Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0722.301199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1999 թվականի թիվ 722

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրին (կցվում է) և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության գործունեության

 

_______________________________

                                

                                ԾՐԱԳԻՐ

 

_______________________________

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1.     ՆԱԽԱԲԱՆ ------------------------------------------------------  1

2.     ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ----------------------  2

3.     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -----------------------------------------------------  8 3.1. Ընդհանուր տնտեսական քաղաքականություն ------------------------- 8 3.2. Ներմուծման փոխարինում և արտահանման խրախուսում --------------- 9 3.3. Արտաքին և ներքին ներդրումների խրախուսում -------------------- 10 3.4. Ձեռնարկատիրական գործունեությանն աջակցություն և

ձեռնարկությունների ֆինանսական առողջացում --------------------- 12 3.5. Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացում ------------------- 14 3.6. Բանկային համակարգ և ֆինանսական շուկա ------------------------ 15 3.7. Հողի և անշարժ գույքի շուկայի զարգացում ---------------------- 17 3.8. Պետական գույքի կառավարում և մասնավորեցում ------------------- 17 3.9. Տնտեսության հիմնական ճյուղեր --------------------------------- 20

3.9.1. Արդյունաբերություն --------------------------------------- 20

3.9.2. Գյուղատնտեսություն --------------------------------------- 22

3.9.3. Քաղաքաշինություն ----------------------------------------- 24

3.9.4. Բնապահպանություն ----------------------------------------- 25 3.10. Արտադրական ենթակառուցվածքներ --------------------------------- 26

3.10.1. Սակագնային քաղաքականություն ----------------------------- 26

3.10.2. Էներգետիկա ---------------------------------------------- 27

3.10.3. Ջրամատակարարում ----------------------------------------- 28

3.10.4. Տրանսպորտ ----------------------------------------------- 29

3.10.5. Հեռահաղորդակցություն և փոստ ---------------------------- 29 3.11. Բյուջետային համակարգ ----------------------------------------- 30 3.12. Հարկային համակարգ -------------------------------------------- 32 3.13. Սոցիալական համակարգ ------------------------------------------ 33

3.13.1. Բնակչության սոցիալական պաշտպանվածություն ---------------- 33

3.13.2. Առողջապահություն ---------------------------------------- 35

3.13.3. Կրթություն և գիտություն -------------------------------- 36

3.13.4. Մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր --------------- 38

3.13.5. Տեղեկատվություն ----------------------------------------- 39 3.14. Կոռուպցիայի դեմ պայքար --------------------------------------- 39 3.15. Քաղաքացիական ծառայություն ------------------------------------ 41 3.16. Տարածքային քաղաքականություն ---------------------------------- 42 3.17. Ազգային բանակ ------------------------------------------------ 43 3.18. Միջնաժամկետ տնտեսական քաղաքականության ուղղությունները -------- 44

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն ծրագրի մշակման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համար հիմք են ծառայել ինչպես Վազգեն Սարգսյանի կառավարության ծրագիրը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Նախագահի և «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրերն ու Հայաստանի Հանրապետության 2000-2002 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման համապարփակ ծրագիրը, որը կներկայացվի մոտ ապագայում:

Ցանկացած կառավարության գործունեության հաջողության գրավականը ներքաղաքական կայունությունն է: Ներկա քաղաքական իրավիճակի վերլուծությունն առավել հրատապ է հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո: Ներկայումս այն կարելի է որակել որպես լրիվ չհաղթահարված քաղաքական ճգնաժամ, որի պատճառներից մեկը քաղաքական ահաբեկչությունն էր: Կառավարությունն այս երևույթի դեմ պայքարը համարում է առաջնահերթ խնդիրներից մեկը:

Այսօր մեր հասարակության պահանջն է արագ բացահայտել այդ ոճրագործության կազմակերպիչներին - հովանավորներին: Միայն այդ դեպքում հաղթահարված կլինի ներկա ճգնաժամային իրավիճակը:

Ահաբեկչությունը որպես իրողություն չտեսնելը, այդ վտանգը թերագնահատելը, շարքային քրեական հանցագործություն համարելը կարող է մեծ վնասներ հասցնել ազգային անվտանգությանը: Պետությունը պետք է պայքարի բուն երևույթի դեմ և մշակի ժամանակակից պահանջները բավարարող աշխատունակ անվտանգության համակարգի ձևավորման համապատասխան ծրագիր:

Միաժամանակ, այդ նույն դեպքերի լույսի ներքո հետադարձ հայացքը վերջին տարիների ներքաղաքական զարգացումներին, դրանց վերլուծությունը վեր է հանում նաև պետական և հասարակական ինստիտուտների համակարգային բնույթի արատները, որոնց բացահայտումն ու վերացումը կարևոր է և պահանջում է ժամանակ:

Պետական համակարգը պետք է դրսևորի իր կենսունակությունը ցանկացած իրավիճակներում` որքան էլ որ մեծ է անհատների դերն ու նշանակությունը դրանում:

Միաժամանակ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել քաղաքական կյանքի ակտիվացման համար: Քաղաքական անհանդրուժողականությունը, ընդդիմախոսին քննադատելու փոխարեն սևացնելու և վարկաբեկելու ձգտումը թուլացրել են քաղաքական դաշտը, դարձրել այն հեշտ խոցելի, հանգեցրել կուսակցությունների և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների զգալի մասի հեղինակության կտրուկ անկման: Ներկուսակցական ժողովրդավարությունը պետք է դառնա օրենքի կարգավորման առարկա: Ցանկացած կուսակցություն, նրա ներքին կյանքը պետք է հանրության համար լինի տեսանելի և թափանցիկ: Կուսակցությունները պետք է վերածվեն անհատի իրավունքների և քաղաքական որակների դրսևորման ու վերարտադրությունն ապահովող կառույցների:

 

2. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարևոր ձեռբքերումներ`

ա) բազմաթիվ փորձություններ անցած ֆինանսական կայունությունը, հետևողականորեն իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը, վերահսկվող և ցածր մակարդակ ունեցող սղաճը և բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականությունը.

բ) ոչ պետական հատվածի ձևավորումը` շնորհիվ զանգվածային մասնավորեցման, և դրա գերակշիռ դերը երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման գործում.

գ) տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, դրա զարգացման համար նախադրյալների ստեղծումը.

դ) միջազգային, այդ թվում` ֆինանսական կառույցներին անդամակցությունը, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններն ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավը.

ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին.

զ) էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն ու Հայաստանը էներգոդեֆիցիտ երկրից էներգիայի պոտենցիալ արտահանող դարձնելը.

է) 1994 թվականից մինչ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.

ը) մարտունակ բանակի կայացումը, հաղթանակը Ղարաբաղում և 1994 թվականից պահպանվող զինադադարը.

թ) ժողովրդավարական պետության և շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայությունն ու կանոնակարգված աշխատանքը.

ժ) Սահմանադրության ընդունումը և դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձևավորումը.

ժա) խոսքի և մամուլի ազատությունը.

ժբ) այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգը.

ժգ) բոլոր մակարդակների ընտրությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթը, պետության կառավարման գործընթացներում բնակչության պատասխանատու մասնակից դարձնելը.

ժդ) Հայաստանը ներգրավված է և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և տարածաշրջանային կառույցներին: Էական դրական տեղաշարժեր են արձանագրված երկկողմ և բազմակողմ միջպետական հարաբերությունների ոլորտում, որի արդյունքում ձևավորվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, եվրոպական, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ պետությունների հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերություններ: Հայաստանը կարևորել է տարածաշրջանային համագործակցության զուգակցումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին: Մենք հետևողական ենք մեր հարևանների հետ խաղաղ, տնտեսական փոխշահավետ միջպետական կապերի ձևավորման գործում:

Վերոշարադրյալով հանդերձ, 1999 թվականին տնտեսական և սոցիալական զարգացումներն էապես տարբերվում են նախորդ տարիներից ինչպես դրական, այնպես էլ որոշակի բացասական առումներով: Այսպես, տարվա առաջին տասն ամսվա արդյունքներով տնտեսական աճը կազմում է 5,4 տոկոս (տարվա համար նախատեսված 4 տոկոսի համեմատ), իսկ տարվա սկզբից կուտակային սղաճը` 0.8 տոկոս (տարեկան նախատեսված 8 տոկոսի համեմատ): Ընդ որում, տնտեսական նման աճի ապահովման գործում զգալի նշանակություն է ունեցել արդյունաբերական արտադրանքի 7.3 տոկոսով աճը, նախորդ տարվա համեմատ կապիտալ շինարարության ծավալների կտրուկ (ավելի քան 23 տոկոսով) ավելացումը, գյուղատնտեսական արտադրանքի 1.3 տոկոս աճը, մինչդեռ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է շուրջ 4 տոկոսով: Նշված ցուցանիշներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ համաշխարհային տնտեսությունում ձևավորված ոչ բարենպաստ միջավայրի պայմաններում հանրապետությունում ոչ միայն պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, այլ նաև հիմնական տնտեսական ցուցանիշների նախատեսված մակարդակներն էապես գերազանցվել են, ինչն էլ հիմք է տալիս մինչև տարեվերջ ակնկալելու շուրջ 5.5 տոկոս տնտեսական աճ և սղաճի տարեկան կուտակային ոչ ավելի, քան 5-6 տոկոս մակարդակ:

Այնուամենայնիվ, տնտեսական աճի ձևավորված միտումները դեռևս հեռու են բավարար լինելուց: Մասնավորապես, երկարաժամկետ հեռանկարում երկրի տնտեսական աճը պայմանավորող հիմնական գործոնը` արտահանումը, ընթացիկ տարում իր ծավալներով շուրջ 10 տոկոսով զիջել է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի մեծությանը: Թեև ներմուծման ծավալների բացարձակ արտահայտությամբ ավելի մեծ կրճատումը հանրագումարում հանգեցրել է առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատման, իրավիճակի շտկումը պահանջում է լրացուցիչ միջոցառումների հետևողական ձեռնարկում:

Բնականաբար, նման զարգացումները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի վրա: Հունիս ամսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրին համապատասխան արդեն իսկ օգոստոսին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստիպված եղավ խորհրդարան ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը` ամրագրելով եկամուտների թերակատարումը չեզոքացնելու նպատակով ձեռնարկված միջոցառումները և կվազիբյուջետային լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով իրականացնելով նաև բյուջետային ծախսերի որոշակի վերաբաշխում: Դրանով իսկ, փաստորեն, առաջին անգամ կառավարությունը որևէ տարվա ընթացքում ներկայացրեց բյուջետային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն` փորձելով խուսափել օրենքով ամրագրված համամասնությունները խախտելու ձևավորված պրակտիկայից:

Թեև պետական բյուջեով նախատեսված արտաքին ֆինանսավորման ստացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերի և օգոստոսից ձեռնարկված լրացուցիչ եկամտային միջոցառումների շնորհիվ ընդհանուր առմամբ հնարավոր եղավ ապահովել նախապես հայտարարված` բյուջետային հիմնական ծախսատեսակների գծով կուտակված պարտքերը մինչև 1999 թվականի սեպտեմբերի վերջը մարելու ծրագրի իրականացումը, սակայն իրավիճակը մնում է լարված` կենսաթոշակների վճարումների և առողջապահության ֆինանսավորման առումով:

Էներգետիկ համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է պահպանել ու հետևողականորեն շարունակել համակարգի կորուստների կրճատման միտումը, որն էլ ավելի կամրապնդվի հաշվիչների տեղադրմանը և էլեկտրաէներգիայի տեղափոխման ու բաշխման համակարգերի վերականգնմանը զուգահեռ: Այսուհանդերձ, էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարումների մակարդակը, հատկապես առևտրային սպառողների կողմից, շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում:

Այս ընթացքում հատկապես ռուսաստանյան ֆինանսական ճգնաժամին դիմակայելու Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ջանքերի արդյունքում 1998 թվականի օգոստոսից արձանագրվեց հայկական դրամի իրական արժեքավորում` շուրջ 10 տոկոսով: Ու թեև արևմուտքի երկրների համեմատ Հայաստանում դրամի իրական փոխարժեքը շարունակում է մնալ գրեթե անփոփոխ, նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ այն կտրուկ (շուրջ 40 տոկոսով) արժեքավորվել է` դրանով հանդերձ մեծապես նվազեցնելով Հայաստանից արտահանվող ապրանքների մրցունակությունը:

Տնտեսական առկա հիմնական խնդիրներն արդեն իսկ ներկայացվել են հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում, և դրանց մեծ մասը պահպանում է արդիականությունը` -  օտարերկրյա ուղղակի ներդրումները, չնայած բավականաչափ ազատական

օրենսդրական դաշտի առկայությանը, շարունակում են մնալ անթույլատրելի

ցածր մակարդակի վրա, որի հիմնական պատճառը պատասխանատու կառուցվածքների

բացակայությունը կամ անբավարար գործունեությունն է, գրանցման և այլ

բարդացված կանոնակարգերը, կաշառակերությունը, ինչպես նաև արտաքին

գործոնները (Արցախի հիմնահարց, տրանսպորտային բաղադրություններ և

այլն). -  կան կապիտալ ներդրումներին ուղղված միջազգային կազմակերպությունների

բազմաթիվ ծրագրեր, որոնց իրագործումն ընթանում է շատ դանդաղ և որոնց

արդյունավետության բարձրացմանը մեծապես կնպաստի պետության հատուկ

աջակցությունը. -  1996 թվականից սկսած արտահանման ծավալները ցուցաբերել են աստիճանաբար

նվազման միտում. -  զանգվածային մասնավորեցման արդյունքում ձևավորված բաժնետիրական

ընկերությունները լիարժեք չեն ձևավորվել` գործնականում չեն

պաշտպանվում փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերը, ընդհանուր

ժողովներ, որպես կանոն, չեն հրավիրվում, շատ դեպքերում շահաբաժիններ

չեն վճարում. -  ձևավորվել է աշխատավարձերի և կենսաթոշակների ցածր մակարդակ:

Բնակչության սոցիալական պաշտպանության համակարգը, որը գործում է 1998

թվականից (ընտանեկան նպաստներ), ծավալային առումով չափազանց մեծ է, և

տրվող նպաստների միջին չափը գերազանցում է միջին կենսաթոշակի չափը,

որոշ դեպքերում` նաև վճարվող աշխատավարձը: Այսպիսով, եկամուտների

քաղաքականությունը հանգեցնում է բյուջեի միջոցով վերաբաշխվող

եկամուտների ծավալի անհարկի ավելացմանը` դրանով հանդերձ բյուջեի վրա

ստեղծելով մեծ ճնշում, և շատ մարդկանց շահագրգռելով աշխատանքային

եկամուտներ ստանալու փոխարեն զանազան ուղիներով մտնել այդ համակարգ. -  սաղմնային փուլում է գտնվում արժեթղթերի երկրորդական շուկան, ինչի

հետևանքով կառավարությունը մշտապես պետական բյուջեի դեֆիցիտի

ֆինանսավորման միջոցներ է ներգրավում առավել բարձր գնով. -  մինչ օրս կառավարության առջև լուրջ խնդիր է մնում հիմնական

ենթակառուցվածքների (էներգետիկ համակարգ, տրանսպորտ, կապ,

ջրամատակարարում, ոռոգում, ջեռուցում) վերակառուցումն ու նորերի

ստեղծումը: Պետության ոչ միշտ արդյունավետ մասնակցությունն այս

ոլորտների ֆինանսավորմանն ուղղակիորեն անդրադառնում է երկրի արտաքին

պարտքի մեծացման վրա` այն մոտեցնելով սահմանային մակարդակին (արտաքին

պարտքը 1999 թվականի վերջում կկազմի համախառն ներքին արդյունքի շուրջ

47 տոկոս). -  շարունակում է լուրջ հիմնախնդիր մնալ էներգետիկ համակարգի ֆինանսական

առողջացումը. առկա մեծ ճեղքվածքի ծածկման համար համակարգը հաճախ դիմել

է առևտրային վարկերի, մյուս կողմից` ըստ էության, ֆինանսավորելով մի

շարք չաշխատող կամ ոչ արդյունավետ աշխատող արդյունաբերական խոշոր

ձեռնարկություններ (Նաիրիտ և այլն), ինչպես նաև խմելու ջրի, ոռոգման

և ջեռուցման համակարգերը, որոնք շարունակում են կրել դոտացիոն բնույթ`

համապատասխան արտացոլում պահանջելով պետական բյուջեում: Նույնպիսի

վիճակ է տիրում էլեկտրական տրանսպորտի բնագավառում. -  չնայած բյուջեի եկամուտների հավաքագրման աստիճանաբար բարելավմանը,

բյուջետային եկամուտների բավականաչափ արագ աճին ու դեֆիցիտի

կրճատմանը, բյուջետային հնարավորությունները մնում են խիստ սահմանափակ,

բյուջետային կարգապահությունը` ցածր: Բյուջետային հատկացումները

ժամանակին չեն կատարվում, մասամբ նաև ծախսերի վերահսկման արդյունավետ

մեխանիզմների բացակայության արդյունքում մինչ այժմ չի հաջողվել

ամբողջությամբ ձերբազատվել բյուջետային պարտքերից. -  բյուջետային ծախսերի արդյունավետությունը շարունակում է մնալ ցածր,

կապիտալ շինարարությունում միջոցները փոշիացվում են, որով նաև

էականորեն երկարաձգվում է երկրի համար անհրաժեշտ կարևոր կառույցների

գործարկումը: Բյուջետային ոլորտի ծավալը շատ ավելի մեծ է, քան դրա

լիարժեք ֆինանսավորման հնարավորությունները, բայց ֆինանսավորվող

օբյեկտների թիվն ըստ էության չի կրճատվել, որի պատճառով բյուջետային

ոլորտի վիճակը ծայր աստիճան ծանր է: Վերջինիս նպաստել է նաև

սոցիալական ոլորտում համալիր բարեփոխումների բացակայությունն ու արված

սահմանափակ քայլերի անավարտությունը. -  չնայած ստվերայնության սահմանափակման քայլերին (հարկման դաշտի

ընդհանուր ազատականացում ու հարկային բեռի թեթևացում, ֆիզիկական

անձանց կողմից առանց մաքսային վճարումների իրականացվող ներմուծման

սահմանափակում, ներմուծման պահին ներմուծվող որոշ ապրանքների համար

անուղղակի հարկերի գանձում, պարտադիր սոցիալական ապահովագրության

վճարների առավելագույն չափի և նվազագույն աշխատավարձի սահմանում և

այլն), արդյունքը հեռու է սպասվածից, մասնավորապես, հարկատուների

ինքնագիտակցության ցածր մակարդակի, պետական բյուջեի կատարման ոչ

բավարար հրապարակայնության, հարկային վարչարարության անկատարության,

եկամուտների հայտարարագրման մեխանիզմի անգործության պատճառով:

Միևնույն ժամանակ, բնակչության ներկա բարոյահոգեբանական իրավիճակի առումով, գնալով խորանում է պետական կառույցների նկատմամբ անվստահությունն ու անտարբերությունը, սեփական երկրում պետության կամայականություններից պաշտպանված չլինելու զգացումը, ինչի պատճառների թվում հարկ է նախ և առաջ առանձնացնել ուռճացված, անարդյունավետ, դանդաղ ու հաճախ անկանխատեսելի գործող պետական կառույցները, ուժային կառույցների անհարկի խառնվելը տնտեսական կյանքին, ինչպես նաև կաշառակերության բարձր մակարդակը, մասնավորապես, իրավապահ և դատական մարմիններում:

Չլուծված են մնում հետևյալ հիմնահարցերը` -  տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման հետ մեկտեղ ապահովված չէ

դրանց ֆինանսական կարողությունների և այդ մարմիններին վերապահված

պարտադիր ու պատվիրակված լիազորությունների ծավալի

համապատասխանությունը` վերջիններս բավարար մակարդակով իրականացնելու

համար: Տեղական բյուջեների տեսակարար կշիռը համախմբված բյուջեում

անհամեմատ ցածր է, քան զարգացած երկրներում. -  անհրաժեշտ է հատկացնել պատասխանատվությունը պետական և տարածքային

կառավարման մակարդակներում: Կարևոր նշանակություն է ստանում

տարածքային քաղաքականության մշակման և իրականացման խնդիրը, որի

բացակայությունը հանգեցնում է նրան, որ երկրում, բացի ընդհանուր

սոցիալական բևեռացումից, առկա է նաև ոչ պակաս վտանգավոր տարածքային

բևեռացումը: Տնտեսական կյանքի և ապրանքաշրջանառության գերակշիռ մասը

կենտրոնացած է Երևանում և Երևանին հարող շատ սահմանափակ տարածքում. -  աղետի գոտու վերականգնման ծրագրում կիրառվում են ճակատային և որոշ

չափով պարզունակ լուծումներ` գերակայում է պետական բյուջեի ու տարբեր

օգնությունների հաշվին իրականացվող բնակարանային շինարարությունը,

չնայած աղետի գոտու քաղաքներում հիմնական խնդիրը մասսայական

գործազրկությունն է և դրանից բխող, եկամուտների ծայր աստիճան

անբավարարությունը. -  1994-1999 թվականներին չհաջողվեց կարգավորել Արցախի հիմնահարցը, չնայած

բավականաչափ ինտենսիվ բազմակողմ բանակցություններին: Ներկայումս խնդրի

փոխընդունելի լուծման համար առկա են ամենաբարենպաստ պայմանները: Հարցի

լուծումը մոտ ապագայում հնարավորություն կտա տարածաշրջանում սկսելու

տնտեսական ինտեգրացիայի գործընթացները, Հայաստանը դարձնելու

տարածաշրջանի տրանսպորտային հանգույց, ինչպես նաև կբերի Հայաստան

ուղղված ֆինանսական հոսքերի ավելացմանը և կմեղմի տնտեսական զարգացման

տրանսպորտային սահմանափակումները. -  ներկայիս պետական կառավարման համակարգը չի համապատասխանում զարգացման

ներկա փուլի պահանջներին և անարդյունավետ է: Սահմանված չէ պետական

ծառայողի կարգավիճակը, պետական կառավարման էական բարեփոխումները դեռ

առջևում են:

 

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Ընդհանուր տնտեսական քաղաքականություն

 

Կառավարությունը, որպես քաղաքականության նպատակ, տեսնում է ժողովրդավարության զարգացման, քաղաքական և ֆինանսական կայունության, ցածր ու կառավարելի սղաճի պահպանման, Արցախի հիմնահարցի փոխընդունելի և արդար լուծման ապահովման պայմաններում կայուն տնտեսական աճի նոր որակի ձեռքբերումը` միաժամանակ 2000-2002 թվականների ընթացքում շարունակելով և ավարտելով տնտեսական ու սոցիալական բարեփոխումները, որոնք տնտեսական աճի հետ մեկտեղ պետք է հանդիսանան երկրի առջև ծառացած հիմնահարցերի լուծման և ստեղծված բարոյահոգեբանական ծանր իրավիճակից դուրս գալու գրավականը:

2000 թվականը պետք է հանդիսանա երկրի զարգացման որակապես նոր փուլի նախապատրաստման տարի` անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցների նախագծման և գործարկման, բարեփոխումների համալիր նախագծման և փուլ առ փուլ ներդրման, պետական կառույցների ու բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման, իրատեսական և անվերապահորեն կատարելի` բյուջեի ընդունման միջոցով:

Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ տնտեսական զարգացման ներկա պայմաններում հանրապետության համար հրատապ է տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղած միջոցառումների իրականացումը: Կառավարությունը վերջինիս երաշխիք համարում է հանրապետության ներդրումային մթնոլորտի բարելավումը` հաշվի առնելով տարածաշրջանում առկա խոշոր շուկաները և դրանցում ձևավորված մրցակցային միջավայրը` երկրի աշխարհագրական դիրքի և որակյալ աշխատուժի օգտագործման ռազմավարության մշակմամբ:

Միջազգային տնտեսությանը Հայաստանի ինտեգրացումն ընդլայնելու, արտաքին շուկաներ գործարարների ազատ մուտքն ու կայուն մրցակցային միջավայր ապահովելու երաշխիք կառավարությունը տեսնում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը, որի ուղղությամբ մեր ջանքերը, հուսով ենք, արդյունք կտան մոտ ապագայում:

Որպես տնտեսության ճյուղային կառուցվածքի վերափոխման գերակայություն, կառավարությունն առանձնացնում է արտահանման նպատակաուղղվածությունը, ներքին շուկայում ներմուծվող ապրանքների նկատմամբ հայրենական ապրանքների մրցունակության բարձրացումը, հայրենական հումքային պաշարների արդյունավետ օգտագործումը, հայրենական արտադրողների միջև ներդրումային ծրագրերի միջոցով կոոպերացիոն կապերի ընդլայնումն ու տեխնոլոգիական առաջընթացի ապահովումը:

 

3.2. Ներմուծման փոխարինում և արտահանման խրախուսում

 

1998 թվականին արտահանումը գտնվում էր 1994 թվականի մակարդակին` 215.5 մլն դոլար` 1994 թվականին և 220.5 դոլար` 1998 թվականին: Լինելով ըստ էության բաց երկրի` Հայաստանը չի կարող թույլ տալ արտահանման նման ցածր մակարդակ (համախառն ներքին արդյունքի նկատմամբ արտահանումը 1994 թվականին կազմել է 33 տոկոս, 1995 թվականին` 21, 1996 թվականին` 18.2, 1997 թվականին` 14.3, իսկ 1998 թվականին` 11.7 տոկոս):

Ներմուծման փոխարինումը որպես արտադրության զարգացման հիմնական ուղղություն, Հայաստանում կարող է կիրառվել բավականին սահմանափակ ոլորտներում (օրինակ` գյուղմթերքի, ծխախոտի, գարեջրի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքի, որոշ սննդամթերքի, թեթև և շինանյութերի արդյունաբերության որոշ արտադրատեսակների համար): Հետևաբար արտահանման խթանումը դառնում է ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ ներքին շուկայի ծավալների ընդլայնման հիմնական գործոնը:

Ծրագրում խնդիր է դրվում մոտակա 5 տարում կտրուկ բարձրացնել արտահանման ծավալները` համախառն ներքին արդյունքի ներկայիս 11.7 տոկոսից մինչև 25-30 տոկոս` նպատակ ունենալով 10 տարում հասնել արտահանման ծավալների` համախառն ներքին արդյունքի նկատմամբ 40-45 տոկոս մակարդակի: Համապատասխանաբար, արտահանման ծրագրի հիմնական նպատակը կարելի է ձևակերպել որպես արտահանման ծավալների աճի ապահովում` տարեկան միջին հաշվով 20 տոկոսի չափով:

Նշված ծրագրի կենսագործման հարցում վճռորոշ նշանակություն կունենա արտահանման ֆինանսավորման համակարգի ստեղծումը: Արտահանման ֆինանսավորումն ապահովելու նպատակով 2000 թվականի ընթացքում համապատասխան օրենքն ընդունելուց հետո կգործարկվի արտահանման խրախուսման պետական կառույցը, որը, իր աշխատանքն սկսելով 2001 թվականի հունվարի 1-ից, մեծապես կնպաստի արտահանման ռիսկերի նվազեցմանը:

Արտահանման մարքեթինգային համակարգի ստեղծումը կապահովի Հայաստանի արտադրողի ինֆորմացիոն ինտեգրացումը համաշխարհային տնտեսության մեջ` տեղեկություններ տրամադրելով նույնանման արտադրանքի թողարկողների ու դրանց արտադրանքի գների, որակական և այլ ցուցանիշների, նշված արտադրանքի սպառման շուկաների, ներմուծման ռեժիմների, գների, որակի և սերտիֆիկացման պահանջների մասին, ինչպես նաև կապը արտադրողների և դրանց արտադրանքի հնարավոր սպառողների միջև, բանակցությունները և այլն` գործը հասցնելով մինչև համապատասխան պայմանագրերի կնքումը: Համակարգը բաղկացած է Զարգացման հայկական գործակալությունից, առևտրաարդյունաբերական պալատների համակարգից և ոչ պետական մասնագիտացված ընկերություններից: Համակարգի ստեղծման աշխատանքներն ակտիվորեն պետք է սկսեն ծավալել 2000 թվականի սկզբից: 2000 թվականից Զարգացման հայկական գործակալությունն անտոկոս փոխառություններ կտրամադրի արտահանման նախապատրաստման խնդիրների լուծման համար: «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 2000 թվականի առաջին կիսամյակում ընդունելուց և դրանց ձևավորվելուց հետո ցուցահանդեսային և տոնավաճառային գործունեության կազմակերպումը կդրվի պալատի վրա` մասնակիցների հետ համաֆինանսավորման սկզբունքով, որի համար պալատը սկզբնական շրջանում կունենա համապատասխան բյուջետային ֆինանսավորում: Մինչ այդ, գործառույթը կիրականացնի և կհամակարգի Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` նույնպես համաֆինանսավորման սկզբունքով, որի համար կստանա բյուջետային ֆինանսավորում:

Արտահանման խրախուսման տեսանկյունից կառավարությունը կարևորում է կադրային ներուժի ձևավորմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, արտահանման մասնագետների նախապատրաստումը, տնտեսավարող սուբյեկտներում արտահանման հարցերով զբաղվող կադրային ներուժի ձևավորումը, պետական մասնակցությամբ ընկերությունների տնօրենների պայմանագրային համակարգի ձևափոխումը:

 

3.3. Արտաքին և ներքին ներդրումների խրախուսում

 

Ներդումների տեսակետից ամենահաջող տարին 1998 թվականն էր, երբ ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմից շուրջ 177 մլն դրամ կամ համախառն ներքին արդյունքի 18.5 տոկոսը (առանց մասնավորեցումից ստացված միջոցների դրանք կազմել են համախառն ներքին արդյունքի 14.7 տոկոսը): Ընդ որում, այդ ներդրումների կեսից ավելին կազմում են օտարերկրյա ուղղակի ներդրումները: Կայուն տնտեսական աճի ապահովման համար պետք է 2000 թվականից սկսած չորս տարում ոչ միայն ներդրումների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ ավելացվի առնվազն մինչև 25 տոկոս, այլ նաև փոփոխվի ներդրումների ուղղությունը` ներկայումս գերակայող բնակելի շինարարության և առևտրային անշարժ գույքի շինարարության ոլորտից դեպի արտահանման խրախուսման և ֆինանսական ոլորտում ներդրումներ: Նշված ներդրումները պետք է ֆինանսավորվեն հիմնականում օտարերկրյա ուղղակի ներդրումների, պաշտոնական վարկերի և օգնության հաշվին, սակայն խնդիր է դրվում մոտակա չորս տարում ավելացնել ներքին աղբյուրների հաշվին կատարվող ներդրումների ծավալը ներկայիս 30 տոկոսից մինչև 40 տոկոս` 2002 թվականին:

Օտարերկրյա մասնավոր ուղղակի ներդրումների տարեկան ծավալը մինչև 2002 թվականը պետք է հասցվի առնվազն 350 մլն ԱՄՆ-ի դոլարի, իսկ ներքին աղբյուրների հաշվին կատարվող ներդրումներինը` առնվազն 200 մլն ԱՄՆ-ի դոլարի:

Այդ նպատակով ամեն գնով պետք է նվաճել օտարերկրյա և, ինչը պակաս կարևոր չէ, տեղական ներդրողների վստահությունը` օգտագործելով ներդրումների խրախուսման բոլոր հնարավոր լծակները:

Մյուս կողմից` պետության հիմնական ներդրումային գործունեությունը կկենտրոնանա արտադրական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման վրա. կգործարկվեն Դավթաշենի կամուրջը, Որոտանի թունելը, կկատարվեն Արփա - Սևան թունելի վերականգնման աշխատանքները, ներդրումներ կարվեն էներգետիկայում, ոռոգման ճանապարհաշինարարության, խմելու ջրի և այլ ենթակառուցվածքային համակարգերում:

Հայաստանի տնտեսության զարգացման ներկա փուլը ներդրումային քաղաքականության առջև դնում է նոր պահանջներ, որոնցից մեկը օտարերկրյա և տեղական ներդրողների համար հավասար պայմանների ապահովումն է: Առաջին հերթին հենց այս խնդրի լուծմամբ է պայմանավորված «Ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի անհրաժեշտությունը, որի վերջնական տարբերակն ընթացիկ տարում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Ներդրումային քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ունենալ ներդրումներն օժանդակող և խթանող, ինչպես նաև ներդրումների ու ներդրողների պաշտպանության հարցերով զբաղվող լավ ձևավորված և ամբողջ ծավալով գործող մասնագիտացված ենթակառույցներ (այսօր այդ գործառույթներն իրականացնում են Ներդրումների խթանման և պաշտպանության պետական խորհուրդը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Զարգացման հայկական գործակալությունը և Հայկական ներդրումային ընկերությունը):

2000 թվականից սկսած խոշոր օտարերկրյա ներդրողների հետ ամբողջ աշխատանքը կկենտրոնացվի Զարգացման հայկական գործակալությունում, որը ձեռք կբերի օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքի համար պատասխանատու կազմակերպության կարգավիճակ: Կառավարությունում արդեն ավարտին է մոտենում մի շարք կարևոր ներդրումային նախագծերի մշակումը, որոնք 2000 թվականին Համաշխարհային բանկի հետ համատեղ պետք է ներկայացվեն Լոնդոնում համաշխարհային ֆինանսական հանրության ուշադրությանը: Այդ միջոցառումը կարևորագույն նշանակություն կունենա օտարերկրյա ինվեստիցիաների ներգրավման գործում:

2000 թվականի ընթացքում էականորեն կպարզեցվի ընկերությունների գրանցման գործընթացը, այն հաշվով, որ Հայաստանում հնարավոր լինի 1-2 օրում ընկերություն գրանցել: Կբացառվի բյուրոկրատական քաշքշուկը, կմեղմացվեն լիցենզավորման պահանջները և կկրճատվի լիցենզավորման ենթակա գործունեության ցանկը:

 

3.4. Ձեռնարկատիրական գործունեությանն աջակցություն և ձեռնարկությունների

ֆինանսական առողջացում

 

Համաշխարհային շուկաներում ապրանքների որակին ներկայացվող պահանջների պայմաններում հայրենական արտադրանքի արտահանման խթանման ցանկացած փորձ կարող է անհաջողության մատնվել առանց ապրանքների որակի միջազգային ստանդարտների համակարգի զարգացման, որի շնորհիվ հնարավոր կլինի ներքին շուկայում սահմանափակել ցածրորակ ապրանքների շրջանառությունն ու արտաքին շուկաներում ապահովել հայրենական բարձրորակ ապրանքների ազատ մուտքը:

Կառավարությունը վճռական է տրամադրված արտաքին շուկաներում հայրենական արտադրանքի մրցունակության և ներքին շուկայում ազատ մրցակցության ապահովման նպատակով ազատական փոխանակային ու առևտրային ռեժիմի հետևողական կենսագործման և այդ առումով, մասնավորապես, առևտրի նկատմամբ վարչական լծակների կամ միջամտությունների բացառման հարցում: Արտաքին տնտեսական գործունեության բնագավառում կառավարությունը ձգտելու է համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության առավելագույն ինտեգրացման, արտահանման խթանման, ներդրումների ներգրավման, միջազգային առևտրատնտեսական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման, արտերկրի հետ միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնմանը, արտաքին առևտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը:

Միջազգային մարքետինգի համակարգի ներդրման առումով կառավարությունն առավելագույնս կօգտագործի արտերկրում հանրապետության դեսպանատների տնտեսական կցորդների ինստիտուտը, որոնք կապահովեն իրացման շուկաների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, կիրականացնեն արտաքին և ներքին շուկաների նպատակային և համակողմանի ուսումնասիրում: Արտերկրում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչների որակապես նոր հարթության վրա կդնի երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: հանգուցային հիմնախնդիրը, որն արտասահմանում կդրվի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների առջև, արտաքին շուկաների ուսումնասիրության, Հայաստանի Հանրապետության արտահանման ծավալների կտրուկ ավելացման, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման գործընթացին գործնական աջակցությունն է, ինչպես նաև համապատասխան առևտրատնտեսական բնույթի տեղեկատվության տրամադրումը, նստավայր երկրում հանրապետության գործարարների սուբյեկտների շահերի պաշտպանությունը:

Հետևողական լինելով շուկայական մեխանիզմների վրա հիմնված մասնավորեցման ռազմավարության կենսագործման հարցում` կառավարությունը մասնավորեցվող ընկերությունների արդյունավետ գործունեության ապահովման նպատակով կառանձնացնի խնդրի որակական կողմը: Միաժամանակ, կառավարության ուշադրության կենտրոնում կլինի հակամենաշնորհային օրենսդրության զարգացման և ազատ մրցակցային պայմանների ստեղծման խնդիրը:

Կառավարությունը կզարգացնի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ֆինանսական գործառնությունների մոնիտորինգը և պետական ունեցվածքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով կշարունակի պետական ունեցվածքի գույքագրումն ու վերագնահատումը:

Ձեռնարկությունների ֆինանսական առողջացման նպատակով կառավարությունն այսուհետև ևս կբացառի առանձին ձեռնարկությունների հարկային արտոնությունների տրամադրումը, դրա փոխարեն ընդլայնելով ֆինանսապես անառողջ վիճակում գտնվող ձեռնարկությունների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման` օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կիրառման պրակտիկան` միաժամանակ ապահովելով աշխատողներին գործատուի անվճարունակությունից պաշտպանության պատշաճ մեխանիզմների գործողությունը:

Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` միջազգային շուկայում ինտեգրացման, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների ներգրավման կարևորագույն նախապայման է հանդիսանում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին անցումը, որը կառավարությունը նախատեսում է ավարտել 2000 թվականին: Սակայն դրանց լիարժեք ներդրումը կպահանջի նաև հաշվապահ մասնագետների պատրաստման համար բուհական ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում, ինչպես նաև աշխատող հաշվապահների վերապատրաստում: Այդ նպատակով զգալի նպաստ կարող է բերել հաշավապահների պրոֆեսիոնալ ինքնակառավարվող կազմակերպությունը, որի ձևավորմանն ու զարգացմանը կառավարությունը կցուցաբերի անհրաժեշտ օժանդակություն, ընդհուպ մինչև հաշվապահական հաշվառման կարգավորման` այդ կազմակերպությանը փոխանցելով ներկայումս պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող որոշ գործառույթներ:

Ընկերություններում փոքրամասնություն կազմող սեփականատերերի օրինական շահերի պաշտպանության, ընկերությունների կառավարման թափանցիկության ապահովման նպատակով համապատասխան օրենքի ընդունմամբ 2000 թվականից կորպորատիվ կառավարման վերահսկման խնդիրը կդրվի արժեթղթերի հանձնաժողովի վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային ուղղություններից է լինելու ներքին շուկայում տնտեսավարման մրցակցային դաշտի զարգացումը, որը պայմանավորված է համալիր միջոցառումների հետևողական կիրառմամբ, անհրաժեշտ է մշակել և իրագործել ստվերային տնտեսության դեմ պայքարի առավել ներգործուն մեխանիզմներ և ձևավորել հանրապետությունում տնտեսական մրցակցությունը կարգավորող օրենսդրական դաշտ, հայտնաբերել և կանխել անբարեխիղճ մրցակցության յուրաքանչյուր կոնկրետ դեպք:

 

3.5. Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացում

 

Հայաստանում փոքր բիզնեսը պետք է հանդիսանա ժամանակակից շուկայական ենթակառուցվածքի հիմքը` մեծապես ազդելով տնտեսական աճի տեմպերի և համախառն ներքին արդյունքի կառուցվածքի ու որակական բնութագրիչների վրա: Այն հնարավորություն կտա հարթեցնել պետական կառավարման և ինքնակարգավորվող շուկայի միջև գոյություն ունեցող հակասությունները` ապահովելով ավելի ճկուն, կայուն, հետևաբար նաև կանխատեսելի ու կառավարելի շուկայական միջավայր: Փոքր և միջին ձեռնարկություններն առավելագույնս կարող են ներազդել երկրում աշխատատեղերի ստեղծման վրա:

Տնտեսական բարեփոխումների և շուկայական տնտեսության անցման ամբողջ ժամանակահատվածում Հայաստանում, ըստ էության, բացակայել է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակային պետական քաղաքականությունը: Այս բնագավառում ստեղծված վիճակը, զարգացման յուրահատկություններն ու հնարավորությունները, ինչպես նաև միջազգային փորձը վկայում են, որ այսօր առաջնահերթ խնդիր է ոլորտի զարգացման համակարգված պետական քաղաքականության իրականացումը` հիմնված ինչպես ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորման, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկություններին նպատակային պետական օժանդակության տրամադրման վրա:

Կառավարության գործողություններն այս ոլորտում առաջին հերթին ուղղված կլինեն համապատասխան օրենսդրական դաշտի մշակմանը: Առաջիկայում խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն փոքր և միջին ձեռնարկատիրության պետական օժանդակության մասին, ինչպես նաև փոքր ձեռնարկատիրության համար պարզեցված հարկային և հաշվետվական համակարգ սահմանող օրենքների նախագծերը, որոնց ընդունումը, մեր համոզմամբ, պետք է դառնա փոքր ձեռնարկատիրության զարգացման հիմնաքարը:

Առանձնահատուկ կարևորություն և արդիականություն ունի առկա միջազգային ծրագրերում փոքր և միջին ձեռներեցության ներգրավման հնարավորությունը: Միաժամանակ, կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Ներկայումս ծրագրերի իրականացման արդյունավետության հաճախ ոչ բավարար մակարդակը հիմնականում պայմանավորված է համապատասխան ենթակառուցվածքների անկատարությամբ կամ բացակայությամբ, որը ի հայտ է բերում անշարժ գույքի և հողի շուկաների, գրավի և ապահովագրական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը հատուկ ուշադրություն դարձնելու հրամայականը:

Այսօր բացակայում են այն մեխանիզմները, որոնք թույլ կտան փոքր և միջին ձեռնարկատերերին համատեղ հանդես գալ տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում: Հայաստանի այսօրվա ձեռնարկատերերը պետք է կարողանան իրենց շահերը ներկայացնել համակարգված ձևով: Այդ առումով խիստ կարևոր է ձեռնարկատիրական համաժողովների կազմակերպման օժանդակումն ու խրախուսումը, այս բնագավառին առնչվող գործունեությամբ հասարակական կազմակերպությունների, խորհրդատվական ընկերությունների ստեղծումը և, ընդհանրապես, պետություն - ձեռներեցներ երկակի կապի զարգացումը:

Որպես տնտեսության զարգացման, համախառն ներքին արդյունքի աճի, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև տարածքային զարգացման ապահովման միջոց, կառավարությունը կարևորում է զբոսաշրջիկության զարգացումը, մասնավորապես, զբոսաշրջիկության զարգացման համար բարենպաստ իրավական դաշտի ձևավորումը, զբոսաշրջիկության զարգացման ընդհանուր և տարածաշրջանային հեռանկարային ծրագրի մշակումը, և զբոսաշրջիկության խթանման միջոցառումների իրականացումը:

 

3.6. Բանկային համակարգ և ֆինանսական շուկա

 

Կառավարությունը, որպես բանկային համակարգի կայունության երաշխիք, վճռորոշ է համարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անկախության առկա աստիճանի պահպանումն ու դրա հետզհետե բարձրացումը: Տնտեսությանը բանկային համակարգի առավելագույն մերձեցումն ապահովելու հեռանկարով կառավարությունը կենտրոնական բանկին կաջակցի բանկային համակարգի, ինչպես նաև դրան համապատասխան նորմատիվային կարգավորման լծակների զարգացմանը, բանկային գաղտնիքի` օրենսդրությամբ սահմանված երաշխիքների անվերապահ կիրառման ապահովմանը, անկանխիկ վճարումների համակարգի կատարելագործմանը և այդ նպատակով ազգային վճարային համակարգի ստեղծմանը:

Միևնույն ժամանակ, երկրում ներդրումային ակտիվության զարգացման առումով, թերևս, հիմնական գործոնը պետք է հանդիսանա ներդրումների ներգրավման արդյունավետ կառույցների ստեղծման, կապիտալի հավաքագրման և այն տնտեսության մեջ վերաբաշխելու, ինչպես նաև արժեթղթերի միջազգային շուկային ինտեգրացված և երկրի ներքին պայմաններին համապատասխանող արժեթղթերի երկրորդային շուկայի ստեղծմանն ուղղված միասնական պետական քաղաքականության իրականացումը, որի նպատակով կառավարությունն արդեն իսկ խորհրդարանի քննարկման է ներկայացրել արժեթղթերի շուկայի կարգավորումն ապահովող համապատասխան օրենքի նախագիծը: Վերջինիս ընդունումն ու լիարժեք գործողությունը կերաշխավորի ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերի շուկայի թափանցելիությունը:

Կառավարությունը պետական արժեթղթերի շուկային զարգացմանը զուգահեռ նախատեսում է նաև պետական երկարաժամկետ (մեկ տարուց ավելի մարման ժամկետով) պարտատոմսերի թողարկում և դրանց շրջանառության ընդլայնում: Պետական կարճաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքներն իջեցնելու նպատակով կառավարությունը, մասնավորապես, քայլեր կձեռնարկի «գանձապետական պահառու» համակարգի հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար:

Կառավարությունը ֆինանսական համակարգի զարգացման հիմնական ուղղություններից մեկը համարում է ապահովագրական համակարգի զարգացումը, որն առաջիկա տարիներին նպատակաուղղված կլինի` -  ապահովագրական շուկայում գործող սուբյեկտների գործունեության

կարգավորման ու վերահսկման միասնական մեխանիզմների ամբողջական և

համապարփակ ներդրմանը. -  սոցիալական մի շարք խնդիրների լուծման նպատակով պարտադիր

ապահովագրության տեսակների օրենսդրորեն ապահովագրմանը. -  սոցիալական պաշտպանության ոլորտում` սոցիալական ապահովության և

սոցիալական ապահովագրության համակարգերի հստակ տարանջատմանն ու դրանց

համարժեք մեխանիզմների ներդրմանը:

Ֆինանսական համակարգի կայունության երաշխիքների ամրագրման նպատակով կառավարությունը կարևորում է նաև ֆինանսական շուկայի ոչ բանկային ինստիտուցիոնալ մասնակիցների (վարկային միություններ, գրավատներ, ներդրումային բանկեր և այլն) շրջանակի ընդլայնումը և այդ նպատակով համապատասխան իրավական դաշտի ապահովումը:

 

3.7. Հողի և անշարժ գույքի շուկայի զարգացում

 

2000 թվականի սկզբին կառավարությունը պետական քաղաքաշինական հողերի օտարման կանոնակարգման նպատակով հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունումից հետո կսկսի դրանց օտարումը մասնավորեցված ընկերություններին` բնակարանային, առևտրային, արտադրական շինարարության և այլ նպատակներով, ինչը բավարար նախապայմաններ կստեղծի 2001-2002 թվականների ընթացքում հողի շուկայի ձևավորման համար: Հիմնականում կավարտվի անշարժ գույքի սկզբնական գրանցումը, որը թույլ կտա կանոնակարգել նաև անշարժ գույքի շուկան:

2000-2002 թվականների ընթացքում կմշակվի նոր հողային կադաստրը, որը հիմնված կլինի հողի շուկայական արժեքի վրա` հնարավորություն տալով առավել իրատեսորեն սահմանել հողի հարկման համակարգը:

Կառավարությունը կնպաստի հիպոթեքային բանկերի ձևավորմանը, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության մեջ հողի գրավով ներգրավել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ:

 

3.8. Պետական գույքի կառավարում և մասնավորեցում

 

Հայաստանի Հանրապետությունում պետական գույքի մասնավորեցումը, որպես կառուցվածքային բարեփոխումների կարևոր տարր, կշարունակվի նաև 2000-2002 թվականներին` մասնավորեցման գործընթացի հիմնական նպատակը դարձնելով տնտեսության մասնավորեցման աստիճանի, մասնավորեցված ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումը, մասնավորեցման այն մեթոդների զարգացումը և կիրառումը, որոնք թույլ կտան լրացուցիչ միջոցներ ներգրավել մասնավորեցվող ընկերություններում, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեի եկամուտների ավելացումը:

Հանրապետությունում իրականացված մասնավորեցման արդյունքում ձևավորված շուկայական հարաբերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում արտադրությունը ռացիոնալ հիմքերի վրա դնելու, արտադրության կառավարումը բարելավելու, ինչպես նաև նախադրյալներ են ստեղծում արդյունավետ սեփականատերերի և մասնավոր իրավունքի կայացման ինստիտուցիոնալ համակարգը ձևավորելու համար:

Կառավարությունը սեփականաշնորհման հետագա գործընթացում մեծ տեղ կհատկացնի ինվեստիցիոն` ծրագրային սեփականաշնորհմանը:

Մասնավորեցման գործընթացի կազմակերպման տեսանկյունից հիմնականում ուղղվածություն է տրվելու մասնավորեցմանը նախորդող համալիր միջոցառումների իրականացմանը` նպատակ ունենալով գնորդին առաջարկելու ոչ միայն գույք, այլև գործունեության հեռանկարներ ունեցող ընկերություն: Մասնավորեցվող ընկերություններում, մշակված նախապատրաստական աշխատանքի պլանին համապատասխան, իրականացվելու են մասնավորեցման նախապատրաստական միջոցառումներ, որոնք կներառեն ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը, ընկերությունների պարտքերի վերակառուցումը, անհրաժեշտության դեպքում` ընկերությունների վերակազմակերպումն ու գործունեության ծրագրի մշակումը: Ընդ որում, որպես ընկերությունների վերակազմակերպման հիմնական նպատակ պետք է դիտարկել ակտիվների այնպիսի վերակառուցումը, որը թույլ կտա առանձնացնել ընկերության գործունեությունը չխթանող ակտիվների այն մասը, որը ընկերության արդյունավետ գործունեության համար կարող է միայն խանգարիչ բեռ հանդիսանալ, և վաճառքի ներկայացնել միայն ընկերության հետագա գործունեության համար ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվները:

Պետական ընկերությունների գործունեությունը խոչընդոտող պատճառներից ամենալուրջը, թերևս, դրանց հսկայական պարտքերն են: Մի կողմից` ընկերությունների մասնավորեցումից հետո պարտավորությունների փոխանցումը նոր սեփականատերերին թույլ չի տալիս դրամական միջոցներն ուղղել արտադրություն, մյուս կողմից` այդ ընկերությունները, մնալով պետական սեփականության ներքո, ավելի ծանր բեռ են դառնում պետական բյուջեի համար և ավելի անհեռանկարային դառնում դրանց գործունեությունն ու վերակառուցման հնարավորությունները: Նման իրավիճակում նախատեսվում է այդպիսի ընկերությունների վերակազմակերպումը (առանձնացում, բաժանում, միացում, միաձուլում, վերակազմավորում), դրանց ակտիվների գործող մասի առանձնացումը կամ անհեռանկարային ձեռնարկությունների լուծարումը, ինչպես նաև մասնավորեցման ժամանակ, որպես վճարման միջոց, պարտքերի փոխարինումը բաժնետոմսերով:

Մասնավորեցվող գույքի գնահատման հաշվեկշռային մեթոդի կիրառման հետ մեկտեղ անհրաժեշտ է կիրառել նաև գնահատման այնպիսի մեթոդներ, որոնք հնարավորություն կընձեռեն գնահատման արդյունքում ունենալու մասնավորեցվող գույքի շուկայամետ գներ: Այդ առումով, գնահատումը պետք է ծառայի որպես ընդհանուր ուղենիշ որակավորված ներդրողներ ներգրավելու համար:

Մասնավորեցման գործարքների իրականացման ժամանակ (հատկապես` մրցույթների դեպքում) կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը (կարևոր է նաև հոգեբանական տեսանկյունից), որ շատ դեպքերում վաճառքի հանված չաշխատող, բարոյապես մաշված գույքի դիմաց գնորդն առաջարկում է գործարար կառավարում, սպառման շուկաներ, արդիական սարքավորումներ և այլն: Այսինքն, ըստ էության, պետությունը տվյալ դեպքում նույնպես հանդես է գալիս գնորդի դերում և վաճառում է պետական գույքն այնքանով, որքանով «գնում է ներդրողին»: Իսկ ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների համար կապիտալը, գործարար կառավարումը և սպառման շուկաների ընդլայնումն ու հայտնաբերումը շատ ավելի կարևոր դեր են խաղում, քան գույքի դիմաց վճարված գումարները:

Չաշխատող կամ կարողությունների թերբեռնվածությամբ աշխատող ընկերությունների ակտիվները կամ բաժնետոմսերը պետք է վաճառվեն հիմնականում մրցույթի միջոցով` վաճառքի ցածր գներով այն ձեռնարկատերերին, որոնք կներկայացնեն գործարար ծրագրեր և ի վիճակի են կատարելու զգալի ներդրումներ ու ստեղծելու նոր աշխատատեղեր: Նման մոտեցում պետք է կիրառվի մասնավորեցման առաջարկվող բոլոր այն ակտիվների համար (ներառյալ անավարտ շինարարության օբյեկտները), որոնք վերջին տարիների ընթացքում չեն օգտագործվել (օրինակ, որպես այդպիսի չափանիշ կարելի է վերցնել 2 կամ 3 տարիներում չաշխատելու հանգամանքը), կամ բոլոր այն ընկերությունների համար, որոնք աշխատել են արտադրական հզորությունների թերբեռնվածությամբ (օրինակ, վերջին տարիներին աշխատել են իրենց հզորության 10 տոկոսի կամ ավելի քիչ ափով):

Հանրապետությունում արժեթղթերի շուկայի կայունացմանը նպաստելու տեսանկյունից կարևորվում է մասնավորեցվող ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը ֆոնդային բորսաներում, նոր բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի թողարկմամբ ընկերությունների մասնավորեցման ավելի լայն կիրառումը:

Ընկերությունների լուծարման գործընթացը կարելի է նախաձեռնել ոչ թե մասնավորեցման երեք չհաջողված փորձից հետո, այլ ավելի վաղ շրջանում: Նման մոտեցման կիրառման դեպքում նախ` կրճատվում են պետական ընկերությունների անաշխատունակ վիճակում մնալու ժամկետները և մասնավորեցման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերը: Երկրորդ` լուծարվող ընկերությունների գույքի մի մասի վրա կարող են ստեղծվել աշխատող ընկերություններ կամ այդ գույքը կարող է հանձնվել վարձակալության` միջոցներ ներգրավելով պետական բյուջե, իսկ լուծարված ընկերության մնացած գույքի վաճառքից գոյացած գումարները նույնպես կհամալրեն պետական բյուջե: Ընկերությունների լուծարման ընթացակարգերը սահմանելիս նախապատվություն է տրվելու լուծարվող ընկերությունների հիման վրա նոր ընկերությունների ստեղծմանը կամ լուծարվող ընկերությունների գույքի վարձակալությանը` ի հակադրություն ընկերությունների գործունեության ընդհանրապես դադարեցմանը:

Զգալի աշխատանքներ պետք է տարվեն նաև հասարակությանն իրազեկելու համար, որ պետական ընկերությունների մեծ մասը, տնտեսական հարաբերությունների զարգացման նման պայմաններում կենսունակ չէ, և տնտեսության մեջ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից կատարվող ներդրումները միայն նպաստելու են տնտեսական աճին, ուստի նոր աշխատանքների ստեղծմանն ու սոցիալական մի շարք հիմնախնդիրների լուծմանը:

Մասնավորեցման ծրագրում ընդգրկված առանձին ընկերություններ հանդիսանում են ճյուղային առաջատարներ (ամբողջ ճյուղն ընդգրկող ընկերություններ): Նման ընկերությունների համար մշակվում են մասնավորեցման հավասարակշռված այնպիսի տարբերակներ, որոնք կնպաստեն ամբողջ ճյուղի ճգնաժամային վիճակից դուրս բերմանը: Տնտեսության ճյուղային զարգացման տեսանկյունից կարող են քննարկվել առանձին ճյուղերի համար մասնավորեցման համալիր միջոցառումներ` ներառյալ տվյալ ճյուղի ընկերությունների մասնավորեցման հերթականությունը, ձևերի սահմանումը, խմբային մրցույթները, աճուրդները և այլն:

Օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման, բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու իրավունքի մասնավորեցման համար կիրառվելու են այդ իրավունքների մասնավորեցման մրցութային տարբերակները, ինչը հնարավորություն կտա գնահատելու ներդրողի հնարավորությունները և հետագա մասնավորեցման պատրաստականության աստիճանը:

Տնտեսության զարգացման ներկա պայմաններում կարևորվում է նաև դեռևս զգալի մաս կազմող պետական սեփականության արդյունավետ կառավարման քաղաքականության իրականացումը, որը կնպատակաուղղվի արդյունավետ գործող պետական սեփականատիրական հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև խառն ընկերություններում պետական բաժնեմասի կառավարման կատարելագործմանը, պետական բաժնեմասի դիմաց` համապատասխան շահաբաժինների տեսքով, մուտքերի ապահովումը պետական բյուջե:

 

3.9. Տնտեսության հիմնական ճյուղեր

 

3.9.1. Արդյունաբերություն

 

Արդյունաբերական քաղաքականության կամ, այլ կերպ ասած, արդյունաբերության զարգացման ուղղված տնտեսական քաղաքականության բնագավառում կառավարությունը որպես ելակետ ընդունում է այն իրողությունը, որ տնտեսության համամասնական զարգացման անհրաժեշտությունը պարզապես ստիպում է հաշվի առնել և արդյունավետ օգտագործել տնտեսական, մարդկային, բնաաշխարհագրական, պատմական և սովորութային, ինչպես նաև տնտեսական տեղաշարժերի նախորդ ժամանակաշրջանից ժառանգված ողջ ներուժը:

Այս բնագավառում, որպես առաջնահերթ խնդիր, նախ և առաջ անհրաժեշտ է հստակեցնել արդյունաբերության հետագա զարգացման, հետևաբար նաև իրականացվելիք արդյունաբերական քաղաքականության վարման հիմնական ելակետային նախապայմանները, ինչպիսիք են հանրապետության սահմանափակ ներքին շուկան, արդյունաբերության հիմնականում արտահանման ուղղվածությունը, բարոյապես և ֆիզիկապես մաշված սարքավորումների, հնացած տեխնոլոգիաների, ժամանակակից պահանջներին չհամապատասխանող կադրերի առկայությունն ու դրանցով պայմանավորված օտարերկրյա ուղղակի ներդրումների ու առաջավոր մենեջմենթի և տեխնոլոգիաների ներգրավման անհրաժեշտությունը, ձեռնարկություններում շրջանառու միջոցների, զարգացման հիմնավոր ծրագրերի բացակայությունը:

Ելնելով վերոշարադրյալից` արդյունաբերական և ձեռնարկատիրական` ներկա պայմաններում առավել հեռանկարային ու տնտեսապես արդյունավետ ներուժի արագ գործադրման նպատակով կառավարությունը նախատեսում է նախ և առաջ հանրապետության արդյունաբերության մեջ նախապատվությունների ու գերակայությունների համակարգի ստեղծում (ոլորտի դասակարգում` ըստ հեռանկարի), և ապա դասակարգված յուրաքանչյուր խմբի հանդեպ կառավարության ուշադրության աստիճանին համապատասխան գործողությունների իրականացում:

Այս տեսանկյունից կառավարությունն առաջնահերթ ուշադրություն կդարձնի արդյունաբերության հեռանկարային` արտահանմանն ուղղած, ռեսուրսախնայող, քիչ նյութատար և էներգատար, բարձր գիտատար և աշխատատար, հնարավորին չափ սեփական հանքահումքային ռեսուրսների բազայի վրա հիմնված, արտադրանքի միավորի հաշվարկով բարձր արժեք ունեցող, տեղափոխման համար արտադրանքի մշակման հաջորդական ցիկլեր և ներքին կոոպերացիայի բարձր աստիճան ապահովող, վերամշակման հնարավոր առավելագույն փուլեր պահանջող և հանրապետության տարածքում հավելյալ արժեքի առավելագույն ավելացման ցիկլերով անցնող, ինչպես նաև բնապահպանմանն ուղղված արտադրություններին և ճյուղերին: Վերջիններիս կառավարության օժանդակությունը կարող է լինել ընդհուպ մինչև բյուջետային միջոցների առաջնահերթ նպատակաուղղումը տվյալ համակարգի ուսումնասիրմանն ու հեռանկարային աջակցության ծրագրերի կազմմանը` չբացառելով առանձին դեպքերում ձեռնարկությունների կամ դրանց խմբերի նկատմամբ համալիր, ծրագրային մոտեցումների դրսևորումը (ոչ թե բազային ձեռնարկությունների, այլ տեխնոլոգիական և կոոպերացված կապերով շաղկապված ձեռնարկությունների միավորումների առանձնացում և դրանց համար նպատակային ենթածրագրերի մշակում ու իրականացում):

Առկա ճգնաժամային իրավիճակից դուրս գալու և հետագա զարգացման ներուժ և հնարավորություններ ունեցող արտադրությունների ու ճյուղերի հանդեպ ևս կառավարությունը կդրսևորի չափավոր աջակցություն` մյուս բոլոր դեպքերում սահմանափակվելով հիմնականում միջնորդավորված օժանդակությամբ` օգտագործելով առավելապես ոչ պետական կառույցների ներուժը:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ հանրապետության արդյունաբերության ժառանգված կառուցվածքը հեռու է օպտիմալ լինելուց: Երկրի արդյունաբերության ապագա համակարգումը, մեր համոզմամբ, անգամ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում բացակայելու են նախկինում ձևավորված արդյունաբերական ձեռնարկություններ, դրանց խմբեր կամ արդյունաբերության ամբողջ ճյուղեր: Պետք է հաղթահարել բոլոր ձեռնարկությունները կամ ազգային հարստությունն «ամբողջությամբ» և անպայմանորեն պահպանելու բարոյահոգեբանական բարդույթը, սթափորեն գնահատել իրավիճակն ու դրսևորել վճռականություն:

Արդյունաբերական քաղաքականությունից չի կարելի տարանջատել նաև գիտատեխնիկական ոլորտը, որը, հարմարված չլինելով շուկայական պայմաններին, զրկվելով կենտրոնական ֆինանսավորման աղբյուրներից, արագ քայքայվեց, իր հերթին նպաստելով արդյունաբերության քայքայմանը` վերջինիս զրկելով իր հզոր լծակներից մեկից` նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների մշակման ու ներդրման հնարավորությունից: Ինովացիոն - ներդրումային գործունեության կտրուկ աշխուժացման նպատակով կառավարությունը կմշակի երկարաժամկետ ինովացիոն ներդրումային ծրագրեր, որոնք, մասնավորապես, կապահովեն խոշոր մասշտաբային կապիտալի հոսք, ներդրումների արագ վերադարձելիություն, գիտատեխնիկական ներուժի առավելագույն օգտագործում, միջազգային չափանիշները բավարարող նոր, գիտատար արտադրատեսակների ստեղծում:

 

3.9.2. Գյուղատնտեսություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մեջ կշարունակվի կարևորագույն տեղ գրավել ագրարային հատվածը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գյուղատնտեսության ոլորտում առկա, մասնավորապես, հետմասնավորեցման գործընթացի ամբողջականացման հետ կապված խնդիրների լուծմանը:

Հաշվի առնելով, որ հողի հետմասնավորեցման փուլում գյուղացիներին օժանդակություն ցուցաբերելու հարցում առկա դժվարությունները հիմնականում պայմանավորված են այդ օժանդակության մեխանիզմները շուկայական հարաբերությունների ոչ ներդաշնակ լինելու փաստով, կառավարության հիմնական անելիքները նպատակաուղղված կլինեն այդ մեխանիզմները շուկայի պահանջներին համապատասխանեցնելուն և դրան համահունչ ագրոպարենային համակարգի մասնավորեցված հատվածին պետական օժանդակություն ցուցաբերելու ծրագրի կենսագործմանը:

Գյուղատնտեսական մթերքների իրացման կազմակերպման բնագավառում անհրաժեշտ են հստակ միջոցառումներ գյուղատնտեսական մեծածախ շուկաների ձևավորման, վերամշակող փոքր և ճկուն արտադրությունների զարգացման, գյուղատնտեսական մթերքների արտահանման օժանդակման ուղղությամբ: Գյուղատնտեսական արտադրանքի իրացման նպատակով 2000 թվականին կստեղծվի համապատասխան իրացնող կազմակերպությունների ցանց, կմշակվեն դրանց վարկավորման մեխանիզմները, շուկաների մի մասը կվերափոխվի մեծածախ առևտրի կենտրոնների: Գյուղմթերքների իրացմանը կնպաստի նաև 2000 թվականի պետական գնումների պայմանագրային համակարգի զարգացումը: Բանկի, ներքին զորքերի, ազատագրման վայրերի կողմից գյուղմթերքների գնումները կիրականացվեն համապատասխան իրացնող կազմակերպությունների միջոցով` նախապես կնքված պայմանագրի հիման վրա:

Գյուղացիական տնտեսությունների վարկավորման շրջանակների ընդլայնման և այս ոլորտում առկա խոչընդոտների վերացման առումով կառավարությունն իր անելիքները տեսնում է խորհրդատվական ծառայությունների կայացմանն օժանդակելու համարժեք բիզնես ծրագրեր կազմելու գործընթացը զարգացնելու, ինչպես նաև գրավադրման մեխանիզմներում հողի լիարժեք օգտագործման հնարավորությունն ապահովելու ու այդ նպատակով հողի շուկայի ձևավորումն արագացնելու մեջ` ինչը նաև կստեղծի հողակտորների մեծացման, հետևաբար նաև հողի մշակման արդյունավետության բարձրացման հնարավորությունը:

Կառավարությունը գիտակցում է գյուղատնտեսական արտադրատեխնիկական սպասարկումների ծրագրի կատարելագործման անհրաժեշտությունը: Այս ոլորտում, թերևս, անելիքներն առավել շատ են, հարկ է ավարտին հասցնել գյուղատնտեսական աջակցման կենտրոնների համակարգի ձևավորումը, որոնց միջոցով հնարավոր կլինի գյուղացիներին վարձակալական հիմունքներով տրամադրել անհրաժեշտ տեխնիկա և նյութեր: Մարզային սպասարկման կենտրոնները, գործելով շուկայական մեխանիզմներով և բացառելով մենաշնորհային դիրքի ձևավորումը, գյուղացիների համար մատչելի պայմաններով պետք է իրականացնեն նյութատեխնիկական միջոցների մատակարարում և արտադրական սպասարկում:

Գյուղացու և գյուղատնտեսական գիտության միջև երկկողմ կապի վերականգնումը հնարավորություն կտա հողի մշակման արդյունավետությունը հասցնել առավելագույնի` ապահովելով գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը: Միաժամանակ, հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման հեռանկարները դժվար է պատկերացնել առանց գյուղատնտեսության մեջ ապահովագրական համակարգի ամրապնդման, հանրապետության ագրարային հատվածում կոոպերացիայի զարգացման, գյուղացիական միավորների ձևավորման, ինչը և միջնաժամկետ հեռանկարում կշարունակի լինել կառավարության ուշադրության կենտրոնում:

Կառավարությունը կշարունակի ոռոգման բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի ներդրումը` բարձրացնելով ոռոգման համակարգերի շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը, կրճատելով ջրի կորուստները, վերջնականապես կարգավորելով ոռոգման ջրի հատկացման և ջրի վարձի գանձման գործում փոխհարաբերությունները, մասնավորապես, վերացնելով ոռոգման ջրի դիմաց ոչ դրամական վճարումները: 2000 թվականին անցում կկատարվի ըստ բնական գոտիների, ոռոգման ջրի տարբերակված սակագների:

3.9.3. Քաղաքաշինություն

Առաջիկա ժամանակահատվածում քաղաքաշինության բնագավառում կառավարության քաղաքականությունը հիմնականում ուղղված կլինի տարաբնակեցման գլխավոր ուրվագծի սկզբունքների հիման վրա հանրապետության, առանձին մարզերի զարգացման ծրագրերի մշակմանը, հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության կարգավորմանը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից ելնելով, տեսչական - վերահսկողական աշխատանքների ամենուրեք իրականացմանը, ապօրինի և անորակ շինարարության դեմ պայքարին:

Շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ աղետի գոտու վերականգնումը, և այդ նպատակով կառավարությունը հետամուտ կլինի մինչև 2001 թվականը հաստատված ծրագրի լիարժեք իրականացմանը: Աղետի գոտում կշարունակվեն ցուցաբերել առանձնահատուկ մոտեցումներ` համաֆինանսավորման հիմունքներով պետական միջոցների օգտագործում, բաժնետիրական հիմունքներով բնակարանային շինարարության խրախուսմամբ բնակչության միջոցների ներգրավման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև անհատական բնակարանային շինարարությանն աջակցելու համար տրամադրվող վարկային միջոցների ծավալի ապահովում:

Բազմաթիվ են անելիքներն արտածին երևույթների հաշվառման, մոնիտորինգի, կանխարգելման ու հետևանքների վերացման համակարգի մշակման ու ներդրման, շենքերի և կառուցվածքների (հատկապես` կամուրջների) նորմատիվային սեյսմակայունության և ջերմապաշտպանության, անվտանգ շահագործման ապահովման համալիր միջոցառումների ներդրման, քաղաքաշինական կադաստրի ձևավորման, չափագիտական ծառայության ստեղծման, քարտեզագրման բնագավառներում:

Բնակարանային ոլորտում տարվող քաղաքականությունը նպատակաուղղված կլինի գոյություն ունեցող բնակարանային ֆոնդի պահպանման, սպասարկման և շահագործման խնդիրների ապակենտրոնացմանը, պետական անմիջական կառավարման մեխանիզմների` ոչ պետականով փոխարինմանը, պետական պարտավորությունների իրականացման քայլերի հստակեցմանը և բնակարանային շինարարությունից բացի բնակարանային ապահովման այլընտրանքային ձևերի ներդրմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Ոլորտում տնտեսական բարեփոխումների հետագա շարունակման հիմնախնդիրներն են` -  վարձակալական հարաբերությունների կարգավորումը (օրինակելի պայմանագրի

միասնական ձև, վարձավճարների հաշվարկման միասնական մեթոդաբանություն

և այլն). -  համայնքային բնակֆոնդի օտարման ընդհանուր մեխանիզմների (աճուրդների

անցկացման, մեկնարկային գների որոշման մեթոդաբանության) և

նախապայմանների (վարձակալությունից ազատված բնակտարածություն և այլն)

ներդրում -  սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով վնասված

բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավում. -  բազմաբնակարան` քանդման ենթակա և օրենքով մասնավորեցման ոչ ենթակա

բնակելի տների բնակիչների վերաբնակեցում, վթարային բնակարանային ֆոնդի

բնակիչների դրամական փոխհատուցման գործընթացի կարգավորում. -  համատիրությունների, ինչպես նաև բնակֆոնդն սպասարկող ընկերությունների

ստեղծմանն ու կայացմանը պետական օժանդակության ցուցաբերում. -  բնակֆոնդի սպասարկման, շահագործման, պահպանման նկատմամբ պետական

վերահսկողության մեխանիզմների հստակեցում. -  բնակարանային գլխավոր հատակագծերով բնակարանային շինարարության համար

նախատեսված պետական հողերը շինարարական շուկա ներառելու հստակ

ժամկետների սահմանում և միջոցառումների իրականացում (աճուրդներ,

մրցույթներ և այլն). -  բնակարանային կարիքավորության նոր մոտեցումների (սոցիալական

բնակֆոնդում հատկացումների, բնակարանային նպաստների տրամադրում)

ներդրում. -  անավարտ շինարարության բնակելի տների շինարարության հետագա

շարունակմանն աջակցության ծրագրերի կազմում. -  ինժեներական ենթակառուցվածքների արդիականացման, վերանորոգման ու

բարեկարգման աշխատանքների կարգավորում:

Որպես միջնաժամկետ ծրագիր` կմշակվեն և կիրականացվեն ծրագրային միջոցառումներն աղբահանությունը ներկա ոչ շահութաբեր վիճակից եկամտաբեր և և ինքնածախսածածկող համակարգի վերածելու ուղղությամբ:

 

3.9.4. Բնապահպանություն

 

Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության նպատակներին համահունչ կշարունակվեն օրենսդրական դաշտի կատարելագործման, բնական պաշարների համալիր օգտագործման վերականգնելիությանը նպատակաուղղված գործուն բնապահպանական համակարգի ներդրման աշխատանքները (շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագիր, Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիր, ջրային պաշարների կառավարում և այլն):

Չնայած գործադրված ջանքերին, Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը շարունակում է մնալ բնապահպանական հիմնական խնդիրը: Այս ուղղությամբ կշարունակվեն իրականացվել համապատասխան միջոցառումներ, կամրագրվեն խնդրի լուծման օրենսդրական հիմքերը: Մյուս կողմից. Հայաստանի ջրային ռեսուրսները համարելով պետության կարևորագույն հարստություն, կառավարությունը կմշակի և կիրականացնի ջրային ռեսուրսների օգտագործման համալիր հայեցակարգ:

Բնապահպանության բնագավառում վերափոխումների հիմնական ուղղությունները կլինեն բնական պաշարների ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ամբողջական ու համակարգված պետական քաղաքականության իրականացման ապահովումը, բնական պաշարների օգտագործման արտոնագրման ու վճարովի տրամադրման, բնությանը պատճառված վնասի փոխհատուցման համակարգերի զարգացումն ու կատարելագործումը, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը:

 

3.10. Արտադրական ենթակառուցվածքներ

 

3.10.1. Սակագնային քաղաքականություն

 

Սակագների ձևավորման բնագավառում կամայականություններից խուսափելու նպատակով կառավարությունը հետևողական կլինի էներգետիկայի բնագավառի օրինակով, բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում գների և սակագների հաստատման գործառույթն ապագայում կառավարությունից և Ազգային ժողովից անկախ մարմիններին հանձնելու հարցում: Դա թույլ կտա սակագների ձևավորման գործընթացը դարձնել առավել հրապարակային և թափանցիկ, խուսափել մենաշնորհ հանդիսացող գործունեությամբ զբաղվողների` սակագնային քաղաքականության վրա ներազդելուց: Եթե այդ մարմիններն իրականացնեն նաև տվյալ ոլորտներին վերաբերող գործունեության լիցենզավորումը, ապա լուրջ նախահիմքեր կստեղծվեն հակամենաշնորհային քաղաքականություն իրականացնելու համար:

Զուգահեռաբար, կառավարությունը կշարունակի ջանքեր գործադրել կարգավորվող բնագավառներում ներքին ռեսուրսների հաշվին արդյունավետության առավելագույնս բարձրացման ուղղությամբ:

 

3.10.2. Էներգետիկա

 

Վառելիքաէներգետիկ համակարգի բարեփոխումների շրջանակներում հիմնական շեշտադրում կարվի էներգահամակարգի հուսալի և անվտանգ շահագործման, վերազինման ու բաշխիչ ցանցերի մասնավորեցման ծրագրերի իրականացման միջոցով համակարգի արդյունավետ կենսագործունեության, համակարգում առկա կորուստների կրճատման, իսկ երկարաժամկետ հեռանկարում` նաև էներգակիրների ու դրանց մատակարարման ուղիների դիֆերսիֆիկացման վրա` գերակայությունը տալով հարաբերականորեն անկախ աղբյուրներին: Ընդ որում, կառավարությունը համակարգի ֆինանսական կայունության ապահովման հիմնական աղբյուր տեսնում է արդյունավետության բարձրացումը` համակարգի ձեռնարկությունների վերակազմավորման, կորուստների նվազեցման ու վճարների հավաքագրման աստիճանի բարձրացման, համակարգի պարտքերի վերակառուցման, էներգետիկ համակարգի գործունեության թափանցելիության ապահովման և հաշվետվությունների մեխանիզմների կատարելագործման միջոցով: Կառավարությունը կպաշտպանի սակագների ցանկացած հետագա բարձրացում միայն նշված բոլոր հնարավորությունների առավելագույնս օգտագործման պայմաններում դրա անխուսափելիության դեպքում:

Կառավարությունը նշված խնդիրների լուծման համար կշարունակի աշխատանքների իրականացումը օրենսդրական դաշտի կատարելագործման մրցակցային միջավայրի զարգացման ուղղությամբ: Մեծածախ շուկայի ձևավորմամբ հնարավոր կլինի թեթևացնել կարգավորող հանձնաժողովի աշխատանքները, բարելավել շահագործման գրաֆիկները և դիսպետչերական ծառայության աշխատանքները, խթանել շահագործման ծախսերի նվազեցումը և արտադրող կայանների հզորությունների առավելագույնս օգտագործումը, ինչպես նաև որոշակի դարձնել նոր հզորությունների կառուցման նպատակահարմարության խնդիրը:

Որպես հեռանկարային նպատակ որդեգրելով էներգահամակարգում գործող ձեռնարկությունների մասնավորեցումը կամ համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով օտարերկրյա ներդրողների ներգրավումը` կառավարությունը միաժամանակ, մինչև մասնավորեցումը կամ այն դեպքերում, երբ մասնավորեցումը մոտ ապագայում անհնարին է, հետամուտ կլինի պետական ներդրումային ծրագրերի իրականացմանը: Էներգահամակարգի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից, թերևս, պետք է առանձնացնել` -  Արգել (Գյումուշ) ՀԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների

ավարտը. -  ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի առաջին հերթի անվտանգության աստիճանի

բարձրացման միջոցառումների ծրագրի իրագործումն ըստ նախագծված փուլերի. -  Սյունիք - կենտրոն էլեկտրահաղորդման գծի ուժեղացման նախագծում. -  «Իրան - Հայաստան գազամուղի կառուցում» միջազգային ծրագրի իրականացման

նպատակով կոնսորցիումի ստեղծում և անհրաժեշտ աշխատանքների ապահովում. -  սեփական պաշարների առավել արդյունավետ օգտագործման և երկրի էներգետիկ

համակարգի անկախության աստիճանի բարձրացման տեսանկյունից առավել

կարևորվում է Մեղրու ՀԷԿ-ի նախագծման աշխատանքների ավարտը և

ներդրումների իրականացման համար ռազմավարական ներդրողների ներգրավումը. -  Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարության ավարտի հետ կապված խնդրի

համալիր լուծում` հետագայում մասնավորեցման նկատառումով:

 

3.10.3. Ջրամատակարարում

 

Կառավարությունը ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների բարելավման գերակա ուղղություններ համարում է, մասնավորապես, համակարգի կառավարման մեխանիզմների կատարելագործումը (այդ թվում` ֆինանսավորման տարբեր աղբյուրների օգտագործմամբ այս բնագավառում հարուստ փորձ ունեցող ընկերությունների ներգրավման ճանապարհով), ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը, համակարգերի շահագործման տնտեսական արդյունավետության և հուսալիության բարձրացումը.

Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառներում ընթացիկ և առաջիկա տարիներին քաղաքականությունը կողմնորոշված է լինելու ինչպես պետական, այնպես էլ ֆինանսավորման այլընտրանքային միջոցներով ապահովելու` -  բնակչության և տնտեսավարող սուբյեկտների բնականոն կենսագործունեության

ապահովման համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրի անխափան

մատակարարումը, առաջացող կեղտաջրերի համապատասխան աստիճանի մաքրումը և

հեռացումը. -  սակավաջուր բնակավայրերում ջրամատակարարման նոր համակարգերի կառուցման,

ջրատարների, կառուցվածքների, ներքին ցանցերի վերանորոգման առկա տեմպերի

պահպանումը և խորացումը. -  խմելու ջրի բաշխման և կոյուղաջրերի հավաքման քարտեզագրումը. -  ջրաղբյուրների պահպանման և վերահսկողության ծրագրերի մշակումն ու

իրականացումը. -  սպառողների հետ ֆինանսական փոխհարաբերությունների հստակեցումը,

մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման մակարդակի

բարձրացման և ջրի կորուստների նվազեցման նպատակով հաշվառման համակարգի

կազմակերպման համալիր ծրագրի ներդրումը (մասնավորապես` ջրաչափիչների

տեղակայում). -  հոսակորուստների հայտնաբերումն ու վերացումը. -  պոմպակայաններով աշխատող առանձին համակարգերի, հնարավորության դեպքում,

ինքնահոս ջրատարներով փոխարինումը:

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անվտանգ շահագործման ու արդյունավետ գործունեության ապահովման նպատակով կառավարությունը կնախաձեռնի ծրագրային համալիր միջոցառումների մշակումն ու կենսագործումը, մասնավորապես, ջրի որակի վերահսկման, համակարգի շահագործման անվտանգությանն առնչվող թերությունների վերացման, շահագործման նորմատիվների կազմման, շահագործման և վերանորոգման ձեռնարկների մշակման, ապօրինի միացումների հայտնաբերման և կանխարգելման (օրինականացման) ուղղություններով:

 

3.10.4. Տրանսպորտ

 

Տրանսպորտի բնագավառում 2000 թվականին կավարտվի բոլոր ավտոտրանսպորտային ընկերությունների մասնավորեցման գործընթացը, բացառությամբ զորային տիպի ավտոշարասյուների: Կշարունակվի պետական աջակցությունը մետրոպոլիտենի անխափան և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Ինչպես պետական բյուջեի, այնպես էլ Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին կշարունակվեն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նորոգման և վերականգնման աշխատանքները:

Օդային և երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների ավելացման նպատակով աշխատանքներ կտարվեն ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներ նոր չվերթների բացման և համակցված բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ:

 

3.10.5. Հեռահաղորդակցություն և փոստ

 

Կառավարությունը հեռախոսակապի համակարգի գործունեության կարգավորման հիմնական խնդիր է համարում սակագնային քաղաքականության կատարելագործումն ու հեռախոսակապի գլխավոր և միակ օպերատորի գործունեության վերահսկման` լիցենզիայով ամրագրված իրավասությունների լիարժեք կիրառումը, ինչը հնարավորություն կնձեռի ապահովելու ցանցի շահագործման որակի բարելավումը, մասնավորապես, զանգերի ավարտելիության տոկոսի բարձրացումը, վթարների կանխարգելումը, միջազգային կապուղիների կայուն և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև ըստ տարիների զարգացման ծրագրերով սահմանված համապատասխան կատարողական ցուցանիշների ապահովումը:

2000 թվականի ընթացքում կվերագնահատվեն կիրառվող պրակտիկան, լուծումներ կստանան սակագների վերահաշվեկշռման հետ կապված այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են միջազգային փոխհաշվարկների և ներքին սակագների համապատասխանությունն ու հիմնավորվածությունը, օպերատոր-բաժանորդ, օպերատոր-այլ օպերատոր հարաբերությունների կանոնակարգումը:

Փոստային ծառայությունների և առաքումների ասպարեզում կառավարությունն առաջնահերթ է համարում օտարերկրյա փորձի ուսումնասիրմամբ ոչ ավանդական փոստային ծառայությունների ընդլայնումը, պայմանագրային ծառայությունների միջոցով փոստի ազգային համակարգի շահութաբեր գործունեության ապահովումը:

 

3.11. Բյուջետային համակարգ

 

Կառավարությունը բյուջետային համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքը ներկայացնելիս, կզարգացնի սահող բյուջեի գաղափարը` միջնաժամկետ ծրագրերի շարունակական ընթացքի ապահովման նպատակով մշակելով դրանց իրականացման փաթեթ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի անցում կատարել միջնաժամկետ պետական ծախսային ծրագրերի իրականացմանը, որը, պետական քաղաքականության նպատակների ու ծախսային հատկացումների միջև առավել սերտ կապերի հաստատմամբ, կբարելավի միջոցների հատկացումներն ըստ ոլորտների` ելնելով դրանց ռազմավարական առաջնահերթությունից:

Կառավարությունը, զուգահեռաբար, բյուջետային համակարգի հիմնական բաղադրիչներից մեկի` համայնքների բյուջեներին վերաբերող օրենսդրության հետագա զարգացման ուղղությամբ նախատեսում է համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման սկզբունքների կատարելագործում և համայնքների ներդաշնակ զարգացման ապահովման բնագավառում պետության կարգավորիչ դերի իրագործման եղանակներում շեշտի փոխադրումն առավելագույնս համայնքների բյուջեներին պետական բյուջեից նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրմանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վերջերս կայացած համակողմանի քննարկումները վեր հանեցին օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող համապետական նշանակություն ունեցող ծրագրերի արդյունավետ ու նպատակային իրագործման ապահովման հրամայականը, և նշված առումով կառավարությունն անհրաժեշտ է համարում զարգացնել վարկային և դրամաշնորհային միջոցների օգտագործման վերաբերյալ տվյալների միասնական բազայի ստեղծման, պարբերական մոնիտորինգի ապահովման և կառավարման ու վերահսկողության ուժեղացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Պարտադիր պայման պետք է հանդիսանա արտաքին պետական պարտքի կառավարման ռազմավարության ամենասերտ փոխկապվածությունը պետական ծախսերի ընդհանուր քաղաքականության հետ` վերջինիս գերակայության պայմանով: Արտաքին ֆինանսավորում ներգրավելիս կառավարությունը կհետևի արտաքին պետական պարտքի աճի տեմպերի կրճատման, ստացվող վարկերի պորտֆելի վերակազմավորման (նախապատվությունն արտոնյալ վարկերին տալու առումով) ուղենիշին: Այս առումով նոր վարկերի ներգրավումը կիրականացվի բացառապես սպասարկման առավել մեղմ պայմաններով` հիմնականում միջազգային ֆինանսական այնպիսի կազմակերպություններից, որոնք արտոնյալ վարկեր են տրամադրում վարկառու երկրների տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով` միաժամանակ երկկողմանի ոչ արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը նվազեցնելով նաև վերաձևակերպումների և վարկերի վերաբանակցման միջոցով:

Բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործման համար կարևոր նշանակություն կունենա պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների արդյունավետ օգտագործման միջնաժամկետ ռազմավարական ծրագրի մշակումն արդեն իսկ այս տարվա ընթացքում, որը 2000 թվականին կներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը: Միաժամանակ, որպես ցանկացած նման ծրագրի արդյունավետ կենսագործման նախապայման, կառավարությունը կարևորում է պետական բյուջեի իրատեսականության անվերապահ ապահովումը:

Կառավարությունը կշարունակի պետական ծախսերի կառավարման համակարգի կատարելագործումը պետական ծախսերի կառավարման բնագավառում պետությանն առնչվող բոլոր դրամական հոսքերի ներառման, դրանց արդյունավետ օգտագործման և թափանցելիության պայմաններում` նշված բնագավառում հաստատելով կառավարման ճկուն մեխանիզմներ ապահովող ենթակառուցվածքներ և ներդնելով կառավարման սկզբունքորեն նոր մոտեցումներ` -  նյութական խրախուսման նպատակով պետական կառավարման տարբեր մարմինների

համար ստեղծված արտաբյուջետային ֆոնդերի փոխարինում բյուջետային

ուղղակի հատկացումներով. -  պետական գնումների բնագավառում քաղաքականության հստակեցում, կառավարման

բոլոր մարմինների համար պետական գնումների իրականացման ընդհանուր

կանոնների սահմանում և պետական գնումների իրականացում` բացառապես

պայմանագրային հիմունքներով. -  գանձապետական համակարգի կատարելագործում, վճարման նոր մեխանիզմների`

գանձապետական չեկերի և էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում. -  պետական արժեթղթերի երկրորդային շուկայի հետագա զարգացում` այդ

նպատակով հանրամատչելի տեղեկատվական համակարգի ապահովում և

«գանձապետական պահառու» համակարգի զարգացում. -  պետական ֆինանսական վիճակագրության համակարգի կատարելագործում`

միջազգային չափանիշներին համապատասխան պետության հաշվեկշռի կազմում,

եկամուտների և ծախսերի դասակարգում, բյուջետային հաշվառման և

հաշվետվությունների համակարգերի կատարելագործում:

Կառավարությունը առաջիկայում ևս բոլոր ջանքերը կգործադրի պետական բյուջեում նախատեսված առաջնահերթ ծախսերի գծով որևէ պարագայում պարտքերի կուտակումը բացառելու համար: Պետական կառավարման մարմինների գործողությունների վերահսկման մեխանիզմների ներդրումը, մասնավորապես, պետական բյուջեի, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրի, համայնքների բյուջեների գործառնությունների համախմբումն ու գործող բոլոր ճյուղային արտաբյուջետային ֆոնդերի մոնիտորինգ իրականացումը կապահովեն կառավարության գործունեության թափանցիկությունն ու վերահսկելիությունը որ միայն Ազգային ժողովի, այլ նաև ամբողջ հասարակության համար:

 

3.12. Հարկային համակարգ

 

Կառավարությունը, հարկային վարչարարության կատարելագործմանը զուգընթաց, շարունակելու է հարկային բեռի նվազեցման միտումով դրա հավասարաչափ բաշխման որդեգրած քաղաքականությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միջնաժամկետ հեռանկարում հարկային համակարգի կայունության ապահովմանը: Կառավարությունն առաջնային նշանակություն է տալիս հարկատուների շահերի պաշտպանությանը և այդ նպատակով նախատեսում է` -  հարկային ստուգումների մեխանիզմի պարզեցում և արդյունավետության

բարձրացում` իրականացվող գործունեության վերաբերյալ հարկատուների

կողմից ներկայացվող տեղեկատվական հոսքերի մշակման գործընթացների

ավտոմատացման և դրանով իսկ հեռակա (կանխարգելիչ) ստուգումների

համակարգի զարգացման միջոցով. -  հարկային ստուգումների արդյունքում արձանագրված լրացուցիչ հարկային

պարտավորությունների գանձում` բացառապես դատարանի միջոցով, դրանց

հաստատումից հետո իրականացնելով դրույթի օրենսդրական ամրագրում. -  հարկատուների ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնող

մարմինների ֆունկցիաների հստակ տարանջատում և ստուգումների գործընթացի

կանոնակարգում. -  հարկատուների իրազեկման աշխատանքների ծավալների և որակի բարձրացում:

Միաժամանակ, որպես հարկային դրույքաչափերի հետագա նվազեցման ու հարկման ազատական մոտեցումների զարգացման աղբյուր, կառավարությունը տեսնում է նախ և առաջ հարկման համահավասար մեխանիզմների գործողության ամրապնդումը` հարկատուների հարկային պարտավորությունների անվերապահ կատարման ապահովում և միջնաժամկետ հեռանկարում հարկային արտոնությունների հնարավոր առավելագույն կրճատում: Կառավարությունը ոչ միայն չի հանդուրժելու հարկային ապառքների հետագա որևէ աճ, այլ նաև հարկատուների սահմանադրական պարտավորության կատարումն ապահովելու նպատակով վճռականորեն ձեռնամուխ է լինելու դրանց ձևավորած` մակարդակի նվազեցմանը ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող հարկատուների մոտ, անկախ որևէ հանգամանքից` անմիջապես ապահովելով օրենքով սահմանված անվճարունակության ընթացակարգերի կիրառումը: Իրական հարկային պարտավորությունների չհամապատասխանող հարկային պարտավորություններ հայտարարագրող հարկատուների նկատմամբ կառավարությունը կապահովի հարկվող օբյեկտները և հարկային պարտավորություններն անուղղակի եղանակներով գնահատելու պրակտիկայի լայնածավալ կիրառումը` միաժամանակ այդ մեխանիզմների իրական կարգավորումը բարձրացնելով օրենքի աստիճանի:

Հարկային համակարգի միասնականության նպատակով կառավարությունը կարևորում է նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ուժեղացումն ու ֆիզիկական անձանց գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրումը` նպատակ ունենալով ապահովել անձի սպառման իրավունքի ծագման և դրան համապատասխան հարկային պարտավորությունների կատարման մասին հրապարակայնությունը` միաժամանակ աստիճանաբար զարգացնելով եկամտահարկով հարկման նպատակով որոշ ծախսերի նվազեցման հնարավորությունը:

 

3.13. Սոցիալական համակարգ

 

3.13.1. Բնակչության սոցիալական պաշտպանվածություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական ապահովության քաղաքականությունն արտահայտվելու է սոցիալական ապահովության համակարգի կառավարման կատարելագործմամբ, պետական նպաստների համակարգի և սոցիալական ապահովագրության սկզբունքների ներդրմամբ: Այդ նպատակով նախատեսվում է «Պետական նպաստների մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», ինչպես նաև «Ժամանակավոր աշխատունակության պարտադիր ապահովագրության մասին» օրենքների ընդունում:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախատեսվում է աշխատանքի պայմանների և անվտանգության ապահովման հետ կապված գործող օրենսդրության կատարելագործում, աշխատանքի տեսչության գործառույթների, իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության հստակեցում, զբաղվածության ոլորտը շուկայական տնտեսության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով գործազրկության դեպքերից պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակում, աշխատանքի և զբաղվածության պետական ծառայության կառավարման օպտիմալացում, զբաղվածության հարցերով գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների գործունեության կանոնակարգում:

Կենսաթոշակային ապահովության ոլորտում կառավարությունը հետևողականորեն կիրականացնի կենսաթոշակային ապահովության ռազմավարության հաստատված հիմնադրույթներով սահմանված համապատասխան միջոցառումները (համակարգի համապատասխանեցում ապահովագրական սկզբունքներին, քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրում և այլն), ապահովելով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման և կենսաթոշակների նշանակման ու վճարման մեխանիզմների կատարելագործման ճանապարհով կենսաթոշակների աստիճանական բարձրացման ու ժամանակին վճարման ապահովումը: Ընդ որում, կենսաթոշակների չափերի բարձրացման անխուսափելիությամբ հանդերձ կառավարությունը գիտակցում է, որ որևէ նման բարձրացման մասին խոսք գնալ չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ պետությունն ի վիճակի չէ ժամանակին վճարել նույնիսկ սահմանված կենսաթոշակները:

Սոցիալական աջակցության ոլորտում նախատեսվում է ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործում` սոցիալական արդարության և հասցեականության սկզբունքների ամրապնդման ճանապարհով, մասնավորապես, կատարելագործելով կարիքավորության աստիճանը որոշելու մեթոդիկան և դրանում ներառելով նաև ընտանիքի եկամտի մասին հայտարարագրման գաղափարը:

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվելու բժշկասոցիալական փորձաքննության, անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամների տվյալների հանրապետական բանկի ստեղծման, նրանց բժշկասոցիալական վերականգնման անհատական մոտեցման հարցերին: Նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգի աշխատանքների կանոնակարգման խնդիրների հետ կապված միջոցառումների իրականացում և հաշմանդամների մասնագիտական վերականգնման հիմնախնդրի լուծման նպատակով համապատասխան հայեցակարգի մշակում:

Կհստակեցվեն տարեցներին սպասարկելու հարցում պետական, հասարակական և կրոնական կազմակերպությունների համագործակցության սկզբունքները, տուն-ինտերնատ ընդունման, տնային պայմաններում սպասարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը, միայնակ տարեցների սոցիալական սպասարկման նոր ձևերի ու տեսակների ներդրման մեխանիզմները:

Կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտում նախատեսվում է կառավարության որոշմամբ հաստատված` կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրից բխող` հանցագործություններից տուժած, այդ թվում` բռնության ենթարկված կանանց պաշտպանության հայեցակարգի մշակում, ինչպես նաև ծանր իրավիճակներում հայտնված կանանց սոցիալական պաշտպանության օրենսդրական ամրապնդում:

Միջոցառումներ կիրականացվեն երեխաների շրջանում թափառաշրջիկության և մուրացկանության կանխարգելման և վերացման ուղղությամբ:

Կառավարությունը հետևողական աշխատանքներ կտանի զբաղվածության խնդրի աստիճանական լուծման, ժողովրդագրական գործընթացները կարգավորելու, ինչպես նաև միգրացիան մեղմելու ուղղությամբ:

 

3.13.2. Առողջապահություն

 

Առողջապահության զարգացման ասպարեզում կառավարությունը խնդիր է դրել հարթել համակարգի զարգացման վերջին տարիների անբարենպաստ միտումները, եղած միջոցների ու ներուժի սահմաններում առավելագույնս ապահովել քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, բարձրացնել պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրական մատչելիությունն ու ծավալը` սկիզբ դնելով ոլորտում սոցիալական և շուկայական արժեքների նպատակաուղղված համակշռմանն ու հասարակական առողջապահության համակարգի ձևավորմանը: Հասարակական առողջությունը և առողջապահությունը ձևավորվելու են որպես պետության և հասարակության ընդհանուր պատասխանատվություն նախատեսող միջգերատեսչական, բազմասեկտորային ոլորտ:

Բուժօգնության առաջնային օղակը ներկայացնող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի զարգացման հիմնական ուղղություններն են` պետական և Համաշխարհային բանկի վարկային միջոցների օգտագործմամբ ընտանեկան բժշկության համակարգի ձևավորումը, անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության բավարար ծավալի և որակի ապահովումը, համայնքների կողմից համակարգին լրացուցիչ ֆինանսական աջակցության երկարաժամկետ քաղաքականության ձևավորումը:

Պետությունը շրջադարձ է կատարելու դեպի անվճար հիվանդանոցային բուժօգնության աստիճանական վերականգնումը, և այդ նպատակով 2000 թվականին Երևանում, 2001-2002 թվականներին նաև մարզերում նախատեսվում է առանձնացնել պետական հիմնարկի կարգավիճակով մոտ 30 բացառապես անվճար բուժօգնության, պետական բյուջեից տարեկան հաշվարկային ցուցանիշով ֆինանսավորվող հիվանդանոցային բուժհիմնարկներ, որտեղ կկենտրոնացվի անվճար ընդհանուր պրոֆիլի բուժօգնության հիմնական մասը: Հիվանդանոցների մնացած մասը կատարելու է նեղ մասնագիտացված և անհետաձգելի, մարզերում նաև սոցիալապես անապահով խմբերին ցույց տրվող բուժօգնություն` բյուջեից տրվող ընդհանուր միջոցների և պայմանագրի հիման վրա, ինչպես նաև զարգացնելու է վճարովի բուժօգնությունը, այդ թվում` բժշկական ապահովագրության սկզբունքներով: Մի կողմից պետական միջոցների կենտրոնացման, մյուս կողմից, ազատ մրցակցության սկզբունքների այս համադրումը ժամանակի ընթացքում կբերի ոչ միայն իրապես անվճար բուժօգնության ապահովմանը, այլ նաև բուժօգնության արժեքների և գների զսպմանը թե անվճար, թե վճարովի սեկտորներում: Անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն նաև պետական պատվերին զուգահեռ բժշկական ապահովագրության հուսալի և արդյունավետ համակարգի ձևավորման և խորացման համար:

Դեղային և տեխնոլոգիական քաղաքականության հիմնական ուղղվածությունը լինելու է դրանց մատչելիության, անվտանգության և կիրառման արդյունավետության բարձրացումը, որի նպատակով բնակչության անվճար բուժօգնության մասով կներդրվի պետական կենտրոնացված գնումների համակարգը, կշարունակվեն բնակության առանձին խմբերի դեղորայքային ապահովվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները (մարդասիրական դեղտների ցանցի ընդլայնում, մանկական և վետերանների դեղատների կազմակերպում, հատուկ նշանակության, եզակի և հսկվող դեղերի երաշխավորված ապահովում` տարածքային սկզբունքով առանձնացված դեղատներում):

Ծրագրվում է ընդունել բժշկական մասնագիտությունների նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող անվանացանկը և բժշկական կրթության նոր սխեման, ներդնել բժշկական հետդիպլոմային կրթության կատարելագործման մատչելի համակարգ:

 

3.13.3. Կրթություն և գիտություն

 

2000 թվականին կառավարությունը նախատեսում է իրականացնել կրթության համակարգի պահպանմանը և ճգնաժամային գործընթացների խորացման կանխարգելմանն ուղղված անհետաձգելի և համալիր միջոցառումներ` միաժամանակ ապահովելով կրթության համակարգի հետագա զարգացումը:

Երկրի զարգացման համար կարևորելով նախադպրոցահասակ երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը` կառավարությունը ընտանիքներին կաջակցի, կարդիականացնի նախադպրոցական կրթության նորմատիվային դաշտը` ըստ հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերի, տիպերի, աշխատանքային ռեժիմների և տարբերակված կրթական ծրագրերի, կօժանդակի մանկապարտեզներում չընդգրկված երեխաների համար ծնողների ցանկությամբ դպրոցներում նախապատրաստական խմբերի ձևավորմանը:

Հանրակրթական համակարգի բարեփոխումները կշարունակվեն բոլոր հիմնական ուղղություններով` կառուցվածքային, ֆինանսատնտեսական, կազմակերպական, որոնք կներառեն հանրակրթական կառավարման ապակենտրոնացումը, հաստատությունների ինքնավարության աճը և անցումը ֆինանսավորման նոր` ըստ աշակերտների թվի, համակարգի: Ընդհանուր միջնակարգ կրթության համակարգի պահպանմանն ու զարգացմանը զուգահեռ քայլեր կձեռնարկվեն 11-ամյա ուսուցման կազմակերպման նախադրյալների ստեղծման ուղղությամբ:

Միաժամանակ, առկա է նաև հանրակրթության կառավարման և ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման, մասնավորապես, մանկավարժական և վարչական հաստիքների օպտիմալ հարաբերակցության սահմանման, ինքնավարության հնարավորության, սահմանամերձ, բարձրլեռնային և մեկուսացված բնակավայրերի թերհամալրված դպրոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը:

Բարձրագույն կրթության ոլորտում կառավարությունը, օրենսդրական նոր դաշտի պահանջներին համապատասխան, իր խնդիրների շարքում կառանձնացնի` -  մասնավոր բուհերի արտոնագրման և հավատարմագրման պետական չափորոշիչների

ամրագրում` հիմնված միասնական մասնագիտական ծրագրերի մշակման և

կիրառման վրա. -  միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանցի

ռացիոնալացման ծրագրի մշակումը. -  պետական պատվերի ձևավորման և տեղաբաշխման կարգի արմատական

վերափոխումը` նպատակ ունենալով հնարավոր կարճ ժամկետում հրաժարվել

«ժառանգաբար» փոխանցվող ընդունելության տեղերի հավասարաչափ բաշխման

եղանակից. -  բուհական ինքնավարության ընդլայնում և բուհական վերջնական արդյունքի

նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը:

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության համակողմանի առաջընթացի համար գիտությունը դիտում է իբրև կարևորագույն գործոն: Կառավարությունը կձեռնարկի ոլորտի զարգացումն ապահովելու, խոչընդոտող հիմնախնդիրները լուծելու քայլեր, մասնավորապես, գիտության կառավարման և ֆինանսավորման վերափոխման և կառուցվածքային օպտիմալացման ուղղությամբ: Գիտության բնագավառի հիմնախնդիրների լուծման հարցում կառավարության քաղաքականությունը նպատակաուղղվելու է նաև գիտական պոտենցիալի զարգացման ռազմավարության շրջանակներում պետական հովանավորության արդյունավետ համակարգի ձևավորմանը զուգահեռ գիտության ֆինանսավորման մասնավոր աղբյուրների խթանմանը:

Ելնելով հարցի բացառիկ կարևորությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգիռ գիտական կոլեկտիվների մասնակցությամբ կմշակի գիտության ոլորտի բարելավման հայեցակարգ:

 

3.13.4. Մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր

 

Կառավարությունը պետության մշակութային քաղաքականության զարգացման հիմնական ուղին ազգային մշակութային արժեքների պահպանման և զարգացման հանրապետական ծրագրերի իրագործումն է: Կառավարությունը մշակութային արժեքները համաշխարհային հանրակրթությանը պատշաճորեն ներկայացնելու համար կշարունակի ռազմավարության մշակումը, որը պետք է հիմնված լինի համամարդկային և ազգային արժեքների ներդաշնակության վրա:

Հաշվի առնելով, որ ոլորտը, թերևս, ամենից քիչ է ենթարկվել կառուցվածքային բարեփոխումների և ծառացել են ոլորտը ազատական տնտեսական համակարգին համապատասխանեցնելու հրամայականներ, կառավարությունը ձեռնամուխ կլինի պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանմանը, ոլորտի կառավարման գործում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների աստիճանական ընդլայնմանը, պրոֆեսիոնալ և ֆիզիկական դաստիարակության զարգացման գործում պետության պատասխանատվության օրենսդրական սահմանմանը, ոլորտի կառավարման կատարելագործման ու գործունեության օպտիմալացման քաղաքականության ապահովման գործում բազիսային ֆինանսավորման, պետպատվերի տեղադրման և ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների զուգակցմանը:

Կառավարությունը ֆիզիկական կուլտուրային և սպորտին պետական աջակցություն ցուցաբերելու հայեցակարգի հիման վրա Ազգային ժողով կնեկայացնի համապատասխան օրենքի նախագիծ, որով կսահմանվեն այս բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն ու ուղղությունները, պետության պարտավորությունները, ֆիզիկական կուլտուրային և սպորտին պետական աջակցության ձևերը, ինչպես նաև կկարգավորվեն ֆիզիկական կուլտուրային և սպորտին, օլիմպիական շարժմանն առնչվող այլ հարաբերություններ:

Պետական երիտասարդական քաղաքականության գլխավոր նպատակն է` երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ ստեղծելը:

Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության հիմնական սկզբունքներից են` -  պետական, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման

գործընթացում պետության, հասարակության և անհատի շահերի, քաղաքացիների

իրավունքների և պարտականությունների համադրումը. -  երիտասարդ քաղաքացիների անմիջապես մասնակցության ապահովումը

երիտասարդությանը և ողջ հասարակությանը վերաբերող քաղաքականության և

առանձին ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին:

 

3.13.5. Տեղեկատվություն

 

Տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը մեծապես կնպաստի միջազգային տեղեկատվական համակարգերում Հայաստանի Հանրապետության մասին արդիական և մշտապես թարմացվող տեղեկությունների ապահովումը, որի նպատակով կառավարությունը նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում:

Կառավարությունը բարեփոխումների ծրագրերին հասարակության աջակցության ամրապնդման տեսանկյունից մեծ նշանակություն է տալիս իր գործունեության առավելագույնս հրապարակայնության ապահովմանը, հանրությանն ընդունվող որոշումներն ու իրագործվող քաղաքականությունը ներկայացնելը, կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հրապարակային քննարկումներ կազմակերպելը` օգտագործելով նաև պատգամավորական լսումների հնարավորությունը:

Առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում պետական լրատվամիջոցներին պետպատվերի ձևավորման թափանցիկ և հիմնավորված մեխանիզմների մշակումն ու կիրառումը:

 

3.14. Կոռուպցիայի դեմ պայքար

 

Համաշխարհային հանրությունը վաղուց է ընկալել կոռուպցիայի վտանգավորությունն ամբողջ մարդկության համար: Աշխարհի ոչ մի պետություն չի կարողացել խուսափել դրա այս կամ այն չափով դրսևորումներից: Դրա ակնառու վկայություններն են համաշխարհային հանրության լուրջ մտահոգություններն ու կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպմանն ուղղված միջոցառումները: Այսօր համոզված ու վստահաբար կարելի է ասել, որ տեռորիզմի հետ միասին կոռուպցիան ևս դարձել է համաշխարհային զարգացման գլխավոր խոչընդոտը:

Ընդհանուր մի սահմանմամբ բնորոշել, թե ինչ է կոռուպցիան, բնականաբար հնարավոր չէ:

Այն խիստ ճյուղավորված է` ամենատարբեր և ամենաանսպասելի դրսևորումներով: Սակայն կոռուպցիայի հիմնական տարատեսակները, մեր համոզմամբ, արտահայտվում են կաշառակերության և կաշառատվության ձևով:

Դրա հետ մեկտեղ, այսօր, կոռուպցիայի հիմնական տարատեսակներից է հատկապես հովանավորչությունը` իր վատագույն դրսևորումներով: Վերջինս խիստ բնորոշ է հայկական իրականությանը: Կոռուպցիան թափանցելով պետական կառավարման մեքենա շատ արագ կկազմալուծի այն` վերածվելով ազգային աղետի ու խարխլելով պետականության հիմքերը:

Այս ամենով է պայմանավորված այդ չարիքի դեմ կազմակերպվող պայքարի ընդգրկուն և բազմակողմանի բնույթը, անընդհատության ու հետևողականության անհրաժեշտությունը:

Կառավարությունը հստակ գիտակցում է, որ հատկապես Հայաստանի պայմաններում կոռուպցիան շատ ավելի վտանգավոր և անգամ կործանարար հետևանքներ կարող է ունենալ պետության, մասնավորապես, ժողովրդավարության հետագա զարգացման, տնտեսական առողջացման, քաղաքացիական ու իրավական հասարակարգի ձևավորման համար: Կոռուպցիան չի կարելի դիտարկել որպես միայն քրեաիրավական խնդիր: Այն անշուշտ կախված է նաև հասարակության քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակից:

Սրանով էլ պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի համակողմանի ծրագրի անհրաժեշտությունը: Ծրագիր, որը ենթադրում է համակարգված, բազմակողմանի, երկարաժամկետ և հետևողական գործունեություն հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում և օրենսդրական դաշտի կարգավորում, և պետական մեքենայի պարզեցում ու թեթևացում` ընդհուպ մինչև կրկնվող օղակների լրիվ վերացումը:

Կոռուպցիայի քրեորեն հետապնդելը` դրամաշորթության, փողերի լվացման, բանկային զեղծարարության և շրջանառության մասին օրենսդրության հստակ սահմանմամբ, պետք է լինի առաջին կարևոր քայլը:

Կոռուպցիայի դեմ համապարփակ ծրագիրը ենթադրում է նաև հասարակության բոլոր շերտերի մասնակցությունն այդ չարիքի դեմ պայքարի գործընթացին: Արդյունքում, այդ հիրավի մահացու աղետի նկատմամբ կձևավորվի զանգվածային անհանդուրժողականություն: Միայն այսպես կարելի է արմատախիլ անել չարիքը: Պետք է կարողանանք ամենքի և յուրաքանչյուրի մեջ ամրապնդել այն գիտակցությունը, որ պաշտոնը, պետական ծառայությունը ոչ թե հարստանալու միջոց է, այլ պետության և ժողովրդին ծառայելու բարի կամք, հսկայական պատասխանատվություն:

Կոռուպցիայի դեմ պայքարի երկարաժամկետ ծրագրի մշակմանը զուգընթաց արդեն այժմ կառավարությունը գործողության մեջ կդնի այդ ծրագրի որոշակի տարրեր` իրավական հիմքի վրա վերակառուցելով տնտեսական, կառավարման և այլ հիմնական հարաբերությունների համալիր, իրականացնելով կադրային ու կառուցվածքային նոր քաղաքականություն, կիրառելով պատժիչ միջոցներ` բացառապես սահմանադրության շրջանակներում գործող օրենսդրության հիման վրա:

Բնականաբար, դա մեկ օրվա կամ մեկ ամսվա ընթացքում իրագործելը պարզապես անհնար է: Սակայն այսօր կառավարությունն ունի քաղաքական կամք ու հաստատակամություն արագ և նվազագույն սխալներով լուծելու այս կարևորագույն խնդիրը: Միայն այսպես կարելի է էապես փոխել հասարակության մեջ ձևավորված համակերպվածության, անվստահության մթնոլորտը և վերականգնել մարդկանց հավատը կառավարության, իշխանությունների, պետականության նկատմամբ:

 

3.15. Քաղաքացիական ծառայություն

 

Հանրային ծառայությունների մատուցման գործում կառավարությունը հիմնական շեշտը դնում է քաղաքացիական ծառայության նոր համակարգի ստեղծման վրա: Պետական ծառայության բարեփոխումներն ընդգրկելու են քաղաքացիական ծառայության կառավարման նոր կառույցի ստեղծումը, աշխատողներին ըստ արժանիքների հավաքագրման, քաղաքացիական ծառայությունում աշխատանքը մատուցվող ծառայությունների որակի հետ պայմանավորված առաջխաղացման ապահովումը, քաղաքացիական ծառայության պաշտոնների նկարագրումը, պաշտոնյաների պատասխանատվության սահմանների որոշումը, նրանց վարձատրության և սոցիալական ապահովության, եկամուտների և գույքի հայտարարագրերի համակարգի ներդրումը: Այս սկզբունքների հիման վրա ներկայումս նախապատրաստվում է և 2000 թվականի 1-ին կիսամյակում Ազգային ժողով կներկայացվի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Թափանցիկ և կանխատեսելի պետական ծառայությունը երկիրը ներդրողների համար հրապուրիչ դարձնելու կարևորագույն գրավական է: Այդ նպատակով կնախապատրաստվի գործադիր մարմինների կազմակերպմանը վերաբերող օրենսդրական առաջարկ, որը կսահմանի պետական կառուցվածքների կատեգորիաները, դրանց դերը, պարտականույուններն ու հաշվետվության պայմանները: Համանման գործընթաց կիրականացվի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, որի արդյունքում կհստակեցվի լիազորությունների տարանջատումը: Այս քայլը միաժամանակ հնարավորություն կտա պետությանը վերապահված գործառույթների սահմաններում ճշգրիտ հաշվարկել պետական ծառայության զբաղվածության մակարդակը:

Նշված հիմնախնդիրների լուծումը թույլ կտա օպտիմալացնել պետական կառավարման մարմինների գործունեությունը և բարձրացնել պետական ծախսումների արդյունավետությունը: Բացի դրանից, նախանշված միջոցառումները նախապայման կհանդիսանա կառավարության կողմից մշակվող հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի համար:

 

3.16. Տարածքային քաղաքականություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգի զարգացումը նպատակաուղղվելու է հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական ներդաշնակ զարգացման, պետական կառավարման ապակենտրոնացման, տեղական ինքնակառավարման դերի և արդյունավետության բարձրացման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և ֆինանսական հնարավորությունների համապատասխանության ապահովմանը:

Մարզպետը դիտվելու է իր մարզի պատասխանատուն: Մարզպետների ինստիտուտին է վերապահվելու մարզի տարածքում հանրապետական գործադիր մարմինների վերահսկողական ֆունկցիաների իրականացումը` հանրապետական մակարդակում թողնելով տեսչական ստուգումների միջոցով մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային ենթակայության կառույցների աշխատանքները վերահսկելու գործառույթները:

Սահմանվելու է Երևանի կառավարման նոր մոդելը` հիմքում դնելով Երևանում (քաղաքի մակարդակով) տեղական ինքնակառավարում իրականացնելու հնարավորության օրենսդրական ապահովումը, քաղաքի և թաղային համայնքների իրավասությունների հստակեցումը:

Մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային կառույցների կանոնադրական պատասխանատվությունների հստակեցմանը զուգահեռ կառավարությունը մարզպետների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընթացիկ գործունեության արդյունավետ վերահսկման մեխանիզմների զարգացման և տեղական ինքնակառավարման մարմինների ապօրինի գործողությունների կանխարգելման նպատակով հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:

Պետական բյուջեի մարզային կտրվածքով հատվածը կդիտվի որպես մարզպետի գործունեության ծրագիր և այդ գործունեության գնահատման հիմնական չափանիշները բյուջեով նախատեսված միջոցառումների կատարման ցուցանիշներն են:

Կառավարությունը կառավարման համակարգերի և ենթակառուցվածքների հետագա ապակենտրոնացումը դիտում է որպես ազատական տնտեսության և ժողովրդավարական սկզբունքների հետագա ամրապնդմանն ուղղված կարևոր գործընթաց, որը պահանջում է համայնքային ենթակառուցվածքների կառավարման կազմակերպական իրավական ձևերի, կառավարման մոդելների հստակեցում, միջհամայնքային միավորումներին օժանդակության ցուցաբերում:

Ապակենտրոնացմանն ուղղված գործընթացները հորիզոնական և ուղղահայաց կզարգացվեն կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, սոցիալական ծառայությունների բնագավառներում` ապահովելով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված պատասխանատվությունների և դրանց լիարժեք իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական այլ ռեսուրսների համապատասխանությունը:

Ապակենտրոնացման բազայի ամրապնդման նպատակով կընդլայնվեն համայնքների բյուջեների եկամտային մասի համալրման և լրացուցիչ աղբյուրների ձեռքբերման հնարավորությունները: Երևանի կարգավիճակի փոփոխման հետ կապված փոփոխություններ կկատարվեն բյուջետավարման ամբողջ գործընթացում: Համայնքային բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները կհատկացվեն համայնքների կողմից համայնքի բյուջեի հարկային մուտքերի կատարման մակարդակին համամասնորեն:

Կառավարությունը տնտեսական զարգացման իր ծրագրերում, գյուղում ծագած սոցիալական հարցերը լուծելու և հանրապետության ժողովրդագրական իրավիճակը կայունացնելու նպատակով, առանձնահատուկ ուշադրություն կդարձնի հեռավոր, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի առաջանցիկ զարգացումն ապահովելու նպատակով պետական օժանդակությանը` այդ նպատակով հետամուտ լինելով արդեն իսկ հաստատված ծրագրերի լիարժեք կենսագործմանը:

 

3.17. Ազգային բանակ

 

Կառավարության ուշադրության կենտրոնում է մնալու Հայոց բանակի բարոյական և տեխնիկական ներուժի հետագա ամրապնդման խնդիրը, որի արդյունավետ լուծման նպատակով կառավարությունը շարունակելու է ներքին կարգապահությունը բարձրացնելու, ոչ կանոնադրական հարաբերությունները բացառելու, զինվորի կենցաղային պայմանները բարելավելու, բանակում տիրող իրավիճակի նկատմամբ քաղաքացիական և հասարակական հսկողության գործուն մեխանիզմներ կիրառելու աշխատանքները` բանակի կենսական խնդիրների լուծման նպատակով զուգահեռաբար զարգացնելով օրենսդրական դաշտը:

Ռազմական շինարարության բնագավառում կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված կլինի սպայական կազմի պատասխանատվության բարձրացմանը, որակյալ սպայակազմի պատրաստմանը, անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների բարելավմանը:

 

3.18. Միջնաժամկետ տնտեսական քաղաքականության ուղղությունները

 

Տնտեսական քաղաքականության դրած նպատակների հետևողական իրագործման պայմաններում միջնաժամկետ տնտեսական քաղաքականությունը կուղղորդվի տնտեսական աճի 7 տոկոս և ավելի մակարդակի ձեռքբերմանը` մինչև 5 տոկոս տարեկան կուտակային սղաճի ապահովման պայմաններում: Տնտեսական աճի նման մակարդակի ապահովման համար անհրաժեշտ պայման է ներդրումների աճը, որը հնարավորություն կտա ամբողջացնել հանրապետությունում առկա մարդկային և բնական ռեսուրսները: Ընդ որում, ներդրումների անհրաժեշտության աճը կապահովվի հիմնականում մասնավոր հատվածում և ավելի ու ավելի մեծ չափով կֆինանսավորվի ներքին խնայողությունների հաշվին:

Միջին ժամկետում տնտեսական աճի ապահովման հարցում որոշիչ դեր կխաղա արտաքին շուկաներին Հայաստանի առավելագույնս ինտեգրացումը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել արտահանման շուրջ 20 տոկոս աճ: Նշվածին կնպաստեն մասնավորեցված ձեռնարկությունների գործունեության ընդլայնումը, ԱՊՀ անդամ երկրների շուկաների վերականգնումը, Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածի ինքնուրույն ելքը նոր արտահանման շուկաներ, արդյունաբերական վերակառուցումն ու օտարերկրյա ուղղակի ներդրումներով պայմանավորված արդիականացումը: Ներմուծման աճի տեմպերի միաժամանակյա անկումը` պայմանավորված հիմնականում մարդասիրական օգնության ծավալների նվազեցմամբ և ներմուծման փոխարինիչների արտադրության աճով, կապահովի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերական մակարդակի աստիճանական նվազումը` միջնաժամկետ հեռանկարում այն հասցնելով համախառն ներքին արդյունքի ոչ ավելի, քան 13 տոկոս մակարդակի:

Տնտեսական աճի հիմնական տարրի` արտահանման աճի կարևոր գործոն է Հայաստանի արտաքին մրցունակության բարձրացումը, որի հիմնական բնութագրիչի` առևտրի պայմանների բարելավման տեսանկյունից կառավարությունը կպաշտպանի լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացումը` ձգտելով խուսափել ազգային դրամի անտեղի արժեքավորումից:

Պետության ֆինանսական հոսքերի կառավարման տեսանկյունից կառավարությունը կկողմնորոշվի միջնաժամկետ հեռանկարում համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի դեֆիցիտի մինչև 3 տոկոս մակարդակի ապահովմանը: Վերջինիս ձեռքբերումը կապահովվի ինչպես եկամտային միջոցառումների, հիմնականում արտոնությունների կրճատման ու վարչարարության բարելավման շնորհիվ, այնպես էլ 2000 թվականի ընթացքում հաստատվելիք միջնաժամկետ ծախսային ծրագրով պայմանավորված ծախսերի առաջնայնությունների որոշմամբ: Պետական ծախսերի արդյունավետության հետագա բարձրացումը հնարավոր կլինի քաղաքացիական ծառայության բարեփոխումների ներկայումս մշակվող ռազմավարության կենսագործմամբ:

Ներկայումս ձևավորված պարտքի սցենարի պայմաններում միջնաժամկետ հատվածում նախատեսվում է համախառն ներքին արդյունքում պետական պարտքի անվանական մեծության տեսակարար կշռի աճ` 1998 թվականի 46 տոկոսից մինչև 56 տոկոս: Չնայած պարտքի մեծ մասի արտոնությանը (1998 թվականի վերջին պետական պարտքի զուտ ներկա արժեքը կազմում էր համախառն ներքին արդյունքի 29 տոկոս), միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում է նաև պետական պարտքի զուտ ներկա արժեքի զգալի (մինչև համախառն ներքին արդյունքի 43 տոկոս) աճ: Նման հեռանկարն անառարկելի է դարձնում պարտքի հետագա կուտակման փոխարեն ներքին խնայողությունների ավելացման, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, ինչպես նաև ոչ արտոնյալ պետական պարտքի մարման նպատակով մասնավորեցումից ստացված միջոցների որոշ մասի օգտագործման անհրաժեշտությունը:

Միջնաժամկետ հեռանկարում կայուն տնտեսական աճի ապահովումը կառավարությունից կպահանջի տնտեսական արդյունավետության բարձրացմանն ու շուկայական մեխանիզմների գործողության հստակ կանոնների հաստատմանը նպատակաուղղված կառուցվածքային, իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում, հատկապես` մասնավորեցման առկա ծրագրի լիարժեք կատարում, օրենսդրական պահանջների խիստ և միարժեք կիրառում, արժեթղթերի շուկայի զարգացում, սնանկացման ընթացակարգերի կիրառման ինստիտուցիոնալ կարողության զարգացում և էներգետիկ համակարգում ու տնտեսական ենթակառուցվածքների մյուս ոլորտներում ֆինանսական խնդիրների հստակ ռազմավարության կենսագործում: Վերջիններս, ի թիվս այլ խնդիրների, կապահովեն նաև տնտեսական միջավայրի նկատմամբ ընդհանրապես և հայկական դրամի նկատմամբ մասնավորապես, վստահության բարձրացում` դրանով իսկ որպես տնտեսական աճի կարևորագույն նախապայման ապահովելով իրական տոկոսադրույքների նվազումը:

Իր առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջիկայում ևս կշարունակի միջազգային կազմակերպությունների հետ կառուցողական հարաբերությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.1999
N 722
Որոշում