Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2024 թվականի N 972-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 17-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման գործընթացը յուրաքանչյուր տարի իրականացվում է տվյալ տարվա պետական բյուջեով սահմանված գումարի շրջանակներում:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված ատեստավորման գործընթացները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվում են սույն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ   Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հունիսի 27-ի

N 972-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ (այսուհետ` համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողների ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) անցկացման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները տարածվում են նաև շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա:

2. Ատեստավորման նպատակն է գնահատել ազգային անվտանգության մարմիններում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները, իսկ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների դեպքում նաև ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանը և գնահատման արդյունքներով որակավորման համար վճարել հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափերով և կարգով:

3. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից հետո` ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում, իսկ առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից հետո` ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

4. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

5. Ատեստավորման ենթակա և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:

6. Ատեստավորման ենթակա և արձակուրդում կամ գործուղման մեջ կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ ուսման (վերապատրաստման) ուղարկված կամ ժամանակավոր անաշխատունակ կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան այդ հանգամանքները վերանալուց երկու ամիս հետո:

7. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողին այլ` հավասար կամ ցածր պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը:

8. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը:

9. Ատեստավորման գործընթացին չի թույլատրվում մասնակցել այն ծառայողին, որի նկատմամբ իրականացված թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման թեստը դրական է:

 

2. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Սույն կարգի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին համապատասխան` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ աշխատանքային օրն Ազգային անվտանգության ծառայության կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ` կադրերի վարչություն) կողմից կազմվում է հաջորդ ամսվա ընթացքում ատեստավորման ենթակա ծառայողների անվանացուցակ և երկօրյա ժամկետում գրությամբ տեղեկացվում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին` նշելով ատեստավորման անցկացման վայրը, օրը և ժամը:

11. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կարգի 10-րդ կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում ծառայողին պարտադիր ծանոթացնում են դրան: Ատեստավորման յուրաքանչյուր փուլի անցկացման օրը և դրան նախորդող երկու օրը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը ծառայողին ազատում են ծառայողական պարտականությունների կատարումից` ատեստավորմանը մասնակցելու համար:

12. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կարգի 10-րդ կետում նշված գրությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայողի ծառայողական բնութագիրը ներկայացնում են կադրերի վարչություն:

13. Ծառայողի ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալ ծառայողի գործառնական պարտականությունների, գործնական և անձնական հատկանիշների, ծառայողական պարտականությունների նկատմամբ վերաբերմունքի, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, վարքագծի, թույլ տված խախտումների, ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի, բնավորության ուժեղ և թույլ կողմերի, կամային հատկանիշների, ըստ գործունեության ոլորտի առավել ընդգծված ծառայողական հատկանիշների (օպերատիվ կամ վերլուծական ունակությունները, ֆիզիկական, մարտական պատրաստվածությունը և այլն) վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև նախքան ատեստավորումը վերջինիս կողմից կատարված աշխատանքի համառոտ հաշվետվություն: Ծառայողական բնութագրում առկա տվյալների հավաստիության համար պատասխանատու են տվյալ ծառայողի վերադաս պետերը: Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ատեստավորման դեպքում ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

14. Ատեստավորումն իրականացվում է համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովի կողմից, որը կազմված է հանձնաժողովի նախագահից և անդամներից: Հանձնաժողովն ունենում է հանձնաժողովի քարտուղար, որն ի պաշտոնե կադրերի վարչության ներկայացուցիչն է, որը համակարգում է ատեստավորման գործընթացը և կազմակերպում ատեստավորման հարցազրույցի փուլի արձանագրումը:

15. Ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Ազգային անվտանգության ծառայության տնօրենն է, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներն ի պաշտոնե հանձնաժողովի անդամներն են: Ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին կարող է մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի բացակայության դեպքում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, ատեստավորման հանձնաժողովը նախագահում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներից մեկը:

16. Ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի պաշտոնից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն իրականացնում են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորված հետևյալ հանձնաժողովները`

1) սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովը.

2) ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման հանձնաժողովը:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրը ձևավորվում է գլխավոր կամ ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող առնվազն 4 ծառայողներից, իսկ հանձնաժողովի նախագահ է նշանակվում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են ի պաշտոնե:

18. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները գնահատվում են երկու փուլով` թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի: Սույն կարգի 19-րդ կետում նշված առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները, ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանը գնահատվում են երեք փուլով` ստուգարքի, թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի:

19. Հաշվի առնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանվում է այն առանձին պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող ծառայողները նախքան ատեստավորման թեստավորման փուլին մասնակցելը պետք է հաղթահարած լինեն ատեստավորման ստուգարքի փուլը:

20. Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերը մասնակցում են ատեստավորման միայն հարցազրույցի փուլին:

21. Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանի գնահատումն ստուգարքի միջոցով իրականացվում է Ազգային անվտանգության ծառայությունում գործող նորմատիվների համաձայն: Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ստուգարքի փուլի անցկացման նպատակով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորվում են ստուգարքի փուլի ընդունման խմբեր, որոնք աջակցում են հանձնաժողովին ստուգարքի փուլի կազմակերպական և տեխնիկական ապահովման հարցերում:

22. Ստուգարքի փուլի արդյունքներով, դրա անցկացումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգարքի փուլի ընդունման խմբի կողմից կազմվում է ամփոփագիր ստուգարքի փուլի ընթացքի և յուրաքանչյուր մասնակցի ցուցաբերած արդյունքների վերաբերյալ` ըստ կատարած վարժությունների, որի հիման վրա կազմվում է ստուգարքի փուլի վերաբերյալ արձանագրություն: Ամփոփագիրը կցվում է արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը:

23. Ատեստավորման հանձնաժողովի կողմից ստուգարքի փուլի վերաբերյալ արձանագրությունն ստորագրելուց հետո երկօրյա ժամկետում կադրերի վարչությունը կազմում է ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներ, որոնք գրությամբ ուղարկում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:

24. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կարգի 23-րդ կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում ստուգարքի փուլին մասնակցած ծառայողներին պարտադիր ծանոթացնում են դրան:

25. Թեստավորման փուլի առաջադրանքը բաղկացած է 20 հարցից, որից Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ 10, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության ոլորտի օրենսդրության վերաբերյալ 7, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործառնական պարտականությունների կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ 3 հարց, ընդ որում` հարցերը կարող են ներառել նաև իրավիճակային խնդիրներ:

26. Թեստավորման փուլի առաջադրանքների բարդության աստիճանը որոշվում է` հաշվի առնելով ատեստավորմանը մասնակցող ծառայողների պաշտոնների խմբերը:

27. Կադրերի վարչությունը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն քսան աշխատանքային օր առաջ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ է ուղարկում մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, թեստային առաջադրանքներում ընդգրկվող նյութը, հարցերի շրջանակը, առաջադրանքների նմուշները և պատասխանների ձևաթղթի լրացման կարգը: Միաժամանակ կադրերի վարչությունը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն տասն աշխատանքային օր առաջ Ազգային անվտանգության ծառայության ուսումնական հաստատությանն է տրամադրում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը և թեստային առաջադրանքները:

28. Թեստավորման փուլն անցկացվում է Ազգային անվտանգության ծառայության ուսումնական հաստատությունում` թեստավորման համար առանձնացված սենյակներում, որոնք կահավորվում են տեսաձայնագրման համակարգերով:

29. Տեսաձայնագրությունները պահվում են մինչև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման ժամկետի ավարտը, իսկ դրանց բողոքարկման դեպքում` մինչև բողոքարկման արդյունքում վերջնական որոշում կայացնելը:

30. Թեստավորման համար առանձնացված սենյակում աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ առանձնացվում են թեստի հարցերի պատասխանների ձևաթղթերի ծրարը և ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում համակարգիչ են ներմուծվում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների տվյալները` կոչում, անուն, հայրանուն, ազգանուն` դրանց հիման վրա ստեղծելով նոր` անհատական օգտահաշիվներ համապատասխան օգտանունով և գաղտնաբառով` այլ անձանց մուտքը բացառելու և թեստավորվողի նույնականացումն ապահովելու նպատակով:

31. Պատասխանների ձևաթղթի ծրարը պարունակում է ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների թվով համարակալված պատասխանների ձևաթղթեր, ինչպես նաև երկու լրացուցիչ ձևաթուղթ, որոնք ծառայողներին տրվում են պատասխանների ձևաթղթերի` սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պատճառներով խոտանման դեպքում:

32. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների մուտքը թեստավորման համար առանձնացված սենյակ սկսվում է թեստավորման համար նշանակված ժամին: Թեստավորման համար առանձնացված սենյակ մուտք գործելիս, ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներին նույնականացնելու նպատակով, վերջիններս ներկայացնում են իրենց ծառայողական վկայականները: Թեստավորման համար նշանակված ժամից հետո ատեստավորման ենթակա համապատասխան պաշտոն զբաղեցնող ուշացած ծառայողների մուտքը թեստավորման համար առանձնացված սենյակ չի թույլատրվում, և վերջիններս համարվում են թեստավորման փուլին չներկայացած:

33. Թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ստանում է պատասխանների ձևաթուղթը, ստորագրում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում իր անվան դիմաց և նստում համարակալված որևէ նստարանի: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ստանում է համակարգ մուտք գործելու համար մեկանգամյա մուտքանունը և գաղտնաբառը, ստորագրում անվանացուցակում իր անվան դիմաց և նստում իր պաշտոնի համար նախատեսված թեստային առաջադրանքներով ներբեռնված համակարգչի առջև:

34. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար ներկայացվում է թեստավորման անցկացման կարգը, ինչպես նաև պարզաբանվում բացառապես տեխնիկական բնույթի հարցերը:

35. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողները պատասխանների ձևաթղթում լրացնում են իրենց կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, այնուհետև հանձնաժողովի քարտուղարը մոտենում է, կտրում պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները, հաշվում դրանք և հանձնում ատեստավորման հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովի անդամներից մեկին:

36. Պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները հաշվվում, ստուգվում, այնուհետև տեղավորվում են այդ նպատակով նախատեսված ծրարում` ծրարի վրա գրելով պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող կտրված հատվածների թիվը:

37. Համապատասխան թեստերի փաթեթները ցուցադրվում են ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա, որից հետո բացվում են դրանք բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում կատարվում է նշում:

38. Թեստավորման խմբի անդամներն ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին են բաժանում թեստերը: Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը և նստարանի համարը: Հայտարարվում է թեստավորման սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում թեստավորման սկզբի և ավարտի վերաբերյալ: Թեստավորման համար հատկացվում է 40 րոպե:

39. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին արգելվում է այլ ծառայողների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ թեստավորման համար առանձնացված սենյակ բերելը, այլ նստարանին նստելը: Սույն կետով նախատեսված խախտումների դեպքում ծառայողը դուրս է հրավիրվում թեստավորման սենյակից: Դրա մասին կազմվում է արձանագրություն, իսկ նշված ծառայողները համարվում են թեստավորման փուլը չհաղթահարած:

40. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը թեստավորման համար առանձնացված սենյակից կարող է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` ատեստավորման հանձնաժողովի նախագահի կամ անդամի կամ հանձնաժողովի քարտուղարի թույլտվությամբ, թեստավորման աշխատանքների կազմակերպմանն աջակցող անձանցից (մասնագետներից) որևէ մեկի ուղեկցությամբ:

41. Թեստավորման համար առանձնացված սենյակում թեստի բովանդակության վերաբերյալ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից տրված հարցերը չեն քննարկվում:

42. Թեստավորման ընթացքում ի հայտ եկած տպագրական, բովանդակային թերություններ ունեցող կամ վնասված թեստերն ու պատասխանների ձևաթղթերը փոխարինվում են նորերով` արձանագրությունների համապատասխան տողում նշում կատարելով դրա մասին: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:

43. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներից, ատեստավորման հանձնաժողովի նախագահից, անդամներից և հանձնաժողովի քարտուղարից բացի, թեստավորման համար առանձնացված սենյակում հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կարող են գտնվել նաև թեստավորման աշխատանքների կազմակերպմանն աջակցող անձինք (մասնագետներ):

44. Թեստավորման ավարտից 15 րոպե առաջ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների ուշադրությունը հրավիրվում է ժամանակի վրա և հիշեցվում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը պատասխանների ձևաթղթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը: Պատասխանների ձևաթղթերի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել, մեկ հարցի համար մեկից ավելի պատասխաններ նշել չի թույլատրվում, նման դեպքերում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

45. Թեստավորումն ավարտած` ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը թեստը և պատասխանների ձևաթուղթը հանձնում է` ստորագրելով ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում իր անվան դիմաց: Թեստի վրա նշված և պատասխանների ձևաթղթում նշված` թեստի համարները համեմատվում են, պատասխանների ձևաթուղթը պատճենահանվում է և պատճենահանված օրինակը հանձնվում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին` իր մոտ պահելու նպատակով: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման ավարտից հետո համակարգչի էկրանի վրա արտացոլվում է թեստի ճիշտ և սխալ պատասխանների քանակը, որն արձանագրվում է որպես թեստի արդյունք:

46. Սույն կարգի 38-րդ կետում նշված` թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտից հետո պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակի ծրարները, պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները և թեստերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետով նախատեսված արձանագրությունները հաշվվում են և արձանագրվում:

47. Պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածների վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի թեստավորման արդյունք: Թեստավորումը գրավոր եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման պատասխաններն ստուգվում են ատեստավորման հանձնաժողովի անդամների ներկայությամբ:

48. Թեստավորման ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ամփոփվում են թեստավորման արդյունքները, և ամփոփագրի հիման վրա կազմվում է թեստավորման փուլի արձանագրություն: Ամփոփագիրը կցվում է թեստավորման փուլի արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը:

49. Թեստավորման փուլը հաղթահարած են համարվում թեստավորման փուլին մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող այն ծառայողները, որոնք ճիշտ են պատասխանել թեստավորման առաջադրանքի հարցերից առնվազն 17-ին:

50. Ատեստավորման հանձնաժողովի կողմից թեստավորման փուլի վերաբերյալ արձանագրությունն ստորագրելուց հետո երկօրյա ժամկետում կադրերի վարչությունը կազմում է թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներ, որոնք գրությամբ ուղարկում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին: Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում թեստավորման փուլին մասնակցած ծառայողներին պարտադիր ծանոթացնում են դրան:

51. Արձանագրությունը ատեստավորման հանձնաժողովի կողմից ստորագրվելուց հետո երեսուն օրվա ընթացքում անցկացվում է հարցազրույցի փուլը, որի անցկացման ժամանակի և վայրի մասին տեղեկացվում է ծառայողին:

52. Հարցազրույցի փուլին, մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողից, ատեստավորման հանձնաժողովից և ատեստավորման հանձնաժողովի քարտուղարից բացի, կարող է ներկա գտնվել ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

53. Հարցազրույցի փուլի ընթացքում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներին կարող են տրվել հարցեր, որոնց նպատակն է պարզել վերջիններիս մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները:

54. Հարցազրույցի փուլի արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի կողմից կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը գրավոր ձևով, այն է`

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:

55. Ատեստավորման հանձնաժողովի կողմից հարցազրույցի փուլի արդյունքներով սույն կարգի 54-րդ կետով նախատեսված գրավոր եզրակացությունները կայացվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում ատեստավորման հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

56. Ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին անհարգելի պատճառներով չներկայացած` համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, այն է` «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու»:

57. Հարցազրույցի արդյունքներով, դրա ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ատեստավորման հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է ատեստավորման արձանագրություն, որն ստորագրվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Ընդ որում` ստուգարքի կամ թեստավորման փուլը չհաղթահարած համապատասխան պաշտոն (այդ թվում` առանձին պաշտոն) զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, այն է` «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու», և վերջիններիս վերաբերյալ տվյալները ևս ներառվում են ատեստավորման արձանագրության մեջ:

58. Սույն կարգի 57-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկօրյա ժամկետում կադրերի վարչությունն ատեստավորման արձանագրության ու գրավոր եզրակացությունների պատճեններն ուղարկում է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսների կառավարման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում` հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի վճարումը դադարեցնելու համար:

59. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացությունը կցվում է վերջինիս անձնական գործին:

60. Կադրերի վարչության պետի կողմից վարվում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների էլեկտրոնային գրանցամատյան: Սույն կետով նախատեսված էլեկտրոնային գրանցամատյանում գրառվում են համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների անունները, ազգանունները, հայրանունները, զինվորական կոչումները, ատեստավորման ժամկետները, ատեստավորման յուրաքանչյուր փուլի արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունները:

61. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետը կադրերի վարչությունից սույն կարգի 58-րդ կետով նախատեսված գրությունը և կից ուղարկված ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենն ստանալու պահից մեկօրյա ժամկետում դրանց պարտադիր ծանոթացնում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին: Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն իրավունք ունի ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը բողոքարկելու Ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերադասության կարգով` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:

62. Ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության վերադասության կարգով բողոքարկումը չի կարող հանգեցնել նոր ատեստավորման անցկացման: Քննարկելով բերված բողոքը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենն իրավունք ունի`

1) բավարարելու բողոքն ամբողջությամբ` հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կայացնելու նոր եզրակացություն, իսկ սույն կարգի 39-րդ կետով նախատեսված խախտումները չհաստատվելու, ինչպես նաև ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին չներկայացած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների չներկայանալու հանգամանքը հարգելի համարվելու դեպքում` հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կազմակերպել համապատասխան ծառայողների ստուգարքի կամ թեստավորման կամ հարցազրույցի անցկացումը` սույն կարգով նախատեսված ընթացակարգին համապատասխան.

2) մերժելու բողոքը` ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը թողնելով անփոփոխ:

63. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն կարգի 54-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից յուրաքանչյուր տարի մեկ անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի դեպքում վերջիններիս ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխների պահանջներին համապատասխան:

64. Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի որոշմամբ թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով անցկացվող թեստավորման վրա տարածվում են սույն գլխով նախատեսված նորմերը` այնքանով, որքանով դրանք կիրառելի են:

65. Հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով կարող են նախատեսվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:

66. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն` համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով յուրաքանչյուր տարի հունվար ամսին կադրերի վարչությունը կազմում է անվանացուցակ և ատեստավորման ժամանակացույց, որը գրությամբ ուղարկում է համապատասխան ստորաբաժանումներ:

 

3. ՆՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

67. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների նոր ատեստավորման կազմակերպման նպատակով ընդունվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրաման, որով սահմանվում են ատեստավորման ժամանակացույցը, ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագրերի ներկայացման ժամկետները և ատեստավորման գործընթացի իրականացման մանրամասները:

68. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների նոր ատեստավորմանը մասնակցությունն իրականացվում է կամավոր հիմունքներով:

69. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը նոր ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնում է կադրերի վարչության պետի անունով:

70. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի` նոր ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրը կադրերի վարչություն է ուղարկվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետի ուղեկցող գրությամբ, որին կցվում է նաև ծառայողի ծառայողական բնութագիրը:

71. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների նոր ատեստավորումը իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

72. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-40-Ն օրենքի ընդունումից հետո կամավոր ատեստավորմանը չմասնակցած ծառայողների ատեստավորումը կազմակերպվում է սույն գլխով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2024
N 972-Ն
Որոշում