105.0031.250209
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «25»        02            2009 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10509088
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
16 փետրվարի 2009 թվականի N 31-Ն
 
i
«ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՏՆԱՄԵՐՁ ՇԵՐՏՈՒՄ ՍՊԵԿՏՐԱԼՈՒՍԱՉԱՓԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԶՈՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ» ՄԵԹՈԴԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1033-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2.4 կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Մթնոլորտի գետնամերձ շերտում սպեկտրալուսաչափական եղանակով օզոնի որոշումը» մեթոդը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
 
Հավելված
ՀՀ բնապահպանության նախարարի
2009 թ. փետրվարի 16-ի
N 31-Ն հրամանի
 
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՏՆԱՄԵՐՁ ՇԵՐՏՈՒՄ ՍՊԵԿՏՐԱԼՈՒՍԱՉԱՓԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԶՈՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
 
1. Արդյունաբերության և հատկապես ավտոտրանսպորտի աճը հանգեցնում է ածխաջրածիններով և ազոտի օքսիդներով քաղաքի մթնոլորտի աղտոտմանը: Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ ռեակցիայի ընդունակ ածխաջրածինները (օլեֆիններ և արոմատիկ միացություններ) փոխազդում են ազոտի օքսիդների հետ` առաջացնելով մի շարք նոր միացություններ` օզոն, պերօքսացիլնիտրատներ, ալդեհիդներ, ազատ ռադիկալներ և այլն: Նշված միացությունների կուտակումը քաղաքների մթնոլորտում հանգեցնում է «ֆոտոքիմիական սմոգ» կոչվող երևույթի, որի նշաններն են` տեսանելիության նվազումը, յուրահատուկ հոտը, բնակչության մոտ աչքերի լորձաթաղանթի և շնչառական ուղիների գրգռումը, բուսականության ախտահարումը և ռետինե իրերի (օրինակ ավտոդողերի) ճաքելը: Ֆոտոքիմիական սմոգի ինտենսիվության գնահատման համար որպես ցուցանիշ համարվում է օդում օքսիդիչների պարունակությունը, որոնք հիմնականում (90%) բաղկացած են օզոնից:
Եթե բնական օզոնի պարունակությունը մթնոլորտի չաղտոտված գետնամերձ շերտում, տարվա եղանակից և օրվա ժամանակից կախված, տատանվում է 0,01-ից մինչև 0,12 մգ/մ3 կոնցենտրացիայի սահմաններում, ապա սմոգի ժամանակ կոնցենտրացիան կարող է հասնել 0,5-ից մինչև 0,8 մգ/մ3, իսկ առանձին դեպքերում նաև 1.0 մգ/մ3: Օզոնի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (այսուհետ` ՍԹԿ) (միանվագ, մեկժամյա) կազմում է 0,16 մգ/մ3, միջին ամսականը` 0.03 մգ/մ3: 0.2 մգ/մ3 կոնցենտրացիան համարվում է ֆոտոքիմիական սմոգի ներքևի պայմանական սահմանը:
Մեթոդը հիմնված է ազոտի օքսիդով օզոնի գազաֆազային տիտրման արդյունքների հետ կալիումի յոդիդի և օզոնի ռեակցիայի համաչափության և արդյունքների համադրելիության վրա:
Օզոնի նմուշառումը նպատակահարմար է անցկացնել միայն ժամը 12-ից մինչև ժամը 15-ը, երբ կարող է դիտվել դրա առավելագույն գոյացումը և կուտակումը մթնոլորտում: Նմուշառման դիտակետը ցանկալի է տեղադրել քաղաքի կենտրոնական մասում` ավտոմեքենաների ինտենսիվ շարժման գոտում: Սակայն, անհրաժեշտ է խուսափել նմուշառման կետի չափազանց մոտիկությունից երթևեկելի հատվածին (50-ից մինչև 100 մ ոչ մոտ), նկատի ունենալով «թարմ» գազային քուլաների հավանական խանգարող ազդեցությունը և դրանցով օզոնի քայքայումը:
2. Մեթոդը նախատեսված է մթնոլորտի գետնամերձ շերտում օզոնի կոնցենտրացիայի չափման համար` 0.01-ից մինչև 1.0 մգ/մ3 սահմաններում, ինչպես նաև օզոնաօդային խառնուրդների որակի գնահատման համար, որոնք օգտագործվում են օզոնի ավտոմատ անալիզատորների չափաբերման ժամանակ: Օզոնի 0.1-ից մինչև 1.0 մգ/մ3 կոնցետրացիաների տիրույթում հայտնաբերման տոկոսը կազմում է 99%`+-5% սխալի դեպքում: 0.1 մգ/մ3-ից ցածր օզոնի կոնցենտրացիաների դեպքում, հայտնաբերման տոկոսը կարող է լինել 90%, հավանաբար, կալիումի յոդիդում վերականգնիչների հետքերի առկայության հետևանքով, որոնց օքսիդացման վրա ծախսվում է օզոնի մի մասը: Յոդիդային մեթոդով օզոնի որոշմանը խիստ խանգարում են վերականգնիչները, առաջին հերթին ծծմբային գազը (SO2): Դրա համար խորհուրդ է տրվում, մեթոդն օգտագործել այն քաղաքներում, որոնց մթնոլորտն ազատ է վերականգնիչներից, որոնք ամռանը հարավային քաղաքների մթնոլորտում հաճախ բացակայում են:
Մեթոդը զգայուն է ազոտի երկօքսիդի (NO2) նկատմամբ, որը օզոնի չափումների ժամանակ ներառվում է օքսիդիչների թվի մեջ: Այն ստույգ հանդիսանում է ազոտի օքսիդի օքսիդացման արդյունք:
Մեթոդի արտադրողականությունը` մեկ անալիզի տևողությունը մեկ ժամ է (30 րոպե նմուշառում և 30 րոպե անալիզ), երեք հաջորդական նմուշառումների դեպքում ժամանակի ծախսը կազմում է 2 ժամ (1.5 ժամ նմուշառում և 30 րոպե անալիզ):
3. Մեթոդը հիմնված է օզոնով յոդի դուրս մղման վրա, երբ օզոնը կլանվում է կալիումի յոդիդի (KJ) 1 տոկոսանոց լուծույթով, որպես բուֆերային լուծույթ օգտագործելով բորաթթվի 0.1 մոլյարանոց լուծույթը: Անջատված յոդը որոշվում է սպեկտրալուսաչափական եղանակով` յոդի եռատոմ իոնի (J3~) լուսակլանման հիման վրա, 352 նմ ալիքի երկարության դեպքում:
Ռեակցիան ընթանում է հետևյալ սխեմայով`
 
O3+ 3KJ+ H2O - KJ3~+2KOH+O2
 
4. Մեթոդում օգտագործվում են հետևյալ սարքերը և սարքավորումները.
1) Սպեկտրալուսաչափ`
ցանկացած լաբորատոր սարք, որն ընդունակ է չափել (J3~) իոնի լուսակլանումը a=352 նմ ալիքի երկարության դեպքում: Լիովին հարմար է ՖԷԿ-56Մ-ը (լամպ ՍՎԴ-120) - 1 կոմպլեկտ:
2) Պոմպ`
ցանկացած սարքավորում, որն ապահովում է օդի քաշումը 1-ից մինչև 2 լ/րոպե արագությամբ 30 րոպեի ընթացքում: Կարելի է օգտագործել նաև ներծծման համար վերափոխված ակվարիումային միկրոկոմպրեսոր (ՎԿ-1) - 1 հատ:
3) Ապակե թակարդ`
պոմպի մեջ հեղուկի մղումը կանխելու համար, մինչև պոմպը տեղադրվում է չորացուցիչով (սիլիկագել, ասկարիտ) ապակե թակարդ - 1 հատ:
4) Ծախսաչափ`
ապակե ռոտոմետր կամ կապիլյար ռեոմետր, որոնք հնարավորություն են տալիս չափել օդի 1-2 լ/րոպե արագությունը 2-3% ճշտությամբ - 1 հատ:
5) Փրփրային ծախսաչափ`
օգտագործվում է ռոտոմետրերի կամ ռեոմետրերի չափավորման համար - 1 հատ:
6) Կլանիչ սարք`
նմուշառման համար օգտագործվում են ըստ արդյունավետության ընտրված Ռիխտերի կլանիչները, խնամքով լվացված քրոմային խառնուրդի լուծույթով - 10 հատ:
7) Չափիչ անոթներ`
1 լ - 1 հատ,
0.5 լ - 1 հատ,
100 մլ - 1 հատ,
25 մլ - 4 հատ:
8) Կաթոցիչներ`
10 մլ - 1 հատ,
5 մլ - 1 հատ,
1 մլ - 1 հատ:
9) Վայրկենաչափ կամ ազդանշանային ժամացույց - 1 հատ:
10) Շիշ 1 լ տարողությամբ մուգ ապակուց - 1 հատ:
11) Ռետինե տանձիկ - 1 հատ:
12) Սիլիկոնային ձողիկների կտորներ (ծայրահեղ դեպքում` ռետինե) միացումների համար (կլանիչների, չորացուցիչների, ռեոմետրի, պոմպի):
5. Մեթոդում օգտագործվող բոլոր ռեակտիվները պետք է լինեն «Մաքուր անալիզի համար» որակավորումից ոչ ցածր: Լուծույթների պատրաստման համար օգտագործվում է կրկնակի թորած ջուր: Թորումն ուղեկցվում է մի քանի բյուրեղ բարիումի հիդրօքսիդի և կալիումի պերմանգանատի ավելացումով:
Մեթոդում օգտագործվում են հետևյալ նյութերը և քիմռեակտիվները.
1) Կլանիչ լուծույթ (1%-ոց KJ-ը 0,1 Մ-ոց բորաթթվի (H3BO3) լուծույթի մեջ)`
10,0 գ KJ-ը և 6,2 գ H3BO3-ը լուծել 1 լ-ոց չափիչ անոթի մեջ: Կրկնակի թորած ջրով ծավալը հասցնել նիշին: Օգտագործելուց առաջ լուծույթը պահել 1 օր, լավ փակված մուգ շշի մեջ, լույսից պահպանված տեղում: Լուծույթը կայուն է մի քանի շաբաթվա ընթացքում: Նմուշահավաքի ժամանակ կլանիչները նույնպես պետք է պաշտպանվեն արեգակնային ուղղակի լույսից:
2) 0,05Ն յոդի ստանդարտային լուծույթ`
լուծել 10,0 գ KJ-ը և 3,173 գ յոդը (J2) 500 մլ-նոց անոթի մեջ և կրկնակի թորած ջրով ծավալը հասցնել մինչև նիշը: Օգտագործումից առաջ պահել 1 օր: Լուծույթը մթության մեջ կայուն է մի քանի շաբաթվա ընթացքում:
0,05Ն J2-ի լուծույթի պատրաստման համար ավելի լավ է օգտագործել 0,1Ն J2-ի ֆիկսանալ (ստանդարտ-տիտր): 0,05Ն J2-ի լուծույթի պատրաստման համար, սրվակի պարունակությունը քանակապես տեղափոխել 1 լ չափիչ անոթի մեջ, ավելացնել 32 գ KJ և կրկնակի թորած ջրով ծավալը ճիշտ հասցնել մինչև նիշը:
6. Նմուշառումը կատարվում է 1-ից մինչև 2 լ/րոպե արագությամբ 2 հաջորդաբար միացված Ռիխտերի կլանիչներով, յուրաքանչյուրում լցված 10 մլ կլանիչ լուծույթ:
Եթե օդի ջերմաստիճանը 25oC-ից բարձր է, ապա նմուշառման ժամանակ կլանիչները պետք է տեղավորվեն սառցե բաղնիքում` երկրորդ կլանիչի մեջ թռչելու և ցնդելու հաշվին յոդի կորուստը կանխելու համար: Անթույլատրելի է հավաքած օդի շփումը ռետինե խողովակի հետ (անհրաժեշտության դեպքում կլանիչները «կիպ» միացնել):
7. Անալիզը կատարվում է անմիջապես նմուշառումից հետո, քանի որ նմուշներն անկայուն են ժամանակի ընթացքում: Չափվում է կլանիչ լուծույթի օպտիկական խտությունը յուրաքանչյուր կլանիչի մեջ a=352 նմ ալիքի երկարության դեպքում (սնդիկային լամպ ՍՎԴ-120, լուսաֆիլտր N 2, կյուվետա 2 սմ):
8. Չափավորման կորի որոշման համար անհրաժեշտ է արագ պատրաստել յոդի 0,0025 N ստանդարտային լուծույթ, տեղափոխելով ճիշտ 5 մլ նախօրոք պատրաստված 0,05 N ստանդարտային լուծույթից 100 մլ-ոց անոթի մեջ և կլանիչ լուծույթով (1% KJ-ը 0,1 Մ H3BO3-ի մեջ) հասցնել մինչև նիշ:
Այնուհետև 0,2, 0,4, 0,6, 0,9 մլ 0,0025 N-նոց յոդի լուծույթը տեղափոխել 25 մլ-նոց չափիչ անոթների մեջ և ծավալը կլանիչ լուծույթով հասցնել մինչև նիշ: Խնամքով խառնել: Արագ չափել պատրաստված լուծույթների օպտիկական խտություններն այնպես, ինչպես նմուշների անալիզի ընթացքում:
9. Օզոնի որոշման ժամանակ ստանդարտների սանդղակի կառուցման համար անհրաժեշտ են հետևյալ լուծույթները
 
Աղյուսակ 1
.___________________________________________________________________.
|Լուծույթ                              |Ստանդարտային լուծույթի համար|
|                                      |   1    2     3     4       |
|______________________________________|____________________________|
|                                      |                            |
|Աշխատանքային ստանդարտային լուծույթ    |   0,2  0,4   0,6   0,8     |
|(0.0025 N), մլ                        |                            |
|                                      |                            |
|Կլանիչ լուծույթ                       |Մինչև  25 մլ յուրաքանչյուր  |
|                                      |կոլբայի մեջ                 |
|                                      |                            |
|Համապատասխանում է օզոնի պարունակության|   4,8  9,6   14,4  21,6    |
|10 մլ ստանդարտային լուծույթում, մկ    |                            |
.___________________________________________________________________.
 
10. Ելնելով KJ-ի հետ օզոնի ռեակցիայի համաչափությունից` 1 մոլ օզոնը դուրս է մղում 1 մոլ յոդ: Յոդի քանակը 10 մլ վերը նշված յոդի ստանդարտային լուծույթներում (մկգ-ով) ստույգ համապատասխանում է 4,8; 9,6; 14,4 և 21,6 մկգ օզոնին ըստ աղյուսակ 1-ի: Կառուցել յոդի չափված ստանդարտային լուծույթների օպտիկական խտության կախվածությունը օզոնի (O3) կոնցենտրացիայից մկգ-ով, 10 մլ կլանիչ լուծույթի համար (նկ.1): Գրաֆիկի վրա անցկացնել ուղիղ գիծ, զուգահեռ աբսցիսների առանցքին, այն պայմանով, որ օպտիկական խտությունը` A=1: Հատման կետը տալիս է օզոնի (O3) համապատասխան քանակությունը (մկգ-ով) կլանիչ լուծույթին, A=1 դեպքում, որը նշանակվում է որպես կալիբրման գործոն` K: Օդի հետազոտվող նմուշում օզոնի կոնցենտրացիան հաշվվում է հետևյալ բանաձևով`
 
     CO3 = AxK մգ/մ3                    (1)
           ___
            V
 
որտեղ,
A - յուրաքանչյուր կլանիչ լուծույթի օպտիկական խտությունն է
K - չափավորման գործոն է
V - օդի վերցված նմուշի ծավալն է (լ), բերված նորմալ պայմանների` ճնշումը Po=760 մմ սնդիկի սյուն (101,3 կՊա) և օդի ջերմաստիճանը t=0oC (To=273K), հետևյալ բանաձևով`
     Vo = ToP      u (T2-T1) = K PV       u (T2-T1)  (2)
          ______                 ___
          Po(273+t)              273+t
 
որտեղ`
Vo- վերցված օդի նմուշի ծավալն է, բերված նորմալ պայմանների, դմ3,
u - օդի ծախսն է նմուշահավաքի ժամանակ, դմ3/ր,
V - օդի նմուշի ծավալն է, չափված նմուշահավաքի ընթացքում, դմ3,
t - օդի ջերմաստիճանն է հաշվիչի մուտքի մոտ (ոչ փողոցում), oC,
T1 և T2 - նմուշահավաքի սկզբի և ավարտի ժամանակն է,
P - մթնոլորտային ճնշումն է օդի նմուշահավաքի ընթացքում, կՊա կամ մմ սնդ. սյուն,
K - վերահաշվարկի գործակիցն է (P-ն կՊա-ով չափման դեպքում K=2.7,
իսկ P-ն մմ սնդ. սյուն -ով չափման դեպքում K=0.358):
Օդի նմուշի ծավալը կարելի է բերել նորմալ պայմանների ավելի պարզ բանաձևով`
     V0=K'V                            (3)
որտեղ` V0 և V - (տես (2) բանաձև),
K' - վերահաշվարկի գործակիցն է, ըստ ստորև ներկայացված աղյուսակ 2-ի:
 
Աղյուսակ 2
 
.____________________________________________________________.
|Ջերմաստիճան, oC |Ճնշում, մմ սնդ. սյուն (կՊա)                |
|                |730    735    740    745    750      755   |
|                |(97.3) (98.0) (98.7) (99.3) (100.0) (100.7)|
|________________|___________________________________________|
|0               |0.96  |0.96  |0.97  |0.98  |0.98   |0.99   |
|5               |0.91  |0.95  |0.96  |0.96  |0.97   |0.98   |
|10              |0.93  |0.93  |0.94  |0.95  |0.95   |0.96   |
|15              |0.91  |0.92  |0.92  |0.93  |0.94   |0.94   |
|20              |0.89  |0.90  |0.91  |0.91  |0.92   |0.94   |
|25              |0.88  |0.89  |0.89  |0.90  |0.90   |0.93   |
|30              |0.87  |0.87  |0.88  |0.88  |0.89   |0.90   |
|35              |0.85  |0.86  |0.86  |0.87  |0.87   |0.88   |
|40              |0.84  |0.84  |0.85  |0.85  |0.86   |0.87   |
|____________________________________________________________|
|                 760     765     770     775     780        |
|                 (101.3) (102.0) (102.7) (103.3) (104.0)    |
|____________________________________________________________|
|0               |1.0   | 1.0   | 1.1    |1.1    |1.2        |
|5               |0.98  | 0.99  | 0.99   |1.00   |1.00       |
|10              |0.96  | 0.97  | 0.98   |0.98   |0.99       |
|15              |0.96  | 0.96  | 0.96   |0.97   |0.97       |
|20              |0.93  | 0.94  | 0.94   |0.95   |0.96       |
|25              |0.92  | 0.92  | 0.93   |0.94   |0.94       |
|30              |0.90  | 0.91  | 0.91   |0.92   |0.92       |
|35              |0.89  | 0.89  | 0.90   |0.90   |0.91       |
|40              |0.87  | 0.88  | 0.88   |0.89   |0.89       |
.____________________________________________________________.
Միջին օրական նմուշահավաքի ժամանակ, միջին մթնոլորտային ճնշումը հաշվում են հետևյալ բանաձևով`
     P = Pս+Pվ                     (4)
______
          2
որտեղ Pս և Pվ - նմուշահավաքի ընթացքում մթնոլորտային ճնշման սկզբնական և վերջնական արժեքներն են:
Առաջին և երկրորդ կլանիչներում օզոնի կոնցենտրացիաները գումարվում են:
 
Նկար 1.
(Նմուշ)
Յոդի ստանդարտային լուծույթների օպտիկական խտության կախվածությունը օզոնի կոնցենտրացիայից (մկգ-ով), 10 մլ կլանիչ լուծույթի համար:
 
Յոդի ստանդարտային լուծույթների
օպտիկական խտությունը
 
|1.0
|                /
|0,8           /
|            /
|0,6       /
|        /
|0,4   /
|    /
|0,2
| /
.__________________________
     0   4    8    12    16   20
 
Օզոնի քանակը մկգ-ով 10 մլ կլանիչ լուծույթի մեջ
K - չափավորման գործոն