ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 36-Լ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
97. Պարեկային ծառայողներին արգելվում է դեպքի վայրում շրջափակված տարածք մուտք գործել թույլ տալ ցանկացած քաղաքացու կամ պաշտոնատար անձի` բացառությամբ օպերատիվ-հետախուզական խմբի, դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող անձի և դատախազի: Ցանկացած այլ պաշտոնատար անձի կողմից շրջափակված տարածք մուտք գործելու փորձ կատարելու դեպքում, պարեկային ծառայողներն այդ մասին անմիջապես զեկուցում են դեպքի վայր ժամանած քննիչին, անմիջական հրամանատարին և պարեկային ծառայության ենթակա շարային ստորաբաժանման հրամանատարին:
98. Սույն կանոնագրքի 97-րդ կետի պահանջները խախտած ցանկացած անձի նկատմամբ պարեկային ծառայողներն իրավասու են կիրառել օրենքով սահմանված հարկադրանքի միջոցներ, այդ թվում արգելանքի վերցնել պահանջը խախտած անձանց:
99. Թարմ հետքերով ենթադրյալ հանցանք կատարած անձի հետապնդումը և հետախուզումն իրականացվում են մինչև նրա վնասազերծումը և ձերբակալումը: Անհնարինության դեպքում պարեկային ծառայողն Օպերատիվ կառավարման կենտրոնին է փոխանցում իրեն հայտնի տեղեկությունները ենթադրյալ հանցանք կատարած անձի արտաքին տեսքի և փախուստի հնարավոր ուղղությունների մասին: Հետապնդման և հետախուզման ընթացքում կարգախմբերը պետք է գործեն` չխախտելով նախազգուշական միջոցները:
100. Ենթադրյալ հանցանք կատարած անձի հետապնդման դեպքում կարգախումբն անմիջապես այդ մասին տեղեկացնում է Օպերատիվ կառավարման կենտրոնին: Հետապնդման ընթացքում դեպքի վայրը պահպանվում է պարեկային ծառայության հարևան կարգախմբերի կամ պարեկային այլ ծառայողների ներգրավմամբ:
101. Հետապնդում և հետախուզում կազմակերպելն անհնար լինելու դեպքում պարեկային ծառայողը պարտավոր է գտնվել հանցագործության կատարման վայրում` մինչև օպերատիվ-հետախուզական խմբի և քննիչի ժամանումը կամ Օպերատիվ կառավարման կենտրոնի կարգադրությունը: Նա պարտավոր է դեպքի վայրից անմիջապես հեռացնել անձանց ու տուժածներին, որպեսզի նրանք չոչնչացնեն կամ չվնասեն հետքերը:
102. Քննիչի կողմից դեպքի վայր ժամանելուց հետո դեպքի վայրի պահպանություն և դատավարական գործողությունների կատարմանն աջակցող պարեկային կարգախմբերը գործում են բացառապես ըստ քննիչի հրահանգների:
103. Պարեկային ծառայողներին արգելվում է դեպքի վայրում առկա առարկաներին դիպչել, տեղափոխել կամ փոփոխել դրանք մինչև դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող անձի ժամանումը` բացառությամբ, եթե նման գործողությունների կատարումը կարող է պայմանավորված լինել եղանակային կամ այնպիսի օբյեկտիվ հանգամանքներով, որոնց ազդեցությամբ տեղի կունենա հնարավոր ապացույցների ոչնչացում: Նման դեպքերում ցանկացած միջամտություն թույլատրելի է բացառապես իրերի կամ առարկաների դիրքի նախնական ամրագրմամբ:
104. Տեղումների պատճառով` հետքերի, իրերի և առարկաների ոչնչացման վտանգի դեպքում պարեկային ծառայողները միջոցներ են ձեռնարկում դրանց պահպանման համար` օգտագործելով ձեռքի տակ եղած իրերն ու միջոցները (արկղեր, նրբատախտակ, բրեզենտ, ստվարաթուղթ և այլն): Ուղղահայաց դիրքում գտնվող հետքերի պահպանման համար թիթեղյա կամ այլ չթրջվող նյութերից պատրաստվում են հովհարներ: Նշված իրերն ու նյութերը չպետք է ունենան սուր հոտեր` հետագայում ծառայողական շների օգտագործումը չդժվարացնելու համար:
105. Դեպքի վայրում կարգախմբերի կողմից թողնված հետքերը նշվում են պարզ երևացող ցուցիչներով և նշաններով:
106. Հանցագործության դեպքի վայրում պարեկային ծառայողն առաջին հերթին պետք է հիշի և հնարավորինս նոթատետրում կատարի գրառումներ որոշակի հանգամանքների վերաբերյալ, որոնք ժամանակի ընթացքում կարող են անհետանալ կամ փոխվել (հոտերը, եղանակը, ջերմաստիճանը, քամու ուղղությունը, լուսավորման բնույթը):
107. Պետք է հատուկ ուշադրություն դարձվի իրադրության պահպանման և հանցագործության գործիքների անփոփոխ դիրքի, մատնահետքերի, ոտնահետքերի, տրանսպորտի, արյան հետքերի, մազերի, հագուստի, ապակու բեկորների, փայտի կտորների, հողի մասնիկների, ծխուկների, լուցկու մնացորդների պահպանմանը:
108. Ծառայողը հանցագործության դեպքի վայրում պարտավոր է գործել վճռականորեն, հանգիստ, վստահ, թույլ չտալ շտապողականություն կամ այլ գործողություններ, որոնք կարող են առաջ բերել քաղաքացիների հետ փոխհարաբերությունների սրում:
109. Դեպքի վայրի պահպանություն իրականացնող պարեկային ծառայողը հանցագործության դեպքի վայրում գտնվող անձանց դիմում է տեղում մնալու և ինքնուրույն որևէ գործողություններ չկատարելու խնդրանքով, փաստաթղթերով պարզում է նրանց ինքնությունը, գրանցում անունը, հայրանունը, ազգանունը, բնակարանի հասցեն, աշխատանքի վայրը, պարզում ենթադրյալ հանցանք կատարած անձանց թիվը, նրանց արտաքին տեսքը, հեռանալու ուղղությունը, եթե օգտագործել են տրանսպորտային միջոց, ճշտում է համարանիշը և հատուկ նշանները, հանցագործության վայրում կատարված փոփոխությունները և այդ փոփոխությունները կատարած անձանց, ինչպես նաև դրա նպատակները:
110. Ցույց տալով առաջին օգնություն կամ տուժածին բժշկական հաստատություն ուղարկելով` պարեկային ծառայողը զննում է նրա հագուստը և մարմնի բաց մասերը` նպատակ ունենալով հայտնաբերելու հանցագործությանը վերաբերող իրեր, հետքեր և նշաններ, հնարավորության դեպքում որոշում է նրա անձը:
111. Տուժածի գտնվելու վայրը, դիրքը, ձեռքերի, ոտքերի, գլխի դիրքը նշվում են կավիճով, ածխով կամ այլ միջոցներով:
112. Եթե տուժածը ցույց չի տալիս կյանքի նշաններ, ապա նախևառաջ ստուգվում է` ողջ է նա, թե ոչ, հնարավորինս չփոխելով նրա դիրքն ու շրջապատող միջավայրը:
113. Մինչև դեպքի վայրի զննություն իրականացնող անձի համաձայնությունը` դիակները չեն տեղափոխվում հանցագործության վայրից:
114. Պարեկային կարգախումբը, մինչև օպերատիվ-հետախուզական խմբի ժամանումը, «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է մուտք գործել շինություն, տարածք կամ հողամաս: Օպերատիվ-հետախուզական խմբի կամ դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող անձի ժամանման դեպքում պարեկային ծառայողը զեկուցում է հանցագործությանը վերաբերող հանգամանքների, ձեռնարկված միջոցների մասին, որից հետո գործում է ըստ նրանց հրամանի կամ Օպերատիվ կառավարման կենտրոնի կարգադրության:
6.3. Անձանց արգելանքի վերցնելը
115. Կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում պարեկային ծառայողը կազմակերպում է նրանց հսկողությունը` առանց ուշադրություն գրավելու, այդ մասին անմիջապես տեղեկացնելով Օպերատիվ կառավարման կենտրոնին: Կասկածելի անձին արգելանքի վերցնելու վերաբերյալ գործողություններ նախաձեռնելիս` նա պետք է պարզի իր գործողությունների օրինականությունը, հաշվի առնի իր հնարավորությունները, պլանավորի արգելանքի վերցնելու կարգը և դրա ճիշտ ձևը: Անձին արգելանքի վերցնելիս (ձերբակալելիս, բերման ենթարկելիս և այլն) պարեկային ծառայողը պարտավոր է`
1) հաշվի առնել արգելանքի վերցվածի անձը, նրա հնարավորությունները (ֆիզիկական ուժը և զինվածությունը), արգելանքի վերցնելիս հնարավոր բարդությունները, զինված հարձակման կամ դիմադրության հնարավորությունը,
2) զենքի և հատուկ միջոցների կիրառման հիմքերն ու պայմանները,
3) զինված հարձակման կամ դիմադրության հնարավորությունը,
4) հետևել, որ արգելանքի վերցված անձը չվնասի իրեն, չնետի կամ չստանա իրեր և առարկաներ:
116. Հանցագործության կատարման մեջ կասկածվողներին ազատությունից զրկելիս` պետք է հատուկ ուշադրություն դարձնել նրանց մոտ հրազենի կամ սառը զենքի առկայությանը և պատրաստ պահել հրազենը` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անմիջապես գործադրելու նպատակով (պատյանը տեղափոխվում է զենքի օգտագործման համար հարմար դիրքի, ատրճանակը հանվում է ապահովիչից, փամփուշտն իջեցվում է փամփշտակալի մեջ):
117. Անձին արգելանքի վերցնելուց հետո պարեկային ծառայողը պարտավոր է ազատությունից զրկված անձին ներկայացնել վերջինիս իրավունքներն ու պարտականությունները:
118. Ենթադրյալ հանցանք կատարած անձի ձերբակալման վայրը որոշվում է ըստ իրավիճակի և այն գործոնների, որոնք բացառում են փախուստի հնարավորությունը և այլ անձանց վնաս պատճառելը:
119. Ազատությունից զրկված անձն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է անձնական խուզարկության:
120. Փաստաթղթերի ստուգման և կասկածվող անձի հետ խոսակցության ժամանակ պարեկային ծառայողը պետք է կանգնի կիսադարձ դիրքով, ստուգվողից մեկ քայլ հեռավորության վրա և պատրաստ լինի հնարավոր հարձակումը հետ մղելուն:
6.4. Արգելանքի վերցված անձի տեղափոխումը
121. Արգելանքի վերցված անձանց ոստիկանության ստորաբաժանումներ են տեղափոխում պարեկային ավտոմոբիլով կամ ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխման համար նախատեսված հատուկ ավտոմոբիլով, իսկ դրա բացակայության դեպքում` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաներով: Չի թույլատրվում այդ նպատակով օգտագործել ընդհանուր օգտագործման տրանսպորտ, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ` հրշեջ, շտապ օգնության մեքենաներ (բացի այն դեպքերից, երբ անհրաժեշտ է բժշկական օգնություն ցույց տալ), ինչպես նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական կամ հյուպատոսական և միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներ:
122. Արգելանքի վերցված անձի տեղափոխման ժամանակ պարեկային ծառայողը պետք է նախատեսի նախազգուշական միջոցներ` փախուստի դիմելու հնարավորությունը կանխելու նպատակով, հետևի, որպեսզի ազատությունից զրկված անձը չնետի կամ չստանա իրեր և առարկաներ:
123. Արգելանքի վերցված անձին ոտքով ոստիկանության վարչական շենք տարվում է ոստիկանության երկու և ավելի ծառայողների կողմից, որոնցից մեկն ուղեկցում է նրան` բռնելով ձեռքը կամ պարանոցը, իսկ մյուսը` հետևից հետևում է տեղափոխվողի ու շրջապատի պահվածքին:
124. Եթե տեղափոխումն իրականացվում է մեկ ոստիկանի կողմից, ապա վերջինս պետք է քայլի ազատությունից զրկված անձի աջ կողմից կամ հետևից: Տեղափոխման ժամանակ պետք է խուսափել մարդաշատ վայրերի, բակերի, զբոսայգիների և անտառային վայրերի շրջանցիկ ճանապարհներից:
125. Արգելանքի վերցված անձին ոստիկանություն հասցրած պարեկային ծառայողը գրավոր զեկուցում է ոստիկանության ստորաբաժանման պետին` զեկուցագրում նշելով ազատությունից զրկված անձի անունը, հայրանունը, ազգանունը, արգելանքի վերցնելու հանգամանքներն ու պատճառները, վկաների, ինչպես նաև աջակցություն ցուցաբերողների մասին տեղեկություններ:
6.5. Պարեկային ծառայողների կանխարգելիչ գործողությունները
126. Իր հերթափոխի ընթացքում իրեն հատկացված տեղամասում, ըստ երթուղու, պարեկային ծառայողի տեղաշարժն ունի նաև կանխարգելիչ նշանակություն:
127. Ծառայության կատարման ժամանակ, ըստ հրահանգավորման, պարեկային կարգախմբերը նաև պարտավոր են զննել երթուղիներում գտնվող` ենթադրյալ հանցանք կամ այլ իրավախախտում կատարած անձանց հնարավոր թաքնվելու վայրերը:
128. Հնարավոր թաքստոցները զննվում են առնվազն երկու ծառայողի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` ծառայողական շների օգնությամբ: Դրան կարող են մասնակցել տարածքի առանձնահատկություններին տեղյակ անձինք, ովքեր պատասխանատու են կամ տեղյակ են տվյալ տարածքի առանձնահատկություններին: Եթե կան տվյալներ, որ զննման ենթակա վայրերում թաքնվում են զինված անձինք, ապա պարեկային ծառայողները դրա մասին զեկուցում են Օպերատիվ կառավարման կենտրոն և գործում ըստ նրա կարգադրության:
129. Մինչև ենթադրյալ հանցանք կատարած անձանց հնարավոր թաքստոցների զննումը` պարեկային ծառայողները պետք է նախապես ճշտեն օբյեկտի դիրքը, դրա հատակագիծը, ելքերի և մուտքերի առկայությունը, մոտեցման գաղտնի ուղիները, առաջադրեն յուրաքանչյուր պարեկային ծառայողի պարտականությունը, իրար հետ կապի և հաղորդակցվելու, ազդանշանային կարգն ու գործողությունների հաջորդականությունը:
130. Ենթադրյալ հանցանք կատարած անձանց հնարավոր թաքնվելու վայրը զննվում է Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համաձայնեցմամբ: Զննվող վայրին մոտենում են անաղմուկ: Արգելվում է խոսել և ծխել: Գործողությունները համաձայնեցվում են ցածր ձայնով կամ հատուկ որոշված ազդանշաններով:
131. Կարգախմբի բոլոր ծառայողներին արգելվում է մեկ մուտքով` միաժամանակ մտնել զննվող տարածք:
132. Այն անձանց հայտնաբերման դեպքում, որոնց վարքը և գործողությունները հիմք են հանդիսանում նրանց հանցագործության կատարման մեջ կասկածելու, կարգախումբը կասկածվող անձին բերման է ենթարկում ոստիկանության բաժին:
7. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ
133. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ընթացքում պարեկային ծառայողը պարտավոր է`
1) առաջնորդվել ճանապարհային երթևեկության կանոններով և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջներով, դրանց խախտման դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվություն նախատեսող դրույթներով,
2) հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակող շարասյան կամ առանձին տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ միջոցներ ձեռնարկել պարեկային երթուղով դրանց անվտանգ և անխոչընդոտ անցման համար,
3) հետիոտների և տրանսպորտի առավել ինտենսիվ երթևեկության վայրերում ապահովել հասարակական կարգը, կանխել հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, հետևել, որպեսզի հետիոտների կողմից ճանապարհը հատվի անցումներով,
4) երթուղու տարածքում կատարված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն,
5) մինչև քննիչի ժամանումը` միջոցներ ձեռնարկել պատահարի մասնակիցների անձը ճշտելու, պատահարի մասնակից տրանսպորտային միջոցների փաստաթղթերը վերցնելու, տրանսպորտի հետքերը և դեպքի վայրը պահպանելու, տուժածներին օգնություն ցույց տալու, վկաներին հայտնաբերելու համար, ստացված տվյալները և փաստաթղթերը տրամադրել դեպքի վայր ժամանած քննիչին,
6) Ոստիկանության պետի հրամանով Պարեկային ծառայության ենթակայությանը վերապահված ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ իրականացնել,
7) կարգավորել ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռների փաստաթղթերը և արգելել դրանց երթևեկությունը (շահագործումը),
8) առաջարկություններ ներկայացնել իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ,
9) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ ներկայացնել,
10) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում` վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը,
11) հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև արգելանքի վերցնել մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցները:
134. Պարեկային ծառայողի կողմից ճանապարհային երթևեկության կարգավորման ընթացքում կիրառվող ազդանշանները տալու կարգը սահմանվում է սույն կանոնագրքի հավելվածով:
135. Պարեկային ծառայողն իրեն հայտնի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին զեկուցում է անմիջական հրամանատարին և իր իրավասության շրջանակում գործում` ստեղծված իրավիճակին համապատասխան:
136. Պատահարի մասին հաղորդում ստանալուց և պատահարի վայրում գործողություններ կատարելու հանձնարարություն ստանալուց անմիջապես հետո պարեկային ծառայողը հաղորդում ներկայացրած անձից պարզում է հետևյալ տեղեկությունները`
1) պատահարի մասին հայտնող անձի մասին (ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը և հեռախոսահամարը),
2) պատահարի տեղի, ժամի, տեսակի, հանգամանքների մասին,
3) տուժած անձանց մասին,
4) տուժած անձանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու մասին,
5) բժշկական հաստատությունների և տուժած անձանց այնտեղ ուղարկողների (տեղափոխողների) մասին (բժշկական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, տեղափոխողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, տրանսպորտային միջոցի մակնիշը, գույնը և հաշվառման համարանիշը),
6) պատահարին առնչվող տրանսպորտային միջոցների մասին (մակնիշը, գույնը և հաշվառման համարանիշը):
137. Ներկայանալով պատահարի վայր, որի հետևանքով տուժել են մարդիկ, մինչև քննիչի կամ Օպերատիվ խմբի ժամանումը պարեկային ծառայողը`
1) պարզում է տուժած անձանց թիվը, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում է առաջին օգնություն, կազմակերպում տուժածների փոխադրումը բժշկական հաստատություններ, հնարավորության դեպքում պարզում տուժած անձանց տվյալները, բնակության և աշխատանքի վայրերը,
2) պարզում է պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների վարորդների անձը և դրանց առնչվող այլ անձանց, վերցնում վարորդների և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը` ապահովելով նրանց ներկայությունը պատահարի վայրում` մինչև քննիչի կամ օպերատիվ խմբի ժամանումը,
3) միջոցներ է ձեռնարկում այն վտանգավոր գործոնների հայտնաբերման և վերացման համար, որոնք կարող են ազդել ինչպես ճանապարհային երթևեկության, այնպես էլ իր անձնական անվտանգության վրա: Այդպիսի գործոնների շարքին են դասվում տրանսպորտային միջոցների ինտենսիվ երթևեկությունը, տրանսպորտային հոսքի երթևեկության բարձր արագությունը, պատահարի վայրին մոտենալու անբավարար տեսանելիությունը, ճանապարհի սայթաքուն ծածկը, պատահարին մասնակից տրանսպորտային միջոցներում առկա վտանգավոր բեռները, վնասված տրանսպորտային միջոցների ինքնայրման սպառնալիքը և այլն,
4) պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների վարորդներից պահանջում է միացնել վթարային լույսերը և տեղադրել վթարային կանգառի նշան, անհրաժեշտության դեպքում տեղադրում է երթևեկության կազմակերպման լրացուցիչ միջոցներ (ժամանակավոր ճանապարհային նշաններ, արգելափակոցներ և այլն), անվտանգության ապահովման նպատակով տեղակայում հատուկ լուսային ազդանշանները միացրած պարեկային ավտոմոբիլ,
5) հայտնաբերում է պատահարի ականատեսներին և գրառում նրանց տվյալները,
6) միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցների, հետքերի, իրերի և պատահարին առնչվող այլ առարկաների պահպանման համար,
7) պատահարի վայր ժամանած դեպքի վայրի զննություն իրականացնող անձին է հանձնում պատահարին մասնակից անձանց, ականատեսների մասին տեղեկությունները, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերցված փաստաթղթերը, հետագայում գործում` ըստ խմբի ղեկավարի հանձնարարությունների,
8) կազմակերպում է տրանսպորտի երթևեկությունը շրջանցմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու համար,
9) եթե վարորդը տրանսպորտային միջոցով պատահարի վայրից դիմել է փախուստի, միջոցներ է ձեռնարկում պարզելու վարորդի երթևեկության հնարավոր ուղղությունը, տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, հաշվառման համարանիշը, գույնը, ինչպես նաև վարորդի կամ տրանսպորտային միջոցի հատուկ նշանները:
138. Պատահարի տեղանքի ուսումնասիրումից և ականատեսների հարցումից ստացված` փախուստի դիմած վարորդի և տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններն անհապաղ զեկուցում է Օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետև գործում է` համաձայն նրանց հանձնարարությունների:
139. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն նյութական վնաս, իրավախախտումներին վերաբերող նյութերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվում են պարեկային ծառայողի կողմից` այդ մասին տեղեկացնելով Օպերատիվ կառավարման կենտրոն:
140. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հրահանգի դեպքում վարորդին տրանսպորտային միջոցից իջնելու ցուցում կարող է տրվել միայն հետևյալ բացառիկ դեպքերում`
1) տրանսպորտային միջոցի անսարքությունը կամ կատարված իրավախախտումը տեղում վերացնելիս, ինչպես նաև բեռի փոխադրման կանոնները խախտելիս,
2) վարորդի մոտ` հոգեմետ, ալկոհոլային կամ նյութերի ազդեցության տակ գտնվելու մասին առերևույթ հատկանիշներ նկատելիս,
3) փաստաթղթերի կազմման գործընթացում վարորդի պարտադիր մասնակցությունն առաջանալիս կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն առաջանալիս,
4) վարորդի կամ տրանսպորտային միջոցի ուղևորների կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից լինելու, մեքենան գողանալու կամ ենթադրյալ այլ հանցագործություն կատարելու կամ դրանում մասնակցություն ունենալու վերաբերյալ տեղեկությունների տիրապետելիս,
5) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ղեկին գտնվելը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները կամ որևէ կերպ սպառնում է նրա կյանքին կամ առողջությանը:
141. Բացառությամբ ծառայողական պարտականությունների անհետաձգելի կատարման նպատակով բացառիկ դեպքերի, պարեկային ծառայողներին արգելվում է իրենց տրանսպորտային միջոցը կանգնեցնել`
1) սահմանափակ տեսանելիությամբ ավտոճանապարհներին,
2) շրջադարձի մոտ,
3) վերելքի գագաթից անմիջապես առաջ կամ դրանից անմիջապես հետո,
4) խաչմերուկների, հետիոտնային անցումների, երկաթուղային գծանցների մոտ,
5) կամուրջների վրա և թունելներում,
6) ցանկացած այլ վայրում, որտեղ կանգնելը կարող է վտանգել երթևեկության մասնակիցների կյանքը կամ առողջությունը կամ որևէ կերպ խոչընդոտել բնականոն երթևեկությունը:
8. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
142. Վարչական իրավախախտման դեպք հայտնաբերելիս` պարեկային ծառայողները մոտենում են համապատասխան խախտումը կատարած անձին, ներկայանում` պատվի առնելով, վերջիններիս հասկանալի ձևով ներկայանում` հայտնելով իրենց պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորաբաժանումը: Անձի խնդրանքով պարեկային ծառայողները ներկայացնում են նաև իրենց ծառայողական վկայականը կամ ոստիկանության ծառայողի անհատական կրծքանշանը:
143. Պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին հայտնում է, թե ինչ իրավախախտում է իր կողմից կատարվել և ինչպես է այն դրսևորվել, մատնանշում է համապատասխան իրավական նորմը, որով սահմանված է կատարված խախտումը:
144. Պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին տեղեկացնում է, որ դրսևորած վարքագիծը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որից հետո իրավախախտման վայրում պարեկային ծառայողին ամրակցված պլանշետի հատուկ ծրագրային ապահովման միջոցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
145. Իրավախախտման վայրում արձանագրությունը կազմելու անհնարինության դեպքում այն պարեկային ծառայողի կողմից կարող է կազմվել նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանման վարչական շենքում:
146. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ` համապատասխան հատկացված հատվածում, իրավախախտում կատարած անձից պարեկային ծառայողը վերցնում է բացատրություն: Պարեկային ծառայողը իրավախախտին տեղեկացնում է դիտողություններ, առարկություններ ներկայացնելու իրավունքի վերաբերյալ` ապահովելով անձի լսված լինելու իրավունքի իրացումը: Բացատրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները:
147. Անձի լսված լինելու իրավունքի ապահովումից հետո, եթե բացակայում է գործի քննությունը մեկ այլ օր նշանակելու անհրաժեշտությունը, պարեկային ծառայողն ընդունում է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշում` այն կազմելով 2 օրինակից:
148. Պարեկային ծառայողը վարչական պատասխանատվության ենթարկված անձին պարտադիր տեղեկացնում է որոշման բողոքարկման կարգը (վարչական, ինչպես նաև դատական կարգով` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում):
149. Սույն կանոնագրքի 144-148-րդ կետերով սահմանված գործողություններն էլեկտրոնային ծրագրային ապահովման միջոցով իրականացնելու անհնարինության դեպքում` պարեկային ծառայողն իրականացնում է թղթային տարբերակով` նախապես հաստատված ձևանմուշների համաձայն:
150. Թղթային տարբերակով կազմված արձանագրություններն անսարքությունները վերացնելուց հետո ներմուծվում են էլեկտրոնային համակարգ, որից հետո անձի ծանուցումն իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով:
9. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
151. Անձնական անվտանգության ապահովման նպատակով պարեկային ծառայողին արգելվում է`
1) գտնվել ստուգման ենթարկվող տրանսպորտային միջոցի սրահում` բացառությամբ սույն կանոնագրքով կամ օրենքով նախատեսված դեպքերի.
2) տրանսպորտային միջոցին շատ մոտ գտնվել.
3) տրանսպորտային միջոցին մոտենալ անմիջապես առջևից կամ հետնամասից.
152. Գիշերային ժամերին տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու դեպքում պարեկային ծառայողները պետք է օգտվեն ճանապարհի լուսավորվող հատվածներից, իսկ դրա անհնարինության դեպքում լուսավորությունն ապահովեն պարեկային ավտոմեքենայի լուսարձակներով: Անհրաժեշտ է խուսափել ճանապարհի երթևեկելի մասում իրավախախտման հանգամանքների պարզումից, եթե նման գործողությունները խոչընդոտներ են ստեղծում երթևեկության մասնակիցների համար կամ վտանգում են վերջիններիս:
i
153. Տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար պարեկային ծառայողները պարտադիր պետք է միացնեն տրանսպորտային միջոցի հատուկ լուսաձայնային ազդանշանները: Բոլոր դեպքերում պարեկային ծառայողները տրանսպորտային միջոցը կանգնեցնում են իրենց կողմից կանգնեցված մեքենայի հետևում` անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով սկսել հետապնդումը կամ կանխել հնարավոր մանևրները կանգնեցված մեքենայի վարորդի կողմից:
(153-րդ կետը փոփ. 12.09.2022 թիվ 35-Լ հրաման)
154. Վարորդի փաստաթղթերի կամ տրանսպորտային միջոցի զննության ընթացքում պարեկային ծառայողը պետք է անվտանգ հեռավորություն ընտրի իր և վարորդի, ինչպես նաև վարորդի հետ գտնվող անձանց միջև, ոչ մի դեպքում չշրջվի նրանց թիկունքով և հետևի տրանսպորտային միջոցի սրահում գտնվող անձանց:
155. Հետախուզվող անձի կամ տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում` պարեկային ծառայողներն ընտրում են այնպիսի դիրքավորում, որպեսզի հնարավորություն ունենան ապահովել միմյանց անվտանգությունը:
156. Ստուգման նպատակով կանգնեցված տրանսպորտային միջոցին մոտենալիս, անձնական անվտանգության նկատառումներից ելնելով, պարեկային ծառայողը խստորեն պահպանում է հետևյալ կանոնները.
1) մեքենային մոտենում է վարորդի դռան ուղղությամբ.
2) զննում է տրանսպորտային միջոցի սրահը` թաքնվող անձանց հայտնաբերելու համար (գիշերային ժամերին կամ վատ տեսանելիության դեպքում` օգտագործելով լապտեր).
3) կանգնում է այնպիսի հեռավորությամբ, որ տրանսպորտային միջոցի անսպասելի շարժի դեպքում վնասվածք չստանա, միաժամանակ շարունակելով հետևել վարորդին և ուղևորներին, որպեսզի փաստաթղթերի փոխարեն թաքցված զենք չհանվի.
4) պահանջում է վարորդից անջատել մեքենայի շարժիչը.
5) ներկայացված փաստաթղթերը բռնում է այն ձեռքում, որ օրենքով սահմանված դեպքերում հնարավորություն ունենա առանց խոչընդոտների և արդյունավետորեն հաշվեցուցակային զենք կիրառել:
157. Ավտոպարեկային կարգախմբի վարորդը մնում է իր տեղում և ապահովում է ստուգումն իրականացնող պարեկային ծառայողի անվտանգությունը:
10. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
158. Ենթադրյալ հանցանք կամ այլ իրավախախտում կատարած օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվության հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրով:
159. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձանց պատասխանատվության հարցը լուծվում է դիվանագիտական ուղիներով` պահպանելով միջազգային իրավունքի նորմերը: Այդպիսի անձանց կողմից իրավախախտում կատարելու կամ նրանց արգելանքի վերցնելու դեպքում պարեկային ծառայողներն անհապաղ տեղեկացնում են անմիջական հրամանատարին, ենթակա շարային ստորաբաժանման հրամանատարին և Օպերատիվ կառավարման կենտրոնին:
160. Պարեկային ծառայողը, դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող օտարերկրյա քաղաքացի վարորդի կողմից վարչական իրավախախտում կատարելու դեպք բացահայտելով, հրահանգում է կանգնեցնել տրանսպորտային միջոցը, որից հետո կատարում է հետևյալ գործողությունները`
1) պարզում է, թե որ պետության (կազմակերպության) դիվանագիտական ներկայացուցչությանն է ամրակցված տվյալ տրանսպորտային միջոցը,
2) պարզում է, թե որ պետության քաղաքացի է հանդիսանում վարորդը և որ պետության (կազմակերպության) կողմից է նա հավատարմագրվել որպես դիվանագետ,
3) վարորդի մոտ` ալկոհոլային կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվելու մասին առերևույթ հատկանիշներ նկատելիս առաջարկում է անցնել համապատասխան ստուգում,
4) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որում նշվում է միայն կատարված խախտումը` առանց որևէ նշում կատարելու դրա համար պատասխանատվությանը,
5) վերադարձնում է փաստաթղթերը վարորդին,
6) կազմված արձանագրության մասին տեղեկացնում է Օպերատիվ կառավարման կենտրոն, որն իր հերթին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կապ է հաստատում համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչության հետ` տրանսպորտային միջոցը նրանց փոխանցելու նպատակով, եթե խախտման բնույթը բացառում է նույն վարորդի կողմից տրանսպորտային միջոցը վարելը շարունակելը,
7) դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի մոտենալու անհնարինության դեպքում վարորդին առաջարկվում է թողնել տրանսպորտային միջոցը և ուղևորվել դեպի բնակության վայրը,
8) եթե տվյալ տրանսպորտային միջոցը խոչընդոտում է երթևեկությանը, ապա այն հատուկ տրանսպորտային միջոցի օգնությամբ տեղափոխվում է մոտակա կայանատեղի կամ մոտակա որևէ անվտանգ վայր,
9) եթե դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող վարորդը համաձայնում է բացատրություններ տալ, հրավիրվում է թարգմանիչ, և նրա մասնակցությամբ վերցվում են բացատրությունները: Թարգմանչի մասնակցությամբ բացատրությունը կարող է շարադրվել նաև անձամբ դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված անձի կողմից` գրավոր, որից հետո այն թարգմանվում է հրավիրված թարգմանչի կողմից: Այդ դեպքում բացատրությունը և դրա թարգմանությունը միասին կցվում են նյութերին:
161. Վարորդի համաձայնությամբ` տրանսպորտային միջոցը կարող է վարել իր հետ գտնվող սթափ ուղևորը, համապատասխան վարորդական իրավունք ունենալու դեպքում:
162. Արգելվում է առգրավել կամ պահպանվող հատուկ տարածք տեղափոխել այն տրանսպորտային միջոցները, որոնք դիվանագիտական ներկայացուցչությունների կամ միջազգային կազմակերպությունների սեփականություն են, որոնց վրա առկա են կարմիր կամ կապույտ հիմնագույնի համարանիշեր և որոնց տիրապետողները միջազգային պայմանագրերի հիման վրա օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ:
11. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
163. Զանգվածային լրատվության միջոցների (այսուհետ` ԶԼՄ) ներկայացուցիչների հետ շփումները կարևոր են ոստիկանության գործունեության հրապարակայնությունն ապահովելու սկզբունքի տեսանկյունից: ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփումներում պարեկային ծառայողը պարտավոր է`
1) լինել քաղաքավարի, ուշադիր և բարյացակամ,
2) չխոչընդոտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների լրագրողական գործունեությանը և պաշտպանել նրանց իրավունքները,
3) եթե, ելնելով ծառայողական շահերից, պարեկային ծառայողը նպատակահարմար չի համարում կամ չի կարող պատասխանել լրագրողի հարցերին կամ այլ կերպ տեղեկատվություն տալ, ապա ծառայողը պետք է առաջարկի դիմել ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի իրավասու ստորաբաժանում,
4) թույլ չտալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը որոշակի տարածք և, ըստ իրավիճակի, հնարավորություն ընձեռի իրականացնելու նրանց լրագրողական գործունեությունը միայն պաշտպանիչ ժապավենից դուրս,
5) ԶԼՄ-ների հետ ցանկացած շփման մասին հայտնի անմիջական ղեկավարին, ինչպես նաև Օպերատիվ կառավարման կենտրոն:
12. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
164. Բնածին և տեխնածին (մարդածին) աղետների հետևանքով կարող է առաջանալ մարդկանց կյանքին, առողջությանը և սեփականությանը սպառնացող վտանգ` արտակարգ իրավիճակ, որի հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան վթարափրկարարական ու վերականգնողական աշխատանքներ:
165. Պարեկային ծառայողն արտակարգ իրավիճակներում պարտավոր է`
1) հրդեհի դեպքում` անմիջապես տեղեկացնել Օպերատիվ կառավարման կենտրոն, անհրաժեշտության դեպքում աջակցել հրդեհաշիջման, մարդկանց տարահանման և գույքի տեղափոխման աշխատանքներին, ապահովել պատահարի վայրի պահպանումը, ոստիկանության տարածքային ստորաբաժանում բերել կասկածվող անձանց, անհրաժեշտության դեպքում տուժածներին ցուցաբերել բժշկական և հոգեբանական օգնություն,
2) չպայթած ռումբերի, ականների, պայթուցիկ նյութերի, ռադիոակտիվ, քիմիական և այլ վտանգավոր իրերի հայտնաբերման դեպքում` հայտնել Օպերատիվ կառավարման կենտրոն, շրջափակել տարածքը, կազմակերպել մարդկանց տարահանումը,
3) փլուզումների, սողանքների, քարաթափումների և այլ աղետների ու վթարների առաջացման դեպքում` զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, միջոցներ ձեռնարկել բնակչության տարահանման, գույքի պահպանման, անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու համար, արգելել կողմնակի անձանց մուտքը պատահարի վայր` բացի վթարի հետևանքների վերացմանը մասնակցող անձանցից,
4) ջրհեղեղի դեպքում` զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու և գույքի պահպանության համար, անհրաժեշտության դեպքում` կազմակերպել բնակչության տարահանում (առաջին հերթին` կանանց, երեխաներին, մեծահասակներին և հիվանդներին), օգնել տուժածներին,
5) համաճարակների նշանների հայտնաբերման դեպքում` զեկուցել ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն, պահպանելով անձնական անվտանգության կանոնները` սահմանափակել բնակչության, տրանսպորտի շարժը, կենդանիների տեղափոխումը վարակված գոտի, շրջափակել տարածքը` կանխելով հնարավոր վարակվածների շփումն այլ անձանց հետ,
6) երկրաշարժի դեպքում` զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, անհրաժեշտության դեպքում մասնակցել փրկարարական աշխատանքներին, օգնել տուժածներին,
7) փոթորիկների և մրրիկների դեպքում` զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, աջակցել բնակչության տարահանման ու փրկարարական աշխատանքներին, օգնություն ցույց տալ տուժածներին և անօգնական վիճակում գտնվողներին,
8) Ճառագայթային (ռադիացիոն) աղետի առաջացման դեպքում` զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, միջոցներ ձեռնարկել բնակչության արագ տարահանման, անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու համար, արգելել կողմնակի անձանց մուտքը ճառագայթված տարածք:
13. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
166. Պարեկային ծառայության կազմակերպման և իրականացման նկատմամբ հսկողությունը հասարակական կարգի պահպանման գործում անձնակազմի ակտիվ մասնակցության, վարչական իրավախախտումների, հանցագործությունների կանխման և խափանման կարևորագույն տարրերից մեկն է:
i
167. Հսկողությունն ու մշտադիտարկումն իրականացվում են վերադաս հրամանատարների և ղեկավարների կողմից պարբերական ստուգումների անցկացման միջոցով, որի ընթացքում պարզվում են`
1) երթուղիներում կամ տեղամասերում պարեկային կարգախմբերի առկայությունը,
2) հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման գործում պարեկային կարգախմբերի ակտիվությունը և կատարվող ծառայության որակը,
3) փոխհամագործակցությունն այլ պարեկային կարգախմբերի միջև, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ,
4) պարեկային կարգախմբերի կողմից կարգապահության և օրինականության, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի և բարեվարքության կանոնների պահպանումը,
5) երթուղու տարածքում վարչական իրավախախտումների, կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների դեպքերով ձեռնարկված միջոցները,
6) ծառայողական փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը:
(167-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 11-Լ հրաման)
168. Պարեկային կարգախմբերի ծառայության ստուգումը կարող է լինել պլանավորված և հանկարծակի:
169. Պլանավորված ստուգման ժամանակացույցը հաստատում է Պարեկային ծառայության պետը, իսկ հանկարծակի ստուգումներն իրականացվում են Պարեկային ծառայության պետի հանձնարարությամբ:
170. Պարեկային ծառայության կատարման և կազմակերպման գործում թերություններ (երթուղին փոխել կամ երթուղուց անհարկի բացակայել, քնել, ոչ սթափ վիճակում լինել, համազգեստը կրելու կանոնների խախտում և այլն) հայտնաբերելու դեպքում ստուգողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար:
171. Ստուգողի կողմից ստուգման արդյունքների մասին զեկուցվում է Պարեկային ծառայության պետին` հետագա ընթացքը որոշելու համար:
172. Ուղղակի կամ անմիջական պետերը պարեկային ծառայության իրականացնելիս խախտումներ կամ թերացումներ թույլ տված պարեկային ծառայողի հետ բացատրական աշխատանքներ են տանում` դրանց կրկնությունը բացառելու նպատակով:
Հավելված
Ոստիկանության պարեկային
ծառայության կանոնագրքի
ԿԱՐԳ
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ ՏԱԼՈՒ
1. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ` ՑՈՒՑԱՁՈՂՈՎ
1. Հիմնական` շարային ուղեկեցվածք (այսուհետ` հիմնական ուղեկեցվածք)` կանգնել ուղիղ, կրունկները` միասին, ոտնաթաթերի ծայրերը` դեպի առաջ` բացված ոտնաթաթի լայնությամբ, ոտքերը` ծնկներում ուղիղ, բայց ոչ լարված, կրծքավանդակը` մի փոքր բարձրացված, ուսերը` բացված` առանց ավելորդ լարվածության, ձեռքերը` դեպի ներքև ազատ, աջը` ցուցաձողով, գլուխը պահել ուղիղ, նայում է իր դիմացը (NN 1, 2 և 3 նկարներ):
2. Ազդանշան «Ուշադրություն»` ուղեկեցվածք` աջ ձեռքն ազատ բարձրացված է իր առջև, ցուցաձողը` դեպի վեր: Այս դիրքում ձեռքն անհրաժեշտ է ծալել արմնկահոդում` այնպես, որպեսզի արմունկը լինի ճակատի մակարդակին, բռունցք արված, մատները շրջած դեպի դեմքը` բութ մատը և ցուցամատն ուղղված են ցուցաձողի երկայնքով, ցուցաձողը պահում է ուղղահայաց վիճակում (N 7 նկար):
3. 3. Ազդանշան «Ձախ շրջադարձ»` ուղեկեցվածք` աջ ձեռքը ձգված է առաջ, ցուցաձողը` առաջ մեկնած` հանդիսանալով, կարծես, ձեռքի շարունակությունը (N 9 նկար):
4. 4. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»`
1) հիմնական ուղեկեցվածք (N 11 նկար),
2) ուղեկեցվածք` աջ ձեռքը ծալված է կրծքավանդակի առջև, ցուցաձողը` դեպի ձախ: Այս դիրքում ձեռքն արմնկահոդում ծալվում է այնպես, որպեսզի ցուցաձողը պահող դաստակը գտնվի իրանի միջին մասի մակարդակին, արմունկը բարձրացված է ուսին հավասար, դաստակը շրջված է դեպի ներս (N 12 նկար),
3) ուղեկեցվածք` ձեռքերը` կողմ, աջ ձեռքի բութ մատը և ցուցամատը ձգված են ցուցաձողի երկայնքով (N 13 նկար):
2. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՆ ԱՌԱՆՑ ՑՈՒՑԱՁՈՂԻ
5. Հիմնական ուղեկեցվածք` նույնն է, ինչ որ ցուցաձողով (NN 4, 5 և 6 նկարներ):
6. Ազդանշան «Ուշադրություն»` ուղեկեցվածք` աջ ձեռքն ազատ բարձրացված է վեր, դաստակը շրջված է ափով դեպի առաջ, մատները սեղմված են իրար, մնացած ցուցումները նույնն են, ինչ որ ցուցաձողով նմանատիպ դիրքում (N 8 նկար):
7. Ազդանշան «Ձախ շրջադարձ»` ուղեկեցվածք` աջ ձեռքն ուղղված է առաջ, ափը` դեպի ներս (N 10 նկար):
8. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»`
1) հիմնական ուղեկեցվածք (N 14 նկար),
2) ուղեկեցվածք` աջ ձեռքը ծալված է կրծքավանդակի առջև, դաստակը` իրանի միջին մասի մակարդակին, ափը շրջված է դեպի դեմքը (N 15 նկար),
3) ուղեկեցվածք` ձեռքերը` կողմ, ափերը` շրջված դեպի առաջ (N 16 նկար):
3. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ` ՑՈՒՑԱՁՈՂՈՎ
9. Ազդանշան «Ուշադրություն»`
1) ելման դիրքը` հիմնական ուղեկեցվածք` ազդանշաններ «Ձախ շրջադարձ» կամ «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ` դեպի ձախ շրջադարձով»,
2) ցուցաձողով աջ ձեռքը բարձրացնել առջևում դեպի վեր (N 17,19 և 21 նկարներ):
10. Ազդանշան «Ձախ շրջադարձ»: Կատարվում է երկու ելման դիրքից`
1) հիմնական ուղեկեցվածք` ելման դիրքից (N 23 նկար)` պարզելով աջ ձեռքն իր առջև, մատների շարժմամբ ցուցաձողն արագ ուղղել դեպի առաջ (NN 24 և 25 նկարներ),
2) ելման դիրքից` աջ ձեռքն առջևում վեր բարձրացված, ցուցաձողը վերևում` ազդանշան «Ուշադրություն» (N 28 նկար), իջեցնել ցուցաձողով ձեռքն առաջ` ուսի մակարդակին, ցուցաձողն առջևում` ինչպես ձեռքի շարունակությունը, ցուցամատը վերևում` ձգված է ցուցաձողի երկայնքով (N 30 նկար):
11. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»: Կատարվում է երկու ելման դիրքից`
1) ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք (N 32 նկար)` աջ ձեռքը բարձրացնել կողմ, ցուցաձողը` դեպի աջ, դաստակը` շրջված ներքև (N 33 նկար): Այնուհետև ծալել ձեռքը կրծքավանդակի առջևում, ցուցաձողը` դեպի ձախ, դաստակը` շրջված ներքև` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 34 նկար),
2) ելման դիրքից` աջ ձեռքն ազատ բարձրացված է վեր, ցուցաձողը վերևում` ազդանշան «ՈՒշադրություն» (N 38 նկար): Ձեռքը ցուցաձողի հետ իջեցնել կրծքավանդակի առջև, դաստակը` շրջված դեպի ներքև` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 40 նկար):
12. «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով» ազդանշանի երկրորդ տարբերակը կատարվում է ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք կամ ազդանշան «Ուշադրություն»:
13. Ձեռքերը պարզել կողմ` ուսերի մակարդակին հավասար, աջ ձեռքը պահում է ցուցաձողը, դաստակը` ներքևում, ձախը` ափով դեպի առաջ (N 42 նկար), այնուհետև աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, դաստակը` դեպի ներքև` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 43 նկար), որից հետո աջ ձեռքը նորից ուղղել դեպի կողմ (N 44 նկար):
14. Ազդանշանի կրկնություն` ցուցաձողով ձեռքը պարզել կողմ (N 33 նկար), այնուհետև ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, ցուցաձողը` դեպի ձախ (N 34 նկար):
4. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ, ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՐԳՆ ԱՌԱՆՑ ՑՈՒՑԱՁՈՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
15. Ազդանշան «Ուշադրություն»` ազդանշաններ «Ձախ շրջադարձ» կամ «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ` դեպի աջ շրջադարձով»: Ելման դիրք` հիմնական ուղեկեցվածք` բարձրացնել աջ ձեռքն առաջ, դաստակը` ափով շրջված դեպի առաջ (NN 18, 20 և 22 նկարներ):
16. Ազդանշան «Ձախ շրջադարձ»`
1) ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք (N 26 նկար), աջ ձեռքը բարձրացնել դեպի առաջ` ուսի մակարդակին հավասար, ափը` դեպի ներս (N 27 նկար),
2) ելման դիրքից` աջ ձեռքն առջևում վեր բարձրացված` ազդանշան «Ուշադրություն» (N 29 նկար): Ձեռքն իջեցնել դեպի առաջ` ուսի մակարդակին հավասար, դաստակը ափով շրջված դեպի ձախ (N 31 նկար):
17. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»: Կատարվում է երկու ելման դիրքից`
1) ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք (N 35 նկար), աջ ձեռքը` դեպի կողմ` ուսի մակարդակին հավասար, ափը` դեպի առաջ (N 36 նկար): Այնուհետև ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, դաստակը շրջել ափով դեպի ներս` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան,
2) ելման դիրքից աջ ձեռքն ազատ բարձրացված է վեր` ազդանշան «Ուշադրություն» (N 39 նկար): Աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, ափով` դեպի իրանը, դաստակը` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 41 նկար):
18. «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով» ազդանշանի կատարման երկրորդ տարբերակը կատարվում է ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք կամ աջ ձեռքը ծալած կրծքավանդակի առջևում` ազդանշան «Ուշադրություն»: Ձեռքերը պարզել կողմ` ափերը` դեպի առաջ (N 45 նկար), այնուհետև աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում` ափով` դեպի իրանը, դաստակը` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 46 նկար), որից հետո աջ ձեռքը պարզել դեպի կողմ (N 47 նկար):
19. Ազդանշանի կրկնությունը`
1) աջ ձեռքը պարզել կողմ` ափը` դեպի առաջ (N 36 նկար),
2) աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում` ափով` դեպի իրանը (N 37 նկար):
5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԵՍՏԵՐ ՁԱԽ ՁԵՌՔՈՎ` ՑՈՒՑԱՁՈՂՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԴՐԱ
20. Ձախից մոտեցող տրանսպորտային միջոցները կանգնեցնելը. ելման դիրք` հիմնական ուղեկեցվածք (N 48 նկար): Ձախ ձեռքը ծալել դեպի ուսը, դաստակը բարձրացված է, ափը` դեպի արտաքին կողմը (N 49 նկար): Այնուհետև ձեռքն ուղղել դեպի կողմ, դաստակը բարձրացված է, ափը` դեպի արտաքին կողմը (N 50 նկար):
21. Աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները կանգնեցնելը. ելման դիրք` ուղեկեցվածք` աջ ձեռքը` դեպի կողմ (N 51 նկար)`
1) ձախ ձեռքը ծալել դեպի ուսը, դաստակը բարձրացված է, ափը` դեպի առաջ (N 52 նկար),
2) ձեռքը պարզել առաջ, դաստակը բարձրացված է, ափը` դեպի առաջ (N 53 նկար):
22. Ժեստ «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ձախ կողմից կարգավորողի թիկունքի կողմով».
ելման դիրք` ուղեկեցվածք` աջ ձեռքը` դեպի առաջ (N 54 նկար): Ձախ ձեռքը` կողմ` ափով դեպի վերև (N 55 նկար), այնուհետև ձեռքն արագորեն ծալել դեպի ուսը (N 56 նկար):
23. Ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունն արագացնող ազդանշան.
ելման դիրք` ուղեկեցվածք` աջ ձեռքը` դեպի առաջ (N 57 նկար)`
1) ձախ ձեռքը բարձրացնել դեպի կողմ` ուսի մակարդակին համապատասխան, ափը շրջված է դեպի առաջ (N 58 նկար),
2) ձախ ձեռքն արագորեն իջեցնել և պարզել առաջ` դեպի աջ ձեռքը, և հակառակը (NN 59 և 60 նկարներ):


(հավելվածը խմբագրվել է 17.03.2021 թիվ 11-Լ հրաման)
_______________________
ԻՐՏԵԿ - նկարները տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 19 մարտի 2021 թվական: