100.0019.181110
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «18»        11            2010 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010426
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
24 սեպտեմբերի 2010 թվականի N 19-Ն
 
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» N 2.2.4-015-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N 2.2.4-015-10 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին թիվ 718-Ն հրամանը:
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2010 թ. սեպտեմբերի 24-ի
N 19-Ն հրամանի
 
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
 
N 2.2.4-015-10
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
 
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են արտադրական, գրասենյակային, մշակույթի ու սպասարկման ոլորտի կազմակերպություններում, բարձրագույն ուսումնական ու հանրակրթական հաստատություններում և խաղային համալիրներում (ավտոմատներում) (այսուհետ` Կազմակերպություններ) Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ շահագործող և օգտագործող աշխատողների և օգտագործողների առողջության պահպանմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ:
2. Սույն Կանոնները տարածվում են Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (այդ թվում` անհատական), էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հիմքով պատրաստված բոլոր տեսակի արտադրական սարքավորումների, ուսումնական և խաղային համալիրների (ավտոմատների) շահագործման համար նախատեսված սենքերի նախագծման, վերակառուցման, տեղակայման, շահագործման, ինչպես նաև համակարգիչների (անհատական և տեղաշարժվող) հետ աշխատանքի պայմանների կազմակերպման և իրականացման վրա:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
2. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
4. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերն ունենում են բնական և արհեստական լուսավորում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.3 կետի պահանջին համապատասխան:
5. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում արհեստական լուսավորումն իրականացվում է ընդհանուր հավասարաչափ լուսավորման համակարգով, իսկ արտադրական և գրասենյակային սենքերում` առավելապես փաստաթղթերի հետ աշխատանքի դեպքում` լուսավորման համակցված համակարգով (ընդհանուր լուսավորմանն ավելացվում է տեղայինը):
6. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման աշխատատեղերում աշխատանքային սեղանի մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է` 300-500 լյուքս (Լք):
7. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերի լուսային բացվածքները (պատուհանները) սարքավորվում են կարգավորող շերտավարագույրներով, վարագույրով, արտաքին ծածկոցներով և լույսից պաշտպանության այլ միջոցներով:
8. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում օդափոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.2 կետի պահանջին համապատասխան:
9. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են հիմնական (դիսպետչերական, օպերատորական, հաշվարկային, ղեկավարման խցիկներ և կետեր, հաշվողական տեխնիկայի դահլիճներ և այլն) միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների 3-րդ աղյուսակի պահանջներին:
10. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են օժանդակ, միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով հաստատված «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի պահանջներին:
11. Բարձրագույն ուսումնական, հանրակրթական հաստատությունների և խաղային համալիրների (ավտոմատների) էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 4-ի պահանջներին:
12. Էլեկտրոնային ճառագայթման խողովակով մոնիտորներ ունեցող էլեկտրոնային հաշվիչ մեքենաներն օժանդակ սարքերի` պրինտեր, սկաներ և այլնի հետ շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 6 մ2 (քառակուսի մետր), իսկ առանց օժանդակ սարքերի շահագործելու դեպքում` 4,5 մ2 (քառակուսի մետր) տարածք:
13. Անկախ օժանդակ սարքերի (պրինտեր, սկաներ և այլն) առկայությունից հարթ դիսկրետ (հեղուկ բյուրեղային, պլազմային) էկրանով էլեկտրոնային հաշվիչ մեքենաները շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 4.5 մ2 (քառակուսի մետր) տարածք:
14. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մոնիտորների միջև հեռավորությունը լինում է 1.5-ից 2 մ (մետր):
15. Աշխատանքային աթոռը լինում է շարժական` բարձրության վրա կարգավորվող: Աթոռի նստարանի և թիկունքի մակերեսները լինում են կիսափափուկ, չսահող և օդի թափանցելիություն ապահովող ծածկույթից:
16. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքի հատակն ունենում է հակաստատիկ ծածկ: Յուրաքանչյուր օր կատարվում է հատակի խոնավ մաքրում:
17. Սույն Կանոնների 2-րդ կետում ներառված Կազմակերպությունների աշխատողները ենթակա են պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 15.07.2004 թ. N 1089-Ն որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան:
18. Հանրակրթական հաստատությունների X-XII դասարանների սովորողների համար ինֆորմատիկայի պարապմունքները կազմակերպվում են շաբաթը 2 դասից ոչ ավել, իսկ I-IX դասարանների սովորողների համար` շաբաթական 1 դաս:
19. Դասերի (պարապմունքների) ժամանակ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով անմիջական աշխատանքի տևողություններն են.
1) 6 տարեկան սովորողների համար` 10 րոպե.
2) 7-10 տարեկան սովորողների համար` 15 րոպե.
3) 11-12 տարեկան սովորողների համար` 20 րոպե.
4) 13-14 տարեկան սովորողների համար` 25 րոպե.
5) 15-18 տարեկան սովորողների համար`
ա. առաջին դասաժամի տևողությունը - 30 րոպե.
բ. երկրորդ դասաժամի տևողությունը - 20 րոպե:
 
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
20. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման ընթացքում.
1) էլեկտրամագնիսական դաշտի չափորոշիչների մակարդակները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 1-ում բերված էլեկտրամագնիսական դաշտի թույլատրելի մակարդակներին:
2) ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները և ձայնի համարժեքային մակարդակը համապատասխանում են սույն Կանոնների 2-րդ աղյուսակում բերված թույլատրելի մակարդակներին:
 
Աղյուսակ 1
 
Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաներից առաջացող
էլեկտրամագնիսական դաշտի թույլատրելի մակարդակները
 
.______________________________________________________________.
|Հ/հ|                    Չափորոշիչներ              |Թույլատրելի|
|   |                                              |մակարդակներ|
|___|______________________________________________|___________|
| 1 |        2       |                3            |      4    |
|___|________________|_____________________________|___________|
|1. |Էլեկտրական դաշտի|հաճախականությունների տիրույթը|  25 Վ/մ   |
|   |լարվածությունը  |5Հց - 2000Հց                 |           |
|   |                |_____________________________|___________|
|   |                |հաճախականությունների տիրույթը|  2,5 Վ/մ  |
|   |                |2կՀց- 400կՀց                 |           |
|___|________________|_____________________________|___________|
|2. |Մագնիսական հոսքի|հաճախականությունների տիրույթը|  250 նՏլ  |
|   |խտությունը      |5Հց - 2000Հց                 |           |
|   |                |_____________________________|___________|
|   |                |հաճախականությունների տիրույթը|   25 նՏլ  |
|   |                |2կՀց- 400կՀց                 |           |
|___|______________________________________________|___________|
|3. |Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը            |  15 կՎ/մ  |
.______________________________________________________________.
 
Աղյուսակ 2
 
Ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները և ձայնի համարժեքային
մակարդակը
 
._____________________________________________________________________.
|N |Աշխատանքային     |Միջին երկրաչափական                     |Ձայնի   |
|  |գործունեության   |հաճախականություններով (Հց) օկտավային   |համարժեք|
|  |տեսակը, աշխատատեղ|շերտերում ձայնային ճնշման մակարդակներ  |մակարդակ|
|  |                 |(դԲ)                                   |(դԲԱ)   |
|  |                 |_______________________________________|        |
|  |                 |31.5|63|125|250|500|1000|2000|4000|8000|        |
|__|_________________|____|__|___|___|___|____|____|____|____|________|
|1 |         2       |  3 | 4| 5 | 6 | 7 |  8 |  9 | 10 | 11 |   12   |
|__|_________________|____|__|___|___|___|____|____|____|____|________|
|1.|Ստեղծագործական   |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |գիտական          |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |գործունեություն, |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |նախագծում,       |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |ծրագրավորում,    |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |դասավանդում և    |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |ուսուցում,       |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |բժշկական         |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |գործունեություն: |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |Նախագծակոնստրուկ-| 86 |71| 61| 54| 49| 45 | 42 | 40 | 38 |   50   |
|  |տորային          |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |գրասենյակներում, |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |հաշվիչ մեքենաների|    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |ծրագրավորողների, |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |տեսական          |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |աշխատանքների և   |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |տվյալների        |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |վերամշակման լա-  |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |բորատորիաներում, |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |բուժկետերի       |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |հիվանդների       |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |ընդունման        |    |  |   |   |   |    |    |    |    |        |
|  |սենյակներում     |    |  |   |   |   |    |    |    |    |        |
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 3
 
Արտադրական, գրասենյակային, մշակույթի ու սպասարկման ոլորտի
կազմակերպությունների սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների օպտիմալ
ցուցանիշները
 
.________________________________________________________________.
|Տարվա |Աշխատանքի կարգը|Օդի         |Օդի հարաբերական|Օդի շարժման |
|եղանակ|               |ջերմաստիճան |խոնավություն, %|արագություն,|
|      |               |oC, ոչ ավել |               |մ/վրկ       |
|______|_______________|____________|_______________|____________|
|   1  |       2       |      3     |       4       |      5     |
|______|_______________|____________|_______________|____________|
|Սառը  |թեթև  - I ա    |    22-24   |     60-40     |     0.1    |
|      |_______________|____________|_______________|____________|
|      |թեթև  - I բ    |    21-23   |     60-40     |     0.1    |
|______|_______________|____________|_______________|____________|
|Տաք   |թեթև  - I ա    |    23-25   |     60-40     |     0.1    |
|      |_______________|____________|_______________|____________|
|      |թեթև  - I բ    |    22-24   |     60-40     |     0.1    |
.________________________________________________________________.
 
Աղյուսակ 4
 
Բարձրագույն ուսումնական, հանրակրթական հաստատությունների և խաղային
համալիրների (ավտոմատների) սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների
օպտիմալ ցուցանիշները
 
._________________________________________________________.
|Օդի ջերմաստիճան,|Օդի հարաբերական|Օդի շարժման արագություն,|
|      oC        |խոնավություն, %|        մ/վրկ           |
|________________|_______________|________________________|
|         1      |       2       |           3            |
|________________|_______________|________________________|
|         19     |      62       |        < 0,1="">
|________________|_______________|________________________|
|         20     |      58       |        < 0,1="">
|________________|_______________|________________________|
|         21     |      55       |        < 0,1="">
._________________________________________________________.
 
4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
 
21. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման հետևանքով առաջացող էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ պայմանավորված աշխատատեղերում աշխատանքի պայմանների հիգիենիկ գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 10-րդ աղյուսակին համապատասխան: