Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2025 թվականի N 933-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո` բացառությամբ անօդաչու թռչող համակարգերի բաղադրիչներին առնչվող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի նոյեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. հուլիսի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի հուլիսի 10-ի

N 933-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման սույն կարգը մշակվել է 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա), Կոնվենցիայի «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» N 13 հավելվածի (այսուհետ` Կոնվենցիայի N 13 հավելված), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) դոկ 9756 «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության ձեռնարկ» փաստաթղթի (այսուհետ` ԻԿԱՕ դոկ 9756 փաստաթուղթ), Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների` մյուս կողմից, միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի 2-րդ հավելվածում ներկայացված «Քաղաքացիական ավիացիայում պատահարների և միջադեպերի քննության և կանխարգելման մասին» Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 996/2010 (ԵՄ) կանոնակարգի (այսուհետ` ԵՄ 996/2010 կանոնակարգ), «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 1991 թվականի դեկտեմբերի 30-ին Մինսկում ԱՊՀ երկրների շրջանակում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածքի օգտագործման մասին» միջկառավարական համաձայնագրի (այսուհետ` միջկառավարական համաձայնագիր) դրույթների հիման վրա:

2. Սույն կարգով կանոնակարգվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական օդանավերի (անկախ պատահարի, լուրջ միջադեպի կամ միջադեպի վայրից) և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարների, լուրջ միջադեպերի ու միջադեպերի ահազանգման, ծանուցման, առաջնային գործողությունների իրականացման, քննության կազմակերպման, անցկացման և հաշվառման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ առաջարկությունների և կանխարգելիչ միջոցառումների հետ կապված հարաբերությունները.

2) այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է օդանավ շահագործող պետություն կամ օդանավ շահագործող ծածկագրերի համատեղ օգտագործման, կամ մեկից ավելի պետությունների օդանավ շահագործողների համատեղ գործունեություն իրականացնելու պայմանագրի կողմ հանդիսացող ընկերության պետություն, կամ երբ քննությունն անցկացնող պետության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը, համաձայն Կոնվենցիայի N 13 հավելվածի, տրամադրում է տեղեկություններ, սարքավորումներ կամ փորձագետներ, կամ տրամադրում է ավիացիոն իրադարձության վայրում քննություն անցկացնելու համար անհրաժեշտ օպերատիվ բազա, կամ մասնակցում է որոնողական-փրկարարական կամ բեկորների դուրսբերման գործողություններին.

3) Կոնվենցիայի N 13 հավելվածում օդանավ շահագործող պետությանը վերաբերող բնութագրերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ օդանավը վարձակալվում է կամ փոխանակվում է, և երբ այդ պետությունը չի հանդիսանում գրանցման պետություն, և եթե այն կատարում է Կոնվենցիայի N 13 հավելվածի պահանջները` մասամբ կամ ամբողջությամբ, ստանձնելով գրանցման պետության գործառույթներն ու պարտականությունները.

4) ոչ պայմանավորվող պետության տարածքում, չհստակեցված ինքնիշխանության տարածքում կամ բաց ծովում տեղի ունեցող պատահարների կամ լուրջ միջադեպերի քննությունը կարգավորվում է Կոնվենցիայի N 13 հավելվածի 5.2-րդ և 5.3-րդ կետերով.

5) շահագործող պետության իրավունքներն ու պարտականությունները, կապված վարձակալված կամ փոխանակված օդանավերի պատահարների և միջադեպերի հետ, ներկայացված են Կոնվենցիայի N 13 հավելվածի A լրացման մեջ.

6) գրանցման պետության, շահագործող պետության, նախագծող պետության, արտադրող պետության կամ ցանկացած այլ պետության իրավունքներն ու գործողությունների շրջանակներն ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի դեպքում.

7) այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններն իրավունք ունեն, համաձայն միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի, նշանակել լիազոր ներկայացուցիչներ` քննությանը մասնակցելու որպես գրանցման պետություն, շահագործող պետություն, նախագծող պետություն, արտադրող պետություն կամ պետություն, որը տրամադրում է տեղեկատվություն, սարքավորումներ կամ փորձագետներ` քննություն իրականացնող պետության խնդրանքի հիման վրա.

8) այն դեպքերը, երբ պետությունը, որն ավիացիոն պատահարի և լուրջ միջադեպի նկատմամբ ցուցաբերում է հատուկ հետաքրքրություն այն պատճառով, որ զոհվածների կամ ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձանց թվում կան իր քաղաքացիները, քննություն իրականացնող պետության կողմից լիազորվում է նշանակելու փորձագետներ:

3. Սույն կարգով կանոնակարգվում են նաև պատահարի ենթարկված օդանավում գտնվող բոլոր անձանց և վտանգավոր բեռների վերաբերյալ տեղեկատվության ժամանակին հասանելիության և պատահարներից տուժածներին և նրանց մերձավոր ազգականներին օգնություն ցուցաբերելու հարցերը:

4. Սույն կարգի դրույթները կիրառվում են կառավարվող օդանավերի և անօդաչու թռչող համակարգերի պատահարներին, լուրջ միջադեպերին և միջադեպերին հաջորդող գործողությունների իրականացման նկատմամբ:

5. Սույն կարգի դրույթները չեն խոչընդոտում քննություն սկսել նաև այն դեպքում, երբ ակնկալվում է անվտանգության փորձառություն ձեռք բերել կառավարվող և հեռակառավարվող օդանավերի շահագործման համար (հեռակառավարվող օդանավերը դասվում են անօդաչու թռչող սարքերի ենթախմբին):

6. Սույն կարգը չի կիրառվում պատահարների և լուրջ միջադեպերի քննության նկատմամբ, որոնք ներառում են պետական օդանավերը` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերը:

7. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) օդանավ` սարք, որը մթնոլորտում պահվում է օդի հետ փոխազդեցության հաշվին` ի տարբերություն երկրի մակերևույթից անդրադարձած օդի հետ փոխազդեցության.

2) ավիացիոն պատահար (այսուհետ` պատահար)` օդանավի օգտագործման հետ կապված իրադարձություն օդանավավարվող օդանավի դեպքում, որը տեղի է ունենում այն պահից սկսած, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ` մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքում են օդանավը կամ անօդաչու օդանավի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ թռիչք կատարելու նպատակով օդանավը պատրաստ է տեղից պոկվելու մինչև թռիչքի ավարտին նրա կանգառի պահը և հիմնական ուժային կայանքի անջատումը և որի ընթացքում`

ա. որևէ անձ ստանում է մահացու վնասվածք կամ լուրջ մարմնական վնասվածք` տվյալ օդանավում գտնվելու, կամ օդանավի ինչ-որ մասի` ներառյալ տվյալ օդանավից անջատված մասի հետ անմիջական շփման կամ ռեակտիվ շարժիչի գազերի շիթի անմիջական ազդեցության արդյունքում` բացառությամբ այն դեպքերի, երբ մարմնական վնասվածքներն ստացվել են բնական պատճառների արդյունքում, հասցվել են ինքն իրեն կամ հասցվել են ուրիշ անձանց կողմից կամ երբ մարմնական վնասվածքները հասցվել են անտոմս ուղևորներին, որոնք թաքնվում են այն գոտուց դուրս, որի մուտքը սովորաբար բաց է ուղևորների և անձնակազմի անդամների համար,

բ. օդանավը ստանում է վնասվածքներ կամ տեղի է ունենում նրա կառուցվածքի ավերում, որի արդյունքում խախտվում է կառուցվածքի ամրությունը, վատանում են օդանավի տեխնիկական և թռիչքային բնութագրերը, և սովորաբար պահանջվում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում` բացառությամբ շարժիչի խափանման կամ վնասման դեպքերի, երբ վնասվել է միայն մեկ շարժիչը (ներառյալ դրա ծալովի ծածկոցները կամ օժանդակ ագրեգատները), օդային պտուտակները, թևի վերջնամասերը, ալեհավաքները, տվիչները, թիակները, անվադողերը, արգելակման հարմարանքները, անիվները, շրջահոսները, պանելները, շասսիի փեղկերը, ճակատային ապակիները, օդանավի երեսապատվածքը (օրինակ` ոչ մեծ փոսեր կամ խոցեր), կամ առկա են կրող օդային պտուտակի թիակների, պոչամասի օդային պտուտակի թիակների, շասսիի ոչ նշանակալի վնասվածքներ և վնասվածքներ, որոնք առաջացել են կարկտի կամ թռչունների հետ բախման պատճառով (ներառյալ ռադիոլոկատորի ալեհավաքի շրջահոսի ծակատները): Օդանավի վնասվածքների որոշման վերաբերյալ հրահանգչական նյութերը ներկայացված են Կոնվենցիայի N 13 հավելվածի E լրացման մեջ,

գ. օդանավը կորչում է անհետ կամ հայտնվում է այնպիսի տեղում, ուր դրան մոտենալը բացարձակապես անհնար է: Օդանավը համարվում է անհետ կորած, երբ դադարեցված են պաշտոնական որոնումները, և չի պարզվել օդանավի կամ դրա բեկորների գտնվելու վայրը.

3) լուրջ մարմնական վնասվածք` սույն կարգի իմաստով մարմնական վնասվածք, որն անձն ստացել է պատահարի ժամանակ և որը`

ա. պահանջում է 48 ժամից ավելի հոսպիտալացում` վնասվածքն ստանալու պահից 7 օրվա ընթացքում, կամ`

բ. հանգեցրել է ցանկացած կոտրվածքի (բացառությամբ ձեռքի, ոտքի մատների կամ քթի պարզ կոտրվածքների), կամ`

գ. կապված է հյուսվածքի պատռվածքների հետ, որն առաջացրել է ուժեղ արյունահոսություն, նյարդերի, մկանների և ջլերի վնասվածք, կամ`

դ. կապված է ցանկացած ներքին օրգանի վնասվածքի հետ, կամ`

ե. կապված է երկրորդ կամ երրորդ աստիճանի կամ ցանկացած այրվածքների հետ, որոնք վնասել են մաշկի մակերեսի 5 տոկոսից ավելին, կամ`

զ. կապված է վարակիչ նյութերի կամ ներթափանցող ճառագայթման ազդեցության հաստատված փաստի հետ.

4) մահացու վնասվածք` վնասվածք, որը ստացել է անձը պատահարի ժամանակ, և որը հանգեցնում է նրա մահվան` պատահարի օրվանից 30 օրվա ընթացքում.

5) միջադեպ` օդանավի օգտագործման հետ կապված ցանկացած իրադարձություն` բացի պատահարից, որն ազդում կամ կարող է ազդել շահագործման անվտանգության վրա: Միջադեպերի տեսակները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ԻԿԱՕ-ին պատահարների կանխարգելման ուսումնասիրությունների համար, թվարկված են Կոնվենցիայի N 13 հավելվածի C լրացման մեջ.

6) լուրջ միջադեպ` միջադեպ, որի հանգամանքները ցույց են տալիս օդանավի օգտագործման հետ կապված ավիացիոն պատահարի մեծ հավանականությունը, որն օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում` սկսած այն պահից, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ` մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքել են օդանավը, կամ անօդաչու օդանավի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ օդանավը թռիչք կատարելու նպատակով պատրաստ է տեղից պոկվելու մինչև թռիչքի ավարտին նրա կանգառը և հիմնական ուժային կայանքի անջատումը: Պատահարի և լուրջ միջադեպի միջև տարբերությունը միայն հետևանքների մեջ է: Լուրջ միջադեպերի օրինակները ներկայացվում են Կոնվենցիայի N 13 հավելվածի C լրացման մեջ.

7) պատահարներ քննող մարմին` Կոնվենցիայի N 13 հավելվածի համատեքստում պետության կողմից օդանավի պատահարների և միջադեպերի քննության համար լիազորված մարմին: Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննությունն իրականացվում է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` Նախարարություն) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի կողմից, իսկ միջադեպերի քննությունը` Նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից: Սույն կարգում պատահարներ քննող մարմին հասկացությունը տարածվում է Նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի վրա, եթե այն վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը.

8) լիազոր ներկայացուցիչ` քննությանը մասնակցելու համապատասխան որակավորում ունեցող անձ, որը նշանակվել է պետության լիազոր մարմնի կողմից` այլ պետությունում անցկացվող քննությանը մասնակցելու նպատակով: Երբ պետությունում հիմնադրված է պատահարներ քննող մարմին, այդ դեպքում, որպես կանոն, այդպիսի լիազորված ներկայացուցիչը նշանակվում է այդ լիազորված մարմնից.

9) խորհրդական` անձ, որը համապատասխան որակավորման առկայության դեպքում պետության կողմից նշանակվել է քննության ընթացքում տվյալ պետության լիազոր ներկայացուցչին օգնություն տրամադրելու նպատակով.

10) C2 կապ` հեռակառավարվող օդանավի և հեռակա օդաչու կայանի միջև տվյալների կապը` թռիչքը կառավարելու նպատակով.

11) հեռակա օդաչուական կայան (Remote pilot station)` հեռակառավարվող օդանավերի համակարգի բաղադրիչ, որը պարունակում է սարքավորումներ, որոնք օգտագործվում են հեռակառավարվող օդանավը վարելու համար.

12) հեռակառավարվող օդանավ` անօդաչու թռչող սարք, որը ղեկավարվում է հեռավոր օդաչուական կայանից.

13) հեռակառավարվող օդանավերի համակարգ (RPAS)` հեռակառավարվող օդանավ, դրա հետ կապված հեռակա օդաչուական կայան(ներ), անհրաժեշտ C2 կապ(եր) և ցանկացած այլ բաղադրիչ, ինչպես նշված է օդանավի տիպի կառուցվածքի մեջ.

14) անօդաչու ավիացիոն համակարգ` օդանավ և դրա հետ կապված բաղադրիչները, որոնք շահագործվում են առանց օդաչուի.

15) շահագործող` անձ կամ կազմակերպություն, որն զբաղվում է օդանավերի շահագործմամբ կամ այդ բնագավառում առաջարկում է իր ծառայությունները: Հեռակառավարվող օդանավերի համատեքստում օդանավերի շահագործումը վերաբերում է Հեռակառավարվող օդանավերի համակարգի (RPAS) շահագործմանը.

16) արտադրող պետություն` օդանավի, հեռակա օդաչուական կայանի, շարժիչի կամ պտուտակի վերջնական հավաքման համար պատասխանատու կազմակերպության նկատմամբ իրավասություն ունեցող պետություն.

17) իրադարձության վայրի պետություն` պետություն, որի տարածքում տեղի է ունեցել պատահարը կամ միջադեպը.

18) նախագծող պետություն` օդանավի տիպի կառուցվածքի համար պատասխանատու կազմակերպության հանդեպ իրավասություն ունեցող պետություն.

19) գրանցման պետություն` պետություն, որի ռեգիստրում գրանցված է օդանավը: Միջազգային շահագործող գործակալության օդանավերի գրանցման դեպքում, ոչ ազգային հիմունքներով, գործակալությունը կազմող պետությունները համատեղ և առանձին-առանձին պարտավոր են ստանձնել այն պարտավորությունները, որոնք Չիկագոյի կոնվենցիայով վերաբերում են գրանցման պետությանը.

20) շահագործող պետություն` պետություն, որում գտնվում է շահագործողի գործունեության հիմնական վայրը կամ, եթե շահագործողը չունի գործունեության այդպիսի վայր, շահագործողի մշտական մնալու տեղը.

21) միջազգային ջրեր` ջրային այն տարածքը, որը ներառված չէ բացառիկ տնտեսական գոտում, հարակից գոտում, պետության տարածքային կամ ներքին ջրերում կամ արշիպելագ-պետության արշիպելագյան ջրերում.

22) քննություն` պատահարների, լուրջ միջադեպերի և միջադեպերի դեպքում անցկացվող գործընթաց, որը ներառում է տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը, եզրակացության նախապատրաստումը` ներառյալ պատճառների և (կամ) ուղեկցող գործոնների բացահայտումը, ինչպես նաև` անհրաժեշտության դեպքում անվտանգության առաջարկությունների մշակումը պատահարների կանխարգելման նպատակով.

23) ավիացիոն քննության գլխավոր պատասխանատու (investigator-in-charge)` անձ, որին իր որակավորումների հիման վրա հանձնարարված են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև դրանց ընթացքի նկատմամբ վերահսկողությունը. սույն սահմանումը նպատակ չունի տվյալ գործառույթները վերագրելու հանձնաժողովին կամ այլ մարմնին.

24) պատճառներ` գործողություն, անգործություն, հանգամանքներ, պայմաններ կամ դրանց զուգակցություն, որոնք հանգեցրել են պատահարի կամ միջադեպի: Պատճառների բացահայտումը չի ենթադրում մեղքի որոշում կամ վարչական, քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության որոշում.

25) նպաստող գործոններ` գործողություններ, բացթողումներ, իրադարձություններ, պայմաններ կամ դրանց համակցությունը, որոնք վերացնելու, դրանցից խուսափելու կամ բացակայելու դեպքում կնվազեցնեին ավիացիոն պատահարի կամ միջադեպի հավանականությունը կամ կմեղմացնեին ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետևանքների ծանրությունը: Նպաստող գործոնների բացահայտումը չի ենթադրում մեղքի որոշում կամ վարչական, քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության որոշում.

26) անվտանգության առաջարկություն` պատահարների կամ միջադեպերի կանխման նպատակով քննության ժամանակ ստացված տեղեկատվության հիման վրա պատահարներ քննող մարմնի կողմից առաջարկ, որը ոչ մի հանգամանքում նպատակ չունի որոշելու մեղքը կամ պատասխանատվությունն ավիացիոն պատահարի, լուրջ միջադեպի կամ միջադեպի համար: Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության արդյունքներից բխող թռիչքների անվտանգության ապահովման միջոցառումներից բացի` թռիչքների անվտանգության ապահովման միջոցառումները կարող են առաջանալ տարբեր աղբյուրներից` ներառյալ թռիչքների անվտանգության ապահովման հետազոտումներից.

27) համաշխարհային մտահոգություն առաջացնող անվտանգության առաջարկություն` անվտանգության առաջարկություն` կապված կրկնվելու հավանականություն ունեցող համակարգային անբավարարության հետ, որն ունի համաշխարհային մակարդակում զգալի հետևանքներ և պահանջում է անհապաղ գործողություններ անվտանգության բարելավման նպատակով: ԻԿԱՕ դոկ 9756 փաստաթղթի IV մասում ներկայացված են այն չափանիշները, որոնց հիման վրա տվյալ առաջարկությունը պետք է դասակարգել որպես համաշխարհային մտահոգություն առաջացնող անվտանգության առաջարկություն.

28) օդանավային ինքնագիր` պատահարի կամ միջադեպի քննության վարման համար օդանավում տեղադրված ցանկացած ինքնագիր սարք, որը տեղեկատու աղբյուր է.

29) ավտոմատ տեղակայվող օդանավային ինքնագիր` ինքնաթիռի վրա տեղադրված համակցված օդանավային ինքնագիր/թռիչքային ձայնագրիչ, որն ունակ է ավտոմատ կերպով տեղակայվելու օդանավից: Օդանավային ինքնագրերին վերաբերող բնութագրերը ներկայացված են Կոնվենցիայի «Օդանավի շահագործում» N 6 հավելվածում (այսուհետ` Կոնվենցիայի N 6 հավելված):

30) առավելագույն զանգված` առավելագույն սերտիֆիկացված թռիչքային զանգված.

31) նախնական հաշվետվություն` հաղորդում, որն օգտագործվում է քննության սկզբնական փուլերում ստացված տեղեկությունների անհապաղ հաղորդման համար.

32) միջազգային ստանդարտներ և առաջարկվող գործելաձևեր` պատահարների և միջադեպերի քննության միջազգային ստանդարտներ և առաջարկվող գործելաձևեր, որոնք ընդունվել են Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան.

33) ներգրավված անձ` նշանակում է յուրաքանչյուր անձ, որն առնչվում է պատահարի կամ լուրջ միջադեպի հետ և ներառում է`

ա. օդանավի սեփականատիրոջը, անձնակազմի անդամներին, շահագործողին,

բ. անձանց, որոնք ներգրավված են օդանավի սպասարկման, նախագծման, արտադրության կամ նրա անձնակազմի վերապատրաստման մեջ,

գ. անձանց, որոնք ներգրավված են օդային երթևեկության հսկողության, թռիչքի մասին տեղեկատվության կամ աերոդրոմային ծառայությունների մատուցման գործընթացներին կամ մատուցել են ծառայություններ օդանավի համար,

դ. Կոմիտեի անձնակազմին.

34) մերձավոր ազգական` անկախ համատեղ բնակության հանգամանքից` ամուսինը, նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում` խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (այդ թվում` որդեգրված, խորթ, հոգեզավակ), եղբայրը, քույրը (այդ թվում` խորթ), պապը, տատը, թոռը, որդեգրող ծնողի կամ խնամատար ծնողի ամուսինը կամ նախկին ամուսինը, ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողը, ինչպես նաև ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողի համար` փեսան կամ հարսը: Ամուսին կամ նախկին ամուսին է համարվում նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կամ գտնված անձը.

35) թռիչքների անվտանգության պետական ծրագիր. թռիչքների անվտանգության բարելավմանը նպատակաուղղված կանոնակարգերի և գործողությունների ինտեգրված փաստաթուղթ.

36) պայմանավորվող պետություն` այն պետությունը, որն անդամակցում է ԻԿԱՕ-ին.

37) ոչ պայմանավորվող պետություն` այն պետությունը, որը չի անդամակցում ԻԿԱՕ-ին.

38) ԱԴՌԵՓ (ADREP) համակարգ` պատահարների/միջադեպերի տվյալների զեկուցում (Accident/Incident Data Reporting):

8. Սույն կարգում կիրառվող իրադարձության վայրի պետություն, նախագծող պետություն, գրանցման պետություն, շահագործող պետություն, արտադրող պետություն հասկացությունները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության վրա, եթե վերջինս հանդիսանում է այդպիսի պետություն:

9. Սույն կարգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի (անկախ միջադեպի կամ պատահարի վայրից) և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարների և լուրջ միջադեպերի դեպքում իրադարձության վայրի պետությանն առնչվող գործընթացներն իրականացվում են պատահարներ քննող մարմնի` Նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի կողմից, իսկ միջադեպերի դեպքում` Կոմիտեի կողմից:

10. Պատահարի, լուրջ միջադեպի կամ միջադեպի քննության միակ նպատակը պատահարի, լուրջ միջադեպի կամ միջադեպի պատճառների որոշումն ու հետագայում դրանց կանխարգելման ուղղությամբ միջոցների ձեռնարկումն է:

11. Պատահարի, լուրջ միջադեպի կամ միջադեպի քննությունը նպատակ չունի ճանաչելու մեղավորներին և որոշելու նրանց պատասխանատվության աստիճանը:

12. Պատահարի կապակցությամբ անձի մեղքի կամ պատասխանատվության չափի որոշմանն ուղղված ցանկացած մինչդատական, դատական կամ վարչական վարույթ կատարվում է սույն կարգին համապատասխան իրականացվող քննությունից առանձին` Կոնվենցիայի N 13 հավելվածի և ԵՄ 996/2010 կանոնակարգի համաձայն:

13. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած պատահարը կամ լուրջ միջադեպը ենթակա է պարտադիր քննման` սույն կարգին համապատասխան:

14. Քննության ծավալները որոշվում են պատահարներ քննող մարմնի կողմից` կախված փորձառությունից, որը ակնկալվում է ձեռք բերել քննությունից` թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով:

15. Պատահարներ քննող մարմինը, բացի պատահարներից և լուրջ միջադեպերից, կարող է որոշել քննել նաև քաղաքացիական օդանավի հետ առնչվող այլ միջադեպեր, ինչպես նաև այլ տեսակի օդանավերի հետ տեղի ունեցած պատահարներ կամ լուրջ միջադեպեր` անվտանգության փորձառություն ձեռք բերելու համար:

16. Երկու կամ մի քանի օդանավերի ընդհարումը (վտանգավոր մոտեցումը) քննվում է որպես մեկ իրադարձություն, իսկ դասակարգվում և հաշվառվում է յուրաքանչյուր օդանավի համար` հետևանքներին համապատասխան: Քննության արդյունքներով ձևակերպվում են մեկ ընդհանուր վերջնական հաշվետվություն և տեղեկատվական հաշվետվություններ` յուրաքանչյուր օդանավի համար:

17. Պատահարներ քննող մարմինը կարող է չսկսել քննություն անօդաչու ավիացիոն համակարգերի պատահարների կամ լուրջ միջադեպերի նկատմամբ, որոնք չունեն հավաստագիր կամ հայտարարագիր, ինչպես նաև 2250 կգ և դրանից նվազագույն զանգվածով օդանավավարվող օդանավի պատահարի կամ լուրջ միջադեպի դեպքում` բացառությամբ, եթե գրանցվել են լուրջ մարմնական կամ մահացու վնասվածքներ:

18. Կոնվենցիայի N 13 հավելվածին և ԵՄ 996/2010 կանոնակարգին համապատասխան` պատահարներ քննող մարմնին, քննության նպատակով ստեղծված հանձնաժողովին, ինչպես նաև ավիացիոն քննության գլխավոր պատասխանատուին (investigator-in-charge), ավիացիոն քննություն իրականացնողներին (investigator) տրվում են քննության վարման անկախություն, օրենքով և սույն կարգով սահմանված լիազորությունների անսահմանափակ իրականացում քննության բոլոր փուլերում:

19. Պատահարներ քննող մարմինն անկախ է քաղաքացիական ավիացիայի պետական մարմիններից, որոնք պատասխանատու են թռիչքային պիտանիության, հավաստագրման, թռիչքային գործունեության, սպասարկման, լիցենզավորման, օդային երթևեկության վերահսկման կամ օդանավակայանի շահագործման համար և ընդհանրապես ցանկացած այլ մարմնից, որի շահերը կարող են հակասել քննության աշխատանքներն իրականացնելու ունակությանը, առանց այլ կազմակերպությունների միջամտության կամ ազդեցության:

20. Պատահարներ քննող մարմինը և քննության նպատակով ստեղծված հանձնաժողովը քննության ընթացքում որևէ այլ մարմնից չեն ստանում ցուցումներ և չեն ղեկավարվում ստացած ցուցումներով և ունեն անսահմանափակ իրավասություն քննության անցկացման նկատմամբ:

21. Պատահարներ քննող մարմնին վստահված գործունեությունը կարող է նաև ներառել ավիացիոն ոլորտում անվտանգության տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը, մասնավորապես, պատահարների կանխարգելման նպատակով, այնքանով, որքանով այդ գործողությունները չեն ազդում նրա անկախության վրա և պատասխանատվություն չեն կրում կարգավորող, վարչական կամ ստանդարտներին առնչվող հարցերում:

22. Նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի ղեկավարը պետք է ունենա քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ոլորտում իր պարտականությունները սույն կարգին և օրենսդրությանը համապատասխան կատարելու փորձ և կոմպետենցիա:

23. Պատահարներ քննող մարմինը պետք է ունենա առնվազն մեկ առկա ավիացիոն քննություն իրականացնող (investigator), որը կարող է կատարել ավիացիոն քննության գլխավոր պատասխանատուի (investigator-in-charge) գործառույթը խոշոր պատահարի դեպքում, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ավիացիոն քննություն իրականացնողներ (investigator) կարող են ներգրավվել այլ պետություններից կամ ավիացիոն պատահարների քննություն իրականացնող տարածաշրջանային կազմակերպություններից` երկկողմ համաձայնությամբ:

24. Պատահարներ քննող մարմինը պետք է ունենա որակավորված անձնակազմ և համապատասխան հարմարություններ` ներառյալ գրասենյակներ ու անգարներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու օդանավի, դրա մասերի կամ բեկորների պահեստավորումն ու փորձաքննությունը:

25. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Նախարարությանը հատկացնում է ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ են պատահարներ քննող մարմնի` Նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի կողմից ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացման պարտականություններն ինքնուրույն կատարելու համար, ինչպես նաև վերապատրաստումների միջոցով որակավորումներ ձեռք բերելու և որակավորումները պահպանելու համար:

 

2. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ, ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

26. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի կամ լուրջ միջադեպի դեպքում քննությունն անհապաղ կազմակերպում և վարում է պատահարներ քննող մարմինը` Նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը կամ վերջինիս կողմից նշանակված հանձնաժողովը` Կոնվենցիայի N 13 հավելվածին համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետությունների և անհրաժեշտության դեպքում Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնակցությամբ, միջկառավարական համաձայնագրին համապատասխան` ղեկավարվելով սույն կարգով:

27. Անօդաչու ավիացիոն համակարգերի նկատմամբ քննության անցկացման դեպքում ուսումնասիրվում են միայն այն օդանավերը, որոնք սերտիֆիկացված են Կոնվենցիայի «Օդանավի թռիչքային պիտանիություն» N 8 հավելվածի համաձայն կամ շահագործվում են Կոնվենցիայի N 6 հավելվածի համաձայն:

28. Հայաստանի Հանրապետության օդանավերի և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների օդանավերի հետ տեղի ունեցած միջադեպերի քննությունը կազմակերպում և վարում է Կոմիտեն` համաձայն «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի:

29. Համաձայն Կոնվենցիայի N 13 հավելվածի` իրադարձության վայրի պետությունը կարող է մասնակիորեն կամ լիովին պատահարի կամ լուրջ միջադեպի քննություն անցկացնելու իրավունքը փոխանցել այլ պետության կամ ավիացիոն պատահարների քննություն իրականացնող տարածաշրջանային կազմակերպությանը` երկկողմ համաձայնությամբ: Ցանկացած դեպքում իրադարձության վայրի պետությունը կիրառում է բոլոր միջոցները` այդպիսի քննությանն օժանդակելու նպատակով:

30. Լուրջ միջադեպերի դեպքում իրադարձության վայրի պետությունը կարող է ուսումնասիրել գրանցման պետությանը կամ շահագործող պետությանը քննության անցկացման լիազորությունների փոխանցման հարցը, մասնավորապես, այն դեպքերում, երբ քննության անցկացումը կարող է օգտակար կամ ավելի նպատակահարմար լինել այդ պետություններից որևէ մեկի համար:

31. Եթե պատահարը հանդիսացել է քաղաքացիական օդանավը պետական օդանավի հետ բախման հետևանք, ապա պատահարի քննության հանձնաժողովի կազմը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

32. Պատահարի և լուրջ միջադեպի քննության նպատակով հանձնաժողով նշանակելու լիազորված մարմինը նշանակում է հանձնաժողովի նախագահին, տեղակալին (տեղակալներին) և հանձնաժողովի այլ անդամներին:

33. Պատահարի և լուրջ միջադեպի քննության հանձնաժողովը վարում է քննությունը` ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքով և սույն կարգով: Իսկ քաղաքացիական օդանավի և պետական օդանավի հետ բախման հետևանքով տեղի ունեցած պատահարի դեպքում քննության հանձնաժողովը վարում է քննությունը` ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքով և սույն կարգով` ներգրավելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության համապատասխան ներկայացուցիչներին:

34. Պատահարի և լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված մասնագետները կարող են ընդգրկվել նրա աշխատանքային մարմինների (աշխատանքային խմբերի) կազմում կամ հանդես գալ որպես փորձագետներ:

35. Ավիացիոն պատահարի և լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի, դրա աշխատանքային մարմինների կազմում կամ որպես փորձագետներ աշխատելու համար կարող են ներգրավվել պատահարներ քննող մարմնի աշխատողները, քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծառայություն մատուցող կազմակերպությունների մասնագետները, շահագրգիռ պետական մարմինների լիազոր ներկայացուցիչները, գիտահետազոտական և նախագծային կազմակերպությունների, ավիացիոն տեխնիկա արտադրողների և շահագործողների, ավիացիոն օդերևութաբանական, բժշկական և այլ կազմակերպությունների մասնագետները:

36. Անհրաժեշտության դեպքում ավիացիոն պատահարի և լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի մեջ կարող են ներգրավվել նաև Կոմիտեի որակավորված մասնագետները:

37. Ավիացիոն պատահարի և լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի, դրա աշխատանքային մարմինների կազմում կամ որպես փորձագետներ ներգրավված մասնագետները քննության ընթացքում պատասխանատու են պատահարներ քննող մարմնի, հանձնաժողովի, ինչպես նաև ավիացիոն քննության գլխավոր պատասխանատուի (investigator-in-charge) առջև և ազատվում են ծառայողական պարտականություններից քննության ընթացքում:

38. Քննությանը մասնակցող մասնագետները պատահարի և լուրջ միջադեպի հետ չպետք է լինեն շահերի բախման մեջ: Քննության մասնագետները պարտավորվում են պահպանել քննության գործընթացի գաղտնիությունը:

39. Հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը (տեղակալները), հանձնաժողովի և աշխատանքային խմբերի անդամներն ու փորձագետները չեն կարող ներկայացնել ապահովագրական ընկերության շահերը:

40. Պատահարի և լուրջ միջադեպի քննությանը մասնակցող մասնագետները հանձնաժողովի ենթակայության տակ գտնվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է պատահարի և լուրջ միջադեպի քննության շահերից ելնելով աշխատանքներ կատարելու համար:

41. Իրավապահ մարմինների ներկայացուցիչները Կոնվենցիայով և օրենքներով նախատեսված դեպքերում պատահարի քննության հետ կապված իրենց աշխատանքների ընթացքում համագործակցում են հանձնաժողովի նախագահի հետ և կարող են ներկա գտնվել հանձնաժողովի նիստերին:

42. Պատահարի քննության հանձնաժողովի անդամները, ինչպես նաև քննությունում ներգրավված անձինք գործուղման վկայականը ներկայացնելիս օգտվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծառայություն մատուցող կազմակերպության, անկախ կազմակերպական-իրավական ձևից, օդանավերի ծառայողական տոմս ստանալու իրավունքներից` պատահարի վայր ավիացիոն քննություն իրականացնողներին (investigator) և հանձնաժողովի անդամներին տեղ հասցնելու մասին օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) N 788 բանաձևի հաշվառմամբ:

43. Պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները, զորամասերի հրամանատարությունը աջակցություն են ցուցաբերում հանձնաժողովին, այդ թվում` հանձնաժողովի տրամադրության տակ են փոխանցում անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկում պատահարի կամ լուրջ միջադեպի վայրի պահպանության ապահովման, պատահարի կամ լուրջ միջադեպի վայրում աշխատանքի համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Ելնելով քննության շահերից` ապահովում են ավիացիոն տեխնիկայի փոխադրումը և անհրաժեշտ աշխատանքների ու հետազոտությունների կատարումը:

44. Տարածքային կառավարման մարմինները քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներգրավմամբ հանձնաժողովի անդամների և քննության գործում ընդգրկված մասնագետների համար ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` պատահարի կամ լուրջ միջադեպի վայրում աշխատանքների կատարման համար` համաձայն ԻԿԱՕ դոկ 9756 փաստաթղթի:

45. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` քննության նպատակով պատահարի կամ լուրջ միջադեպի վայրում կատարվող աշխատանքները հավասարեցվում են արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքներին:

46. Պատահարի կամ լուրջ միջադեպի քննության աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

3. ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

47. Պատահարի և լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի նախագահը կազմակերպում, վարում և վերահսկում է քննության բոլոր փուլերը, համակարգում է քննության բոլոր մասնակիցների գործողությունները:

48. Քննության հիմնական մեթոդական և կազմակերպական հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հանձնաժողովի կողմից, ընդ որում` հանձնաժողովի նախագահն ունի վերջնական որոշման իրավունք: Ընդունված որոշմանը չհամաձայնելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի այդ մասին իր կարծիքն արտահայտելու գրավոր ձևով, ինչը կցվում է վերջնական հաշվետվությանը:

49. Պատահարի կամ լուրջ միջադեպի վայր ժամանելուն պես հանձնաժողովի նախագահն այդ մասին տեղեկացնում է տարածքային կառավարման մարմնի ղեկավարին, անցկացնում է կազմակերպական նիստ, որի ժամանակ հայտարարում է հանձնաժողով նշանակելու մասին որոշումը (հրամանը), լսում է պատահարի կամ լուրջ միջադեպի հանգամանքների և կատարված աշխատանքների վերաբերյալ նախնական գործողություններ իրականացրած պաշտոնատար անձանց, ստեղծում է հանձնաժողովի աշխատանքային խմբեր, որոշում է քննության սկզբնական փուլում աշխատանքների հիմնական ուղղությունները, տալիս է անհրաժեշտ օպերատիվ ցուցումներ:

50. Պատահարի և լուրջ միջադեպի քննության հետ կապված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի ցուցումները պարտադիր են կատարման` քննության և հանձնաժողովի աշխատանքի ապահովման հետ կապված բոլոր անձանց կողմից:

51. Հանձնաժողովում կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր` ըստ հիմնական ուղղությունների (թռիչքային, ինժեներատեխնիկական, վարչական): Թռիչքային խմբի մեջ կարող են ներառվել թռիչքային գործունեությանը, օդանավի արդյունավետությանը (aircraft performance), բժշկական կամ մարդկային գործոններին, պատահարի վկաներին, օդանավային ինքնագրերին, օդերևութաբանությանը, օդային երթևեկության ծառայություններին, օդանավակայանին, որոնողական և վթարափրկարարական աշխատանքներին, օդանավի խցիկի անվտանգությանն առնչվող խմբերը: Իսկ ինժեներատեխնիկական խմբի մեջ կարող են ներառվել տեխնիկական սպասարկմանը, տեխնիկական գրառումներին, օդանավի համակարգերին, կառուցվածքներին, շարժիչներին, պատահարի վայրի ուսումնասիրությանը, լուսանկարահանմանը և տեսանկարահանմանն առնչվող խմբերը:

52. Կախված պատահարի և լուրջ միջադեպի հանգամանքներից և քննությունն իրականացնելու համար հասանելի որակավորված անձնակազմի քանակից` որոշ խմբեր կարող են միավորվել կամ որոշ խմբեր կարող են ընդհանրապես չընդգրկվել հանձնաժողովի կազմի մեջ:

53. Պատահարի և լուրջ միջադեպի վայրի սխեմայի (տեղանքի) մոտավոր պլանի կազմման ու հարցման խմբերը հանձնաժողովի նախագահի որոշմամբ ներգրավվում են թռիչքային կամ ինժեներատեխնիկական աշխատանքային խմբերի կազմում, կամ աշխատում են ինքնուրույն` հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի ղեկավարությամբ:

54. Որոնողական և վթարափրկարարական աշխատանքների խումբն անմիջականորեն ենթարկվում է հանձնաժողովի նախագահին: Մարդկանց զոհվելու հետ չկապված դեպքերում նշված խումբը կարող է ներառվել վարչական աշխատանքային խմբի կազմում:

55. Քննությունում ներգրավված մասնագետներն ընդգրկվում են աշխատանքային խմբերի կազմում կամ իրենց մասնագիտացմանը համապատասխան հանդես են գալիս որպես առանձին հարցերի գծով փորձագետներ:

56. Պատահարի վայր քննությանը մասնակցող անձանց մուտքի թույլտվությունն իրականացվում է պատահարներ քննող մարմնի կամ հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ տրված գրությամբ:

57. Պատահարի քննության հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է ըստ պլանի, որի նախագիծը, մինչև հանձնաժողովի նախագահի կողմից հաստատվելը, քննարկվում է հանձնաժողովի նիստում: Պլանը պետք է նախատեսի հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքների, հետազոտությունների կատարման հաջորդականությունը, ինչպես նաև աշխատանքների կատարման ու դրանց ավարտման ժամկետների համար պատասխանատու անձանց` հիմնվելով ԻԿԱՕ դոկ 9756 փաստաթղթի II-րդ մասի վրա:

58. Աշխատանքային խմբերի կազմը, նրանց աշխատանքային պլանները հաստատում է հանձնաժողովի նախագահը:

59. Մինչև հանձնաժողովի աշխատանքի պլանի հաստատումը արգելվում է պատահարի վայրում կատարել որևէ աշխատանք` բացառությամբ արտաքին զննումից, հետքերի ֆիքսումից, որոնք կարող են անհետանալ (սառցակալում, մրեր և այլն, օդանավի շարժման հետքեր)` զոհվածների ու վիրավորների տարահանում, օդանավի ինքնագրերի դուրսբերում և շրջակա միջավայրի պահպանությանն ու բնակչության առողջությանը և անվտանգությանն ուղղված անհետաձգելի միջոցառումների իրականացում (անտառների ու այլ բուսականության հրդեհների մարում և այլն): Ինքնագրերի դուրսբերումը կարող է պահանջել օդանավի ֆյուզելյաժի կտրում, որը կբերի հետքերի վերացման, ուստի օդանավի ինքնագրերի դուրսբերումը պետք է իրականացնել օդանավի ընկնելու դիրքի ուղղությունն արձանագրելուց հետո:

60. Հանձնաժողովի և աշխատանքային խմբերի աշխատանքային պլանները սրբագրվում և լրացվում են քննության ընթացքում` ելնելով ստացված փաստացի տվյալներից:

61. Ավիացիոն տեխնիկայի օբյեկտների հետազոտումը (նրանց աշխատունակության ստուգումը) և հանձնաժողովի աշխատավայրում փորձերն անցկացվում են նախապես կազմված պլանների (ծրագրերի) համաձայն, որոնք ստորագրվում են քննությանը մասնակցող կողմերի ներկայացուցիչների կողմից, հաստատվում են հանձնաժողովի նախագահի կողմից և կցվում են քննության նյութերին:

62. Լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի նախագահը կարող է մինչև օդանավի շահագործողի, արդյունաբերության և նորոգման կազմակերպության ներկայացուցիչների ժամանումը թույլտվություն տալ չաշխատող ագրեգատի (մեքենամասի) փոխարինման և օդանավը` սահմանված կարգով գործարկելու այն դեպքում, երբ քննության ընթացքում անվիճելիորեն հաստատվել է, որ պատահարի պատճառ է հանդիսանում ավիացիոն տեխնիկայի փչանալը (անսարքությունը), որը կարող է վերացվել անսարք ագրեգատի (մեքենամասի) փոխարինմամբ:

63. Անսարք ագրեգատը (մեքենամասը) պահպանվում է անձեռնմխելի` մինչև քննությանը մասնակցող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների ժամանումը:

64. Անսարք ագրեգատները հետազոտության ուղարկելու դեպքում օդանավը գործարկելու թույլտվություն տալիս է լուրջ միջադեպի և միջադեպի քննության հանձնաժողովը: Հանձնաժողովի որոշումն արձանագրվում է:

65. Մինչև լուրջ միջադեպի և միջադեպի քննության ավարտը` հանձնաժողովի նախագահի որոշմամբ թույլատրվում է օդանավի տեղափոխումը բազային օդանավակայան:

66. Հանձնաժողովի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով, որոնցում արտացոլվում են քննարկվող հարցերը, ընդունված որոշումները, հանձնաժողովի նախագահի ցուցումները: Քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում արձանագրությունում արտահայտվում են կողմերի դիրքորոշումները: Արձանագրությունները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կողմից:

67. Անհրաժեշտության դեպքում կատարվում է հանձնաժողովի նիստի ձայնագրում, որի մասին արձանագրության մեջ արվում է համապատասխան նշում:

68. Հանձնաժողովի աշխատանքային խմբերի անդամների գործողությունները` ուղղված ապացուցողական նյութերի հավաքմանը (օդանավային և վերգետնյա ինքնագրերի և դրանց գրանցումների դուրսբերում, պահպանության հանձնում և այլն), ինչպես նաև կապված զոհվածների թաղմանը կամ դիակիզմանը, կատարվում են նախաքննություն անցկացնող իրավապահ մարմնի գիտությամբ, եթե այդպիսին անցկացվում է:

69. Օդանավի բոլոր տարրերը, դրա տեխնիկական փաստաթղթերը (այդ թվում` լաբորատոր փորձարկում անցած հանգույցների ու ագրեգատների մեքենամասերը և դրանց փաստաթղթերը) պահպանվում են մինչև հետաքննության կամ նախաքննության մարմնի կամ դատարանի կողմից դրանց ոչնչացման մասին որոշման ընդունումը:

70. Հատուկ գիտելիքներ պահանջող կոնկրետ խնդիրների լուծման համար աշխատանքային խմբերի կազմում գտնվող մասնագետներից բացի` քննության գործընթացում կարող են ընդգրկվել նաև փորձագետներ:

71. Հանձնաժողովի աշխատանքային պլանին համապատասխան` փորձագետը հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի նախագահից ստանում է լուծում պահանջող հարցերի ցանկով գրավոր առաջադրանք: Փորձագետն իր աշխատանքները կատարում է ինքնուրույն (կամ փորձագետների խմբի կազմում)` այն համաձայնեցնելով հանձնաժողովի աշխատանքային խմբի նախագահի հետ:

72. Աշխատանքի արդյունքները ձևակերպվում են փորձագետի (փորձագետների) եզրակացության տեսքով, որը քննարկվում է հանձնաժողովի (աշխատանքային խմբի) նիստում: Քննարկման ընթացքում փորձագետի առջև կարող են դրվել լրացուցիչ հարցեր, որոնց պատասխանները ձևակերպվում են փորձագիտական եզրակացության տեսքով:

73. Փորձագիտական եզրակացությունը քննարկվում է հանձնաժողովի (աշխատանքային խմբի) կողմից, ընդունվում է ի գիտություն և կցվում քննության նյութերին:

74. Աշխատանքային խմբերում կատարված աշխատանքների արդյունքները ձևակերպվում են հաշվետվություններով, որոնք քննարկվում են հանձնաժողովի (աշխատանքային խմբի) կողմից, ընդունվում են ի գիտություն և կցվում են քննության նյութերին:

75. Պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի հանրագումարային փաստաթղթեր են հանդիսանում պատահարի քննության վերջնական հաշվետվությունը և լուրջ միջադեպի քննության վերջնական հաշվետվությունը (այսուհետ` վերջնական հաշվետվություն), որը կազմվում է աշխատանքային խմբերի նյութերի, հետազոտությունների և փորձագիտության արդյունքների, ինչպես նաև հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող այլ տեղեկատվության հաշվառմամբ և ձևակերպվում է Կոնվենցիայի N 13 հավելվածին համապատասխան:

76. Միջադեպի քննության հանձնաժողովի հանրագումարային փաստաթղթեր են հանդիսանում միջադեպի քննության հաշվետվությունը, որը կարող է կազմվել` համաձայն Կոնվենցիայի N 13 հավելվածի:

 

4. ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԳՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

1. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԵԿ ԱՅԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ, ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐ

 

77. Իրադարձության վայրի պետության գործողությունների շրջանակները.

1) Հիմնականում պատահարի մասին առաջնահերթ տեղեկանում են պատահարից փրկվածները կամ վկաները: Փրկված անձնակազմի անդամներն իրականացնում են անհապաղ գործողություններ պատահարի դեպքում: Պատահարի վկաները կամ ավիացիոն պատահարից ողջ մնացած ուղևորները հնարավորության դեպքում պետք է տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը և փրկարար ծառայությանը, իսկ օդանավակայանի տարածքում լինելու դեպքում` նաև օդանավակայանի ղեկավարությանը: Պատահարի մասին տեղեկանալուց հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և օդանավակայանի ղեկավարությունը պատահարի մասին պետք է անհապաղ տեղեկացնեն պատահարներ քննող մարմնին (սխեմա 1-ը կցվում է):

2) Քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարները կամ թռիչքների անվտանգության ապահովման գծով պատասխանատուները պատահարի կամ լուրջ միջադեպի մասին տեղեկություն ստանալիս անմիջապես ահազանգում են «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կենտրոնական կարգավարական ծառայությանը, որն իր հերթին գործում է ահազանգի մասին սխեմային համապատասխան (սխեմա 1): Սույն դրույթը չի բացառում, որ ցանկացած ներգրավված անձ, որը տեղեկանում է պատահարի կամ լուրջ միջադեպի մասին, պետք է անհապաղ տեղեկացնի դրա մասին պատահարներ քննող մարմնին:

3) Պատահարի և լուրջ միջադեպի մասին ահազանգը ստանալուն պես Կոմիտեն տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացնում է պատահարներ քննող մարմնին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության դատախազությանը: Օտարերկրյա պետության օդանավի հետ տեղի ունեցած պատահարի մասին տեղեկությունը Կոմիտեն ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Պատահարի դեպքում, որի արդյունքում գրանցվել են լուրջ մարմնական կամ մահացու վնասվածքներ, Կոմիտեն պատահարի մասին տեղեկությունը ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4) Օտարերկրյա պետության տարածքում Հայաստանի Հանրապետության օդանավի հետ տեղի ունեցած պատահարի կամ լուրջ միջադեպի մասին սկզբնական հաղորդումը, որպես կանոն, իրադարձության վայրի պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից հաղորդվում է պատահարներ քննող մարմնին, որն իր հերթին տեղեկացնում է Կոմիտեին և Հայաստանի Հանրապետության դատախազությանը:

5) Ավիացիոն պատահարների, լուրջ միջադեպերի և միջադեպերի քննության նպատակով հանձնաժողովի ձևավորման և կազմավորման համար Կոմիտեի կողմից կազմվում է պատահարի, լուրջ միջադեպի և միջադեպի վերաբերյալ հաղորդագիր (notification)` հիմնված քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից տրված տեղեկատվության վրա:

6) Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության նպատակով հանձնաժողովի ձևավորման և կազմավորման համար Կոմիտեի կողմից կազմված պատահարի և լուրջ միջադեպի վերաբերյալ հաղորդագիրը (notification) ուղարկվում է պատահարներ քննող մարմնին, որի լիազորությունների մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին պատահարի և լուրջ միջադեպի վերաբերյալ հաղորդագիրը (notification) փոխանցելը:

7) Այն դեպքում, երբ պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու իրավունքը փոխանցվում է այլ պետության կամ ավիացիոն պատահարների քննություն իրականացնող տարածաշրջանային կազմակերպությանը` երկկողմ համաձայնությամբ, պատահարներ քննող մարմինը վերջինիս է փոխանցում պատահարի և լուրջ միջադեպի վերաբերյալ հաղորդագիրը (notification):

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2025
N 933-Ն
Որոշում