(ուժը կորցրել է 15.03.16 թիվ 150-Ն և 26.02.16 թիվ 159-Ն համատեղ հրաման)
i
             ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                         ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
     ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ         ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
             ԿՈՂՄԻՑ                                ԿՈՂՄԻՑ
          29. 07  1996թ                     05. 08  1996թ
            17-5/50                             10-Պ5-43
 
Կ Ա Ր Գ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ, ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ
 
i
Սույն կարգը սահմանվում է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 61-րդ և 67-րդ կետերի և գործողության մեջ է դրվում ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցելու պահից:
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1.1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների և կազմակերպությունների ժամկետանց դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, ձեռնարկությունների կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների պարտքերի անհուսալի ճանաչման և դրանց դուրս գրման կարգը:
1.2. Դեբիտորական պարտքը` ձեռնարկությանը /կազմակերպությանը, հիմնարկին/ իրավաբանական կամ ոչ իրավաբանական անձանց կողմից /դեբիտորներից/, նրանց հետ տնտեսական փոխհարաբերությունների արդյունքում առաջացած, վճարման ենթակա պարտքի գումարն է:
1.3. Պարտքը համարվում է ժամկետանց, եթե այն պայմանագրով նշված ժամկետում չի մարվել և կողմերի համաձայնությամբ, մինչև մարման ժամկետի լրանալը, պայմանագրային կարգով չի երկարաձգվել:
Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրային կարգով չեն սահմանել պարտքի մարման ժամկետը, պարտքի մարման ժամկետ է համարվում գործառնության /գործարքի, փաստի/ կատարման պահին հաջորդող 60-րդ օրը:
i
1.4. Սույն կարգում սահմանված ժամկետները առնչություն չունեն հայցային վաղեմության ժամկետների հետ:
 
2. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
 
2.1. Պարտքերի հնարավոր կորուստների պահուստ կարող է ձևավորվել այն դեբիտորական պարտքերի համար, որոնք ժամկետանց են դարձել 1996 թ. հունվարի 1-ից հետո: Ընդ որում, պահուստը ձևավորվում է ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից այլ ձեռնարկություններին, հիմնարկներին, քաղաքացիներին առաքված արտադրանքի /ապրանքների/, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց ժամկետանց դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների համար, բացի այն պարտքերից, որոնց իրացման շրջանառությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվում է վճարման պահի դրությամբ:
 
2.2. Դեբիտորական պարտքերը, ելնելով ժամկետանց օրերի թվից, դասակարգվում են 4 դասի` ոչ ստանդարտ, կասկածելի, վտանգավոր, անհուսալի: Ոչ ստանդարտ, կասկածելի և վտանգավոր դեբիտորական պարտքերին համապատասխանում են պահուստին մասհանման հետևյալ տոկոսադրույքները:
 
ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
 
.___________________________________________________________________.
|           ՊԱՐՏՔԻ ԴԱՍԸ                       |     ՊԱՀՈՒՍՏԻՆ       |
|                                             |     ՄԱՍՀԱՆՄԱՆ       |
|                                             |  ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ   |
|_____________________________________________|_____________________|
| 1. Ոչ ստանդարտ                              |                     |
|    Պարտքը ժամկետանց դառնալու օրվանից        |                     |
|    մինչև  90-րդ օրը ներառյալ                |     մինչև  20 %     |
|_____________________________________________|_____________________|
| 2. Կասկածելի                                |                     |
|    Պարտքը ժամկետանց դառնալու 91-րդ օրվանից  |                     |
|    մինչև  270-րդ օրը ներառյալ               |     մինչև  50 %     |
|_____________________________________________|_____________________|
| 3. Վտանգավոր                                |                     |
|    Պարտքը ժամկետանց դառնալու 271-րդ օրվանից |                     |
|    մինչև  365-րդ օրը ներառյալ               |     մինչև  100 %    |
|_____________________________________________|_____________________|
| 4. Անհուսալի                                |                     |
|    Պարտքը ժամկետանց դառնալու 366-րդ օրը     |                     |
.___________________________________________________________________.
 
2.3. Դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու պահից մինչև 90-րդ օրը լրանալը համարվում է ոչ ստանդարտ: Ոչ ստանդարտ պարտքերի համար ձեռնարկությունը, կազմակերպությունը կարող է պահուստ ուղղել պարտքի մինչև 20 տոկոսի չափով գումար:
 
2.4. Դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 91-րդ օրվանից մինչև 270-րդ օրը լրանալը համարվում է կասկածելի: Կասկածելի դեբիտորական պարտքի համար ձեռնարկությունը, կազմակերպությունը կարող է պահուստ ուղղել պարտքի մինչև 50 տոկոսի չափով գումար:
 
2.5. Դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 271-րդ օրվանից մինչև 365-րդ օրը լրանալը համարվում է վտանգավոր: Վտանգավոր դեբիտորական պարտքի համար ձեռնարկությունը, կազմակերպությունը կարող է պահուստ ուղղել մինչև 100 տոկոսի չափով գումար:
 
2.6. Դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 366-րդ օրը համարվում է անհուսալի:
Դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի նաև այն դեպքում /անկախ ժամկետանց օրերի թվից/, երբ պարտապանը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է սնանկ կամ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացվել է պարտքի մարման անհնարինությունը:
 
2.7. Պահուստ ուղղվող մասհանումները, անկախ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքից /շահույթ կամ վնաս/, կատարվում են սույն կարգի 2.2. կետում սահմանված ժամկետանց պարտքի դասին համապատասխան տոկոսադրույքների սահմաններում:
 
2.8. Պահուստի միջոցները օգտագործվում են սույն կարգի 2.6. կետի համաձայն անհուսալի համարվող պարտքերի դուրս գրման համար:
 
2.9. Պահուստի ընդհանուր մեծությունը ճշգրտվում է յուրաքանչյուր պարտքի մարմանը զուգընթաց, մինչև նույն եռամսյակի վերջին օրը, տվյալ պարտքի պահուստավորված գումարի չափով պակասեցնելով պահուստը և ավելացնելով ֆինանսական արդյունքները:
 
3. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄԸ
 
3.1. Սույն կարգի 2.6. կետի համաձայն անհուսալի դարձած /ճանաչված/ դեբիտորական պարտքերը ձեռնարկությունների, կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների կողմից ենթակա են հաշվեկշռից դուրս գրման` անհուսալի դառնալու /ճանաչվելու/ օրվանից մինչև նույն եռամսյակի վերջին օրը:
 
3.2. Ձեռնարկություններն ու կազմակերպությունները, որոնք տվյալ դեբիտորական պարտքի համար ձևավորվել են պարտքերի հնարավոր կորուստների պահուստ, անհուսալի դեբիտորական պարտքը դուրս են գրում պահուստի հաշվին:
Եթե տվյալ անհուսալի դեբիտորական պարտքի համար ձևավորված պահուստը չի բավարարում այդ պարտքի դուրս գրման համար, ապա անհուսալի պարտքի պահուստի հաշվին չմարված մասը դուրս է գրվում ձեռնարկության, կազմակերպության ֆինանսական արդյունքներով:
Այն ձեռնարկություններն ու կազմակերպությունները, որոնք դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ չեն ձևավորում, անհուսալի պարտքերը դուրս են գրում ֆինանսական արդյունքների հաշվին: Ընդ որում, երբ արտադրանքի /ապրանքների/, աշխատանքների, ծառայությունների իրացումը որոշվում է վճարման պահով և որոնք հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են 45 «Բեռնված ապրանքներ» հաշվապահաական հաշվում, այդ գումարները դուրս են գրվում հաշվեկշռային արժեքով` փաստացի ինքնարժեքով:
 
3.3. Բյուջետային հիմնարկները անհուսալի դեբիտորական պարտքերը դուրս են գրում ֆինանսավորման /ֆոնդերի/ հաշվին:
 
3.4. Մինչև 1996 թ. հունվարի 1-ը ժամկետանց դարձած դեբիտորական պարտքերը 1996 թ. ընթացքում, անհուսալի դառնալուն զուգընթաց, սույն կարգի 3.1. կետի պահանջին համապատասխան դուրս են գրվում մինչև 1996 թ. դեկտեմբերի 31-ը:
 
3.5. Մինչև 1996 թ. հունվարի 1-ը 45 «Բեռնված ապրանքներ» հաշվում հաշվառված առաքված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների գումարները սույն կարգը գործողության մեջ դրվելուց հետո ենթակա են մինչև 1996 թ. դեկտեմբերի 31-ը դուրս գրման 3.1. կետի պահանջներին համապատասխան: Ընդ որում, այդ պարտքերը դուրս են գրվում իրենց հաշվեկշռային արժեքով` ինքնարժեքով:
 
3.6. Պարտապանի անվճարունակության հետևանքով հաշվեկշռից անհուսալի պարտքի դուրս գրումը չի համարվում պարտքի անվավեր ճանաչում: Դուրս գրման պահից սկսած անհուսալի պարտքը առնվազն 5 տարի հաշվառվում է կազմակերպության արտահաշվեկշռում, նպատակ ունենալով այն հետագայում գանձել պարտապանից: Ընդ որում, արտահաշվեկշռում առանձնացված է հաշվառվում 45 «Բեռնված ապրանքներ» հաշվապահական հաշվից ինքնարժեքով դուրս գրված պարտքերը:
 
3.7. Այն դեպքում, երբ հետագա 5 տարիների ընթացքում պարտապանից չի ստացվում դուրս գրված անհուսալի պարտքի գումարը, պարտատերը այն կարող է դուրս գրել արտահաշվեկշռային հաշվառումից:
 
3.8. Դուրս գրված դեբիտորական պարտքը մարվելու դեպքում, մարված գումարի չափով ավելացվում են հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորումը /ֆոնդերը/:
 
3.9. 45 «Բեռնված ապրանքներ» հաշվապահական հաշվից դուրս գրված պարտքերի վճարման դեպքում, մարված ամբողջ գումարը ձևակերպվում է որպես իրացումից հասույթ:
 
4. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ
 
4.1. Ձեռնարկություններում ու կազմակերպություններում ժամկետանց դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և հաշվեկշռից անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է հետևյալ կերպ.
 
.________________________________________________________________________.
|   ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ                 ԴԵԲԵՏ       ԿՐԵԴԻՏ    |
|________________________________________________________________________|
| 1. Կատարվել է մասհանում դեբիտորական                                    |
|    պարտքերի հնարավոր կորուստների պահուստին        80           82      |
|________________________________________________________________________|
| 2. Ճշգրտվում է պահուստը պարտքի մարմանը                                 |
|     զուգընթաց` պահուստավորված գումարի չափով       82           80      |
|________________________________________________________________________|
| 3. Դուրս է գրվում անհուսալի դեբիտորական                                |
|    պարտքը պահուստի հաշվին`                                             |
|    ա. գնորդի և  պատվիրատուի պարտքը                82           62      |
|    բ. դատարանի կողմից անհուսալի ճանաչված                               |
|       պարտքը                                                           |
|    գ. աշխատողի պարտքը առհաշիվ գումարի գծով        82           71      |
|    դ. այլ դեբիտորական պարտքը                      82           76      |
|________________________________________________________________________|
| 4. Դուրս է գրվում անհուսալի դեբիտորական                                |
|    պարտքը` պահուստի հաշվին չմարված մասով          80     45,62,63,71,76|
|________________________________________________________________________|
| 5. Արտահաշվեկշռում հաշվառվում  է արդեն                                 |
|    դուրս գրված դեբիտորական պարտքը                 007           -      |
|________________________________________________________________________|
| 6. Վճարվել է նախկինում դուրս գրված                                     |
|    դեբիտորական պարտքը                          50,51,52                |
|                                                և  այլն         80      |
|________________________________________________________________________|
| 7. Վճարվել է նախկինում ինքնարժեքով դուրս                               |
|    գրված պարտքը                                50,51,52        46      |
|________________________________________________________________________|
| 8. Արտահաշվեկշռից դուրս է գրվում պարտքը           -            007     |
.________________________________________________________________________.
 
4.2. Բյուջետային հիմնարկներում անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է հետևյալ կերպ.
 
.________________________________________________________________________.
|    ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |        ԴԵԲԵՏ      |     ԿՐԵԴԻՏ     |
|___________________________________|___________________|________________|
| 1. Դուրս է  գրվում անհուսալի      |     14,23,24      |  15,16,17,18,19|
|    դեբիտորական պարտքը             |  /համապատասխան    |  /համապատասխան |
|                                   |   ենթահաշիվներով/ | ենթահաշիվներով/|
|___________________________________|___________________|________________|
| 2. Արտահաշվեկշռում հաշվառվում է   |                   |                |
|    արդեն դուրս գրված դեբիտորական  |                   |                |
|    պարտքը                         |       05          |       -        |
|___________________________________|___________________|________________|
| 3. Վճարվել է նախկինում դուրս գրված|                   |                |
|    դեբիտորական պարտքը             |  09,10,11,12,13   |       14,23,24 |
|                                   |  /համապատասխան    | /համապատասխան  |
|                                   |  ենթահաշիվներով/  | ենթահաշիվներով/|
|___________________________________|___________________|________________|
| 4. Արտահաշվեկշռից դուրս է գրվում  |                   |                |
|             պարտքը                |       -           |      05        |
.________________________________________________________________________.
 
Օ ր ի ն ա կ.
 
Ձեռնարկության 1996 թ. հուլիսի 1-ի հաշվեկշռում առկա են հետևյալ դեբիտորական պարտքերը.
 
1. 62 «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» հաշվում`
 
1996 թ. մարտի 10-ին գնորդին առաքված պատրաստի արտադրանքի դիմաց ձեռնարկությանը պարտք են 560000 դրամ, որի վճարման ժամկետը ապրիլի 10-ն էր:
 
2. 63 «Հաշվարկներ գանգատների գծով» հաշվում`
 
1996 թ. փետրվարի 8-ին ժամկետանց դարձած դեբիտորական պարտքերի վերաբերյալ բողոքարկված գումարը կազմել է 340000 դրամ:
 
3. 62 «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» հաշվում
 
1996 թ. հունվարին մատուցվել է ծառայություն, որի դիմաց պատվիրատուն պարտավորվել է վճարել 1996 թ. փետրվարին` 50000 դրամ գումարի չափով:
 
4. 1994 թ. հոկտեմբերին առաքված պատրաստի արտադրանքի դիմաց գնորդը պարտք է 32000 դրամ, որի վճարման ժամկետը պայմանագրով նախատեսված չի եղել:
 
Սույն պարտքը հաշվեկշռում 45 «Բեռնված ապրանքներ» հաշվապահական հաշվում արտացոլված է ինքնարժեքով` 10000 դրամ գումարով:
 
1996 թ. 9-ամսյա հաշվետվությունը ամփոփելու ժամանակ ձեռնարկությունը կարող է մասհանումներ կատարել պարտքերի հնարավոր կորուստների պահուստին և դուրս գրել արդեն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը:
Օրինակում բերված 1-ին պարտքը 1996 թ. սեպտեմբերի 30-ին ժամկետանց կլինի 170 օր, այսինքն կդասվի կասկածելի պարտքերի դասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտապանը չի կարողանում պարտքը մարել, նպատակահարմար է պահուստավորել տվյալ պարտքի դասի առավելագույն տոկոսադրույքին համապատասխան գումար, այսինքն` 50 տոկոսի չափով: / 560000 x 50 : 100/ = 280000 դրամ չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
 
Դեբետ 80 «Շահույթ և վնաս»
Կրեդիտ 82 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»
 
2-րդ պարտքը 1996 թ. սեպտեմբերի 30-ին ժամկետանց կլինի 235 օր: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1996 թ. սեպտեմբերի 2-ին տվյալ պարտապանը դատարանի կողմից անվճարունակ է ճանաչվել, այսինքն պարտքը անհուսալի է դարձել մինչև 360 օրը լրանալը, պարտքը պետք է դուրս գրվի հաշվեկշռից:
340000 դրամ գումարի չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
 
Դեբետ 80 «Շահույթ և վնաս»
Կրեդիտ 63 «Հաշվարկներ գանգատների գծով»
 
Միաժամանակ դեբետագրվում են 007 «Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշիվը:
 
3-րդ պարտքը 1996 թ. սեպտեմբերի 30-ին կդասվի կասկածելի պարտքերի դասին: Ձեռնարկությունը որոշում է պահուստային մասհանում չկատարել:
 
4-րդ պարտքը հաշվեկշռում արտացոլված է 45 «Բեռնված ապրանքներ» հաշվապահական հաշվում: Ուստի պարտքը, որպես անհուսալի պարտք, դուրս գրելուց տրվում է հետևյալ ձևակերպումը, 10000 դրամ գումարի չափով:
 
Դեբետ 80 «Շահույթ և վնաս»
Կրեդիտ 45 «Բեռնված ապրանքներ»
 
Միաժամանակ դեբետագրվում է 007 «Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշիվը` 32000 դրամ գումարի չափով, առանձնացված կարգով:
 
Այսպիսով, 1996 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռում կմնան 1-ին /560000 դրամ / և 3-րդ /50000 դրամ/ դեբիտորական պարտքերը:
 
Միաժամանակ, այդ նույն պարտքերի համար ձևավորվել է հնարավոր կորուստների պահուստ 280000 դրամ գումարի չափով:
 
Դիցուկ, 1996 թ. նոյեմբերին վճարվել են.
 
ա/ գնորդի 560000 դրամ պարտքը
 
Հաշվապահական հաշվառման մեջ տրվում է հետևյալ ձևակերպումը.
 
Դեբետ 51 «Հաշվարկային հաշիվ»
Կրեդիտ 46 «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացում»:
 
Միաժամանակ ճշգրտվում է 82 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշվապահական հաշվի մնացորդը`
 
Դեբետ 82 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»
Կրեդիտ 80 «Շահույթ և վնաս»
 
թղթակցությամբ, արդեն կատարված մասհանման գումարի /280000 դրամ/ չափով:
 
բ/ 1996 թ. սեպտեմբերին հաշվեկշռից դուրս գրված 32000 դրամ պատվիրատուի պարտքը
 
Այս պարտքը հաշվառված էր արտահաշվեկշռային 007 «Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր» հաշվում: Սույն գործառնության համար, 32000 դրամ գումարի չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
 
Դեբետ 51 «Հաշվարկային հաշիվ»
Կրեդիտ 48
 
Միաժամանակ կրեդիտագրվում է 007 «Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշիվը` նույն գումարով:
 
Տարեկան հաշվետվությունը ամփոփելիս.
 
1. Մատուցված ծառայության դիմաց 50000 դրամ պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ դասվում է վտանգավոր պարտքերի դասին, որի համար նպատակահարմար է մասհանել պահուստաֆոնդին գումար, դիցուկ 90 տոկոս /50000 x 90 : 100/= 45000, ձևակերպելով.
 
Դեբետ 80 «Շահույթ և վնաս»
Կրեդիտ 82 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
21.08.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960046