(ուժը կորցրել է 19.11.15 թիվ 1339-Ն որոշում)
i
040.1161.010904
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2004 թվականի N 1161-Ն
i
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քանակական սահմանափակումների և սակագնային քվոտաների կիրառման դեպքում ներմուծման թույլտվությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ քանակական սահմանափակումները և սակագնային քվոտաները հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում են մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 22-ի
N 1161-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման նկատմամբ քանակական սահմանափակումների և սակագնային քվոտաների կիրառման դեպքում ներմուծման թույլտվությունների (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության կողմից, ներքին շուկայի պաշտպանական միջոցառում հանդիսացող` ապրանքների ներմուծման նկատմամբ քանակական սահմանափակումների (այսուհետ` քանակական սահմանափակումներ) կիրառման դեպքում` ներմուծող տնտեսավարող սուբյեկտը (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) իրավունք ունի տվյալ ապրանքը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելու «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` միայն N 1 ձևի համաձայն ստացված թույլտվության առկայության դեպքում և դրանում նշված քանակի սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության կողմից` ներքին շուկայի պաշտպանական միջոցառում հանդիսացող` ներմուծվող ապրանքի նկատմամբ սակագնային քվոտայի (այսուհետ` սակագնային քվոտա) կիրառման դեպքում տնտեսավարող սուբյեկտը կարող է ապրանքը գործող մաքսատուրքի դրույքաչափով ներմուծել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` միայն թույլտվության մեջ նշված քանակով:
4. Դիմումներ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտները` համաձայն N 2 ձևի:
II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
5. Դիմողը թույլտվություն ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում (N 2 ձև),
բ) ապրանքի ներմուծման պայմանագրի պատճենը,
գ) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկանք` տրված հարկային մարմինների կողմից,
դ) ապրանքի ներմուծման ժամանակացույցը և չափաքանակները,
ե) տեղեկանք նախորդ տարի իր կողմից իրականացված ներմուծման մասին,
զ) ներմուծվող ապրանքի հնարավորինս մանրամասն նկարագրությունը:
6. Ներկայացված բոլոր փաստաթղթերի պատճենները կնքվում և ստորագրվում են դիմողի կողմից:
7. Ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում է դիմողը:
III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Լիազոր մարմինն ստուգում է ներկայացված փաստաթղթերը և դրանցում թերությունների առկայության դեպքում երկօրյա ժամկետում դրանք վերադարձնում է դիմողին` թերությունները վերացնելու կամ ուղղելու համար:
9. Թույլտվության ձևակերպման ընթացքում ստուգվում է փաստաթղթերում ներկայացված տվյալների հավաստիությունը:
10. Ներմուծողը լիազոր մարմին է ներկայացնում սույն կարգով նախատեսված տեղեկանքները:
11. Լիազոր մարմինը փաստաթղթերն ընդունելուց հետո 15 օրվա ընթացքում ընդունում է որոշում թույլտվությունը տրամադրելու կամ մերժելու մասին:
12. Լիազոր մարմինը թույլտվության ստացումը մերժելու մասին որոշումն ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնում է դիմողին` նշելով հիմնավորումը:
13. Լիազոր մարմնի կողմից թույլտվության ստացումը մերժելու հիմք կարող է հանդիսանալ միայն կեղծ փաստաթղթերի տրամադրումը կամ սակագնային քվոտայի բացակայությունը:
14. Չի թույլատրվում թույլտվության վերաձևակերպում` այլ անձի անունով:
15. Լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը պահպանվում են 3 տարի ժամկետով:
16. Լիազոր մարմինը թույլտվությունը լրացնում է 3 օրինակից, որոնցից երկուսը տրվում է դիմողին, իսկ մեկը մնում է լիազոր մարմնի մոտ:
17. Ներմուծողը թույլտվության մեկ օրինակը, մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը, տալիս է այն մաքսատուն, որտեղ պետք է իրականացվի մաքսային ձևակերպումը:
18. Թույլտվությունը տրվում է դիմողի իրավասու ներկայացուցչին, որը դա ստանալիս ստորագրում է թույլտվությունների գրանցամատյանում: Նշված գրանցամատյանը վարում է լիազոր մարմինը, որտեղ նշվում է թույլտվությունների տրամադրման մասին հետևյալ տեղեկատվությունը`
ա) ներմուծողի անվանումը (անունը, ազգանունը),
բ) ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկ),
գ) ապրանքի արտահանման երկիրը,
դ) դիմողի գտնվելու (բնակության) վայրը:
IV. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
19. Թույլտվության կորստի դեպքում դիմողը պարտավոր է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տպագրել հայտարարություն:
20. Լիազոր մարմինը, դիմողի գրավոր դիմումի, կորցված թույլտվությունն օգտագործված չլինելու մասին մաքսային մարմինների տրամադրած տեղեկանքի և տպագրված հայտարարության հիման վրա, ներմուծողին է տրամադրում թույլտվություն` վրան նշելով «Կրկնօրինակ» բառը: Թույլտվության կրկնօրինակ տրամադրելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին տեղյակ է պահում մաքսային մարմիններին` թույլտվության կրկնօրինակ տրամադրելու օրվա կամ դրա հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:
V. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
21. Քանակական սահմանափակումները հաստատվում են տվյալ ապրանքի` նախորդ 3 տարվա ընթացքում ներմուծված քանակների միջին թվաբանականի չափով:
22. Եթե ապրանքը ներմուծվել է մեկից ավելի արտահանման երկրներից, ապա քանակական սահմանափակման չափը համամասնորեն բաշխվում է այդ երկրների միջև:
23. Ներմուծման մտադրություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները լիազոր մարմին են ներկայացնում իրենց ներմուծման մասին հայտերը, որոնցում նշված ներմուծվելիք ապրանքի քանակը չպետք է գերազանցի նախորդ տարվա ընթացքում իրենց կողմից ներմուծված ապրանքի քանակը:
24. Լիազոր մարմինը ներմուծման մասին հայտերը քննարկում է ըստ դրանց ստացման հերթականության:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սակագնային քվոտաների 75 տոկոսը բաշխվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի սկզբից առնվազն մեկ ամիս առաջ դիմում ներկայացրած և տվյալ տարում տվյալ ապրանքը ներմուծած դիմողների միջև` հաշվետու ժամանակաշրջանի նախորդ տարվա ընթացքում իրենց ներմուծած ապրանքի քանակներին համամասնորեն:
26. Սահմանված սակագնային քվոտաների 25 տոկոսը բաշխվում է հաշվետու ժամանակաշրջանի նախորդ տարվա ընթացքում ներմուծում չկատարած և մինչև հաշվետու ժամանակաշրջանի սկզբից առնվազն մեկ ամիս առաջ դիմում ներկայացրած դիմողների միջև: Սակագնային քվոտաները բաշխվում են ըստ դիմումների ստացման հերթականության:
27. Հաշվետու ժամանակաշրջանը քանակական սահմանափակումների կամ սակագնային քվոտաների կիրառման ժամանակահատվածն է:
VI. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
28. Թույլտվության մեջ փոփոխությունները, որոնք վերաբերում են ներմուծողի անվանմանը, քվոտաներին, ներմուծման ժամկետներին, կատարվում են լիազոր մարմնի կողմից, ներմուծողի համապատասխան դիմումի հիման վրա, ինչպես նաև` դիմողի կողմից ժամանակացույցի խախտման դեպքում:
29. Թույլտվության մեջ փոփոխություն կատարվելու դեպքում դիմողին տրվում է փոփոխված տվյալները պարունակող նոր N 1 ձև, որի վրա նշվում է «Փոփոխություն» բառը, և հղում է կատարվում թույլտվությանը:
30. Ժամանակացույցի` 2 ամսվանից ավելի խախտման, եթե առկա չեն անհաղթահարելի ուժի հանգամանքներ, կամ ապրանքի նախատեսված խմբաքանակի կեսից պակաս ներմուծման դեպքում լիազոր մարմինն իրավասու է պակասեցնելու ներմուծողին հատկացված քվոտան` համապատասխան փոփոխություն կատարելով թույլտվության մեջ:
VII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
31. Թույլտվությունը տրվում է մինչև 9 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան օրացուցային տարվա վերջը:
VIII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
32. Թույլտվությունը գործում է թույլտվության մեջ նշված ժամկետում:
IX. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
33. Լիազոր մարմինը կարող է ուժը կորցրած ճանաչել թույլտվությունը, եթե պարզվում է, որ այն ստացվել է ներկայացված կեղծ տվյալների հիման վրա:
34. Լիազոր մարմինը թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման մասին եռօրյա ժամկետում հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին և դիմողին: Որոշման պատճենը պահվում է լիազոր մարմնի մոտ:
X. ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
35. Թույլտվություն ստացած անձը պարտավոր է նշված ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել`
ա) տեղեկանք` Հայաստանի Հանրապետություն իր կողմից ներմուծված ապրանքի խմբաքանակի մասին: Այս տեղեկանքը, մաքսային մարմինների կողմից տրված մաքսային հայտարարագրի պատճենի հետ միասին, լիազոր մարմին է ներկայացվում ապրանքի ներմուծումից հետո 5-օրյա ժամկետում,
բ) տեղեկանք` թույլտվության ժամկետի ավարտից հետո ապրանքներ չներմուծելու պատճառների, իսկ ուշացման դեպքում` ապրանքների գտնվելու վայրի, ինչպես նաև ներմուծման ենթադրվող ժամկետների մասին: Այս տեղեկանքը լիազոր մարմին է ներկայացվում համապատասխան հանգամանքի վերացումից հետո 10 օրվա ընթացքում:
36. Թույլտվության ժամկետի ավարտից հետո իրեն հատկացված սակագնային քվոտայի կեսից պակաս ներմուծման դեպքում ներմուծողը հաջորդ տարի զրկվում է սակագնային քվոտայի հատկացումից:
XI. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ
37. Տնտեսավարող սուբյեկտն իր թույլտվության մեջ նշված ապրանքի քանակի կեսից ավելին ներմուծելուց հետո կարող է դիմել լիազոր մարմին` լրացուցիչ սակագնային քվոտա ստանալու համար:
38. Լրացուցիչ սակագնային քվոտայի թույլտվությունը հատկացվում է սույն կարգի համաձայն:
XII. ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
39. Լիազոր մարմնի աշխատողներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դիմողների կողմից տրամադրված` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հրապարակման կամ այլ նպատակներով օգտագործման համար:
XIII. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
40. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N 0000
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ
Ներմուծողի անվանումը (անունը, ազգանունը) _________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ներմուծողի գտնվելու (բնակության) վայրը ___________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ներմուծվող ապրանքի նկարագրությունը (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի, արտահանող երկիրը և այլն) __________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ներմուծվող ապրանքի թույլատրված քանակը ____________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ներմուծվող ապրանքի նվազագույն քանակը _____________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Գործողության ժամկետը` ____________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Երկարաձգվող ժամկետը` _____________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար ____________________________
(ստորագրությունը)
____________________________
(անունը, ազգանունը)
Տրված է` ___ ___________ 200 թ.
Ձև 2
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարար
Ներմուծողի անվանումը (անունը, ազգանունը) _________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Խնդրում եմ _______________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ներմուծողի գտնվելու (բնակության վայրը) ___________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ներմուծվող ապրանքի նկարագրությունը (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի, արտահանող երկիրը և այլն) __________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ներմուծվող ապրանքի քանակը ________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Գործողության ժամկետը` ____________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Երկարաձգվող ժամկետը` _____________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Դիմող` _____________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ ___________ 200 թ.