040.0514.220404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«22» ապրիլի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
8 ապրիլի 2004 թվականի N 514-Ն
 
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.03.2023 թիվ 264-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 16.07.09 թիվ 842-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 02.03.2023 թիվ 264-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 8-ի
N 514-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում է բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը:
 
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
1) բեռնաբաժին` ցանկացած քանակի միատեսակ արտադրանք, որ նախատեսված է միաժամանակյա ընդունման և բարձման համար կամ պահպանվում է նույն պահեստարանում.
2) կետային նմուշ, կետային նմուշառում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ոչ մեծ քանակություն, որը բեռնաբաժնից վերցվել է մեկ գործողության` միացյալ նմուշի ձևավորման համար.
3) միացյալ նմուշ` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բեռնաբաժնից վերցված կետային նմուշների ամբողջություն.
4) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության համար.
5) հսկիչ նմուշ` կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասված բույսերի մասեր, որոնք վերցվել են բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով, և որոնք բնութագրում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վիճակը:
 
III. ՍԵՐՄՆԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
 
3. Սերմնանյութի կետային նմուշառում կատարվում է յուրաքանչյուր բեռնաբաժնից`
1) խոշորասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 150-200 գ.
2) մանրասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 10-30 գ:
4. Առանց տարայի փոխադրվող, բեռնվող, բեռնաթափվող և պահպանվող սերմնանյութից կետային նմուշառումը կատարվում է`
1) փոխադրվող սերմնանյութից` անմիջապես փոխադրամիջոցում, 3 կետից: Յուրաքանչյուր կետում կետային նմուշները վերցվում են 3 շերտից, կամ`
2) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` փոխադրիչի թափվող շիթից, հատուկ շերեփի միջոցով, շիթը հատելով ամբողջ լայնքով, հավասար ժամանակահատվածներում, բարձված յուրաքանչյուր տոննայի հաշվով 30-50 գրամի չափով, կամ`
3) պահեստներում պահպանվող սերմնանյութի նմուշառման համար սերմնանյութի զբաղեցրած մակերեսը բաժանվում է մոտավորապես 20 քառ. մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից վերցվում է 3 կետից և 3 շերտից: Եգիպտացորենի կողրերից նմուշառումը կատարվում է նույն կարգով` յուրաքանչյուր շերտից մեկական կողր:
5. Տարայով պահպանվող կամ փոխադրվող սերմնանյութի կետային նմուշառումը կատարվում է`
1) մինչև 25 տարայի դեպքում` յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.
2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:
6. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:
7. Փոքրածավալ փաթեթավորված (մինչև 3 կգ) սերմնանյութի դեպքում զննվում է փաթեթի ամբողջ պարունակությունը: Զննվող փաթեթների քանակը կախված է բեռնաբաժնի մեծությունից`
1) մինչև 25 փաթեթի դեպքում` զննվում է ընտրանքային կարգով մեկ փաթեթ.
2) 26-100 փաթեթի դեպքում` զննվում է յուրաքանչյուր քսանհիգերորդ փաթեթը.
3) 101-500 փաթեթի դեպքում` զննվում է յուրաքանչյուր հիսուներորդ փաթեթը.
4) 500-ից ավելի փաթեթի դեպքում` զննվում է յուրաքանչյուր հարյուրերորդ փաթեթը:
 
IV. ՏՆԿԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
 
8. Կախված տնկանյութի (տնկիներ, կտրոններ, մացառներ, արմատակալներ) բեռնաբաժնի մեծությունից` որպես նմուշ վերցվում է`
1) մինչև 50 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդ տնկանյութը.
2) 51-500 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տնկանյութը.
3) 501-3000 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տնկանյութը.
4) 3001-10000 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տնկանյութը.
5) 10000-ից ավելի տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ տնկանյութը:
9. Տարավորված պալարների, արմատապտուղների և սոխուկների տնկանյութից (սերմնանյութ) կետային նմուշներ վերցվում են տարայի ամբողջ խորությամբ` յուրաքանչյուրից 3-5 հատ: Կետային նմուշառում կատարվում է`
1) մինչև 25 տարայի դեպքում` յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.
2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.
4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:
10. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:
11. Առանց տարայի պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող սոխուկներից, պալարներից արմատապտուղներից կետային նմուշառում կատարվում է`
1) պահպանման վայրում մակերեսը բաժանվում է 20 քառ. մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից կետային նմուշ վերցվում է երեք կետից` երկու շերտից, 3-5 հատ.
2) փոխադրամիջոցում կետային նմուշ վերցվում է 3-5 կետից` երկու շերտից, 3-5 հատ.
3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ վերցվում է 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում` 3-5 հատ:
12. Փորձաքննության համար վերցվում է նաև սոխուկներից, պալարներից, արմատապտուղներից թափված հողը (հողի ավլուկը)` 3 կետից` 200-ական գրամի չափով:
 
V. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
 
13. Առանց տարայի կամ պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող պարենային և տեխնիկական նշանակության յուրաքանչյուր տեսակի արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`
1) փոխադրամիջոցում` յուրաքանչյուր փոխադրամիջոցի 1-3 կետից, 2 շերտից.
2) պահպանման ժամանակ` յուրաքանչյուր 50 քառ. մետր, 3 կետից, 2 շերտից.
3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում:
14. Տարավորված պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`
1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով` 2 տարայից` 2 շերտից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 2 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.
4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:
15. Բանջարեղենից և պտուղներից կետային նմուշառում կատարվում է` ելնելով տարաների քանակից`
1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով` 2 տարայից` 2 շերտից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհիգերորդ տարայից` 2 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:
16. Յուրաքանչյուր կետային նմուշ պետք է կազմի 3-5 պալար, պտուղ, սոխուկ, արմատապտուղ, այլ մթերքներից` 100-200 գ:
17. Կտրված ծաղիկներից, ճյուղերից և կանաչ բույսերից (այսուհետ` բույսեր) կետային նմուշառման համար վերցվում է`
1) մինչև 100 բույսի դեպքում` ընտրանքային կարգով` 5 բույս.
2) 101-500 բույսի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ բույսը.
3) 501-3000 բույսի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ բույսը.
4) 3001-10000 բույսի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ բույսը.
5) 10000-ից ավելի բույսի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ բույսը:
18. Սերմնանյութից, տնկանյութից, պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառման նվազագույն շեմը պարտադիր կատարվում է` անկախ բեռնաբաժնի քանակությունից:
 
VI. ԵԼԱՆՅՈՒԹԻ ԿԱԶՄՈՒՄԸ
 
19. Բեռնաբաժնից վերցված կետային նմուշների համասեռությունը որոշելու նպատակով դրանք մանրակրկիտ զննվում են: Բոլոր համասեռ կետային նմուշները դատարկվում են մաքուր, հարթ մակերեսի վրա, կազմվում է միջին նմուշ և զննվում վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով: Զննման ժամանակ հայտնաբերված վնասակար օրգանիզմները (կենդանի կամ մեռած), ինչպես նաև հիվանդ, վնասված սերմերը և բույսերի մասերն առանձնացվում են փորձանոթներում կամ մոմլաթե տոպրակներում, պիտակավորվում և կցվում միջին նմուշին:
20. Եթե կետային նմուշների զննման ընթացքում նկատվում են ակնհայտ տարբերություններ, ապա կատարվում է կրկնակի կետային նմուշառում, ընդ որում, յուրաքանչյուր կետային նմուշ տեղում զննվում է բեռնաբաժնի յուրաքանչյուր համասեռ բեռնամասի տարանջատման և տվյալ բեռնամասի համար առանձին միացյալ նմուշ կազմելու նպատակով:
 
VII. ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ
 
21. Բուսասանիտարական զննում անցկացնելու նպատակով բույսերից և բուսական արտադրանքից միջին նմուշները վերցվում են սույն կարգի ձևում ներկայացված չափաքանակներով:
22. Թարմ պտուղներից և բանջարեղենից միջին նմուշը հիմնականում կազմվում է վնասակար օրգանիզմների հարուցիչներից վնասված նմուշներից: Սոխուկների, պալարների, արմատապտուղների միջին նմուշներում պարտադիր ներառվում է նաև դրանցից թափված հողը:
23. Միջին նմուշն առանձնացնելուց հետո պետական տեսուչը բեռի տիրոջ կամ նրա ներկայացուցչի և մաքսային ծառայողի ներկայությամբ կազմում է նմուշառման ակտ:
24. Նմուշի մնացորդները վերադարձվում են բեռի տիրոջը:
 
VIII. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
 
25. Վերցված միջին նմուշները, որոնցում հայտաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, վարակազերծվում են, առնվազն 3 ամիս պահպանվում սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում, որից հետո հանվում են հաշվառումից և ոչնչացվում:
26. Վերցված միջին նմուշը, որում չի հայտնաբերվել կարանտին վնասակար օրգանիզմներ, վերադարձվում է բեռի տիրոջը:
27. Շուտ փչացող մթերքների միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, ոչնչացվում են: Տվյալ կարանտին վնասակար օրգանիզմի առավել բնութագրող նմուշները կարանտին վնասակար օրգանիզմի հետ միասին, որպես հսկիչ նմուշ, պահպանվում են 3 ամիս սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում:
28. Նմուշների ոչնչացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշման համաձայն:
 
Ձև
 
.__________________________________________________________________.
|NN | Բույսերի և  բուսական արտադրանքի անվանումը         |Չափի      |
|ը/կ|                                                   |միավորը   |
|___|___________________________________________________|          |
|   |1. ՀԱՑԱՀԱՏԻԿՆԵՐ (ՍԵՐՄԵՐ ԵՎ ՀԱՏԻԿ)                  |          |
|___|___________________________________________________|__________|
| 1 |                     2                             |  3  |  4 |
|___|___________________________________________________|_____|____|
|1. |Եգիպտացորենի հատիկ                                 |  900|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|2. |Եգիպտացորենի կողր                                  |   15|հատ |
|___|___________________________________________________|_____|____|
|3. |Ցորեն, աշորա, գարի, վարսակ, բրինձ                  |  600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|4. |Կորեկ, չումիզա, հնդկացորեն                         |  300|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|5. |Մոգար, սորգո, աֆրիկյան կորեկ                       |  150|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|   |2. ԸՆԴԵՂԵՆՆԵՐ                                      |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|6. |Ոլոռ, լոբի, ոսպ, տափոլոռ, սոյա, բակլա              |  600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|   |3. ԴԱՇՏԱՎԼՈՒԿԱԶԳԻ ԵՎ ԲԱԿԼԱԶԳԻ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ  |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|7. |Կորնգան, վիկ, լյուպին                              |  600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|8. |Առվույտ, իշառվույտ, երեքնուկ, սերադելլա, սուդանի   |  150|գրամ|
|   |խոտ                                                |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|9. |Ցորնուկ, անտառային տափոլոռ                         |  100|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|10.|Ոզնախոտ հավաքված, տափաստանային կերասեզ (ժիտնյակ)   |  100|գրամ|
|   |մարգագետնային շյուղախոտ, ռայգրաս, տիմոֆեևկա        |     |    |
|   |(սիզախոտ մարգագետնային)                            |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|11.|Դաշտախոտուկ, դաշտավլուկ                            |   50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|   |4. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ      |     |    |
|   |ԱՐՄԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՍԵՐՄԵՐ                             |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|12.|Վարունգ, դդմիկ, սեխ                                |  150|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|13.|Ձմերուկ, դդում                                     |  200|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|14.|Ճակնդեղ (սեղանի, շաքարի, կերի)                     |  300|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|15.|Սպանախ, սոխ, կանգկուր                              |   50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|16.|Սոխուկ, պալար, արմատապտուղ                         | 2000|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|17.|Լոլիկ, սմբուկ, կաղամբ, գազար, սամիթ, գինձ          |   50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|   |5. ԾԱՂԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ                   |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|18.|Հնդկոտեմ, ախրիզան, վիկ բուրավետ, ծնեբեկ, ձևավոր    |  150|գրամ|
|   |(գեղազարդային) դդում, արմավ                        |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|19.|Խոշորասերմ` նարգիզ, նեմոֆիլա, արջտակ, ցիկլամեն,    |   50|գրամ|
|   |միամյա գեորգինաներ                                 |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|20.|Միջին մեծության սերմեր` աստղածաղիկ, թավշածաղիկներ, |   15|գրամ|
|   |ագերատում, ալիսում, մեխակ, արևադարձ,  շնորհիկ      |     |    |
|   |(կլարկիա)                                          |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|21.|Մանրասերմ` ծխածաղիկ, բեգոնիա, լորեշիա, բուրավետ    |    1|գրամ|
|   |ծխախոտ                                             |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|   |6. ՊՏՂԱՏՈՒ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԹՓԵՐԻ ՍԵՐՄԵՐ    |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|22.|Խոշորապտուղ` ծիրան, դեղձ, սալոր, կաղին, մայրի      |  300|գրամ|
|   |(կեդր)                                             |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|23.|Միջին մեծության սերմեր` խնձոր, ցախկեռաս, սզնի      |   50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|24.|Մանրասերմ` բարդի, հաղարջ, թույր, կենսածառ          |   20|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|   |7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ        |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|25.|Գերչակ (տզկանեփ), արախիս                           |  500|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|26.|Արևածաղիկ,  բամբակ, կակաոյի ունդեր, սուրճի հատիկներ|  500|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|27.|Կանեփ, վուշ, կանճրակ                               |  200|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|28.|Բամիա, ախտորիկ (բամբակաղբեր)                       |  100|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|29.|Մանանեխ, քունջութ, դաշտակտավատ, պերիլլա, հլածուկ,  |   50|գրամ|
|   |սորուկ, սև  պղպեղ, դարչին                          |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|30.|Գվայուլլա, հնդկանեփ                                |   40|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|31.|Գայլուկ, ճարճատուկ                                 |   50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|32.|Կակաչ, ծխախոտ                                      |   20|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|   |8. ԹԱՐՄ ԵՎ ՉՈՐԱՑՐԱԾ ՄՐԳԵՐ                          |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|33.|Ադամաթուզ (բանան), արքայախնձոր (անանաս), նուռ,     | 1000|գրամ|
|   |թուրինջ (գրեյֆրուտ), կիվի, ֆեյխոա, կոկոս           |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|34.|Տանձ, խնձոր, դեղձ, կիտրոն, մանդարին                | 1000|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|35.|Կորիզավորներ` ծիրան, սալոր, կեռաս, շլոր            |  600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|36.|Խաղող                                              |  600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|37.|Սմբուկ, լոլիկ, վարունգ, դդմիկ, կարտոֆիլ            | 1000|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|38.|Ձմերուկ, սեխ, դդում                                | 5000|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|39.|Չորացրած խառը մրգեր, չամիչ, քիշմիշ                 |  500|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|40.|Ընկուզեղեն` տարբեր տեսակի                          |  500|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|41.|Ձավարեղեն` բրնձի, ցորենի, հնդկացորենի, վարսակի,    |  600|գրամ|
|   |կորեկի և  ընդեղենների                              |     |    |
|___|___________________________________________________|_____|____|
|42.|Թեյ                                                |  200|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|43.|Ալյուր                                             |  300|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|44.|Հողի ավլուկ                                        |  200|գրամ|
.__________________________________________________________________.
 
(կարգը խմբ. 16.07.09 թիվ 842-Ն որոշում)