26.11.2025 -
600.0471.220908
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 09 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008283
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2008 թվականի N 471-Ն
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 2-րդ կետի ը), ժէ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման կարգը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թվականի սեպտեմբերի 3-ի
N 471-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
Սույն կարգը սահմանում է տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ (այսուհետ` ծառայություններ) մատուցող անձանց (այսուհետ` ծառայություններ մատուցողներ) կողմից հրապարակային պայմանագրերի հիման վրա բաժանորդներին մատուցվող ծառայությունների սակագների և մատուցման պայմանների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պայմանները և ընթացակարգը:
Սույն կարգը չի տարածվում հանրային ինտերնետ հասանելիության կետերում (ինտերնետ ակումբ, կենտրոն, կրպակ և այլն) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ:
1. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ապահովել իրենց կողմից բաժանորդներին առաջարկվող ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը:
2. Եթե ծառայություններ մատուցողները կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով նախատեսված են ծառայությունների մատուցման այլ սակագներ և պայմաններ, քան սույն կարգին համապատասխան հրապարակած տեղեկատվությամբ, ապա ծառայություններ մատուցողները պարտավոր են սույն կարգի պայմաններին և ընթացակարգին համապատասխան հրապարակել այդ տեղեկատվությունը` որպես հրապարակային պայմանագրի սակագներ և պայմաններ:
3. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել իրենց հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում և հրապարակել իրենց ինտերնետային կայքերում:
(3-րդ կետը փոփ. 19.11.2025 թիվ 382-Ն որոշում)
4. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը իրենց հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում հասանելի դարձնելիս և ինտերնետային կայքերում հրապարակելիս ապահովել հետևյալ նվազագույն պահանջների կատարումը.
1) ծառայությունների մատուցման սակագները և պայմանները պետք է ամբողջապես հասանելի լինեն հանրությանը` բացառելով դրանց ներկայացման նկատմամբ որևէ խտրական կամ հայեցողական մոտեցում.
2) ծառայությունների մատուցման սակագները և պայմանները ըստ առանձին աշխարհագրական տարածքների, ժամանակային հատվածների կամ հաճախորդների խմբերի տարբերակման պարագայում` ներկայացվող տարբերակված սակագները և մատուցման պայմանները պետք է լինեն հստակ տարանջատված և չապակողմնորոշեն հանրությանը.
3) ամրակցված կապի ցանցերով ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման դեպքում պետք է ամրագրվի այդ ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման նվազագույն, սովորաբար հասանելի և առավելագույն (գովազդվող) արագությունների մասին նկարագրությունը` նշելով նաև առավելագույն (գովազդվող) տվյալների հոսքի արագությունների վրա ազդող էական գործոնների մասին տեղեկություններ,
4) շարժական կապի ցանցերով ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման դեպքում պետք է ամրագրվի տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման նվազագույն և առավելագույն (գովազդվող) արագությունների մասին նկարագրությունն ըստ ցանցային տեխնոլոգիաների` նշելով նաև առավելագույն (գովազդվող) տվյալների հոսքի արագության իրատեսորեն հասանելիությունն ապահովող պայմանների, ինչպես նաև դրանց վրա ազդող էական գործոնների վերաբերյալ,
5) ծառայությունների որակի սահմանափակման որևէ քաղաքականություն պետք է ներկայացվի հրապարակավ` նշելով որակի սահմանափակման եղանակը և քանակական չափանիշները.
6) ծառայություններ մատուցողները գործունեության ընթացքում պարտավոր են ոչ խտրական մոտեցում ցուցաբերել իրենց ցանցերում օգտագործվող արձանագրությունների նկատմամբ` չտալով առավելություն որևէ արձանագրության օգտագործման հնարավորությանը, եթե հրապարակային պայմանագրով կամ ծառայությունների մատուցման պայմաններով այլ բան նախատեսված չէ:
(4-րդ կետը փոփ. 25.07.12 թիվ 285-Ն, 19.11.2025 թիվ 382-Ն որոշումներ)
4.1. Սույն կարգի իմաստով լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման արագությունը ծառայություններ մատուցողի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ վերջնակետային սարքավորման միացման արագությունն է (ամրակցված կապի ցանցի դեպքում` լարային միացմամբ), ըստ որի`
1) առավելագույն (գովազդվող) արագությունը ամրակցված և շարժական կապի ցանցերի դեպքում` ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի կողմից հրապարակային առաջարկներում, առևտրային հաղորդակցություններում (գովազդ, մարքեթինգ, սակագնային փաթեթներ և պլաններ) օգտագործվող արագությունն է,
2) նվազագույն արագությունը, ամրակցված կապի ցանցի դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի կողմից բաժանորդին մատուցվող տվյալների հոսքի ամենացածր արագությունն է, որի մեծությունը պետք է կազմի տվյալ սակագնային փաթեթով (պլանով) նախատեսված առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 20 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման 2 Մբիթ/վ արագությունը,
3) նվազագույն արագությունը շարժական կապի ցանցի դեպքում` ծառայություններ մատուցողի կողմից իր լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթի շրջանակում մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման արագությունն է, որն ապահովում է բաժանորդներին նշված ծառայությունների նվազագույն հասանելիությունը` հաշվի առնելով ծառայություններ մատուցողի կողմից ամրագրված` դրանց վրա ազդող էական գործոնները,
4) սովորաբար հասանելի արագությունը, ամրակցված կապի ցանցի դեպքում` ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի կողմից յուրաքանչյուր օրվա (ժամը 00:00-ին սկսվող և 23:59-ը ներառյալ ավարտվող ժամանակահատված) առնվազն 95 տոկոս ժամանակահատվածում բաժանորդին մատուցվող` տվյալ սակագնային փաթեթով (պլանով) նախատեսված առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 70 տոկոսը կազմող, սակայն ոչ պակաս, քան ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման 2 Մբիթ/վ արագությունն է:
(4.1-ին կետը լրաց. 19.11.2025 թիվ 382-Ն որոշում)
5. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ներկայացնել կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե, որոնց միջոցով հաճախորդները կարող են դիմել և ստանալ մանրամասն տեղեկատվություն ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ:
6. Ծառայությունների մատուցման պայմանները պետք է պարունակեն հաճախորդների սպասարկման որակի վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները.
1) միացման կամ ակտիվացման (վերաակտիվացման) համար անհրաժեշտ ժամանակահատվածը, որը նոր բաժանորդների դեպքում չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը, ինչպես նաև ծառայությունների մատուցման ժամանակահատվածի հաշվարկի և ծառայությունների ակտիվացման նկարագրությունը, ներառյալ` ժամանակահատվածի տևողությունը, սկիզբը և ավարտը, ժամանակահատվածը ներառող օրերի, ժամերի և րոպեների հաշվարկման մոտեցումներն ու ծառայությունների ակտիվացման մանրամասն ընթացակարգը` ըստ գործողությունների և ժամկետների,
2) ծառայությունների որակի վերաբերյալ բաժանորդների բողոքներին արձագանքման ժամանակահատվածը, որը չպետք է գերազանցի 15 աշխատանքային օրը,
3) բաժանորդից անկախ տեխնիկական պատճառներով ծառայությունների որակի անկման կամ ծառայությունների ընդհատման (ներառյալ` խափանման կամ անսարքության) դեպքում` պատշաճ որակի կամ ընդհատված ծառայությունների վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, բաժանորդին տրամադրվող փոխհատուցման դեպքերը և կարգը (պայմանները, չափը և ժամկետները),
4) հաճախորդների սպասարկման և հաճախորդների բողոքներին արձագանքման հարցերով կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե:
(6-րդ կետը փոփ. 19.11.2025 թիվ 382-Ն որոշում)
7. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված` ծառայությունների ընդհատման (ներառյալ` խափանման կամ անսարքության) կամ ծառայությունների որակի անկման դեպքերում ծառայություններ մատուցողը բաժանորդին տրամադրում է փոխհատուցում.
1) եթե ծառայությունների նախատեսված (պլանային) ընդհատման կամ բաժանորդի դիմումի հիման վրա` ծառայությունների չնախատեսված ընդհատման տևողությունը հաշվարկային ժամանակահատվածում գերազանցում է 24 ժամը, որը չի ներառում բաժանորդի պատճառով ծառայություններ մատուցողի կողմից ընդհատումը վերականգնելու անհնարինության, գծի ենթակառուցվածքի կառուցման (տեղադրման կամ տեղափոխման) աշխատանքների շրջանակում ծառայություններ մատուցողի վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից սահմանված` էլեկտրամատակարարման թույլատրելի պլանային, վթարային ընդհատմամբ, ինչպես նաև բաժանորդի էլեկտրամատակարարման թույլատրելի դադարեցմամբ պայմանավորված ծառայությունների մատուցման ընդհատման ժամանակահատվածները: Սույն ենթակետը կիրառելի չէ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված` ծառայությունների մատուցման սահմանափակման դեպքերում.
2) եթե բաժանորդի դիմումի դեպքում ծառայություններ մատուցողը ծառայությունների որակի ստուգման արդյունքում պարզում է, որ մատուցված ծառայությունները չեն համապատասխանել ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմաններին:
(7-րդ կետը լրաց. 19.11.2025 թիվ 382-Ն որոշում)
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերում ծառայություններ մատուցողը ծառայությունների մատուցման վճար չի գանձում առնվազն ծառայությունների ընդհատման կամ ծառայությունների որակի անկման ժամանակահատվածի համար, իսկ եթե ծառայությունների մատուցման վճարը գանձվել է նախապես, այն փոխհատուցվում է առնվազն ծառայությունների ընդհատման կամ ծառայությունների որակի անկման ժամանակահատվածի համար հաշվարկված ծառայությունների մատուցման վճարի չափով` բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար ծառայությունների մատուցման վճարի չափն է: Փոխհատուցման տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի ծառայությունների որակի անկման կամ ծառայությունների ընդհատման (ներառյալ` խափանման կամ անսարքության) ամսվան հաջորդող երկրորդ ամսվա վերջին օրը:
(8-րդ կետը լրաց. 19.11.2025 թիվ 382-Ն որոշում)
9. Փոխհատուցում կամ ծառայություններ մատուցողի կողմից նախապես գանձված վճարը հետ ստանալու գրավոր դիմումը բաժանորդի կողմից ծառայություններ մատուցողին ներկայացվում է մինչև ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար ծառայություններ մատուցողի կողմից սահմանված ժամկետի ավարտը կամ մինչև հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը: Բաժանորդի կողմից ծառայություններ մատուցողին ներկայացվող գրավոր դիմումը առնվազն ներառում է մատուցված ծառայությունները պայմանագրով նախատեսված պայմաններին չհամապատասխանելու մասին հիմնավոր տեղեկություններ և նշում ծառայության ընդհատման կամ որակի անկման խնդրի բացահայտման մասին ծառայություններ մատուցողին նախապես (ծառայության ընդհատման կամ որակի անկման ընթացքում) տեղեկացրած լինելու վերաբերյալ, իսկ սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում նաև ծառայություններ մատուցողի կողմից ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանած ընթացակարգով` ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման արագության չափման տվյալներ` ծառայություններ մատուցողի կողմից առաջարկվող ծրագրային համակարգի միջոցով, որին բաժանորդների հասանելիությունն ապահովվում է ծառայություններ մատուցողի կողմից:
(9-րդ կետը լրաց. 19.11.2025 թիվ 382-Ն որոշում)
10. Ծառայություններ մատուցողները, սույն կարգի N 1 հավելվածի համաձայն, համախմբում են իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի խափանումների կամ անսարքությունների վերաբերյալ տվյալները (ըստ ծառայությունների խափանման կամ անսարքության դեպքում բաժանորդի ծանուցման կամ բողոքի յուրաքանչյուր դեպքի) յուրաքանչյուր տարվա համար` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը և պահպանում 1 տարի ժամկետով` Հանձնաժողովի պահանջի դեպքում ներկայացնելու նպատակով:
(10-րդ կետը լրաց. 19.11.2025 թիվ 382-Ն որոշում)
N 1 հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թ. սեպտեմբերի 3-ի N 471-Ն
որոշմամբ հաստատված կարգի
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ
.________________________________________________________________________.
|N |Ծառայության |Անսարքության/|Խնդրի վերացման |Տևողու- |Փոխհատու-|
| |խափանման |խափանման |ժամանակահատված |թյուն |ցում |
| |կամ անսարքու- |տեսակը |___________________| |տրամադ- |
| |թյան մասին | |Սկիզբ |Ավարտ | |րելու |
| |ծանուցում/ | |_________|_________| |(եթե |
| |դիմում/բողոք | |Ամսա-|Ժամ|Ամսա-|Ժամ| |կիրառվել |
| |ներկայացրած | |թիվ | |թիվ | | |է) կամ |
| |բաժանորդի | | | | | | |վճար |
| |անունը, | | | | | | |չգանձելու|
| |ազգանունը, | | | | | | |մասին |
| |ծանուցման/ | | | | | | |տեղեկու- |
| |բողոքի | | | | | | |թյունը |
| |ներկայացման | | | | | | | |
| |ամսաթիվը | | | | | | | |
|___|_______________|_____________|_____|___|_____|___|________|_________|
| | | | | | | | | |
.________________________________________________________________________.
(1-ին հավելվածը լրաց. 19.11.2025 թիվ 382-Ն որոշում)