ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2026 թվականի N 565-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 738-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրից հանել «պաշտոնային դրույքաչափերը,» բառերը.
i
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը.
i
3) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված N 1 հավելվածը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 2-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն <Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
15.11.2019 թվականի ՍԴՈ-1488 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանել է`
1) «.... օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630),
2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:
Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը» (ՍԴՈ-753),
3) «.... սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված իրավախախտումների և վիճարկվող նորմում նշված հանցակազմի միջև էական տարբերությունների բացակայության պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքներից» (ՍԴՈ-851),
4) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը» (ՍԴՈ-1148),
5) «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270),
6) «Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում» (ՍԴՈ-1439),
7) Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Սույն որոշման 2-րդ կետը լիավին հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին, քանի որ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար լիովին անհասկանալի է թե խոսքն ինչ օրենքի մասին է կամ երբ է այն ուժի մեջ մտնելու կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձն ինչպես է տեղեկացվելու սույն որոշման ուժի մեջ մտնելու փաստի մասին
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 ապրիլի 2026 թվական: