապրանքների) արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 10.000 դրամ, իսկ ԱԱՀ-ի գումարները չեն փոխհատուցվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք է բերվել ապրանք, որի դիմաց սույն կարգին համապատասխան օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս է 1667 դրամից:
3.5. Լիազորված օպերատորը պարտավոր է իր միջոցների հաշվին ապահովել ԱԱՀ-ի գումարների վերադարձի ամբողջական թվային համակարգի ստեղծումը, ներդրումը և անխափան գործարկումը: Ընդ որում, թվային համակարգը պետք է ապահովի տեղեկատվության փոխանակումը հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ:
3.6. Լիազորված օպերատորը օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների վերադարձ իրականացնելիս իրավունք ունի գանձել միջնորդավճար, որը չի կարող գերազանցել վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի 25 տոկոսը:
3.7. Յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը լիազորված օպերատորի կողմից գրություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` տվյալ ժամանակահատվածի համար լիազորված օպերատորի կողմից օտարերկրյա անձանց վերադարձված ԱԱՀ-ի գումարների վերաբերյալ, էլեկտրոնային եղանակով` xls ֆայլով կցելով տեղեկությունն ըստ ԱԱՀ-ի վերադարձերի հարկային հաշիվների սերիաների և համարների: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, հավելվածի 3.5-րդ կետում նշված լիազորված օպերատորի թվային համակարգի միջոցով, իրականացնում է տվյալների համադրում, և գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համադրման արդյունքում հաստատված ԱԱՀ-ի գումարների հանրագումարին համապատասխան գումարը փոխանցում է լիազորված օպերատորի բանկային հաշվին:
Լիազորված օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն կարգի 3.5-րդ կետով սահմանված լիազորված օպերատորի թվային համակարգին հասանելիություն:
3.8. Լիազորված օպերատորը պարտավոր է անհրաժեշտության դեպքում ապահովել իր գործունեության համար պահանջվող լիցենզիաների կամ թույլտվությունների ստացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
4) հավելվածի 4.1-ին կետի 8-րդ ենթակետը «(VISA կամ MASTER) համարը» բառերից հետո լրացնել «, իսկ լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում` օպերատորի կողմից գումարի կանխիկ կամ անկանխիկ վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ տվյալները» բառերով.
5) հավելվածի 8-րդ կետից հանել «կամ դրամարկղի մուտքի օրդեր» բառերը.
6) հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ դրամարկղի մուտքի օրդերը» բառերը.
7) հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով`
«13.1. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիազորված օպերատորին ներկայացնելու դեպքում օտարերկրյա անձը այդ փաստաթղթերը տրամադրում է մաքսային մարմնին սույն կարգի 14-րդ կետով սահմանված ապրանքի առկայությունը ստուգելու նպատակով:».
9) հավելվածի 14-րդ կետը «Անհրաժեշտության դեպքում» բառերից առաջ լրացնել «Մաքսային մարմինը ստուգում է օտարերկրյա անձի մոտ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքի առկայությունը:» նախադասությամբ.
10) հավելվածի 12-րդ և 13-րդ կետերը համապատասխան հոլովաձևերով «մաքսային մարմին» բառերից հետո լրացնել «, իսկ լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում` լիազորված օպերատոր» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
11) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«16. Սույն կարգով սահմանված պայմանները բավարարելու դեպքում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի կամ ՀԴՄ-ի հարկային հաշվի վրա մաքսային մարմնի աշխատողի կողմից կատարվում է «Ենթակա է փոխհատուցման» գրառումը` նշելով փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով, որից հետո փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարի չափի վերաբերյալ տեղեկությունն ըստ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի սերիայի և համարի մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Ներկայացված բոլոր փաստաթղթերը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` նաև նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենը պահվում են մաքսային մարմնի մոտ, իսկ դրանցում առկա տվյալները արտացոլվում են սույն կարգի 3.5-րդ կետում նշված հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում: Մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրում է սույն կարգի 3.5-րդ կետում նշված հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն:
Լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում` ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի կամ ՀԴՄ-ի հարկային հաշվի վրա օպերատորի կողմից կատարվում է «Ենթակա է փոխհատուցման» գրառումը` նշելով փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով: Լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում` ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ-ի հարկային հաշիվը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` նաև նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենը պահվում են լիազոր օպերատորի մոտ, իսկ դրանցում առկա տվյալները արտացոլվում են սույն կարգի 3.5-րդ կետով սահմանված լիազորված օպերատորի թվային համակարգում:».
12) հավելվածի 17-րդ կետը հանել.
13) հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«22. Սույն կարգի 16-րդ կետում նշված էլեկտրոնային եղանակով տեղեկությունը մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ուղարկվում յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, հավելվածի 3.5-րդ կետում նշված հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնում է էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկության տվյալների համադրում: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված վճարային քարտի համարին` համադրման արդյունքում հաստատված գումարները ԱՄՆ դոլարով փոխանցում է ոչ ուշ, քան տեղեկություն ստանալու օրվան հաջորդող 30-րդ օրը: Բանկի կողմից մերժված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն վերադարձված գումարները ենթակա չեն կրկին փոխանցման և մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես այլ եկամուտ:».
14) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1.-ին կետով`
«22.1. ԱԱՀ-ի վերադարձը լիազորված օպերատորի կողմից կարող է իրականացվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: ԱԱՀ-ի գումարների վերադարձի իրականացման կարգը և այլ գործառնական պայմանները սահմանվում են լիազորված օպերատորի կողմից` սույն կարգով սահմանված պահանջների պահպանմամբ: Գումարների կանխիկ վերադարձը կարող է իրականացվել սահմանային անցման կետերում գործող առևտրային բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերի կամ Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքերի միջոցով:».
15) հավելվածին կից N 1 ձևի 16-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
._____________________________________________________________________.
|[16] Վճարային քարտի համարը | | | | | | | | | | | | | | | | |
|Card number | | | | | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերի, որոնց դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը համապատասխանաբար լիազորված օպերատորի թվային համակարգին և հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տրամադրելուն հաջորդող աշխատանքային օրը:
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշման 2-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ
Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն Հիմնական իրավունքները և
ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ
սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով
որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները
և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան
վարքագիծ:
15.11.2019 թվականի ՍԴՈ-1488 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը
սահմնել է`
1) «.... օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630),
2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:
Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը» (ՍԴՈ-753),
3) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը» (ՍԴՈ-1148),
4) «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270),
5) «Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում» (ՍԴՈ-1439),
6) Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Սույն որոշման 2-րդ կետը չի բխում ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին, քանի որ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար լիովին անհասկանալի է թե սույն որոշումը երբ է ուժի մեջ մտնելու կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձն ինչպես է տեղեկացվելու սույն որոշման ուժի մեջ մտնելու փաստի մասին:
------------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. սեպտեմբերի 3
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 3 սեպտեմբերի 2026 թվական: