19.04.2025 -
040.1923.181202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2002 թվականի N 1923-Ն
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՍՊԱՌՈՂԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում`
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների համար` հրապարակման պահից 6 ամիս հետո.
բ) օտարերկրյա պետություններում արտադրվող ապրանքների համար` 2004 թվականի հուլիսի 1-ից:
(2-րդ կետը փոփ. 24.12.03 թիվ 1762-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 7-ի N 1923-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՈՂԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ
1. Արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է բավարարի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված պարտադիր պահանջները և ապահովի սպառողի կողմից դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը:
2. Արտադրողի (կատարողի, վաճառողի), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետ` ապրանքներ) առանձին տեսակների մասին սպառողին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները:
(2-րդ կետը փոփ. 17.04.2025 թիվ 431-Ն որոշում)
3. Ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն` տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության գնահատման փաստաթղթերի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով:
(3-րդ կետը փոփ. 17.04.2025 թիվ 431-Ն որոշում)
3.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին հայերեն տեղեկատվությունն արտադրողի (ներմուծողի) կողմից սպառողին կարող է հասցվել նաև հսկիչ (նույնականացման) նշաններով:
(3.1-ին կետը լրաց. 17.04.2025 թիվ 431-Ն որոշում)
3.2. Սույն հավելվածի 3.1-ին կետը չի տարածվում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 10 000 0, 2402 20 100 0, 2402 20 900 0, 2402 90 000 0, 2403 11 000 0, 2403 19 100 0, 2403 19 900 0 ծածկագրերին համապատասխան ծխախոտային արտադրանք հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների վրա:
(3.2-րդ կետը լրաց. 17.04.2025 թիվ 431-Ն որոշում)
4. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ինքնուրույն է որոշում սպառողին տրամադրվող տեղեկատվության անհրաժեշտ ծավալը` ըստ տրամադրման ձևերի և մեթոդների` հաշվի առնելով օրենքով սահմանված ոչ լրիվ տեղեկատվության տրամադրման համար իր պատասխանատվությունը:
5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է սպառողին տրամադրի տեղեկատվություն այն կազմակերպությունների անվանումների և գտնվելու վայրի մասին, որոնք արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից լիազորված են ընդունելու սպառողների բողոքները և գանգատները, կատարելու ապրանքների նորոգում ու տեխնիկական սպասարկում:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում փաթեթավորված և չափածրարված սննդամթերքը պետք է ունենան տեղեկատվություն դրանք արտադրող երկրի մասին:
(6-րդ կետը փոփ. 17.04.2025 թիվ 431-Ն որոշում)
7. Արտադրողը (կատարողը, վաճառողը) իրավասու է սպառողին չտրամադրելու առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն:
8. Վաճառողը (կատարողը) սույն կարգը տեսանելի և հասանելի ձևով հասցնում է սպառողներին` այն փակցնելով հայտարարության վահանակների վրա կամ գործունեության վայրի այլ` հարմար տեղերում:
(կարգը խմբ. 23.06.05 թիվ 898-Ն որոշում)