ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ԵԴ1/0328/15/23
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ս. Յուզբաշյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ա. Բեկթաշյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ
դատավորներ` Ս. Ավետիսյանի
Ա. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
21 նոյեմբերի 2025 թվական
գրավոր ընթացակարգով քննության առնելով «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքի արգելադրման վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունիսի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչությունում, նախաձեռնվել է թիվ 83125623 քրեական վարույթը` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության մարմինը 2023 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ 370.506.689 (երեք հարյուր յոթանասուն միլիոն հինգ հարյուր վեց հազար վեց հարյուր ութսունինը) ՀՀ դրամի սահմանաչափով արգելադրել է «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շարժական գույքը և նույն օրը նշված որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությամբ դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժվել է:
3. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 18-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 13-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ` ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, և միաժամանակ սույն վարույթով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը, մեկնաբանելով գույքի արգելադրումը կանոնակարգող դրույթները, արձանագրել է, որ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատական վարույթ հարուցելու համար համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումը միջնորդությանը կցելու պահանջը չունի համապարտադիր բնույթ, և դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե գույքի արգելադրումն օրենքով նախատեսված որ հիմքով է կատարվել:
Բողոքաբերի պնդմամբ, եթե գույքի արգելադրումը կատարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով, ապա օրենսդիրը վարույթի հանրային մասնակցին լիազորել է արգելադրել ցանկացած, այդ թվում նաև` դատավարական որևէ կարգավիճակ չունեցող անձին պատկանող գույքը: Բողոք բերած անձը նաև ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերը նշված հիմքերից որևէ մեկի առերևույթ առկայության դեպքում գույքի արգելադրումը պետք է անհապաղ իրականացվի: Մինչդեռ, ըստ բողոքաբերի, հնարավոր են դեպքեր, երբ վարույթով ձեռք բերված տվյալները բավարար լինեն հիմնավորելու գույքի արգելադրման մատնանշված հիմքերից որևէ մեկի առկայությունը, սակայն բավարար չլինեն որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, քանի որ վերջին դեպքում փաստական հանգամանքների այլ ծավալ և շրջանակ է պահանջվում:
Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, կիրառելի կարգավորմանը չարդարացված նեղ մեկնաբանություն տալով, պարտադիր է համարել անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշման պատճենի առկայությունն այն դեպքում, երբ գույքն արգելադրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, և որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չի եղել:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գույքն արգելադրելու մասին որոշմամբ նախաքննության մարմինն արձանագրել է, որ. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` 1) գույքը կարող է արգելադրվել, երբ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ. (...), 2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույք:
(...) Այսպիսով, «*** **** ******» ՍՊԸ-ն իրականում նախապես հայտնի ֆիզիկական անձանց (պատվիրատուների) համար և նրանց միջոցներով կազմակերպել է արտերկրում ձեռքբերված ավտոմեքենաների ներմուծումը: Այսինքն` գործել է ի շահ ֆիզիկական անձանց, սակայն իր անունից: Նշվածից հետևում է, որ «*** **** ******» ՍՊԸ-ն զբաղվել է ոչ թե առք ու վաճառքի գործունեությամբ, այլ ֆիզիկական անձանց համար իրականացրել է միջնորդական ծառայություններ, անկախ այն հանգամանքից, որ ավտոմեքենաները գնվել և վաճառվել են «*** **** ******» ՍՊԸ-ի անունով: Այսինքն` ընկերությունն ունենալով նախնական դիտավորություն խաբեության եղանակով մեքենաների ներմուծման ԱԱՀ-ի գումարները պետությունից հետ ստանալու նպատակով «*** **** ******» ՍՊԸ-ի գործունեությունը փաստացի կառավարող (շ կողմից կազմակերպվել է (ներկայումս ևս կազմակերպվում է) վերը նկարագրված սխեման:
Ուստի վերոնշյալ շարունակվող հանցագործության արդյունքում ««*** *** ****** *» ՍՊ ընկերությունը վերոնշյալ սխեմայի գործադրմամբ 2020-2023 թվականների ընթացքում միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումով արդեն իսկ պետությունից պահանջել և ստացել է 83.801.000 ՀՀ դրամ:
Այսպիսով, հաշվի առնելով վերոշարադրյալը` ակնհայտ է, որ «*** **** ******» ՍՊԸ-ի կողմից ավտոմեքենաները ներմուծվել են ոչ թե իրացման նպատակով, այլ նկարագրված սխեմայով ֆիզիկական անձանց կողմից արտերկրում ձեռքբերված ավտոմեքենաները ՌԴ ֆիզիկական անձանց մատակարարելու համար:
(...) Ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար անհրաժեշտ է արգելադրել «*** **** ******» ՍՊ ընկերության շարժական գույքերը (...)»(1):
__________________
1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 52-76:
8. Գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելու վարույթ չհարուցելու դիրքորոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Քննիչի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջը, այն է` միջնորդությանը չի կցվել համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը: Այլ կերպ, քննիչի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածով նախատեսված միջնորդությանը կցվող պարտադիր փաստաթղթերի պատճեններին վերաբերելի պահանջը: (...)»(2):
__________________
2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 78-82:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին(3):
__________________
3) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 30-37:
10. «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքն արգելադրելու որոշման իրավաչափությունը հաստատելու մասին նախաքննության մարմնի` փաստական և իրավական նկարագրության իմաստով նույնական մեկ այլ միջնորդության կապակցությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2023 թվականի օգոստոսի 16-ի թիվ ԵԴ1/0342/15/23 որոշմամբ դատական վարույթի հարուցումը մերժել էր նույն հիմնավորմամբ, որի իրավաչափությունը վարույթի հանրային մասնակցի հատուկ վերանայման բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկվել, որի արդյունքում Վճռաբեկ դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 17-ին արդեն իսկ որոշում է կայացվել:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու` նախաքննության մարմնի միջնորդությանը համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելու հիմքով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն` «1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար:
2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ.
2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց.
3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ.
4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է.
5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված գույքի բացակայության դեպքում կարող է արգելադրվել դրան համարժեք գույք:
Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը` անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը»:
Նույն օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն` «1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: (...):
(...)
3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ»:
13. Քրեական վարույթի շրջանակում գույքի արգելադրումը կանոնակարգող` վերը մեջբերված նորմերի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը, նախ, կրկնում է, որ օրենսդրորեն տարբերակված են գույքի արգելադրման հիմքերն ու դրանց առկայության ապացուցման շեմերը(4):
__________________
4) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` 2025 փետրվարի 24-ի թիվ ՀԿԴ/0039/15/24 որոշումը և և «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքի արգելադրման վերաբերյալ գործով 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԵԴ1/0342/15/23 որոշման 11-12.3-րդ կետերը
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի համաձայն` «1. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու` քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո` եռօրյա ժամկետում:
(...)
3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության, համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման (...) պատճենը»:
15. Վճռաբեկ դատարանը «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքի արգելադրման վերաբերյալ վարույթով անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատական երաշխիքների վարույթով ներկայացված միջնորդությանն առաջադրվող պահանջներին` արձանագրել է, որ համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությանը կցելու պահանջը պետք է գնահատվի գույքի արգելադրման հիմքերի վերոնշյալ առանձնահատուկ կարգավորումների հետ համակցության մեջ, քանի որ այս պահանջը քննիչի կողմից պահպանված լինելու հարցի լուծումը կապված է գույքն արգելադրելու կոնկրետ հիմքի կամ հիմքերի հետ: Եվ որպես արդյունք, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված որևէ հիմքով գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելը զուտ այն հիմքով, որ համապատասխան միջնորդությանը կցված չէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենն այն պարագայում, երբ տվյալ վարույթով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ, իրավաչափ չէ, քանի որ նշված հիմքերով գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափության ստուգման դատական երաշխիքների վարույթի առարկան ներառում է գույքի և ենթադրյալ հանցանքի, այլ ոչ թե այդ գույքի և մեղադրյալի միջև կապի հիմնավորվածության ստուգումը(5):
__________________
5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքի արգելադրման վերաբերյալ գործով 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԵԴ1/0342/15/23 որոշման 13-15.1-րդ կետերը
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ենթադրաբար խաբեության եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից գանձված ավելացված արժեքի հարկը Հայաստանի Հանրապետությունից հետ ստանալու նպատակով նշված ընկերության գործունեությունը փաստացի կառավարող (շահառու) անձի (անձանց) կողմից փաստացի միջնորդական ծառայություններ իրականացնելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննիչը որոշում է կայացրել արգելադրել «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շարժական գույքերը դրանց` հանցավոր ճանապարհով ստացված լինելու, հանցանքի կատարման գործիք (միջոց) ծառայած լինելու հիմքով` ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցման, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար(6),
__________________
6) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
- վերոնշյալ որոշման իրավաչափությունը հաստատելու քննիչի միջնորդության հիման վրա համապատասխան վարույթի հարուցումն Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է` այն պատճառաբանությամբ, որ ներկայացված միջնորդությանը կցված չէ համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը, ինչը, սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատական երաշխիքների վարույթով ներկայացվող միջնորդությանը կցվող պարտադիր փաստաթղթերից է(7),
__________________
7) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին(8):
__________________
8) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը քննիչի` գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելու միջնորդությանը կցված չլինելու հիմքով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնելով, երբ տվյալ վարույթով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չի եղել, իսկ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողնելով, սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական երաշխիքների վարույթի վերաբերելի կարգավորումները չեն դիտարկել գույքի արգելադրման հիմքերի ու արգելադրման ենթակա գույքի շրջանակի վերաբերյալ քրեադատավարական նորմերի հետ համակցության մեջ: Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել այն հանգամանքը, որ կոնկրետ վարույթով «*** **** ******» շարժական գույքերն արգելադրվել են այն հիմքով, որ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է, որ այդպիսիք ստացվել են հանցավոր ճանապարհով, հանցանքի կատարման գործիք կամ միջոց են ծառայել, ինչը թույլ է տալիս արգելադրել ցանկացած անձի գույք` հիմնավորելով այդ գույքի և ենթադրյալ հանցանքի միջև կապը:
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն դիտարկմանը, որ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը համապատասխան միջնորդությանը կցվող պարտադիր փաստաթղթերից է, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նշված որոշման պատճենը կցված չլինելու դեպքում դատական երաշխիքների վարույթ հարուցելու հարցի լուծումը սերտորեն փոխկապակցված է գույքի արգելադրման հիմքերի առանձնահատկությունների հետ: Նշված որոշման պատճենը կցելը պարտադիր է այն դեպքում, երբ գույքն արգելադրվում է այն օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հիմքով, քանի որ այս հիմքով կարող է արգելադրվել մեղադրյալի կամ վերջինիս համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը: Մինչդեռ սույն վարույթով խնդրո առարկա հիմքերով գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափության հաստատման միջնորդությանը համապատասխան որոշման պատճենը կցելու պահանջը պարտադիր է միայն այն դեպքում, երբ կոնկրետ վարույթով առկա է անձ, ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում(9):
__________________
9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքի արգելադրման վերաբերյալ հիշյալ գործով որոշման 18-րդ կետը:
18. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու` նախաքննության մարմնի միջնորդությանն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելու հիմքով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումներն իրավաչափ չեն:
i
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը` դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանությամբ:
Մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասում օրենսդիրը սահմանել է, որ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չեն միջնորդության ներկայացման ընթացակարգի, դրա բովանդակության կամ դրան կցվող դատավարական նյութերի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պայմանները: Միաժամանակ, օրենսդրորեն ամրագրվել է դատական վարույթի հարուցումը մերժվելու դեպքում նոր միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը: Նկատի ունենալով, որ վարույթի հարուցման մերժումը պետք է լինի հիմնավորված, այսինքն, դատարանն իր որոշման մեջ պետք է հստակ նշի այն պայմանը, որին չի համապատասխանում ներկայացված միջնորդությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն միջնորդությունը կրկին ներկայացնելու օրենսդրական հնարավորությունը կարող է գործադրվել միայն դատարանի արձանագրած ձևական սխալը շտկելուց հետո, ինչը բացառում է նույն միջնորդությունը կրկին ներկայացնելու և դրա կապակցությամբ դատարանի կողմից տարբերվող որոշում կայացնելու ակնկալիքով այդ ընթացակարգն օգտագործելու հնարավորությունը:
Իրավակարգավորման նման մեկնաբանության նպատակն իրավունքի` արդարադատության շահերին վնասող չարաշահման քրեադատավարական արգելքի ապահովագրումն է, դատավարության կանխատեսելիության և դատավարական խնայողության ապահովումը: Այս մոտեցումը համակարգային ամբողջության մեջ է գտնվում դատական վերանայման կառուցակարգի բովանդակության հետ` ըստ էության երաշխավորելով դրա կիրառումը, քանի որ քրեական արդարադատության իրականացման ընթացքում դատական ակտով թույլ տրված հնարավոր դատական սխալները կարող են ուղղվել միայն վերանայման գործառույթը կրող ատյանի կողմից` քրեադատավարական օրենքով սահմանված` բողոքարկման ընթացակարգով(10): Հետևաբար, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան որոշմամբ` քննիչի միջնորդությանը ներկայացվող ձևական պահանջները պահպանված լինելու հարցում թույլ տված հնարավոր սխալի առկայությունը կարող է քննարկման առարկա դարձվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված` դատական ակտի` վերադաս դատարանի կողմից վերանայելու ընթացակարգով: Այլ խոսքով, դատական վարույթի հարուցումը մերժելու հիմքում դրված պատճառաբանության հետ անհամաձայնությունը պետք է բարձրացվի վերադաս դատարանի առջև` դատական ակտի` վերադաս դատարան բողոքարկելու ընթացակարգով, այլ ոչ թե նույն միջնորդությունը կրկին ներկայացնելու միջոցով:
__________________
10) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ռուստամ Սահակյանի գործով 2023 թվականի հունիսի 16-ի թիվ ԵԴ/0864/01/20 որոշման 10.1-րդ կետը:
Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին` հարկ է նկատել, որ «*** **** ******» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքն արգելադրելու որոշման իրավաչափությունը հաստատելու մասին նախաքննության մարմնի` փաստական և իրավական նկարագրության իմաստով նույնական մեկ այլ միջնորդության կապակցությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2023 թվականի օգոստոսի 16-ի թիվ ԵԴ1/0342/15/23 որոշմամբ դատական վարույթի հարուցումը մերժել էր նույն հիմնավորմամբ, որի իրավաչափությունը վարույթի հանրային մասնակցի հատուկ վերանայման բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկվել, որի արդյունքում Վճռաբեկ դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 17-ին արդեն իսկ որոշում է կայացվել(11): Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
__________________
11) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 13-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Ա. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3062