040.0122.220205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«22» փետրվարի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 փետրվարի 2005 թվականի N 122-Ն
 
i
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
բ) աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի փետրվարի 3-ի
N 122-Ն որոշման
 
Ձև
 
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
 
.________________________________________________________________________.
|NN |Գրառումը կատարելու       |Պայմանագրի|Պատվիրատուի  |Այն անձի         |
|ը/կ|ամսաթիվը, ամիսը, տարեթիվը|կնքման    |անվանումը կամ|անվանումը,       |
|   |_________________________|ամսաթիվը, |ազգանունը,   |գտնվելու վայրը և |
|   |4-8-րդ     |9-12-րդ      |ամիսը,    |անունը և     |գործունեության   |
|   |սյունակների|սյունակների  |տարեթիվը  |անձնագրի     |տեսակը, որտեղ    |
|   |համար      |համար        |և  համարը |սերիան ու    |իրականացվել է    |
|   |           |             |          |համարը       |ծառայությունը    |
|___|___________|_____________|__________|_____________|_________________|
| 1 |     2     |      3      |    4     |      5      |        6        |
|___|___________|_____________|__________|_____________|_________________|
|___|___________|_____________|__________|_____________|_________________|
|___|___________|_____________|__________|_____________|_________________|
.________________________________________________________________________.
.____ ___________________________________________________________________.
|NN | |Մատուցած   |Ծառայության         |Ծառայության մատուցմանը |Ծանոթա-  |
|ը/կ| |ծառայության|մատուցման ժամկետները|մասնակցած մասնագետների |գրություն|
|   | |տեսակը     |                    |թիվը                   |         |
|   | |           |____________________|_______________________|         |
|   | |           |ըստ       |փաստացի  |աուդիտորներ|այլ        |         |
|   | |           |պայմանագրի|         |           |մասնագետներ|         |
|___| |___________|__________|_________|___________|___________|_________|
| 1 | |     7     |    8     |    9    |     10    |     11    |    12   |
|___| |___________|__________|_________|___________|___________|_________|
|___| |___________|__________|_________|___________|___________|_________|
|___| |___________|__________|_________|___________|___________|_________|
.____ ___________________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի փետրվարի 3-ի
N 122-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
 
1. Աուդիտ իրականացնող անձը պարտավոր է վարել իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյան: Գրանցամատյանում գրանցման ենթակա են աուդիտ իրականացնող անձի կողմից կնքված աուդիտի, աուդիտին հարակից ծառայությունների (աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա) մատուցման, հաշվապահական հաշվառման ներդրման, վերականգնման և վարման, ֆինանսական հաշվետվությունների կազմման, ակտիվների և պարտավորությունների գնահատման (այսուհետ` ծառայության մատուցում) մասին պայմանագրերը:
2. Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով`
1-ին սյունակում նշվում է գրանցման հերթական համարը,
2-րդ սյունակում նշվում են 4-8-րդ սյունակներում գրառումներ կատարելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
3-րդ սյունակում նշվում են 9-12-րդ սյունակներում գրառումներ կատարելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
4-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և հերթական համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է 1-ից (աուդիտ իրականացնող անձի ցանկությամբ` 01-ից կամ 001-ից) և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար: Աուդիտ իրականացնող անձը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի հերթական յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-001, 01-Ծ, Ա-01-ՀԾ և այլն),
5-րդ սյունակում նշվում են ծառայության մատուցման համար պատվիրատու հանդիսացող իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և անձնագրի սերիան, համարը,
6-րդ սյունակում նշվում են այն անձի անվանումը, գտնվելու վայրը և գործունեության տեսակը, որի մոտ կատարվել են ծառայության մատուցման աշխատանքները: Գրառումը կատարվում է այն դեպքում, երբ 6-րդ սյունակում նշվող տվյալները տարբեր են 5-րդ սյունակում նշված տվյալներից,
7-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան` սույն կարգի 1-ին կետում նշված ծառայություններից մեկը կամ մի քանիսը,
8-րդ սյունակում նշվում է ծառայության մատուցման` պայմանագրով նախատեսված ժամկետը: Օրինակ` 12.08.03 թ.-25.08.03 թ., «անժամկետ» կամ այլ ժամկետ,
9-րդ սյունակում նշվում է ծառայության մատուցման փաստացի ժամկետը` ամսաթվերով,
10-րդ սյունակում նշվում է ծառայության մատուցմանը մասնակցած աուդիտորների թիվը,
11-րդ սյունակում նշվում է ծառայության մատուցմանը մասնակցած այլ մասնագետների թիվը,
12-րդ սյունակում նշվում են գրանցամատյանի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու, լրացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ, մասնավորապես, պայմանագրի պայմանները փոփոխվելու, պայմանագիրը դադարեցնելու կամ չեղյալ համարելու մասին և այլն: Կարող է նշում կատարվել նաև իրականացված աուդիտի պարտադիր կամ կամավոր լինելու, իրականացված աուդիտորական ծառայության արդյունքների (արտահայտված կարծիքի) վերաբերյալ:
3. Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի էջերը համարակալվում են, և գրանցամատյանը թելակարվում է: Գրանցամատյանն ստորագրվում և կնքվում է աուդիտ իրականացնող անձի կողմից, այնուհետև ներկայացվում հաստատման` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Գրանցամատյանը փակելու դեպքում գրանցամատյանի վերջին գրանցումից հետո կատարվում է հետևյալ գրառումը` «Սույն գրանցամատյանում գրանցված է թվով ... պայմանագիր, օգտագործված է ... էջ»: Գրառման առկայությունը հիմք է հանդիսանում սույն կարգի համաձայն նոր գրանցամատյան բացելու համար:
4. Գրանցամատյանի 1-ին, 2-րդ և 4-8-րդ սյունակներում գրառումները կատարվում են ոչ ուշ, քան պայմանագրի կնքման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, իսկ 3-րդ և 9-12-րդ սյունակներում` ոչ ուշ, քան ծառայության մատուցման փաստացի կատարումը հաստատող փաստաթղթի, իսկ միջանկյալ փուլերով մատուցվող ծառայության դեպքում` վերջին փուլի կատարումը (ավարտը) հաստատող փաստաթղթի կնքման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:
5. Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանում գրառումները պետք է կատարվեն հստակ, ընթեռնելի ձեռագրով: Գրառումներում կատարվող ուղղումը հաստատվում է գրանցամատյանն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ` նշելով ուղղման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:
6. Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանը` սույն կարգի կետով սահմանված կարգով փակելուց հետո պահպանվում է 5 տարի ժամկետով, որից հետո այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է արխիվ: