16.12.2006 - 05.03.2011
040.2302.190106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«19» հունվարի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2302-Ն
 
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ԵՎ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերի, ինչպես նաև 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 6-րդ բաժնի 5-րդ կետի և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
բ) ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
գ) ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2302-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում են ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար առևտրային իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:
2. Հայաստանի Հանրապետությունում ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Ինկասացիայի մասին», «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորման մարմին):
4. Սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք չունեն իրականացնելու այլ գործունեություն, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
5. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
6. Լիցենզիան տրվում է անժամկետ:
 
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
 
7. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում`
ա) հայտ (համաձայն ձևի)` նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,
բ) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,
գ) հայտատուի` առնվազն 4 աշխատողի մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականների պատճենները և նրանց մոտ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացությունները,
դ) քաղվածքներ սույն կետի «գ» ենթակետում նշված անձանց աշխատանքային գրքույկներից,
ե) սույն կետի «գ» ենթակետում նշված անձանց զինվորական գրքույկների և անձնագրերի պատճենները,
զ) «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող զրահապատ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալներին վերաբերող փաստաթուղթը.
է) ինկասացիոն ծառայությունների մատուցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով մուծված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
ը) հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն:
(7-րդ կետը փոփ. 28.09.06 թիվ 1373-Ն որոշում)
8. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով:
9. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերն ուսումնասիրում և մերժման հիմքերի բացակայության դեպքում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն 30-օրյա ժամկետում տալիս է լիցենզիա:
10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին,
գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության կամ սույն կարգի համաձայն իրավունք չունի իրականացնելու ինկասացիոն ծառայություն,
դ) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:
11. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել «Լիցենզավորման մասին» և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
 
Ձև
 
________________________________________
 
________________________________________
                                           (հայտատուի անվանումը և
                                  ________________________________________
                                         կազմակերպական-իրավական ձևը)
                                  ________________________________________
                                   (գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը)
 
ՀԱՅՏ
 
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Խնդրում եմ տալ լիցենզիա ______________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
__________________________________________________________________________
 
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:
Կից ներկայացնում եմ`
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
    Հայտատու ______________________        ______________________________
               (ստորագրությունը)            (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
_____ _________________ 200 թ.
 
Կ.Տ.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2302-Ն որոշման
 
Ձև
 
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
ԼԻՑԵՆԶԻԱ
 
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
 
ԻԾՄ N ________
 
Իրավաբանական անձի անվանումը ______________________________________________
__________________________________________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
Գործողության ժամկետը _____________________________________________________
 
Տրված է ____ _________________ 200  թ.         _____________________
                                                 (ստորագրությունը)
 
Կ.Տ.
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2302-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
 
1. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների (այսուհետ` աշխատողներ) մասնագիտական որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` դռնբաց եղանակով:
2. Աշխատողների մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է գրավոր քննության միջոցով:
3. Մասնագիտական որակավորման ստուգման համար աշխատողները ներկայացնում են`
ա) ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգմանը մասնակցելու մասին հայտը (համաձայն N 1 ձևի).
բ) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը (առկայության դեպքում).
գ) մասնագիտական որակավորման ստուգման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
4. Գրավոր քննությունն անցկացվում է թեստային եղանակով` հանձնաժողովի կողմից:
Գրավոր քննության թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ինկասացիոն գործունեության բնագավառը կարգավորող իրավական ակտերի հիման վրա կազմված, նախապես հրապարակված թեմաների ցանկի համաձայն:
Թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից և ենթակա չեն հրապարակման:
Թեստը պարունակում է 6 հարց, որոնց պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ:
Թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ:
Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:
5. Աշխատողներին թույլատրվում է մասնակցել գրավոր քննությանը` անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:
Արգելվում է աշխատողներին գրավոր քննության ժամանակ խոսել միմյանց հետ, օգտվել իրավական ակտերից և այլ նյութերից, այդ թվում` մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ինչպես նաև հեռախոսակապից:
6. Սույն կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերության պահանջները չկատարելու դեպքում աշխատողը զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա մասին տրվում է բացասական եզրակացություն:
7. Հանձնաժողովի անդամները թեստերի հարցերի պատասխանների արդյունքներն ամփոփում են քննության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում և ներկայացնում հանձնաժողովի նիստին:
8. Աշխատողը համարվում է որակավորված, եթե թեստի 6 հարցից 4-ին տվել է ճիշտ պատասխան:
9. Մասնագիտական որակավորման քննության դրական արդյունքների դեպքում աշխատողին տրվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայական (այսուհետ` որակավորման վկայական) (համաձայն N 2 ձևի):
10. Բացասական եզրակացության դեպքում աշխատողը կարող է կրկին դիմել` մասնագիտական որակավորման քննություն հանձնելու համար:
11. Գրավոր քննության ավարտի օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում այդ քննության արդյունքների մասին գրավոր հայտնվում է աշխատողին:
12. Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին կամ դատական կարգով:
Բողոքը քննարկում է հանձնաժողովը` ստանալու պահից 10-օրյա ժամկետում: Բողոքը բավարարվելու դեպքում աշխատողին տրվում է որակավորման վկայական:
13. Գրավոր քննության մասին բացասական եզրակացության դեպքում աշխատողի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
 
Ձև N 1
 
ՀԱՅՏ
 
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
 
______________________ -ին
(անունը, ազգանունը)
 
Խնդրում եմ ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա տալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:
 
Կից ներկայացնում եմ`
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
 
    Դիմող ______________________        ________________________
            (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)
 
Ձև N 2
 
ՎԿԱՅԱԿԱՆ
 
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի ______ ________ 200 թ. N _____ որոշման (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ______ հանձնաժողովի ____ _________ 200 թ. N ______ արձանագրություն)
Տրվել է ______________________________________________________________
(աշխատողի անունը, հայրանունը, ազգանունը)
 
Վկայականն ուժի մեջ է մինչև ______ _____________ 200 թ.
 
Վկայականի գործողության
ժամկետը երկարաձգված է մինչև ____ ____________ 200 թ.
______________________________________
______________________________________
______________________________________
______________________________________
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ____________________ _____________________
                                (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)
 
________ _____________________________ 200 թ.
(վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը)
 
Կ.Տ.