041.0156.260213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2013 թվականի N 156-Ա
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 790-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 984-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի`
1. Հաստատել հայագիտության հարցերով խորհրդի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայագիտության հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 790-Ա որոշման հավելվածում «Վ. Համբարձումյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Կատվալյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Հայագիտության հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 984-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի փետրվարի 26-ի
N 156-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է հայագիտության հարցերով խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, և նրա որոշումները կրում են խորհրդակցական բնույթ:
3. Խորհուրդն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
4. Խորհուրդը գործում է իր աշխատակարգի համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Խորհրդի հիմնական գործառույթներն են`
1) հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ընթացքի քննարկումը.
2) հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների արդյունքների ամփոփումը և գնահատումը.
3) Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աշխատանքների քննարկումը և ուղղորդումը.
4) ժամանակակից հայագիտության խնդիրների քննարկումը.
5) հայրենիք-սփյուռք հարաբերություններում հայագիտության գերակա դերի ու նշանակության հարցերի քննարկումը:
III. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
7. Խորհրդի կազմը բաղկացած է նախագահից, քարտուղարից և անդամներից:
8. Խորհրդի կազմը համալրվում է խորհրդի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է առցանց եղանակով և նիստերի միջոցով:
10. Առցանց եղանակով աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` խորհրդի նիստերն ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով:
11. Խորհրդի աշխատանքներն առցանց կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչությունը, որը խորհրդի անդամների հետ հարցերի անմիջական քննարկումների, տեղեկությունների և մտքերի առցանց փոխանակման, առաջարկությունների վերաբերյալ խորհրդի անդամների կարծիքների ամփոփման հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը, խորհրդի նիստի օրն ու ժամը, հրավիրվող անձանց թեկնածությունները, ինչպես նաև հարցերի քննարկման ձևաչափը (օրինակ, շնորհանդեսներ, որոշումների նախագծերի համատեղ մշակումներ և այլն):
12. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն տարեկան մեկ անգամ:
13. Խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև խորհրդի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր` հայագիտության ոլորտին վերաբերող և հրատապ քննարկում պահանջող խնդիրների ու հարցերի առկայության դեպքում:
14. Խորհրդի անդամներին նիստի օրակարգին առնչվող նյութերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչությունը` էլեկտրոնային փոստի միջոցով` նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ:
15. Խորհրդի նիստին, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել մասնագետներ և հասարակական գործիչներ` օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ մասնագիտական քննարկումներ կազմակերպելու նպատակով:
16. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ:
17. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նախագահի և խորհրդի քարտուղարի կողմից: Խորհրդի նիստերի արձանագրությունները հրապարակային են և տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում (http://gov.am/am/councils/):
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
18. Խորհրդի նախագահը`
1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի որոշումները.
3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.
4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
19. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:
20. Խորհրդի անդամը նիստին մասնակցելու անհնարինության դեպքում պետք է դրա մասին նիստի օրվանից առնվազն մեկ օր առաջ տեղեկացնի խորհրդի քարտուղարին:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
21. Խորհրդի քարտուղարն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետն է:
22. Խորհրդի քարտուղարը`
1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին, համապատասխան մարմիններին և այլ կազմակերպությունների: