050.0165.270709
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «27»        07            2009 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009255
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 հունիսի 2009 թվականի թիվ 165-Ն
 
i
«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02-Ը» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը կանոնակարգ 8/02-ը»` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ին:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2-ի
թիվ 165-Ն որոշման
 
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02 ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
 
| ԳԼՈՒԽ 1. | 
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ | 
 
1. Սույն կանոնակարգը սահմանում է «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից բանկային ավանդների (այսուհետ` ավանդ) ներգրավման վերաբերյալ իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդում, հայտարարությունում, առաջարկում, օֆերտայում կամ օֆերտա անելու հրավերում, տեղեկատվական ամփոփագրում ներառման ենթակա տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը:
 
| ԳԼՈՒԽ 2. | 
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 
 
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) «Ավանդ»` բանկային ավանդ կամ բանկային հաշվում առկա դրամական միջոցներ:
2) «Բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից բանկային գործունեության լիցենզիա ստացած բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ:
3) «Տարեկան պարզ տոկոսադրույք»` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:
4) «APY - Էյ-Փի-ՈՒայ» (այսուհետ` APY)` տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
5) «Կապիտալացում»` ավանդի դիմաց գոյացած տոկոսագումարների վճարումներ: Տոկոսագումարների վճարումները ավանդի գումարին տոկոսագումարների ուղղակի մուտքագրումն է կամ ավանդատուին տոկոսագումարների ուղղակի վճարումները: Որքան հաճախակի լինի տոկոսագումարների կապիտալացումը, այնքան բարձր կլինի տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
6) «Դրամական հոսքեր»` ավանդատեսակի գծով բանկի և ավանդատուի կողմից միմյանց կատարվող վճարները (ավանդի գումարը, տոկոսագումարները և պարտադիր վճարները)` հաշվի առնելով սույն կանոնակարգի 4-րդ կետով նշված սկզբունքները:
7) «Պարտադիր վճարներ»` բոլոր այն վճարները, որոնք ավանդատուն պարտավոր է կատարել բանկին տվյալ ավանդատեսակի գծով մինչև ավանդային պայմանագիր կնքելը և այդ պայմանագրի գործողության ընթացքում (օրինակ` հաշվի բացման, հաշվի սպասարկման կամ կանխիկացման վճար)` բացառությամբ հարկերի և այն վճարների, որոնք պարտադիր չեն տվյալ ավանդատեսակի համար:
8) «Ավանդատեսակ»` այն բոլոր ավանդները, որոնք էապես նույն բնույթն ունեն:
 
| ԳԼՈՒԽ 3. | 
ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ | 
 
3. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման համար գործում են հետևյալ ընդհանուր սկզբունքները`
1) Այն դեպքերում, երբ տվյալ ավանդատեսակի գծով առկա են պարտադիր վճարներ, ապա պարտադիր վճարները պետք է մասնակցեն տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկին:
2) Բոլոր ավանդատեսակների համար կարող է կիրառվել սույն կանոնակարգի 4-րդ գլխի բանաձևը (այսուհետ` թիվ 1 բանաձև):
3) Այն դեպքերում, երբ ավանդատեսակի դիմաց տոկոսագումարների կապիտալացումները ունեն կանոնավոր հաճախականություն (հստակ սահմանված պարբերականություն) և իրականացվում են սահմանված պարբերականությամբ որոշվող ժամանակահատվածների վերջում, ինչպես նաև չկան ավանդային հաշվի բացման կամ վարման համար բանկին կատարվող պարտադիր վճարներ, կարելի է կիրառել սույն կանոնակարգի 5-րդ գլխի բանաձևը (այսուհետ` թիվ 2 բանաձև):
4) Այն դեպքերում, երբ ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաշվարկվում է թիվ 2 բանաձևով և ավանդատեսակով նախատեսված ժամկետը մեկ տարուց ավելի է, տարեկան տոկոսային եկամտաբերությունը ստացվում է միջին երկրաչափական հաշվարկների հիման վրա:
5) Մեկ տարին դիտարկվում է որպես 365 օր:
6) Սույն կանոնակարգի համաձայն հաշվարկված ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերությունը կլորացվում է առնվազն մինչև մեկ հարյուրերորդականը և բազմապատկվում 100-ով` տոկոսային մեծություն ստանալու համար:
4. Տոկոսագումարների ոչ կանոնավոր կապիտալացման դեպքում ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման ժամանակ գործում են հետևյալ սկզբունքները`
1) տվյալ ավանդատեսակի գծով ավանդի չափ սահմանված չլինելու դեպքում` տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման համար որպես ավանդի չափ ընդունվում է հարյուր հազար դրամը,
2) տվյալ ավանդատեսակի գծով ավանդի չնվազող մնացորդի կամ նվազագույն գումարի չափ սահմանված լինելու և ավանդի առավելագույն գումարի չափ սահմանված չլինելու դեպքում` տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկին մասնակցում է այդ չնվազող մնացորդի կամ նվազագույն գումարի չափը,
3) այն դեպքերում, երբ տվյալ ավանդատեսակի գծով սահմանվում է ավանդի նվազագույն և առավելագույն չափերի միջակայք, ապա տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկին մասնակցում է այդ նվազագույն և առավելագույն թվերի միջին թվաբանականը,
4) այն դեպքերում, երբ տվյալ ավանդատեսակի գծով սահմանվում է ավանդի գումարի ավելացման (նվազեցման) հնարավորություն, սակայն չի սահմանվում ավանդի գումարի ավելացման (նվազեցման) չափ, ապա ենթադրվում է, որ ավանդի գումարը մնալու է անփոփոխ մինչև տվյալ ավանդատեսակով նախատեսված ժամկետի գործողության ավարտը,
5) այն դեպքերում, երբ տվյալ ավանդատեսակի գծով նախատեսվում է ավանդի գումարի փոփոխության հնարավորություն, և փոփոխություն կատարելու ժամկետը որոշվում է ոչ թե կոնկրետ ամսաթվով, այլ որոշակի ժամանակահատվածով, ապա ենթադրվում է, որ փոփոխություն կատարելու օրն այդ ժամանակահատվածի վերջին օրն է,
6) այն դեպքերում, երբ տվյալ ավանդատեսակի գծով նախատեսվում է ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքի փոփոխության հնարավորություն, սակայն փոփոխության չափը սահմանված չէ, ենթադրվում է, որ ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը մնալու է անփոփոխ մինչև տվյալ ավանդատեսակով նախատեսված ժամկետի գործողության ավարտը,
7) այն դեպքերում, երբ տվյալ ավանդատեսակի գծով տարեկան պարզ տոկոսադրույքը սահմանված է որևէ ժամանակահատվածի համար, իսկ մնացած ժամանակահատվածի ընթացքում կարող է փոփոխվել, ապա տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկին մասնակցում են թե՛ տվյալ ժամանակահատվածի համար սահմանված տոկոսադրույքը և թե՛ փոփոխվողը, ընդ որում որպես փոփոխվող տոկոսադրույք վերցվում է տվյալ պահին գործող փոփոխվող տոկոսադրույքը,
8) տվյալ ավանդատեսակի գծով ավանդի գործողության ժամկետ սահմանված չլինելու դեպքում` որպես ավանդի գործողության ժամկետ ընդունվում է մեկ տարին:
 
| ԳԼՈՒԽ 4. | 
ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ | 
 
5. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաշվարկվում է` ելնելով հետևյալ բանաձևից`
 
          N      Kn
A = Sum _______________
         n=1  (1+APY) Dn/365     (1)
 
որտեղ`
1) A - ավանդի սկզբնական գումարն է:
2) n - ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարն է:
3) N - ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված:
4) Kn - ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքեր:
5) Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական` n-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0:
6. Սույն կանոնակարգի 7-9-րդ կետերում ներկայացվում են տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման օրինակներ թիվ 1 բանաձևով:
7. Օրինակ 1` «Ժամկետային ավանդ` ավանդի ներդրման պահին տոկոսագումարների վճարմամբ».
1) Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով`
ա. Ավանդի չափ` 100 000 դրամ
բ. Ավանդի գործողության ժամկետ` 1 տարի (365 օր)
գ. Տարեկան պարզ տոկոսադրույք` 7%
դ. Տոկոսագումարների վճարումները` ավանդի ներդրման պահին
 
.____________________________________________________________________.
|Ավանդի դիմաց|Ավանդի ներդրման|Վճարվող        |Ներդրված  |Ավանդի դիմաց|
|դրամական    |օրից մինչև     |տոկոսագումարներ|ավանդի    |հերթական    |
|հոսքերի     |հերթական       |               |գումարի   |ընդհանուր   |
|հերթական    |տոկոսագումարի  |               |վճարումներ|վճար` Kn    |
|համարը` n   |վճարումն ընկած |               |          |            |
|            |օրերի թիվը` Dn |               |          |            |
|____________|_______________|_______________|__________|____________|
|     1      |      0        |    7000       |          |    7000    |
|____________|_______________|_______________|__________|____________|
|     2      |     365       |               | 100 000  |  100 000   |
|____________|_______________|_______________|__________|____________|
|Ընդամենը    |               |    7000       | 100 000  |  107 000   |
.____________________________________________________________________.
 
2) Ելնելով վերոնշյալ օրինակի պայմաններից` կստանանք ավանդի դիմաց տոկոսագումարների վճարումների հետևյալ գրաֆիկը`
3) Ավանդի ներդրման պահին վճարվող տոկոսագումարը ստացվում է`
k1 = 100000 * 0.07 = 7000 դրամ
4) ՈՒնենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով թիվ 1 բանաձևից` կստանանք տարեկան տոկոսային եկամտաբերության չափը`
 
                  7000              100000
100000 = ____________  +  _______________
(1+APY)0/365...  (1+APY)365/365
 
100000
100000 - 7000 = _______________, որտեղից
(1+APY)365/365
 
APY = 0.075269 * 100 = 7.53%
 
8. Օրինակ 2` «Ժամկետային ավանդ` ավանդի ներդրման պահից չորս ամիս հետո տոկոսագումարների վճարմամբ». առաջարկվող ավանդի պայմանները համապատասխանում են օրինակ 1-ին, բացառությամբ տոկոսագումարների վճարումների. տոկոսագումարների վճարումը իրականացվում է ավանդային պայմանագրի գործողության չորրորդ ամսվա վերջում.
1) Այս դեպքում կստանանք ավանդի դիմաց տոկոսագումարների վճարումների հետևյալ գրաֆիկը`
 
.____________________________________________________________________.
|Ավանդի դիմաց|Ավանդի ներդրման|Վճարվող        |Ներդրված  |Ավանդի դիմաց|
|դրամական    |օրից մինչև     |տոկոսագումարներ|ավանդի    |հերթական    |
|հոսքերի     |հերթական       |               |գումարի   |ընդհանուր   |
|հերթական    |տոկոսագումարի  |               |վճարումներ|վճար` Kn    |
|համարը` n   |վճարումն ընկած |               |          |            |
|            |օրերի թիվը` Dn |               |          |            |
|____________|_______________|_______________|__________|____________|
|     1      |    120        |     7000      |          |    7000    |
|____________|_______________|_______________|__________|____________|
|     2      |    365        |               |  100 000 |   100 000  |
|____________|_______________|_______________|__________|____________|
|Ընդամենը    |               |     7000      |  100 000 |   107 000  |
.____________________________________________________________________.
 
2) Ավանդի ներդրման պահից չորս ամիս հետո վճարվող տոկոսագումարը ստացվում է`
k4 = 100000 * 0.07 = 7000 դրամ
3) ՈՒնենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով թիվ 1 բանաձևից` կստանանք տարեկան տոկոսային եկամտաբերության չափը`
 
                  7000                  100000
100000 = ________________  +  _______________, որտեղից
              (1+APY)120/365...    (1+APY)365/365
 
APY = 0.073409 * 100 = 7.34%
 
9. Օրինակ 3` «Ժամկետային ավանդ` միանվագ պարտադիր վճարներով ավանդի ներդրման պահին».
1) Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով`
ա. Ավանդի չափ` 100 000 դրամ
բ. Ավանդի գործողության ժամկետ` 1 տարի (365 օր)
գ. Տարեկան պարզ տոկոսադրույք` 7%
դ. Տոկոսագումարների վճարումները` ավանդի գործողության ժամկետի վերջում
ե. Ավանդատուի կողմից ավանդի ստացման օրը կատարվող պարտադիր վճարներ`
Ավանդային հաշվի սպասարկման պարտադիր վճար` 1000 դրամ
2) Այս դեպքում կստանանք ավանդի դիմաց տոկոսագումարների վճարումների հետևյալ գրաֆիկը`
 
.____________________________________________________________________.
|Ավանդի   |Ավանդի ներդրման|Պարտադիր|Վճարվող  |Ներդրված  |Ավանդի դիմաց|
|դիմաց    |օրից մինչև     |վճարներ |տոկոսա-  |ավանդի    |հերթական    |
|դրամական |հերթական       |        |գումարներ|գումարի   |ընդհանուր   |
|հոսքերի  |տոկոսագումարի  |        |         |վճարումներ|վճար` Kn    |
|հերթական |վճարումն ընկած |        |         |          |            |
|համարը` n|օրերի թիվը` Dn |        |         |          |            |
|_________|_______________|________|_________|__________|____________|
|    1    |     0         | - 1000 |         |          |   - 1000   |
|_________|_______________|________|_________|__________|____________|
|    2    |    365        |        |  7000   |  100000  |   107000   |
|_________|_______________|________|_________|__________|____________|
|Ընդամենը |               | - 1000 |  7000   |  100000  |   106000   |
.____________________________________________________________________.
 
3) Ավանդային պայմանագրի գործողության վերջում վճարվող տոկոսագումարը ստացվում է`
k2 = 100000 * 0.07 = 7000 դրամ
4) ՈՒնենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով թիվ 1 բանաձևից` կստանանք տարեկան տոկոսային եկամտաբերության չափը`
 
                 -1000              107000
100000 = ____________  +  _______________
(1+APY)0/365...  (1+APY)365/365
 
107000
101000 = _______________, որտեղից
(1+APY)365/365
 
APY = 0.059406 * 100 = 5.94%
 
5) Այն դեպքերում, երբ օրինակ 3-ի պայմաններով ներդրվել է 10,000 դրամի ավանդ, APY= (-2.73%), իսկ 1,000,000 դրամ ավանդի դեպքում` APY= 6.89%:
 
| ԳԼՈՒԽ 5. | 
ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՇՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ | 
 
10. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերությունը տոկոսագումարների կանոնավոր կապիտալացումների դեպքում հնարավոր է հաշվարկել հետևյալ բանաձևով`
 
n
     APY = (1 + r/n) - 1,           (2)
որտեղ`
1) APY - տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
2) r - տարեկան պարզ տոկոսադրույքն է:
3) n - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
11. Օրինակ 4` «Ժամկետային ավանդ` տոկոսագումարների ամսական կապիտալացմամբ».
1) Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով`
ա. Ավանդի գործողության ժամկետ` 1 տարի (365 օր)
բ. Տարեկան պարզ տոկոսադրույք` 7%
գ. Տոկոսների կապիտալացումների հաճախականությունը ամսական` տարվա ընթացքում 12 անգամ, յուրաքանչյուր ամսվա ժամանակահատվածի վերջում:
2) Ելնելով վերոնշյալ օրինակի պայմաններից և օգտվելով թիվ 2 բանաձևից` կստանանք տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.
 
12
APY = (1 + 0.07/12) - 1, որտեղից`
APY = 0.072290 * 100 = 7.23%
 
12. Օրինակ 5` «Ժամկետային ավանդ` տոկոսագումարների կապիտալացմամբ պայմանագրի վերջում». առաջարկվող ավանդի պայմանները համապատասխանում են օրինակ 4-ին, բացառությամբ տոկոսագումարների կապիտալացումների հաճախականության` տոկոսների կապիտալացումն իրականացվում է ավանդի գործողության ժամկետի վերջում:
ՈՒնենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով թիվ 2 բանաձևից` հնարավոր է ստանալ հետևյալ տարեկան տոկոսային եկամտաբերությունը.
 
1
APY = (1 + 0.07/1) - 1,
APY = 0.07 * 100 = 7%
 
13. Օրինակ 6` «Ժամկետային ավանդ` տոկոսագումարների եռամսյակային կապիտալացումներով». առաջարկվող ավանդի պայմանները համապատասխանում են օրինակ 4-ին, բացառությամբ տոկոսագումարների կապիտալացումների հաճախականության, որը յուրաքանչյուր եռամսյակի վերջում է, (կապիտալացումների քանակը 4 է):
ՈՒնենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով թիվ 2 բանաձևից` հնարավոր է ստանալ հետևյալ տարեկան տոկոսային եկամտաբերությունը.
 
4
APY = (1 + 0.07/4) - 1, որտեղից`
APY = 0.071859 * 100 = 7.19%
 
14. Օրինակ 7` «Ժամկետային ավանդ` տոկոսագումարների կիսամյակային կապիտալացումներով». առաջարկվող ավանդի պայմանները համապատասխանում են օրինակ 4-ին, բացառությամբ տոկոսների կապիտալացումների հաճախականության, որը կիսամյակի վերջում է (կապիտալացումների քանակը 2 է):
ՈՒնենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով թիվ 2 բանաձևից` հնարավոր է ստանալ հետևյալ տարեկան տոկոսային եկամտաբերությունը.
 
2
APY = (1 + 0.07/2) - 1, որտեղից`
APY = 0.071225 * 100 = 7.12%
 
15. Օրինակ 8` «Ավանդ` տոկոսագումարների օրական կապիտալացումներով». առաջարկվող ավանդի պայմանները համապատասխանում են օրինակ 4-ին, բացառությամբ տոկոսների կապիտալացումների հաճախականության, որը օրական է (կապիտալացումների քանակը 365 է):
ՈՒնենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով թիվ 2 բանաձևից` հնարավոր է ստանալ հետևյալ տարեկան տոկոսային եկամտաբերությունը.
 
365
APY = (1 + 0.07/365) - 1, որտեղից`
APY = 0.072501 * 100 = 7.25%
 
16. Օրինակ 9` «Երկարաժամկետ ավանդ` տարեկան պարզ տոկոսադրույքի և տոկոսագումարների կապիտալացումների հաճախականության փոփոխմամբ».
1) Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով`
ա. Ավանդի գործողության ժամկետ` 2 տարի (730 օր)
բ. Տարեկան պարզ տոկոսադրույք` առաջին տարվա համար 5%, երկրորդ տարվա համար` 6%
գ. Կապիտալացումների պարբերականությունը` առաջին տարին ամսական` տարվա ընթացքում
12 անգամ, երկրորդ տարին կիսամյակային` տարվա ընթացքում 2 անգամ, յուրաքանչյուր պարբերականության վերջում:
2) ՈՒնենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները, օգտվելով թիվ 2 բանաձևից և իրականացնելով միջին երկրաչափական հաշվարկներ` հնարավոր է ստանալ 1 տարվա տարեկան տոկոսային եկամտաբերությունը`
 
____________________________
            2 /          12              2
APY = \/(1 + 0.05/12)  * (1 + 0.06/2) - 1 որտեղից
APY = 0.056019 * 100 = 5.60%
 
17. Օրինակ 10` «Երկարաժամկետ ավանդ` տոկոսագումարների մեկանգամյա կապիտալացմամբ, և տարեկան պարզ տոկոսադրույքի փոփոխմամբ»
1) Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով`
ա. Ավանդի գործողության ժամկետ` 3 տարի (1095 օր)
բ. Տարեկան պարզ տոկոսադրույք` առաջին տարվա համար 5%, երկրորդ տարվա համար` 6%, երրորդ տարվա համար` 7%
գ. Տոկոսագումարները կապիտալացվում են տարեկան կտրվածքով:
2) ՈՒնենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները, օգտվելով թիվ 2 բանաձևից և իրականացնելով միջին երկրաչափական հաշվարկներ` հնարավոր է ստանալ 1 տարվա տարեկան տոկոսային եկամտաբերությունը.
 
____________________________
            3 /          1              1              1
APY = \/(1 + 0.05/1) * (1 + 0.06/1)  * (1 + 0.07/1) - 1, որտեղից
APY = 0.059969 * 100 = 6%