| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՄԱՆ
թիվ 9-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ԹԻՎ 25-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 25-Լ հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
23.05.2024թ.
Հավելված
ՀՀ ոստիկանության պետ-ներքին
գործերի նախարարի տեղակալի
2024 թվականի մայիսի 23-ի
թիվ 9-Լ հրամանի
«Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2020 թվականի հուլիսի 20-ի
թիվ 25-Լ հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) պարեկային ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) Ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է (գլխավոր վարչության իրավունքով):
2. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներով, սույն կանոնադրությամբ, Ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով:
3. Ծառայությունը ստեղծվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Ծառայության աշխատակիցների իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Ոստիկանության մասին» օրենքով, ինչպես նաև Ոստիկանության պետի կողմից հաստատված տվյալ պաշտոնի անձնագրով:
5. Ծառայության անվանումն է`
1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայություն, հայերեն կրճատ` Պարեկային ծառայություն.
2) ռուսերեն լրիվ` Պատռուլնայա սլուժբա պոլիցիի մինիստեռստվա վնուտռեննիխ դել Ռեսպուբլիկի Առմենիա, ռուսերեն կրճատ` Պատռուլնայա սլուժբա.
3) անգլերեն լրիվ` Patrol service of the police of the ministry of internal affairs of the Republic of Armenia, անգլերեն կրճատ` Patrol service.
4) ֆրանսերեն լրիվ` Service de patrouille de la police du ministere de i'nterieur de la Republique d'Armenie, ֆրանսերեն կրճատ` Service de patrouille:
6. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն և օտար լեզուներով անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Ծառայությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Ծառայության աշխատակիցները Ոստիկանության ծառայողներ, քաղաքացիական աշխատանք կատարողներ և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք են:
8. Ծառայության տեղակայման վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մովսես Խորենացի 158:
2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Ծառայության նպատակներն են`
1) հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման արդյունավետության բարձրացումը, ճանապարհային երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների շահագործման և հասարակական կարգի պահպանման որակի բարձրացումը,
2) Ոստիկանությունում ստացված կանչերին, ահազանգերին և հաղորդումներին (այսուհետ` ահազանգ) հնարավորինս սեղմ ժամկետում արդյունավետ և արագ արձագանքումը,
3) հանցավորության մակարդակի նվազումը,
4) ճանապարհատրանսպորտային և լողամիջոցների մասնակցությամբ պատահարների նվազումը,
5) միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան արտաքին ծառայության և ջրային պարեկության իրականացումը,
6) Ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:
10. Ծառայության խնդիրներն են`
1) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, ինչպես նաև հայտնաբերումը և բացահայտումը,
3) իրավախախտումների դեմ տարվող պայքարում հասարակության մասնակցության մակարդակի բարձրացումը` հասարակության հետ շարունակական տարվող աշխատանքների միջոցով,
4) իր իրավասության սահմաններում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը և լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը,
5) մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
6) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը,
7) քննչական և դատավարական գործողությունների կատարման անվտանգության ապահովումը և դրանց կատարմանն աջակցությունը,
8) դժվարին իրավիճակում հայտնված անձանց օգնության և աջակցության ցուցաբերումը:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
11. Ծառայությունը կազմված է վարչակազմից (Ծառայության պետ, Ծառայության պետի տեղակալներ և կառուցվածքային ստորաբաժանումներ), ինչպես նաև Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներ հանդիսացող Երևան քաղաքի գնդից ու մարզային գումարտակներից:
12. Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներ հանդիսացող Երևան քաղաքի գունդն ու մարզային գումարտակները բաղկացած են շարային (գումարտակ, վաշտ, դասակ և այլն), ինչպես նաև ոչ շարային (բաժին, բաժանմունք, խումբ) ստորաբաժանումներից:
13. Ծառայության վարչակազմի կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) պարեկային ծառայության կազմակերպման վարչությունը, որը բաղկացած է ծառայության կազմակերպման բաժնից և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բաժնից,
2) մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչությունը, որը բաղկացած է մոնիթորինգի բաժնից և քրեաբանական վերլուծության բաժնից,
3) վարչական գործերի և դատական պաշտպանության վարչությունը, որը բաղկացած է վարչական վարույթի գործունեության համակարգման բաժնից, վարչական բողոքների քննության բաժնից և դատական պաշտպանության բաժնից:
4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
14. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը:
15. Ծառայությանը պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ կարող է տալ Ոստիկանության պետը:
16. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը` «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
17. Ծառայության պետը`
1) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով,
2) հաշվետու է Ոստիկանության պետին,
3) պատասխանատու է Ծառայության առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար,
4) իրականացնում է Ծառայության նկատմամբ անմիջական հսկողություն,
5) իր իրավասության սահմաններում ընդունում է անհատական իրավական ակտեր, տալիս պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,
6) սահմանում է տեղակալների կողմից համակարգվող առանձին գործառույթների և կառուցվածքային ստորաբաժանումների շրջանակը,
7) իր իրավասության սահմաններում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Ծառայության աշխատակիցներին,
8) առաջարկություն է ներկայացնում ծառայողների հերթական և արտահերթ վերապատրաստումների վերաբերյալ,
9) օրենսդրությամբ սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում Ոստիկանության պետին` Ծառայության աշխատակիցներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ,
10) սահմանված կարգով Ոստիկանության պետի քննարկմանն է ներկայացնում Ծառայության աշխատանքների կազմակերպմանը վերաբերող առաջարկներ, հրամանների և ցուցումների նախագծեր, մասնակցում է Ծառայությանը վերաբերող հարցերի քննարկմանը,
11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում Ծառայության աշխատակիցներին,
12) մասնակցում է Ծառայության քաղաքականության մշակմանը,
13) Ծառայության աշխատակիցներին տրամադրում է արձակուրդ և թույլատրում գործուղումները,
14) հաստատում է Ծառայության պլանները և մարտավարատակտիկական այլ փաստաթղթերը,
15) իր իրավասության սահմաններում ներկայացնում է Ծառայությունը պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
16) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
18. Ծառայության պետի ժամանակավոր բացակայության դեպքում նրան Ոստիկանության պետի որոշմամբ փոխարինում է Ծառայության պետի տեղակալներից մեկը, իսկ նման որոշման բացակայության դեպքում` առավել բարձր կոչում ունեցող տեղակալը, իսկ միևնույն կոչումն ունենալու դեպքում` Ոստիկանությունում առավել երկար ստաժ ունեցողը:
19. Վարչական տույժ նշանակելու իրավասություն ունեցող Ծառայության ծառայողների` վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով որոշման գանգատարկման (բողոքարկման) դեպքերում այն քննելու իրավասություն ունեցող վերադաս պաշտոնատար անձ է հանդիսանում Ծառայության պետը:
20. Ծառայության վարչակազմի վարչությունների և բաժինների աշխատանքները ղեկավարում և կազմակերպում են համապատասխանաբար վարչությունների և բաժինների պետերը:
5. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԸՍՏ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ
21. Ծառայության Պարեկային ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի գործառույթներն են`
1) պարեկային ծառայության կազմակերպման ընդհանուր հսկողությունը և մեթոդական ապահովումը,
2) պարեկային կարգախմբերի ծառայության իրականացման վայրերի (երթուղիների, տեղամասերի և այլն) մշակումը և Ծառայության պետի հաստատմանը ներկայացնելը,
3) պարեկային ծառայության վերակարգերի, հերթափոխի սահմանումը,
4) արտակարգ և այլ հատուկ իրավիճակներով պայմանավորված` պարեկային ծառայության իրականացման վայրերում ծառայության կազմակերպման փոփոխությունների կատարումը,
5) պլանների և այլ մարտավարատակտիկական փաստաթղթերի մշակումը,
6) ծառայության որակի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը,
7) իրավական ակտերով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
22. Ծառայության Պարեկային ծառայության կազմակերպման վարչության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բաժնի գործառույթներն են`
1) ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի մշտադիտարկումը և գնահատումը,
2) ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնացող հանգամանքների վեր հանումը և իրավասու մարմիններին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը,
3) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` իրավասու մարմնին ճանապարհային նշաններ և լուսացույցներ տեղադրելու կամ ապամոնտաժելու կամ ճանապարհային գծանշումներ կատարելու կամ վերացնելու առաջարկ ներկայացնելը,
4) ճանապարհային երթևեկության ինտենսիվության մշտադիտարկումը և իրավասու մարմնին խցանումները կանխարգելող առաջարկներ ներկայացնելը,
5) ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրերի (ճանապարհի վթարավտանգ հատված) պարզումը,
6) զոհերի պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների ուսումնասիրումը, պատճառների վերհանումը և իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը,
7) Ծառայության պետին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
8) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը երթևեկության մասնակիցների շրջանում,
9) իրավական ակտերով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
23. Ծառայության Մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի գործառույթներն են`
1) պարեկային ծառայության կատարման նկատմամբ հսկողությունը, գործունեության մշտադիտարկումը և գնահատումը,
2) պարեկային ծառայության իրականացման մշտադիտարկումը հեռավար (Ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի և այլ տեղեկատվական ու տեխնիկական համակարգերի միջոցով) կարգով, ինչպես նաև արտագնա պլանավորված կամ հանկարծակի ստուգումների միջոցով,
3) մշտադիտարկման և գնահատման արդյունքներով ծառայողների բարեվարքության և Ծառայության գործունեության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակումը,
4) Ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ առաջարկների ներկայացումը,
5) պարեկային ծառայողների, ծառայության վերաբերյալ ստացված դիմումների, բողոքների քննարկումը, դրանց հետագա ընթացքի ապահովումը,
6) պարեկային ծառայողի համազգեստի վրա կրվող շարժական տեսախցիկների տեսաձայնագրությունների ուսումնասիրումը, օրենսդրությամբ սահմանված կարգով տեսաձայնագրության պահանջվող հատվածի տրամադրումը ծառայության վարչակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին և ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներին, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին և այլ պետական մարմիններին, ինչպես նաև աջակցության խնդրանքով ոստիկանություն դիմած անձանց` նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու նպատակով,
7) պարեկային ծառայողների կողմից վարքագծի և էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը,
8) պարեկային ծառայողների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների ժամանակին հայտնաբերումը,
9) կարգապահական խախտումներ, էթիկայի և վարքագծի նորմերի խախտումներ, ծառայության իրականացման թերացումներ հայտնաբերելու դեպքում տեղեկատվության ներկայացումն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանմանը համապատասխան ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու համար,
10) իրավական ակտերով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
24. Ծառայության Մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության քրեաբանական վերլուծության բաժնի գործառույթներն են`
1) ահազանգերի բնույթի ուսումնասիրությունը և վերլուծությունը, դրանց հիման վրա ծառայության որակի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը,
2) ահազանգերի բնույթի ուսումնասիրությունը և վերլուծությունը, դրանց հիման վրա հանցավորության և այլ իրավախախտումներ ծնող պատճառների, ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանն ուղղված առաջարկների ներկայացումը,
3) հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վիճակի համալիր վերլուծության կատարումը, դրա հիման վրա օպերատիվ իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակումը,
4) ահազանգերի վիճակագրության և Ծառայության կողմից դրանց արձագանքի ուսումնասիրության հիման վրա ծառայողների վերապատրաստման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
5) Պարեկային ծառայության պլանավորման աշխատանքների կազմակերպումը և պլանային միջոցառումների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,
6) Ծառայության պետի և պետի տեղակալների մոտ օպերատիվ խորհրդակցությունների կազմակերպումը, արձանագրումը և հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,
7) իրավական ակտերով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
25. Ծառայության Վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության վարչական վարույթի գործունեության համակարգման բաժնի գործառույթներն են`
1) Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումների վարչական վարույթ իրականացնող ստորաբաժանումների գործունեության մշտադիտարկումը և մեթոդական օգնության ցուցաբերումը,
2) Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումների` վարչական վարույթ իրականացնող ստորաբաժանումների գործունեության ընթացքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,
3) Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումների վարչական վարույթ իրականացնող ստորաբաժանումների վարչական վարույթ իրականացնելու և իրավական նորմերի կիրառման միատեսակ պրակտիկայի ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,
4) վարչական վարույթի իրականացման ընթացքում թույլ տրվող կրկնվող թերությունները վերացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,
5) վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հարկադիր կատարման ներկայացման գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը,
6) վարչական գանգատարկման (բողոքարկման) արդյունքում կայացված որոշումներով և դատական ակտերով, ինչպես նաև այլ պետական մարմինների կողմից արձանագրված` վարչական վարույթում թույլ տրված թերացումների վերլուծությունը և դրանց վերացման ուղղությամբ ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումների վարչական վարույթ իրականացնող ստորաբաժանումներին մեթոդական օգնության ցուցաբերումը,
7) իրավական ակտերով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
26. Ծառայության Վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության վարչական բողոքների քննության բաժնի գործառույթներն են`
1) Ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ բերված վարչական գանգատներով (բողոքներով) գանգատարկման (բողոքարկման) վարույթի իրականացումը.
2) չգանգատարկված (չբողոքարկված) վարչական ակտերի` վերադասության կարգով վերանայման վարույթի իրականացումը.
3) վարչական գանգատների (բողոքների), ինչպես նաև գանգատարկման (բողոքարկման) և վերադասության կարգով վերանայման վարույթների արդյունքների հաշվառումը
4) իրավական ակտերով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
27. Ծառայության Վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության դատական պաշտպանության բաժնի գործառույթներն են`
1) Ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ ներկայացված հայցերով դատական ներկայացուցչության ապահովումը,
2) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների և դատական պրակտիկայի հիման վրա վարչական գանգատների (բողոքների) քննության և վարչական վարույթի գործունեության համակարգման բաժիններին խորհրդատվության տրամադրումը,
3) Ծառայության ղեկավարության համար իրավական բնույթի տեղեկանքների նախապատրաստումը,
4) Ծառայությանը հասցեագրված վճիռների և որոշումների ուսումնասիրությունը, հաշվառումը, վերլուծությունը, կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,
5) իրավական ակտերով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
28. Ծառայության Երևան քաղաքի գնդի ու մարզային գումարտակների գործառույթներն են`
1) հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը,
2) իրավախախտումների ու պատահարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքումը,
3) դեպքի վայրի պահպանությունը և ականատես վկաների հայտնաբերումը,
4) հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը և վերացումը,
5) տուժողներին անհապաղ օգնության հասնելը, տուժած անձանց առաջին օգնության և հոգեբանական օգնության ցուցաբերումը,
6) բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցելը,
7) իրավախախտում կատարած անձանց արգելանքի վերցնելը, նրանց հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմնի վարչական տարածք տեղափոխելը,
8) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձի ձերբակալումը և անձնական խուզարկության կատարումը,
9) հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը,
10) դեպքի վայրում քննչական և դատավարական գործողությունների կատարման ընթացքում վարույթն իրականացնող մարմիններին աջակցությունը, դրանց կատարմանը խոչընդոտող հանգամանքների վերացումը և, ըստ անհրաժեշտության, դատավարական գործողություններին մասնակցող անձանց անվտանգության ապահովումը,
11) զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին աջակցությունը,
12) հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը,
13) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, անխափան երթևեկության, ճանապարհային երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովումը,
14) ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը սահմանափակելը կամ արգելելը, եթե ապահովված չեն ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները,
15) առերևույթ ոչ սթափ վիճակում գտնվող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը` տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելով, դրա ուղևորների տեղափոխումը և բեռների պահպանումն ապահովելով,
16) ճանապարհային երթևեկության կարգավորումը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տրանսպորտային միջոցները կանգնեցնելը, ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռների փաստաթղթերի ստուգումը և դրանց երթևեկության (շահագործման) արգելումը,
17) իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
18) ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը, հայտնաբերված խախտումների վերացման պահանջների ներկայացումը,
19) տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով` իրավախախտումների հայտնաբերումը և արձանագրումը,
20) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում` վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը զննելը,
21) մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցներն արգելանքի վերցնելը,
22) հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանների պարզումը, դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը,
23) իր իրավասության սահմաններում վարչական իրավախախտումների արձանագրումը, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացումը և հաշվառումը,
24) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու առերևույթ հանցանքի փաստով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հաղորդման ներկայացումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե,
26) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարական աշխատանքների հայտնաբերման դեպքում նշված տեղեկատվության տրամադրումը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին` համապատասխան վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով,
27) իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում Ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը,
28) իրավական ակտերով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
29. Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի Ջրային պարեկների վաշտը, բացի սույն կանոնադրության 28-րդ կետով նախատեսված գործառույթներից, իրականացնում է նաև`
1) ջրային ավազաններում և առափնյա հատվածներում` լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի պահպանությունը, իրավախախտումներին ու պատահարներին օպերատիվ արձագանքումը,
2) անձի անվտանգությանը սպառնացող դեպքի (պատահարի) մասին տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք (պատահար) հայտնաբերելիս մարդկանց անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,
3) հովեկների և զբոսաշրջիկների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և այլ ոտնձգություններից,
4) ապօրինի ձկնորսության, ապօրինի որսի դեպքերի կանխարգելումը, հայտնաբերումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավասու պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, ինչպես նաև ապօրինի ձկնորսության (որսի) գործիքների և միջոցների հայտնաբերումն ու դրանց առգրավման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,
5) ջրային ավազաններում դժբախտ պատահարների կանխարգելումը, խեղդվողներին փրկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը և առաջին օգնության ցուցաբերումը,
6) ափից հեռանալու կամ լողամիջոցի խափանման կամ այլ պատճառով անօգնական վիճակում հայտնված անձանց օգնության հասնելու և ափ տեղափոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը,
7) լողամիջոցով նավարկող կամ լողացող անձանց կորելու կամ անհետանալու կամ լողամիջոցի խափանման կամ նավաբեկության մասին տեղեկություն ստանալու դեպքում` առաջնային որոնողական աշխատանքների իրականացումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանմանը հայտնելը,
8) լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը և օրենսդրությամբ սահմանված կարգով` հարկադրանքի միջոցների կիրառումը:
30. Ծառայության պետի հանձնարարությամբ Ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների ծառայողները կարող են իրենց գործառույթներն իրականացնել նաև իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի սահմաններից դուրս:»:
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 24 մայիսի 2024 թվական: