Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան  քաղաքի առաջին ատյանի                 ԵԴ/0025/01/23

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Հ. Մանուկյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Լ. Աբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                         դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                         Հ. Գրիգորյանի

                                         Ա. Դանիելյանի

                                         Լ. Թադևոսյանի

                                         Ա. Պողոսյանի

 

    10 մարտի 2026 թվական                        ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի հուլիսի 22-ի որոշման դեմ մեղադրյալ Արթուր Օնիկի Գևորգյանի և պաշտպան Կ.Մանուկյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի հունվարի 4-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ ԵԴ/0025/01/23 քրեական գործը` ըստ մեղադրանքի` Արթուր Օնիկի Գևորգյանի` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` երկու դրվագով, 118-րդ հոդվածով` հինգ դրվագով, 316-րդ հոդվածի 1-ին մասով` մեկ դրվագով, 353.1-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 508-րդ հոդվածի 1-ին մասով` ութ դրվագով, և մյուսների:

Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հունվարի 30-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվել է, իսկ պաշտպանի միջնորդությունը` այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն կիրառելու մասին` մերժվել:

1.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը բավարարվել է. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը բեկանվել է և կայացվել է դրան փոխարինող դատական ակտ. մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է և կիրառվել վարչական հսկողությունը: Մեղադրյալ Ա.Գևորգյանին արգելվել է նաև առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը կամ ժամանակավոր բնակության վայրը` համայնքը, իսկ Երևան քաղաքում` վարչական շրջանը:

2. Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի հունիսի 13-ի որոշմամբ տուժող Ջ.Մ.-ի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողության հետ կիրառվել են լրացուցիչ սահմանափակումներ, մասնավորապես` Ա.Գևորգյանին արգելվել է այցելել տուժող Ջ.Մ.-ի և մեղադրյալ Մ.Ավետիսյանի բնակության և աշխատանքի վայրեր, ինչպես նաև երեխաների` Ա.Գ.-ի և Ա.Գ.-ի ուսումնական հաստատություններ (բացառությամբ` դատարանի կողմից սահմանված օրերի, ժամերի և վայրերի)` պահպանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 14-ի և Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումներով կիրառված սահմանափակումները:

3. Վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Գևորգյանի և նրա պաշտպան Ս.Յուզբաշյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ թողել է առանց քննության` հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակներում բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Գևորգյանը և պաշտպան Կ.Մանուկյանը ներկայացրել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել են վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոնշյալ փաստարկներով.

Պաշտպան Կ.Մանուկյանի բողոքի փաստարկները.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, և բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

5.1. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բխում ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ, 118-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի պահանջներից:

Ըստ բողոքի հեղինակի` տվյալ պարագայում անձը փաստացի զրկվել է իր իրավունքների պաշտպանությունն իրացնելու իրավունքից, քանի որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ, այն պարագայում, երբ նույն վարույթով ավելի վաղ նման բողոքարկում տեղի է ունեցել:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2025 թվականի հուլիսի 22-ի որոշումը:

 

Մեղադրյալ Ա.Գևորգյանի բողոքի փաստարկները.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չի բխում օրենսդրության պահանջներից և ենթակա է բեկանման:

Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի` իր համար լրացուցիչ սահմանափակումներ նախատեսող դատական ակտում նշվել է, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր և պաշտպանի հատուկ վերանայման բողոքները թողել է առանց քննության` այդպիսով հակասելով նախկինում համանման վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշմանը:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2025 թվականի հուլիսի 22-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.

9. Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի հունիսի 13-ի` «Խափանման միջոցի հարցը քննության առնելու մասին» որոշման եզրափակիչ մասի համաձայն` «(...) Տուժող Ջ.Մ.-ի միջնորդությունը բավարարել. մեղադրյալ Արթուր Օնիկի Գևորգյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողության հետ կիրառել լրացուցիչ սահմանափակումներ. մասնավորապես` Արթուր Օնիկի Գևորգյանին արգելել այցելել սույն քրեական գործով տուժող Ջ.Մ.-ի և մեղադրյալ Մարինա Արմենի Ավետիսյանի բնակության և աշխատանքի վայրերը, ինչպես նաև երեխաների` Ա.Գ.-ի և Ա.Գ.-ի ուսումնական հաստատությունները (բացառությամբ` դատարանի կողմից սահմանված օրերի, ժամերի և վայրերի)` պահպանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի մարտի 14-ի և ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումներով կիրառված սահմանափակումները:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում: (...)»(1):

 

_________________________

1) Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 1-ին, թերթեր 82-113:

 

10. Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ա.Գևորգյանի և նրա պաշտպան Ս.Յուզբաշյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Մեղադրյալը և նրա պաշտպանը հատուկ վերանայման բողոքներ են ներկայացրել Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի հունիսի 13-ի` մեղադրյալ Արթուր Օնիկի Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց վարչական հսկողության հետ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ տուժողի միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այդ որոշումը ներառված չէ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակում, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն այն բողոքարկելու հնարավորության վերաբերյալ որևէ այլ կարգավորում չի պարունակում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արթուր Գևորգյանի և նրա պաշտպան Սեդա Յուզբաշյանի կողմից բողոքարկվել է այնպիսի դատական ակտ, որը հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակներում բողոքարկման ենթակա չէ: (...)»(2):

 

____________________________

2) Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 2-րդ, թերթեր 42-43:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է իրավունքի զարգացման գործառույթի իրացմամբ: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի հետ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշման` հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա լինելու հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք ուղղորդող նշանակություն կունենան նման վարույթներով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ վարչական հսկողության հետ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ:

13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

13.1. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ հարցերին Սահմանադրական դատարանը(3), Մարդու իրավունքների եվրոպական դատարանը(4) և Վճռաբեկ դատարանն (5) անդրադարձել են իրենց մի շարք որոշումներում և ձևավորել կայուն իրավական դիրքորոշումներ, որոնց հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ կրկնում է, որ դատական պաշտպանության իրավունքի համատեքստում անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Հետևապես, դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացման տեսանկյունից իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ենթադրում է նաև դատական այն ակտերի բողոքարկման հնարավորությունը, որոնք ինքնին կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը` բացառելով անձի կողմից իր խախտված իրավունքների և ազատությունների` դատական կարգով վերականգնումը(6):

 

_________________________

3) Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2012 թվականի հուլիսի 18-ի թիվ ՍԴՈ-1037, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 և 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ ՍԴՈ-1191 որոշումները:

4) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Philis v. Greece գործով 1991 թվականի օգոստոսի 27-ի վճիռը, (գանգատներ թիվ 12750/87, 13780/88, 14003/88, կետ 59), De Geouffre de la Pradelle v. France գործով 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, (գանգատ թիվ 12964/87, կետ 28), Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, (գանգատ թիվ 36760/06, կետ 229), Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, (գանգատ թիվ 29294/02, կետ 50):

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշման 16-րդ կետը:

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Աշոտ Ղազախանյանի գործով 2025 թվականի հուլիսի 11-ի թիվ ԵԴ1/0029/18/23 որոշման 13.1-րդ կետը:

 

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի համաձայն` «1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանի հետևյալ դատական ակտերը. (...)

2) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին. (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն` «1. Խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները:

2. Այլընտրանքային խափանման միջոցներն են`

(...)

2) վարչական հսկողությունը. (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն` «1. Վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:

2. Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`

1) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը` համայնքը, իսկ Երևան քաղաքում` վարչական շրջանը.

2) այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր.

3) հաղորդակցվել որոշակի անձանց հետ.

4) օրվա որոշակի ժամերի լքել իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը:

(...)

7. Վարչական հսկողության կիրառման կարգի և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները»:

15. Սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ վարչական հսկողություն խափանման միջոցի բովանդակությանը և դատական քննության փուլում դրա վերաբերյալ կայացված որոշման վերադասության կարգով բողոքարկման հնարավորությանը:

Այսպես` վարչական հսկողությունն այլընտրանքային խափանման միջոց է, որն իր խստության աստիճանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված խափանման միջոցների համակարգում հաջորդում է կալանքին և տնային կալանքին, սակայն ի տարբերություն վերջինների, ենթադրում է ոչ թե անձի ազատության, այլ տեղաշարժման ազատության իրավունքի սահմանափակում ու այդ կերպ կոչված է հակակշռելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ վարչական հսկողության` որպես այլընտրանքային խափանման միջոցի հիմնական բովանդակությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում վերջինս պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում: Միևնույն ժամանակ, օրենսդիրը, վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցն ընտրելիս, քննարկվող խափանման միջոցի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ իրագործելու նպատակով դատարանին հնարավորություն է տալիս մեղադրյալի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտականությունից բացի, սահմանել նաև լրացուցիչ այլ հատուկ արգելքներ ու սահմանափակումներ, մասնավորապես, դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև` 1) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը` համայնքը, իսկ Երևան քաղաքում` վարչական շրջանը, 2) այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր, 3) հաղորդակցվել որոշակի անձանց հետ, 4) օրվա որոշակի ժամերի լքել իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը: Ընդ որում` անձի նկատմամբ կարող են կիրառվել ինչպես վերոնշյալ բոլոր արգելքները միասին, այնպես էլ միայն դրանցից մեկը կամ մի քանիսը:

Հարկ է նշել նաև, որ ինչպես տնային կալանքի, այնպես էլ վարչական հսկողության դեպքում մեղադրյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է իրավասու մարմինը` հատուկ էլեկտրոնային միջոցներով: Վարչական հսկողության պարագայում ևս մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն կալանքի և տնային կալանքի, վարչական հսկողությունն անձի իրավունքների նկատմամբ ավելի նվազ միջամտություն և ավելի քիչ սահմանափակումներ է ենթադրում, օրենսդիրը, հաշվի առնելով քննարկվող խափանման միջոցի վերոնշյալ առանձնահատկությունները և ի ապահովումն անձի սահմանափակվող իրավունքների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 7-րդ մասում հստակ ամրագրել է, որ վարչական հսկողության կիրառման կարգի և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դրույթները, ինչը, ի թիվս այլնի, նշանակում է, որ վարչական հսկողություն խափանման միջոցի նկատմամբ կիրառվում են նաև կալանքի բողոքարկման կանոնները` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Հատուկ վերանայումը» վերտառությամբ 48-րդ գլխով նախատեսված կարգավորումները: Այլ խոսքով` թեև վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը սահմանող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում թվարկված են միայն կալանքի կիրառման հետ կապված, այն է` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումները, սակայն վկայակոչված հատուկ կանոնի ուժով դրանց շարքին են դասվում նաև վարչական հսկողությանն առնչվող դատական ակտերը:

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ թեև դրանցում խափանման միջոցի, մասնավորապես` վարչական հսկողության հետ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումն ուղղակիորեն նախատեսված չէ, սակայն այնքանով, որքանով նման որոշման կայացումը խստացման առումով փոխում է կիրառված խափանման միջոցի պայմանները և անձի համար առաջացնում նույն իրավական հետևանքները, ինչ մեղադրյալի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը, որի բողոքարկման հնարավորությունը հատուկ նորմի ուժով ուղղակիորեն նախատեսված է քրեադատավարական օրենքով, անձը հնարավորություն պետք է ունենա վիճարկելու նաև այդ որոշման իրավաչափությունը:

Նշված դիրքորոշումն արտահայտելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ վարչական հսկողություն խափանման միջոցն ինքնին չի ենթադրում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լրացուցիչ այլ արգելքներ ու սահմանափակումներ, և դրանք կարող են կիրառվել դատարանի որոշմամբ հավելյալ փաստարկմամբ, ուստի դրանց օրինաչափությունն էլ պետք է ստուգման ենթակա լինի այն նույն չափանիշով, ինչով բուն խափանման միջոցինը, այնպես էլ այն, որ նման որոշման բողոքարկման հնարավորություն չընձեռելով, դատական պաշտպանության մատչելիության տեսանկյունից ոչ իրավաչափորեն կսահմանափակվի անձի` նման որոշման կայացման հիմքերի առկայության կամ բացակայության հարցը դատական կարգով բողոքարկելու իրավունքը, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 61-րդ և Կոնվենցիայի 13-րդ հոդվածներով երաշխավորված` դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների հետ:

15.1. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական հսկողության հետ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումն այնքանով, որքանով փոխում է մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի բովանդակությունը և վերջինիս համար սահմանում կիրառված վարչական հսկողություն խափանման միջոցի առավել խիստ պայմաններ, պետք է ենթակա լինի բողոքարկման և դատական վերանայման այն նույն կարգով, ինչ բուն խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը, 2025 թվականի հունիսի 13-ի որոշմամբ տուժող Ջ.Մ.-ի միջնորդությունը բավարարել է և մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողության հետ կիրառել է լրացուցիչ սահմանափակումներ(7):

 

__________________

7) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

- Նշված դատական ակտի դեմ բերված բողոքները Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության` այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը ներառված չէ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակում, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն այն բողոքարկելու հնարավորության վերաբերյալ որևէ այլ կարգավորում չի պարունակում(8):

 

____________________

8) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15.1-ին կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի շրջանակներում լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու մասին որոշումն իրավական հետևանքներով հավասարազոր է խափանման միջոց վարչական հսկողության կիրառման վերաբերյալ որոշմանը: Ուստի, այնքանով, որքանով օրենսդիրը նախատեսել է վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը բողոքարկելու և, ըստ այդմ, նշված որոշումը կայացնելու հիմքերի առկայության մասին դատարանի հետևության իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն, դատական պաշտպանության մատչելիության իրավունքի երաշխավորման տեսանկյունից անձը պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու նաև վարչական հսկողության լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշումը` վերադաս դատական ատյանի առջև բարձրացնելով նման որոշում կայացնելու հիմքերի առկայության, կիրառված սահմանափակման համաչափության ու համապատասխան այլ հարցեր:

18. Վերոշարադրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ վարչական հսկողության հետ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ, իրավաչափ չէ:

i

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալի և պաշտպանի հատուկ վերանայման բողոքներն առանց քննության թողնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված` դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտը բեկանելու ու վարույթը նոր քննության փոխանցելու համար(9):

 

_________________________

9) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

 

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի մեղադրյալ Ա.Գևորգյանի և նրա պաշտպան Ս.Յուզբաշյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքները և հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Մեղադրյալ Արթուր Օնիկի Գևորգյանի և պաշտպան Ս.Յուզբաշյանի հատուկ վերանայման բողոքներն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի հուլիսի 22-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Ա. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3152

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.03.2026
N ԵԴ/0025/01/23
Որոշում