ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
3 ապրիլի 2021 թվականի N 177
ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԻՄՔՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԵՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
2020 թվականի համար մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարի գումարները ենթակա են վերադարձի, թե՞ ոչ:
Պատասխան
i
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի (մինչև 31.12.2020թ. գործող խմբագրությամբ) 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ` նույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:
i
Միաժամանակ, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.12.2020թ. ՀՕ-502-Ն, ուժի մեջ է մտել 31.12.2020թ.) 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվական փետրվարի 1-ը Կառավարությունը պետք է սահմանի դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը, որով պետք է կարգավորվի նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը:
i
«ՀՀ կառավարության 02.02.2017թ.-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 25.03.2021 թ.-ի N 421-Ն որոշման (ուժի մեջ է մտել 30.03.2020թ.) 2-րդ կետով սահմանվել է, որ մինչև նույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման N 3 հավելվածի 4-րդ կետը, 5-րդ կետի երկրորդ պարբերությունը, NN 1 և NN 4 ձևերը գործում են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից, ինչպես նաև որոշման N 3 հավելվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձը հատուցման հիմնադրամին դիմում կարող է ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ 2020 թվականի համար մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու նպատակով ֆիզիկական անձը մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հատուցման հիմնադրամ է ներկայացնում դիմում, դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանք` ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման
(մինչև 30.03.2021թ. գործող խմբագրությամբ) 3-րդ հավելվածով սահմանված կարգով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ