ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2023 թվականի N 195-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 2169-Լ որոշման հավելվածի`
1) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
i
«Դրամական աջակցության գումարն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով բանկն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին:».
i
2) 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին և 23.2-րդ կետերով`
«23.1. Բանկը փոխելու դիմումը ծնողը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության վճարումը դադարեցված չէ: Այս դեպքում ծնողը www.socservice.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները: Ծնողը ծրագրային միջավայր մուտք է գործում սույն կարգի 15-րդ կետում նշված կարգով:
23.2. Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում ներկայացված դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության գումարի վճարումը դադարեցված է: Առցանց դիմումի հիման վրա բանկը փոխելը մերժելու դեպքում դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին` նշելով մերժման հիմքերը:».
i
3) 28-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և այդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով`
«5) դրամական աջակցություն ստանալու իրավունքը սույն կարգի 25-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հիմքով դադարելու դեպքում` մյուս ծնողի գրավոր դիմումի հիման վրա, եթե դիմող ծնողը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բավարարում է սույն կարգի 3-րդ կետում նշված պայմաններին` դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարելու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում գրավոր դիմելու դեպքում` ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, բայց սույն կարգի 3-րդ կետով սահմանված` դրամական աջակցության իրավունք տվող պայմաններին բավարարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ ավելի վաղ, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:».
i
4) 30-րդ կետի 2-րդ նախադասությունում «4-րդ և 8-րդ» բառերը փոխարինել «4-րդ, 8-րդ և 10-րդ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. փետրվարի
Երևան